Changes
/* Գլուխ VIII Դոկտոր Ուոթսնի առաջին հաշվետվությունը */
Թե այս բոլորն ինչ է նշանակում, չգիտեմ, բայց այս մռայլ տանը ինչ֊որ գաղտնի գործեր են կատարվում, որոնց էությանը մենք վաղ թե ուշ հասու կլինենք։ Չեմ ուզում ձեզ անհանգստություն պատճառել սեփական տեսություններիս շարադրմամբ, քանզի դուք խնդրել եք հաղորդել միայն փաստեր։ Այսօր առավոտյան ես երկար խոսեցի սըր Հենրիի հետ, և մենք գործողության պլան մշակեցինք՝ նկատի ունենալով իմ գիշրային դիտումները։ Բայց ես կլռեմ այդ մասին մինչև հաջորդ նամակս, որը դրանից միայն կշահի։
==Գլուխ IX Դոկտոր Ուոթսնի երկրորդ հաշվետվությունը==
Թանկագին Հոլմս․
Եթե այստեղ գալու սկզբնական շրջանում ձեր դեսպանը նորություններով ձեզ երես չէր տալիս, ապա խոստովանեք, որ այժմ նա բաց թողածը ետ է բերում, քանզի դեպքերը արագորեն հաջորդում են իրար։ Իմ վերջին հաշվետվությունն ավարտել էի Բերիմոռի դրամատիկ նկարագրությամբ դատարկ սենյակի պատուհանի մոտ, իսկ այդ պահից մոտս կուտակվել է նորությունների ամբողջ մի կույտ, որը, անկասկած, շատ կզարմացնի ձեզ։ Ոչ մի կերպ չէի կարող կռահել, որ գործերն այսպիսի ընթացք կստանան։ Վերջին երկու օրերի ընթացքում իրադրությունը մի կողմից զգալիորեն պարզվեց, մյուս կողմից՝ ավելի բարդացավ։ Բայց ամեն բան հերթով պատմեմ, սյնպես, որ դուք կարողանաք ինքներդ դատել այդ մասին։
Իմ գիշերային արկածից հետո հետևայլ առավոտյան ես դեռ նախաճաշից առաջ խուզարկեցի այն սենյակը, ուր մտել էր Բերիմոռը։ Այն պատուհանը, որտեղից նա այնպես ակնապիշ նայում էր, տան մնացած բոլոր պատուհանների նկատմամբ մի առավելություն ունի․ այդտեղից ամենալավ տեսարանն է բացվում ճահիճների վրա։ Երկու ծառերի արանքի բացվածքից դրանք ոնց որ ափիդ մեջ լինեն, իսկ մյուս պատուհաններից համարյա չեն երևում։ Հետևաբար, Բերիմոռն ընտրել էր այդ պատուհանը, որպեսզի տորֆային ճահիճներում տեսնի ինչ֊որ մեկին կամ ինչ֊որ բան։ Սակայն գիշերը մութ էր, և ես չգիտեմ, թե նա ինչի վրա էր հույս դրել։ Հետո մտածեցի՝ գուցե դա սիրային որևէ բանսարկություն է։ Այդ դեպքում ամեն ինչ հասկանալի կդառնա․ և՛ զգուշավորությունը, որով նա գործում էր, և՛ կնոջ տանջվելը։ Նրա արտաքինով մարդը բոլոր տվյալներն ունի որևէ գյուղական աղջկա սիրտը գերելու, այնպես որ այդ ենթադրությունն անհիմն չէ։ Այն ժամանակ սենյակ վերադառնալով՝ ես լսեցի, թե ինչպես ինչ֊որ տեղ դուռը բացեցին։ Հավանաբար, Բերիմոռը գնաց գաղտնի տեսակցության։ Այդ մտքերն ինձ զբաղեցրեցին ամբողջ հետևյալ առավոտյան։ Հետագայում իմ կասկածները կարող են սնանկ դուրս գալ, բայց և այնպես, չնայած դրան, ես հարկ եմ համարում դրանք հաղորդել ձեզ։
Ես զգում էի, որ չափազանց մեծ պատասխանատվություն կվերցնեմ վրաս, եթե լռեմ այդ գիշերվա դեպքերի մասին՝ սպասելով Բերիմոռի գործողությունների շարժառիթների պարզվելուն։ Նախաճաշից հետո մենք բարոնետի հետ գնացինք նրա աշխատասենյակը, և այնտեղ ես ամեն ինչ պատմեցի նրան։ Սպասածիս հակառակ, նա բավական հանգիստ վերաբերվեց դրան։
― Ես գիտեմ, որ Բերիմոռը գիշերները շրջում է, և վաղուց եմ պատրաստվում խոսել նրա հետ, ― ասաց նա։ ― Մի քանի անգամ լսել եմ նրա քայլերը միջանցքում, մոտավորապես նույն ժամերին, ինչ և դուք։
― Գուցե նա ամեն գիշե՞ր է գնում այդ պատուհանի մոտ։
― Գուցե։ Իսկ եթե այդպես է, հարկավոր է հետևել նրան ու տեսնել, թե ինչ է անում այնտեղ։ Հետաքրքիր է՝ այսպիսի պարագայում ինչպե՞ս կվարվեր ձեր բարեկամ Հոլմսը։
― Համոզված եմ, որ նույնը կաներ, ― ասացի ես։ ― Ծածուկ կհետևեր Բերիմոռին և կիմանար, թե ինչ է հարկավոր նրան այնտեղ։
― Այդ դեպքում եկեք այդպես էլ անենք։
― Բայց նա կլսի մեզ։
― Ոչ, Բերիմոռը ծանր է լսում և, ամեն դեպքում հարկ է ռիսկի դիմել։ Եկեք նրան սպասենք իմ սենյակում։
Սըր Հենրին բավականությամբ շփեց ձեռքերը, ինչպես երևում է՝ ուրախանալով, որ ամենաչնչին հնարավորությունն ունի ինչ֊որ բազմազանություն մտցնելու այն կյանքի միապաղաղ ընթացքի մեջ, որ նա վարում է այստեղ։
Բարոնետն արդեն կապվել է ճարտարապետի հետ, որը սըր Չարլզի համար պատրաստում էր վերակառուցման պլանները, և Լոնդոնից կապալառու է հրավիրել, այնպես որ շուտով այստեղ պետք է մեծ փոփոխություններ սպասել։ Պլիմուտից դեկորատորներ ու կահույքագործներ են եկել։ Դատելով ամեն ինչից, մեր բարեկամը շատ լայն թափ է վերցրել և ո՛չ աշխատանք կխնայի, ո՛չ դրամ, որպեսզի վերականգնի իր տոհմի նախկին վեհությունը։ Երբ տունը նորոգվի ու կարգավորվի, միայն կին կպահանջվի բարոնետից՝ պատկերը լրիվ ավարտին հասցնելու համար։ Մեր մեջ ասած, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ գործը դրան չի մնա, քանի որ նա այնպես է հրապուրված իր չքնաղ հարևանուհով՝ միսս Սթեփլտոնով, որ էլ ասելու չի։ Սակայն սիրավեպն այնպես հարթ չի ընթանում, ինչպես կարելի էր սպասել տվայլ պարագաներում։ Այսօր, օրինակ, նրա մակերևույթը կնճռոտվեց՝ խիստ զարմացնելով ու դառնացնելով մեր բարեկամին։
Բերիմոռի հետ խոսակցությունից հետո սըր Հենրին դրեց գլխարկն ու պատրաստվեց ինչ֊որ տեղ գնալ։ Ես, հասկանալի է, նույն արեցի։
― Դուք ինձ հե՞տ եք գալիս, Ուոթսն, ― հարցրեց նա մի տեսակ տարօրինակ նայելով ինձ։
― Դա կախված է նրանից, թե ուր եք գնում։ Եթե ճահիճները, ապա՝ այո, ― պատասխանեցի ես։
― Ճահիճները։
― Ախր դուք գիտեք, թե ինչ կարգադրություն է արված ինձ։ Ես չեմ ցանկանում խանգարել ձեզ, բայց Հոլմսը պատվիրել է ձեզ մենակ չթողնել, հատկապես ճահիճներում։ Ինքներդ լսեցիք այդ։
Սըր Հենրին սիրալիր ժպիտով թփթփացրեց ուսիս։
― Սիրելի բարկամ, ― ասաց նա, ― իր ամբողջ հեռատոսությամբ հանդերձ, Հոլմսը չեր կարող բոլոր մանրամասնությունները կռահել, թե իմ կյանքն ինչպես կդասավորվի այստեղ։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք։ Ով֊ով, բայց դուք անշուշտ չէիք ցանկանա խանգարել ինձ։ Ոչ, թողեք ինձ մենակ։
Ինքներդ դատեցեք, թե իմ վիճակն ինչպիսին էր։ Ես շփոթվեցի՝ չիմանալով ինչ ասել, ինչպես վարվել, իսկ այդ միջոցին սըր Հենրին վերցրեց ձեռնափայտն ու գնաց։
Բայց հերիք էր մի փոքր միտք անեի, և խիղճս սկսեց ինձ տանջել՝ ինչո՞ւ թույլ տվեցի նրան մենակ դուրս գնալ։ Իսկ ինչ կլինի, եթե վերադառնալով Լոնդոն՝ ստիպված լինեմ խոստովանել, որ իմ թույլտվությունը մեզ աղետի հասցրեց։ Հենց միայն այդ մտքից տաքությունս բարձրացավ։ Դեռ ուշ չէ, կարելի է հասնել նրան։ Եվ իսկույն ուղևորվեցի Մերիփիթ֊հաուս։
