Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 38 466 բայտ, 10:54, 13 Ապրիլի 2014
/* Անկոտրումը */
― Ոչ թե աննիգիլիացիայի, այլ ուտիլիզիացիայի։ Կվերամշակենք և երկրորդական մթերքի տեսքով հայրենիք կուղարկենք։ Եթե այդ բարիքը նրանց պետք է, թող ստանան։
 
 
===Սուպիկ===
 
 
Ես ներկայացրի մեր եկխոսությունը Էդիսոն Քսենոֆոնտովիչի հետ այնպես, կարծես նա առանց դադարների և միևնույն տեղում էր կայացել։ Իրականում, մեր խոսակցության ժամանակ, պատանի տեռորիստին իմ համառ խնդրանքից հետո հանեցին սյունից, փաթաթեցին սավանների մեջ և տարան։ Իսկ ես ու պրոֆեսորը դուրս եկանք լաբորատորիայից և գնացինք նրա աշխատասենյակ, որը, պարզվեց, նույնպես լաբորատորիա էր։ Դրսից այն պահպանում էր ավտոմատներով զինված ԲԵԶՈ֊ի մի ամբողջ դասակ։
 
Ներսում ոչ ոք չկար, եթե հաշվի չառնենք այն տարօրինակ արարածին, որը լվացարանի մոտ կանգնած օճառով լվանում էր և սրբում տարբեր անոթներ։
 
Արարածի հագին ոչինչ չկար, բացի ազդրակապի նման մի բանից։ Ավելի շուտ, նա երևի կին էր։ Դա էին վկայում նրա թորշոմած կրծքերը։ Բայց մյուս կողմից էակը կնոջ համար մի տեսակ շատ տձև էր և կարծես տաիք չուներ։
 
Նա աշխատում էր դանդաղ, ծուլորեն, ուշադրություն չդարձնելով մեզ վրա և երգում մի հին երգ։ «Երիտասարդ եմ, երիտասարդ, բայց վատ հագնված։ Ոչ ոք ինձ հետ չի ամուսնանում այդ պատճառով»։
 
― Դե ինչ, Սուպիկ, ― հարցրեց Պրոֆեսորը, ― ամեն ինչ լվացիր և սրբեցի՞ր։
 
― Այո, ասաց էակը, ― ամեն ինչ արեցի։
 
― Willst du schzafen? ― հարցեց պրոֆեսորը գերմաներեն։
 
― Ja, ― պատասխանեց էակը, առանց զարմանալու։
 
― What else would you like to do? Nothing.
 
― Չե՞ս ուզում մի քիչ վազվզել, կամ մի որևիցե գիրք կարդալ, ― հարցրեց Էդիսոն Քսենոֆոնտովիչը։
 
― Ոչ, չեմ ուզում, ― պատասխանեց էակը։ ― Միայն քնել եմ ուզում։
 
― Դե գնա քնիր, ― թույլ տվեց պրոֆեսորը և էակը սրբիչը անկյունը նետելով դուրս եկավ։
 
― Ւնչ տարօրինակ անուն ունի այդ կինը, ― Սո՞ւպիկ, ― հարցրի ես։
 
Պրոֆեսորը հաճույքով պատասխանեց, որ Սուպիկը դա Սուպերի փաղակշական տարբերակն է։ Նա ոչ կին է, ոչ տղամարդ, ոչ էլ գերմաֆրոդիտ։
 
― Իսկ ի՞նչ է, ― հարցրի ես։
 
― Սա խմբագրված սուպերմեն է, ― ասաց պրոֆեսորը։
 
― Ես, իհարկե, ոչինչ չհասկացա։ Այն ժամանակ նա բաց արեց գրասեղանի դարակը և հանեց մի լուսանկար։ Դա հզոր, մերկ տղամարդու լուսանկար էր, որը երևի թե պարապել էր կուլտուրիզմով։ Նրա մկանները պրկել էին մաշկը և նրա ամբողջ կերպարում զգացվում էր մեծ ուժ և էներգիա։
 
