Ինձ թվաց, որ տեղի ունեցավ մի ինչ֊որ առեղծվածային բան։ Կարծես թե անտեսանելի ինչ֊որ մեկը սենյակ մտավ ու նորից դուրս եկավ։ Մեդալիոնի միջի փոքրիկ լուսանկարից չարացած հայացքով ինձ էր նայում Սիմ Սիմիչ Կարնավալովը։
==Վեպը==
― Դե ինչպես, ծանոթացա՞ք, ― հարցրեց մարշալը, երբ ես հանեցի ծոցիցս բավական ճմրթված գիրքը։
― Այո֊այո, կարդացի, ― ասացի ես։
Մենք մենակ էինք նրա առանձնասենյակում, քարտուղարուհուն հրահանգ էր տրված՝ ոչ մի այցելու ներս չթողնել և չմիացնել հեռախոսով։
― Եվ ի՞նչ, ― հարցրեց նա աչքերիս նայելով։
― Իմ կարծիքով վատը չի, ― ասացի ես։ Բավական լավն է։ Ես նույնիսկ կասեի լավն է, հիանալի է գրված։
― Այո, համաձայնեց նա, հիմնականում, հետաքրքիր վեպ է։ Բայց դուք այնուամենայնիվ քննադատաբա՞ր էիք կարդում։
― Իհարկե քննադատաբար։ Իհարկե, ― ասացի ես։ Ես միշտ էլ ամեն ինչ քննադատաբար եմ կարդում։
― Հենց դա էի ուզում լսել ձեզնից, ― մարշալը աշխուժացավ և սկսեց վազվզել սենյակում։ Հասկանում եք, երբ մարդ քննադատաբար է վերաբերվում, նրա հետ կարելի է պայմանավորվել։ Երբ նրա մտածելակերպը քննադատական չէ, նրա հետ պայմանավորվել անհնարին է։ Եվ ի՞նչ թերություններ գտաք այնտեղ։
― Թերություննե՞ր, ― հարցրի ես զարմացած։ Չեմ հասկանում, ի՞նչ թերությունների մասին է խոսքը։
Նա մի տեսակ տարօրինակ նայեց ինձ։
― Ինչպե՜ս, ― ասաց նա շփոթված, որքան ինձ հայտնի է, նույնիսկ ամենալավ գրքերում, որոշ թերություններ անպայման լինում են։
― Իհարկե լինում են, ― հաճույքով համաձայնեցի ես։ Բոլոր գրքերում, բացի իմից։ Որովհետև, երբ ես գրում եմ, բոլոր թերությունները միանգամից ուղղում եմ և թողնում եմ միայն անթերին։ Չնայած, երբ կարդում էի վեպը մի թերություն նկատեցի․ մի տեղ ավելորդ ստորակետ կար, բայց դրանում ավելի շատ մեղավոր է ուղղագրիչը։ Չեմ հասկանում, թե նա ուր էր նայում։
Վզրոսլին լռեց։ Ես էլ։ Նա մաքրեց ճակատի քրտինքը։
Ճակատս քրտնած չէր, բայց ես էլ նույն շարժումն արեցի։
― Դուք սխալվում եք, ― ասաց Բերիյ Իլյիչը շփոթված։ ― Դուք սխալվում եք։ Չկան այնպիսի ստեղծագործություններ, որոնք թերություններ չունեն։ Օրինակ, ասենք, Գենիալիսիմուսիանայի վրա աշխատում է գրողների մի մեծ խումբ, բայց նույնիսկ նրանք, երբեմն, թույլ են տալիս որոշ սխալներ։ Իսկ ձեզ մոտ․․․ Եկեք նայենք։
― Եկեք, ― համաձայնեցի ես։
― Լավ։ ― Նա բացեց գիրքը և աչքի անցակցրեց առաջին էջը։ ― Սկսենք, օրինակ նախաբանից։ Հենց սկզբից մի տեսակ անհասկանալի է, այդ բոլորը իրականում եղե՞լ է, թե՞ դուք հնարել եք։ Ո՞րն է ճշմարտությունը։
― Այ քեզ բան, ― ասացի ես զարմացած։ Ինչ իմանամ, թե որն է ճշմարտությունը։ Չէ՞ որ դուք ինքներդ եք ասում․ երկրորդականը առաջնային է, իսկ առաջնայինը երկրորդական։ Այդ դեպքում, փաստորեն, ոչ մի տարբերություն չկա հնարածի և իրականության մեջ։
― Ենթադրենք, ― միանգամից համաձայնվեց նա և շարունակեց թերթել գիրքը։ ― Այդ կապիտալիստին, շատ լավ եք պատկերել։ Հումորով։ Դե նրան․․․ ինչպես էր անունը․․․ Մախենմիտելբրեխերին։
― Միտելբրեխենմախերին, ― քաղաքավարի ուղղեցի ես։