Ես արագ քայլում էի ճամփով, առանց սըր Հենրիին տեսնելու, և մի քանի րոպեից հասա այնտեղ, որտեղից սկսվում է ճահճի խորքը տանող արահետը։ Այդտեղ կասկած առաջացավ ճանապարհի ճիշտ ընտրության մեջ, և ես բարձրացա բլուրը, որի վրայից ճահիճների լայն տեսարան է բացվում, այն նույն բլուրը, որտեղ մի ժամանակ քարհանք է եղել։ Այդտեղից ես անմիջապես տեսա բարոնետին։ Նա քայլում էր արահետով, կածանից մոտ քառորդ մղոն հեռավորությամբ, իսկ կողքից քայլում էր մի կին՝ միսս Սթեփլտոնը։ Պարզ էր, որ այդ երկուսը վաղուց էին պայմանավորվել, և որ այսօրվա հանդիպումը պատահական չէր։ Խոսակցությամբ տարված՝ նրանք քայլում էին շատ դանդաղ և, դատելով միսս Սթեփլտոնի շարժումներից, նա ջանում էր ինչ֊որ բան համոզել սըր Հենրիին, որը ուշադիր լսում էր նրան և մերթ ընդ մերթ բացասաբար շարժում գլուխը։ Ես կանգնել էի գլաքարերի մեջ ու չգիտեի ինչ անել։ Անմտություն էր հասնել նրանց ու խանգարել այդ մտերմիկ զրույցը։ Բայց ո՞րն է իմ պարտքը․ ոչ մի րոպե աչքաթող չանել սըր Հենրիին։ Բարեկամին հետևելը չափազանց տհաճ գործ է։ Եվ այնուամենայնիվ ես այլ ելք չէի տեսնում ու որոշեցի շարունակել դիտումս, իսկ հետո, ի սեր խղճի մաքրության, ամեն ինչ խոստովանել բարոնետին։ Ճիշտ է, եթե նա հանկարծ վտանգի ենթարկվի, ես չէի կարող օգնել նրան, քանի որ շատ հեռու էի, բայց համաձայնեք՝ այլ ընտրություն չկար։
Մի քանի քայլ գնալով, մեր սըր Հենրին ու աղջիկը կանգ առան՝ տարված իրենց խոսակցությամբ, և հանկարծ նկատեցի, որ ես նրանց հանդիպման միակ վկան չեմ։ Գլաքարերի միջից ինչ֊որ կանաչ բան երևաց։ Ուշադիր նայելով տեսա, որ դա կանաչ կտոր է փայտի վրա, իսկ փայտը արահետի ուղղությամբ գնացող մարդու ձեռքին է։ Դա Սթեփլտոնն էր իր թիթեռ որսալու ցանցով։ Նա շատ ավելի մոտ էր մեր զույգին և գնում էր ուղիղ նրանց կողմը։ Այդ պահին սըր Հենրին գրկեց միսս Սթեփլտոնին, բայց կինը շուռ եկավ՝ աշխատելով դուրս պրծնել նրա գրկից։ Սըր Հենրին թեքվեց աղջկա կողմը, վերջինս ձեռքի ափով ծածկեց երեսը․․․ Իսկ հետո նրանք իրարից հեռու նետվեցին ու ետ նայեցին։ Մեղավորը Սթեփլտոնն էր, որ ամբողջ թափով վազում էր նրանց կողմը՝ անհեթեթ կերպով թափահարելով ցանցորսիկը։ Նա հուսահատ շարժումներ էր անում և, հավասարվելով սիրահարներին, սարսափելի հուզված իրար անցավ նրանց առաջ։ Ես չէի կարող հասկանալ, թե այդ բոլորն ինչ է նշանակում, բայց, ըստ երևույթին, Սթեփլտոնն ինչ֊որ բանում մեղադրում էր սըր Հենրիին, իսկ նա արդարանում էր և սկսեց կամաց֊կամաց համբերությունից դուրս գալ։ Աղջիկը կանգնել էր նրա կողքին՝ հպարտ լռություն պահպանելով։ Վերջապես Սթեփլտոնը կտրուկ շրջվեց, հրամայաբար ձեռքով արեց քրոջը, և նա, անվճռական հայացք նետելով սըր Հենրիի վրա, գնաց եղբոր ետևից։ Բնախույզի պոռթկուն շարժումները վկայում էին, որ նրա զայրույթն ուղղված էր նաև աղջկա դեմ։ Բարոնետը հայացքով ուղեկցում էր նրանց, հետո կախեց գլուխն ու դանդաղ ետ դարձավ։
Ես այդպես էլ ոչինչ չհասկացա աչքիս առաջ կատարված տեսարանից և խոր ամոթ էի զգում, որ վկա եղա դրան առանց բարեկամիս գիտության։ Ինձ ուրիշ ոչինչ չէր մնում անել, քան բլուրից ցած վազել ու ներքևում հանդիպել բարոնետին։ Նրա դեմքը զայրույթից կարմրել էր, հոնքերը կիտվել․ մարդը պարզապես չգիտեր ինչ անել, ինչպես վարվել։
― Հելլո, Ուոթսն, որտեղի՞ց հայտնվեցիք։ Մի՞թե այնուամենայնիվ հետևել եք ինձ։
Հարկ եղավ ամեն ինչ բացատրել, թե ինչպես զգացի, որ չեմ կարող նրան մենակ թողնել, ինչպես հետևեցի նրան ու եղա նրանց հանդիպման ու հետագա բոլոր դեպքերի վկան։ Սըր Հենրին աչքերը փայլեցրեց վրաս, բայց իմ անկեղծությունը զինաթափեց նրան, և նա ծիծաղեց, ճիշտ է, անուրախ ծիծաղով։
― Թվում է, թե այսպիսի անապատում կարելի է հույս դնել առանձնության վրա, բայց չէ։ Բոլորը կարծես խոսքներն մեկ էին արել ու դուրս եկել հիանալու, թե ինչպես եմ սիրահետում աղջկան։ Իսկ սիրահետումը բավական անհաջող ստացվեց։ Որտե՞ղ էիք տեղ զբաղեցրել։
― Ահա այն բլրի վրա։
― Նշանակում է՝ վերնասրահում։ Իսկ նրա եղբայրը տեղավորվել էր առաջին կարգերում։ Տեսա՞ք ինչպես հարձակվեց մեզ վրա։
― Այո, տեսա։
― Ձեր մտքով երբևէ չի՞ անցել, որ այդ սուբյեկտի ծալը պակաս է։
― Ոչ, չի անցել։
― Իմն էլ։ Մինչև այսօր ես Սթեփլտոնին համարում էի շատ նորմալ մարդ, իսկ այժմ ինձ թվում է, որ պետք է զսպաշապիկ հագցնել նրան, իսկ գուցե՝ ինձ։ Մի՞թե ես այդքան վատն եմ։ Դուք ինձ հետ առաջին շաբաթը չէ, որ ապրում եք, Ուոթսն։ Անկեղծ եղեք։ Ի՞նչն է խանգարում ինձ դառնալ ամուսին մի կնոջ համար, որին սիրում եմ։
― Ըստ իս, ոչինչ չի խանգարում։
― Հասարակության մեջ իմ դիրքին նա չի կարող կպչել, նշանակում է, բանը հենց ես եմ։ Ի՞նչ ունի իմ դեմ։ Ես կյանքումս ոչ մեկին վատություն չեմ արել, իսկ այդ սուբյեկտը ինձ նույնիսկ չի ուզում մոտ թողնել քրոջը։
― Նա այդպես էլ ասա՞ց։
― Այո, և բացի դրանից ավելացրեց ուրիշ ինչ֊որ բաներ։ Գիտեք, Ուոթսն, ախր ես նրա հետ ընդամենը մի քանի շաբաթ է, ինչ ծանոթացել եմ, բայց առաջին իսկ հանդիպումից ինձ համար պարզ դարձավ, որ այդ կինը ստեղծված է ինձ համար։ Եվ նա․․․ նա նույնպես․․․ Նա իրեն լավ է զգում ինձ հետ, ես պատրաստ եմ երդվել։ Կանացի աչքերը բառերից էլ լավ են խոսում։ Բայց եղբայրը դեմ է մեր մտերմությանը, և ես միայն այսօր հնարավորություն ունեցա աղջկա հետ առանձին խոսել։ Նա ուրախությամբ համաձայեց այս տեսակցությանը, բայց, ինչ եք կարծում, ինչո՞ւ։ Որպեսզի խոսի մեր սիրո մասի՞ն։ Ո՛չ, եթե նրանից կախված լիներ՝ ինձ էլ կստիպեր լռել։ Նրա լեզվին մի բան կա միայն՝ այստեղ վտանգավոր է, և նա չի հանգստանա, մինչև ես չհեռանամ Բասկերվիլ֊հոլլից։ Ես ասացի, որ նրան հանդիպելուց հետո այստեղից ոչ մի տեղ չեմ գնա, իսկ եթե դա այդպես անհրաժեշտ է՝ թող մեկնի ինձ հետ։ Մի խոսքով, ես առաջարկություն արեցի, բայց նա նույնիսկ չհասցրեց պատասխանել, որովհետև այդ րոպեին նրա սիրելի եղբայրիկը խելագարի պես հարձակվեց մեզ վրա։ Նա կատաղությունից ամբողջովին սպիտակել էր, իսկ անգույն աչքերը տառացիորեն կայծեր էին արձակում։ Ի՜նչ եմ թույլ տվել ինձ, ինչպե՜ս եմ համարձակվում կնոջը մոտենալ իմ սիրահետումներով, որոնք նրա մոտ բացի զզվանքից ուրիշ ոչինչ չեն առաջացնում։ Ես, հավանաբար, երևակայում եմ, թե բարոնետին ամեն ինչ թույլատրելի է։ Եթե նա այդ աղջկա եղբայրը չլիներ, ես գիտեի՝ ինչպե՜ս պատասխանել։ Հարկ եղավ միայն ասել, որ իմ զգացմունքներում ոչ մի վիրավորական բան չկա ու ես հուսով եմ պատիվ ունենալ երբևէ միսս Սթեփլտոնին կոչել իմ կինը։ Բայց դա ոչնչով չօգնեց, և, ի վերջո, ես էլ համբերությունից դուրս եկա ու տաքացա, իսկ տաքանալ պետք չէր՝ հաշվի առնելով, որ աղջիկն էլ էր այնտեղ։ Դրանից հետո նա քրոջ հետ հեռացավ, ինչպես տեսաք, իսկ ես մենակ մնացի՝ լիակատար տարակուսանքի մեջ։ Այժմ, Ուոթսն, բացատրեք, թե այս ամենն ի՞նչ է նշանակում և ես երբևէ չեմ մոռանա այդ շնորհը։
Ես գցեցի֊բռնեցի և՛այսպես, և՛ այնպես, բայց, ճիշտն ասած, այդ ամբողջ պատմությունը ինձ էլ էր տարակուսանքի մեջ գցել։ Մեր բարեկամի տիտղոսը, հարստությունը, երիտասարդությունը, բնավորությունը, արտաքինը՝ ամեն ինչ խոսում է նրա օգտին, և ես ոչ մի վատ բան չգիտեմ նրա մասին, բացի, թերևս, մութ ճակատագրից, որ ծանրանում է նրա ընտանիքի վրա։
Այո, տարօրինակ է, որ սըր Հենրիի առաջարկությունը մերժվեց այդքան կտրուկ և նույնիսկ առանց աղջկա ցանկությունը հաշվի առնելու։ Տարօրինակ է և այն, որ աղջիկն այդքան անտարբեր վերաբերվեց ողջ տեղի ունեղածին։ Սակայն, մեր տարակուսանքներն Սթեփլտոնն ինքը լուծեց հենց նույն օրը։ Նա եկավ մեզ մոտ, ներողություն խնդրեց կոպտության համար, երկար զրուցեց սըր Հենրիի հետ նրա աշխատասենյակում, և ասես գժտություն չէր էլ եղել։ Մենք ճաշի հրավեր ստացանք եկող ուրբաթ օրվա համար Մերիփիթ֊հաուսում։
