Changes
/* Տաճարում */
― Այո։― Կ֊ն մտածեց, թե նախկինում ինչպիսի պարզությամբ էր տալիս վերջերս իր համար բեռ դարձած անունը։ Նրա անունը նաև այն մարդիկ գիտեին, ում հետ ինքն առաջին անգամ էր հանդիպում։ Ինչքան լավ էր, երբ նախ՝ ներկայացնում էին և հետո նոր՝ ծանոթանում։
― Դու մեղադրված ես։― Ձայնի շեշտված մեղմությամբ ասաց հոգևորականը։
― Գիտեմ։ Ինձ տեղյակ են պահել։
― Ուրեմն դու իմ փնտրած մարդն ես։ Ես բանտի քահանան եմ։
― Ահա՜ թե ինչ։
― Ես կարգադրել եմ այստեղ կանչել քեզ, որ խոսեմ հետդ։
― Չգիտեի։ Ես տաճարը մի իտալացու ցույց տալու նպատակով եմ եկել։
― Անկարևոր բաները թող։ Ձեռքինդ ի՞նչ է։ Արդյոք աղոթագիրք չէ՞։
― Ոչ, քաղաքի տեսարժան վայերերի ալբոմն է։
― Մի կողմ դիր,― ասաց քահանան։ Կ֊ն այնպես մի կողմ նետեց, որ ալբոմը՝ ջարդոտված էջերով, մի կարճ տարածություն սահեց հատակի վրա։
― Գիտե՞ս, որ քո դատավարության վիճակը ծանր է։
― Ինձ էլ է այդպես թվում։ Ես հնարավոր ամեն ինչ արել եմ, առայժմ սակայն՝ ապարդյուն։ Խնդրագիրն, համենայնդպես, դեռ պատրաստ չէ։
― Ինչպե՞ս ես պատկերացնում վերջը։
― Առաջ կարծում էի, թե լավ կլինի, սակայն այժմ ինքս էլ եմ կասկածում։ Չգիտեմ։ Իսկ դու գիտե՞ս։
― Ոչ։ Բայց վախենում եմ, որ՝ վատ։ Քեզ մեղավոր են համարում։ Քո դատը հավանաբար ստորին աստիճանի դատարանի քննությամբ չավարտվի։ Գոնե առայժմ քո մեղքն ապացուցված են համարում։
― Բայց ես անմեղ եմ։ Դա մոլորություն է։ Ինչպե՞ս կարող է մարդ արարածն ընդհանրապես մեղավոր լինել։ Մենք բոլորս էլ ախր իրար նման մարդիկ ենք։
― Այդ մեկը ճիշտ է, բայց այդպես սովորաբար մեղավորներն են խոսում։
― Դո՞ւ ևս կանխակալ կարծիք ունես իմ մասին։
― Ոչ։ Քո մասին ես ոչ մի կանխակալ կարծիք չունեմ։
― Շնորհակալություն։ Սակայն հետաննությանն առնչվող բոլոր մյուսներն արդեն որոշակի տրամադրվածություն ունեն իմ հանդեպ և ազդում են գործի հետ կապ չունեցողների վրա ևս։ Իմ վիճակը գնալով ավելի է վատանում։
― Դու աղավաղում ես փաստերը։ Վճիռը միանգամից ի հայտ չի գալիս։ Հետաքննությունն է աստիճանաբար վերափոխվում վճռի։
― Այդպես ուրեմն,― ասաց Կ֊ն ու կախեց գլուխը։
― Հետագայում ի՞նչ ես անելու քո գործի համար։
― Ուզում եմ աջակցություն փնտրել։― Կ֊ն բարձրացրեց գլուխը, որ տեսներ, թե հոգևորականը ինչպես կվերաբերվի ասածին։― Դեռ հնարավորությունններ կան, որ չեմ օգտագործել։
― Կողմնակի աջակցության որոնումները չափազանց շատ են։― Հավանություն չտալով ասաց քահանան։― Հատկապես՝ կանաց հետ կապված։ Չե՞ս նկատում, որ դա դեռ իսկական օգնություն չէ։
― Երբեմն, նույնիսկ շատ հաճախ, կարելի է իրավացի համարել քեզ։ Բայց ոչ միշտ։ Կանայք մեծ ազդեցություն ունեն։ Եթե իմ ճանաչած կանաց կարողանայի մեկտեղ աշխատանքի մեջ ներքաշել, անպայման դուրս կպրծնեի։ Հատկապես այդ դատարանում, ուր համարյա բոլորն են կնամոլ։ Քննիչին հեռվից մի կին ցույց տուր, և նա առաջինը տեղ հասնելու համար ոտքի տակ կտա ատենական սեղանն էլ, մեղադրյալին էլ։
