Changes
/* Գլուխ V «Դա դեռ փաստ չէ» */
― Եթե չեմ սխալվում, դուք միստր Մելոո՞ւնն եք, ― ասաց նա։ ― Այսուհետև մենք ընկերներ կլինենք։ Ես ապրում եմ այստեղից երկու քայլի վրա, Օլբենիում։ Թերևս, դուք մի կես ժամ տրամադրե՞ք ինձ։ Ես շատ եմ ուզում որոշ բաների մասին խոսել ձեզ հետ։
==Գլուխ II «Ինձ կոչում էին աստծու խարազան»==
Լորդ Ջոն Ռոքստոնը թեքվեց դեպի Վիգո֊ստրիտ, և մենք իրար ետևից անցնելով մի շարք կեղևաթափ նախամուտքեր, խորացանք դեպի Օլբենի փողոցը՝ այդ նշանավոր արիստոկարատական միջնանոցը։ Երկար, մութ միջանցքի վերջում իմ նոր ծանոթը հրեց դուռը և անջատիչը պտտեց։ Վառ լուսամփոփավոր լամպերը հսկայական սենյակը լցրին սուտակե լույսով։ Դեռ շեմքից նայելով, ես մեկեն զգացի այստեղ շքեղության, նուրբ կոմֆորտի ու միաժամանակ առնականության մի մթնոլորտ։ Սենյակը խոսում էր այն մասին, որ այդտեղ անխոնջ պայքար է գնում նրա հարուստ տիրոջ նուրբընտիր ճաշակի և ամուրիական թափթփվածության միջև։ Հատակը ծածկված էր խավոտ մորթիներով և ծիածանի բոլոր երանգների տարօրինակ գորգերով, բերված, հավանորեն, ինչ֊որ արևմտյան շուկաներից։ Պատերին կախված էին յուղանկարներ ու քանդականկարներ, որոնց արժեքավորությունը նկատելի էր մինչև իսկ ինձ, չնայած իմ անփորձությանը։ Բռնցքամարտիկների, պարուհիների ու արշավաձիերի լուսանկարները հաշտ կերպով ապրում էին զգայական Ֆրագոնարի, Ժիրարդեի մարտատեսարանների և երազող Տերների<ref>Ֆրագոնար(1732-1806), Ժիրարդե ― ֆրանսիացի նկարիչներ։ Տերներ (1775-1851) ― անգլիացի խոշորագույն բնանկարիչ։</ref> հետ։ Սակայն այդ պերճանքի մեջ կային և այլ իրեր, որոնք կենդանի կերպով հիշեցնում էին, որ լորդ Ջոն Ռոքստոնը մեր օրերի ամենանշանավոր որսորդներից ու սպորտսմեններից մեկն էր։ Բախարու վերևում խաչաձևված երկու թիակները՝ մուգ կապույտ ու կարմիր, խոսում էին Օքսվորդում մի ժամանակ թիավարությամբ տարվելու մասին, իսկ նույն տեղում կախված մարտասուսերներն ու բռմցքամարտի ձեռնոցները վկայում էին, որ դրանց տերը դափնիներ է վաստակել նաև այդ բնագավառներում։ Ողջ սենյակը, ճարտարապետական ֆրիզի նման, գոտևորում էին աշխարհի բոլոր ծայրերից բերված խոշոր գազանների գլուխները, իսկ այդ հոյակապ հավաքածուի մարգարիտը կազմում էր շրթունքը գոռոզությամբ դուրս ցցած մի հազվագյուտ սպիտակ ռնգեղջույրի գլուխ։
Սենյակի մեջտեղում կարմիր խավոտ գորգի վրա դրված էր Լյուդովիկոս XV֊ի դարաշրջանի մի սև սեղան՝ ոսկե դրվագումներով՝ անտիկվարային մի սքանչելի իր, որը սրբապղծորեն ծածկված էր գավաթների հետքերով և սիգարի մնացորդների այրվածքներով։ Սեղանի վրա մի արծաթե մատուցարան կար՝ ծխելու պարագաներով և շշերով լի, և խիստ մաքրված մի պահարանիկ։ Լռակյաց տանտերն իսկույն լցրեց երկու բարձր գավաթ և վրան սիֆոնից սոդայաջուր ավելացրեց։ Ձեռքով ցույց տալով բազկաթոռը, նա իմ գավաթը դրեց փոքրիկ սեղանին և մի երկար, ողորկ սիգար մեկնեց ինձ։ Հետո նստեց դեմուդեմ և ինձ վրա հառեց իր տարօրինակ կապույտ աչքերի ուշադիր հայացքը, աչքեր, որոնք առկայծում էին, ինչպես լեռնային սառցապատ լիճը։
