Changes
/* Փաստաբանը։ Ֆաբրիկատերը։ Նկարիչը */
Իհարկե՝ ոչ։ Երկրորդ արդարացմանը հաջորդում է երրորդ ձերբակալումը, երրորդ արդարացմանը՝ չորրորդ ձերբակալումը և այսպես շարունակ։ Հենց դա է ընկած թվացյալ արդարացման հիմքում։ Թվացյալ արդարացումը պարզ երևում է, որ ձեռնտու չէ Ձեզ,― ասաց նկարիչը, նկատելով, որ Կ֊ն ոչինչ չի խոսում։― Գուցե ձգձգումը գերադասեք։ Բացատրե՞մ ձգձգման էությունը։
Կ֊ն գլխով արեց։ Նկարիչը նստել էր բազկաթոռի մեջ ետ ընկած, շապիկի կուրծքը բաց էր, մի ձեռքը շապիկի տակ էր մտցրել և շարժում էր կողերի ու կրծքի վրայով։
― Ձգձգումը․․․― Նկարիչը մի պահ լռեց ու նայեց դիմացը, կարծես ավելի համապատասխանող բացատրություն էր փնտրում։― Ձգձգման էությունն այն է, որ դատավարությունը երկար ժամանակով ամենաստորին շրջանում է պահվում։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ մեղադրյալը և նրան օգնողը, հատկապես՝ օգնողը, դատարանի հետ անընդհատ, անմիջական կապ ունենան։ Կրկնում եմ, այս գործն այդքան եռանդ չի պահանջում, ինչպես թվացյալ արդարացումը, սակայն այստեղ ավելի մեծ ուշադրություն է անհրաժեշտ։ Չի կարելի դատավարությունը աչիքց բաց թողնել, պետք է կանոնավոր կերպով, դրանից բացի՝ ամեն մի արտասովոր առիթով, գնալ համապատասխան դատավորի մոտ և ամեն կերպ փորձել բարեհաճ տրամադրել նրան։ Եթե դատավորի հետ անձնական ծանոթություն չկա, պետք է ծանոթ որևէ դատավորի խնդրել, որ ներգործի նրա վրա՝ առանց այդ պատճառով անմիջական քննարկումները դադարեցնելու իրավունքի։ Այս տեսակետից մարդ ոչինչ չի կորցնում և կարող է բավական վստահ լինել, որ դատավարությունն իր առաջին շրջանից այն կողմ չի անցնի։ Թեև գործը չի դադարեցվի, սակայն մեղադրյալը դատավճռից այնքան է ապահով, որ թվում է, թե ազատ է։ Ի տարբերություն թվացյալ արդարացման, ձգձգումը մի առավելություն ունի․ մեղադրյալի ապագան պակաս անորոշ է, նա զերծ է մնում հանկարծահաս ձերբակալման սարսափներից և չեպտք է վախ ունենա՝ ինչպես թվացյալ արդարացման ժամանակ, երբ պաշտպանության պատճառելիք ջանքերն ու հուզմունքները ստանձնելու համար մեղադրյալի վիճակը այնքան էլ նպաստավոր չէ։ Մեղադրյալի համար, թերևս, ձգփգումն էլ իր թերի կողմերն ունի, և դրանք չպետք է անտեսվեն։ Ես բոլորովին չեմ ուզում ասել, թե մեղադրյալը երբեք չի ազատվում։ Ոչ։ Թվացյալ արդարացման ժամանակ ևս այդպես է։ Թերությունըւ մի այլ հարցում է․ առանց անհրաժեշտ, գոնե ձևական պատճառների, դատավարությունը չի կարող կանգ առնել։ Դրա համար դատավարության ընթացքում անպայման ինչ֊որ բաներ պետք է կատարվեն։ Այսինքն, ժամանակ առ ժամանակ պետք է տարբեր կարգադրություններ արվեն, մեղադրյալը պետք է հարցաքննվի, նախնական քննություն պետք է կատարվի և այլն։ Դատավարությունը շարունակ պետք է պտտվի արհեստականորեն ստեղծված փոքր շրջանակի մեջ։ Դա, իհարկե, մեղադրյալին որոշ դժվարություններ է պատճառում, որոնք, սակայն, նորից չպետք է պատկերացնեք շատ թանձր գույներով։ Ախր ամեն ինչ ձևական բնույթ է կրում։ Հարցաքննություններն, օրինակ, շատ կարճ են տևում, և, եթե գալու ցանկություն կամ ժամանակ չլինի, մեղադրյալն իրավունք ունի ներողություն խնդրել, որոշ դատավորների հետ նախօրոք կարելի է համատեղ, երկարաժամկետ կարգադրագիր կազմել։ Ըստ էության, խոսքն այն մասին է, որ մարդը՝ մեղադրյալի վիճակով պարտադրված, պետք է ժամանակ առ ժամանակ դատավորի մոտ ներկայանա։