― Ճանաչեցի՞ք, ― հարցրեց պրոֆեսորը։
 
― Ոչ, ― ասացի ես համոզված։ ― Ոչ, չեմ ճանաչում։
 
― Սա Սուպիկն է մինչև խմբագրելը։
 
Նա տխուր ժպիտով պատմեց ինձ մի տխրագույն պատմություն։ Սուպիկը պրոֆեսորի առաջին իսկական հաջողությունն էր, ունիվերսալ մարդ ստանալու ճանապարհին։ Նա իդեալական կազմվածք ուներ և շատ հարմոնիկ զարգացած մարդ էր։ Նա հավասարապես համապատասխանում էր և ֆիզիկական և մտավոր աշխատանքի համար։ Նա կատարում էր մտքում բարդ մաթեմատիկական հաշվարկներ, գրում չքնաղ բանաստեղծություններ և հանճարեղ երաժշտություն։ Նրա նկարները միանգամից գնում էին Երրորդ Օղակի լավագույն թանգարանները։ Նա հրաշքներ էր ցույց տալիս սպորտում․ բարձրացնում չորս հարյուր կիլոգրամանոց շտանգան, վազում հարյուր մետրը 8,8 վայրկայանում, ռինգում հեշտությամբ հաղթում աշխարհի բոլոր ծանր քաշայիններին, ճիշտ է, միայն ընդհանուր հաշվով։ Բազմաթիվ արժանիքների հետ՝ ուներ միայն մի թերություն՝ նա շատ բարի էր։ Այդ պատճառով, հակառակորդին ոչ թե հարվածում էր, այլ միայն թեթև դիպչում, որպեսզի նրան ցավ չպատճառի։
 
Եվ ի՞նչ պատահեց ձեր բարի Սուպիկին, ― հարցրի ես չափազանց հետաքրքրված։
 
Ակնհայտ էր, որ պրոֆեսորը այնքան էլ չէր ուզում պատմել այդ մասին, բայց քանի որ սկսել էր, շարոունակեց։
 
Գիտական հայտնագործությունները Մոսկորեպում ճանաչվում են միայն Խմբագրական Կոմիտեի հաստատումից հետո։ Էդիսոն Քսենոֆոնտովիչը ցույց տվեց նրանց Սուպիկին։
 
Սուպիկը եկավ, բարձրացրեց ռեկորդային քաշ ունեցող շտանգան, նորոգեց կոմիտեի անդամներից մեկի ջարդված ժամացույցը, ատրճանակով կրակելիս՝ հավաքեց հարյուր հնարավորից հարյուր միավոր, ապացուցեց Գաուսի թեորեմը, նվագեց ռոյալի վրա Բեթհովենի «Ապասիոնատը», հին հուներենով մի դրվագ կարդաց «Ւլիադայից» և գերմաներեն՝ Կոմունիստական մանիֆեստը։ Նրա բանաստեղծություններին ոտքի կանգնած ծափահարում էր ողջ Խմբագրական Հանձնաժողովը, բացի նախագահից։
 
― Իսկ նախագա՞հը․ ― հարցրի ես։
 
Նա քնած էր։ Նա նույնիսկ չէր լսել, թե ինչպես էին հանձնաժողովի անդամները շնորհավորում Էդիսոն Քսենոֆոնտովիչին և նրա ստեղծած էակին։ Նրանք շոշափում էին Սուպիկին, թփթփացնում ուսին, նրան փորձելու համար դժվար հարցեր տալիս։ Պատասխանները, իհարկե, անսխալ էին։
 
Հետո սկսվեց քննարկումը։ Ինչ֊որ մեկը ասաց, որ Սուպիկը համարյա թե իդեալ է, բայց ականջները մի քիչ ցցված են և լավ կլիներ մի քիչ ծալել։ Մի ուրիշը քննադատեց քթի ձևն ու աչքերի կտրավածքը։ Հանձնաժողովի անդամներից մեկը, իմանալով, որ նա շատ է ուտում, առաջարկեց վիրահատել և փոքրացնել ստամոքսը։ Այդ ժամանակ արթնացավ նախագահը և ուշադրություն դարձրեց այն բանի վրա, որ Սուպիկի արտաքին օրգանները չափից ավելի են աչքի ընկնում։
 
― Իֆկ ինչո՞ւ, ― հարցրեց նա։
 
Էդիսոն Քսենոֆոնտովիչը շփոթվեց, սկսեց բացատրել, որ իհարկե, չէ՞ որ նրանք կյանքի շարունակության համար են։
 
― Իֆկ ինչո՞ւ այն շարունակել, ― հարցրեց նախագահը։ Պետք չէ։ Թող մեկ օրինակ լինի, երեխաներին ցույց տալու համար։
 
― Եվ դուք համաձայնվեցի՞ք, ― հարցրի ես ցնցված։
 
― Ի՜նչ եք ասում։ Ես բողոքներ էի գրում, հավաքում մեր գիտնականների ստորագրությունները, շրջում կաբինետներով։ Վերջապես՝ կապվեցի Գենիալիսիմուսի հետ։
 
― Նա ձեզ չօգնե՞ց։
 
― Հասկանում եք, ― ասաց Էդիսոն Քսենոֆոնտովիչը, ― Գենիալիսիմուսի իշխանությունը իհարկե մեծ է, բայց երբ գործը հասնում է Խմբագրական Կոմիտեին, նա անզոր է։ Նա հնարավոր ամեն ինչ արեց, հետո զանգեց ինձ և ասաց, որ պետք է գոնե մի քիչ զիջել նրանց։ Զիջել քիչը, որ պահպանվի գլխավորը։ Ես ելք չունեի․․․
 