Սիգարի ծխի նուրբ շղարշի միջով ես զննում էի նրա դեմքը, որ ծանոթ էր ինձ բազմաթիվ լուսանկարներից՝ սապատավոր քիթ, նիհար, փոս ընկած աչքեր, մուգ կարմրաշեկ մազեր, որոնք գագաթին արդեն նոսրացել են, ոլորված բեղեր, փոքրիկ, բայց գրգռիչ այծմորուք։ Նրա մեջ ինչ֊որ բան կար և՛ Նապոլեոն III֊ից, և՛ Դոն Կիխոտից, և՛ տիպիկ անգլիական ջենտլմենից, որը սպորտի, շների և ձիերի սիրահար է։ Արևն ու քամին պղնձի պես կարմրացրել էին նրա մաշկը։ Ցած կախված թավ հոնքերը նրա առանց այն էլ սառը աչքերին համարյա կատաղի արտահայտություն էին տալիս, իսկ կնճիռներով ակոսված ճակատը միայն խորացնում էր հայացքի այդ կատաղիությունը։ Նրա մարմինը նիհարավուն էր, բայց ամուր, իսկ ինչ վերաբերում է անխոնջությանը և ֆիզիկական դիմացկունությանը, ապա շատ անգամներ ապացուցված էր, որ այդ ուղղությամբ Անգլիայում նա քիչ մրցակիցներ ունի։ Չնայած իր վեց ոտնաչափից ավելի բարձրության, նա թվում էր միջահասակ․ դրա պատճառը մի փոքր կորացածությունն էր։
Այդպիսին էր նշանավոր լորդ Ռոքստոնը, որն այժմ սիգարը ծամելով, ուշադիր զննում էր ինձ և ոչ մի խոսքով չէր խանգարում երկարող անհարմար լռությունը։
― Դե, ― վերջապես խոսեց նա, ― արդեն նահանջել չի կարելի, սիրելի երիտասարդ։ Այո, մենք գլխապատառ ցատկեցինք դեպի ինչ֊որ անհայտություն։ Բայց երբ դուք դահլիճ մտաք, հավանորեն, այդ բանը ձեր մտքովն իսկ չէր անցնում։
― Չէի էլ երևակայում։
― Ճիշտ որ, ես էլ չէի երևակայում։ Իսկ այժմ մենք մինչև ականջներս խրված ենք այդ պատմության մեջ։ Տեր իմ աստված, բայց ախր ընամենը երեք շաբաթ է, ինչ ես վերադարձել եմ Ուգանդայից, նոր եմ Շոտլանդիայում կոտեջ վարձել, պայմանագիր ստորագրել և հանկարծ այդպիսի բաներ։ Այ քեզ գո՜րծ։ Երևի ձեր բոլոր ծրագրե՞րն էլ քամուն տրվեցին։
Դե չէ, դա իմ արհեստն է․ ախր ես ժուռնալիստ եմ, աշխատում եմ «Դեյլի գազետ»֊ում։
― Այո, իհարկե, չէ՞ որ դուք այդ մասին ասացիք։ Ի դեպ, այստեղ մի գործ կա․․․ Չե՞ք հրաժարվի օգնել։
― Սիրով կօգնեմ։
― Միայն թե վտանգավոր է․․․ Նախքան համաձայնելը լավ մտածեցեք։
― Իսկ ինչո՞ւմն է վտանգը։
― Ես ձեզ պետք է տանեմ Բիլլինգերի մոտ, ահա թե ինչ։ Լսե՞լ եք նրա մասին։
― Ոչ։
― Ի՞նչ եք ասում, երիտասարդ, դուք որ աշխարհում եք ապրում։ Սըր Ջոն Բիլլինգերը մեր լավագույն ժոկեյն է։ Ուղիղ ճամփի վրա ես դեռ կարող եմ նրա հետ չափվել, բայց արգելակներով մրցավազքում նա ինձ իսկույն գրպանը կդնի։ Ահա, ուրեմն, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երբ Բիլլինգերը վերջացնում է վարժեցումը, սկսում է խմել։ Այդ բանը նրա մոտ կոչվում է «գիծը շտկել»։ Երեքշաբթի օրը նա կոնծել էր մինչև