Changes
/* Գլուխ I «Մարդն ինքն է ստեղծում իր փառքը» */
Պատկերացրեք, ուրեմն, թե ես՝ հինգերորդ անիվս «Դեյլի գազետ» լրագրի մարտակառքում, ինչպես անցկացրի այդ երեկոն խմբագրատանը, երբ գլխումս հասունանում էր մի անհողդողդ որոշում՝ եթե հաջողվի, այսօր իսկ հնարավորություն գտնել մի այնպիսի սխրագործության, որն արժանի լիներ իմ Գլեդիսին։ Ի՞նչն էր ղեկավարում այդ աղջկան, որը հարկադրեց ինձ կյանքս վտանգի ենթարկել նրա փառաբանման համար, խստասրտությո՞ւնը, եսասիրությո՞ւնը։ Այսպիսի մտքերը կարող են շփոթել հասուն տարիքում, բայց ոչ երբեք քսաներեք տարեկան հասակում, երբ մարդ ճանաչում է առաջին սիրո հրայրքը։
==Գլուխ II «Բախտներդ փորձեք պրոֆեսոր Չելենջերի մոտ»==
Ես միշտ սիրել եմ մեր «Վերջին նորությունների» բաժնի վարիչին, կարմրաշեկ փնթփնթան Մակ֊Արդլին, և կարծում եմ, որ նա էլ վատ չի վերաբերվել իմ նկատմամբ։ Անշուշտ, մեր իսկական տիրակալը Բոմոնտն էր, բայց նա սովորաբար ապրում էր օլիմպիական բարձրունքների նոսր մթնոլորտում, որտեղից նրա հայացքի դեմ բացվում էին միայն այնպիսի իրադարձություններ, ինչպես միջազգային ճքնաժամերը կամ մինիստրների կաբինետի անկումը։ Երբեմն մենք տեսնում էինք, թե նա ինչպես է վեհապանծորեն ընթանում դեպի իր սրբավայրը՝ հայացքը հառած տարածության մեջ և մտովին սավառնելով ինչ֊որ Բալկաններում կամ Պարսկական ծոցում։ Մեզ համար Բոմոնտը մնում էր անմատչելի, և մենք սովորաբար գործ էինք ունենում Մակ֊Արդլի հետ, որը նրա աջ ձեռքն էր։
Երբ ես ներս մտա խմբագրություն, ծերուկը գլխով արավ ինձ և ակնոցը բարձրացրեց ճաղատին։
― Դե, միստր Մելոուն, չորս կողմից ձեր մասին է, որ լսում եմ։ Դուք հաջողություն եք ունենում, ― սիրալիր կերպով ասաց նա։
Ես շնորհակալություն հայտնեցի։
― Ձեր ակնարկը ածխահանքի պայթույնի մասին հոյակապ է։ Նույնը կարող եմ ասել Սաուտուորկի հրդեհը պատկերող թղթակցության մասին։ Դուք բոլոր տվյալներն ունեք լավ ժուռնալիստ դառնալու։ Որևէ գործո՞վ եք եկել ինձ մոտ։
― Այո։ Ուզում եմ ձեզնից մի բան խնդրել։
Մակ֊Արդլի աչքերը վախեցած պտտվեցին չորս կողմ։
― Հը՜մ֊հը՜մ․․․ Ի՞նչ բան է։
― Սըր, արդյոք չէի՞ք կարող մեր թերթի կողմից որևէ հանձնարարությամբ մի տեղ ուղարկել ինձ։ Ես ամեն ինչ կանեմ ու հետաքրքրական նյութ կբերեմ ձեզ։
― Ի՜նչ հանձնարարություն նկատի ունեք, միստր Մելոուն։
― Ինչպիսին ուզում եք, սըր, միայն թե կապված լինի արկածների և վտանգների հետ։ Ես թերթը ամոթով չեմ թողնի, սըր։ Եվ որքան դժվար լինի ինձ համար, այնքան լավ։
― Երևում է, դուք ձեր կյանքից ձեռ եք քաշել։
― Ոչ, ես չեմ ուզում, որպեսզի նա իզուր անցնի, սըր։
― Թանկագին միստր Մելոուն, դուք արդեն շատ եք․․․ շատ եք վեր ճախրում։ Այն ժամանակները չեն։ Սեփական թղթակիցների վրա կատարվող ծախսերն այլևս չեն արդարացնում իրենց։ Եվ, համենայն դեպս, այդպիսի հանձնարարությունները արվում են անուն ունեցող մարդկանց, որոնք կարող են նվաճել հասարակության վստահությունը։ Քարտեզի վրա եղած սպիտակ բծերը վաղուց են լցվել, իսկ դուք ոչ այս, ոչ այն՝ երաղում եք ռոմանտիկական արկածների մասին։ Բայց, սպասեցեք, ― ավելացրեց նա և հանկարծ ժպտաց։ ― Ի դեպ, սպիտակ բծերի մասին։ Իսկ ինչ, եթե մենք պսակազերծ անենք մի շառլատանի, ժամանակակից Մյունհաուզենի, և նրան ծիծաղելի դարձնենք բոլորի աչքում։ Ինչո՞ւ դուք չմերկացնեք նրա սուտը։ Դա վատ չի լինի։ Դե համաձա՞ն եք։
― Ուր ուզեք, որտեղ ուզեք՝ ամեն ինչի պատրաստ եմ։
Մակ֊Արդլը խորասուզվեց մտածմունքների մեջ։
― Մի մարդ կա, ― վերջապես խոսեց նա։ ― Միայն թե չգիտեմ, կհաջողվի՞ ձեզ ծանոթություն հաստատել նրա հետ, կամ գոնե ինտերվյու ստանալ։ Բայց կարծեմ դուք օժտված եք մարդկանց դեպի ձեզ տրամադրելու շնորհքով։ Չգիտեմ, թե բանն ինչ է՝ համակրելի պատանի եք՝ դրանի՞ց է, կենդանական մագնիսականությունի՞ց, թե՞ ձեր կենսուրախությունից, բայց այդ բանը ինձ վրա եմ զգացել։
― Դուք շատ բարի եք իմ նկատմամբ, սըր։
― Այդպես, ուրեմն, ինչո՞ւ դուք ձեր բախտը չփորձեք պրոֆեսոր Չելենջերի մոտ։ Նա ապրում Էնմոր֊Պարկում։
Պետք է խոստովանեմ, ես մի փոքր մտահոգվեցի այդ առաջարկությունից։
― Չելենջե՞ր։ Նշանավոր կենդանաբան պրոֆեսոր Չելենջե՞րը։ Այդ նա չէ՞ր որ «Տելեգրաֆի» աշխատակից Բլանդելի գլուխը ջարդեց։
