Changes
Ես ինձ պարտավորված էի զգում որեւէ բանով արդարացնել իմ զգացմունքներն այդ քաղաքի հանդեպ, գրել նրա մասին եւ ասել իմ սրտի խոսքը։ Դեպի այդ միտքն են հղել նաեւ իմ ընկերներից շատերը, մանավանդ իմ սրտակից ընկեր Խորեն Սարգսյանը, որը շարունակ համոզում էր գրել Շուշու մասին, պատճառաբանելով, որ բոլոր այն սերնդի մարդիկ, որոնք գիտեն այդ քաղաքը, հետզհետե հրաժեշտ են տալիս այս աշխարհին, եւ քանի գնա՝ այնքան դժվար կլինի որեւէ արժեքավոր բան գրել այդ քաղաքի մասին, որն արժանի է, որ չմոռացվի ու մնա գալիք սերնդի հիշողության մեջ։
==Գլուխ 1==
===Շուշի քաղաքի բնաաշխարհագրական բնութագրությունը===
====Քաղաքի աշխարհագրական դիրքը====
Շուշին տեղադրված է հյուսիսային լայնությամբ 39° 46 եւ արեւելյան երկարությամբ 46° 45 վրա։
Գտնվելով Փոքր Կովկասի լեռների շրջանում, նա փռված է Շուշու սարահարթի համեմատաբար դժվար մատչելի վայրում, ծովի մակերեսից 1300—1500 մետր բարձրության վրա<ref>Շուշու բարձրության մասին տարբեր աղբյուրներում եղած որոշ հակասական տվյալները բխում են նրանից, որ հաշվի չեն առնում քաղաքի վերին եւ ստորին մասերի բարձրությունների տարբերությունը։</ref>։
Շուշին գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի նախալեռներում՝ շրջապատված բարձրադիր լեռներով, որոնք հասնում են ծովի մակերեւույթից ավելի քան 2500 մետր բարձրության եւ պաշտպանում են քաղաքն ուժեղ քամիներից։
Քաղաքից 18 կիլոմետր դեպի հարավ֊արեւմուտք գտնվում է Թթու ջրի լեռնանցքը (Лысогорский перевал 2100 մ), որի վրայով անցնում է Զանգեզուր (Գորիս) տանող խճուղին։
Լեռնանցքը մի քանի հարյուր մետր Շուշուց ավելի բարձր է։ Շուշուց դեպի հարավ֊արեւմուտք գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի հարավային մասի ամենաբարձր լեռնագագաթը՝ Մեծ Քիրսը (2746 մետր)։ Քաղաքին արեւմուտքից, հարավից եւ արեւելքից երեւացող լեռնային մասիվները եւ շղթաները նույնպես Շուշուց ավելի բարձր են եւ միայն դեպի հյուսիս տեղանքը կտրուկ կերպով ցածրանում է, եւ Շուշի֊Եվլախ խճուղուց բազմաթիվ զիգզագներով իջնում է դեպի Ստեփանակերտ ու Կարկառ գետը, որը գոյանում է Շուշուց մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա Քարին տակ եւ Խայֆալու (Ղայբալու) գետերի միախառնումից։ Այս գետերից առաջինը հոսում է խորը ձորում, Շուշուց դեպի հարավ֊արեւելք, իսկ երկրորդը առաջացնում է ավելի պակաս խորության ձոր, որն ընկած է Շուշուց արեւմուտք։
Թթու ջրի բարձր լեռներից պարզ երեւում է, թե ինչպես քաղաքը օղակված է քարե գոտիով, որը կտրուկ կերպով ցած է իջնում դեպի այդ գետերի հովիտները՝ մի քանի հարյուր մետր ուղղահայաց գիծ կազմելով դեպի հիշյալ ձորերը։ Քարին տակ գետի հովիտը առանձնապես անդնդախուր է, եւ գետի հոսանքի ուղղությամբ գնալով ձորը ավելի խորանում է Հոնոտ գյուղի ջրաղացների մոտ։ Այսպիսով, ուղղահայաց ժայռերի «քարի գոտին» երեք կողմից (հյուսիսից, արեւմուտքից եւ հարավից), իսկ ամրոցի (Շուշու բերդի) հզոր պատերը (արեւելքից եւ հարավ֊արեւմուտքից) քաղաքը պաշտպանում էին արտաքին հարձակումներից եւ նրան դարձնում անառիկ միջնադարյան բերդ։