աչքերի առաջ մթնելը և մինչև հիմա մոլեգնում է։ Նրա սենյակը ճիշտ իմի վերևումն է։ Բժիշկներն ասում են, որ եթե խեղճին թեկուզ ուժով չկերակրես, կորած է։ Սույն ջենտլմենի ծառաները գործադուլ են հայտարարել, քանի որ նա պառկած է մահճակալին, լցրած ատրճանակը ձեռքում և սպառնում է բոլոր վեց գնդակներն էլ շարել առաջին պատահած մարդու կրծքին, ով կխցկվի նրա մոտ։ Պետք է ասել, որ ընդհանրապես Ջոնը անզիջում մարդ է և, բացի դրանից, անվրեպ կրակող, բայց հո չի կարելի թույլ տալ, որ ազգային Մեծ մրցանակը շահող ժոկեյը կորչի այդպիսի անփառունակ մահով։ Ինչպե՞ս եք նայում այս բանին։
― Իսկ դուք ի՞նչ եք մտադիր ձեռնարկել, ― հարցրի ես։
― Ավելի լավ է հարձակվել նրա վրա երկուսով։ Միգուցե այժմ նա քնած է։ Վատագույն դեպքում մեզնից մեկը կվիրավորվի, մինչդեռ մյուսը կկարողանա նրան կաշկանդել։ Եթե մեզ հաջողվի նրա ձեռքերը կապկպել բազմոցի ծածկոցով, իսկ հետո հեռախոսով շտապ բժիշկ կանչել ստամոքսային զոնդով, մեր աղավնյակը մի լավ կընթրի։
Երբ մարդու գլխին անսպասելիորեն այսպիսի խնդիր է փլվում՝ ուրախանալու հարկ չկա։ Ես ինձ շատ էլ կտրիչ չեմ համարում։ Ամեն մի նոր, անստույգ բան նախապես շատ ավելի զարհուրելի է թվում ինձ, քան լինում է իսկապես։ Այդպիսին է մաքուր իռլանդական վառ երևակայության հատկությունը։ Մյուս կողմից, ինձ միշտ էլ վախեցրել է այն միտքը, թե ես կարող եմ մեղադրվել խայտառակ վախկոտության մեջ, որովհետև փոքրուց նրա հանդեպ զարհուրանք եմ ներշնչել ինձ։ Համարձակվում եմ ասել, որ եթե մեկնումեկը կասկածեր իմ քաջությանը, ես կարող էի անդունդ նետվել, բայց ոչ թե քաջությունը կդրդեր ինձ այդ բանին, այլ հպարտությունը և վախկոտ համարվելու երկյուղը։ Ուստի, չնայած ես մտովի ցնցվեցի՝ պատկերացնելով վերևում խմելուց ցնդած մի արարածի, բայց և այնպես կարողացա այնքան զսպել ինձ, որպեսզի համաձայնությունս տամ ամենաանփույթ եղանակով, որին միայն ընդունակ էի։ Լորդ Ռոքստոնն սկսեց նկարագրել մեր առաջիկա խնդրի վտանգավորությունը, բայց այդ միայն համբերությունից հանեց ինձ։
― Խոսելով գործին չես օգնի, ― ասացի ես։ ― Գնանաք։
Ես ոտքի կանգնեցի, նա էլ իմ ետևից։ Հետո, կարճ ծիծաղելով, նա բռունցքով բոթեց կրծքիս և նորից նստեցրեց բազկաթոռին։
― Լավ, երիտասարդ․․․ համարել պիտանի։
Զարմանքով աչքերս չռեցի նրա վրա։
― Այսօր առավոտյան ես ինքս Ջոն Բիլլինգերի մոտ էի։ Նա կրակեց ինձ վրա և ընդամենը ծակեց իմ կիմոնոն՝ փառք աստծու, ձեռքերը դողում էին։ Բայց մենք այնուամենայնիվ զսպաշապիկ հագցրինք նրան, այնպես որ մի քանի օրից հետո ծերուկը լիովին առողջացած կլինի։ Դուք ինձ վրա չե՞ք բարկանում, աղավնյակս։ Մեր մեջ ասած, դեպի Հարավային Ամերիկա կատարվող այս էքսպեդիցիան չափազանց լուրջ գործ է, և ես ուզում եմ այնպիսի ուղեկից ունենալ, որին կարելի է վստահել։ Ուստի ես մի փոքրիկ քննություն սարքեցի ձեզ համար և պետք է ասեմ, որ դուք պատվով դուրս եկաք այդ դրությունից։ Հասկանում եք անշուշտ, որ մենք ստիպված կլինենք հույսներս դնել միայն մեզ վրա, որովհետև այդ ծերուկ Սամերլիին առաջին իսկ քայլերից դայակ հարկավոր կլինի։ Ի դեպ, դուք այն Մելոունը չե՞ք, որը պետք է խաղա իռլանդական խմբում ռեգբիի առաջնության համար։