― Այնուամենայնիվ, ես կասկածում եմ, որ այդ մարդը նորմալ չէ, ― ասաց սըր Հենրին։ ― Նրա դեմքը մինչև հիմա աչքերիս առաջ է, երբ նա այսօր առավոտյան նետվեց մեզ վրա։ Բայց պետք է արդարացի լինել նրա հանդեպ․ ներողությունը սպառիչ էր, բծախնդրության տեղ չկա։
― Իսկ ինչպե՞ս բացատրեց իր բռնկվելը։
― Քույրը նրա համար ամեն ինչ է։ Դա հասկանալի է, և ես շատ ուրախ եմ, որ նա գիտե նրա արժեքը։ Նրանք ամբողջ կյանքներն ապրել են միասին և, եթե հավատանք իրեն, ուրիշ մոտ մարդ չունի, այնպես որ քրոջից բաժանվելու հավանականությունը սարսափեցնում է նրան։ Նա, իբր, չէր կռահում իմ զգացմունքների մասին, իսկ սեփական աչքով համոզվելով դրանցում, հասկացավ, որ քրոջը կարող են խլել իրենից, և միայն այդ մտքից կորցրեց իրեն։ Նա շատ է ցավում պատահածի համար և ընդունում է, որ իր կողմից անհեթեթություն ու եսամոլություն է մտածել, որ, իբր, կարելի է կողքիդ պահել միսս Սթեփլտոնի նման գեղեցիկ կնոջը։ Եթե նրանից բաժանվելն անխուսափելի է, ապա թող բաժանողը լինեմ ես՝ իրենց հարևանը։ Այսպես թե այնպես, այդ նրա համար մեծ հարված է, և դժվար թե շուտ հաջողվի հաշտվել դրա հետ։ Բայց նա արգելք չի հանդիսանա, եթե ես խոստանամ լռել սիրուս մասին մոտակա երեք ամիսների ընթացքում և բավարարվեմ միայն իր քրոջ հետ բարեկամությամբ։ Ես խոստացա, և դրանով էլ գործն ավարտվեց։
Ինչպես տեսնում եք, մեր փոքրիկ գաղտնիքներից մեկը պարզվեց, իսկ ոտքերով չափել այդ խորխորատի հատակը, որի մեջ թպրտում ենք, այնքան էլ հեշտ չէ։ Հիմա մեզ հայտնի է, թե ինչու էր Սթեփլտոնն այդպես անհավանությամբ վերաբերվում քրոջ երկրպագուին՝ այնպիսի նախանձելի երկրպագու, ինչպիսին սըր Հենրին է։
Իսկ այժմ ես կքաշեմ մյուս թելից, որ ինձ հաջողվեց ազատել այս խճճված կծիկից։ Անցնենք գիշերային խորհրդավոր հեկեկոցներին, միսիս Բերիմոռի լացակումած դեմքին և ծառայապետի հանելուկային ուղևորություններին՝ դեպի ճահիճ նայող պատուհանը։ Շնորհավորեք ինձ, թանկագին Հոլմս, և ասացեք, որ չեք հիասթափվել ձեր օգնականից։ Վստահությունը, որ ցույց տվեցիք՝ ուղարկելով ինձ այստեղ, լիովին արդարացվեց։ Այս հերթական հանելուկը պարզելու համար պետք եղավ ընդամենը մեկ գիշեր։
Ասում եմ «մի գիշեր», բայց ավելի ճիշտ կլինի ասել «երկու գիշեր», քանզի առաջինում մենք ոչինչ չիմացանք։ Մենք սըր Հենրիի հետ նստեցինք նրա սենյակում համարյա մինչև առավոտվա ժամը երեքը, բայց այդպես էլ ոչինչ չլսեցինք, բացի սանդուղքի վրայի ժամացույցի զարկերից։ Այդ տանջալի գիշերը վերջացավ նրանով, որ թե՛ սըր Հենրին, թե՛ ձեր խոնարհ ծառան ննջեցին բազկաթոռներին նստած։ Սակայն այդ անհաջողությունը մեզ չզինաթափեց, որոշվեց մեկ անգամ էլ փորձել։ Հետևյալ գիշերը մենք լամպի պատրույգը իջեցրինք ու նստեցինք՝ խորին լռության մեջ ծխախոտ ծխախոտի ետևից ծխելով։ Ժամանակը անհավատալիորեն դանդաղ էր ընթանում, բայց մեզ ուղեկցում էր այն ազարտը, որ ունենում է թակարդի մոտ համբերությամբ դարանկալվող որսորդը։
Ժամը մեկը եղավ, երկուսը, և մենք արդեն հուսահատվում էինք, երբ հանկարծ մեր հոգնությունն ասես չէր էլ եղել․ և՛ ես, և՛ սըր Հենրին ակամա ձգվեցինք։ Միջանցքում հատակի տախտակների ճռճռոց լսվեց։ Գողունի քայլերը հավասարվեցին մեր սենյակին ու կամաց֊կամաց մարեցին հեռվում։ Բարոնետն անաղմուկ բացեց դուռը։ Մենք շարժվեցինք մեր որսի ետևից։ Նա արդեն անցել էր սրահը, իսկ միջանցքում մո՜ւթ֊մութ էր։ Ամենայն զգուշությամբ հասանք հեռավոր թևին, և այնտեղ մեր առաջ աղոտ ուրվագծվեց սև մորուքով բարձրահասակ մարդու կերպարանքը, որը ոտքի թաթերի վրա, ուսերը կռացրած, անցնում էր միջանցքով։ Ահա նա ներս ընկավ նույն դռնից, մոմը մի վայրկյան լուսավորեց այն, իսկ հետո մութ միջացքում ձգվեց դեղին բարակ մի շող։ Մենք շարժվեցինք դեպի այդ շողը՝ ոտք դնելուց առաջ փորձելով հատակի յուրաքանչյուր տախտակը։ Մենք ոտաբոբիկ էինք և, այնուամենայնիվ, հին տախտակները տնքում ու ճռռում էին մեր քայլերի ծանրության տակ։ Ինձ թվում էր, թե դրանք անկարելի է չլսել, բայց բարեբախտաբար, Բերիմոռը իսկապես ծանր է լսում, դրան ավելացրած և այն, որ անչափ կլանված էր իր գործով։
Վերջապես հասնելով դռանը՝ մենք ներս նայեցինք։ Ծառայապետը մոմը ձեռքին կանգնած էր պատուհանի մոտ, համարյա դեմքը հպած ապակուն, ճիշտ այն դիրքում, որում տեսել էի նրան երկու գիշեր առաջ։
Մենք նախօրոք մշակված գործողությունների ծրագիր չունեինք, բայց բարոնետն այն մարդկանցից է, որոնց համար անենավճռական արարքները շատ բնական են թվում։ Նա համարձակ մտավ սենյակ։ Բերիմոռը ետ թռավ պատուհանից, ընդհատված շունչը ետ բերելով, և մահու չափ գունատ, ամբողջ մարմնով դողալով՝ կանգնեց մեր առաջ։ Նրա մութ աչքերում, որ վառվում էին սպիտակ դեմքին, սարսափ երևաց։ Նա շփոթված հայացքը ինձնից գցեց սըր Հենրիի վրա։
― Բերիմոռ, ի՞նչ եք անում այդտեղ։
― Ոչինչ, սըր։ ― Նա հուզմունքից հազիվ էր շարժում լեզուն․ մոմը դողում էր ձեռքին՝ պատերին ու առաստաղին անհավասար ստվերներ գցելով։ ― Պատուհանը, սըր․․․ Ես գիշերներն ստուգում եմ, արդյոք բոլորն էլ փա՞կ են։
― Նույնիսկ երկրորդ հարկո՞ւմ։
― Այո, սըր, ամբողջ տանը։
― Լսեք, Բերիմոռ, ― խստությամբ ասաց սըր Հենրին, ― մենք վճռել ենք ձեզնից ճշմարտությունն իմանալ, այնպես որ որքան շուտ խոստովանեք ամեն ինչ, այնքան լավ։ Դե, հերիք է խորամանկեք։ Ձեզ ի՞նչ էր պետք այստեղ։
Ծառայապետը անօգնական մի հայացք գցեց մեզ վրա և լիակատար շփոթության մեջ ձեռքերը սեղմեց իրար։
― Ես ոչ մի վատ բան չեմ արել, սըր։ Ես միայն մոմով լուսավորում եմ պատուհանը։
― Իսկ ինչո՞ւ էիք մոմով լուսավորում պատուհանը։
― Մի՛ հարցնեք, սըր Հենրի․․․ Մի՛ հարցնեք։ Երդվում եմ, սըր, դա իմ գաղտնիքը չէ, ես չեմ կարող այն մատնել։ Եթե դա վերաբերեր միայն ինձ, ոչինչ չէի թաքցնի ձեզանից։
Հանկարծ անսպասելի մի միտք ծագեց գլխումս, և ես վերցրի լուսամուտագոգին դրված մոմը։
― Սա, երևի, պայմանական նշան է։ Հիմա կտեսնենք, որևէ պատասխան կլինի՞ սրան։
Ես մոմը կիպ մոտեցրի ապակուն այնպես, ինչպես Բերիմոռն էր անում, և նայեցի գիշերային անթափանց խավարին։ Լուսինը թաքնվել էր ամպերի ետևը, և առաջին պահին ինձ հաջողվեց նկատել պղտոր ճահիճների լայնությունը ստվերող ծառերի շարքը։ Հանկարծ ես հաղթական բացականչեցի՝ պատուհանի սև քառակուսում տեսնելով շատ փոքրիկ դեղին մի կետ, որ ճեղքում էր գիշերային խավարը։
― Ահա՜, նայեցե՛ք։
― Ո՛չ, ո՛չ, սըր, ― քրթմնջաց ծառայապետը, ― հավատացնում եմ ձեզ, սըր․․․
― Մոմը աջ տեղափոխեք, Ուոթսն, ― գոչեց բարոնետը։ ― Տեսնո՞ւմ եք։ Այնտեղ կրակը նույնպես տեղափոխվեց․․․ Դե, սրիկա, դուք դեռ համառելո՞ւ եք։ Չէ՞ որ սա ազդանշան է։ Խոստովանեք, ո՞վ է ձեր գոծակիցը, ի՞նչ եք նյութում։
Ծառայապետը մի հանդուգն հայացք նետեց նրա վրա։
― Դա իմ գործն է, ձեզ չի վերաբերում։ Ես ոչինչ չեմ ասի։