Հոգևորականը գլուխը ճաղաշարին էր խոնարհել։ Թվում էր, թե ամբիոնի ծածկը միայն հիմա է ճնշում նրան։ Ի՜նչ սարսափելի եղանակ էր դրսում։ Ամպամած օր չէր այլևս, այլ գիշեր էր արդեն։ Մութի պատը ճեղքող լայն պատուհանների նկարազարդ ապակիներից լույսի մի շող իսկ չէր թափանցում։ Եվ հենց այդ պահին սպասավորն սկսեց գլխավոր զոհասեղանի վրայի մոմերը մեկը մյուսի հետևից հանգցնել։
― Դու զայրացա՞ր ինձ վրա,― հարցրեց Կ֊ն։― Դու երևի չգիտես, թե ի՞նչ դատարանում ես ծառայում։― Պատասխան չկար։― Մինչդեռ դրանք ես իմ փորձից գիտեմ։― Վերևում առաջվա պես լռություն էր տիրում։― Ես բնավ չէի ուզում վիրավորել քեզ,― ասաց Կ֊ն։
― Դու քփիցդ այն կողմ ոչինչ չե՞ս տեսնում,― վերևից բղավեց քահանան։ Դա զայրույթի ճիչ էր։ Միաժամանակ մի մարդու ճիչ, որ տեսնում էր մեկի ընկնելը և, որովհետև անձամբ սարսափած էր, աղաղակում էր առանց մտածելու, չցանկանալով։
Երկուսն էլ երկար լռեցին։ Ամբիոնից ներքև տարածված մթության մեջ քահանան, իհարկե, չէր կարող պարզ տեսնել Կ֊ին, մինչդեռ Կ֊ն լավ տեսնում էր փոքր լամպի տակ կանգնած կրոնավորին։ Ինչո՞ւ ներքև չէր իջնում։ Նա, ախր, քարոզ չկարդաց, այլ մի քանի բան հայտնեց, որոնք՝ եթե ուշադրություն դարձնելու լինեին, հնարավոր է, որ ավելի շուտ վնասեին Կ֊ին, քան օգուտ տային։ Այնուամենայնիվ, Կ֊ն մտածում էր, թե չարժե կասկածել քահանայի բարի մտադրության վրա։ Բացառված չէր, որ բախտորոշ և ընդունելի խորհուրդ կտար․ իհարկե, ոչ թե՝ ինչպես ազդեին դատավարության ընթացքի վրա, այլ՝ ինչպես դուրս պրծներ, կամ՝ ինչպես ապրեր դատավարության ձեռնահասության շրջանակներից դուրս։ Այդպիսի հնարավորություն պետք է լիներ, և Կ֊ն հաճախ էր մտածել այդ մասին։ Իսկ եթե քահանան դրանցից տեղյակ չլիներ, ապա՝ թեև անձամբ ատարանի մարդկացից էր, եթե նրան խնդրեր, հավանաբար հայտներ և դա կաներ՝ անտեսելով այն հանգամանքը, որ Կ֊ն քննադատեց դատարանը, հոգևորականի քնքուշ էությանը դիպավ և նույնիսկ իր վրա բղավել ստիպեց։
― Չե՞ս ուզում ներքև իջնել։ Քարոզելու բան չկա։ Իջիր ինձ մոտ։
― Հիմա արդեն կարող եմ գալ,― ասաց քահանան։ Նա երևի զղջում էր, որ բղավեց։― Ես նախ պետք է որոշ տարածություն պահպանելով խոսեի քեզ հետ։― Լամբը կեռից հանելով, ասաց նա։― Թե չէ, հեշտ եմ ազդեցության տակ ընկնում և մոռանում եմ անելիքս։
Կ֊ն ներքևում նրան էր սպասում։ Քահանան իջնելիս՝ արդեն վերևի աստիճաններից Կ֊ին պարզեց ձեռքը։
― Ժամանակ կունենա՞ս ինձ համար,― հարցրեց Կ֊ն։
― Ինչքան որ պետք է քեզ,― պատասխանեց քահանան և փոքր լամպը պարզեց, որ Կ֊ն վերցնի․ նույնիսկ այդքան մոտիկ՝ նար վեհությունը չէր կորչում։
― Դու շատ սիրալիր ես իմ հանդեպ։― Մութ կողմանյին նավում նարքն կողք֊կողքի ետուառաջ էին քայլում։ ― Դու դատարանի մարդկանց մեջ բացառություն ես։ Իմ վստահությունն առ քեզ ավելի մեծ է, քան մինչև այժմ ունեցած բազմաթիվ ծանոթներից որևէ մեկի հանդեպ։ Քեզ հետ կարող եմ անկեղծ խոսել։
― Չսխալվես,― ասաց քահանան։
― Ո՞ր հարցում կարող եմ սխալվել։