― Այո, բայց, հավանորեն, իբրև պահեստի խաղացող։
― Ասեմ, ախր, որ ինձ թվաց, թե մի տեղ ձեզ տեսել եմ։ Ձեր հանդիպումը ռիչմոնդցիների հետ՝ ամբողջ սեզոնի լավագույն խաղն էր։ Ես աշխատում եմ ռեգբիի ոչ մի խաղ բաց չթողնել, չէ՞ որ դա սպորտի ամենաանվեհեր տեսակն է։ Սակայն ես ձեզ հրավիրեցի բոլորովին էլ ոչ նրա համար, որպեսզի ռեգբիի մասին խոսեմ։ Զբաղվենք գործով։ Ահա այստեղ, «Թայմսի» առաջին էջում, շոգենավերի չվացուցակն է։ Շոգենավը մինչև Պարա<ref>Պարա ― քաղաք և նավահանգիստ Հյուսիսային Բրազիլիայում։</ref> մեկնում է չորեքշաբթի օրը, և եթե դուք պրոֆեսորի հետ պատրաստ լինեք, մենք այդ շոգենավով էլ կգնանք։ Դե, համաձա՞ն եք։ Լավ, ես ամեն ինչի մասին կխոսեմ նրա հետ։ Իսկ ինչպե՞ս է ձեր հանդերձանքի հարցը։
― Այդ մասին կհոգա իմ թերթը։
― Դուք կրակել կարողանո՞ւմ եք։
― Մոտավորապես տերիտորիալ զորքերի միջակ հրաձքի նման։
― Միա՞յն։ Աստվա՞ծ իմ։ Դուք, երիտասարդներդ, դա համարում եք անկարևոր մի բան։ Բոլորդ էլ անխայթոց մեղուներ եք։ Այդպիսիները չեն կարող պահպանել իրենց փեթակը։ Այ, կհիշեք իմ խոսքը․ որևէ մեկը մեղրի համար ներս կընկնի ձեզ մոտ, և տեսնենք ինչ կանեք այդ ժամանակ։ Ոչ, Հարավային Ամերիկայում պետք է զենքի հետ հմտորեն վարվել, որովհետև, եթե մեր բարեկամ պրոֆեսորը խաբեբա և խելագար չէ, մեզ այնտեղ խիստ հետաքրքրական բաներ են սպասում։ Ի՞նչ զենք ունեք։
Լորդ Ռոքստոնը մոտեցավ կաղնեփայտե պահարանին, բացեց դռնակը, և ես տեսա երգեհոնի խողովակների նման իրար կողքի շարված հրացանների մետաղափայլ փողերը։
― Հիմա տեսնենք, թե ինչ կարող եմ զոհաբերել ձեզ համար իմ զինանոցից, ― ասաց լորդ Ռոքստոնը։
Նա սկսեց իրար ետևից դուրս հանել հոյակապ հրացաններ․ բացում էր դրանք, փակաղակները չրխկացնում և, քնքշորեն շոյելով, ինչպես մայրն իր ձագուկներին, նորից դնում էր տեղները։
― Ահա սա «բլենդ» է։ Սրանով ես տապալեցի ահա այն հսկային։ ― Նա նայեց դեպի սպիտակ ռնգեղջույրի գլուխը։ Մի տասը քայլ մոտիկ լինեի, այդ գազանն ինձանով կլարցներ իր հավաքածուն։ Հուսով եմ, որ դուք լա՞վ եք ճանաչում Գորդոնին։
Գնդակն է միակ իմ հույսը,
Թույլերի պաշտպանն է նա։