«Վերջին նորությունների» բաժնի վարիչը մռայլ քմծիծաղեց։
― Ի՛նչ, դուր չի՞ գալիս։ Չէ որ դուք պատրաստ էիք ամեն մի սխրագործության։
― Ոչ, ինչո՞ւ։ Մեր գործում ամեն բան պատահում է, սըր, ― պատասխանեցի ես։
― Միանգամայն ճիշտ է։ Բայց չեմ կարծում, թե նա միշտ էլ այդպիսի կատաղի տրամադրության մեջ լինի։ Հավանորեն, Բլանդելը անժամանակ է ընկել նրա մոտ կամ այնպես չի վարվել ինչպես պետք է։ Հուսով եմ, որ դուք ավելի հաջողակ կլինեք։ Վստահ եմ նաև ձեզ հատուկ խոհեմության վրա։ Դա իսկը ձեր գծով է, իսկ թերթը հաճույքով կզետեղի այդպիսի նյութը։
― Ես պարզապես ոչինչ չգիտեմ այդ Չելենջերի մասին։ Միայն հիշում եմ նրա անունը՝ կապված Բլանդելին ծեծելու դատավարության հետ, ― ասացի ես։
― Ինձ մոտ որոշ տեղեկություններ կգտնվեն, միստր Մելոուն։ Իր ժամանակին ես հետաքրքրվում էի այդ սուբյեկտով։ ― Նա դարակից մի թերթ թուղթ հանեց։ ― Ահա համառոտակի այն ամենը, ինչ֊որ հայտնի է նրա մասին։ «Չելենջեր Ջորջ Էդուարդ։ Ծնվել է Լարգսում 1863 թվականին։ Կրթությունը․ Լարգսի դպրոց, Էդինբուրգի համալսարան։ 1892֊ին՝ Բրիտանական թանգարանի գիտական աշխատող։ 1893֊ին՝ Համեմատական մարդաբանության թանգարանում բաժնի վարիչի օգնական։ Նույն տարում թողեց այդ տեղը, թունալից նամակներ փոխանակելով թանգարանի դիրեկտորի հետ։ Արժանացել է մեդալի կենդանաբանության ասպարեզում կատարած գիտական հետազոտությունների համար։ Օտարերկրյա գիտական ընկերությունների անդամ․․․»։ Դե, այստեղ հետևում է տասը տող պետիտով շարված երկար֊բարակ մի թվարկում․ Բելգիական ընկերություն, Ամերիկյան ակադեմիա, Լա֊Պլատա և այլն, Հնէաբանական ընկերության փոխպրեզիդենտ, Բրիտանական ասոցացիա և ուրիշներ։ Տպագիր աշխատություններ․ «Կալմիկների գանգի կառուցվածքի հարցի արթիվ», «Ողնաշարավորների էվոլյուցիայի ուրվագծեր» և բազմաթիվ հոդվածներ, այդ թվում «Վեյսմանի կեղծ թեորիան», որը տաք վեճեր առաջ բերեց Վիեննայի կենդանաբանական կոնգրեսում։ Սիրած զվարճություններ․ ոտքով զբոսանքներ, ալպինիզմ։ Հասցեն․ Էնմոր֊Պարկ, Կենսինգտոն։ Ահա սա վերցրեք ձեզ հետ։ Այսօր այլևս ոչնչով չեմ կարող ձեզ օգնել։
Ես թուղթը դրի գրպանս և, տեսնելով, որ Մակ֊Արդլի կարմիր դեմքի փոխարեն ինձ է նայում նրա վարդագույն ճաղատը, ասացի․
― Մի րոպե, սըր։ Ինձ այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչ հարցով պետք է ինտերվյու վերցնել այդ ջենտլմենից։ Նա ի՞նչ է արել։
Աչքերիս առաջ նորից երևաց Մակ֊Արդլի կարմրայտ կերպարանքը։
― Ինչ է արե՞լ։ Երկու տարի առաջ միայնակ մեկնել է Հարավային Ամերիկա։ Վերադարձավ անցյալ տարի։ Հարավային Ամերիկայում եղել է անկասկած, սակայն հրաժարվում է ճշգրիտ մատնանշել, թե հատկապես ո՛րտեղ։ Նոր էր սկսել մշուշապատ տեսքով շարադրել իր արկածները, բայց առաջին իսկ կասկածամտությունից հետո ասես բերանը ջուր առավ։ Ինչպես երևում է, ինչ֊որ հրաշքներ են տեղի ունեցել, եթե միայն նա վիթխարի մի սուտ չի մատուցում, որը, ի դեպ, ավելի քան հավանական է։ Վկայակոչում է փչացած լուսանկարները, ինչպես պնդում են՝ կեղծված։ Մարդուն այն տեղը հասցրին, որ սկսեց տառացիորեն հարձակվել բոլորի վրա, ովքեր հարցերով դիմում են իրեն, և արդեն մի քանի ռեպորտյորի աստիճաններից ցած է գլորել։ Ըստ իս, նա պարզապես վտանգավոր մանյակ է, որն իրեն երևակայում է մեծ գիտնական և ընդունակ է մարդասպանության։ Ահա թե ում հետ պետք է գործ ունենաք, միստր Մելոուն։ Իսկ այժմ, մա՛րշ այստեղից։ Աշխատեցեք դուրս քամել նրանից այն ամենը, ինչ֊որ հնարավոր է։ Դուք մարդ եք և կարող եք պաշտպանել ձեզ։ Վերջ ի վոերջո ռիսկն այնքան էլ մեծ չէ, եթե նկատի ունենանք աշխատանք տվողների պատասխանատվության օրենքը։
Քմծիծաղող կարմիր կերպարանքը նորից թաքնվեց աչքիցս, և ես տեսա նրա՝ կարմրաշեկ մազերով շրջանակված վարդագույն ձվածիրը։ Մեր զրույցը վերջացած էր։