― Դատարանի։ Օրենսգրքի ներածականում ասված է այդ սխալի մասին․ «Օրենքի դարպասները մի պահապան է հսկում։ Նրա մոտ երկրաբնակ մի այր է գալիս և օրենքի տիրույթը մուտք գործելու թույլտվություն է խնդրում։ Բայց պահանապնը պատասխանում է, որ այժմ չի կարող նրան ներս թողնել։ Այրը մտածում է և հարցնում՝ արդյոք ավելի ուշ կարելի կլինի՞ մտնել։ «Հնարավոր է,― ասում է պահապանը։― Բայց ոչ հիմա»։ Եվ որովհետև տարածքի դարպասը, ինչպես միշտ, բաց էր, և պահապանը մեկդի էր կանգնել, մարդը՝ դարպասի միջով ներս նայելու համար, կռանում է։ Այդ բանը նկատելով, պահապանը ծիծաղում է և ասում․ «Եթե այդքան հետաքրքիր է քեզ, փորձիր իմ մերժումն անտեսոլվ մտնել, իմացիր, սակայն, որ ես հզոր եմ, բայցև ամենափոքր պահապանն եմ միայն։ Սրահից սրահ մուտքերի մոտ ավելի հզոր ու ազդեցիկ պահապաններ են կանգնած։ Արդեն երրորդի հայացքին ես ինքս չեմ կարող դիմանալ»։ Երկրաբնակ այրը նման դժվարություններ չէր սպասում։ Նա մտածել էր, թե օրենքը բոլորի համար է, և միշտ պետք է մատչելի լինի։ Այժմ, երբ ուշադիր է նայում մորթե մուշտակ հագած պահապանին, տեսնում է նրա երկար, սւոր քիթը, սև, երկար և բարակ թաթարական մորուքը, որոշում է, որ ավելի լավ է մինչև ներս մտնելու թույլտվություն ստանալը սպասի։ Պահապանը նրան աթոռակ է տալիս և կարգադրում է դռնից փոքր֊ինչ հեռու նստել։ Այնտեղ նա նստում է օրեր և տարիներ, ներս մտնելու բազմաթիվ փորձեր է անում և պահապանին հոգնեցնում է իր խնդրանքներով։ Պահանանը երբեմն կարճատև հարցաքննություններ է անցկացնում, հետաքրքրվում է նաև հայրենիքով և ուրիշ շատ բաներով (դրանք հենց այնպես տրված հարցեր էին, ինչպես միայն մեծ պարոններն են տալիս) և վերջում ասում է շարունակ, որ առայժմ չի կարելի ներս մտնել։ Ճանապարհ ընկնելուն լավ նախապատրաստված մարդը ամեն ինչ՝ նույնիսկ ամենաթանկարժեք բաները, օգտագործում է պահապանին կաշառելու համար, վերջինս՝ թեև վերցնում է տվածները, բայց միաժամանակ ասում է․ «Ես սոսկ այն պատճառով եմ վերցնում, որ չմտածես, թե որևէ հնարավորություն չես օգտագործել»։ Երկար տարիների ընթացքում երկրաբնակ այրը համարյա ամեն օր անդադար հետևում է պահապանին։ Նա մոռանում է մյուսների գոյությունը, և թվում է, թե այս պահապանն է օրենքի տարածքը մտնելու խանգարող միակ խոչընդոտը։ Առաջին տարիներին նա բարձրաձայն անիծում է անհաջող պատահականությունը, իկս երբ ծերանում է, միայն մրթմրթում է ինքնիրեն։ Նա երեխայական հատկանիշներ է ձեռք բերում և, որովհետև պահապանին երկար տարիներ ուսումնասիրելուց հետո անգամ նրա մուշտակի մորթու ողջիլներին է ճանաչում, նրանց խնդրում է, որ օգնեն և տարհամոզեն պահապանին։ Վերջում նրա տեսողությունը թուլանում է, և նա չի հասկանում՝ արդյոք շուրջը գնալով մթնո՞ւմ է իրոք, թե՞ միան իչ աչքերն են դավաճանում, ու մթության մեջ՝ օրենքի դռներից առկայծող լույսի շող է տեսնում։
