Changes

Կորուսյալ աշխարհ

Ավելացվել է 78 456 բայտ, 18:30, 20 Մայիսի 2014
/* Գլուխ VIII Նոր աշխարհի մատույցներում */
Անցնելով երկրորդ բլրաշարքը, տեսանք խիտ արմավենիներով ծածկված մի նեղ հովիտ, իսկ նրա վերևում՝ կարմիր ժայռերի մի երկար շարք, որը ես հիշեցի ալբոմում եղած նկարից։ Այժմ ես գրում եմ, բայց հերիք է գլուխս բարձրացնեմ, և ահա նա աչքերիս առաջն է՝ նկարի հետ նրա նույնությունն անկասկած է։ Նրա և մեր կայանի միջև ընկած ամենակարճ տարածությունը յոթ մղոնից ավելի չէ, իսկ հետո նա ոլորվում է ու գնում դեպի անծայրածիր հեռուն։
Չելենջերն աքաղաքի նման մարտական տեսքով ճամբարով մեկ առաջ ու ետ է քայլում, Սամերլին լռություն է պահպանում, բայց առաջվա պես հոռետեսորեն է տրամադրված։ Մեկ օր ևս, և մեր կասկածներից շատերը կփարատվեն։ Իսկ առայժմ այս նամակն ուղարկում եմ Խոսեի միջոցով, որն իր ձեռքը վիրավորեց բամբուկի թփուտներում և պահանջում է իրեն ազատ արձակել։ Հուսով եմ, որ այնուամենայնիվ նամակը կհասնի ըստ պատկանելույն։ Առջին իսկ հնարավորության դեպքում նորից կգրեմ։ Նամակին կցում եմ մեր ճանապարհորդության մոտավոր պլանը այն հաշվով, որ դա օգնի ձեզ պարզելու այստեղ շարադրվածը։   ==Գլուխ IX «Ո՞վ կարող էր այդ բանը կանխագուշակել»  Սարսափելի դժբախտություն եկավ մեր գլխին։ Ո՞վ կարող էր այդ բանը կանխագուշակել։ Այժմ ես մեր փորձանքների վերջը չեմ տեսնում։ Գուցե մեզ վիճակված է ցմահ մնալ այս հանելուկային, անմատչելի վայրում։ Ես այնպես եմ ցնցված կատարվածից, որ մինչև հիմա լավ գլուխ չեմ հանում ներկայից, չեմ էլ կարող նայել առաջ, ապագային։ Առաջինը իմ շփոթված ուղեղին թվում է զարհուրելի, իսկ երկրորդը՝ անթափանց, ինչպես գիշեր։ Հազիվ թե ուրիշ մարդ այդպիսի դրության մեջ ընկած լինի։ Մեր վիճակն այնքան անելանելի է, որ ես նույնիսկ հարկ չեմ համարում հայտնել այս լեռնաշղթայի ճշգրիտ կոորդինատները և մեր բարեկամներին խնդրել, որպեսզի փրկարար խումբ ուղարկեն։ Եթե այդպիսի փրկարար խումբ կազմվի էլ, ապա ամենայն հավանականությամբ մեր բախտը վճռված կլինի այդ խմբի Հարավային Ամերիկա ժամանելուց շատ առաջ։ Այո, մենք կտրված ենք ամեն տեսակի օգնությունից, որպես թե Լուսնի վրա ընկած լինենք։ Իսկ եթե այս փորձանքից պատվով դուրս գանք, ապա մեր փրկությամբ պարտական կլինենք միայն մեզ։ Իմ երեք ուղեկիցները երևելի մարդիկ են, հրաշալի մտքի և անհողդողդ արիության տեր մարդիկ։ Այդ և միայն այդ է մեր փրկության հույսը։ Բավական է նայեմ ընկերներիս հանգիստ դեմքերին, և իմ շուրջը խավարն իսկույն ցրվում է։ Համարձակվում եմ մտածել, որ արտաքինից ես էլ եմ այդպես հանգիստ։ Մինչդեռ իակապես ծանր կասկածները տանջում եմ ինձ։ Իսկ հիմա թույլ տվեք բոլոր մանրամասնություններով շարադրել դեպքերի ընթացքը, որը մեզ հասցրեց աղետի։ Վերջին հաշվետվության մեջ ես գրել էի, որ մենք գտնվում ենք յոթ մղոնի վրա այն լեռնաշղթայից, որը օղակում է պրոֆեսոր Չելենջերի ասած սարահարթը։ Երբ մեր խումբը ընդհուպ մոտեցավ նրան, ինձ թվաց, թե պրոֆեսորը նույնիսկ պակասեցրել էր նրա բարձրությունը, որովհետև որոշ տեղերում նա համենայն դեպս հասնում է հազար ոտնաչափի։ Աչքի է զարնում նաև այդ ապառաժների թերթավորությունը, որը, ինչպես երևում է, բնորոշ է բազալտային կազմավորությունների համար։ Դրա նման ինչ֊որ բան կարելի է դիտել Էդինբուրգի մոտ, Սելիսբերիի ժայռերի վրա։ Լեռնաշղթայի գագաթը ծածկված է փարթամ բուսականությամբ՝ փեշերին բարձրանում են թփեր, որոնց հաջորդում են բարձր ծառերը։ Ինչպես երևում է, այստեղ կենդանի արարածներ չկան։ Այն գիշեր մենք ճամբար զարկեցինք լեռնաշղթայի ստորոտում, ամայի ու մռայլ մի տեղում։ Մեր գլխավերևում բարձրացող կարմիր ապառաժները ոչ միայն բոլորովին թեք են, այլև վերևի մասերը դուրս ընկած, այնպես որ այս կողմից սարահարթ բարձրանալու մասին մտածելն իսկ ավելորդ է։ Մեր ճամբարից ոչ հեռու կանգնած է մի բարձր, վերևի մասում բարակող քարաժայռ։ Ես կարծեմ առաջ խոսել եմ դրա մասին։ Նա նման է եկեղեցու հաստացրած շպիլի։ Նրա գագաթը, որտեղ աճում է մի բարձր ծառ, հավասարվում է սարահարթի մակերեսին, բայց նրանց բաժանում է մի ծերպ։ Այդ քարաժայառը և լեռնաշղթայի նրան մոտիկ ճյուղավորությունները այնքան էլ բարձր չեն՝ իմ կարծիքով, հինգ֊վեց հարյուր ոտնաչափից ոչ ավելի։ ― Ահա հենց այն ծառի վրա էր նստել պտերոդակտիլը, ― ասաց պրոֆեսորը, ― որին ես խփեցի։ Ստիպված եղա մագլցել մինչև ժայռի կեսը։ Կարծում եմ, որ լավ ալպինիստը, այնպիսին, ինչպիսին ես եմ, կարող է գագաթն էլ բարձրանալ, չնայած, միևնույն է, այնտեղից չեմ կարող անցնել սարահարթը։ Մինչդեռ Չելենջերը խոսում էր իր պտերոդակտիլի մասին, ես հետևում էի պրոֆեսոր Սամերլիին և առաջին անգամ նրա մեջ ինչ֊որ նոր բան նկատեցի․ նա ակներևաբար սկսում էր հավատալ իր ախոյանին և նույնիսկ զղջման որոշ նշաններ էր ցույց տալիս։ Խայթող ժպիտը չքացավ նրա շրթունքներից, նա կանգնել էր գունատ և զարմանքը թաքցնել չէր աշխատում։ Չելենջերը նույնպես նկատեց այդ և արդեն արբենում էր իր հաղթանակով։ ― Պրոֆեսոր Սամերլին, իհարկե, մտածում է, որ խոսելով պտերոդակտիլի մասին, ես ի նկատի ունեմ սովորական արագիլի, ― ասաց նա՝ անշնորհք կերպով փորձելով սրամտել, ― սակայն, այդ արագիլը զուրկ է փետուրներից, ունի արտասովոր ամուր մաշկային ծածկույթ, թաղանթավոր թևեր և վրան ատամներ շարված կտուց։ Չելենջերը խոնարհաբար գլուխ տվեց, քմծիծաղեց, աչքով արեց իր կոլեգային, որը չկարողացավ տանել այդ և մի կողմ քաշվեց։ Առավոտյան, համեստ նախաճաշից հետո, որը բաղկացած էր սուրճից և մանիոկից․<ref>Մանիոկ ― բույս սակավաթեյների ընտանիքից, որի պալարները եփած վիճակում օգտագործվում են իբրև կերակուր։</ref> անհրաժեշտ էր սննդամթերքը խնայել, մենք ռազմական խորհուրդ հրավիրեցինք և սկսեցինք քննարկել, թե ինչպես բարձրանանք սարահարթ։ Պրոֆեսոր Չելենջերը նախագահում էր անսովոր հանդիսավորությամբ՝ գերագույն դատավոր, ո՛չ ավել, ո՛չ պակաս։ Պատկերացրեք մի այպիսի տեսարան․ անհեթեթ ծղոտե գլխարկը ծոծրակին թեքված այդ մեծամորուքը բազմել է քարերի վրա՝ ամբարտավան կերպով նայելով մեզ կիսախուփ կոպերի տակից, և դանդաղ, ընդհատումներով խոսում է մեր ներկա վիճակի և գործողությունների հետագա պլանների մասին։ Նրա առաջ տեղավորվել ենք մենք երեքս․ ձեր խոնարհ ծառան, որ սևացել, խիստ ամրացել է մաքուր օդում, Սամերլին, որը լուրջ և առաջվա պես հոռետեսորեն փստացնում է իր ծխամորճը, և նիհարավուն լորդ Ջոնը, որը հենվել է հրացանին՝ հռետորի վրա հառելով իր սուր, արծվային հայացքը։ Մեր ետևում երկու թուխ մետիսներն են և իրար գլխի հավաքված հնդկացիները, իսկ առջևում՝ կարմրավուն կողավոր ապառաժները, որոնք փակում են դեպի ցանկալի նպատակը տանող ճանապարհը։ ― Արդյոք արժե ասել, ― այսպես սկսեց մեր ղեկավարը, ― որ իմ առաջին ացելությանն այստեղ ես ամեն հնար գործադրեցի սարահարթը բարձրանալու, և եթե այդ բանը չհաջողվեց ինձ՝ փորձված ալպինիստիս, ապա ուրիշին առավել ևս չի հաջողվի։ Ճիշտ է, ես այն ժամանակ ոչ մի ալպինիստական հարմարանք չունեի, բայց այժմ ես այդ մասին հոգացել եմ և նրանց օգնությամբ, ինչպես էլ լինի, պետք է բարձրանամ ժայռի գագաթը։ Ասենք, այս կողմից գլխավոր լեռնապարը բարձրանալու մասին առայժմ նույնիսկ ավելորդ է խոսել։ Անցյալ անգամ ես ստիպված էի շտապել՝ մոտենում էր անձրևների շրջանը, բացի դրանից, սննդամթերքի պաշարները վերջանալու վրա էին։ Այդ բոլորը խիստ նեղում էր ինձ ժամանակի տեսակետից, և ես կարողացա մի վեց մղոն շրջանցել լեռնաշղթան արևելյան ուղղությամբ ու վերելքի համար քիչ թե շատ հարմար տեղ չգտա։ Ի՞նչ պետք է անենք հիմա։ ― Ըստ իս, առողջ բանականությունը միայն մի ելք է թելադրում, ― խոսեց պրոֆեսոր Սամերլին։ ― Եթե դուք արևելյան ուղղությամբ հետազոտել եք լեռնաշղթան, ուրեմն այժմ պետք է գնալ դեպի արևմուտք և նայել, թե արդյոք այդ կողմից չի՞ կարելի բարձրանալ։ ― Ճիշտ է, ― պաշտպանեց նրան լորդ Ջոնը։ ― Ինձ թվում է, որ այս լեռնապարը այնքան էլ մեծ չէ։ Մենք կպտտվենք նրա շուրջը և կամ կգտնենք այն, ինչ հարկավոր է, կամ կվերադառնանք մեր ելման կետը։ ― Ես արդեն բացատրել եմ մեր պատանի բարեկամին, ― ասաց Չելենջերը (նա միշտ իմ մասին խոսում է, ինչպես տասնամյա դպրոցականի), ― որ հեշտ վերելքի հույս ունենալ չի կարելի և այդ շատ պարզ պտճառով․ եթե այդպիսին գոյություն ունենար, սարահարթը մնացած աշխարհից կտրված չէր լինի և այնտեղ չէին ստեղծվի այն պայմանները, որոնք խախտում են տեսակների հարատևման մեզ հայտնի բոլոր օրենքները։ Այնուամենայնիվ, ես լիովին ընդունում եմ, որ լանջերին կան տեղեր, որոնք մատչելի են փորձված ալպինիստին, սակայն անհաղթահարելի են ծանր, դանդաղաշարժ կենդանիների համար։ Համենայն դեպս մեկ այդպիսի տեղի գոյության մասին ես պարզապես համոզված եմ։ ― Ի՞նչն է ձեզ այդպիսի վստահություն ներշնչել, սըր, ― խստությամբ հարցրեց Սամերլին։ ― Այն, որ իմ նախորդին՝ ամերիկացի Մեպլ Ուայտին, ինչ֊որ ձևով հաջողվել էր բարձրանալ սարահարթը։ Այլապես նա ինչպե՞ս կարող էր տենսել այն հրեշին, որը նկարված է նրա ալբոմում։ ― Հետևապես, դուք առաջ եք վազում՝ չսպասելով, մինչև որ այդ բոլորը ստուգման ենթարկվի, ― համառորեն առարկեց Սամերլին։ ― Ես ընդունում եմ սարահարթի գոյությունը, որովհետև նա իմ աչքի առաջ է, բայց թե կյանք կա՞ այնտեղ՝ այդ բանը դեռ ոչ ոք չի ապացուցել ինձ։ ― Ընդունում եք որևէ բան, սըր, թե չեք ընդունում, այդ բոլորովին կարևոր չէ։ Սակայն, ես ուրախ եմ, որ այնուամենայնիվ սարահարթի գոյությունը հասել է ձեր գիտակցությանը։ ― Չելենջերը գլուխը բարձրացրեց և, հանկարծ տեղից վեր ցատկելով, բռնեց Սամերլիի օձիքից ու ծնոտը վեր տնկեց։ ― Դե՛, սըր, ― ճչաց նա հուզմունքից խռպոտած ձայնով, ― հիմա համոզվեցի՞ք, որ սարահարթում կենդանական աշխարհ կա։ Ես արդեն խոսել եմ սարահարթի եզրերը պատող կանաչի խիտ ծոպերի մասին։ Ահա հենց այդ թփուտների միջից հանկարծ երևաց ինչ֊որ փայլուն, սև արարած։ Նա դանդաղորեն սողաց դեպի զառիթափը, կախվեց նրա վրա, և այդ ժամանակ մենք նկատեցինք, որ դա մի վիթխարի օձ է՝ թիակի նման տափակ գլխով։ Մի րոպե նա ճոճվեց քարափին՝ արևի տակ խաղացնելով իր հարթ, ասես հղկված օղակները, ապա դանդաղ ետ քաշվեց ու կորավ թփերի մեջ։ Այդ տեսարանը այնպես գրավեց Սամերլիին, որ նա սկզբում նույնիսկ չփորձեց ազատվել Չելենջերի ճանկերից, բայց հետո ուշքի եկավ և, ետ հրելով իր կոլեգային, նորից արժանավայել դիրք ընդունեց։ ― Պրոֆեսոր Չելենջեր, ― ասաց նա, ― ես շատ ուրախ կլինեմ, եթե դուք իմ գլուխը վեր ցցելու փոխարեն, ձեր խոսքերի վրա ուշադրություն հրավիրելու որևէ այլ եղանակ գտնեիք։ Այդպիսի ազատությունը չի արդարացնում նույնիսկ խիստ սովորական պիթոնի հայտնվելը։ ― Բայց և այնպես սարահարթի վրա կյանք կա, ― հաղթականորեն բացականչեց նրա կոլեգան։ ― Եվ այժմ, երբ իմ այդ թեզն այնքան ակնառու հաստատումն գտավ, որ ամենականխակալ ու բութ գլուխներն անգամ այլևս չեն վիճարկի այն, ես առաջարկում եմ անմիջապես թողնել մեր կայանը և շարժվել արևմտյան ուղղությամբ՝ գտնելու համար այն տեղը, որտեղից հնարավոր կլինի վերև բարձրանալ։ Լեռնաշղթայի ստորոտը քարքարոտ էր, անհարթ, այնպես որ մենք առաջանում էինք դանդաղ ու մեծ դժվարությամբ։ Բայց անսպասելի մի գյուտ սրտապնդեց մեզ․ մենք դեմ առանք ինչ֊որ մեկի վաղուցվա կայանի հետքերին։ Քարերի միջև ընկած էին Չիկագոյի մսի պահածոյի մի քանի թիթեղե տուփեր, մի ջարդված դանակ, մի շիշ՝ «Կոնյակ» պիտակով, և նման դեպքերում սովորական շատ այլ մանր֊մունր բաներ։ Պատռած ու ճմրթված թերթը դուրս եկավ «Չիկագոյի դեմոկրատը», բայց թե որ թվականի համարն էր՝ չհաջողվեց պարզել։ ― Իմը չէ, ― ասաց Չելենջերը։ ― Սա, երևի, Մեպլ֊Ուայտն է թողել։ Լորդ Ջոնը ուշադիր զննում էր բարձր, ծառանման ձարխոտի բունը, որի ստվերում կայանն էր խփված։ ― Հապա նայեցեք, ― ասաց նա։ ― Իմ կարծիքով, սա ուղեսյան նման ինչ֊որ բան է։ Ծառաբնին մեխված էր մի տաշեղ, սուր ծայրը դեպի արևմուտք։ ― Միանգամայն ճի՛շտ է, ― բացականչեց Չելենջերը։ ― Այդպես էլ պետք է լինի։ Մեր նախորդը հասկանում էր, որ իրեն սպասող ճանապարհը կապված է վտանգների հետ, և այս ուղենիշը թողել է, որպեսզի սրանով գտնեն իրեն։ Սպասեցեք, միգուցե ուրիշ հետքեր էլ պատահեն մեզ։ Նա իրավացի դուրս եկավ, բայց որքա՜ն անակնկալ ու զարհուրելի էր այն, ինչ մենք տեսանք։ Լեռնաշղթայի ստորոտում ձգվում էին բամբուկի մացառուտները, ճիշտ այնպիսիք, որոնց միջով հարկ եղավ անցնել մեր ուղևորության սկզբում։ Ցողունները հասնում էին երբեմն քսան ոտնաչափի, իսկ սուր, ամուր ծայրերը ցցվել էին վեր, ինչպես նիզակներ։ Գնում էինք այդ մացառուտների երկարությամբ և