Changes
==Հանձնարարական==
Բարեբախտություն պիտի համարել, որ իր կյանքի վերջին շրջանում հանգուցյալ Ռուբեն Տեր֊Գասպարյանը անհրաժեշտ է գտել զբաղվելու Շուշի քաղաքի պատմությունը ուսումնասիրելու խնդրով։Իրա հայրենի քաղաքի անցյալին նվիրած նրա հմտալից ուսումնասիրությունը հիրավի արժեքավոր ներդրում է անդրկովկասյան քաղաքների զարգացման պատմահամեմատական հետազոտության մարզում։ Զբաղվելով հայ, ադրբեջանական եւ եվրոպական համապատասխան սկզբնաղբյուրների եւ եղած գրական ուսումնասիրությունների քննական տեսության հարցով, հեղինակը գրել է մի աշխատություն, որի անհապաղ հրապարակումը կարող է զգալապես նոսրացնել պատմական ուսումնասիրության վատառողջ այն մթնոլորտը, որը խորհրդային պատմագիտության մեջ հակագիտական ու սպառնալից ընթացք է ստացել մանավանդ վերջերս, Զիա Բունիաթովի եւ Ֆ․ Շուշինսկու հիմնազուրկ ու միտումնավոր «ուսումնասիրությունների» խորքի վրա։ Ռ․ Տեր֊Գասպարյանը մոտեցել է Շուշի քաղաքի անցյալին վերաբերող սկզբնաղբյուրների հետազոտության խնդրին՝ իրենից վանելով ազգայնական եւ սուբյեկտիվիստական ամեն տեսակի հակագիտական մղումները։ Նրա մշակած նյութի բովանդակության վրա հարկ չեմ համարում ծանրանալ հանգամանորեն, որչափ հեղինակի աշխատությունը համեստ ծավալ ունի եւ կարող է հետաքրքրությամբ կարդացվել հարցասեր ընթերցողի կողմից։ Այնքանը միայն անհրաժեշտ եմ համարում ասել, որ ուսումնասիրությունը հեղինակը սկսում է քաղաքի բնակլիմայական միջավայրի բնութագրումից եւ նրա հիմնադրման մասին պատմաբան Լեոյի եւ իմ կողմից արած նորագույն դիտողություններից հանած ճիշտ եզրահանգումից։ Հետաքրքրությամբ է կարդացվում մանավանդ Շուշի քաղաքի XVIII—XIX դարերի սոցիալ֊տնտեսական զարգացման պրոցեսին հեղինակի տված լուսաբանությունը։ Բնութագրելով Շուշին որպես XIX դարի կեսերին կազմավորված «տիպական միջնադարյան քաղաք»՝ հեղինակի համոզիչ եզրակացության է հանգում XIX դարի վերջին եւ XX դարի սկզբում այդ քաղաքի վերապրած հետընթացի մասին, տալով ընդսմին իր արած դիտողությունների եւ եզրակացությունների գիտականորեն հիմնավորված եւ համոզիչ պարզաբանությունը։ Մեծ հետաքրքրությամբ ծանոթանալով հեղինակի գործին, իմ կողմից անհրաժեշտ գտա հեղինակի մեքենագրված բնագրում անել որոշ շտկումներ, հապավումներ, ոճական եւ ուղղագրական բարեփոխումներ, որոնք, իմ կարծիքով, կարող են միայն նպաստել բարեխղճորեն մշակված այս աշխատությունը տպագրության համար հասունացնելու գործին։ Իմ կարծիքով, Ռ․ Տեր֊Գասպարյանի ժառանգների կողմից առաջարկվող նրա այս աշխատության տպագրությունը ամենախստապահանջ ընթերցողն անգամ կարող է ընկալել որպես հրատարակչության կողմից արված դրական նախաձեռնություն։ Հեղինակի հայերեն բնագրի հետ մեկտեղ ողջունելի կլիներ լույս ընծայել նաեւ գրքի ռուսերեն թարգմանությունը, որը կարեւոր կլիներ, մանավանդ, ռուս եւ ադրբեջանական ընթերցողների համար։ Գիրքը բազմաթիվ ընթերցողներ կունենա ինչպես մեզանում, այնպես նաեւ Ադրբեջանում եւ մանավանդ՝ Լեռնային Ղարաբաղում։ :::::Աշոտ Հովհաննիսյան1969, դեկտեմբերի 17։