― Եվ դուք ամորձատեցի՞ք դժբախտ Սուպիկին, ― հարցրի ես սարսափած։
 
― Այո, ― տխուր գլխով արեց պրոֆեսորը։ ― Այո, ամորձատեցի։ Դե ինչ ասեմ։ Իհարկե, ինչ֊որ բան նրա մեջ մնաց։ Նա շատ բարեխիղճ է։ Ե՛վ ափսեներն է լվանում, և՛ սպիտակեղենը։ Իսկ մնացածը չկա։ Բայց կարողանում է երգել կանացի ձայնով։
 
 
===Էլիկսիր===
 
 
― Այս ո՞ւր եմ ընկել, ― մտածում էի ես, ուսումնասիրելով պրոֆեսորի լաբորատորիան։ Այս ի՞նչ տարօրինակ հիմնարկ է, որտեղ մարդուն վերաբերվում են այնպես, կարծես թե նա ճանճ լինի։ Սկզբում նրան օգտագործում են փորձերի համար, հետո՝ անիգիլացնում, բալզամացնում, ուտիլիզացնում և ամորձատում։
 
Լաբորատորիան, ես կասեի, շատ սովորական տեսք ուներ։ Անկյունում՝ համեստ գրասեղան։ Պատից կախված էր Գենիալիսիմուսի լուսանկարը համազգեստով և բոլոր ստացած շքանշքններով։ Նրա կողքին կախված լուսանկարը ինձ թվաց շատ տարօրինակ։ Երկու ծեր հարբեցող իրար են խփում պլաստմասե բաժակները։
 
Ճիշտն ասած լաբորատորիայի սարքավորումները, ինձ առանձնապես չհետաքրքրեցին։ Որքան հիշում եմ, այնտեղ կար մի մեծ անոթ չժանգոտվող պողպատից։ Նրա մեջ, կարծես ինչ֊որ բան էր եփում։ Անոթից դուրս էին գալիս բազմաթիվ ապակե գունավոր անոթներ, որոնք միացված էին տարբեր տեսակի գալարախողովակներով։ Որոշ սարքեր ցույց էին տալիս ջերմաստիճանը, ճմշումը և էլի ինչ֊որ բան։ Վերջ ի վերջո սիստեմը բաժանվում էր երկու մասի։ Մասերից ամեն մեկը վերջանում էր մի խողովակով և պլաստամսե բաժակով։ Այսինքն՝ բաժակները երկու հատ էին։
 
Բաժակներից մեկի պիտակը պատկերում էր վարդ, իսկ մյուսինը՝ ոսկոռներով գանգ։
 
Անգույն հեղուկը, դանդաղ, շատ դանդաղ կաթում էր բաժակների մեջ։
 
Երբ նայում էի այդ ամենին, զգում էի, որ ետևիս կանգնած պրոֆեսորը ուշադիր հետևում է ինձ։
 
― Ինտեռեսա՞նտ, ― լսեցի ես նրա ձայնը։
 
― Ոչինչ, ― ասացի ես։ ― Հետաքրքիր է։ Նման է օղի թորող ապարատի։
 
Կարծես, նրան շատ ուրախացրին իմ բառերը։ Նա այնպես էր ծիծաղում, որ կարմրեց և աչքերում արցունքներ երևացին։
 
― Այո֊այո, ― ասաց նա, թափ տալով արցունքի կաթիլը։ Սա օղի թորելու ապարատ է։ Միայն թե նա ոչ թե օղի, այլ ի՞նչ է թորում։
 
Ինձ ոչինչ չէր մնաում, քան ուսերս վեր բարձացնել։
 
― Չե՞ք կարող կռահել, ― ուրախ ասաց նա և ծափ տվեց։ Հանձնվո՞ւմ եք։
 
― Այո, հանձնվում եմ, ― ասացի ես։
 
― Ուրեմն այսպես, ― ասաց նա հանդիսավոր և հուզված։ Դուք տեսնում եք մի բան, որը տեսել են միայն երկու մարդ։ Ես՝ և էլի մեկը։ Եվ այդ մեկը ոչ այլ ոք էր, քան ինքը՝ Գենիալիսիմուսը։ Տիեզերք կատարելիք վերջին թռիչքից առաջ, նա այցելեց իմ լաբորատորիան և կանգնել էր այն նույն տեղում, որտեղ դուք եք հիմա կանգնած։
 
― Մի՞թե անձամբ Գենիալիսիմուսը, ― հարցրի ես և մի քայլ ետ գնացի։
 
― Այո, անձամբ ինքը։ Եվ գիտե՞ք ինչու։ Որովհետև, ես արել եմ մարդկության պատմության մեջ ամենամեծ հայտնագործությունը։ Ես գտել եմ․․․ Սակայն, ինքներդ նայեք։ Տեսնո՞ւմ եք մատիս փոքրիկ վերքը։ Ես այսօր վնասեցի այն ջարդված անոթի կտորով։ Իսկ հիմա նայեք, ես վեցնում եմ միայն մի կաթիլ իմ սամոգոնից, քսում վերքին, և ահա, տեսնո՞ւմ եք, նա փակվեց, անհետացավ։ Հիմա հասկացա՞ք, թե սա ինչ է։
 