հանկարծ նկատեցինք, որ այնտեղ ինչ֊որ սպիտակ բան փայլեց։ Գլուխս ներս տարա ցողունների մեջ և տեսա մի գանգ։ Մի քանի քայլ այն կողմ, ավելի մոտ, ընկած էր ամբողջ կմախքը։ Հնդկացիները դանակներով արագ մաքրեցին այն տեղը, և կատարված ողբերգությունը մեր առաջ կանգնեց իր բոլոր մանրամասներով։ Զոհվածի հագուստից միայն ծվեններ էին մնացել, սակայն կոշիկները մերկ ոսկորներին պահպանվել էին անվնաս, և դրանցով կարելի էր դատել, որ նրանց երբեմնի տերը եվրոպացի է։ Ոսկորների միջև ընկած էին Նյու֊Յորքի «Հուդզոն» ֆիրմայի ժամացույցը և շղթայով մի գրչամատիտ։ Հենց այդտեղ էլ ընկած էր արծաթե մի ծխատուփ՝ կափարչի վրա քանդակված մակագրությամբ․ «Ջ․ Կ․֊ին Ա․ Է․ Ս․֊ից»։ Սիգարետատուփը դեռևս չէր սևացել, հետևաբար դժբախտ դեպքը պատահել էր ոչ շատ վաղուց։ ― Ո՞վ է սա, ― հարցրեց լորդ Ջոնը։ ― Խեղճ, ոչ մի ոսկորն անվնաս չի մնացել։ ― Բամբուկն էլ դուրս է ցցվել կողերի միջից, ― ասաց Սամերլին։ ― Ճիշտ է, նա անսովոր կերպով արագ է աճում, բայց և այնպես դժվար է ենթադրել, թե ցողունները կարող էին այդքան կարճ ժամանակում մինչև քսան ոտնաչափ վեր բարձրանալ։ ― Ինչ վերաբերում է զոհվածի անձնավորությանը, ― ասաց Չելենջերը, ― ապա այդ հարցում ես ոչ մի կասկած չունեմ։ Մինչև հասիենդում ձեզ հետ միանալը ես ճշգրիտ տեղեկություններ էի հավաքում Մեպլ֊ Ուայտի մասին։ Պարայում նրա մասին ոչինչ չգիտեին։ Բարեբախտաբար, նրա ալբոմի մի նկարն ինձ ճիշտ ճամփի վրա կանգնեցրեց։ Հիշո՞ւմ եք նախաճաշը Ռոսարիոյում ինչ֊որ քահանայի մոտ։ Այսպես ահա, ինձ հաջողվեց գտնել այդ քահանային, և չնայած նա թունդ վիճող դուրս եկավ ու խիստ վիրավորվեց, երբ ես սկսեցի ապացուցել, թե կրոնական հավատալիքները չեն կարող դիմանալ ժամանակակից գիտության քայքայիչ ազդեցությանը, այնուամենայնիվ, մեր զրույցն իզուր չանցավ։ Մեպլ֊Ուայտը եկել էր Ռոսարիո չորս տարի առաջ, այսինքն՝ երկու տարի առաջ իր մահվանից։ Նա մենակ չէր, ճանապարհորդում էր ամերիկացի Ջեյմս Կոլվեր անունով մի բարեկամի հետ, որը ափ չէր իջել և չէր տեսնվել քահանայի հետ։ Ուստի մենք կարող ենք չկասկածել, որ մեր առաջ գտնվում է այդ նույն Ջեյմս Կոլվերի աճյունը։ ― Է՛լ ավելի քիչ կասկածներ են հարուցում իմ մեջ նրա մահվան հանգամանքները, ― ասաց լորդ Ջոնը։ ― Նա ընկել է քարափից կամ ցած է շպրտվել այնտեղից և ընկել բամբուկների վրա։ Այլապես ոչ մի կերպ չի կարելի բացատրել ոսկորների ջարդվելը։ Բամբուկն էլ այդքան չէր կարող աճել նրա մարմնի միջով։ Մենք լուռ դիտում էինք մեր աևջև ընկած աճյունը՝ մտածելով լորդ Ջոն Ռոքստոնի ասածի նշանակության մասին։ Քարափի ելուստը ծանր մուրճի պես կախվել էր բամբուկի մացառուտի վրա։ Ամերիկացին ցած է ընկել այնտեղից։ Բայց արդյոք ի՞նքն է ընկել։ Իրո՞ք դժբախտ պատահար է եղել դա։ Իսկ գուցե․․․ Եվ այդ անհայտ աշխարհի մասին մտածելիս ինչ֊որ չարագույժ ու զարհուրելի շունչ փչեց մեզ վրա։ Առանց լռությունը ընդհատելու շարժվեցինք առաջ քարե պատնեշի մոտով, որը նույնքան ուղղաբերձ էր ու հարթ, որքան Անտարկտիդայի անծայրածիր սառցադաշտերը, որոնք, եթե հավատանք նկարագրություններին, ձգվում են հորիզոնից հորիզոն՝ վեր խոյանալով իրենց մեջ կորած նավերի կայմերից։ Առաջին հինգ մղոնների ընթացքում ոչ մի ծերպ, նույնիսկ ճեղքվածք չտեսանք այդ քարափին։ Բայց հանկարծ մեր առջևում փայլեց հույսի մի ճառագայթ։ Մի փոքրիկ խորության մեջ, որտեղ անձրևի կաթիլներ չէին կարող ընկնել, կավճով սլաք էր նկարված, որն առաջվա պես ուղղված էր դեպի արևմուտք։ ― Նորից Մեպլ֊Ուայտն է, ― ասաց պրոֆեսոր Չելենջերը։ ― Նա հավանորեն զգացել է, որ իր հետքերով կգան ամենայն հոգատարության արժանի մարդիկ։ ― Ուրեմն, նա իր հետ կավի՞ճ է ունեցել։ ― Հապա ինչպե՞ս։ Նրա ուղեպարկի մեջ մի ամբողջ արկղ ներկամատիտներ կային։ Հիշում եմ, ես ուշադրություն դարձրի, որ սպիտակ մատիտից միայն մի կրծած կտոր էր մնացել։ ― Հույժ համոզիչ ապացույց, ― ասաց Սամերլին։ ― Դե, ուրեմն, հետևենք նրա ցուցումներին և առաջ գնանք դեպի արևմուտք։ Հինգ մղոն ևս գնալուց հետո նորից քարափի վրա մի սլաք տեսանք։ Այդտեղ քարե պարսպին երևաց առաջին նեղ ծերպը։ Ծերպի մեջ էլ սլաք էր նկարած, որն այս անգամ ուղղված էր դեպի վեր։ Ինչպիսի՜ հանդիսավորությամբ էր շնչում այդ վայրը։ Վիթխարի քարափներ, նրանց վերևում կապույտ երկնքի մի պատառ և թանձր խավար, որովհետև կանաչի կրկնածոպերի միջով այստեղ համարյա լույս չէր թափանցում։ Մի քանի ժամ է, ինչ ոչինչ չէինք կերել, հոգնեցուցիչ ճամփան քարերի միջով ուժասպառ էր արել մեզ, բայց մի՞թե կարելի է դադար առնել այդտեղ։ Հրամայելով հնդկացիներին ճամբար զարկել, մենք չորսով՝ երկու մետիսների ուղեկցությամբ շարժվեցինք առաջ, դեպի նեղ ծերպի խորքերը։ Այդ ծերպը մուտքի մոտ ուներ քառասուն ոտնաչափից ոչ ավելի լայնություն, որը գնալով սկսեց արագորեն նեղանալ և, վերջապես, դեմ առավ մի զառիթափի, որն այնքան թեք էր ու լպրծուն, որ այդտեղով բարձրանալու մասին մտածելն իսկ ավելորդ էր։ Մեր նախորդն ակնհայտորեն մի այլ բան նկատի ուներ։ Ետ դառնանք, ― կիրճն ընդամենը քառորդ մղոն երկարություն ուներ, ― և հանկարծ լորդ Ջոնի սուր աչքը գտավ այն, ինչ մեզ հարկավոր էր։ Մեր գլխավերևը, բարձրում, ընդհանուր խավարի միջից երևում էր մի ավելի մութ բիծ։ Դա, անկասկած, որևէ անձավի մուտք էր։ Ծերպի հատակին քարակույտեր կային, որոնց վրայով առանց դժվարության վեր բարձրացանք։ Մեր բոլոր կասկածները փարատվեցին։ Ահա քարայրի մուտքը, իսկ նրա կողքին՝ նորից կավճով նկարված սլաք։ Ուրեմն, Մեպլ֊Ուայտը և իր դժբախտ ուղեկիցը հենց այստեղից են սկսել վերելքը դեպի սարահարթ։ Այնպես հուզված էինք, որ ճամբար վերադառնալու մասին մտածել իսկ չէինք կարող։ Ուզում էինք իսկույն հետազոտել քարայրը։ Լորդ Ջոնն ուսապարկից հանեց էլեկտրական լապտերը, որը պետք է ծառայեր մեզ իբրև լույսի միակ աղբյուր, և առաջ շարժվեց՝ դեղին փայլակետեր գցելով ժայռերի վրա։ Մենք քայլ առ քայլ հետևում էինք նրան։ Դատելով հարթ պատերից ու կլոր քարակույտերից, ժայռերի մեջ այդ խորությունը ջուրն էր ողողելով բացել։ Մեզ հաջողվեց մտնել այնտեղ միայն մեկ֊մեկ, այն էլ խիստ կռանալով։ Մի հիսուն ոտնաչափ տարածություն այրը խորանում էր ուղղակի քարափի մեջ, իսկ հետո սկսեց քառասունհինգ աստիճան թեքությամբ վեր բարձրանալ։ Շուտով անցքն ավելի թեքացավ, ստիպված