― Այդ դեպքում կարող եք ձեզ ազատված համարել։
― Լսում եմ, սըր։ Երևում է, ոչինչ անել չես կարող։
― Ես ձեզ խայտառակ ձևով կհեռացնեմ։ Ամաչեցե՛ք։ Մեր նախնիները հարյուր տարուց ավելի միասին են ապրել մի տանիքի տակ, իսկ դուք ինչ֊որ դավ եք նյութում իմ դեմ։
― Ո՛չ, ո՛չ, սըր, ձեր ղեմ չէ։
Այդ խոսքերն արտասանեց կանացի մի ձայն և, շուռ գալով, մենք տեսանք դռան մեջ մահու չափ վախեցած միսիս Բերիմոռին, որն իր գունատությամբ կարող էր մրցել ամուսնու հետ։ Ներքին սպիտակեղենով ու շալով ծածկված այդ լիքը֊լիքը կինը կարող էր շատ ծիծաղելի տպավորություն թողնել, եթե չլիներ դեմքին տպված սարսափը։
― Մեզ ազատեցին, Էլիզ։ Ահա թե ամեն ինչ ինչով ավարտվեց․․․ Գնա հավաքի իրերը, ― ասաց Բերիմոռը։
― Ջո՛ն, Ջո՛ն, ո՜ւր հասցրեցի ես քեզ․․․ Այդ ամենն իմ մեղքն է, սըր Հենրի։ Նա միայն ինձ համար համաձայնեց այդ բանն անել․․․ միայն ինձ համար։
― Դե ասացեք, բանն ի՞նչ է։
― Իմ դժբախտ եղբայրը սովից մեռնում է ճահիճներում։ Հո չէինք կարող թույլ տալ, որ նա մեռնի հենց մեր դռան առաջ։ Ջոնը նշան է անում նրան, որ ուտելիքը պատրաստ է, իսկ նա ցույց է տալիս, թե ուր տանել։
― Ուրեմն, ձեր եղբայրը հենց այդ․․․
― ․․․ փախած աքսորականն է, սըր․․․ մարդասպան Սելգենը։
― Այդ ամենը ճշմարիտ է, սըր, ― հաստատեց Բերիմոռը։ ― Ես ձեզ ասացի, որ չեմ կարող ուրիշի գաղտնիքը բացել, իսկ հիմա ինքներդ ամեն ինչ լսեցիք և գիտեք, որ ձեր դեմ մենք ոչինչ չենք նյությում։
Ահա թե ինչպես պարզվեցին այդ գիշերային հանելուկային ուղևորությունները, մոմի լույսի տակ։ Մենք սըր Հենրիի հետ զարմացած նայում էինք միսիս Բերիմոռին։ Մի՞թե այս ֆլեգմատիկ պատկառելի կինը նույն արյունից է, ինչ և ամենասարսափելի հանցագործներից մեկը, որին ճանաչում է մեր երկիրը։
― Այո, սըր, իմ օրիորդական ազգանունը Սելգեն է, նա իմ կրտսեր եղբայրն է։ Մենք մանկական տարիքից երես էինք տալիս նրան, ամեն ինչում ներողամտորեն վերաբերվում, նա էլ հավատաց, թե իրեն ամեն ինչ կարելի է, իբր աշխարհը գոյություն ունի միայն նրա հաճույքների համար։ Հետո մեծացավ, ընկավ վատ միջավայր և, ասես, սատանան մտավ մեր տղայի մեջ։ Նա կոտրեց մայրական սիրտը և մեր անունը ցեխին հավասարեցրեց։ Իսկ որքան գնաց, այնքան ավելի ու ավելի վատ՝ մի հանցագործությունից մյուսը։ Ի՞նչն է նրան ազատել կախաղանից։ Միայն աստծո ողորմածությունը։ Բայց ինձ համար, սըր, նա մնում է միշտ այն փոքրիկ գանգրահեր տղան, որի հետ ես խաղացել եմ, որին շահել֊պահել եմ որպես ավագ քույր։ Դրա համար էլ նա փախավ բանտից․ գիտեր, որ ես այստեղ եմ, և որ մենք չենք հրաժարվի օգնել իրեն։ Երբ նա քարշ գալով գիշերը ներս ընկավ այստեղ, ետևից էլ հետապնդողները, ի՞նչ էր մնում մեզ անելու։ Մենք ներս առանք նրան, կերակրեցինք, օգնեցինք ինչով կարելի էր։ Հետո դուք եկաք, սըր, և նա որոշեց, որ ավելի լավ է ճահիճներում սպասել, մինչև խառնաշփոթը հանդարտվի, և այդ օրվանից թաքնվում է այնտեղ։ Իսկ մենք գիշերները մեջընդմեջ ստուգում ենք՝ արդյոք չի՞ հեռացել, պատուհանից լուսավորում ենք և, եթե նա պատասխանում է, ամուսինս պայմանավորված տեղը հաց ու միս է տանում։ Ամեն օր մտածում ենք, որ գուցե գնացել է, բայց քանի դեռ այստեղ է, մենք նրան չենք լքի։ Ես հավատացյալ կին եմ, չեմ ստի ձեզ։ Եթե սրանում որևէ վատ բան կա, ապա ամուսինս ոչնչով մեղավոր չէ․ նա այդ միայն հանուն ինձ է արել։
Նա խոսում էր այնպիսի զգացմունքով, որ չէր կարելի չհավատալ։
― Դա ճի՞շտէ, Բերիմոռ։
― Այո, սըր Հենրի։ Մինչև վերջին խոսքը ճիշտ է։
― Դե ինչ, ես ձեզ չեմ մեղադրի ձեր կնոջը նվիրված լինելու համար։ Մոռացեք ինչ֊որ ասացի։ Երկուսով էլ գնացեք ձեր սենյակը, իսկ առավոտյան ամեն ինչ կքննարկենք ինչպես հարկն է։
Երբ նրանք գնացին, մենք նորից նայեցինք պատուհանից դուրս։ Սըր Հենրին լայն բացեց այն, և գիշերային սառը քամին փչեց մեր դեմքին։ Հեռվում, անթափանց խավարում դեռ առկայծում էր փոքրիկ դեղին լույսը։
― Զարմանում եմ, ինչպես չի վախենում նա, ― ասաց սըր Հենրին։
― Կրակը, հավանաբար, միայն այստեղից է երևում։
― Երևի։ Ձեր կարծիքով որտե՞ղ է դա։
― Գրանիտե սյուների մոտերքում։
― Մոտ երկու մղոն, ո՞չ ավելի։
― Այդքան էլ չի լինի։
― Այո, եթե Բերիմոռն ուտելիք է տանում այնտեղ, ուրեմն, հեռու չէ։ Եվ նա այժմ սպասում է, որ իր լույսի վրա կգան։ Չէ, Ուոթսն, ես կգնամ ու կբռնեմ այդ հրեշին։
Նույն միտքը ծագեց նաև իմ գլխում։ Չէ որ Բերիմոռները մեզ իրենց գործակիցը չէին դարձրել, մենք նրանց հարկադրեցինք գաղտնիքը բացել։ Այդ մարդը հասարակության համար վտանգավոր է։ Դրա նմանին ո՛չ կարելի է խղճալ, ո՛չ արդարացնել։ Մենք պետք է օգտվենք ընձեռված հնարավորությունից, որպեսզի վերադարձնենք նրան այնտեղ, որտեղ այլևս ոչ ոքի չի վնասի։ Այլապես, մեր սխալի համար կվճարեն ուրիշները, օրինակ, Սթեփլտոնները, որոնց վրա նա ուզածդ գիշեր կարող է հարձակվել։ Ես կարծում եմ, հենց այդ միտքն էր, որ սըր Հենրիին դրդեց այդպիսի համարձակ քայլի։
― Ես կգամ ձեզ հետ։
― Այդ դեպքում վերցրեք ատրճանակն ու կոշիկ հագեք։ Պետք է շտապել, թե չէ նա կհանգցնի կրակն ու կթաքնվի։
Հինգ րոպե էլ չէր անցել, բայց մենք արդեն քայլում էինք մութ ծառուղով՝ ականջ դնելով աշնանային քամու միալար ոռնոցին ու թափվող տերևների խշշոցին։ Օդում փտածության ու խոնավության սուր հոտ էր կանգնած։ Լուսինը միայն հազվադեպ էր երևում երկնքում փռված ամպերի տակից, իսկ հենց որ մտանք ճահիճը, սկսեց մանր անձրև տեղալ։ Դեղին լույսը առաջվա պես առկայծում էր առջևում։
― Իսկ դուք որևէ բան վերցրե՞լ եք հետներդ, ― հարցրի ես։
― Այո, մտրակ։
― Եկեք արագ գործենք, որպեսզի թույլ չտանք նրան ուշքի գալ ու դիմադրել, քանի որ նա, ասում են, անչափ հանդուգն է։ Հանկարծակիի բերենք։
― Լսեցեք, Ուոթսն, ― հանկարծ խոսեց բարոնետը, ― իսկ ի՞նչ կասեր այս մասին Հոլմսը։ Հիշո՞ւմ եք, «Գիշերը, երբ չար ուժերն իշխում են անբաժան․․․»։
Եվ, ասես, ի պատասխան այդ խոսքերի, ինչ֊որ տեղ հեռվում, ճահիճների մռայլ տարածություններում, լսվեց այն տարօրինակ ձայնը, որն այնպես ցնցել էր ինձ մի քանի օր առաջ Գրիպենյան ճահճուտի մոտ։ Քամին սկզբում մեզ հասցրեց խոր մի քրթմնջյուն, իսկ հետո մռնչույն, որը քիչ֊քիչ փոխվեց թախծալի ոռնոցի։ Այդ վայրի ահեղ ձայները կրկնվում էին մեկը մյուսի ետևից՝ միևնույն հաջորդականությամբ, ոդը լցնելով իրենցով։ Բարոնետը բռնեց թևքս, և ես նույնիսկ մթության մեջ նկատեցի, թե ինչպիսի մեռելային գունատություն պատեց նրա դեմքը։
― Աստվա՜ծ իմ, Ուոթսն, այս ի՞նչ է։
― Չգիտեմ, ասում են այդպիսի ձանյերը չահիճներում հազվադեպ չեն։ Ես արդեն մի անգամ լսել եմ դրանք։
Ոռնոցը նորից մարեց, տիրեց խորը լռություն։ Մենք կանգնել էինք՝ լարված ականջ դնելով, բայց այլևս ոչինչ չխանգարեց շրջապատի լռությունը։
― Ուոթսն, ― ասաց բարոնետը, ― դա շուն էր։
Արյունը սառեց երակներումս, որովհետև սըր Հենրիի ձայնը սարսափից դողում էր։
― Ինչպե՞ս են բացատրում այդ ձայնը, ― հարցրեց նա։
― Ովքե՞ր։
― Տեղացիները։
― Բայց ախր դրանք բոլորովին անկիրթ մարդիկ են։ Մի՞թե ձեզ համար միևնույն չէ, թե ինչպես են բացատրում։