― Այո, իհարկե, Միտելմատեն․․․ դե, պարզ է։ Իսկ նա, ձեր այդ առևտրականը, սպիտակ ձիեր է՞լ է վաճառում։
― Սպիտա՞կ, ― զարմացա ես։ ― Ա՜, ես հասկանում եմ, թե ինչը նկատի ունեք։ Ճիշտն ասած չգիտեմ։ Ընդհանրապես կարծում եմ, որ նա գույնով չէ, որ ընտրում է։ Նրան հարկավոր է, որ նրանք լավ վազեն։ Այդ պատճառով էլ նախընտրում է արաբական ձիեր։
― Ահ, այո։ Իմիջիայլոց, այդ արաբների մասին, որոնք ձեր վրա հարձակվեցին․․․ Արդյոք տարօրինակ չէ՞, որ նրանք մեծ հույսեր էին կապում ձեզ հետ գաղտնիքներ կորզելու գործում։
― Շատ էլ թե կապում էին։ ― Նրանք, միգուցե, իմ մասին մտածում էին իրենց չափանիշներով, կարծում էին, որ ես պատրաստ եմ մի պարկ ոսկու համար հայրենիքս վաճառել։ Պետք է ասեմ, որ ես այն չէի վաճառի նույնիսկ երկու պարկով։
― Այո֊այո, իհարկե, ― շտապեց հանգստացնել ինձ մարշալը։ ― Հավատացեք, ոչ ոք ձեր հայրենասիրությանը չի կասկածում։ Լավ, թողնենք այդ։ Միգուցե ամեն ինչ այդպես էլ եղել է, միգուցե՝ ոչ, դա կարևոր չէ։ Իսկ այ սա․․․ ― նա բացեց այն էջը, որտեղ առաջին անգամ հիշվում է Սիմ Սիմիչը, ― սա արդեն բանի նման չէ։ Մենք սրա հետ այսպես կվարվենք․ նա դուրս քաշեց բաժակից լավ սրված մատիտը և պատռտելով թուղթը վճռականորեն վերևի ձախ անկյունից մինչև ներքևի աջ անկյունը մի գիծ քաշեց։ Նա պատրաստվում էր մի գիծ էլ խաչաձև քաշել․․․
― Կանգ առեք։ Կանգ առեք, ― բղավեցի ես և բռնեցի նրա ձեռքը։ ― Այդպես չի կարելի վարվել։ Ինչո՞ւ եք այդքան կտրուկ գործում, կարծես թե սա չգիտեմ ինչ է։ Այս մտահղացումը, միգուցե, երկար ժամանակ եմ փայփայել, գիշերները չեմ քնել, գրել եմ, միգուցե, ամեն մի բառը լպստել եմ ․․․ ― ես նույնիսկ փորձեցի ցույց տալ, թե ինչպես եմ այդ արել, ― իսկ դուք միանգամից վերցնում եք մատիտը և խաչ քաշում։
Մարշալը լսում էր ինձ շատ զարմացած։
― Ինչպե՞ս, ― ասաց նա, ― ինչպե՞ս թե։ Իսկ ինչո՞ւ եք դուք այդ Սիմ Սիմիչի մասին գրել։ Դուք հասկանո՞ւմ եք, որ նա մեզ բաձարձակապես պետք չէ։
Ազնվորեն ասած, այս խոսակցությունը ինձ այնքան անմիտ թվաց, որ ես սկսեցի զայրանալ։
― Սա ինչ բան է, ― ասացի ես։ ― Սա ինչ հիմար հարցադրում է։ Հետո ինչ, որ Սիմիչը ձեզ պետք չի։ Անձամբ ինձ՝ նա պետք է։ Ես կտրականապես արգելում եմ ձեզ նրա վրա խաչ քաշել։
― Այո՞, ― Բերիյ Իլյիչի դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվեց, նա ծաղրալից հայացքով ինձ նայեց։ ― Դուք ինձ արգելո՞ւմ եք։ Դուք գոնե մոտավորապես պատկերացնո՞ւմ եք իմ ու ձեր զինվորական կոչումների տարբերությունը։
― Իսկ ես թքած ունեմ ձեր կոչման վրա, ― ասացի ես, բայց կծեցի լեզուս ու վախեցա։ Սատանան տանի, ― մտածեցի ես, միգուցե պետք չէր դա ասել։ Այս մարշալները այնքան նեղացկոտ են։
― Բերիյ Իլիյիչ, ասացի ես համարյա թե քնքշորեն։ ― Ինձ ճիշտ հասկացեք։ Եթե այս վեպը իսկապես ես եմ գրել, նշանակում է, պատկերավոր ասած, սիրտս ու հոգիս մեջն եմ դրել, իսկ դուք ուզում եք վերցնել այն և այլանդակել։