Շուտով նա մահանում է։ Մահից առաջ՝ սպասելու ընթացքում կուտակված փորձը նրա մեջ մի հարցի է վերածվում, որ նա մինչ այդ դեռ չէր տվել։ Եվ որովհետև հասակների տարբերությունը ոչ հօգուտ երկրաբնակ այրի էր փոխվել, ու նա այլևս չէր կարողանում ուղղել փայտացած մարմինը, նշան է անում, որ պահապանը կռանա։ «Հիմա՞ ինչ ես ուզում իմանալ,― հարցնում է վերջինս։― Դու ոչնչով չես բավարարվում»։ «Ախր բոլորը դեպի օրենքն են ձգտում,― ասում է մեռնողը։― Այդ ինչպե՞ս եղավ, որ այսքան տարի ինձնից բացի ոչ ոք ներս մտնելու իրավունք չպահանջեց»։ Պահապանը նկատում է, որ մարդը մեռնում է, և նրա թուլացող լսողությանը հասանելի դարձնելու համար ականջի տակ բղավում է․ «Այստեղ ուրիշ ոչ ոք չէր կարող մուտքի իրավունք ստանալ, որովհետև սա միայն քեզ համար էր նախատեսված։ Ես այժմ կգնամ ու կփակեմ»։
― Ուրեմն պահապանը խաբե՞լ էր մարդուն։― Պատմությունը խիստ հետաքրքրել էր Կ֊ին։
― Մի շտապիր և առանց ստուգելու ուրիշի կարծիքին մի հավատա։ Ես քեզ բառ առ բառ այնպես պատմեցի, ինչպես գրված էր։ Խաբելու մասին այստեղ խոսք չկար։
― Բայց հասկացվում է, և քո առաջին բացատրությունը շատ ճիշտ էր։ Պահապանը միայն այն ժամանակ է հայտնում փրկարար տեղեկությունը, երբ դա այլևս պետք չէր մարդուն։
― Բայց մարդը դրանից շուտ ոչինչ չհարցրեց։ Հիշիր նաև, որ նա պարզապես պահապան էր և որպես այդպիսին՝ կատարեց իր պարտըք։
― Ինչո՞ւ ես կարծում, թե պարտքը կատարեց։ Չկատարեց։ Գուցե նրա պարտականությունը բոլոր օտարներին մերժելն էր, բայց այդ մարդուն՝ ում համար նախատեսված էր մուտքը, պարտավոր էր թողնել։
― Դու այնքան էլ չես հարգում գիրքը և փոխակերպում ես իմաստը։ Այս պատմությունը օրենքի տարածք ներս թողնելու մասին պահապանի երկու կարևոր բացատրությունն է պարունակում։ Մեկը՝ սկզբում, մյուսը՝ վերջում։ Նրանցից մեկն ասում է, թե այժմ չի կարող թույլ տալ, որ մտնի, մյուսը՝ որ այս մուտքը միայն իր համար է նախատեսված։ Եթե երկու բացատրությունների միջև հակասություն լիներ, դու արդարացի կլինեիր, և պահապանը խաբած կլիներ մարդուն։ Սակայն ոչ մի հակասություն չկա։ Ընդհակառակը, առաջին բացատրությունն ինչ֊որ չափով նույնիսկ երկրորդի նախագուշակն է։ Կարելի է ասել անգամ, որ, այդ մարդուն ապագայում ներս մտնելու հնարավորություն խոստանալով, պահակը խախտում է իր պարտականությունը։ Այն ժամանակ նրա պարտքը կարծես միան մարդուն մերժելն էր, և իրականում, գրի շատ մեկնիչներ զարմանում են, որ պահապանը ընդհանարպես ակնարկել է ապագայի մասին, որովհետև նա ճշմարտասեր մարդու տպավորություն է թողնում և խիստ ուշադիր է իր գործում։ Նա երկար տարիներ ոչ մի անգամ չի լքում իր կետը և վերջում ընդհանրապես փակում է դարպասը։ Նա լավ է հասկանում իր գործի կարևորությունը։ «Ես հզոր եմ»։ ― Ասում է նա։ Նա ակնածանք ունի իր վերադասի հանդեպ, որովհետև ասում է․ «Ես ամենափոքր պահապանն եմ միայն»։ Նա բացբերան չէ, որովհետև, ինչպես ասվում է, այդքան տարվա ընթացքում միայն հենց այնպես ասված հարցեր է տալիս։ Նրան չի կարելի կաշառել, որովհետև նվերի մասին նա ասում է․ «Վերցնում եմ, որ չմտածես, թե որևէ հնարավորություն բաց ես թողել»։ Երբ խոսքը պարտքը կատարելու մասին է, նրան ոչ կարելի է հուզել, ոչ՝ խնդրել, որովհետև երկրաբնակի մասին ասվում է․ «Նա պահապանին հոգնեցրեց իր խնդրանքներով»։ Ի վերջո, պահապանի արտաքինը ևս ցույց է տալիս նրա մանրախնդիր բնավորությունը․ մեծ, սուրծայր քիթ և սև, բարակ֊երկար թաթարական մորուք։ Նման պրատաճանաչ պահապան կարո՞ղ է լինել։ Դե, պահապանի բնավորության մեջ ուրիշ գծեր էլ են երևում, որոնք մուտքի իրավունք հայցողին շատ ձեռնտու են և հասկացնել են տալիս, որ պահապանը՝ ապգա հնարավորության մասին ակնարկելով, կարող էր թեթևակի խախտել իր պարտականությունը։ Ի դեպ, չի կարելի ժպտել նաև, որ նա մի փոքր պարզամիտ է և դրա հետ կապված՝ փոքր֊ինչ պարծենկոտ։ Նույնիսկ եթե իր և մյուս պահապանների ազդեցիկության, նրանց՝ իր խոսքերով ասած, անտանելի հայացքների մասին արված արտահայտությունները, կրկնում եմ, նույնիսկ եթե արտահայտւթյունները ըստ էության ճիշտ լինեին, ապա դրանց ասելու ձևը հենց ցույց է տալիս, որ պարզամտությունն ու ամբարտավանությունը մթագնել են նրա գիտակցությունը։ Այդ առիթով մեկնիչներն ասում են․ «Միևնույն բանի ճիշտ և սխալ ըմբռնումը լրիվ չեն բացառում իրար»։ Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ ինչքան էլ աննշան արտահայտված լինեն, այդ պարզամտությունն ու անբարտավանությունը թուլացնում են մուտքի հսկողությունը․ դրանք պահանապ բնավորության թերի կողմերն են։ Անհրաժեշտ է ավելացնել նաև, որ պահապանը ի ծնե մարդամոտ է թվում, նա անպայման ոչ միշտ է պաշտոնյա։ Հենց առաջին իսկ պահին կատակում է, չնայած ուժի մեջ գտնվող որոշակի արգելքին ներս մտնել է հրավիրում, և հետո՝ նրան հեռու չի ուղարկում, այլ, ինչպես գիրն է ասում․ «տալիս է մի աթոռակ և թույլատրում դռնից մի փոքր հեռու նստել»։ Համբերությունը, որով նա է այդքան ժամանակ դիմանում մարդու խնդրանքներին, կարճատև հարցանքննությունները, նվերներ վերցնելը, իրեն մուտքի պահապան կարգող անբարենպաստ պատահականությանն ուղղված անեծքներն իր իսկ ներկայությամբ թույլ տալու վեհանձնությունը, այս ամեն թույլ են տալիս կարեկցանքի դրսևորում համարել։ Ոչ բոլոր պահապաններն այդպես կվարվեին։ Եվ վերջում նա մի բան էլ խոնարհվում է՝ մահամերձի արած նշանին ենթարկվելով, վերջին հարցն ուղղելու հնարավորություն է տալիս երկրաբնակին։ Մեկ֊մի անգամ է անհամբերության թույլ երանգ (պահապանը հասկանում է, որ ամեն ինչ վերջացավ) զգացվում նրա խոսքերում․ «դու չես բավարարվում»։ Ոմանք ավելի հեռու են գնում իրենց մեկնություններում և այն կարծիքն են հայտնում, թե «դու չես բավարարվում» խոսքերը ինչ֊որ մտերմիկ զարմանք են արտահայտում։ Ինչ ուզում է լինի, պահապանի կերպարն այսպես լրիվ ուրիշ կողմից է դրսևորվում, քան դու ես կարծում։
― Դու պատմությունն ավելի շուտ ես իմացել և ավելի լավ գիտես, ― ասաց Կ֊ն։ Նրանք մի պահ լռեցին, հետո Կ֊ն հարցրեց։― Ուրեմն դու կարծում ես, թե մարդը խաբված չէր։