Քայլերս ուղղեցի դեպի մեր «Վայրենի» ակումբը, բայց ճամփին կանգ առա Ադելֆի֊Տեռասի պատվարորմի մոտ և երկար մտախոհ նայում էի ներքև, գետի մակերեսի մութ, ծիածանագույն նախշերին։ Թարմ օդում իմ գլխի մեջ միշտ էլ առողջ, պարզ մտքեր են ծնվում։ Հանեցի գրպանիցս թերթիկը, որը թվարկում էր պրոֆեսոր Չելենջերի բոլոր սխրագործությունները և արագ աչքի անցկացրի այն՝ փողոցի լապտերի լույսի տակ։ Այստեղ ես ոգեշնչվեցի՝ ուրիշ ո՛չ մի կերպ չի կարելի անվանել այդ։ Դատելով այն ամենից, ինչ որ ես արդեն գիտեի այդ կռվարար պրոֆեսորի մասին, մի բան պարզ էր, որ ոչ մի ռեպորտյոր չի կարող նրա մոտ ընկնել։ Բայց նրա կարճ կենսագրության մեջ հիշատակվող երկու սկանդալները վկայում էին միայն, որ նա գիտության ֆանատիկ է։ Այդպես, ահա, չի՞ կարելի արդյոք խաղալ նրա այդ թուլության վրա։ Փորձե՜նք։
Մտա ակումբ։ Տասներկուսի սկիզբն էր, և հյուրասենյակում արդեն մարդիկ էին խռնվել, չնայած դեռ շատ ժամանակ կար մինչև լրիվ հավաքվելը։ Բուխարու մոտ դրված բազկաթոռին մի ինչ֊որ բարձրահասակ, նիհար մարդ էր նստել։ Երբ իմ բազկաթոռը մոտեցրի կրակին, նա դեմքով շուռ եկավ դեպի ինձ։ Ես միայն երազել կարող էի այդպիսի հանդիպման մասին։ Դա «Բնություն» ամսագրի աշխատակից Հենրի Տարպն էր՝ մումիայի նման վտիտ, աշխարհի ամենաբարի արարածը։ Իսկույն գործի անցա։
― Ի՞նչ գիտեք պրոֆեսոր Չելենջերի մասին։
― Չելենջերի՞։ ― Տարպն անբավական մռայլվեց։ ― Այդ այն մարդն է, որն ամեն տեսակ հեքիաթներ էր պատմում Հարավային Ամերիկայում կատարված իր ճանապարհորդության մասին։
― Ի՞նչ հեքիաթներ։
― Իբրև թե ինչ֊որ զարմանալի կենդանիներ է հայտնաբերել այնտեղ։ Մի խոսքով, անհավատալի ցնդաբանություն։ Հետագայում, կարծեմ, նրան հարկադրեցին հրաժարվելու իր խոսքերից։ Համենայն դեպս, նա լռեց։ Նրա վերջին փորձը Ռեյտերին տրված ինտերվյուն է։ Բայց այդ բանը փոթորիկ առաջացրեց, և նա իսկույն հասկացավ, որ գործը վատ է։ Այդ ամբողջ պատմությունը սկանդալային բնույթ ունի։ Ոմանք նրա պատմածները լուրջ բանի տեղ ընդունեցին, բայց շուտավ նա այդ սակավաթիվ պաշտպաններին էլ ետ վանեց իրենից։
― Ինչո՞վ։
― Իր անասելի կոպտությամբ և վրդովեցուցիչ վարքով։ Կենդանաբանական ինստիտուտի խեղճ Ուեդլին նույնպես անախորժություն ունեցավ։ Նա այպիսի բովանդակությամբ մի նամակ ուղարկեց Չելենջերին․ «Կենդանաբանական իստիտուտի դիրեկտորը հավաստում է իր հարգանքը պրոֆեսոր Չելենջերին և պատիվ կհամարի իրեն, եթե պրոֆեսորը ներկա գտնվի ինստիտուտի հերթական ժողովին»։ Պատասխանը միանգամայն անթույլատրելի էր։
― Չի՛ կարող պատահել։
― Խիստ մեղմացված տեսքով դա հնչում է մոտավորապես այսպես․ «Պրոֆեսոր Չելենջերը հավաստում է իր հարգանքը Կենդանաբանական ինստիտուտի դիրեկտորին և սիրալիրություն կհամարի նրա կողմից, եթե նա գրողի ծոցն անցնի»։
― Տե՜ր աստված։
― Այո, երևի նույն բանն ասաց նաև ծերուկ Ուեդլին։ Հիշում են նրա աղաղակը ինստիտուտի նույն ժողովում․ «Գիտության գործիչների հետ ունեցածս հիսուն տարվա շփման ընթացքում․․․»։ Ծերուկը բոլորովին կորցրել էր ոտքի տակի հողը։
― Դե, ուրիշ ինչ կպատմեք այդ Չելենջերի մասին։
― Ախր, ինչպես ձեզ հայտնի է, ես մանրէաբան եմ։ Ապրում եմ այն աշխարհում, որ երևում է ինը հարյուր անգամ մեծացող մանրադիտակով, իսկ այն, ինչ տեսանելի է չզինված աչքին, ինձ քիչ է հետաքրքրում։ Ես կանգնած եմ ճանաչելիի սահմանի պահպանության դիրքում և երբ ստիպված եմ լինում թողնել իմ աշխատասենյակն ու հանդիպել մարդկանց, ― անճոռնի ու կոպիտ այդ արարածներին, ― դա միշտ ինձ հավասարակշռությունից հանում է։ Ես կողմնակի մարդ եմ, գլուխ չունեմ բամբասանքների, բայց և այնպես Չելենջերի մասին եղած խծրծանքներից որոշ բան հասել է նաև իմ ականջին, որովհետև նա այն մարդկանցից չէ, որոնցից պարզապես կարելի է խույս տալ։ Չելենջերը խելոք մարդ է։ Նա մարդկային ուժի ու կենսունակության ակումուլյատոր է, բայց միաժամանակ կատաղի ֆանատիկ, որն իր նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չի դնում։ Այդ մարդը հասել է մինչև այնտեղ, որ վկայակոչում է ակնհայտորեն կեղծված ինչ֊որ լուսանկարներ, պնդելով, թե իբր դրանք բերված են Հարավային Ամերիկայից։
― Դուք նրան ֆանատիկ անվանեցիք։ Ինչո՞ւմն է արտահայտվում այդ ֆանատիզմը։
― Ինչում ուզես։ Նրա վերջին արտառոց վարմունքը Վեյսմանի էվոլյուցիոն թեորիայի վրա հարձակումներն են։ Ասում են, թե նա Վիեննայում մի մեծ սկանդալ է սարքել այդ առթիվ։
― Չէ՞ք կարող ավելի մանրամասն պատմել, թե բանն ինչ է։
― Ոչ, հիմա չեմ կարող, բայց մեր խմբագրությունում կան Վիեննայի կոնգրեսի արձանագրությունների թարգմանություններ։ Եթե ուզում եք ծանոթանալ, գնանք, ես ձեզ ցույց կտամ։