― Ուոթսն, ասացեք, ի՞նչ են ասում նրանք այդ մասին։
Մի րոպե տատանվեցի, բայց հարցն այնպես էր, որ չհաջողվեց լռության մատնել։
― Նրանք ասում են, որ այդ Բասկերվիլների շունն է ոռնում։
Սըր Հենրին տնքաց։
― Այո, այդպես կարող է ոռնալ միայն շունը, ― երկար լռությունից հետո ասաց նա, ― բայց նա ինչ֊որ հեռու է, այն կողմերում։
― Ես չեմ կարող որոշել, թե որտեղից էր գալիս այդ ոռնոցը։
― Քամին բերեց։ Իսկ որտե՞ղ է Գրիմպենյան ճահճուտը։ Այնտե՞ղ։
― Այո։
― Հենց այնտեղից էլ գալիս էր։ Թողեք, Ուոթսն։ Չէ որ դուք ինքներդ էլ կարծում եք, որ շուն էր ոռնում։ Ես հո երեխա չեմ։ Մի վախեցեք ճշմարտությունն ասել։
― Այն անգամ Սթեփլտոնն էր ինձ հետ։ Նա ասում է, որ այդպես ճչում են ինչ֊որ թռչուններ։
― Ոչ, դա շուն է։ Աստվա՜ծ իմ։ Մի՞թե այդ բոլոր հեքիաթներում ճշմարտության գոնե մի կաթիլ կա։ Մի՞թե ինչ֊որ անհայտ վտանգ է սպառնում ինձ։ Դուք դրան չե՞ք հավատում, Ուոթսն։
― Ո՛չ, ո՛չ։
― Բայց և այնպես, մի բան է այդպիսի հիմարությունների վրա ծիծաղել Լոնդոնում և բոլորովին այլ բան՝ լսել այդ ոռնոցը ճահիճներում, մթության մեջ կանգնած։ Իսկ իմ հորեղբա՞րը։ Չէ՞ որ նրա դիակի մոտ շան հետքեր են գտել։ Ամեն ինչ համընկնում է։ Ես վախկոտ չեմ, Ուոթսն, բայց այդ ձայներից արյունս սառչում է երակներումս։ Շոշափեք ձեռքս։
Ձեռքը մարմարի պես սառն էր։
― Ոչինչ, վաղն ամեն ինչ կանցնի։
― Ոչ, ես երբեք չեմ մոռանա այդ ոռնոցը։ Հիմա ի՞նչ անենք։
― Տուն դառնանք։
― Ոչ մի դեպքում։ Բռնել այդ սրիկային, ուրեմն բռնել։ Ես և դուք որսում ենք տաժանակիր աքսորականին, իսկ հրեշավոր շունը, երևի մեզ։ Գնանք, Ուոթսն։ Թող դժոխքի բոլոր ծնունդներն շտապեն այստեղ, միևնույն է, նահանջել չի կարելի։
Ամեն քայլափոխի սայթաքելով, մենք դանդաղ առաջ էինք շարժվում։ Մեր աջ ու ձախ կողմերում խավարի մեջ բարձրանում էին ժայռոտ բլուրների անորոշ ուրվագծերը։ Առջևում առաջվա պես երևում էր փոքրիկ դեղին լույսը։ Անթափանց խավարում հեռավորությունը որոշելուց ավելի խաբուսիկ բան չկա։ Լույսն առկայծում էր մեկ հորիզոնի մոտերքում, մեկ էլ ընդամենը մի քանի քայլի վրա։ Բայց վերջապես նկատեցինք լույսի աղբյուրն ու հասկացանք, որ հիմա արդեն հեռու չէ այն։ Դա հալված մոմ էր՝ դրված քարերի արանքը, որոնք լույսը պաշտպանում էին քամուց և կողմնակի աչքերից՝ բաց թողնելով միայն Բասկերվիլ֊հոլլի կողմից։ Մեր մոտենալը թաքցնում էր գրանիտե մի մեծ ժայռաբեկոր։ Մենք թաքնվեցինք նրա ետևում ու զգուշորեն նայեցինք դուրս։ Տարօրինակ էր այդ միայնակ մոմը տեսնել ճահիճների մեջ։ Քարերը լուսավորող բոցի դեղին լեզվակ, և շուրջը կյանքի ուրիշ ոչ մի նշան։
― Հիմա ի՞նչ անենք, ― շշնջաց սըր Հենրին։
― Սպասենք այստեղ։ Նա երևի այստեղ մոտերքում է։ Գուցե հիմա հայտնվի։
Խոսքս չէի ավարտել, որ մենք նրան տեսանք։ Ճեղքում, որտեղ մոմն էր վառվում, հայտնվեց սարսափելի, կործանարար մոլությունների հետքերով ակոսված մի դեմք, որում մարդկային ոչինչ չկար։ Այդպիսի դեմք՝ կեղտակորույս, մազակալած, խճողված մազափնջերով, լիովին կարող էր ունենալ այն վայրենիներից մեկը, որ երբեմն ապրել էր այս բլուրների լանջերին։ Մոմի լույսը արտացոլվում էր նրա խորամանկ մանրիկ աչքերում, որոնք չարությամբ վազում էին այս ու այն կողն, ճիշտ ինչպես մթության մեջ որսորդների քայլերի ձայնը լսած գազանի աչքերը։ Հավանաբար, ինչ֊որ բան կասկած առաջացրեց նրա մեջ․ նա և Բերիմոռը մեզ անհայտ ինչ֊որ պայմանական նշան ունեին, կամ էլ նա զգաց, որ գործերը լավ չեն, բայց ես իսկույն վախի հետքեր նկատեցի նրա զզվելի կերպարանքին։ Նա կարող էր ամեն վայրկյան հանգցնել մոմն ու անհետանալ մթության մեջ։ Ես առաջ նետվեցի, սըր Հենրին իմ ետևից։ Աքսորականը աղաղակելով մի քար շպրտեց մեզ վրա, որը կտոր֊կտոր եղավ՝ դիպչելով մոտիկ ժայռին։ Ես հասցրի միայն նկատել, որ նա կարճահասակ է, թիկնեղ։ Բարեբախտաբար, այդ պահին ամպերի տակից երևաց լուսինը։ Մենք նետվեցինք բլուրն ի վեր, իսկ աքսորականը սլանում էր նրա մյուս լանջով՝ լեռնային այծի ճարպկությամբ ցատկելով քարերի վրայով։ Հաջող կրակոցը կարող էր վիրավորել նրան, բայց ես ատրճանակը վերցրել էի միայն պաշտպանության և ոչ թե անզեն մարդու թիկունքին կրակելու համար։
Ես էլ, սըր Հենրին էլ վատ վազողներ չէինք, սակայն շուտով հասկացանք, որ չենք հասնի նրան։ Նա երկար ժամանակ երևում էր առջևում, լուսնի պայծառ լույսով լուսավորված և, վերջապես, համարյա կորավ՝ վերածվելով փոքրիկ մի կետի, որն արագորեն շարժվում էր հեռավոր բլրի լանջով։ Գնալով մեր միջև մեծանում էր տարածությունը։ Վերջապես մենք լրիվ ուժասպառ եղանք, նստեցինք քարին ու սկսեցինք նայել նրա հեռացող կերպարանքին։
Եվ ահա հենց այդ ժամանակ տեղի ունեցավ տարօրինակ ու բոլորովին անսպասելի մի բան։ Մենք արդեն բարձրացել էինք՝ որոշելով թողնել այդ անօգուտ հետապնդումը։ Լուսինը մեր աջ կողմում էր, գրանիտե սյան անհարթ գագաթը հստակ գծագրվում էր նրա արծաթե սկավառակի ֆոնին։ Եվ այդ սյան վրա ես տեսա սև փայտե արձանի նման անշարժ կանգնած մարդկային մի կերպարանք։ Չկարծեք, Հոլմս, թե դա հալյուցինացիա էր։ Ես հաստատապես կարող եմ վստահել իմ տեսողությանը։ Որքան ինձ հաջողվեց նկատել, դա բարձրահասակ, նիհար մարդ էր։ Նա կանգնել էր ոտքերը մի փոքր բացած, ձեռքերը կրծքին խաչած, գլուխը խոնարհած, և ասես մտածմունքի մեջ նայում էր դիմացը փռված տորֆի ու գրանիտի թագավորությանը։ Հենց այդպիսին էլ ես պատկերացնում էի այստեղի ճահիճների ոգուն։ Դա աքսորականը չէր։ Նա կանգնած էր աքսորականի անհետանալու տեղից հեռու, և հասակով էլ նրանից բարձր էր։ Անսպասելիությունից ճչալով, ես դարձա դեպի բարոնետն ու բռնեցի նրա ձեռքը։ Մի վայրկյանը բավական էր, որպեսզի մարդն անհետանա։ Գրանիտե սյան սուր գագաթը առաջվա պես մխրճվել էր լուսնի սկավառակի մեջ, բայց անշարժ, լուռ կերպարանքն արդեն չկար։
Իսկույն որոշեցի, որ պետք է գնալ այնտեղ և զննել այդ սյունը, բայց դա բավական հեռու էր մեզնից, իսկ բարոնետն արկածների գլուխ չուներ․ նա դեռ չէր կարողանում մոռանալ ընտանեկան մռայլ ավանդությունը հիշեցնող սարսափելի ոռնոցը։ Ըստ որում, նա ինքը ոչինչ չէր տեսել և, հետևաբար, այդ տարօրինակ տեսարանը չէր կարող նրան հուզել։
Հավանաբար, պահակն էր։ Փախուստի պահից ի վեր դրանք վխտում են ճահիճներում, ― ասաց նա։
Հավանաբար, սըր Հենրին ճիշտ էր, բայց ես այնպես էի ուզում համոզվել դրանում։ Այսօր մենք Պրինսթաունի իշխանություններին կտեղեկացնենք, թե փախստականը որտեղ է թաքնվում։ Բայց և այնպես ափսոս, որ մեզ չհաջողվեց բռնել նրան ու նորից հանդիսավորությամբ բանտ տանել։
Սրանք են վերջին գիշերվա դեպքերը և դուք, թանկագին Հոլմս, պետք է խոստովանեք, որ սպառիչ հաշվետվություն է ներկայացված ձեզ։ Իմ պատմությունների մեծ մասը, իհարկե, ոչ մի առնչություն չունի մեր գործի հետ, բայց ես հարկ եմ համարում իմ նամակներում հաղորդել բոլոր փաստերը․ ընտրեցեք նրանք, որոնք ձեզ օգտակար կլինեն։ Այնուամենայնիվ որոշ հաջողություններ ունենք։ Մենք իմացանք Բերիմոռների վարքագծի ողջ պատճառը։ Սակայն տորֆային ճահիճների գաղտնիքը առաջվա պես մնում է չլուծված։ Թերևս մյուս նամակում ինձ հաջողվի փոքր֊ինչ բացել վարագույրի ծայրը։ Իսկ ավելի լավ կլիներ, եթե դուք ինքներդ գայիք այստեղ։