― Ինձ սխալ չհասկանաս։ Ես միայն գրի մասին եղած կարծիքներն եմ ներկայացնում։ Դու կարծիքներին չպետք է շատ ուշադրություն դարձնես։ Գիրն անփոփոխ է, իսկ կարծիքները հաճախ միայն դրա հանդեպ ունեցած կասկածանքների արտահայտություններն են։ Այդ առումով նույնիսկ տեսակետ կա, ըստ որի հենց պահապանն է խամբվածը։
― Շատ ընդհանուր տեսակետ է։ Ինչպե՞ս է հիմնավորվում։
― Դրա հիմնավորումը պահապանի պարզամտությունից է գալիս։ Ասում են, թե նա օրենքի էությունը չգիտե, այլ գիտե միայն դեպի այն տանող ճանապահրը, որ շարունակ մուտքի մոտ է ոտքի տակ տալիս։ Էույան մասին ունեցած պատկերացումները մանկական են համարվում, և ենթադրվում է, թե այն բանից, ինչով որ նա ուզում է երկրաբնակին վախեցնել, հենց ինքն է վախենում։ Այո, նա ավելի շատ է վախենում, քան մարդը, քանզի վերջինս թեկուզև լսել է ներսում գտնվող սարսափելի պահակների մասին, ներս մտնելուց բացի, ուրիշ ոչինչ չի ուզում։ Ի տարբերություն երկրբանկաի՝ պահապանը չի ուզում ներս մտնել․ այդ մասին գոնե ոչինչ չի ասվում։ Մյուսներն ասում են, թե նա պետք է որ ներսում եղած լինի, որովհետև նրան երբէև ծառայության են ընդունել օրենքի մոտ, իսկ դա կարող է միայն ներսում եղած լինել։ Դրան կարելի է առարկել․ հնարավոր է նրան ձայն են տվել ներսից և պահապան կարգել, բայց նա այնքան էլ խորը գնացած չէր լինի, որովհետև արդեն երրորդ պահապանի հայացքին չի կարողացել դիմանալ։ Դրանից բացի, չի ասվում, թե այդքան տարիների ընթացքում պահապանների մասին արված առաջին հիշատակումից բացի, որևէ այլ բան պատմած լիներ ներսի մասին։ Գուցե արգելել են նրան, բայց արգելքի մասին նույնպես ոչինչ չի ասվում։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ նա չգիտե, թե ինչպիսին է ներսը, նրա նշանակությունը, և այդ մասին սխալ կարծիք ունի։ Բայց պահապանը պետք է որ նաև երկրաբնակի մասին սխալ կարծիքի լինի, որովհետև ենթարկվում է նրան և չգիտե դա։ Որ ինքն այդ մարդու հետ որպես ենթակա անձ է խոսում, շատ բաներից է երևում։ Դու պետք է որ հիշես դրանք, իսկ որ իրականում ենթակա է, հենց այս տեսակետից պետք է ավելի ցայտուն երևա։ Ամենից առաջ ինքնիրշխանն է ենթարկվում ոչ ազատ մարդուն։ Երկրաբնակ այրը իսկապես ազատ֊ինքնիշխան մարդ է, ուր ուզի՝ կարող է գնալ, միայն օրենքի տարածքը մուտք գործելն է արգելված, և արգելողը մի հոգի է՝ պահապանը։ Երբ նա դարպասից մի կողմ քաշված նստում է աթոռակի վրա և ողջ կյանքը մնում է այնտեղ, դա կամավոր է տեղի ունենում․ բռնության մասին ոչ մի խոսք չկա գրի մեջ։ Դրան հակառակ՝ պահապանը ի պաշտոնե կապված է իր կետի հետ, իրավունք չունի դուրս գալ և, ամեն ինչից դատելով, ներս գնալու իրավունք էլ չունի, եթե անգամ ուզենա։ Դրանից բացի, թեև նա օրեքնին է ծառայում, բայց միայն մուտքի համար է նրա ծառայությունը, ուրեմն՝ նաև այն մարդու համար, ում համար նախատեսված է մուտքը։ Նաև այս պատճառով է պահապանը նրան ենթակա։ Կարելի է ենթարդել, որ երկար ժամանակ՝ մարդու մի