Changes
/* Ծանոթագրություններ */
Որտեղ է տունը ընկերոջ»։
== Օազիս պահի մեջ ==
Իմ ետեւից եթե գաք Ոչնչության ետեւում եմ։
Ոչնչության ետեւում ինչևոր տեղ կա,
Ոչնչության ետեւում օդի երակները
Լի են խլածաղիկներով,
Որոնք ավետում են
Ամենահեռավոր հողաթմբին բացված
Ծաղկի մասին։
Իսկ ավազուտներում ձիերի պայտերի հետքն է
Նուրբ հեծյալների,
Որ ցայգալույսին վեր սլացան
Կակաչների համբարձման բլրի գագաթը։
Ոչնչության ետեւում
Բաց է հովանոցը խնդրանքի,
Եվ մինչ կսուզվի զեփյուռի ծարավը
Ինչևոր տերեւի խորքում
Կհնչի զանգն անձրեւի։
Այստեղ մենակ է մարդը,
Եվ այս մենության մեջ
Մինչ հավերժություն ձգվում է
Ստվերը թեղիի։
Իմ ետեւից եթե գաք,
Եկեք հանդարտ ու կամաց,
Որ չճաքի հանկարծ
Նուրբ ճենապակին իմ մենության։
== Կանաչից կանաչ ==
Ես այս խավարում
Խորհում եմ մի պայծառ գառնուկի մասին,
Որ գար ու արածեր խոտերն իմ հոգնության։
Ես այս խավարում,
Թաց բազուկներիս շարունակությունը
Տեսնում եմ
Մարդկության նախնական աղոթքները թրջող,
Այն անձրեւի տակ։
Ես այս խավարում
Դուռ բացեցի հին գազոնների
Եվ այն գանձերի առջեւ,
Որ դիտեցինք պատերի վրա առասպելների։
Ես այս խավարում
Տեսա արմատները
Եվ մահվան նորելուկ թփի համար
Ջուրը
Մեկնաբանեցի։
== Կանչ սկզբնական ==
Ո՞ւր են կոշիկներս, Ո՜վ էր ձայնեց՝ Սոհրա՚բ, Ծանոթ էր ձայնը ինչպես օդը Տերեւի մարմնի հետ։
Մայրս քնած է
Եվ Մանուչեհրը,
Եվ Փարվանեն,
Եվ գուցե բոլոր մարդիկ քաղաքի։
Հուլիսյան գիշերը սգերգի հանդարտությամբ
Սահում է վայրկյանների վրայով,
Եվ պաղ մի զեփյուռ, ադյալի կանաչ երիզից
Իմ քունն էր հափշտակում։
Գաղթելու հոտ է գալիս,
Իմ բարձը լի է փետուրների երգով
Ծիծեռնակների։
Առավոտ կլինի,
Եվ այս ջրամանում
Կգաղթի երկինքը։
Այս գիշեր պիտի գնամ։
Ես, որ ամենաբաց լուսամուտից
Խոսել եմ այս թաղի մարդկանց հետ,
Ոչ մի խոսք չլսեցի ժամանակի սեռից,
Ոչ մի աչք սիրահարի պես հայացք չէր հառել հողին,
Ոչ ոք չհիացավ այգին տեսնելով,
Ոչ մեկը արտում նստած կաչաղակին լուրջ չընդունեց։
Ես մի ամպի չափ սրտնեղվում եմ,
Երբ լուսամուտից տեսնում եմ Հուրիին
Հասուն աղջկան հարեւանի,
Ամենահազվագյուտ թեղիի տակ աղոթագիրք կարդալիս։
ԻՆչևոր բաներ էլ կան պահեր հուզառատ,
(Օրինակ մի պոետ տեսա,
Այնպես էր տարված մթնոլորտով,
Որ երկինքը ձվադրեց աչքերի մեջ,
Եվ գիշերներից մի գիշեր
Մի մարդ հարցրեց ինձ.
«Մինչեւ ծագումը խաղողի քանի՞ ժամվա ճանապարհ է»)։
Այս գիշեր պիտի գնամ։
Այս գիշեր պիտի վերցնեմ
Իմ մենության շապիկի տարողությամբ ճամպրուկը,
Եվ գնամ այն ուղղությամբ,
Ուր երեւում են ծառերը էպիկական
Դեպի անբառ այն տարածքը,
Որ շարունակ կանչում է ինձ։
Մեկը դարձյալ ձայնեց. Սոհրա՚բ, Ո՞ւր են կոշիկներս։