էինք չորեքթաթ վեր մագլցել սորուն կոպիճների վրայով։ Մի քանի րոպե ևս անցավ, և հանկարծ լորդ Ռոքստոնը բղավեց․ ― Ճանապարհը փակվե՛ց։ Խմբվելով նրա ետևում, մենք լամպի դեղին լույսով տեսանք իրար վրա կուտակված բազալտի քարաբեկորներ, որոնք հասնում էին մինչև այրի առաստաղը։ ― Փլվածք է։ Մի քանի քար դուրս հանեցինք, բայց անօգուտ․ միայն սկսեցին շարժվել ավելի մեծ բեկորները, որոնք ամեն րոպե կարող էին փլվել և տակն առնել մեզ։ Այդպիսի արգելք հաղթահարելը բացահայտորեն մեր ուժերից վեր էր։ Այլևս գույություն չուներ այն ճանապարհը, որով անցել էր Մեպլ֊Ուայտը։ Այնպես վհատվեցինք այդ բանից, որ առանց այլևս խոսք փոխանակելու ետ դարձանք և քայլեցինք մութ ձորակի միջով։ Բայց այդ ժամանակ տեղի ունեցավ մի դեպք, որը խիստ նշանակալից էր մյուս դեպքերի կողքին։ Խմբով կանգնած էինք ձորակի հատակին, քարայրից մի քառասուն ոտնաչափ ներքև, երբ հանկարծ մի հսկա քար ցած թռավ մեր մոտով։ Մահից հրաշքով խույս տվեցինք։ Մեր կանգնած տեղից չէր երևում, թե այդ քարաբեկորը որտեղից պոկվեց, բայց երկու մետիսների ասելով, որոնք ետ էին մնացել այրի մուտքի մոտ, քարը թռել էր նաև նրանց մոտով, հետևաբար այն ցած էր ընկել բարձրունքից։ Նայեցինք վերև, սակայն քարափը եզերող կանաչ մացառուտներում ամենաչնչին շարժում իսկ չնկատեցինք։ Բայց և այնպես մեզնից ոչ ոք չէր կասկածում, որ քարն ուղղված էր մեզ վրա։ Ուրեմն, սարահարթում մարդիկ կան, մարդիկ, որոնցից կարելի է սպասել վատթարագույնը։ Շուտով դուրս եկանք ձորակից, մտածելով այն մասին, թե այդ անակնկալ իրադարձությունն ինչպես կարող է ազդել մեր պլանների վրա։ Առանց այն էլ դրությունը ծանր էր, բայց եթե բնության՝ մեր դեմ հարուցած արգելքներին ավելանան նաև մարդու չարագործությունները, ապա մեր դրությունը շատ կծանրանա։ Բայց և այնպես, մեզանից ո՞վ սիրտ կաներ վերադառնալ Լոնդոն, առանց իմանալու, թե ինչ էր թաքնված կանաչի այդ փարթամ եզրագծի ետևում, որը ձգվում էր մեր գլխավերևում ընդամենը ինչ֊որ հարյուր ոտնաչափ բարձրության վրա։ Քննարկելով այդ բոլորը՝ որոշեցինք շարունակել սարահարթի շրջանցումը և գտնել նրա գագաթը բարձրանալու մի այլ տեղ։ Ապառաժների շղթան, զգալիորեն ցածրանալով, այժմ արդեն ձգվում էր ոչ թե դեպի արևմուտք, այլ դեպի հյուսիս, և եթե մեր անցած ճանապարհն ընդունեինք իբրև շրջագծի հատած, ապա ողջ շրջագիծը հավանորեն այնքան էլ մեծ չպետք է լիներ։ Վատագույն դեպքում կարող էինք մի քանի օրից հետո վերադառնալ այն կետը, որտեղից սկսել էինք մեր պտույտը։ Այդ օրվա ընթացքում անցած քսաներկու մղոնը ոչ մի նոր բան չբերեց մեզ։ Ի դեպ ասած, աներոիդե ծանրաչափը ցույց է տալիս, որ, հաշվելով նավակները թողած տեղից, մենք աստիճանաբար բարձրացել ենք վեր ծովի մակերևույթից ամենաքիչը երեք հազար ոտնաչափ։ Դրանով են բացատրվում նաև ջերմաստիճանի և բուսականության նկատելի փոփոխությունները։ Մենք համարյա թե ազատվեցինք միջատների ձեռքից, այդ անեծքից, որը արևադարձային երկրներում թունավորում է ճանապարհորդի կյանքը։ Դեռևս պատահում են արմավենու որոշ տեսակներ, ծառանման ձարխոտն առաջվա նման շատ է, բայց ահա բարձր ծառերը, որոնցով այնքան հարուստ է Ամազոնի ավազանը, անհետ չքացան։ Դրա փոխարեն որքա՜ն հաճելի էր այդ անհյուրընկալ ապառաժների միջև հանդիպել մեր պատատուկին, լիանային և բեգոնիային՝ ծաղիկներ, որոնք հիշեցնում էին հայրենի երկրի մասին։ Ահա, ճիշտ այսպիսի կարմիր մի բեգոնիա էլ ծաղկում է Ստրիտեմի վիլլաներից մեկի պատուհանում․․․ Սակայն կարծես թե ես աննկատելիորեն թեքվեցի մի կողմ, դեպի անձնական հիշողությունների բնագավառը։ Այդ երեկոյան, ― ես դեռ շարունակում եմ պատմել սարահարթի կատարած մեր առաջին օրվա պտույտի մասին, ― մի բան պատահեց, որից հետո այլևս ոչ ոք չէր կասկածում, որ ամենամոտիկ ապագայում մեզ հրաշքներ են սպասում։ Թանկագին միստր Մակ֊Արդլ, այս տեղերը կարդալով, դուք երևի առաջին անգամ կզգաք, որ խմբագրությունն ինձ իզուր չի ուղարկել այստեղ և որ այս նյութը, որը կարելի կլինի տպագրել պրոֆեսորի թույլտվությամբ, արտասովոր կերպով հետաքրքիր է։ Ես ինքս էլ միայն այն դեպքում կհամարձակվեմ հրապարակել այդ նյութը, երբ վերադառնամ Անգլիա իմ խոսքերի իրավացիությունը հաստատող իրեղեն ապացույցներով, այլապես ինձ մի նոր Մյունհաուզեն կանվանեն։ Այս հարցում հավանորեն դուք ինձ հետ համամիտ եք և չեք ուզենա վտանգի ենթարկել «Դեյլի գազետ»֊ի անունը, մինչև որ մենք կարող կլինենք արժանավոր ձևով պաշտպանվել հոռետեսության և քննադատության այն ալիքի դեմ, որն անխուսափելիորեն կառաջացնեն իմ հոդվածները։ Ուստի թող այս ապշեցուցիչ դեպքի հաշվետվությունը, ― ինչպիսի՜ սենսացիոն վերնագիր կարող էր տալ այն մեր տատիկ «Դեյլիին», ― առայժմ մնա ձեր սեղանի դարակում և սպասի իր ժամին։ Բայց ախր ամեն ինչ կատարվեց մի ակնթարթում, և այդ իրադարձությունը իր հետքը թողեց միայն մեր ուղեղներում։ Ահա թե ինչպես պատահեց։ Լորդ Ջոնը խփեց մի ագուտի՝ խոզի նման ոչ մեծ մի կենդանի։ Մսի կեսը տվինք հնդկացիներին, մյուս կեսը խարույկի վրա խորովում էինք մեզ համար։ Մթնելուց հետո այստեղ զով է լինում, ուստի ամեն մեկս սեղմվում էր դեպի կրակը։ Գիշերն անլուսին էր, բայց աստղերը մի փոքր ցրում էին խավարը, որ կախվել էր հարթավայրի վրա։ Եվ հանկարծ այդ մթության միջից, այդ գիշերային խավարից սավառնակի վզզոց հիշեցնող սուլոցով ինչ֊որ արարած վերևից նետվեց խարույկի վրա։ Մի ակնթարթ թաղանթավոր թևերը վրանի պես ծածկեցին մեզ, և ես հասցրի նկատել, նրա երկար, օձային վիզը, կարմիր փայլող կատաղի աչքերը և հսկայական բացված կտուցը, որի վրա, ի մեծ զարմանս իմ, շարված էին մանր, սպիտակ, շլացուցիչ ատամներ։ Մի վայրկյան, և այդ արարածը հեռացավ․․․ մեր ընթրիքի հետ միասին։ Լայնությամբ մոտ քսան ոտնաչափ սև, վիթխարի ստվերը խոյացավ դեպի երկինք, հրեշավոր թևերը մի պահ հանգցրին աստղերը մեր գլխավերևում կուտակված ապառաժների ետևում։ Ապշած ու լուռ նստել էինք խարույկի մոտ, ինչպես Վիրգիլիոսի այն հերոսները, որոնց վրա հարձակվում են հարպիաները։<ref>Հարպիաներ ― հին հունական դիցաբանության մեջ թևավոր հրեշներ։</ref> Առաջինը Սամերլին խզեց լռությունը։ ― Պրոֆեսոր Չելենջեր, ― հանդիսավոր, հուզմունքից դողացող ձայնով խոսեց նա, ― ես պետք է ներողություն խնդրեմ ձեզանից։ Ես անիրավացի