― Կյանքի էլիքսիր, ― հանկարծ կռահեցի ես։
 
― Հենց այդ է, որ կա։ Կյանքի էլիկսիր, ― մեջքիս խփեց պրոֆեսորը։ ― Կամ, ինչպես ես եմ այն անվանել՝ ՆԲԳ֊ն` Գենիալիսիմուսի անմահության հեղուկ։
 
Ես այնքան էի շշմել, որ չէի ընկալում բացատրությունները և համարյա ոչինչ չեմ հիշում։ Հիշում եմ միայն, կարծես պրոֆեսորը ասաց, որ մարդու օրգանիզմում երկու տեսակ հեղուկ թե մի ինչ֊որ նման բան կա, որը նա պայմանականորեն անվանում էր կյանքի և մահվան պլազմա։ Եվ որ այդ երկու պլազմաները միախառնված են և գտնվում են անընդհատ պայքարի մեջ։ Մահվան պլազման կամաց֊կամաց հաղթում է կայնքի պլազմային, բայց կարևորը ոչ միայն դա հայտնաբերել էր, այլ բաժանելը, ինչը վերջ ի վերջո, հաջողվեց իրեն։
 
Այդ փոքրիկ դասախոսությունից հետո, նա վերցրեց վարդով բաժակը և հարցրեց, արդյոք ես չե՞մ ուզում այն փորձել։
 
Ես կցանկանայի տեսնել այն մարդուն, որը կհրաժարվեր դրանից։ Բայց տեսնելով համը ես հասկացա, որ ավելի լավ է տեղում մեռնեմ, քան երկարացնեմ կյանքս այդ միջոցով։
 
― Դուր չեկա՞վ, ― հարցրեց նա անհանգստացած։ ― Իհարկե, համով չէ։ Բայց հավերժ կյանք ունենալու համար, ինչ ասես կարելի է խմել։
 
Ես ուրիշ կարծիք ունեի, բայց քաղաքավարությունից ոչինչ չասացի։
 
― Իսկ հիմա, ասաց նա հաղթական տոնով, ― նայեք այս լուսանկարին և փորձեք կռահել, թե ով է այնտեղ պատկերված։
 
Ես մի անգամ էլ նայեցի ծերունիներին պատկերող լուսանկարին։ Նրանցից մեկը հիշեցրեց ինձ Գենիալիսիմուսին։ Տարբերությունը պատից կախված պաշտոնական նկարի և լուսանկարում պատկերված անձի մեջ ահռելի էր, բայց ինձ արդեն ոչինչ չէր զարմացնում։ Իսկ մյուսը՝ զառամյալ, ճաղատ, փոս ընկած բերանով ծերունին․․․ Ես տեղափոխեցի հայացքս Էդիսոն Քսենոֆոնտովիչի վրա։
 
― Իսկապես, ― ասացի ես, ― այո։ Որոշ նմանություն կա։ Ճիշտ է, համարյա աննկատ։
 
― Դե, եթե գլխի ընկաք, ― ապա ուշադիր ինձ նայեք, չե՞ք գտնում որ ես նման եմ ինչ֊որ մեկին։
 
― Էդիկ, ― ասացի ես, ճանաչելով այն երիտասարդ կենսաբանին, որի հետ սրանից մոտավորապես ութսուն տարի առաջ, Ժուրնալիստի տանը ծանոթացրեց ինձ Լյոշկա Բուկաշևը։ ― Այդ դո՞ւ ես։
 
― Ես եմ, ― ասաց Էդիկը։
 
― Ստում ես, շան տղա, ― բացականչեցի ես նախնական լեզվով։
 
― Շան տղա լինեմ, թե խաբում եմ, ― ժպտալով պատասխանեց Էդիկը նույն լեզվով։
 
Ես միևնույն է չէի կարողանում հավատալ։ Պտտվեցի նրա շուրջը, ուսումնասիրեցի առջևից և կողքից։ Ես նույնիսկ շոշափեցի նրան, բայց ինչ֊որ կասկածներ էլի մնացին։
 
― Լսիր, ― հարցրի ես անվստահ, ― իսկ Գենիալիսիմուսը դա․․․
 
― Դե իհարկե, ― նա տխուր գլխով արեց, ասես խոստովանելով այն, ինչը պետք է գաղտնի մնար։ ― Մի՞թե ինքդ չկռահեցիր։
 