Այն բարձրավանդակը, որի վրա կառուցված է Շուշի քաղաքը, այնպիսին է, որ թեքված է հարավից եւ արեւմուտքից դեպի հյուսիս֊արեւելք։ Քաղաքի տեղն ընդհանրապես անհարթ է, մակերեսը՝ կտրտված ձորակներով, փողոցները, որ XVIII—XIX դարերում են կառուցված, խիստ նեղ են։ Գնխավոր Երեւանյան փողոցը, որի վրայով անցնում է «Ներքեւի դարբասից» դեպի «Վերին դարբաս» (նախկին Երեւանյան) եւ ապա դեպի Զանգեզում տանող ճանապարհը, այնքան նեղ է, որ նրա վրայով միաժամանակ երկու սայլ հազիվ կարողանային անցնել։ Այդ փողոցը բավականին զառիվայր է, ինչպես նաեւ շատ այլ փողոցներ։ Բերդի քարե հաստ պատերի մնացորդները այժմ էլ կարելի է նկատել քաղաքի հյուսիսային մասում, որը բնականից ավելի թույլ է պաշտպանված, նաեւ արեւմտյան մասում, որտեղ քաղաքը բացվում է դեպի Զանգեզուր։ Բերդի պատերի մեջ քաղաքից դեպի հյուսիս եւ արեւելք գտնվում է Աղ֊օղլանի (Ամարասի) դարբասը, իսկ արեւելք՝ Գանձակի դարբասը՝ սայլերի համար։ Սա բերդի ստորին դարբասն է։
Անցյալում, երբ քոչվորները սար էին բարձրանում կամ լեռներից իջնում քաղաքի միջով, Երեւանյան փողոցը <i>էլի</i> (քոչվորների) ճանապարհն էր հանդիսանում<ref>Սակայն XX դարի սկզբից քաղաքից ներքեւ, դեպի Ղայբալուշեն տանող սարի լանջով քոչվորների համար կառուցված է այլ ճանապարհ (քաղաքը էլից ազատ պահելու նպատակով), որը հիմա էլ գոյություն ունի եւ հարմար ճանապարհ է Թթու ջուր, Գորիս եւ Բոխի աղբյուրը գնալու համար։ Այդ ճանապարհը քաղաքի հայկական մասի ավերվելուց հետո դառնում է ադրբեջանական մասից դեպի Զանգեզուր տանող հիմնական ուղին։</ref>։
Շուշի քաղաքի բնակելի տարածությունը խիստ սահմանափակ է։ Հյուսիսում եւ հյուսիս֊արեւելքում նրան սահմանափակում են բերդի պաշտպանության համար կառուցված պատերը, որոնցից հետո սկսում է զառիվայր իջնել ձորը։ Բնակարաններ կառուցելու համար խիստ սահմանափակ են նաեւ քաղաքից դեպի արեւմուտք եւ հարավ ընկած տարածությունները (այստեղ խանգարում է տեղանքը եւ պլատոյի ծայրը)։ Դեռեւս 1852 թվականին հաշվված է եղել, որ Շուշի քաղաքում շենքեր կարելի է կառուցել 369 դեսյատին տարածության վրա, որից շենքերով արդեն զբաղված էր 200 դեսյատին տարածություն։ «Շենքեր չեն կառուցված զառիվայր բարձրության վրա՝ քաղաքի հարավային մասում, որն ընկած է նեղ շերտով արեւմուտքից դեպի արեւելք, որտեղ կառուցումներ կատարելուց հետո քաղաքը տեղ չունի մեծանալու»<ref>Кавказский календарь на 1852 г., стр. 430—435.</ref>։
Քաղաքի հարավային մասի թեք լանջերը հետագայում զգալի չափով կառուցապատվում եւ բնակեցվում են։ Քաղաքի աճի տեսակետից բնակելի տարածության խիստ սահմանափակ լինելը հետագայում (1923 թ․) հանդիսացավ պատճառներից մեկը, որ Լեռնային Ղարաբաղի վարչական կենտրոն դարձավ Ստեփանակերտը, եւ ոչ թե Շուշու ավերումների զերծ մնացած քաղաքամասը (թեեւ այդ հիմնական պատճառը չէր)։
Պետք է նկատել, որ Շուշու բարձրավանդակը, որի վրա առաջացել, զագրացել եւ այժմ էլ գոյություն ունի Շուշի քաղաքը, իր երկրաբանական կառուցվածքով ներկայացնում է մեզոնյան շրջանի կրաքարային պլատո։ Շուշու կրաքարային բարձրավանդակը դարեր շարունակ տվել է քաղաքին հրաշալի շինանյութ բնակարաններ կառուցելու, փողոցները քարահատակելու, բերդի պատերը կանգնեցնելու եւ արժեքավոր ճարտարապետական հուշարձաններ, երեղեցիներ ու մեչիդներ կառուցելու համար։ Կրաքարը ծառայել է նաեւ կիր արտադրելու համար։ Շուշու շրջակայքում եղած բազմաթիվ քարայրները վկայում են ուժեղ զարգացած կարստային երեվույթների մասին։ Կրաքարի հարուստ շերտերը ուժեղ լուծման են ենթարկվել ստորերկրյա եւ երկրի երեսին առատ հոսող ջրերի ներգործության տակ։
====Շուշու կլիման====
Շուշի քաղաքի