ամբողջ տարիք, պահապանի ծառայությունը դատարկ զբաղմունք է եղել, որովհետև ասվում է «մի այր եկավ», այսինքն՝ մեկը՝ տղամարդու տարիքում, և որ պահապանը ստիպված էր երկար սպասել, մինչև իր գործը նպատակային դառնար։ Ու թեև պետք է այդքան երկար սպասեր, մինչև երկրաբնակ այրը գալ բարեհաճեր, վերջինս, այնուամենայնիվ, իմ կամքով եկավ։ Ծառայության ավատրն ևս այդ մարդու մահով է վավերացվում։ Ուրեմն, պահապանը մինչև վերջ երկրից եկածին եթնակա է մնում, և շարունակ նշվում է, որ կարծես ոչինչ տեղյակ չէ դրանից։ Այստեղ արտասովոր ոչինչ չկա, որովհետև ըստ այս տեսակետի, պահապանը ավելի ծանր մոլորության մեջ է, և դա նրա ծառայությանն է վերաբերում։ Վերջում նա մուտքի մասին է խոսում և ասում է․
― Հիմա կգնամ և կփակեմ։
Մինչդեռ սկզբում ասվում է, որ օրենքի դարպասը, ինչպես միշտ, բաց էր։ Այն միշտ բաց է, միշտ, այսինքն՝ անկախ այն մարդու կյանքի տևողությունից, ում համար որ նախատեսված էր եղել, և որ պահապանը երբեք չէր կարողանա փակել։ Այս հարցում կարծիքները բաժանվում են․ արդյոք պահապանը, ասելով, թե դարպասը կփակի, պատասխանե՞լ է միայն, ի պաշտոնե իր պարտականությո՞ւնն է շեշտել, թե՞ երկրբնակին վերջին պահին անգամ տրտմության և ապաշխարանքի մեջ գցել է ցանկացել։ Իսկ մի կետում բոլորը նույն կարծիքի են․ նա չի կարողանա փակել դարպասը։ Մեկնիչները նույնիսկ կարծում են, որ պահապանը՝ գոնե վերջում, իր իմացության հարցում ևս ենթակա է երկրաբնակին, քանզի վերջինս տեսնում է օրենքի մուտքի ժայթքող շողը, մինչդեռ պահապանը՝ որպես այդպիսին, դարպասի դիմաց մեջքով է կանգնած և ոչ մի բառով ցույց չի տալիս, թե ինքը որևէ փոփոխություն նկատել է։
― Լավ է հիմնավորված,― ասաց Կ֊ն։ Նա հոգևորականի բացատրության որոշ հատվածներ կիսաձայն կրկնում էր ինքնիրեն։ ― Լավ է հիմնավորված, և ես էլ եմ կարծում, որ պահապանը խաբված է։ Դրանով հանդերձ, իմ նախկին կարծիքից չեմ հեռանում, որովհետև երկուսն էլ մասամբ են համապատասխանում։ Հասնակալի չէ․ պահապա՞նն է ամեն ինչ լավ տեսնում, թե՞ նա է խաբվածը։ Ասացի՝ երկրաբնակին են խաբում։ Եթե պահապանը լավ տեսներ, կարելի էր կասկածել դրանում, սակայն, երբ պահապանն է խաբվում, ապա մոլորությունը անպայման անհրաժեշտ է տղամարդուն վերագրել։ Թեև պահապանը խաբեբա չէ, բայց այնքան պարզամիտ է, որ պետք է անմիջապես վտարված լիներ ծառայությունից։ Անհրաժեշտ է այն մասին մտածել, որ պահապանի մոլորությունը իրեն չի վնասում, մինչդեռ տղամարդուն՝ հազարապատիկ։
― Այստեղ դու հակադրվող տեսակետի ես բախվում,― ասաց քահանան։― Ոմանք ասում են, օրինակ, որ գիրը պահապանի մասին դատելու իրավունք չի տալիս ոչ մեկին։ Մենք ինչ էլ որ մտածելու լինենք, նա, ախր, օրենքի ծառա է, հետևաբար՝ օրենքին է պատկանում և հեռու է մարդկանց դատից։ Հետո չի կարելի նաև մտածել, թե պահապանը երկրաբնակի հպատակն է։ Ծառայության բերումով թեկուզ օրենքի մուտքի մոտ կանգնած լինելն անհամեմատ ավելի մեծ բան է, քան աշխարհում ազատ լինելը։ Երկրբնակը նոր է գալիս օրենքի մոտ, իսկ պահապանն արդեն այնտեղ է։ Օրենքը նրան ծառայության է նշանակել, նրա արժանապատվության կասկածել՝ ասել է, թե օրենքին կասկածել։