― Դա շատ հարմար կլիներ։ Ինձ հանձնարարված է ինտերվյու վերցնել այդ սուբյեկտից, ահա ուրեմն անհրաժեշտ է մոտեցման որևէ եղանակ գտնել։ Շատ շնորհակալ եմ օգնության համար։
Կես ժամ հետո ես նստած էի ամսագրի խմբագրատանը, առջևս դրված էր մի հաստ հատոր, բացված «Վեյսմանը Դարվինի դեմ» էջում, որ ուներ այսպիսի ենթավերնագիր․ «Բուռն բողոքներ Վիեննայում։ Աշխույժ վիճաբանություններ»։ Իմ գիտական պաշարը աչքի չի ընկնում հիմնավորությամբ, դրա համար էլ ես չէի կարող թափանցել վեճի բուն էության մեջ, բայց և այնպես մեկեն ինձ համար պարզ դարձավ, որ անգլիացի պրոֆեսորը վիճում էր ծայրահեղ սրությամբ, որով չափազանց գրգռում էր իր մայր ցամաքի կոլեգաներին։ Ես ուշադրություն դարձրի հենց առաջին երեք փակագծերին․ «Բողոքի բացականչություններ տեղերից», «Դահլիճում աղմուկ», «Ընդհանուր վրդովվմունք»։ Հաշվետվության մնացած մասը ինձ համար ոնց որ չինարեն։ Այնքան քիչ էի գլուխ հանում կենդանաբանությունից, որ ոչինչ չհասկացա։
― Գոնե դուք այս բաները մարդկային լեզվով թարգմանեցեք ինձ համար, ― աղաչեցի ես՝ դիմելով կոլեգայիս։
― Ախր սա հենց թարգմանությունն է որ կա։
― Այն ժամանակ ավելի լավ է դիմեմ բնագրին։
― Իսկապես, անիրազեկ մարդը դժվար է կարող հասկանալ, թե բանն ինչ է։
― Երանի կարողանայի այս ամբողջ անմտությունից դուրս քաղել մի միակ խելամիտ ֆրազ, որն իր մեջ որևէ որոշակի բովանդակություն ունենար։ Ահա, այ սա կարծես հարմար է։ Ես նույնիսկ համարյա հասկանում եմ։ Հիմա կարտագրենք։ Թող սա ծառայի իբրև կապող օղակ իմ և ձեր այդ սարսափելի պրոֆեսորի միջև։
― Ուրիշ բան չե՞ք ուզում։
― Ո՛չ, ո՛չ, սպասեք։ Ուզում եմ մի նամակով դիմել նրան։ Եթե թույլ տաք նամակը գրել այստեղ և օգտվել ձեր հասցեից, այդ ավելի ազդեցիք բնույթ կտա իմ ուղերձին։
― Այն ժամանակ Չելենջերն անմիջապես կներխուժի այստեղ և ջարդուփշուր կանի մեր ողջ կահ֊կարասին։
― Չէ, ի՜նչ եք ասում։ Նամակը ցույց կտամ ձեզ։ Հավատացնում եմ, որ ոչ մի վիրավորական բան չի լինի այնտեղ։
― Ինչ արած, նստեք իմ սեղանի մոտ։ Ահա թուղթ։ Նամակն ուղարկելուց առաջ տվեք ինձ գրաքննության։
Բավական երկար տքնեցի, բայց վերջ ի վերջո արդյունքը վատ չստացվեց։ Հպարտ իմ ստեղծագործությամբ, ես բարձրաձայն կարդացի այն հոռետեսորեն տրամադրված մանրէաբանին։
― «Մեծարգո պրոֆեսոր Չելենջեր։ Լինելով համեստ բնախույզ՝ ես խորին հետաքրքրությամբ եմ հետևում այն ենթադրություններին, որ Դուք արտահայտել եք Դարվինի և Վեյսմանի թեորիաների միջև գոյություն ունեցող հակասությունների առթիվ։ Վերջերս ես հնարավորություն ունեցա հիշողությանս մեջ թարմացնելու Ձեր․․․»։
― Անխիղճ ստախոս, ― քրթմնջաց Հենրի Տարպը։
― «․․․ Ձեր փայլուն նյութը Վիեննայի կոնգրեսում։ Շարադրված մտքերով խիստ հստակ այդ զեկուցումը պետք է համարել բնագիտության ասպարեզում գիտության վերջին խոսքը։ Սակայն այնտեղ ասված է ահա թե ինչ․ «Ես վճռականորեն առարկում եմ այն անընդունելի և գերդոգմատիկ պնդման դեմ, որ իբր յուրաքանչյուր մեկուսացած ինդիվիդ մի միկրոկոսմ է՝ օժտված օրգանիզմի պատմականորեն առաջացած կազմությամբ, որը (օրգանիզմը) մշակվել է աստիճանաբար, բազմաթիվ սերունդների ընթացքում»։ Արդյոք անհրաժեշտ չէ՞իքն համարի այդ բնագավառում կատարված վերջին հայտնագործությունների կապակցությամբ որոշ ուղղումներ մտցնել ձեր ասածներում։ Որոշ բռնազբոսիկություն չկա՞ դրանց մեջ։ Բարի եզեք ընդունել ինձ, քանի որ ինձ համար խիստ անհրաժեշտ է լուծել այդ հարցը, իսկ իմ գլխում ծագած որոշ մտքեր կարելի է զարգացնել միայն անձնական զրույցի ընթացքում։ Ձեր թույլտվությամբ պատիվ կունենամ այցելելու Ձեզ վաղը չէ մյուս օրը (չորեքշաբթի) առավոտյան ժամը տասնմեկին։ Մնամ, սըր, Ձեր խոնարհ ծառա, Ձեզ հարգող Էդուարդ Դ․ Մելոուն»։
― Դե, ինչպե՞ս է, ― հաղթականորեն հարցրի ես։
― Եթե ձեր խիղճը չի բողոքում․․․
― Նա դեռ երբեք չի դավաճանել ինձ։
― Բայց հետո ի՞նչ եք անելու։
― Կգնամ նրա մոտ։ Հաջողվե՜ր միայն մտնել նրա աշխատասենյակը, իսկ հետո կմտածեմ, թե ինչպես պետք է գործել։ Թերևս հարկ լինի մինչև իսկ անկեղծորեն ամեն ինչ խոստովանել։ Եթե պրոֆեսորը սպորտային ջիղ ունի, ես դրանով միայն կհաճոյանամ նրան։