Դա մի բանաստեղծ է, որը գովերգում է ձիուն, հրացանը և նրանց, ովքեր կարողանում են վարվել թե՛ մեկի և թե՛ մյուսի հետ։ Ահա ևս մի օգտակար իր՝ հեռադիտակային նշանացույց, կրկնաէժեկտոր, հիանալի նշանառություն։ Երեք տարի առաջ ես այս հրացանով դուրս եկա պերուական ստրկավաճառների դեմ։ Այն վայրերում ինձ անվանում էին աստծու խարազան, չնայած դուք իմ անունը ոչ մի Կապույտ գրքում չեք գտնի։ Լինում են ժամանակներ, աղավնյակս, երբ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հանդես գալ ի պաշտպանություն մարդկային իրավունքների և արդարության, որպեսզի իր նկատմամբ հարգանքը չկորցնի։ Ահա թե ինչու ես այնտեղ մի տեսակ պատերազմ էի մղում սեփական ռիսկով։ Ինքս այն հայտարարեցի, ինքս կռվում էի, ինքս էլ հասցրի իր վախճանին։ Ամեն մի խազը իմ կողմից սպանված մի սրիկա է։ Տեսեք, մի ողջ սանդուղք է։ Ամենամեծ նշանն արվել է այն ժամանակ, երբ ես Պուտումայոյի գետնախորշերից մեկում սպանեցի Պեդրո Լոպեսին՝ ստրկավաճառներից խոշորագույնին․․․ Իսկ ահա սա ձեզ կսազի։
Նա պահարանից հանեց մի հիանալի, արծաթազարդ հրացան։
― Նշանացույցը միանգամայն ճիշտ է, պահեստատուփը՝ հինգ փամփուշտի։ Ձեր կյանքը համարձակորեն կարող եք վստահել սրան։
Լորդ Ռոքստոնը հրացանը մեկնեց ինձ և պահարանը փակեց։
― Ի դեպ, ― շարունակեց նա՝ նորից նստելով բազկաթոռին, ― ի՞նչ գիտեք այդ պրոֆեսոր Չելենջերի մասին։
― Ես այսօր կյանքում առաջին անգամ տեսա նրան։
― Ես նույնպես։ Տարօրինակ է, չէ՞, որ մենք պատրաստվում ենք ճանապարհորդության՝ հավատալով մեզ բոլորովին անծանոթ մի մարդու խոսքերին։ Նա, կարծեմ, բավականաչափ հանդուգն անձնավորություն է և սեր չի վայելում իր եղբայրակից գիտնականների շրջանում։ Ինչո՞ւ հետաքրքրվեցիք նրանով։
Ես համառոտակի պատմեցի առավոտյան իրադարձությունների մասին։ Լորդ Ռոքստոնը ուշադիր լսեց ինձ, հետո բերեց Հարավային Ամերիակայի քարտեզը և փռեց սեղանին։
― Չելենջերը ճիշտ է ասում, զուտ ճշմարտություն, ― լրջությամբ ասաց նա։ ― Եվ, ի նկատի ունեցեք, ես այդ պնդում եմ ոչ առանց մտածելու։ Հարավային Ամերիկան իմ սիրած երկիրն է, և, եթե, ասենք, կտրես անցնես այն Դարյենի ծոցից մինչև Հրո Երկիրը, դրանցից ամվելի մեծասքանչ ու փարթամ վայրեր չես գտնի ողջ երկրագնդի վրա։ Այդ երկիրը քիչ գիտեն, իսկ թե ինչպիսի ապագա է դպասում նրան՝ ոչ ոք չի էլ գուշակում։ Ես լայնությամբ ու երկայնությամբ ոտի տակ եմ տվել Հարավային Ամերիկան, երաշտի ժամանակ երկու անգամ եղել եմ այն վայրերեում, ուր պատերազմել եմ ստրկավաճառների դեմ, որի մասին արդեն պատմեցի ձեզ։ Եվ իրոք, այնտեղ լեգենդներ եմ լսել նման թեմաներով։ Դրանք ընդամենը միայն հնդկական ավանդություններ են, որոնց ետևում, սակայն, ինչ֊որ բան թաքնված է անպայմանորեն։ Որքան մոտիկից ես ճանաչում Հարավային Ամերիկան, բարեկամս, այնքան ավելի ես սկսում հավատալ, որ այդ երկրում ամեն ինչ հնարավոր է, վճռականապես ամեն ինչ։ Մարդիկ այնտեղ շարժվում են նեղլիկ գետակներով, իսկ նրանց ետևից սկսվում է լիակատար անհայտությունը։ Ահա այստեղ, Մարո֊Գրոսս սարահարթում, ― նա սիգարով քարտեզի վրա ցույց տվեց տեղը, ― կամ այս անկյունում, ուր երեք պետության սահմաններն իրար են հանդիպում, ոչ մի բան ինձ չի զարմացնի։ Ինչպես ասաց այսօր Չելենջերը, Ամազոնը ոռոգում է հիսուն հազար քառակուսի մղոն տարածություն, որը ծածկված է արևադարձային անտառներով, մի տարածություն, որը համարյա հավասար է Եվրոպային։ Չհեռանալով Բրազիլական ջունգլիներից՝ մենք կարող ենք գտնվել իրարից այնպիսի հեռավորության վրա, որն ընկած է Շոտլանդիայի և Կոստանդնուպոլսի միջև։ Մարդը միայն որոշ տեղերում է կարողացել անցնել այդ թավուտների միջով և արահետներ թողնել։ Հապա ի՜նչ է լինում անձրևների շրջանում։ Ամազոնի ջրի մակարդակը բարձրանում է ամենաքիչը քառասուն ոտնաչափ և շուրջն ամեն ինչ վերածում անանցանելի ճահճուտների։ Հենց այդպիսի երկրում էլ պետք է սպասել ամեն տեսակ հրաշքներ ու գաղտնիքներ։ Եվ ինչո՞ւ մենք չպիտի լուծենք այդ գաղտնիքները։ Այդ ամենից բացի, ― լորդ Ռոքստոնի տարօրինակ դեմքը լուսավորվեց գոհունակության ժպիտով, ― այնտեղ ամեն քայլափոխին հարկ կլինի կյանքը վտանգի ենթարկել, իսկ ինձ իբրև սպորտսմենի, ուրիշ բան պետք էլ չէ։ Ես նման եմ գոլֆի հին գնդակի՝ սպիտակ ներկն իմ վրայից վաղուց թափվել է, այնպես որ այժմ կյանքն ինչպես կամենա, կարող է վարվել ինձ հետ, քերծվածքներ չեն մնա։ Իսկ ռիսկը, սիրելի երիտասարդ, հատուկ սրություն է հաղորդում մեր գոյությանը։ Միայն այդ ժամանակ արժե ապրել։ Մենք շատ ենք քնքշացել, խամրել, վարժվել ենք բարեկեցության։ Ոչ, տվեք ինձ մի հրացան, անսահման տարածություններ և հորիզոնի անպարփակ լայնությունը, և ես ճամփա կընկնեմ որոնելու այն, ինչը արժե որոնել։ Ինչե՜ր ասես, որ չեմ փորձել իմ կյանքում՝ և կռվել եմ, և՛ մասնակցել ձիարշավների, և՛ սավառնակով թռել, սակայն հրեշների որսը, հրեշներ, որոնց կարող ես տեսնել միայն ծանր ընթրիքից հետո, երազում՝ այդ բանն ինձ համար բոլորովին նոր զգացողություն է։
Նա ուրախ ծիծաղեց՝ կանխաճաշակելով այն, ինչ սպասում էր նրան առաջիկայում։
Միգուցե ես չափից դուրս տարվեցի իմ նոր ծանոթի նկարագրությամբ, բայց մենք շատ օրեր միասին ենք անցկացնելու, ուստի ուզում եմ այդ մարդուց ստացած իմ առաջին տպավորությունը հաղորդել նրա բնավորության, խոսքի և մտածողության բոլոր առանձնահատկություններով։
Միայն ժողովի մասին խմբագրությանը հաշվետվություն տանելու անհրաժեշտությունն ինձ ստիպեց թողնել լորդ Ռոքստոնի ընկերակցությունը։ Երբ ես հեռացա, նա նստած էր լամպի կարմրավուն լույսով ողողված բազկաթոռին, յուղում էր իր սիրած հրացանի փակաղակը և կամացուկ ծիծաղում, մտածելով այն արկածների մասին, որ ճակատագիրը պատրաստել էր մեզ համար։ Ես եկա այն հաստատ համոզման, որ եթե մեզ վտանգներ են սպասում, ապա լորդ Ռոքստոնից ավելի սառնարյուն ու խիզախ ուղեկից ամբողջ Անգլիայում չեմ կարող գտնել։