Գլուխ X Հատվածներ դոկտոր Ուոթսնի օրագրից
Մինչև այժմ ես իմ պատմության մեջ գոհանում էի հաշվետվություններով, որոնք Շերլոկ Հոլմսն ստանում էր ինձանից Բասկերվիլ֊հոլլ գալուս առաջին օրերին։ Իսկ այժմ մոտեցել ենք այնպիսի պահի, երբ ես ստիպված եմ թողնել այդ միջոցն ու նորից հույս դնել հիշողությանս վրա, հիմնավորելով այն սեփական օրագրիս քաղվածքներով։ Այս երկու հատվածները մեզ ընդհուպ կմոտեցնեն այն դեպքերին, որոնք ընդմիշտ տպավորվել են ուղեղումս։
Ես կանգ առա աքսորականի ետևից մեր անհաջող հետապնդման նկարագրության վրա և այն բանի, ինչ հետևեց դրան։ Շարունակում եմ իմ պատմությունը մյուս առավոտից։
16 հոկտեմբերի․ Մառախլապատ գորշ օր է, անձրև է մաղում։ Ցածրասահ ամպերը կախվել են Բասկերվիլ֊հոլլի վրա։ Մերթ ընդ մերթ նրանց շղթան նոսրանում է, և այդ ժամանակ լուսածերպերի միջից հեռվում երևում են տորֆաճահիճների մռայլ տարածությունները, որոնց վրա արծաթի պես փայլում են բլրալանջերն ու թաց գլաքարերը։ Ե՛վ տանը, և՛ բաց երկնքի տակ՝ ամենուրեք միատեսակ տաղկտկալի է։ Գիշերվա ապրումներից հետո բարոնետը մռայլ տրամադրության մեջ է։ Ես ինքս ինչ֊որ ծանրություն եմ զգում սրտիս վրա, և ինձ ճնշում է անխուսափելի աղետի նախազգուշացումը՝ այնքան սարսափելի, որ անզոր եմ բացատրել։
Իսկ մի՞թե անհանգստության պատճառներ չկան։ Բավական է միայն հիշել դեպքերի ընթացքը, որոնք բոլորն էլ ցույց են տալիս այստեղ գործող ինչ֊որ մութ ուժերի առկայությունը․ Բասկերվիլ֊հոլլի վերջին տիրոջ մահը, որը ճշտությամբ համնըկնում է ընտանեկան ավանդության հետ, ֆերմերների մեջ շրջող լուրերը տարօրինակ արարածի մասին, որը շարունակ հայտնվում է ճահիճներում։ Ես էլ սեփական ականջով երկու անգամ լսել եմ շան հեռավոր հաչոցի նմանվող ձայներ։ Հո չի կարելի իսկապես հավատալ, որ այդ ամենը բնության օրենքներից դուրս է։ Երևակայական շուն, որ հետքեր է թողնում գետնին և բարձր ոռնում է։ Ո՛չ, դա անտանելի է։ Սթեփլտոնը, իսկ նրա հետ էլ Մորտիմերը կարող էին ենթարկվել ընդհանուր տրամադրությանը, սակայն եթե ես ինչ֊որ արժանապատվություն ունեմ, ապա դա առողջ բանականությունն է, և ես երբեք սնոտիապաշտության չեմ ենթարկվի։ Դրա համար պետք է իջնել տեղի ֆերմերների զարգացման մակարդակին, որոնք չգոհանալով ինչ֊որ կատաղի շան պատմությամբ, նրան օժտում են աչքերից ու երախից բոց ժայթկելու կարողությամբ։ Հոլմսը նույնիսկ չէր էլ լսի նման զառանցանքները, իսկ ես ներկայացնում եմ այստեղ նրա անձը։ Սակայն փաստը մնում է փաստ․ ես առիթ եմ ունեցել երկու անգամ լսելու այդ ոռնոցը։ Իսկ եթե ճահիճներում իսկապես ինչ֊որ հսկայական շուն է վազվզո՞ւմ։ Չէ՞ որ այդ դեպքում ամեն ինչ հասկանալի կդառնա։ Բայց որտե՞ղ է նա թաքնվում, ի՞նչ է ուտում, և որտեղի՞ց է հայտնվել, ինչո՞ւ ոչ ոք նրան ցերեկով չի տեսել։ Պետք է խոստովանել, որ այս ամենին ճշմարտանման բացատրություն տալով, մենք քիչ դժվարությունների դեմ չենք առնում։ Բայց եթե նույնիսկ շունը մի կողմ թողնենք, ինչպե՞ս բացատրել լոնդոնյան պատահարը, կառքի անծանոթը, նամակը, որի հեղինակը սըր Հենրիին թախանձում էր դուրս չգալ տորֆի ճահիճները։ Գոնե դրանում ոչ մի գերբնական բան չկա, չնայած և՛ մեկը, և՛ մյուսը կարելի է հավասարապես վերագրել և՛ բարեկամական, և՛ թշնամանական ուժերին։ Բայց այժմ որտե՞ղ է նա, այդ բարեկմը կամ թշնամին։ Մնացել է Լոնդոնո՞ւմ, թե՞ մեր ետևից այստեղ է եկել։ Մի՞թե․․․ Մի՞թե հենց նրան էլ տեսել եմ գրանիտե սյան գագաթին։
Ճիշտ է, նա ընդամենը վայրկենաբար երևաց աչքիս, բայց որոշ բան այնուամենայնիվ նկատեցի ու կարող եմ երդմամբ հաստատել։ Նա տեղացի չէ, այժմ ես ճանաչում եմ սըր Հենրիի բոլոր հարևաններին։ Նա Սթեփլտոնից բարձրահասակ է և Ֆրեկլենդից ավելի նիհար։ Նրան կարելի էր Բերիմոռի տեղը դնել, բայց նա մնացել էր տանը, և ես համոզված եմ, որ նրան չէր հաջողվի աննկատ հետևել մեզ։ Հետևաբար այստեղ, ինչպես և Լոնդոնում մեզ հետևում է ինչ֊որ անծանոթ։ Մինչև հիմա մենք չենք կարողանում նրանից ազատվել։ Եթե ինձ հաջողվեց բռնել այդ մարդուն, մեր բոլոր տարակուսանքներն անմիջապես կպարզվին։ Ահա իմ նպատակը, և ես բոլոր ուժերս կներդնեմ, որպեսզի հասնեմ դրան։
Իմ առաջին ցանկությունն էր սըր Հենրիին ծանոթացնել ծրագրերիս։ Բայց երկար տալով֊առնելով, որոշեցի խաղն ինքնուրույն վարել ու ավելի քիչ խոսել այդ մասին։ Բարոնետը լռակյաց է, խորասուզված իր մտքերի մեջ։ Ճահճում լսած ոռնոցը շատ է ազդել նրա վրա։ Ես վճռեցի չխորացնել նրա անհանգստությունը, բայց զենքը ցած չեմ դնի և կգործեմ իմ նախաձեռնությամբ։
Այսօր նախաճաշից հետո մեզ մոտ մի փոքրիկ բան տեղի ունեցավ։ Բերիմոռը սըր Հենրիից թույլտվություն խնդրեց խոսելու, և նրանք գնացին աշխատասենյակ։ Բիլիարդանոցում նստած՝ ես լսում էի նրանց բարձր ձայները և հիանալի կռահում, թե խոսքն ինչի մասին է։ Շուտով աշխատասենյակի դուռը բացվեց, և բարոնետը կանչեց ինձ։
― Բերիմոռը մեզանից նեղացել է, ― ասաց սըր Հենրին։ ― Պատկերացնում եք, մեր կողմից անազնիվ բան է եղել նրա աներձագին հետապնդելը, որի գաղտնիքը նա կամովին հայտնել է մեզ։
Ծառայապետը կանգնած էր գունատ, բայց իրեն հանգիստ էր պահում։
― Ես, գուցե տաքացա, սըր, այդ դեպքում ներողություն եմ խնդրում։ Բայց և այնպես շատ զարմացա, լուսադեմին լսելով ձեր քայլերը և իմանալով, որ դուք ցանկացել եք բռնել Սելդենին։ Հարկ չկար, որ ես մարդկանց նրա հետքի վրա գցեի, առանց այդ էլ այդ դժբախտի վիճակը ծանր է։
― Եթե դուք Սելդենին իսկապես ձեր կամքով մատնեիք, դա բոլորովին ուրիշ բան կլիներ, ― ասաց բարոնետը։ ― Բայց չէ՞ որ դուք, ավելի ճիշտ, ձեր կինը ամեն բան խոստովանեց միայն մեր ճնշման տակ։ Ձեզ ուրիշ ոչինչ չէր մնում ասելու։
― Ես չէի կարծում, որ դուք կօգտվեք իմ խոստովանությունից, սըր Հենրի։ Ոչ մի կերպ չէի կարծում։
― Սելդենը վտանգավոր է հասարակության համար։ Չէ՞ որ նա ոչ մի բանի առաջ կանգ չի առնի, դա երևում է նրա կերպարանքից։ Հիշեցեք, թե տներն այստեղ որքան քիչ են։ Վերցնենք թեկուզ միստր Սթեփլտոնին․ հարձակման դեպքում նա ոչ մի բանի վրա հույս դնել չի կարող, բացի սեփական ուժից։ Ոչ, մինչև այդ մարդուն փակի տակ չնստեցնեն, մենք մեզ չենք կարող անվտանգության մեջ զգալ։
― Սելդենը ոչ ոքի ձեռք չի տա, սըր Հենրի, մի քանի օրից ամեն ինչ կհարթվի, և նա կմեկնի Հարավային Ամերիկա։ Աղաչում եմ ձեզ, մի հայտնեք ոստիկանությանը, որ Սելգենը դեռ այստեղ է, ճահիճներում։ Նրան արդեն չեն փնտրում, և նա կարող է հանգիստ սպասել շոգենավին։ Եթե դուք նրան մատնեք, իմ ու կնոջս վիճակը վատ կլինի։ Խնդրում եմ ձեզ, սըր, մի դիմեք ոստիկանությանը։
― Ուոթսն, ի՞նչ կասեք սրան։
Ես ուսերս թոթվեցի։
― Եթե այդ մարդը հեռանա Անգլիայից, հարկատուները հանգիստ շունչ կքաշեն։