― Կհաճոյանա՞ք։ Զգուշացեք, որ նա որևէ ծանր բանով չհասցնի ձեզ։ Խորհուրդ եմ տալիս ձեզ օղազրահ կամ ամերիկյան ֆուտբոլային կոստյում հագնել։ Դե, հաջողություն։ Պատասխանն այստեղ ձեզ կսպասի չորեքշաբթի առավոտյան, եթե միայն նա բարեհաճի պատասխանել։ Դա մի կատաղի, վտանգավոր սուբյեկտ է, ընդհանուր թշնամանքի թիրախ և ծիծաղի առարկա այն ուսանողների համար, որոնք չեն վախենում նրան գրգռելուց։ Ձեզ համար, թերևս, ավելի լավ կլիներ, եթե երբեք էլ չլսեիք Չելենջերի մասին։
==Գլուխ III «Դա բոլորովին անտանելի մարդ է»==
Բարեկամիս երկյուղներն ու հույսերը չարդրացան։ Երբ չորեքշաբթի օրը անցա նրա մոտ, ինձ սպասում էր կենսինգտոնյան դրոշմակ կրող նամակը։ Հասցեն խզբզած էր մի ձեռագրով, որը փշալար էր հիշեցնում։ Նամակի բովանդակությունն այս էր․
«Էնմոր֊Պարկ, Կենսինգտոն։
Սըր։
Ստացա ձեր նամակը, որով հավաստում եք, թե պաշտպանում եք իմ տեսակետը, որը, սակայն, ոչ ոքի պաշտպանության կարիքը չի զգում։ Խոսելով դարվինիզնի առթիվ իմ ասյութների մասին, Դուք համարձակություն եք ունեցել գործածել «ենթադրություններ» բառը։ Անհրաժեշտ եմ համարում նշել, որ տվյալ կոնտեքստում դա որոշ չափով վիրավորական է։ Սակայն, Ձեր նամակի բովանդակությունը համոզում է ինձ, որ ավելի շատ Ձեզ կարելի է մեղադրել տգիտության և անտակտության, քան թե որևէ վատ մտադրության մեջ, ուստի Դուք դրա համար անպատիժ կմնաք։ Դուք ցիտում եք իմ զեկուզումից դուրս կորզած մի ֆրազ և, ըստ երևույթին, այնքան էլ լավ չեք հասկանում այն։ Ինձ թվում է, որ այդ ֆրազի միտքը կարող է մութ մնալ միայն այնպիսի արարածի համար, որը կանգած է զարգացման ցածրագույն աստիճանի վրա, բայց եթե նա իրոք լրացուցիչ մեկնաբանություն է պահանջում, ապա ես պատրաստ եմ ընդունել Ձեզ Ձեր նշած ժամին, չնայած ամեն կարգի այցելություններն ու այցելուները անասելի տհաճություն են պատճառում ինձ։ Իսկ ինչ վերաբերում է իմ տեսության «որոշ ուղղումներին», ապա թող հայտնի լինի Ձեզ, որ ես հասուն դատողությամբ արտահայտելով իմ հայացքները, սովորություն չունեմ այլևս փոխել դրանք։ Երբ Դուք կգաք, բարի եղեք այս նամակի ծրարը ցույց տալ իմ ծառա Օստինին, քանզի նրա պարտականությունների մեջ է մտնում պաշտպանել ինձ այն աներես սրիկաներից, որոնք իրենց ռեպորտյորներ են անվանում։
Ձեզ հարգող՝
Ջորջ Էդուարդ Չելենջեր»։
Այդ էր իմ ստացած պատասխանը, և ես բարձրաձայն կարդացի այն Հենրի Տարպին, որը դիտմամբ ավելի վաղ էր եկել խմբագրություն, որպեսզի իմ համարձակ փորձի արդյունքները իմանա։ Տարպը սահմանափակվեց միայն հետևյալ դիտողությամբ։
― Ասում են՝ կա արյունահոսությունը դադարեցնող ինչ֊որ մի նոր միջոց՝ կուտիկուրա կամ դրա նման մի բան։ Նա փռնչուկից ավելի լավ է ազդում։
Հումորի ի՜նչ տարօրինակ ու անհասկանալի զգացումով են օժտված որոշ մարդիկ․․․
Նամակն ստացա տասն անց կեսին, բայց կեբն առանց ուշացման ինձ հասցրեց նշանակված տեղը։ Այն տունը, որի առաջ կանգ առանք, խիստ ազդեցիկ տեսք ուներ․ մեծ շքամուտքը և պատուհանների ծանր վարագույրները վկայում էին այդ ահեղ պրոֆեսորի բարեկեցության մասին։ Դուռն իմ առաջ բացեց թուխ, անորոշ տարիքի չորիկ֊մորիկ մի մարդ, որ հագին ուներ նավաստու սև բաճկոնակ, իսկ ոտքերին՝ կաշվե դարչնագույն զանգապաններ։ Հետո իմացա, որ նա վարորդ էր և կատարում էր ամենատարբեր պարտակնություններ, որովհետև ոչ մի ծառա չէր դիմանում այդ տանը։ Նրա բաց կապտագույն աչքերը ոտից գլուխ զննեցին ինձ քննական հայացքով։
― Ձեզ սպասո՞ւմ են, ― հարցրեց նա։
― Այո, ինձ տեսակցություն է նշանակված։
― Նամակը մոտնե՞րդ է։
Ես ցույց տվի ծրարը։
― Ճիշտ է։
Այդ մարդը ըստ երևույթին, չէր սիրում իզուր տեղը խոսքեր վատնել։ Ես միջանցքով հետևում էի նրան, երբ հանկարծ, երևի սեղանատան դռնից, արագ իմ առաջ ելավ մի կին։ Սև աչքերով, աշխույժ այդ կինը ավելի շատ նման էր ֆրանսուհու, քան անգլուհու։
― Մի րոպե, ― ասաց նա։ ― Սպասեցեք, Օստին։ Սը՛ր, այստեղ եկեք։ Թույլ տվեք հարցնել՝ դուք առաջ հանդիպե՞լ եք իմ ամուսնուն։
― Ո՛չ, տիկին, պատիվ չեմ ունեցել։
― Այդ դեպքում ես նախապես ներողություն եմ խնդրում ձեզանից։ Պետք է նախազգուշացնեմ ձեզ, որ նա բոլորովին անտանելի մարդ է, բառի լիակատար իմաստով, անտանելի։ Իմանալով այդ, դուք ներողամիտ կլինեք նրա նկատմամբ։