― Ինձ պետք չէր կռահել, ― ասացի ես։ Ճշմարտությունը ակնհայտ էր, բայց երևակայությունս չբավարարեց, որ կարողանամ ընդունել։
 
Մենք չենք հասկանում, որքան կատարյալ ենք և այդ պատճառով կարծում ենք, որ անկախ մեր հայացքներից գոյություն ունի աշխարհի օբյեկտիվ պատկեր։
 
― Էդիկ, ― ընդհատեցի ես նրան, ― մի պատմիր այդ։ Ես արդեն լսել ոմ, որ առաջնայինը երկրորդական է՝ երկրորդականը առաջնային։
 
― Դու լսել ես, բայց չես հավատում, որովհետև երևակայություն չունես։ Գիտես, ես ուսումնասիրել եմ տարբեր տեսակի հալյուցինացիաներով տառապող խելագարների, և եկել եմ այն եզրակացության, որ հալյուցինացիաներ չեն լինում։ Ուղղակի նրանք տեսնում են այն, ինչ մենք չենք տեսնում, իսկ մենք այն՝ ինչ նրանք չեն տեսնում։
 
― Ուրեմն, եթե ես այնքան եմ խմել, որ աչքիս սատանաներ են երևում, դա նշանակում է, որ նրանք գոյությո՞ւն ունեն։
 
― Իհարկե, ― գլխով արեց Էդիկը։ ― Քո աշխարհում, նրանք իսկապես գոյություն ունեն, իսկ իմ՝ քանի խմած չեմ․․․
 
― Իմիջիայլոց, ― ընդհատեցի ես նրան, ― միշտ սթափ լինելը շատ ձանձրալի է։ Քեզ մոտ, քո տնտեսությունում, միգուցե կա՞ մի այնպիսի բան, որով լվանում եք անոթները, կամ խողովակները։
 
Էդիկը ինձ նայեց, մտածեց․․․
 
Ընդհանրապես, ես ոգելից խմիչներ չեմ օգտագործում, ― ասաց նա մտածկոտ, ― բայց այսպիսի պատճառով․․․ Տանս մի բան երևի կգտնվի։
 
 
===Էդիկի մոտ===
 
 
Ակնհայտ էր, որ Էդիկի կարիքների ապահովումը ավելի բարձր մակարդակի էր, քան նույնիսկ մարշալ Վզրոսլիինը։ Նա ապրում էր լաբորատորիայից ոչ այնքան հեռու գտնվող մեծ բնակարանում, որի պատուհանները դուրս էին գալիս ստորերկրյա փողոցի վրա։ Բնակարանը շատ մաքուր էր, բայց միևնուն է զգացվում էր, որ այստեղ ապրողն ամուրի է։ Սենյակներից մեկը հատկացված էր գրադարանին, որտեղ կային ոչ միայն գիտական աշխատություններ, այլև նախնական գրականության հիանալի հավաքածու՝ Պուշկինից սկսած մինչև Կառնավալով։ Եվ իմ այն գիրքը, այն նույնը, նույնպես կար։ Մենք խմում էինք ոչ թե մի ինչ֊որ բան, այլ 2016 թվի իսկական ֆրանսիական կոնյակ։ Երբ խմեցինք առաջին շիշը, նա հանեց երկրորդը։
 
Մենք նստած էինք առանց լույսը վառելու, բայց այնտեղ, պատուհանի այն կողմը, կար մի լապտեր։ Նրա թույլ լույսը, թափանցելով սենյակ, տեսանելի էր դարձնում սեղանի անկյունը, շիշը, իսկ խոսակցիս սապատավոր քթով պրոֆիլը, թվում էր, սև ու տափակ, կարծես ստվարաթղթից կտրված լիներ։
 
Մենք շարունակում էինք խոսել մտադրությունների, մտքի և երևակայության մասին, և Էդիկը իր դատողություններով այնքան խճճեց ինձ, որ ես արդեն ոչ մի տարբերություն չէի տեսնում իրականի և երևակայականի միջև։
 
Որքան հիշում եմ, նրա դատողությունները մոտավորապես այսպիսին էին։ Երկիրը Բարձրագույն Մտքի արդյունքն է։ Աստվածը ստեղծեծ այս աշխարհը, բնակեցրեց մեզնով և համարում էր, որ պետք է ապրենք նրա Օրենքով։ Բայց նա չէր տվել մեզ իր մտադրությունները հասկանալու ունակություն և մենք սկսեցինք խախտել Օրենքը ու դուրս եկանք նրա հսկողությունից։ Նույն բանն է տեղի ունենում գրողի հետ։ Նա ստեղծում է երևակայական աշխարհ, բնակեցնում իր հերոսներով, սպասում որոշակի գործեր, իսկ նրանք սկսում են սատանան գիտի թե ինչով զբաղվել, և վերջ ի վերջո, աղավաղում են սկզբնական մտահղացումը։
 