Որքան էլ ինձ հոգնեցրել էին այդ օրվա արտասովոր դեպքերը, այնուամենայնիվ, ես երկար նստեցի «Վերջին նորությունների» բաժնի խմբագիր Մակ֊Արդլի հետ, բացատրլով նրան բոլոր հանգամանքները, որոնց մասին նա անհրաժեշտ էր համարում վաղն ևեթ տեղյակ պահել մեր պատրոնին՝ սըր Ջորջ Բոմոնտին։ Պայմանավորվեցինք, որ ես Մակ֊Արդլին նամակի ձևով մանրամասն հաշվետվություններ կուղարկեմ իմ բոլոր արկածների մասին, որոնք կտպագրվեն թերթում կամ ստանալուց հետո անմիջապես, կամ հետագայում՝ նայած պրոֆեսոր Չելենջերի վավերացման, քանի որ մենք դեռ չգիտեինք, թե որոնք են լինելու այն պայմանները, որոնց շնորհիվ նա կհամաձայնի Անհայտ երկիրը ճանապարհորդելու համար անհրաժեշտ տեղեկություններ տալ մեզ։ Ի պատասխան հեռախոսով արած մեր հարցման, մենք պրոֆեսորից այլ բան չլսեցինք, բացի մամուլի հասցեին կատաղի հարձակումներից, բայց հետո նա այնուամենայնիվ ասաց, որ եթե իրեն տեղյակ պահեն մեր մեկնելու օրը և ժամը, ինքը նավ կբերի այն հրահանգները, որ անհրաժեշտ կհամարի։ Մեր երկրորդ հարցումը մնաց բոլորովին անպատասխան, եթե չհաշվենք միսիս Չելենջերի խղճալի թոթովանքը, որով աղաչում էր այլևս չնեղել իր ամուսնուն, որովհետև նա առանց այն էլ չափից դուրս զայրացած է։ Երրորդ փորձը, որ արեցինք նույն օրոը, ընդհատվեց խլացուցիչ շրխկոցով, որից հետո շուտով կենտրոնական հեռախոսակայանը հայտնեց, որ պրոֆեսոր Չելենջերի հեռախոսի լսափողը ջարդված է։ Դրանից հետո այլևս չփորձեցինք խոսել նրա հետ։
Իսկ հիմա, իմ համբերատար ընթերցողներ, ես վերջացնում եմ խոսակցությունը ձեզ հետ։ Այսուհետև, (եթե միայն այս պատմության շարունակությունը երբևէ կհասնի ձեզ) դուք իմ հետագա արկածների մասին կիմանաք թերթի միջոցով։ Ես խմբագրին կհանձնեմ այն դեպքերի հաշվետվությունը, որոնք խթան հանդիսացան աշխարհին հայտնի ամենանշանավոր էքսպեդիցիաներից մեկին, և եթե ինձ չվիճակվի վերադառնալ Անգլիա, դուք կհասկանաք, թե այդ ամենը ինչպես կատարվեց։
Ես իմ հաշվետվությունը կավարտեմ «Ֆրանցիսկ» շոգենավի սալոնում։ Լոցմանը այն կվերցնի իր հետ և կհանձնի Մակ֊Արդլին՝ պահպանելու։ Վերջում, քանի դեռ ծոցատետրս չեմ փակել, թույլ տվեք մի տեսարան ևս նկարագրել, տեսարան, որը կմնա հիշողությանս մեջ իբրև վերջին հիշողությունը հայրենիքի մասին։
Գարնան վերջն է, խոնավ, ամպամած առավոտ, բարակ, ցուրտ անձրև է մաղում։ Գետափով քայլում են փայլուն մակինտոշ հագած երեք մարդ։ Նրանք ուղղվում են դեպի մի մեծ շոգենավի կամրջակը։ Շոգենավի վրա արդեն կապույտ դրոշակ է բարձրացված։ Նրանց առջևից գնում է մի բեռնակիր՝ քաշելով ճամպրուկներով, պայուսակներով, պատյանի մեջ դրված հրացաններով բեռնված ձեռնասայլակը։ Երկարահասակ պրոֆեսոր Սամերլին քայլում է վհատ տեսքով, ոտքերը քարշ տալով ու գլուխը կախ, որպես մի մարդ, որը դառնորեն զղջում է իր արածի համար։ Լորդ Ջոն Ռոքստոնը քայլում է թեթև, որսորդական կեպին գլխին և կաշնեն վզին գցած, և նրա առույգ, նուրբ դեմքը երջանկությունից փայլում է։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես բոլորովին չեմ կասկածում, որ ողջ իմ տեսքով ուրախություն եմ արտահայտում․ չէ՞ որ հրաժեշտի դառնությունն ու մեկնելուց առաջ տեղի ունեցող իրարանցումը մնացի ետևում։
