Changes
/* ԻՆՍՈՆՉԵԼ */
― Ինչո՞ւ էր։ Դուք նրա՞ն էլ աննիգիլացրեցիք։
==Անկոտրումը==
Էդիսոն Քսենոֆոնտովիչը չհասցրեց պատասխանել, որովհետև դռներից մեկի ետևից լսվեց մի սարսափելի, անմարդկային ճիչ։
― Սա ի՞նչ է, ― հարցրի ես և նայեցի պրոֆեսորին։
― Ուշադրություն մի դարձրեք, ― շփոթված ժպտաց պրոֆեսորը և ուզում էր առաջ շարժվել, բայց ճիչը կրկնվեց և այս անգամ այնքան բարձր, որ անուշադրության մատնել ուժերիցս վեր էր։
― Լսեք, ասացի ես, ― այս ի՞նչ է ձեզ մոտ տեղի ունենում։ Իմ կարծիքով, այստեղ ինչ֊որ մեկին ուղղակի մաս֊մաս են անում։
― Ինչպե՜ս կարող էիք այդպես մտածել, ― ձեռքերը տարածեց գիտնականը։ ― Դե, եթե ձեզ տանջում է հետաքրքրասիրությունը եկեք նայենք, թե ինչ է այնտեղ տեղի ունենում։
Այս ասելով նա ոտքով հրեց դուռը, որի ետևից լսվում էր ձայնը։
Իմ ամենասարսափելի կասկածները կարծես թե հաստատվեցին։ Լուսավոր, յուղաներկով ներկված պատերով սենյակի մեջտողում, մի սյուն կար, որոին պարաններով կապված էր մերկ, սպիտակ և թորշոմած մարմնով մի տարեց մարդ։ Նրա մոտ կանգնած էր սպիտակ խալաթով մի գորիլանման աժդահա, որի ձեռքին մտրակ կար, այն էլ ծայրին ամրացված կապարե գնդիկով։
Սա ի՞նչ է, ― ասացի ես և նայեցի պրոֆեսորին։ ― Իսկ դուք ասում էիք, որ այստեղ ոչ մի արտակարգ բան տեղի չի ունենում։ Ի՞նչ եք անում այս դժբախտի հետ։
― Բանն էլ նրանում է, որ ոչինչ չենք անում։ Ինքներդ նայեք։ Այս ասելով Էդիսոն Քսենոֆոնտովիչը վերցրեց հորիալայից մտակը և բարձրացրեց այն հարվածի համար։
― Վա՜֊այ, ― բղավեց մարդը։ Մի խփեք։ Ես վախենում եմ։ Ես իմ բոլոր համոզմունքներից հրաժարվում եմ։ Ընդունում եմ, որ կոմունիզմը մարդկային հասարակության ամենաառաջավոր և կատարյալ ձևն է։
― Ինչո՞ւ ես բղավում, այ ոչնչություն, ― դիմեց նրան պրոֆեսորը։ Ինչո՞ւ ես այդքան հեշտ հրաժարվում քո արժեքներից։ ― Նայեք նրան, շրջվեց իմ կողմը պրոֆեսորը։ Նրա մարմինը մաքուր է, հարվածի ոչ մի հետք չկա։
― Ես բղավում եմ, որովհետև ցավից վախենում եմ, ― հեկեկալով ասաց սյունին կապված մարդը։ Երբ նա շրջեց իր տանջահար դեմքը իմ կողմը, ես ճանաչեցի արևմտյան ֆիրմայի այն ներկայացուցչին, որը ինձ հետ էր թռչում հույս ունենալով իմանալ, թե ապագայում ինչպես է աշխատելու սովետական գազամուղը։ Նա էլ ինձ ճանաչեց և ցնցելով գլուխը աղաչում էր միջնորդել, իր խնդրանքը համեմելով հավաստիացումներով, որ ընդունում է կոմունիստական հասարակարգի առավելությունը բոլոր մնացյալների հանդեպ։
― Քանդեք նրա կապերը և տարեք նրան հանգստի սենյակ, ― հրամայեց Էդիսոնը և երբ դժբախտ զոհին տարան, շրջվեց իմ կողմը։ ― Ահա, տեսո՞ւմ եք, թե ինչ փտած նյութից են ձեր գովաբանած կապիտալիստները։
Նա ասաց դա այնպիսի նախատինքով, որ ես միանգամից պատասխանատու զգացի ինձ կապիտալիստների բոլոր արատների համար, չնայած ինչ֊որ չեմ հիշում, որ երբևիցե նրանց գոված լինեմ։
― Բայց ի՞նչ մեղք ունեն այստեղ կապիտալիստները, ― հարցրի ես, կարծես արդարանալով։
― Խղճուկ մարդիկ են, ― ասաց պրոֆեսորը։ ― Բավական է մտրակը ցույց տաս և նա միանգամից հրաժարվում է իր բոլոր համոզմունքներից։
Դե իհարկե, ― ասացի ես։ ― Ձեր մտրակը տեսնելով, ինչ՞պես չհրաժարվի։ Կապիտալիստ է նա թե ոչ, բայց երկաթից չէ։ Երբ նրան խփում են, իհարկե ցավում է։
― Բոլորի մոտ էլ ցավում է, ― ուսուցչի տոնով նկատեց պրոֆեսորը։ Չէ՞ որ կան մարդիկ, որոնք դիմանում են։ Ես հիմա ձեզ ցույց կտամ։
Նա բացեց հարևվան սենյակի դուռը։