Ես արդեն հետ էի սովորել խմիչք օգտագործելուց, և շատ արագ հարբեցի։ Միգուցե այդ պատճառով, նրա ասածները ինձ շատ իմաստուն էին թվում։
 
― Իսկապես, ― ասացի ես ուրախ։ Դու ճիշտ ես։ Ինձ հետ միշտ այդպես է պատահում ։ Ես մի բան եմ մտածում, իսկ ստացվում է մի ուրիշ բան։
 
― Ճիշտ է, ― ասաց Էդիկը։ ― Այդպես ստացվեց մեր դժբախտ Գենիալիսիմուսի հետ։ Նա էլ ուներ իր մտահղացումները։ Երբ իր զայրացած գեներալների հետ իշխանության եկավ, ցանկանում էր այստեղ նոր կարգեր հաստատել։ Սկսեց պայքարել կոռուպցիայի, բյուրոկրատիզմի, անհավասարության դեմ։ Գեներալներին նշանակեց կարևորագույն պատշոններում ու առաջարկեց մի նոր սկզբունք․ կադրերը պետք է մշտապես փոխվեն և երիտասարդացվեն։ Մինչև իշխանափոխությունը գեներալները նրա հետ համամիտ էին։ Բայց իշխանությունը նվաճելուց հետո, նրանց միտքը փոխվեց։ Նրանք ցանկանում էին հավերժ մնալ իրենց տեղերում։ Գենիալիսիմուսը դա չէր հասկացել և պահանջում էր նրանցից աշխատանք, կարգապահություն, հաշվետվություն ժողովրդի առջև։ Իսկ հետո որոշեց մտցնել հավասարության սկզբունքը․ ամեն մեկից ըստ ընդունակությունների, բոլորին՝ հավասար։
 
― Ահա՜ թե ինչ, ― ասացի ես, միանգամից ամեն ինչ հասկանալով։ Եվ նրա շրջապատը դա չընդունեց։
 
― Այդպես, ― Էդիկը չգիտես ինչու զայրացավ և խփեց իր ծնկին։ ― Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ ես դու քեզ գրող համարում, եթե այդքան պրիմիտիվ մտածողություն ունես։ Այն, որ արտոնյալները երբեք չեն հրաժարվի իրենց արտոնություններից, դա ամեն մի հիմարի համար էլ պարզ է։ Դա հասկանալու համար պարտադիր չէ խորանալ մարդկային հոգեբանության մեջ։ Իրականում, ոչ միայն Գենիալիսիմուսի շրջապատը, այլ նաև ամբողջ հասարակությունը ընդհանուր առմամբ, նյարդանացած է նրա նորամուծություններից, որովհետև անհավասարության դրույթը, գոհունակությայմբ է ընդունվում հասարակության բոլոր շերտերի կողմից։ Վերևում գտնվողները գոհ են, որ ստանում են միջիններից շատ, միջինները՝ որ ունեն ավելին, քան ներքևինները․․․
 
― Իսկ ներքևում գտնվողներն ինչո՞ւ են գոհ, ― հարցրի ես։
 
― Մի՞թե դու չես հանդիպել մարդկանց, որոնք հաճույք են ստանում ներքևում գտնվելուց։ Նրանք միշտ կարող են բացատրել իրենց անհաջողությունները հասարակության անարդար կառուցվածքով, իրենց ազնվությամբ, համեստությամբ և բացառիկությամբ։ Կարճ ասած, Գենիալիսիմուսը ձեռք էր բարձրացրել հասարակության սրբոց֊սրբությունների վրա։ Զբաղեցնելով անհասանելի դիրք, նա իր նախաձեռնություններով, մեծ դժգոհություն առաջացրեց։ Հատկապես, իհարկե, նախկին զայրացած գեներալների շրջանում։ Նրանցից ամենազայրացածը նրա մոտիկ ընկեր֊տեղակալն էր, Գերագույն Հնգանկյունի և Խմբագրական Կոմիտեի նախագահը։
 
― Գորիզոմտ Տիմոֆե՞եվիչը, ― հարցրի ես։
 
― Հենց ինքը, ― ասաց Էդիկը։ ― Նա, իհարկե, չկարողացավ գցել Գենիալիսիմուսին, որովհետև նա դարձել էր խորհրդանիշ, երկրպագության առարկա, սուրբ կով, բայց գտավ ավելի խորամանկ լուծում։ Մի օր, երբ Գենիալիսիմուսը տիեզերք թռավ հերթական ստուգումների համար, որոշեցին այլևս նրան չվերադարձնել։ Թող նա այնտեղ թռչի, իսկ մենք նրա վրա աղոթենք, կառուցենք հուշարձաններ, պարգևատրենք շքանշաններով, ուղարկենք ողջույններ և հաշվետվություններ։ Միևնույն ժամանակ, աստեղ, Երկրում, ամեն ինչ մեր ուզածի նման կանենք։
 