էի, սըր, բայց հուսով եմ, որ դուք անցյալը մոռացության կտաք։ Այդ լավ էր ասված, և առաջին անգամ մեր գիտնականները սեղմեցին իրար ձեռք։ Ահա թե ինչ տվեց մեզ պտերոդակտիլի հետ անմիջական ծանոթությունը։ Հանուն այդպիսի մարդկանց հաշտեցման ափոսոս չէր նաև ընթրիքը կորցնել։ Սակայն եթե սարահարթում կան էլ մինչպատմական կենդանիներ, ապա հավանորեն դրանք այնքան էլ շատ չեն, որովհետև երեք օրվա ընթացքում ոչ մի այդպիսի բան չտեսանք։ Այդ ամբողջ ժամանակ մենք գնում էինք սարահարթի հյուսիսային և արևելյան պատնեշների երկարությամբ, քայլում մերկ, մռայլ ու ճնշող վայրերով։ Սկզբում դա քարե անապատ էր, որին հաջորդեցին վայրի թռչուններով առատ տխուր ճահճուտներ։ Այդ տեղերը բոլորովին անմատչելի էին և եթե քարափի ստորոտում ընկած հողի բարակ շերտը չլիներ, ստիպված պիտի լինեինք ետ դառնալ։ Քանի՜֊քանի անգամ մինչև գոտկատեղերս խրվեցինք կիսաարևադարձային ճահճուտների ջրիկ խյուսի մեջ։ Սակայն ամենավատը յարակակիներն էին՝ Հարավային Ամերիկայի ամենաթունավոր ու չար օձերը, որոնք վխտում էին այդ ճահիճներում։ Նրանք ամբողջ վտառներով դուրս էին սողում գարշահոտ խրուտներից և ընկնում մեր ետևից։ Մեզ փրկում էին միայն հրացանները, որ պահում էինք պատրաստ։ Ես հավանորեն հավիտյան չեմ մոռանա ճախնուտում եղած մի ձագարաձև փոս, որը ծածկված էր գորշ կանաչավուն ծառալոռով։ Այնտեղ այդ իժերի բույնն էր, փոսի մեջ նրանք վխտում էին․ մեզ տեսնելով՝ իժերը նետվեցին մեր կողմը, քանի որ յարակակին հայտնի է հենց նրանով, որ հերիք է միայն մարդ նկատի, որպեսզի անմիջապես հարձակվի նրա վրա։ Հնարավոր չէր բոլոր օձերին սպանել, ուստի մենք դիմեցինք փախուստի և այնքան վազեցինք, մինչև ուժասպառ եղանք։ Կանգ առնելով, ես ետ նայեցի ու տեսա, թե ինչպես էին մեր զարհուրելի հետապնդողները գալարվում եղեգների մեջ, չկամենալով հետապնդումը դադարեցնել։ Երբեք չեմ մոռանա այդ տեսարանը։ Այն քարտեզում, որ մենք գծագրում ենք, այդ տեղն այդպես էլ կկոչվի՝ Օձերի ճահիճ։ Սարահարթի արևելյան կողմում ապառաժներն ոչ թե կարմիր էին, այլ մուգ շոկոլադագույն, նրանց գագաթները եզրազարդող բուսականությունը նկատելիորեն նոսրացավ, բայց, չնայած լեռնապարի ընդհանուր մակարդակն իջավ մինչև երեք հարյուր֊չորս հարյուր ոտնաչափ, մենք այստեղ էլ չկարողացանք վերելքի տեղ գտնել։ Ապառաժները թերևս նույնիսկ ավելի սեպ դարձան, քան այնտեղ էին, որտեղից սկսեցինք մեր շրջապտույտը։ Նրանց միանգամայն անառիկ լինելու մասին կարելի է դատել կից նկարով, որն արված է քարե անապատի կողմից։ ― Բայց ախր պետք է որ անձրևաջուրը որևէ կերպ ցած հոսի, ― ասացի ես, երբ մենք քննարկում էինք, թե այսուհետև ինչ անենք։ ― Նշանակում է, չի կարող լանջերին ողողատ չլինել։ ― Մեր պատանի բարեկամը երբեմն առողջ դատողության առկայծումներ է ունենում, ― պատասխանեց պրոֆեսոր Չելենջերը՝ ուսիս թփթփացնելով։ ― Անձրևաջուրը պե՛տք է որ մի տեղ հոսի, ― կրկնեցի ես։ ― Չէ, մի տեսեք ի՜նչ համառն է, ինչպիսի՜ առողջ միտք ունի․․․ Դժբախտությունը միայն այն է, որ մենք մեր աչքով համոզվեցինք այդպիսի ողողատների բացակայության մեջ։ ― Այդ դեպքում ո՞ւր է կորչում այդ ջուրը, ― անձնատուր չէի լինում ես։ ― Ուրեմն սարահարթի կենտրոնում լի՞ճ կա։ ― Ենթադրում եմ, որ այդպես է։ ― Եվ, ամենայն հավանականությամբ, նա առաջացել է հին խառնարանի տեղում, ― ասաց Սամերլին։ Այս բլրաշարքի ֆորմացիան ակնհայտորեն հրաբխային ծագում ունի։ Համենայն դեպս, ես հակված եմ կարծելու, որ սարահարթի մակերեսը թեքվածք ունի դեպի կենտրոնը, իսկ այնտեղ գոյություն ունի մի նշանակալլից ավազան, որտեղից ջուրը ինչ֊որ ստորերկրյա ճանապարհով հոսում է դեպի Օձերի ճահիճը։ ― Կամ գոլորշիանում է, որը նույնպես նպաստում է ջրի մակարդակի անհրաժեշտ պահպանմանը, ― նկատեց Չելենջերը, որից հետո մեր երկու գիտնականները, ըստ սովորականի, սկսեցին իրենց գիտական վեճը, որը մեզ՝ անտեղյակներիս համար իրոք որ չինարեն էր։ Վեցերորդ օրը վերջացրինք լեռնապարի շրջանցումը և վերադարձանք մեր նախկին կայանը՝ բրգաձև ժայռի մոտ։ Վերադարձանք ընկճված, որովհետև շրջանցումը վերջնականապես համոզեց մեզ, որ նույնիսկ ամենաճարպիկ և ուժեղ ալպինիստները չեն կարող բարձրանալ այդ սարահարթը։ Այն ձորակը, դեպի ուր տանում էին Մեպլ֊Ուայտի նշասլաքները, և որոնցով նա, հավանորեն, ինքն էլ օգտվել էր, այժմ անանցանելի էր։ Ի՞նչ էր մնում անելու։ Սննդամթերքը և այն, ինչ որսացել էինք, լիովին բավական էր մեզ, բայց չէ՞ որ կգա մի օր, երբ անհրաժեշտ կլինի մեր պաշարները լրացնել։ Մի երկու ամսից հետո կսկսվեն անձրևները, և այն ժամանակ չես կարող ճամբարում նստել։ Այս ապառաժները մարմարից ամուր են, մենք ո՛չ ժամանակ, ո՛չ ուժ կունենանք, որպեսզի արահետ փորենք մինչև այսպիսի բարձրունքը։ Ուստի զարմանալի ոչինչ չկա, որ ամբողջ երեկո մենք մռայլ նայում էինք իրար և, վերջապես առանց ավելորդ խոսքեր շռայլելու՝ մտանք վերմակների տակ։ Քնելուց առաջ էլ դեռ հիացա հետևյալ տեսարանով․ Չելենջերը ծալապատիկ նստել էր խարույկի մոտ, ինչպես վիթխարի դոդոշ, ձեռքերը հենած իր խոշոր գլխին, և, ըստ երևույթին, այնպես էր խորասուզված մտքերի մեջ, որ նույնիսկ իմ «բարի գիշերին» չպատասխանեց։ Սակայն առավոտյան մեր առաջ կանգնած էր մի բոլորովին ուրիշ Չելենջեր։ Ինչպես երևում է, այդ Չելենջերը հիացած էր իր անձով և ողջ էությամբ ճառագում էր ինքնաբավականությունից։ Նախաճաշի ընթացքում նա մի գլուխ նայում էր մեզ շինծու համեստությամբ, կարծես ասելով․ «Ես արժանի եմ ձեր բոլոր գովեստներին, գիտեմ, բայց աղաչում եմ, մի ստիպեք ինձ ամաչելուց կարմրել»։ Նրա մորուքը շարունակ տնկվում էր վեր, կուրծքը առաջ էր ցցված, աջ ձեռքը խրած էր բաճկոնակի փեշի տակ։ Նա իրեն երևի տեսնում էր այդպես կանգնած Տրաֆալգարյան պուրակի պատվանդաններից մեկի վրա, որը դեռ զբաղված չէր լոնդոնյան մի նոր հերթական խրտվիլակի կողմից։ ― Է՛վրիկա, ― վերջապես ձայն տվեց Չելենջերը՝ մորուքի միջից փայլեցնելով ատամները։ ― Ջենտլմեններ, կարող եք շնորհավորել ինձ, իսկ ես կարող եմ շնորհավորել ձեզ բոլորիդ։ Խնդիրը լուծված է։ ― Դուք գտել եք, թե որտեղի՞ց կարելի է սարահարթ բարձրանալ։ ― Համարձակվում եմ այդպես մտածել։ ― Որտեղի՞ց։ Պատասխանի փոխարեն Չելենջերը ցույց տվեց բրգաձև ժայռը, որը վեր էր խոյանում մեր կայանի աջ կողմում։ Մեր դեմքերը զարմանքից ձգվեցին․ իմ դեմքի համար համենայն դեպս երաշխավորում եմ։ Չելենջերի պատմածներից մենք գիտեինք, որ այդ ժայռի վրա բարձրանալ կարելի է։ Բայց չէ՞ որ նրա և սարահարթի միջև ընկած էր մի անտակ անդունդ։ ― Մենք ոչ մի կերպ այնտեղից սարահարթ անցնել չենք կարող, ― հազիվ արտասանեցի ես։ ― Ժայռի վրա մենք այսպես թե այնպես կբարձրանանք, ― ասաց նա։ ― Իսկ այնտեղ կտեսնենք, թերևս ես կարողանամ ապացուցել, որ իմ հնարամտությունը սահման չունի։ Նախաճաշից հետո մենք արձակեցինք այն հակը, որի մեջ մեր ղեկավարը պահում էր իր բոլոր ալպինիստական հարմարանքները։ Հակի միջից հանեցինք երկաթի կատվիկները, կեռերը և մոտ հարյուր հիսուն ոտնաչափ երկարությամբ պինդ, թեթև ճոպանը։ Լորդ Ջոնը փորձված ալպինիստ էր, Սամերլին նույնպես առիթ էր ունեցել դժվարին վերելքներ կատարելու, հետևաբար այդ գործում սկսնակը միայն ես էի։ Սակայն ուժն ու կրակը պետք է փոխարինեին իմ փորձի բացակայությունը։ Պարզվեց, որ խնդիրն այնքան էլ դժվար չէ, չնայած եղան րոպեներ, երբ վախից մազերս փշաքաղվում էին։ Վերելքի առաջին կեսը բոլորովին հեշտ անցավ, բայց այնուհետև ժայռն ավելի ու ավելի սևպացավ, և վերջին հիսուն ոտնաչափը մենք վեր էինք մագլցում ոտքերով ու ձեռքերով կառչելով յուրաքանչյուր ելուստից, քարերի մեջ եղած յուրաքանչյուր ճեղքից։ Ո՛չ ես, ո՛չ էլ պրոֆեսոր Սամերլին չէինք կարող վերելքը հաղթահարել, եթե Չելեմջերը չլիներ։ Նա առաջինը հասավ բարձրունք (տարօրինակ էր այդ ծանրամարմին մարդու մեջ այդպիսի ճարպկություն տեսնել) և ճոպանը կապեց այնտեղ աճած խոշոր ծառի բնին։ Նրա օգնությամբ շուտով մենք վեր մագլցեցինք քարե խորդուբորդ պատնեշի վրայով և հայտնվեցինք քսանհինգ ոտնաչափ լայնություն ունեցող խոտածածկ մի հարթակում։ Ժայռի կատարը հենց այդ էր։ Մի փոքր շունչս ետ բերելով՝ նայեցի ետ և ապշեցի իմ առաջ բացված տեսարանից։ Թվում էր, թե բրազիլական ողջ հարթավայրն էր փռվել մեր դեմ՝ ձգվելով դեպի կապտավուն ծխով պարուրված հեռուները։ Մեր ոտքերի մոտից սկսվում էր զառիկող քարե թեքությունը, որը տեղ֊տեղ ծածկված էր ծառանման ձարիխոտով, իսկ դենը, թամբաձև բլրակների ետևում, պարզ երևում էին բամբուկի դեղնականաչ մացառուտները, որոնց միջով վերջերս անցել էինք մենք։ Այնուհետև թփերն ու ծառերը խտանում էին և, վերջապես, ձուլվում ջունգլիների համատարած պարսպի մեջ, ջունգլիներ, որոնք ձգվում էին որքն աչքդ կտրի և, հավանորեն, էլի մի երկու հազար մղոն դեպի երկրի խորքերը։ Ես դեռ արբենում էի այդ կախարդական համայնապատկերով երբ հանկարծ պրոֆեսորի ծանր ձեռքն իջավ իմ ուսին։ ― Այստեղ նայեք, իմ պատանի բարեկամ, ― ասաց նա։ ― Vestigia nulla retrorsum:<ref>Ոչ մի քայլ ետ (լատիներեն)</ref> Ես հայացքս դարձրի սարահարթի կողմը։ Նա գտնվում էր մեզ հետ հավասար բարձրության վրա, և հատուկենտ ծառերով թփուտի կանաչ եզրագոտին այնքան մոտ էր ժայռին, որ ես ակամա կասկածեցի՝ մի՞թե նա իրոք անմատչելի է։ Աչքի չափով այս անդունդը քառասուն ոտնաչափից ավելի լայնություն չուներ, բայց միևնույն չէ՞, ― քառասուն կամ չորս հարյուր ոտնաչափ։ Ես բռնեցի ծառի բնից և նայեցի ներքև, դեպի անդունդը։ Այնտեղ, նրա հատակում սևին էին տալիս մեր կողմը նայող հնդկացիների պստլիկ ֆիգուրաները։ Երկու պատն էլ՝ և՛ ժայռինը, և՛ սարահարթինը, բոլորովին թեք էին։ ― Հետաքրքիր է, ― լսեցի իմ ետևից պրոֆեսոր Սամերլիի ճռճռան ձայնը։ Ետ նայեցի ու տեսա, որ նա մեծագույն հետաքրքրությամբ զննում է այն ծառը, որն ինձ պահում էր անդունդի վրա։ Նրա հարթ կեղևի և փոքրիկ կողավոր տերևների մեջ ինչ֊որ խիստ ծանոթ բան կար։ ― Բայց սա հո հաճարենի է, ― բացականչեցի ես։ ― Միանգամայն ճիշտ է, ― հաստատեց Սամերլին։ ― Մեր հայրենակիցը նույնպես ընկել է օտարության մեջ։ ― Ոչ միայն հայրենակից, հարգելի սըր, այլև հավատարիմ դաշնակից, եթե բանն այդտեղ հասավ, ― ասաց Չելենջերը։ ― Այս հաճարենին մեր փրկիչն է լինելու։ ― Կամո՛ւրջ, ― գոչեց լորդ Ջոնը։ ― Ողորմա՜ծ տեր, կամո՛ւրջ։ ― Ճիշտ է, բարեկամներս, կամուրջ։ Իզուր չէ, որ երեկ ես ամբողջ մի ժամ գլուխ էի կոտրում՝ աշխատելով որևէ ելք գտնել։ Եթե մեր պատանի բարեկամը հիշում է, ապա նրան մի անգամ արդեն ասված է, Ջորջ Էդուարդ Չելենջերն իրեն ամենից լավ է զգում, երբ նրան դեմ են անում պատին։ Իսկ երեկ, դուք այդ, իհարկե, չեք ժխտի, մենք բոլորս էլ պատին սեղմվեցինք։ Բայց այնտեղ, ուր ինտելեկտն ու կամքը գործում են միասին, միշտ էլ մի ելք կգտնվի։ Այս անդունդի վրա անհրաժեշտ է կամուրջ գցել։ Ահա, նա ձեր առաջ է։ Իսկապե՛ս որ փայլուն միտք։ Ծառը վաթսուն ոտնաչափից ոչ պակաս բարձրություն ուներ, և եթե ընկներ այնպես, ինչպես պետք է՝ անդունդը կծածկվեր։ Պատրաստվելով վերելքի՝ Չելենջերը չէր մոռացել հետը կացին վերցնել։ Այժմ նա այդ կացինը մեկնեց ինձ։ ― Մեր պատանի բարեկամը նախանձելի մկաններ ունի։ Նա բոլորից լավ գլուխ կբերի այս գործը։ Բայց և այնպես, խնդրում եմ, արեք միայն այն, ինչ որ կասվի ձեզ, և մի ջանաք նեղություն տալ ձեր ուղեղին։ Հետևելով նրա ցուցումներին՝ ես ծառի վրա մի քանի քարթ արի այն հաշվով, որպեսզի նա ցած ընկնի անհրաժեշտ ուղղությամբ։ Խնդիրն այնքան էլ դժվար չէր, որովհետև նրա բունը ինքնին խիստ թեքվել էր սարահարթի կողմը։ Ապս մենք լորդ Ջոնի հետ փոխնիփոխ լուրջ կերպով գործի անցանք։ Մոտավորապես մի ժամից հետո լսվեց մի ուժեղ ճռնչյուն, ծառը ճոճվեց ու ցած տապալվեց, գագաթը թաղելով անդունդի հակառակ կողմի թփերում։ Բունը գլորվեց դեպի հարթակի ծայրը, և մի սարսափելի ակնթարթ թվաց, թե ընկնելու է անդունդը։ Բայց նա ժայռի եզրից մի քանի ոտնաչափի վրա ցնցվեց ու կանգ առավ։ Դեպի Անհայտ երկիր կամուրջը գցված էր։ Բոլորոս առանց մի խոսք ասելու սեղմեցինք պրոֆեսոր Չելենջերի ձեռքը, իսկ նա հանեց իր ծղոտե գլխարկը և խոր գլուխ տվեց յուրաքանչյուրիս։ ― Ինձ է պատկանում առաջինը Անհայտ երկիր ոտք դնելու պատիվը, ― ասաց նա։ ― Չեմ կասկածում, որ ապագայի նկարիչներն իրենց կտավների վրա կպատկերեն այս պատմական րոպեն։ Նա արդեն մոտեցել էր անդունդի ծայրին, երբ հանկարծ լորդ Ջոնը բռնեց նրա բաճկոնակից։ ― Թանկագին պրոֆեսոր, ― ասաց նա, ― ես ոչ մի պայմանով չեմ կարող այդ բանը թույլ տալ։ ― Այսինքն ինչպե՞ս, սըր։ Չելենջերի գլուխը թեքվեց ետ, մորուքը վեր ցցվեց։ ― Ամեն ինչում, որ վերաբերում է գիտությանը, ես