― Ես գնահատում եմ այդպիսի ուշադրությունը, տիկին։
― Հենց կտեսնեք, որ նա համբերությունից դուրս է գալիս, իսկույն դուրս փախեք սենյակից։ Մի հակաճառեք նրան։ Շատերն են արդեն հատուցել այդպիսի անզգուշության համար։ Իսկ հետո գործը բացվում է, և այդ շատ վատ է անդրադառնում թե՛ ինձ, թե՛ բոլորիս վրա։ Ինչի՞ մասին եք ուզում խոսել նրա հետ, արդյոք ո՞չ Հարավային Ամերիկայի։
― Ես կանանց առաջ չեմ կարող ստել։
― Աստվա՜ծ իմ։ Դա ամենավտանգավոր թեման է։ Դուք նրա ոչ մի խոսքին չեք հավատա, որը բոլորովին էլ ինձ չի զարմացնի։ Միայն թե ձեր անվստահությունը բարձրաձայն մի արտահայտեք, թե չէ՝ նա կսկսի մոլեգնել։ Այնպես ձևացրեք, թե հավատում եք նրան, այն ժամանակ, թերևս, ամեն ինչ բարեհաջող անցնի։ Չմոռանաք, որ նա համոզված է, թե ինքն իրավացի է։ Դրանում կարող եք չկասկածել։ Նա ինքը ազնվությունն է որ կա։ Հիմա գնացեք, հանկարծ ձեր ուշանալը կարող է նրան կասկածելի թվալ։ Իսկ երբ նկատեք, որ նա վտանգավոր է դառնում, իսկականից վտանգավոր, զանգը հնչեցրեք և աշխատեցեք պահել նրան մինչև իմ գալը։ Ես սովորաբար նույնիսկ ամենածանր րոպեներին կարողանում եմ զսպել նրան։
Այս սրտապնդիչ խոսքերով տիկինն ինձ հանձնեց լռակյաց Օստինի խնամակալությանը, որը մեր կարճ զրույցի ընթացքում կանգնել էր, ինչպես մեծագույն հանգստություն մարմնավորող բրոնզաձույլ արձան։ Նա ինձ առաջ տարավ։ Դռան թակոց, կատաղի ցուլի պատասխան մռնչյուն սենյակից, և ես դեմառդեմ կանգնած էի պրոֆեսորի առաջ։
Նա նստել էր գրքերով, քարտեզներով, դիագրամներով ծանրաբեռնված լայն սեղանի մոտ, պտտվող աթոռին։ Հենց որ ես ոտքս շեմքից ներս դրի, պտտվող աթոռը կտրուկ դարձավ դեպի ինձ։ Շունչս կանգ առավ այդ մարդու տեսքից։ Ես պատրաստ էի հանդիպելու ոչ բոլորովին սովորական անձնավորության, բայց այդպիսին մտքովս անգամ չէր անցել։ Ամենից շատ ինձ ապշեցրին նրա չափսերը։ Չափսերը և վեհապանծ կեցվածքը։ Կյանքումս նման վիթխարի գլուխ չէի տեսել։ Եթե ես հանդգնեի փորձել նրա ցիլիցնդրը, ապա, հավանորեն, մինչև ուսերս կթաղվեի դրա մեջ։ Պրոֆեսորի դեմքը և մորուքը ակամայից հիշեցնում էին ասորական ցուլերին։ Դեմքը խոշոր էր, մսոտ, մորուքը քառակուսի, կապտասև, որն ալիքաձև թափվում էր կրծքին։ Արտասովոր տպավորություն էին գործում նաև մազերը, որոնցից երկար մի փունջ ասես սոսնձված էր նրա լայն, թեք ճակատին։Գորշ կապտավուն պարզ աչքերը զննող, տիրական հայացքով նայում էին ինձ սև ու թավ հոնքերի տակից։ Ես տեսնում էի նրա լայն ուսերը, հուժկու, դուրս ընկած կուրծքը և սև, երկար, թանձր մազերով ծածկված երկու հսկայական ձեռքերը։ Եթե այս ամենին ավելացնենք որոտալից, ամպրոպանման ձայնը, ապա կհասկանաք, թե ինչպիսին էր իմ առաջին տպավորությունը նշանավոր պրոֆեսոր Չելենջերից։
― Դե՞, ― գրգռիչ տոնով դիմեց նա։ ― Ի՞նչ եք կամենում։
Ինր համար պարզ էր, որ եթե ամեն ինչ մեկեն խոստովանեմ, ինտերվյուն չի կայանա։
― Սըր, դուք այնքան բարի գտնվեցիք, որ համաձայնեցիկ ընդունել ինձ, ― խոնարհաբար սկսեցի ես ծրարը մեկնելով նրան։
Նա սեղանի տակից հանեց իմ նամակը և դրեց իր առաջ։
― Ա՜խ, դուք այն երիտասարդն եք, որ տարրական ճշմարտությունները չի՞ հասկանում։ Սակայն, որքան կարող եմ դատել, իմ ընդահնուր եզրակացությունները արժանացել են ձեր գովասանքին։
― Անշուշտ, սըր, անշուշտ։ ― Ես ջանացի իմ համոզմունքի ամբողջ ուժը դնել այդ խոսքերի մեջ։
― Ասացե՜ք խնդրեմ։ Ինչպե՜ս է այն ամրապնդում իմ դիրքերը․․․ Ձեր հասակը և արտաքինը կրկնակի արժեքավոր են դարձնում այդ պաշտպանությունը։ Դե ինչ, ավելի լավ է գործ ունենալ ձեզ հետ, քան թե այն խոզերի հոտի, որոնք Վիեննայում հարձակվեցին ինձ վրա, չնայած նրանց ճղճղոցն ավելի վիրավորական չէր, քան անգլիական վարազի խռնչյունը։ ― Եվ նա կատաղորեն փայլեցրեց աչքերը՝ մեկեն նմանվելով վերոհիշյալ ցեղի ներկայացուցչին։
― Նրանք կարծեմ, իրենց պահել են վրդովեցուցիչ կերպով, ― ասացի ես։
― Ձեր կարեկցանքն անտեղի է։ Համարձակվում եմ հավատացնել ձեզ, որ ես ինքս կարող եմ իմ թշնամիների հախից գալ։ Ջորջ Էդուարդ Չելենջերի մեջքը սեղմեք պատին, սըր, և դրանից ավելի մեծ ուրախություն չեք կարող պատճառել նրան։ Այսպես, ուրեմն, սըր, եկեք ամեն հնարավոր բան անենք, որպեսզի կարճենք ձեր այցելությունը։ Այդ բանը հազիվ թե երջանկացնի ձեզ, իսկ ինձ առավեկ ևս։ Որքան ես հասկանում եմ, դուք կամենում եք ձեր ինչ֊որ նկատառումներն արտահայտել այն թեզիսների առթիվ, որ ես իմ զեկուցման մեջ առաջ էի քաշել։