― Կանգ առ, ― ընդհատեցի ես նրան։ ― Ինձ հեքիաթներ մի պատմիր։ Ոչ մի Գենիալիսիմուս իրականում չկա, որովհետև ես նրան հնարել եմ։ Հականո՞ւմ ես, հնարել եմ։
 
― Հնարավոր է, ― ուսերը թոթվեց պրոֆեսորը։ ― Բայց դա ոչինչ չի փոխում, որովհետև իրականությունը միշտ էլ ինչ֊որ մեկի հնարածն է։ Հնարքը, ծնվում է ոչնչից, հետո դառնում իրականություն և դրսևորում զարգացման միտում։ Բայց եթե դու ամեն ինչ հնարել ես, ապա ժամանակն է, որ սյուժեն փոխես։ Սիմը պետք է անհետանա։ Ընդմիշտ։ Ցանկացած միջոցով անիգիլիացիայի ենթարկի նրան։ Հետո կարելի է անիգիլիացնել Գորիզոնտին։ Իսկ Գենիալիսիմուսին պետք է վերադարձնես Եկիր։ Նա ինձ ու քեզ շատ է պետք։
 
― Ինչո՞ւ երկուսիս։ Մենք ի՞նչ ընդհանուր շահեր ունենք։
 
― Հիմա կբացատրեմ։ Հասկանում ես, ողջ Գերագույն Հնգանկյունի և Խմբագրական կոմիտեի կազմը՝ ապուշներ ու անմիտներ են։ Ես չեմ կարող վստահել նրանց իմ հայտնագործությունը։ Բայց եթե դու վերադարձնես Գենիալիսիմուսին, մենք երեքով կօգտագործենք էլիկսիրը։ Նրա օգնությամբ, կտիրենք աշխարհին և երկրի վրա նոր կարգ կհաստատենք։
 
― Չեմ հասկանում, ― ասացի ես։
 
― Հիմա կբացատրեմ։ Բանն այն է, որ շատ մարդիկ են խախտում օրենքները և ընդունված վարքագծի կանոնները։ Ամեն մեկը կարծում է, որ առանձնապես շատ բան չի կորցնում։ Մարդը մտածում է․ ինչ էլ անեմ, կամ ինչ էլ ինձ հետ անեն, միևնույն է մեռնելու եմ։ Մահվան անխուսափելիության գիտակցումը, որոշ մարդկանց դարձնում է անվախ և նույնիսկ անխոհեմ։ Իսկ Էլիկսիրով ամեն ինչ այլ կերպ կլինի։ Մենք նույնիսկ կարող ենք վերացնել շատ պատժամիջոցներ։ Օրինակ բանտը և մահապատիժը։ Ինչո՞ւ։ Մենք ուղղակի կբաժանենք էլիկսիրը համապատասխան մարդկանց վարքագծի։ Լա՞վ ես պահում քեզ՝ ստացիր ամսվա բաժինդ։ Հաջորդ ամիս էլ քեզ լավ պահես՝ էլի կստանաս։ Իսկ անհնազանդներին, մենք կզրկենք էլիկսիրից։ Որոշ մարդկանց ժամանակավոր, ոմանց՝ ընդմիշտ։ Պատկերացնո՞ւմ ես, լավ պահող մարդկանց մեծամասնությունը ման է գալիս երիտասարդ, ամուր, կարմրաթուշ։ Իսկ նրանք, ովքեր հրաժարվել են մեծամասնության օրինակին հետևել, ծերանում են, հիվանդանում, կորցնում մազերն ու ատամները․․․
 
― Բայց դա սարսափելի է, ― բացականչեցի ես։ Դա մահապատժից էլ վատ է։ Դա նույնիկ ավելի վատ է, քան այն, ինչ արեցիր դժբախտ տեռորիստի հետ։ Ի դեպ, այդ տեռորիստի մասին․․․ Լսիր, դու կարո՞ղ ես մի քիչ քո էլիկսիրից ծախսել և քսել նրա վերքերին, որպեսզի նրանք փակվեն։
 
Պրոֆեսորը զարմացած ինձ նայեց։
 
― Այսինքն՝ ո՞նց թե փակվեն։ Նա ինձ պետք է հենց այդ վերքերով։ Պետք է, որ բոլորը տեսնեն, որ նա տանջվել է, բայց դիմացել։ Եվ ընդհանրապես ես չեմ հասկանում, ինչո՞ւ ես դիմում ինձ նման խնդրանքով։ Մի՞թե անցյալում քեզ ետ չեն սովորեցրել աբստրակտ հումանիզմից։
 