― Իսկ եթե հանկարծ մինչև գնալը մի փորձանք բերի՞։
― Ոչ, սըր։ Հո նա խելագար չէ։ Մենք նրան տվել ենք այն ամենը, ինչ պետք է։ Իսկ նոր հանցագործությունը նրան գլխովին կմատնի։
― Այդ ճշմարիտ է, ― ասաց սըր Հենրին։ ― Լավ, Բերիմոռ․․․
― Թող աստված ձեզ օգնի, սըր։ Որքա՜ն երախտապարտ եմ ձեզ։ Եթե Սելգենին բռնեն, կինս այդ վշտին չի դիմանա։
― Ուոթսն, դուրս է գալիս, որ մենք ձեզ հետ հովանավորում ենք քրեական հանցագործին։ Բայց հիմա մի տեսակ ձեռքս չի գնա մատնել նրան։ Լավ, սրանով վերջացնենք։ Դուք կարող եք գնալ, Բերիմոռ։
Դողացող ձայնով մի քանի շնորհակալական խոսքեր փնթփնթալով՝ ծառայապետը գնաց դեպի դուռը, բայց հանկարծ կանգ առավ շեմին․
― Դուք այնքան լավ վերաբերվեցիք ինձ հետ, սըր, որ ես ուզում եմ որևէ կերպ երախտահատույց լինել, ― անվճռական տոնով ասաց նա։ ― Ես որոշ բաներ գիտեմ, սըր Հենրի․․․ գուցե, ես իզուր եմ այսքան երկար լռել, բայց դա պարզվեց, երբ հետաքննությունն արդեն ավարտվել էր։ Ես դեռ ոչ ոքի հետ չեմ խոսել այդ մասին․․․ Խոսքը սըր Չարլզի մահվան մասին է։
Ես ու բարոնետը վեր թռանք տեղներիցս։
― Ձեզ հայտնի են նրա մահվան հանգամանքնե՞րը։
― Ոչ, սըր։
― Այդ դեպքում էլ ի՞նչ։
― Ես գիտեմ, թե ինչու էր նա այդպիսի ուշ ժամի կանգնել դռնակի մոտ։ Նա տեսակցություն ուներ մի կնոջ հետ։
― Տեսակցություն կնոջ հե՞տ։ Սըր Չա՜րլզը։
― Այո, սըր։
― Ո՞վ է այդ կինը։
― Անունը ես ձեզ ասել չեմ կարող, սըր։ Ես գիտեմ միայն առաջին տառերը․ «Լ․ Լ․»։
― Որտեղի՞ց է դա ձեզ հայտնի, Բերիմոռ։
― Սըր Հենրի, այն առավոտյան ձեր հորեղբայրը նամակ ստացավ։ Նրա անունով սովորաբար շատ նամակներ էին գալիս, չէ՞ որ նա ճանաչված մարդ էր ու հայտնի իր բարությամբ։ Բոլորն էլ դիմում էին նրան իրենց հոգսերով։ Բայց այդ առավոտյան միայն մի նամակ եկավ, այդ պատճառով էլ ես այն հիշում եմ։ Ծրարի վրայի ձեռագիրը կանացի էր, և կնիքի վրա դրոշմված էր «Կումբի֊Թրեսի»։
― Հետո՞։
― Ես այդ նամակն այլևս չէի հիշի, եթե կինս չլիներ։ Մի քանի շաբաթ առաջ նա սկսեց մաքրել սըր Չարլզի աշխատասենյակը՝ առաջին անգամ նրա մահից հետո, և բուխարու խորքում գտավ մի թերթ թուղթ։ Դրա մեծ մասը մոխիր էր դարձել, բայց մի փոքրիկ կտոր՝ վերջավորությունը, մնացել էլ անվնաս, և բառերը դեռ կարելի էր ջոկել, չնայած թանաքը գորշացել էր կրակից, իսկ թուղթը խանձվել։ Դա, երևի, հետգրություն էր, և մենք ահա թե ինչ կարդացինք․ «Աղաչում եմ ձեզ, ինչպես ջենտլմենի, այրեցեք այս նամակը և երեկոյան ժամը տասին եղեք դռնակի մոտ։ Ներքևում երկու տառ․ «Լ․ Լ․»։
― Պահպանե՞լ եք այդ պատառիկը։
― Ոչ, սըր։ Ձեռքիս մեջ փշրվեց։
― Իսկ մինչ այդ սըր Չարլզը նույն ձեռագրով նամակներ ստացե՞լ էր։
― Ոչ, սըր, գաղափար չունեմ։ Բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր գտնել այդ լեդիին, որոշ մանրամասնություններ կիմանայինք սըր Չարլզի մահվան մասին։
― Ես պարզապես չեմ հասկանում ձեզ, Բերիմոռ։ Ինչպե՞ս կարելի էր այսքան ժամանակ թաքցնել այդպիսի կարևոր տեղեկությունները։
― Գիտեք ինչ, սըր, դրանից անմիջապես հետո մեր գլխին փորձանք եկավ։ Բացի դրանից, ես ու կինս շատ էինք սիրում սըր Չարլզին ու չէինք մոռանում նրա բարերարությունները։ Մտածեցիմք, ինչո՞ւ հինը քրքրել։ Մեր դժբախտ տիրոջը դա այլևս չի օգնի, իսկ երբ գործին կին է խառնված, այդտեղ պետք է զգույշ լինել։ Ախր նույնիսկ ամենաարժանավոր մարդիկ․․․
― Ձեր կարծիքով, դա կարող է վիրավորե՞լ նրա հիշատակը։
― Այո, սըր, ես որոշեցի, որ դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա։ Բայց դուք այնքան բարի եղաք մեր նկատմամբ․․․ չուզեցի ձեզանից թաքցնել այն, ինչ գիտեմ։
― Լավ, Բերիմոռ, կարող եք գնալ։
Երբ ծառայապետը դուրս եկավ, սըր Հենրին դարձավ ինձ․
― Դե, Ուոթսն, ի՞նչ կասեք այս նոր լույսի շողի մասին։
― Ըստ իս, այն ավելի խտացրեց խավարը։
― Այո, ճշմարիտ է։ Բայց եթե մեզ հաջողվեր գտնել այդ «Լ․ Լ․»֊ին, ապա ամեն ինչ կպարզվեր։ Այժմ գիտենք, որ կա մի կին, որին շատ բան է հայտնի, իսկ դա արդեն լուրջ նվաճում է։ Պետք է միայն գտնել նրան։ Հիմա ի՞նչ անենք։
― Անմիջապես ամեն ինչ հաղորդենք Հոլմսին։ Գուցե դա նրան անհրաժեշտ հետքի վրա գցի։ Ես համարյա համոզված եմ, որ նա անհապաղ այստեղ կգա։
Գնացի սենյակս, ու մանրամասն հաշվետվություն գրեցի Հոլմսին այս առավոտվա դեպքերի մասին։ Ըստ երևույթին, բարեկամս վերջին ժամանակները շատ զբաղված է, քանի որ Բեյքր֊ստրիտից ստացվող նամակները ավելի ու ավելի հազվադեպ ու համառոտ են դառնում։ Դրանցում ոչ մի բառով չեն հիշատակվում իմ հաշվետվությունները, իսկ իմ այստեղ գալու նպատակի մասին՝ միայն անցողակի։ Շանտաժի գործը, ըստ երևույթին կլանում է Հոլմսի բոլոր ուժերը։ Բայց վերջին դեպքերը, անկասկած, կգրավեն նրա ուշադրությունը և կրկին հետաքրքրություն կարթնացնեն մեր հետաքննության նկատմամբ։ Որքա՜ն եմ ուզում, որ նա այստեղ լինի։
17 հոկտեմբերի։ Այսօր ամբողջ օրն անձրև է տեղում։ Ծանր կաթիլները խշշում են խիտ բաղեղների մեջ, կաթկթում քիվերից։ Մտաբերեցի տորֆաճահիճների մռայլ խորքերում, բաց երկնքի տակ թաքնված աքսորականին։ Խե՜ղճ մարդ։ Ինչպիսին էլ լինեին նրա կատարած ոճիրները, այժմյան նրա տառապանքը ինչ֊որ չափով քավում է դրանք։ Իսկ հետո հիշեցի նաև այն մյուս մարդուն․․․ Դեմքը, որ կարճատև երևաց կառքի պատուհանում, ասես լուսնի սկավառակին փորագրված մութ կերպարանքը։ Մի՞թե այդ անորսալի լրտեսը, այդ խավարի մեղսակիցը այժմ նույնպես թափառում է այսպիսի տեղատարափի տակ։
Երեկոյան հագա անջրանցիկ թիկնոցս ու ճամփա ընկա դեպի ճահիճների խորքը՝ երևակայությանս մեջ սարսափելի պատկերներ նկարելով։ Ամձրևը մտրակում էր դեմքս, ականջներիս մեջ սուլում էր քամին։ Եվ թող աստված պահպանի նրանց, ովքեր այժմ թափառում են Գրիմպենյան ճահճուտի մոտերքում։ Այսպիսի եղանակին նույնիսկ բարձրունքները վերածվում են համատարած ճահճուտների։ Ես փնտրեցի գտա քարե սյունը, որի վրա կանգնած էր այն միայնակ մարդը և նրա անհարթ, ելուստավոր գագաթից դիտում է ներքևում փռված մռայլ ճահիճները։ Անձրևը հեղեղում էր այդ մուգ ցածրավայրերը, ծանր, գորշ արճճագույն ամպերը փռվել էին գետնի վրա, իսկ դրանց ճեղքերից երևում էին բլուրների արտասովոր ուրվագծերը։ Հեռվում, ձախ կողմը, հովտի ծառերի վրա էին խոյանում մառախուղում հազիվ նշմարվող Բասկերվիլ֊հոլլի նեղ աշտարակները։ Միայյն նրանք էին խոսում այս վայրերում մարդու ներկայության մասին, եթե չհաշվենք բլրալանջերին պատսպառված նախապատմական քարանձավները։ Եվ ոչ մի տեղ ամենաչնչին հետքն անգամ չկար այն անծանոթի, որի միայնակ կերպարանքը ես տեսա այս նույն վայրում երկու գիշեր առաջ։
Վերադարձի ճամփին ինձ հասավ դոկտոր Մորտիմերը, որը կառքով գալիս էր նեխած ճահճուտի կողմից։ Այս ամբողջ օրերի ընթացքում դոկտորը շատ ուշադիր էր մեր նկատմամբ, և օր չէր անցնում, որ նա չայցելեր Բասկերվիլ֊հոլլ՝ տեղեկանալու, թե ինչպես ենք պրում։ Դոկտորն ինձ նստեցրեց իր կառքը և առաջարկեց տուն հասցնել։ Նա շատ վշտացած էր սպանիելի կորստով։ Շունը փախել էր ճահիճներն ու չէր վերադարձել։ Ես մխիթարեցի դոկտորին ինչպես կարող էի, իսկ ինքս, հիշելով Գրիմպենյան ճահճուտում թաղված պոնիին, մտածեցի, որ Մորտիմերը դժվար թե այլևս իր շանը տեսնի։