Այնտեղ նույնպես սյուն կար և նրա վրա կապված մարդ։ Այդ մարդու տեսքը իսկապես սարսափելի էր։ Նրա մեջքի վրա մտրակի բազմաթիվ հետքեր կային, որոնք ավելի սարսափելի էին, քան Զիլբորովիչի մեջքին տեսածս։ Հետքերը ուռած էին, տեղ տեղ պայթած, իսկ թիակների վրա արյունահոսում էին խնամքով կտրված երկու աստղերը։
― Օ՜, Գենա, ― բացականչեցի ես։ ― Ո՞վ է այս մարդը և ինչո՞ւ եք դուք նրան տանջում։
Մարդը իմ կողմը շրջեց ջարդված քթով ծեծից ուռած դեմքը և ես մեծ դժվարությամբ ճանաչեցի կոսմոպլանոմ ինձ հետ թռչող հարևանիս, պատանի տեռորիստին։ Նա լուռ նայեց ինձ, նրա սպիտակած մազերով գլուխը ընկավ ուսին և նա կորցրեց գիտակցությունը։
― Ինչո՞ւ եք նրան պատժում, ― հարցրի ես կամաց։
― Մենք պատժո՞ւմ ենք, ― զարմացավ պրոֆեսորը։ ― Ինչպես կարող էիք այդպես մտածել։ Մենք նման բաներով չենք զբաղվում։ Մենք ոչ թե պատժիչ կազմակերպություն ենք, այլ գիտական հիմնարկ։ Մենք փորձում ենք տարբեր մարդկանց հայացքների կայունությունը էքսպերիմենտալ մեթոդով և ապացուցել ենք, որ բոլոր կոմունիստները այս պատանու նման այնպիսի կամք ու կայունություն են ցուցաբերում, որը հասանելի չէ մյուսներին։ Նա իր համոզմունքներից չհրաժարվեց, ոչ մի վարկայն չկասկածեծ նրանց ճշմարտության մեջ։
― Ա՜, ― գկխի ընկա ես։ Ուրեմն դուք նրա հետ այդպես եք վարվում միայն գիտական նպատակներո՞վ։ Իսկ դուք փորձե՞լ եք նրան տաքացրած երկաթով, կամ ասենք, կապարով։
― Լավ միտք է, ― ուրախացավ պրոֆեսորը։ ― Տեսնում եմ, ձեր մեջ արթնացավ փորձարարը։ Ձեր առաջարկը ինձ, այսպես ասած, թվում է շատ արժեքավոր։ Հիմա ես հրահանգ կտամ սպիտակելու աստիճան տաքացնել մի որևէ երկաթե ձող և ծակել նրա․․․
― Էդիսոն Քսենոֆոնտովիչ, ― բղավեցի ես։ ― Հանուն Գենայի, մի արեք։ Պետք չէ։ Դա շատ հիմար կատակ էր։
― Հասկանո՞ւմ եք, մենք մտածում էինք, թե էլի ինչ անենք նրա հետ, բայց մեր երևակայությունը արդեն սպառվել էր։ Իսկ դուք եկաք, թարմ աչքով նայեցիք և նոր բան առաջարկեցիք։
― Լսեք, պրոֆեսոր, ― ասացի ես հուզված, ― շատ եմ խնդրում, այդ մարդուն հանգիստ թողեք։ Նա իր կարճ կյանքում շատ սխալներ է գործել, բայց տեսնում եմ, որ նա իր մեղքերը արդեն քավել է։ Ինչո՞ւ եք նրան դատապարտում դաժան մահվան։
― Դե ի՜նչ եք ասում։ Ի՜նչ եք ասում, առարկեց Էդիսոն Քսենոֆոնտովիչը։ ― Մի՞թե կարծում եք, որ մենք ուզում ենք նրան սպանել։ Այս արժեքավոր նմուշը։ Մենք նրան աչքի լույսի պես պետք է պահենք։ Մենք նրան մի քիչ էլ կստուգենք, հետո կբուժենք, կկերակրենք, նրանից գենետիկ նյութ կվերցնենք։ Մեզ պետք է մարդկանց այդ տեսակը։ Թե չէ մարդիկ մանրացել են, հատկապես երիտասարդները, որոնց մոտ նկատվում է բարոյական անկայունություն և գաղափարական տատնումներ․․․ Իսկ երբ մենք նրանից բավականաչափ գենետիկ նյութ կորզենք, մենք նրան․․․
Աննիգիլիյացիայի կենթարկեք, ― հուշեցի ես։
Դե ինչ եք աննընդհատ նույն բանը կրկնում, ― վրդովվեց պրոֆեսորը։ ― Մենք նրան մարդասիրաբար կվերաբերվենք։ ― Մենք նրան կքնեցնենք, կկոնսերվացնենք և կցուցադրենք թանգարանում, որպես անկոտրում մարդու նմուշ, որը ամեն ինչ մինչև վերջ տարավ, նույնիսկ ծպտուն չհանեց, չխնդրեց խղճալ, չդավաճանեց իրեն և նահատակվեց, բայց հավատարիմ մնաց իր համոզմունքներին։
Ես նկատեցի, որ պրոֆեսորի աչքերում փայլեց տղամարդկային ժլատ արցունքը։
― Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել կապիտալիստի հետ, ― հարցրի ես։ ― Նրան երևի թե աննիգիլիա՞ցիայի կենթարկեք։
Ոչ թե աննիգիլիացիայի, այլ ուտիլիզիացիայի։ Կվերամշակենք և երկրորդական մթերքի տեսքով հայրենիք կուղարկենք։ Եթե այդ բարիքը նրանց պետք է, թող ստանան։