ճանաչում եմ ձեր առաջնությունը, որովհետև դուք գիտնական եք։ Բայց սա իմ ճյուղին է պատկանում, այնպես որ բարի եղեք ենթարկվելու ինձ։ ― Ինչպե՞ս թե «ձեր ճյուղին», սըր։ ― Մեզնից ամեն մեկն իր արհեստն ունի, և իմը զինվորական արհեստ է։ Որքան ես հասկանում եմ, մենք պատրաստվում ենք ներխուժել մի չուսումնասիրված երկիր՝ թերևս լի թշնամիներով։ Մի փոքր առողջ բանականություն և տոկունություն։ Ես սովոր չեմ գործել առանց կշռադատելու։ Լորդ Ջոնի փաստարկներն այնքան համոզիչ էին, որ հարկ չեղավ նրա հետ վիճել։ Չելենջերը ետ գցեց գլուխը և ուսերը թոթվեց։ ― Լավ, սըր, ի՞նչ եք առաջարկում։ ― Ով գիտե, թերևս այդ թփերում պահվել է մարդակերների մի ցեղ, որի նախաճաշի ժամն է հիմա, ― ասաց լորդ Ջոնը՝ կամուրջի վրայից նայելով դեպի ապառաժները։ ― Կընկնենք եռացող կաթսայի մեջ, այն ժամանակ մտածելն ուշ կլինի։ Ուստի, եկեք մտածենք, որ ոչ մի վատ բան չի սպասում մեզ, բայց համենայն դեպս զգույշ գործենք։ Ես և Մելոունը կիջնենք ցած, կվերցնենք չորս հրացանները և երկու մետիսների հետ ետ կգանք։ Հետո մեզնից մեկը հրացանների պաշտպանությամբ կանցնի մյուս կողմը, և, եթե ամեն ինչ բարեհաջող գնա, մյուսները կհետևեն նրան։ Չելենջերը նստեց կտրած ծառի կոճղին և անհամբերությունից տնքաց, բայց ես և Սամերլին միահամուռ կերպով պաշտպանեցինք լորդ Ջոնին՝ գտնելով, որ երբ բանը հասնում է պրակտիկային, ղեկավարության իրավունքը պետք է պատկանի նրան։ Ժայռի վրա բարձրանալն այժմ շատ ավելի հեշտ էր, որովհետև ամենադժվարին տեղում ճոպանն օգնում էր մեզ։ Մի ժամից հետո հրացաններն առած վերադարձանք։ Լորդ Ջոնի կարգադրությամբ մետիսները մի պարկ սննդամթերք վեր բարձրացրին՝ ի նկատի ունենալով, որ մեր առաջին արտելքը դեպի Անհայտ երկիր կարող էր երկար տևել։ Յուրաքանչյուրի փամփուշտները գտնվում էին իր մոտ։ ― Դե, միստր Չելենջեր, եթե դուք ուզում եք անպայման առաջինը լինել․․․ ― ասաց լորդ Ջոնը, երբ բոլոր նախապատրաստություններն ավարտված էին։ ― Անսահման պարտավորված եմ ձեզ՝ նման ողորմածության համար, ― չարությամբ պատասխանեց պրոֆեսորը, որն իր հեղինակությունից բացի ուրիշ ոչ մի հեղինակություն չէր ընդունում։ ― Եթե դուք դեմ չեք, ես կօգտվեմ ձեր սիրալիրությունից և հանդես կգամ իբրև պիոներ։ Նա կացինը ուսին գցեց, հեծավ ծառին և, ձեռքերի վրա հենվելով, արագորեն անցավ այն կողմը, ոտքի ելավ և ձեռքերը վեր պարզեց։ ― Վերջապե՜ս, ― գոչեց նա։ ― Վերջապե՜ս։ Ես ահ ու դողով հետևում էի նրան՝ սպասելով, թե ինչ է պատրաստում նրա համար այդ կանաչ ծածկոցը։ Բայց շուրջը խաղաղ էր, միայն ինչ֊որ տարօրինակ, խայտաբղետ թռչուն թռավ պրոֆեսորի ոտքերի տակից և կորավ ծառերի ետևում։ Երկրորդը Սամերլին անցավ անդունդի վրայով։ Պարզապես ապշեցուցիչ է, թե որքան ուժ կա այդ նիհար մարմնի մեջ։ Նա ուզեց անպայման երկու հրացան վերցնել իր հետ, այնպես որ այժմ երկու պրոֆեսորն էլ զինված էին։ Հետո հերթը հասավ ինձ։ Ես աշխատում էի չնայել ներքևում բացվող զարհուրելի անդունդին։ Սամերլին հրացանի խզակոթը պարզեց ինձ, իսկ մի վայրկյան հետո ես արդեն բռնել էի նրա ձեռքից։ ԻՆչ վերաբերում է լորդ Ջոնին, ապա նա պարզապես անցավ կամրջի վրայով, անցավ առանց որևէ բանի վրա հենվելու։ Այդ մարդը երկաթյա ջղեր ունի։ Եվ ահա մենք չորսով կախարդական երկրում ենք, Կորուսյալ աշխարհում, ուր մինչև այժմ միայն Մեպլ֊Ուայտն է եղել։ Հասավ մեծագույն հաղթանակի րոպեն։ Բայց ո՞վ կարող էր մտածել, որ այդ րոպեին մեզ համար մեծագույն դժբախտությունների սկզիբն է լինելու։ Թույլ տվեք, ուրեմն, մի քանի խոսքով պատմել, թե այդ զարհուրելի հարվածն ինչպես պայթեց մեր գլխին։ Նոր էինք հեռացել անդունդի եզրից և մի հիսուն ոտնաչափ խորացել թփուտների մեջ, երբ հանկարծ մեր ետևում մի խլացուցիչ թնդյուն լսվեց։ Մենք բնազդաբար վազեցինք այն կողմը։ Մեր կամուրջն այլևս գոյություն չուներ։ Նայելով ներքև՝ ես անդունդի հատակին տեսա տաշեղների ու ճյուղերի մի շփոթ՝ այն ամենը, ինչ֊որ մնացել էր հաճարենուց։ Մի՞թե հարթակի եզրը չէր դիմացել այդպիսի ծանրության և փլվել էր։ Այդ առաջին միտքն էր, որ անցավ մեր գլխով։ Իսկ հետո բրգաձև ժայռի ետևից դանդաղորեն երևաց ինչ֊որ մեկի դարչնագույն կերպարանքը։ Դա մեր մետիս Գոմեսն էր։ Բայց ո՞ւր էր կորել նրա զուսպ ժպիտը և սֆինքսային անթափանցելիությունը։ Ատելությունն աղավաղել էր մեզ նայող այդ դեմքը, հագեցած վրեժխնդրությունը խելագար ցնծությամբ էր վառել նրա այտերը։ ― Լորդ Ռոքստոն, ― բղավեց նա։ ― Լո՛րդ Ջոն Ռոքստոն։ ― Ի՞նչ ես ուզում, ― պատասխանեց մեր ուղեկիցը։ ― Ես այստեղ եմ։ Ճայթող քրքիջի ձայնը հասավ մեզ։ ― Այո, դու այդտեղ ես, անգլիացի շո՛ւն, և էլ այդտեղից դուրս չես պրծնի։ Ես սպասում էի, վաղուց էի սպասում, թե երբ կգա իմ ժամը։ Ձեզ համար դժվար էր վերև բարձրանալը, իսկ ցած իջնելն ավելի դժվար կլինի։ է՛հ, անխելքնե՜ր։ Ընկա՞ք թակարդը։ Բոլորդ միասին ընկաք։ Մենք ապշած, խոսք չէինք գտնում և լուռ նայում էինք մետիսներին։ Մի մեծ, ջարդված ոստ, որ ընկած էր խոտերի վրա, բացատրում էր, թե ինչն է ծառայել իբրև լծակ մեր կամուրջը ցած գլորելիս։ Նրա դեմքը կորավ թփերում, բայց մի վայրկյան հետ նորից երևաց՝ է՛լ ավելի աղավաղված ատելությունից։ ― Մենք քիչ էր մնում ձեզ քարով սպանեինք քարայրի մոտ, ― ձայն տվեց նա, ― բայց այսպես ավելի լավ է։ Դանդաղ մահն ավելի սարսափելի է։ Ձեր ոսկորները կճերմակեն, և ոչ մի մարդ չի իմանա, թե նրանք որտեղ են հանգչում, ոչ մի մարդ չի գա հողով ծածկելու դրանք։ Երբ շունչդ փչելու կլինես, հիշի՛ր Լոպեսին, որին հինգ տարի առաջ սպանեցիր Պատումայո գետի մոտ։ Ես նրա եղբայրն եմ, և ինչպես էլ որ մեռնելու լինեմ, կմեռնեմ հանգիստ, որովհետև նրա վրեժն առա։ Մետիսը ցասկոտությամբ բռունցք ցույց տվեց ու չքացավ։ Տիրեց ծանր լռություն։ Եթե Գոմեսը վրեժը հագեցնելուց հետո, միայն դրանով էլ սահմանափակվեր, հեշտ կպրծներ։ Նրան կործանեց դրամատիկական էֆեկտների հանդեպ ունեցած խելահեղ կիրքը, որ հատուկ է լատինական ցեղի բոլոր մարդկանց, իսկ Ռոքստոնը, որը «աստծու խարազանի» համբավ ուներ Հարավային Ամերիկայի երեք երկրներում, թույլ չտվեց իր հետ կատակ անել։ Մետիսն արդեն իջնում էր ժայռի հակադիր լանջով, բայց նրան այնպես էլ չհաջողվեց ոտքը հողին դնել։ Լորդ Ջոնը վազում էր սարահարթի եզրով, որպեսզի նրան աչքից չփախցնի։ Որոտաց