― Ի դեպ, դոկտոր, ― ասացի ես, նրա հետ միասին ցնցվելով ճանապարհի խանդակներում, ― դուք, հավանաբար, գիտեք այստեղ բոլորին, ովքեր գտնվում են ձեր շրջագայությունների շառավիղում։
― Կարծում եմ՝ բոլորին։
― Այդ դեպքում, գուցե, կասեք ինձ «Լ․ Լ․» սկզբնատառեր ունեցող կնոջ լրիվ անունն ու ազգանունը։
Մորտիմերը մտածեց, հետո պատասխանեց․
― Ոչ։ Ճիշտ է, գնչուների ու ֆերմաների աշխատողների համար չեմ կարող երաշխավորել, բայց ֆերմերների ու ջենտրիների<ref>Ջենտրիներ ― մանր կալվածատեր, մանր ազնվականներ Անգլիայում</ref> մեջ այդ սկզբնատառերը կարծես ոչ մեկին չեն համընկնում։ Բայց, սպասեք, ― ավելացրեց նա կարճ դադարից հետո, ― կա մի ոմն Լաուրա Լայոնս՝ ահա ձեզ «Լ․ Լ․»։ Սակայն նա ապրում է Կումբի֊Թրեսիում։
― Ո՞վ է նա, ― հարցրի ես։
― Ֆրենկլենդի դուստրը։
― Ինչպե՜ս։ Այդ ծեր խելառի աղջի՞կը։
― Ճիշտ այդպես։ Նա ամուսնացավ Լայոնս ազգանունով մի նկարչի հետ, որը եկել էր էտյուդներ անելու։ Այդ նկարիչը սրիկա դուրս եկավ ու լքեց նրան։ Սակայն, որքան գիտեմ, չի կարելի ամբողջ մեղքը մի կողմի վրա գցել։ Հայրը հրաժարվեց նրանից, որովհետև նա ամուսնացել էր առանց իր համաձայնության, իսկ գուցե և ոչ միայն դրա համար։ Մի խոսքով, երկու մեղսագործներն էլ՝ և՛ ծերը, և՛ երիտասարդը, ինչպես կարող էին դժբախտ կնոջ հոգին հանեցին։
― Նա ինչո՞վ է ապրում։
― Ծերուկ Ֆրենկլենդը, հավանաբար, որոշ բան տալիս է նրան, իհարկե, ոչ շատ, քանի որ իր սեփական գործերն էլ ողբալի վիճակում են։ Բայց ինչքան էլ աղջիկը մեղքեր ունենա, չէր կարելի թույլ տալ, որ նա ավելի ցած գլորվի։ Այդ պատմությունը հայտնի դարձավ այստեղ, և հարևանները, հատկապես Սթեփլտոնն ու սըր Չարլզը, օգնեցին նրան, հնարավորություն տվին ազնիվ վաստակելով ապրելու։ Ես էլ որոշ բան զոհաբերեցի։ Մենք ուզում էինք, որ նա մեքենագրել սովորի։
Մորտիմերը հարցրեց, թե ինչու է այդ բանն ինձ հետաքրքրում, և ես մի կերպ բավարարեցի նրա հետաքրքրությունը՝ աշխատելով մանրամասնությունների մեջ չմտնել, քանի որ բոլորովին պետք չէ ավելորդ մարդկանց հաղորդակից դարձնել մեր գործին։
Վաղն առավոտյամ ես կմեկնեմ Կումբի֊Թրեսի, և, եթե ինձ հաջողվի տեսնել այդ կնոջը՝ միսիս Լաուրա Լայոնսին, մենք մի մեծ քայլ կանենք, որպեսզի մի հանելուկ պակասի մեզ մոտ։
Ի դեպ, ձեր խոնարհ ծառան քիչ֊քիչ վերածվում է իմաստուն օձի․ երբ Մորտիմերն արդեն շատ հեռու գնաց իր հարցուփորձերում, ես հարցրի, թե ինչ տիպի է պատկանում Ֆրենկլենդի գանգը ու փրկեցի դրությունը․ ճանապարհի ամբողջ մնացած մասը նվիրվեց գանգաբանությանը։ Շերլոկ Հոլմսի հետ անցկացրած տարիները ինձ համար իզուր չէին անցել։
Որպեսզի վերջացնեմ այս տխուր, անձրևոտ օրվա նկարագրությունը, հիշատակեմ ևս մի խոսակցություն, այս անգամ Բերիմոռի հետ։ Այդ խոսակցությունը հաղթաթուղթ տվեց ինձ, որը կօգտագործեմ հարկ եղած պահին։
Մորտիմերը մնաց մեզ մոտ, և ճաշից հետո նրանք բարոնետի հետ սկսեցին էկարտե<ref>էկարտե ― թղթախաղ</ref> խաղալ։ Ծառայապետն ինձ սուրճ մատուցեց աշխատասենյակում, և ես օգտվեցի դրանից որպեսզի մի քանի հարց տամ նրան։
― Դե, Բերիմոռ, ի՞նչ է անում ձեր սիրելի ազգականը։ Մեկնե՞լ է, թե դեռ թաքնվում է ճահիճներում։
― Չգիտեմ, սըր։ Երանի՜ շուտ մեկներ։ Ախր ինչքա՜ն վիշտ կրեցինք նրա երեսից։ Ես նրա մասին ոչինչ չգիտեմ այն օրվանից, երբ վերջին անգամ ուտելիք տարա, իսկ դա երեք օր առաջ էր։
― Իսկ այն ժամանակ դուք նրան տեսա՞ք։
― Ոչ, սըր, բայց հետո ստուգեցի․ ուտելիքը տեղում չէր։
― Եթե ուտելիքը չկար, ուրեմն նա դեռ այնտե՞ղ է։
― Այո, ոնց որ թե այդպես է, սըր, եթե միայն մյուս մարդը չի վերցրել։
Ձեռքս բաժակով քարացավ կես ճանապարհին, և ես աչքերս տնկեցի Բերիմոռի վրա։
― Ուրեմն, դուք գիտե՞ք, որ այնտեղ ուրիշ մեկն էլ կա։
― Ճահիճներում մի մարդ էլ է թաքնվում։
― Տեսե՞լ եք նրան։
― Ոչ, սըր։
― Ուրեմն, ո՞րտեղից գիտեք նրա մասին։
― Սելգենն է ասել մեկ ու կես շաբաթ առաջ։ Այդ մարդը նույնպես թաքնվում է, բայց, իմ կարծիքով, նա աքսորական չէ․․․ Դուր չի գալիս ինձ այդ, դոկտոր Ուոթսն, բոլորովին դուր չի գալիս, ― անսպասելի ուժով պոռթկաց Բերիմոռը։
― Լսեք, բարեկամս, ես այստեղ գործում եմ միայն ձեր տիրոջ օգտին։ Ես եկել եմ միայն նրան օգնելու համար։ Ասացեք ուղղակի՝ իսկապես ի՞նչը դուր չի գալիս ձեզ։
Մի պահ Բերիմոռը տատանվեց, կարծես ափսոսելով իր բռնկման համար կամ հարմար խոսքեր չգտնելով իրեն փոթորկող զգացումներն արտահայտելու։
― Դե, այն ամենը, ինչ այնտեղ կատարվում է, սըր, ― բացականչեց նա վերջապես՝ ցույց տալով անձրևով ողողված լուսամուտը, որ նայում էր ճահիճներին։ ― Տակը լավ բան չի երևում։ Այնտեղ սև գործ են որոճում, հավատացեք խոսքիս։ Հիմի ես միայն մի բան եմ ուզում․ որպեսզի սըր Հենրին այստեղից շուտափույթ մեկնի Լոնդոն։
― Բայց ի՞նչն է ձեզ այդպես վախեցրել։
― Իսկ դուք հիշեք սըր Չարլզի մահը։ Քննիչի խոսքերին ականջ մի կախեք։ Լսեք գիշերն ինչ է կատարվում ճահիճներում։ Ախր մարդիկ ոչ մի գնով չեն համաձայնի արևմուտից հետո դուրս գալ այնտեղ․․․ Իսկ այդ մարդը, որ թաքնվում է այնտեղ ու ինչ֊որ մեկին հետևում․ ո՞ւմ է հետևում։ Այս ամենն ի՞նչ է նշանակում։ Չէ, Բասկերվիլ անունը կրողների համար սա լավ չի վերջանա։ Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ սըր Հենրիի նոր ծառաները կբռնեն իմ տեղը, և ես կկարողանամ հեռանալ այստեղից։
― Պատմեք ինձ այդ մարդու մասին, ― ասացի ես։ ― Ի՞նչ գիտեք։ Ի՞նչ էր ասում Սելգենը։ Նրան հայտնի՞ է, թե որտեղ ու ինչպես է թաքնվում այդ մարդը։
― Սելգենը նրան տեսել է մեկ֊երկու անգամ, բայց նա զգուշավոր է, խորամանկ։ Սկզբում Սելգենը նրան ոստիկանի տեղ է դրել, իսկ հետո համոզվել է, որ այդտեղ բոլորովին ուրիշ բան կա։ Տեսքով նա ջենտմեն է, բայց ինչ է փնտրում այնտեղ, ոչինչ չես հասկանա։
― Իսկ որտե՞ղ է թաքնվում։
― Սելգենն ասում է՝ բլրալանջի հին քարանձավներում։ Գիտեք այնտեղ հին քարայրներ կան, որտեղ հնում մարդիկ են ապրել։
― Իսկ ինչո՞վ է սնվում։
― Սելգենը նկատել է, որ նրա մոտ ինչ֊որ տղա է գնում֊գալիս։ Նա, երևի, ուտելիք և նման բաներ է տանում նրան Կումբի֊Թրեսիից։
― Լավ, Բերիմոռ։ Մենք դեռ այս մասին էլի կխոսենք։
Երբ ծառայապետը գնաց, ես կանգնեցի լուսամուտի մոտ և պղտոր ապակու միջով նայեցի երկնքով սահող ամպերին ու քամուց թափահարվող ծառերին։ Եթե այսպիսի եղանակին անհրապույր է նույնիսկ տանը, ապա ինչպես կլինի քարանձավում, ճահիճների մեջ։ Ինչպիսի՜ ատելությամբ պետք է վառվել, այդպիսի տեղում և այսպիսի ժամանակ դարանակալելու համար։ Եվ ի՞նչն է դրդել այդ մարդուն այդքան ծանր փորձության դիմելու։
Այդ քարանձավներից մեկում թաքնվում է բուն էությունն այն խնդրի, որն այնպես տանջում է ինձ։ Երդվում եմ, մի օր էլ չանցած կանեմ ամեն բան, ինչ որ մարդկային ուժերի սահմանում է, և կհասնեմ այս գաղտնիքի լուծմանը։
<references />