Արդեն վերջին խոսքերը լսելիս Կ֊ն պիջակը թևին էր գցել և վեր կացել։
― Նա վեր է կենում արդեն,― իսկույն լսվեց դրսից։
― Դուք գնա՞լ եք ուզում։― Նկարիչը նույնպես ոտքի ելավ։― Ձեր այստեղից գնալու պատճառը, հաստատ, օդն է միայն։ Շատ եմ ցավում։ Ես որոշ բաներ էլ կարող էի հայտնել, մինչդեռ ստիպված էի շատ բան կրճատել։ Սակայն, հույս ունեմ, որ հասկացաք ինձ։
― Օ, այո,― ասաց Կ֊ն։ Նկարչի պատմությունները լսելու ջանքերից նրա գլուխը ցավում էր։ Չնայած Կ֊ի հավաստիացմանը, նկարիչը, կարծես ձգտելով տունդարձի ճանապարհին մխիթարվելու որևէ հնարավորություն տալ, մի անգամ ևս ընդհանրացնելով իր պատմածները, ասաց․
― Երկու ձևի համար էլ ընդհանուրն այն է, որ նրանք խանգարում են մեղադրյալի հանդեպ դատավճիռ հանելուն։
― Սակայն նրանք թույլ չեն տալիս նաև լրիվ արդարացնել։― Ցածրաձայն, կարծես ամաչելով այդ բանը նկատած լինելուց, ասաց Կ֊ն։
― Ամենակարևոր բանը Դուք հասկացել եք,― արագ ասաց նկարիչը։ Կ֊ն ձեռքը դրեց վերարկուի վրա, սակայն վճառկանորեն չէր կարող պիջակը հագնել։ Ավելի շուտ, նա ուզում էր դրանք ձեռքը վերցնել և դուրս գալ։ Աղջնակները, թեև դռան հետևում շտապեցին բացականչել, թե նա հագնվում է, նույնպես չէին կարող պիջակն ու վերարկուն արվեստանոցում հագնելուն տրամարդել։ Նարչի համար կարևոն հասկանալն էր, թե ինչպիսի՞ն է Կ֊ի կարծիքը, այդ պատճառով նա ասաց․
― Իմ առաջարկների կապակցությամբ հավանաբար դեռ ոչինչ չեք որոշել։ Ես հավանություն եմ տալիս դրան և նույնիսկ խորհուրդ կտայի անմիջապես չվճռել ոչինչ։ Առավելություններն ու թերությունները շատ խաբուսիկ են։ Ամեն ինչ լավ քննել է պետք, բայց և չպետք է շատ ժամանակ կորցնել։
― Ես շուտով կգամ։― Կ֊ն անսպասելի վճռականությամբ հագավ պիջակը, վերարկուն գցեց ուսերին և շտապեց դռան կողմը։ Աղջնակներն այնտեղ սկսեցին աղմկել։ Կ֊ին թվաց, թե դռան միջով տեսնում է երեխաներին։
― Սակայն պետք է Ձեր խոսքի տերը լինեք։― Նկարիչը մնացել էր տեղում կանգնած։― Թե չէ տեղեկանալու համար ես ինքս բանկ կգամ։
― Բացեք դուռը,― ասաց Կ֊ն և քաշեց սողնակը․ ինչպես դիմադրությունից եզրակացրեց, երախաները բռնել էին դրսից։
― Ուզում եք, որ նրանք կա՞խ ընկնեն Ձեզնից։ Ավելի լավ է այս ելքից օգտվեք։― Նկարիչը ցույց տվեց մահճակալի հետևի դուռը։ Կ֊ն համաձան էր և ետ կեավ։ Սական դուռը բացելու փոխարեն նկարիչը մահճակալի տակ մտավ և այնտեղից հարցրեց․
― Եվս մի րոպե։ Չէի՞ք ցանկանա նայել այս մի նկարը։ Ուզում եմ Ձեզ վաճառել այն։
Կ֊ն չէր ուզում անքաղաքավարի լինել։ Նկարիչն իսկապես ձեռնամուխ էր եղել գործին, խոստացել էր օգնել։ Իր մոռացկոտության պատճառով Կ֊ն դեռ չէր խոսել օգնության վարձի մասին, այդ պատճառով այժմ չէր կարող մերժել նրան ու, թեև արվեստանոցից հեռանալու անհամբերությունից դողում էր, սպասեց։ Նկարիչը մահճակալի տակից անշրջանակ նկարների մի ամբողջ կույտ հանեց։ Դրանք փոշու այնպիսի հաստ շերտով էին ծածվկած, որ երբ Տիտորելլին ամենավերևի կտավի վրայից փչեց, փոշին երկար ժամանակ պար էր գալիս շունչը պահած Կ֊ի աչքերի առաջ։