― Սպասեք, սպասեք, ― շտապ ասաց մարշալը։ ― Ինչո՞ւ եք այդքան նյարդայնացել։ Չէ՞ որ դուք պետք է հասկանաք, որ սա լուրջ, համապետական և համակոմունիստական գործ է։ Եթե դուք չհամաձայնվեք, մենք չենք կարող տպագրել ձեր գիրքը և նշել հոբելյանը։
― Գրողի ծոցը ձեր այդ հոբելյանը, ― ասացի ես զայրացած։
― Ոչ թե իմ, այլ ձեր։
― Ձեր։ Ձեր, ― կրկնեցի ես։ Դա ոչ թե ինձ է պետք, այլ ձեզ։ Ես առանց դրա էլ կապրեմ։ Վերջ ի վերջո, քանի՞ մարդ է մահանում առանց տարբեր տեսակի հոբելյաններ նշելու, ես էլ կապրեմ։
― Լավ, ասենք թե դուք շատ եսասեր մարդ եք և ձեզ համար այդ հոբելյանը կարևոր չէ, բայց չէ՞ որ մի քիչ էլ ուրիշների մասին պետք է մտածեք։ Չէ՞ որ դուք գիտեք, ― շարունակեց նա մեղմ ու քաղցրահամ, թե ինչպես են կոմունյանները պատրաստվում ձեր հոբելյանին, ջանասիրաբար աշխատում ու գերակատարում աշխատանքային հանձնարարությունները, անհամբեր սպասում և օրերը հաշվում։ Նրանց համար այդ հոբելյանը տոն է, իսկ դուք ձեր քմահաճույքի համար, ուզում եք փչացնել այն։
― Աստվա՜ծ իմ։ Ինձ թվում է, ես քրտնեցի։ Ես սարսափելի անհարմար զգացի Վզրոսլիի և կոմունյանների առջև ու ասացի․
― Ես չեմ հասկանում, թե ինչու եք դուք այդքան հուզվում։ Ես հասկանում եմ, որ կոմունյանները ուզում են Գենիալիսիմուսիանայից բացի մի որևիցե ուրիշ բան էլ կարդալ, բայց եթե դուք որոշել եք այն տպագրել, ինչո՞ւ եք այն կտրատում։
― Ոչ թե կտրատում եմ, այլ բարելավում, ― արագ պատասխանեց Վզրոսլին։ ― Պետք է դեն նետել այնտեղից ավելրոդ բաները։ Դա միայն իմ որոշումը չէ։ Եվ մեր կոմպիսներն են ինձ ինձ հետ համամիտ, և ինքը՝ Գորիզոնտ Տիմոֆեեվիչը, որը չափազանց զբաղված լինելով հետաքրքրվել է այս գործով և նույն է պնդում․․․ հասկանում եք, պնդում է, ― կրկնեց մարշալը ակնհայտորեն սպառնալով։ Կխնդրեի ձեզ այս ամենի մասին լավ մտածել։
― Սատանան տանի։ Ընդհանրապես, ես խիզախ մարդ եմ։ Բայց երբ ինձ սպառնում են մարշալի նման մարդիկ, ես հասկանում եմ, որ ամեն ինչ շատ լուրջ է։
― Նույնիսկ չգիտեմ, ինչպես վարվել ձեզ հետ, ― ասացի ես շփոթված։ ― Դե լավ, տվեք ինձ գիրքը ևս մի գիշերով, մի անգամ էլ նայեմ և․․․
― Եվ ուղղեք, ― հուշեց նա։
― Ոչ թե ուղղեմ, այլ մտածեմ, ― ասացի ես։ Եթե հնարավոր է ինչ֊որ բան փոխել․․․
― Իհարկե հնարավոր է ― ասաց մարշալը։
― Ձեզ համար իհարկե հնարավոր է, ― ասացի ես հոգոց հանելով։ Դուք ոչ մի վեպ չեք ափսոսում․․․ Լավ։ Մի անգամ էլ կմտածեմ։
― Այ դա արդեն լավ է, ― ուրախացավ մարշալը։ ― Ուրեմն պայմանավորվեցինք։ Մի անգամ էլ կարդացեք, մտածեք, վաղը կգաք և ամեն ինչ կանենք։ Լսեք, ես ունեմ․․․ նա մոտեցավ դռանը, բանալու անցքից նայեց, բացեց սեյֆը և այնտեղից հանեց․․․ Ինչ եք կարծում, ի՞նչ։ «Սմիրնոֆֆի» այն շիշը, որը իմ մոտից կորել էր Մոսկորեպում վայրեջք կատարելուց հետո։
Ես, իհարկե, նրան ոչինչ չասացի։ Մենք կիսեցինք այդ փոքրիկ շիշը։ Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ այդ չնչին քանակից ես ոչ մի հաճույք չստացա։ Ես զարմացա և մտածեցի, որ իսկական կոմունյանին, իհարկե, ես դեռ չեմ դարձել, բայց ալկոհոլիզմից կարծես թե բուժվել եմ։ Ինչքա՜ն կուրախանա կինս, մտածեցի ես, բաժակս խփելով մարշալի բաժակին։