― Ես այդ տեսակետին համամիտ չեմ։― Գլուխը տարուբերելով առարկեց Կ֊ն։― Եթե համաձայնելու լինենք, պետք է պահապանի ասած ամեն մի բառը ճշմարտություն համարենք, իսկ որ դա անհնար է, ինքդ հիմնավորեցիր։
― Պետք է ամեն ինչ ոչ թե ճիշտ համարել, այլ՝ անհրաժեշտ։
― Մռայլ տեսակետ է,― ասաց Կ֊ն։― Կեղծիքը կտիրի աշխարհը։
Կ֊ն այս խոսքերը վերջում ասաց․ բայց սա նրա վերջնական կարծիքը չէր։ Պատմության բոլոր հետևությունները մի հայացքով ընդգրկելու համար նա հոգնած էր, պատմության էության մեջ խորացնող մտքերն ևս անսովոր էին, վերացական, քննարկման նյութ լինելու համար ավելի բնորոշ էին դատարանի պաշտոնյաներին, քան իրեն։ Այդ պարզ պատմությունը անհարթ էր դարձել, նա ուզում էր թոթափել իրենից, իսկ քահանան այժմ նրբանկատություն ցուցաբերց, համբերեց ու անձայն ընդունեց Կ֊ի տեսակետը, թեև այն հաստատ չէր համապատասխանում սեփականին։ Նրանք շարունակեցին որոշ ժամանակ լուռ քայլել։ Կ֊ն՝ առանց գիտենալու, թե որտեղ է գտնվում, լավ մոտ էր կանգնել քահանային։ Նրա ձեռքում լամպը հանգել էր վաղուց։ Սրբերից մեկի արծաթե արձանը մի անգամ արծաթ փայլով պսպղաց և իսկույն ձուլվեց մութի հետ։ Ամբողջովին քահանայից կախման մեջ չլինելու համար Կ֊ն հարցրեց․
― Գլխավոր մուտքին մոտ չե՞նք արդյոք։
― Ոչ,― ասաց քահանան։― Շատ հեռու ենք։ Դու գնա՞լ ես ուզում։
― Իհարկե։ Պետք է գնամ,― ասաց Կ֊ն, թեև այդ պահին ուրիշ բան էր մտածում։― Ես բանկերից մեկի հավատարմատարն եմ, ինձ սպասում են։ Ես այստեղ եկա միայն, որ արտասահմանյան մի պատվիրատուի ցույց տամ տաճարը։
― Դե, որ այդպես է, գնա։― Ասաց քահանան և պարզեց ձեռքը։
― Բայց ես չեմ կարող մթության մեջ մենակ կողմնորոշվել։
― Գնա ձախ՝ դեպի պատը, այնուհետև պատի երկարությամբ՝ առանց այն բաց թողնելու, և կհասնես ելքերից մեկին։
Հազիվ էր քահանան մի քանի քայլ հեռացել, երբ Կ֊ն բարձրաձայն կանչեց․
― Սպասի՛ր դեռ, խնդրում եմ։
― Լսում եմ։
― Դու իձնից ուրիշ ոչինչ չե՞ս ուզում։
― Ոչ։
― Քիչ առաջ այնքան լավ էիր իմ հանդեպ, ամեն ինչ բացատրեցիր, իսկ այժմ թողնում ես, կարծես ոչ մի նշանակություն չունեմ քեզ համար։
― Ախր, դու պետք է գնաս։
― Այո։ Դե հասկացիր այդ բանը։
― Նախ ի՛նքդ հասկացիր, թե ով եմ ես։
― Դու բանտի քահանան ես։― Կ֊ն ավելի մոտ գնաց քահանային։ Անմիջապես բանկ վերադառնալն այնքան էլ կարևոր չէր, ինչպես ինքն էր ներկայացնում։ Նա դեռ շատ հանգիստ կարող էր մնալ այստեղ։
― Հետևաբար, դատարանի կազմին եմ պատկանում։ Հետաքրքիր է, թե ինչո՞ւ պետք է քեզնից ինչ֊որ բան ուզեմ։ Դատարանը ոչինչ չի ուզում քեզնից։ Նա ընդունում է քեզ, երբ գալիս ես, իսկ երբ գնում ես, բաց է թողնում։
==Վերջ==
Կ֊ի երեսունմեկամյա տարելիցի նախորդ երեկոյան (ժամը ինը կլիներ՝ երբ փողոցներում արդեն լռություն է տիրում) նրա բնակարանը երկու պարոն եկան։