Նրա խոսելու եղանակի մեջ այնպիսի համարձակ անկեղծություն կար, որ խորամանկելը հեշտ չէր։ Բայց և այնպես որոշեցի ձգձգել այդ խաղը այն հաշվով, որպեսզի հնարավորություն ունենամ լավագույն քայլը կատարելու։ Հեռվից ամեն ինչ այնպե՜ս հասարակ էր թվում։ Օ՜, իմ իռլանդական հնարամտություն, մի՞թե դու ինձ չես օգնի այժմ, երբ ես ամենից շատ եմ քո կարիքն զգում։ Պողպատե աչքերի թափանցող հայացքն ինձ զրկում էր ուժերից։
― Դե, մի հարկադրեք սպասել ձեզ, ― թնդաց պրոֆեսորը։
― Ես, իհարկե, միայն նոր֊նոր եմ սկսում հաղորդակից լինել գիտությանը, ― ասացի ես ամենահիմար ժպիտով, ― և ավելի մեծ հավակնություն չունեմ, քան համեստ ուսումնասիրողի կոչումը։ Բայց և այնպես ինձ թվում է, թե այդ հարցում դուք ավելորդ խստություն եք հանդես բերել Վեյսմանի հանդեպ։ Մի՞թե այն ժամանակից մինչև հիմա ստացված ապացույցները չեն․․․ չեն ամրապնդում նրա դիրքերը։
― Ի՞նչ ապացույցներ, ― հարցրեց նա սպառնալից հանգստությամբ։
― Ինձ, իհարկե, հայտնի է, որ առայժմ ուղղակի ապացույցներ չկան։ Ես վկայում եմ, եթե կարելի է այսպես արտահայտվել, ժամանակակից գիտական մտքի ընդհանուր ընթացքը։
Պրոֆեսորը թեքվել էր սեղանին՝ կենտրոնացած հայացքը հառելով ինձ վրա։
― Պետք է որ ձեզ հայտնի լինի, ― ասաց նա, հերթով ծալելով ձախ ձեռքի մատները, ― որ, առաջին, գանգային ցուցիչը կայուն գործոն է։
― Անպայմա՛ն, ― պատասխանեցի ես։
― Եվ որ տելեգոնիան<ref>Տելեգոնիա ― ժառանգականության թեորիայի կեղծ ուսմունքներից մեկը</ref> առայժմ sub judice:<ref>sub judise ― կասկածի տակ</ref>
― Անշուշտ։
― Եվ որ սաղմնային պլազման տարբերվում է պարտենոգենետիկ<ref>Պարտենոգենեզիս ― առանց բեղմնավորման մայրական ձվաբջջում սաղմի զարգացման երևույթը։ Պատահում է միջատների որոշ տեսակների և բույսերի մոտ։</ref> ձվից։
― Ի՜նչ ասել կուզի, ― բացականչեցի ես՝ հիանալով սեփական հանդգնությամբ։
― Իսկ այդ ի՞նչ է ապացուցում, ― հարցրեց նա փափուկ, շողոքորթ ձայնով։
― Եվ իսկապես, ― ծամծմեցի ես, ― ի՞նչ է ապացուցում այդ։
― Ասե՞լ ձեզ, նույն շողոքորթ տոնով հարցրեց պրոֆեսորը։
― Բարի եղեք։
― Այդ ապացուցում է, ― անակնկալ ցասումով մռնչաց նա, ― որ ամբողջ Լոնդոնում ձեզ նման մի ուրիշ շառլատան չի գտնվի։ Դուք ստոր, անպատկառ մի ռեպորտյորիկ եք, որը նույնքան հեռավոր հասկացողություն ունի գիտության, որքան և մարդկային նվազագույն օրինավորության մասին։
Նա վեր թռավ աթոռից։ Նրա աչքերը վառվում էին խելահեղ չարությամբ։ Բայց և այնպես, անգամ այդ վտանգավոր րոպեին ես զարմացա տեսնելով, որ պրոֆեսոր Չելենջերը կարճահասակ է։ Նա իմ ուսերի բարձրությանն էր՝ մի տեսակ տափակեցրած Հերկուլես, որի կենսական ողջ հզորությունը ասես անցել էր ուսերի լայնքին, իրանի հաստությանը և խելքի ուժին։
― Ես ձեր առաջ անմտություններ դուրս տվի, սըր, ― բղավեց նա, ձեռքերը հենած սեղանին և վիզն առաջ պարզած։ ― Չտեսնված անհեթեթություններ։ Եվ ձեր խելքին փչեց չափվել ինձ հետ, դուք, որի ամբողջ ուղեղը վայրի ընկույզի չափ է։ Այս անիծյալ գրչակները ամենազոր են երևակայում իրենց։ Նրանք կարծում են, թե իրենց մի խոսքն իսկ հերիք է, որպեսզի բարձրացնեն մարդուն կամ ցեխին հավասարեցնեն։ Բոլորս պետք է խոնարհվենք նրանց առաջ՝ գովասանքներ աղերսելով։ Ահա սրան հարկ է հովանավորություն ցույց տալ, իսկ այս մեկին՝ ոչնչացնել․․․ Ես գիտեմ ձեր ստոր սովորությունները։ Արդեն շա՜տ բարձրից եք բռնում․․․ Մի ժամանակ համեստ էիք, իսկ այժմ կապներդ կտրել եք, ողորմելի դատարկաբաննե՛ր․․․ Ես ձեզ ձեր տեղը ցույց կտամ։ Այո, սըր Ջորջ Էդուարդ Չելենջերը ձեր ընկերը չէ։ Այդ մարդը թույլ չի տա իրեն հրամայել։ Նա զգուշացրեց ձեզ, բայց եթե այնուամենայնիվ դուք խցկվում եք նրա մոտ, ինքներդ ձեզ մեղադրեցեք։ Անձնատո՛ւր եղեք, սիրելի պարոն Մելոուն, անձնատուր։ Դուք վտանգավոր խաղ սկսեցիք, և ըստ իս, տանուլ տվիք։
― Լսեցեք, սըր, ասացի ես, ետ֊ետ գնալով դեպի դուռը և բանալով այն, ― դուք կարող եք հայհոյել, որքան սրտներդ ուզի, բան ամեն բան իր սահմանն ունի։ Ես թույլ չեմ տա բռունցքներով հարձակվել ինձ վրա։