Ես շփոթվեցի։ Իհարկե, սովորեցնում էին, այն էլ ոնց։ Պատկերավոր ասած, սիրտս ընդհանուր առմամբ, բավականին կոշտացել է։ Բայց երբ խմում եմ, չգիտեմ ինչու, սկսում եմ բոլորին խղճալ։ Նույնիսկ օձերին, կարիճներին և տեռորիստներին։ Նույնիսկ ամենազզվելի արարածներին խղճում եմ և վերջ։ Ոչինչ չեմ կարող անել ինձ հետ։
 
― Որովհետև հիմար ես, ― ասաց Էդիկը։ ― Խղճահարությունը ամենահիմար և անօգուտ զգացմունքն է, իսկ խղճացողները՝ ամենավատ և վնասակար մարդիկ։ Նրանք միշտ խանգարել են առաջընթացին։ Ի դեպ, մենք նրանց էլ չենք տա էլիքսիր։
 
― Ահա՜, ― ասացի ես։ ― Ուրեմն, ինձ էլ է այդ սպասում։ Ես դեն նետեմ Սիմիչին, իսկ դու զրկես ինձ էլիկսիրից և նայես, թե ինչպես եմ ծերանում, սպիտակում ու կորցնում ատամներս․․․
 
― Դե ինչ ես ասում, ― վճռականորեն հերքեց Էդիկը։ Ինչո՞ւ ես իմ մասին այդքան վատ մտածում։ Դու հավերժ կապրես, բայց ես քեզ անզգա կդարրձնեմ։ Ես գիտեմ ինչպես դա անել։ Մի փոքրիկ վիրահատություն ու դու կդառնաս ամեն ինչին անտարբեր արարած։ Քո աչքերի առաջ մարդուն մասերի կբաժանեն, նա ցավից կգալարվի ու կհառաչի, իսկ քո հոգին անտարբեր կմնա։ Դու կուտես, կխմես, հաճույք կստանաս արևի լույսից, ծաղիկների բուրմունքից և կանանց փաղաքշանքից։
 
― Իսկապե՞ս ― հարցրի ես, ― մի՞թե կտեսնեմ, որ ինչ֊որ մեկին ծեծում են ու նրա հետ չեմ տառապի։
 
― Թող տառապի նա, ում ծեծում են, ― հանգիստ պատասխանեց Էդիկը։ ― Ինչո՞ւ էլի ինչ֊որ մեկը պետք է տառապի։
 
Ես կստեի, եթե ասեի, որ Էդիկի խոստումը ինձ չշփոթեցրեց։ Խղճահարության կամ կարեկցանքի զգացումը, ինձ վաղուց արդեն հոգնեցրել էր։ Այդ զգացմունքը փչացրել էր իմ ողջ կյանքը, խանգարել կարիերայիս և զրկել ախորժակից։ Ինչիս է այն պետք, եթե բացի անախորժություններից ինձ ոչինչ չի տալիս։
 
Ես խոստացա պրոֆեսորին մտածել այդ մասին։ Ինձ թվում է, որ ես խոստացա, բայց հիմա նույնիսկ համոզված չեմ, որ այդպիսի խոսակցություն եղել է։ Գուցե դա երազ էր կամ զառանցանք։ Իսկ եթե այդ խոսակցությունը և մնացած ամեն ինչ, ինձ ուղղակի թվացել է, ապա ինչո՞ւ ես չեմ կարող երևակայության ուժով վերջացնել իմ արկածները և վերադառնալ Շտոկդորֆ։
 
― Ես նույնիսկ փորձեցի դա անել։ Փակեցի աչքերս, լարեցի երևակայությունս, հայտնվեցի մի տեսակ տրանսցենդենտալ վիճակում։ Եթե այս խոսակցությունը և մնացածը տեսնում եմ՝ ուրեմն Շտոկդորֆում չեմ։ Բայց պրոֆեսորի մոտ էլ չեմ, այլ հյուրանոցում։ Իսկրինան չկա։ Մահճակալի մոտ թափված են գրքից պատռած թերթիկներ։ Ես հավաքեցի դրանք և սկսեցի կարդալ։ Տեքստը ինձ ծանոթ թվաց, կարծես այն արդեն կարդացել էի, կամ միգուցե գրել։
 
Լուսանցքներում, իմիջիայլոց, ես տեսա բազմաթիվ նշումներ, արված գույնզգույն մատիտներով։ Նշումները հիմնականում բացասական էին և բավականին միօրինակ։ Ինչ֊որ տեղ գրված էր․ «Վատ է» կամ «Սա արդեն չափազանց է!!!» (հենց երեք բացականչական նշան էր դրված)։ Ես սկսեցի նայել թերթիկները, հափշտակվեցի և մտածեցի, որ միգուցե ինչ֊որ բան չափազանց է, բայց ի՞նչ վատ բան կա այստեղ։ Ընդհակառակը, նույնիսկ շատ լավ է գրված։
Ադմին, Վստահելի
1876
edits