Changes
Եվ իսկույն, իրեն կշտամբելով այդ պարծենկոտության համար, նա այնպես պինդ սեղմեց թիկնաթոռի արմունկները, որ նրա մատները, մղկտացին։ Նույն պահին նա տեսավ, որ մի տիկին մտավ սենյակը։ Աղջիկն իսկույն վեր կացավ նրան դիմավորելու։ Նրանք համբուրվեցին և գրկախառն դիմեցին նրան"։ Մարտինը վճռեց, որ նա հավանորեն աղջկա մայրն է։ Նա բարձրահասակ, խարտյաշ մի կին էր, համաչափ և գեղեցիկ, շքեղ հագնված, ինչպես վայել է մի այդպիսի տան տիկնոջ։ Նրա հագուստի նուրբ գծերը հաճելի էին դիտողի աչքին։ Մարտին Իդենի մտքովն անցան այն կանայք, որոնց նա տեսել էր բեմում։ Հետո նա հիշեց, որ այդպիսի պատկառելի տիկինների, նույնպես հագած, նա տեսել է Լոնդոնի թատրոնների նախասրահներում, ուր նա չռում էր իր աչքերը նրանց վրա, մինչև որ ոստիկանը նրան դուրս էր անում անձրևի տակ։ Դրանից հետո երևակայությունը նրան տարավ Իոկոհամա, Գրանդ-Օտել, ուր նույնպես հեռվից նա տեսել էր այդպիսի տիկինների։ Իսկույն նրա աչքի առաջ եկան Իոկոհամայի, քաղաքի և նավամատույցի հարյուրավոր պատկերներ։ Բայց նա ստիպեց իրեն փակել հիշողության կալեյդոսկոպը և կենտրոնացնել ամբողջ ուշադրությունը ներկայի վրա։ Նա կռահեց, որ պետք է վեր կենա և ներկայանա. նա դժվարությամբ վեր կացավ թիկնաթոռից զգալով, թե ինչպես խայտառակ կերպով փքվել են իր տաբատի ծնկները։ Նրա ձեռքերը անզոր կախված մնացին, իսկ դեմքը, առաջիկա փորձության մասին մտածելով, մռայլ արտահայտություն ստացավ։
{{Գլուխ|Մարտին Իդեն|~|Մարտին Իդեն, Գլուխ II}}