― Ա՛խ, թույլ չե՞ք տա։ Նա սկսեց դանդաղ, սպառնալից տեսքով առաջ գալ, հետո հանկարծ կանգ առավ և հսկայական ձեռքերը դրեց կարճ բաճկոնակի գրպանները, որն ավելի շատ կսազեր փոքրիկ տղայի, քան տարեց մի մարդու։ Առաջին անգամը չէ, որ պիտի դուրս շպրտեմ ձեզ նման սուբյեկտին։ Դուք հաշվով չորրորդն եք կամ հինգերորդը։ Յուրաքանչյուրի համար միջին հաշվով երեք ֆունտ տասնհինգ շիլինգ տուգանք է վճարված։ Թանկ է, բայց, ինչ արած՝ անհրաժեշտություն է։ Իսկ այժմ, սըր, ինչո՞ւ դուք էլ ձեր կոլեգաների հետքերով չգնաք։ Ես անձամբ կարծում եմ, որ դա անխուսափելի է։
Նա նորից սկսեց ինձ համար խիստ տհաճ իր հարձակումը՝ ոտքի թաթերը դուրս դնելով, ինչպես պարերի իսկական դասատու։
Ես կարող էի շեշտակի թափով դուրս նետվել, բայց այդպիսի փախուստը համարում էի ամոթալի։ Բացի դրանից, սրտումս արդեն սկսեց բռնկվել արդար զայրույթը։ Մինչ այդ պահը իմ վարմունքը վերին աստիճանի դատապարտելի էր, բայց այդ մարդու սպառնալիքները մեկեն վերադարձրին սեփական իրավացիությանս զգացումը։
― Ձեռքներդ հեռու, սըր, ես այդ չեմ հանդուրժի։
― Ասացե՜ք խնդրեմ։ ― Նրա սև բեղերը վերև թռան, չարախնդորեն վերև բացված շրթունքների միջից փայլեցին շլացուցիչ, սպիտակ ժանիքները։ ― Ուրեմն չե՞ք հանդուրժի։
― Հիմար մի՛ ձևանաք, պրոֆեսոր, ― գոչեցի ես։ ― Ինչի՞ վրա եք հույս դնում։ Իմ քաշը երկու հարյուր ֆունտից ավելի է։ Ես երկաթի պես ամուր եմ և ամեն կիրակի ռեգբի եմ խաղում իռլանդական հավաքական թիմում։ Դուք ինձ հետ չեք կարող․․․
Բայց այդ րոպեին նա նետվեց ինձ վրա։ Բարեբախտաբար, ես արդեն բացել էի դուռը, թե չէ նրանից միայն տաշեղներ մնացած կլինեին։ Մենք անիվի պես գլորվեցինք ամբողջ միջանցքով մեկ՝ ինչ որ կերպ ճամփին մի աթոռ քարշ տալով հետներս։ Պրոֆեսորի մորուքը փակել էր ամբողջ բերանս, մենք սեղմում էինք մինյաց, մեր մարմիններն ամուր հյուսվել էին իրար, իսկ անիծյալ աթոռի ոտքերը շարունակ պտտվում էին մեր գլխին։ Արթուն Օստինը լայն բացեց մուտքի դուռը։ Մենք գլուխկոնծի տվինք աստիճաններով ցած։ Ես տեսել էի, թե ինչպես Մեք եղբայրները մի այդպիսի բան կատարում էին մյուզիկ֊հոլլում, բայց, հավանորեն, նման ատրակցիոնը պահանջում է որոշ պրակտիկա, այլապես առանց խեղանդամության գլուխ չես հանի։ Զարկվելով վերջին աստիճանին՝ աթոռը կտոր֊կտոր եղավ, իսկ մենք, արդեն իրարից անջատ, գլորվեցինք կեղտաջրի առուն։ Պրոֆեսորը թռավ ոտքի՝ բռունցքները թափահարելով և խռխռացնելով, ինչպես ասթմայով տառապող մարդ։
― Հերի՞ք է, ― բղավեց նա, հազիվ շունչը ետ բերելով։
― Խուլիգա՛ն, ― պատասխանեցի ես և դժվարությամբ վեր կացա տեղիցս։
Քիչ մնաց նորից իրար հասնեինք, քանի որ պրոֆեսորի մարտական շունչը դեռ չէր մարել, բայց ճակատագիրն ազատեց ինձ այդ հիմար վիճակից։ Բլոկնոտը ձեռքին մեր կողքին հայտնվեց ոստիկանը։
― Այս ի՞նչ է նշանակում։ Ինչպես չեք ամաչում, ― ասաց նա։ Այդ ամենաողջամիտ խոսքն էր, որ ես այդ օրը լսեցի Էնմոր֊Պարկում։ ― Դե, ― դիմեց ինձ ոստիկանը, ― բացատրեցեք, թե այս ի՞նչ է նշանակում։
― Առաջ նա հարձակվեց ինձ վրա, ― ասացի ես։
― Ճի՞շտ է, որ առաջ դուք հարձակվեցիք, ― հարցրեց ոստիկանը։
Պրոֆեսորը ի պատասխան միայն ֆսֆսացնում էր։
― Այս արդեն քանիերորդ դեպքն է, ― ասաց ոստիկանը գլուխը խստորեն տարուբերելով։ ― Անցյալ ամիս էլ դուք անախորժություններ ունեցաք ճիշտ այսպիսի առիթով։ Երիտասարդի աչքը վնասված է։ Դուք մեղադրանք ներկայացնո՞ւմ եք, նրան, սըր։
Հանկարծ ես մեղմացա։
― Ո՛չ, չեմ ներկայացնում։
― Ինչո՞ւ, ― հարցրեց ոստիկանը։
― Այստեղ ես էլ եմ մեղավոր։ Ինքս խնդրեցի ընդունել։ Նա ազնվորեն նախազգուշացրեց ինձ։
Ոստիկանը փակեց բլոկնոտը։
― Որպեսզի այս այլանդակություններն այլևս չկրկնվեն, ― ասաց նա։ ― Դե լավ։ Ցրվեցե՜ք, ցրվեցե՜ք։
Դա վերաբերում էր մսի խանութի տղային, մի աղախնի և երկու֊երեք պարապ֊սարապների, որոնք արդեն հավաքվել էին մեր շուրջը։ Ոստիկանը քայլեց մայթով, այդ փոքրիկ հոտը առաջն արած։ Պրոֆեսորը նայեց ինձ, և նրա աչքերում մի ուրախ կայծ շողաց։
― Ներս եկեք, ― ասաց նա։ ― Ես դեռ ասելիքս չեմ վերջացրել ձեզ հետ։
Չնայած այդ խոսքերը չարագուշակ հնչեցին, բայց ես հետևեցի նրան։ Օստինը, որ նման էր փայտե աստծու, դուռը ծածկեց մեր ետևից։
<references />