Արդեն բոլորովին շոգենավի մոտ ենք, և հանկարծ ետևից լսուվում է ինչ֊որ մեկի ձայնը։ Դա պրոֆեսոր Չելենջերն է, որը խոստացել է մեզ ուղեկցել։ Նա վազում է ծանր փնչացնելով, ամբողջովին կարմրած և սարսափելի կերպով զայրացած։
― Ո՛չ, շնորհակալ եմ, ― ասում է պրոֆեսորը։ ― Ոչ մի ցանկություն չունեմ նավի վրա բարձրանալու։ Ուզում եմ մի քանի խոսք ասել ձեզ, իսկ այդ կարելի է ասել նաև այստեղ։ Խնդրեմ մի երևակայեք, որ ձեր մեկնելով մի մեծ շնորհ եք անում։ Դա ինձ համար միևնույն է, և ես բոլորովին պարտավորված չեմ համարում ինձ։ Ճշմարտությունը մնում է ճշմարտություն, և բոլոր այն հետազոտությունները, որ դուք պատրաստվում եք կատարել, ոչ մի կերպ չեն ազդի նրա վրա և կարող են միայն տգետների կրքերը բորբոքել։ Ձեզ անհրաժեշտ տեղեկություններն ու իմ հրահանգները գտնվում են ահա այս կնքված ծրարում։ Դուք այն բաց կանեք, երբ հասնեք Ամազոնի ափին գտնվող Մանաոս քաղաքը, սակայն ոչ շուտ ծրարի վրա նշված ամսաթվից ու ժամից։ Հասկանալի՞ է։ Վստահ եմ ձեր օրինապահությանը և հուսով եմ, որ իմ բոլոր պայմանները ճշտորեն կկատարվեն։ Միստր Մելոուն, ես մտադիր չեմ արգելք դնել ձեր թղթակցությունների վրա, քանի որ ձեր ճանապարհորդության նպատակն է գործի փաստական կողմի լուսաբանումը։ Միայն մի բան եմ պահանջում ձեզանից․ ճշգրիտ մի նշեք, թե ո՞ւր եք գնում, և թույլ մի տվեք մինչև ձեր վերադարձը արշավախմբի մասին հաշվետվություն հրապարակել։ Գնաք բարով, սըր։ Ձեզ հաջողվեց մի փոքր մեղմացնել իմ վերաբերմունքը դեպի այն արգահատելի մասնագիտությունը, որի ներկայացուցիչն եք դուք, դժբախտաբար։ Գնաք բարով, լորդ Ջոն։ Որքան ինձ հայտնի է, գիտությունը ձեզ համար յոթ կնիքով կնքված գիրք է։ Սակայն այն տեղերի որսորդությունից դուք գոհ կմնաք։ Չեմ կասկածում, որ ժամանակին, «Որսորդ»֊ի էջերում երևան կգա ձեր հոդվածն այն մասին, թե ինչպես եք դիմորֆոդոն<ref>Դիմորֆոդոն
(երկձևատամնավոր) ― թռչող թեփամորթ։</ref> խփել։ Դուք ևս գնաք բարով, պրոֆեսոր Սամերլի։ Եթե ձեր մեջ դեռ չեն սպառվել ինքնակատարելագործման ընդութնակությունները, որում, անկեղծորեն ասած, ես կասկածում եմ, ապա դուք Լոնդոն կվերադառնաք զգալիորեն խելոքացած։
Նա կտրուկ շուռ եկավ, և մի րոպե հետո ես տախտակամածից տեսա նրա կարճլիկ ֆիգուրան, որն ամբոխի միջով անցնում էր դեպի գնացքը։
Մենք արդեն դուրս եկանք Լա֊Մանշ։ Հնչում է վերջին զանգը, որն ազդարարում է, թե նամակները հանձնելու ժամն է։ Այժմ մենք հրաժեշտ ենք տալիս լոցմանին։
Իսկ հիմա «առա՛ջ, շոգենավ, լողա դեպի առա՛ջ»։ Թող աստված պահպանի մեզ բոլորիս՝ և՛ նրանց, որ մնացին ափին, և՛ նրանց, ով հույս ունի բարեհաջող կերպով տուն վերադառնալ։