կրակոցը, մենք լսեցինք մի սուր ճիչ, և մի վայրկյան հետո՝ վայր ընկնող մարմնի մի խուլ թմփոց։ Ռոքստոնը վերադարձավ մեզ մոտ, նրա դեմքն ասես քարացել էր։ ― Ես կույր եմ, ցանցառի մեկը, ― դառնությամբ ասաց նա։ ― Իմ հիմարությունը կործանեց բոլորիդ։ Ինչու պիտի մոռանայի, որ այդ մարդիկ ոչինչ չեն ներում, որ նրանց հետ միշտ էլ պետք է զգույշ լինել։ ― Իսկ ինչո՞ւ մյուս մետիսին խնայեցիք։ Չէ՞ որ առանց նրա օգնության Գոմեսը չէր կարող ծառը ներքև գլորել։ ― Կարող էի նրան էլ վերջ տալ, միայն թե խղճացի։ Միգուցե նա մեղք չունի։ Բայց թերևս դուք ճիշտ եք։ Ավելի լավ էր նրան էլ սպանել․ նա հավանորեն օգնել է Գոմեսին։ Այժմ, երբ դավաճանության իսկական աստառը պարզվեց, մենք սկսեցինք հիշել, որ մետիսի վարքը շատ բաներում կասկածելի էր։ Ամեն ինչ հասկանալի դարձավ՝ և՛ նրա համառ ձգտումը՝ թափանցել արշավախմբի պլանների մեջ, և՛ գժտությունը խրճիթի մոտ, երբ Սամբոն խանգարել էր նրան ականջ դնելու մեր խոսակցությունը, և՛ նրա ատելությամբ լի հայացքները, որ հաճախ մենք որսում էինք։ Շարունակեցինք քննարկել այդ բոլորը՝ միաժամանակ աշխատելով վարժվել դեպքերի նոր ընթացքին, երբ հանկարծ մեր ուշադրությունը գրավեց մի հետաքրքրական տեսարան, որ տեղի էր ունենում ներքևում, քարափի ստորոտին։ Սպիտակ հագած մի մարդ, ― հավանորեն, ողջ մնացած մետիսը, ― ամբողջ ուժով փախչում էր հարթավայրով, ասես ջանալով ազատվել վերահաս մահից։ Նրա ետևից վիթխարի ցատկերով վազում էր ձյութի նման սև մի հսկա՝ մեր հավատարիմ նեգր Սամբոն։ Մեր աչքի առաջ նա հասավ փախստականին, թռավ նրա մեջքին և նրա վիզը երկու ձեռքերի մեջ առավ։ Նրանք գլորվեցին գետին։ Մի րոպե հետո Սամբոն ոտքի ելավ, նայեց իր առաջ մեկնված մարմնին և, ձեռքերն ուրախ թափահարելով մեր կողմը, վազեց դեպի ժայռը։ Սպիտակ, անշարժ կերպարանքն այնպես էլ պառկած մնաց դաշտավայրում։ Երկու դավաճանն էլ ստացան իրենց հատուցումը, բայց նրանց արարքն անուղղելի էր։ Մենք չէինք կարող վերադառնալ դեպի ժայռը։ Մի ժամանակ մեր կացարանն ամբողջ աշխարհն էր, իսկ այժմ նա նեղացել էր մինչև սարահարթի չափերը։ Մեկը և մյուսը գոյություն ունեին առանձին֊առանձին։ Ահա հարթավայրը, որը տանում էր դեպի թաքնված նավակները։ Իսկ այնտեղ, հորիզոնի բաց մանուշակագույն ծխի ետևում գետն էր, դեպի քաղաքակրթություն տանող ճանապարհը։ Չքացել էր միայն միակ կապող օղակը։ Ոչ մի հնարամտություն չէր կարող կամուրջ գցել այն անդունդի վրա, որ բացվում էր մեր ներկայի և անցյալի միջև։ Բավական էր մի ակնթարթ, և ինչպե՜ս ամեն բան փոխվեց։ Եվ այստեղ ես հասկացա, թե իմ երեք ընկերներն ինչ խմորից են հունցված։ Ճիշտ է, նրանց տեսքը շատ լուրջ էր ու կենտրոնացած, բայց ոչ մի բան չէր կարող խանգարել այդ մարդկանց անխռով հանգստությունը։ Մեզ ուրիշ բան չէր մնում, բայց եթե նստել թփերում և համբերությամբ սպասել Սամբոյին։ Շուտով նրա բարեհոգի սև կերպարանքը երևաց քարերի ետևից, և նա իր ողջ հզոր հասակով կանգնեց ժայռի կատարին։ ― Հիմի ես ի՞նչ անել, ― ձայն տվեց Սամբոն։ ― Դուք ինձ ասա, ես ամեն ինչ անել։ Նման հարց տալը հեշտ էր, իսկ պատասխանելը՝ դժվար։ Մենք միայն մի բան գիտեինք։ Սամբոն մեր միակ հուսալի կապն էր արտաքին աշխարհի հետ։ Գոնե նա մեզ չլքեր։ ― Չէ՛, չէ՛, ― բղավեց Սամբոն։ ― Ես ձեզ չթողնել։ Ես միշտ էստեղ։ Հնդկացիներ ուզեց գնալ։ Սամբոն չի կարող պահել հնդկացիներ։ Նրանք ասում՝ էստեղ ապրում Կուրուպուրի, տուն էրթանք։ Դուք չկա, իսկ Սամբոն մենակ չի կարող հնդկացիներ համոզել։ Իսկապես, վերջին ժամանակները հնդկացիները չէին աշխատում թաքցնել, որ ուզում են թողնել մեզ ու վերադառնալ իրենց տները։ Սամբոն ճիշտ էր ասում․ այժմ նրանց ետ պահելու ոչ մի հնար չկար։ ― Սամբո, հնդկացիներին համոզիր՝ սպասեն մինչև վաղը։ Այն ժամանակ ես նրանց հետ նամակ կուղարկեմ, ― ձայն տվի ես։ ― Լավ, սըր։ Հնդկացիներ կսպասեն վաղ։ Սամբո խոսք տալիս։ Գործ շատ ճարվեց մեր հավատարիմ նեգրի համար, և նա ամեն բան էլ հիանալի գլուխ բերեց։ Ամենից առաջ պատվիրեցինք արձակել ծառի շուրջը փաթաթված ճոպանը և մի ծայրը նետել մեզ։ Ճոպանը լվացքի պարանից հաստ չէր, բայց խիստ ամուր էր, և չնայած իբրև կամուրջ պիտանի չէր, այնուամենայնիվ նման իրը շատ անհրաժեշտ էր մեր պայմաններում։ Ապա Սամբոն ճոպանի մյուս ծայրին կապեց ուտելիքի պաշարով լի պարկը, որ արդեն հանել էր ժայռի վրա, և մենք պարկը քաշեցինք մեզ մոտ։ Սննդամթերքը ամենաքիչը մի շաբաթ հերիք կաներ մեզ, եթե նույնիսկ մեր պաշարը որսով չլրացնեինք։ Վերջապես Սամբոն վերև բարձրացրեց ևս երկու պարկ, որոնց մեջ փամփուշտներն էին և շատ այլ իրեր։ Այդ բոլորը ճոպանով քաշեցինք մեզ մոտ։ Արդեն երեկո էր, երբ մեր նեգրը վերջին անգամ իջավ ներքև, հաստատ հավատացնելով, որ հնդկացիները կմնան մինչև առավոտ։ Ահա թե ինչու այդ ամբողջ գիշերը, ― մեր առաջին գիշերը սարահարթում, ― ես անցկացրի լապտերի լույսի տակ՝ գրի առնելով մեր գլխով անցածը։ Գիշերելու տեղ ընտրեցինք զառիթափի եզրին, հենց այդտեղ էլ ընթրեցինք, հացի վրա ապոլինարուս խմելով, որից երկու շիշ գտնվեց մթերքի պարկերից մեկում։ Ջուր գտնելը մեզ համար մահու ու կենաց խնդիր է, բայց կարծում եմ, որ այսօրվա արկածները բավական են նույնիսկ լորդ Ջոնի համար, իսկ մյուսներն առավել ևս ոչ մի ցանկություն չունեն Անհայտ երկիրը հետազոտության գնալու։ Որոշեցինք խարույկ չվառել և ընդհանրապես աշխատում ենք որքան կարելի է քիչ աղմուկ հանել։ Վաղը, ավելի ճիշտ այսօր, որովհետև ես նստեցի մինչև լուսաբաց, մենք մեր առաջին արտելքը կկատարենք դեպի այս հանելուկային աշխարհը։ Ե՞րբ կհաջողվի շարունակել իմ գրառումները և կհաջողվի՞ արդյոք, չգիտեմ։ Առայժմ հնդկացիները դեռ այստեղ են՝ այստեղից ես տեսնում եմ նրանց, և համոզված եմ, որ շուտով մեր Սամբոն կգա նամակի ետևից։ Շատ հուսով եմ, որ նա շուտով կհասնի ըստ պատկանելույն։ Հ․ Գ․ Որքան շատ եմ մտածում մեր վիճակի մասին, այնքան անուրախ է թվում այն ինձ։ Վերադարձի հույս չունեմ։ Եթե սարահարթի եզրին մի ծառ լիներ, կարող էինք անդունդի վրա նոր կամուրջ գցել, բայց հիսուն ոտնաչափից մոտիկ ծառեր չկան, իսկ այդպիսի ծանրություն քարշ տալ զառիթափի մոտ չի հաջողվի նույնիսկ չորս հոգով։ Ճոպանն էլ շատ է կարճ, նրանով չես կարող ցած իջնել։ Ո՛չ, մեր դրությունն անհուսալի է, անհուսալի․․․
Ադմին, Վստահելի
1876
edits