Changes
/* 1 */
— Հը՜, Աթա տպեր, Ղարսը առա՞ք, թե՞ տվիք… Սպասիր ես թիլիպոնով խոսեմ տեսնեմ հի՞նչ կա աշխարհում…— և արձակում էր այծեմազ պարանը, որ գոտու փոխարեն փաթաթած էր մեջքին, պարանի փայտե կեռը հագցնում էր քարատակի դռան ունկին.
— Հը՛, ցենտրալնի, ա՛յ ցենտրալնի, դավայ Բաքու… Բարիշնա ջան, Բաքու, դա՞, Բաքու… Հը՞, Բաքու։ Ա՜յ Բաքու, ախր մարխի ծխում կոտորվեցինք, բա հի՞նչ ես ասում… Արա, ո՞ւր ա պանիրը։ Պանրի երես ենք տեսնո՞ւմ։ Որ ագռավի ծերտ ենք տեսնում, վրա ենք տալիս… Ղարդաշ, աք ղարդաշ, բա երբ ես խռիկ տալի էն Խանլարին։ Հը՞, գնում է անգլիացու վրա՞։ Ո՞նց թե, Անգլիայի ճանապարհը հո մեր ձորով չի։ Մենք խռիկ տվինք մեր բաժին անգլիացուն<ref>1919թ. մայիսի 4-ին Զանգեզուրից վտարեցին բրիտանական գեներալ Շատելվորտի միսիան։</regref>… Հա, քեզ մատաղ, ղարդաշ Հուսեյին, Իվանին բեր, բեր է՜ սարու ռուսին։ Էնքան շլորի տերև քաշեցի, լարդս սևացավ։ Հա՛, քեզ ղուրբան, հաց կլինի, նավթ կլինի, շաքար կլինի: Հրեն, Անա զիզին տկլոր է, ամաչում է աղբյուրը գնա… Հը՞, օրիորդ, Հայաստանի կողմերում ո՞վ կա… մարդ-մուրդ մնա՞ց, թե բոլորն իրար կերան։ Դրովի զորքը գալիս է Զանգեզո՞ւր… Քո շունը լինեմ Րևան, էդ կրակը մեզանից հեռա պահի։ Խումբի տղերքը մեզ կերան, Մանգասարի էշը փալանով կերան, արտերը կանաչ կերան, մի խակ տանձի համար տեր Նորընծայի… տանձը կերան…
Քարատակը դղրդում էր ժողովրդի ծիծաղից, մինչև անգամ ջրաղացպանն էր ծիծաղում և ուրախության արցունքը գլոր-գլոր ընկնում էր նրա սպիտակ մորուքի վրա։ Այս և այն կողմից բացականչում էին.