Changes
{{Վերնագիր
|վերնագիր = Սև ցելերի սերմնացանըԼառ-Մարգար
|հեղինակ =[[Ակսել Բակունց]]
|թարգմանիչ =
== 1 ==
Նրա համար ամենից մեծ հաճույքը այգին ու արտերը ջրելն էր։ Երբ բոբիկ, արևից խանձված ոտքերով քայլում էր առվի եզերքով, բահով ճումերը առվից դեն գցում, որ ջրի հոսանքը սահուն լինի,— Լառ-Մարգարին այնպես էր թվում, թե ջրի պապակ արտերն ու ծարավ այգիները տապ արած, իրեն են սպասում։ Առվով ջուրը կապելիս նա ջրի հետ էլ գնում էր, մինչև ջուրը այգուն հասներ։ Արևից չորացած հողը, տեղ-տեղ ճաքճքած, ագահությամբ ծծում էր ջուրը, ճեղքերից օդի պղպջակներ էին դուրս գալիս, ձայն հանում, ասես հողը հազար պռոշ ուներ և անհագ ծարավ։ Ջուրը ծառերի տակ կապելուց հետո Լառ-Մարգարը պառկում էր ծառի շվաքի տակ, երկար բահը կողքին, աչքերը կիսախուփ անում, ննջում, մինչև ջուրը հասներ։ Հետո վեր էր կենում, ջուրն ուրիշ առվով անում, էլի ջրի հետ գնում։ Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը շատ, երբ շները շոգից տան ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս,— առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին, ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին։ — Լառ-Մարգարը լագլագի պես ջրերից ձեռք չի քաշում,— ասում են գյուղացիք: Եվ ճիշտ որ, Լառ-Մարգարը մի քիչ նման է արագիլին, ոտքերը բարակ ու երկար, ասես ոտքի վրա երկու ծունկ կա։ Լայն առվի վրայից շատերը չէին կարողանում անցնել, իսկ Լառ-Մարգարը մի մեծ քայլ էր անում և առվի մյուս ափին կանգնում։ Արևից խանձված դեմքի վրա սրածայր քիթը երկար կտուցի էր համեմատ, եթե սպիտակած բեղերը չլինեին։ Գյուղի ջրվորն է։ Գիշեր-ցերեկ առուների վրա է լինում, հսկում առուներին, ջուրը բաժանում, առուների մաքրության նայում։ — Լառ-Մարգար, արտս խանձվեց, ջուր հասցրու,— գանգատվում էին երբեմն։ — Կեցիր դհա, կրակ չեղավ, սրադ ուրբաթ է,— ասում է Լառ-Մարգարը։ Լառ-Մարգարը տեղացի չէ։ Պղտոր հեղեղի բերանն ընկած տաշեղի պես Լառ-Մարգարը շատ ափերի էր զարկվել, վերջը ալիքը լափու է տվել և Լառ-Մարգարին իր թոռան հետ գցել այդ գյուղը։ Անցյալ գարունքին էր այդ։ Գյուղը նրան ջրվոր է վարձել։ — Ղարիբ մարդ է, ազգ ու բարեկամ չունի, ջուրը արդար բաժին կանի։ Երբ առաջին անգամ առվով ջուր էր կապել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած, բահը ուսին անցել առվով, գյուղում մի հանաքչի ասել էր. — Տեսեք հա՜, գաղթական բիձեն լառի լագլագ լինի կասես։ Գյուղը նորեկին ավելի անուն էր դրել Լառ-Մարգար։ Քչերն էին փորձում ջրվորին խաբել, հերթից դուրս ջուր գողանալ։ Վայ թե իմանար Լառ-Մարգարը, կթոնթորար, կկանչեր, բահը գետնով կտար։ — Ծառդ պտուղ չի տար, յավրիս, գողության մի վարժեցուր։ Լառ-Մարգարի համոզումն էր այդ։ Եվ երբ բարկանար, այդ խոսքը կասեր, իսկ եթե խոսքին կասկածող էր լինում, ավելացնում էր. — Էս հասակս քաշեր, նո՞ր պիտի սուտ խոսիմ… Այդ ասելիս Լառ-Մարգարը հանկարծ խեղճանում, ձայնը երերում էր։ Թողնում էր խոսակցին, բահն առնում և առվի հետ գնում, թեկուզ գնալն էլ միտք չունենար։ Հեռու չէր գնում։ Նստում էր առվի մոտ, նայում ջրի հանդարտ հոսանքին, չոր ծղոտներին, որոնք գալիս էին հեռուներից և ջրի հետ գնում։ Նայում էր առվի եզերքին բուսած կանաչին, և մտքերը նորից հանդարտվում էին։
== 2 ==