Changes

Կորուսյալ աշխարհ

Ավելացվել է 50 524 բայտ, 14:49, 30 Մայիսի 2014
/* ԳլուխXI Ես դառնում եմ օրվա հերոսը */
==ԳլուխXI Գլուխ XI Ես դառնում եմ օրվա հերոսը==
Չելենջերը մի համակրական հայացք նետեց ինձ վրա և կատակով օրորեց գլուխը։
― Ա՛խ, ջահելությո՜ւն, ջահելո՜թյուն, ― ասաց նա։ ― Դե ինչ, Գլեդիս է, թող Գլեդիս լինի։   ==Գլուխ XII «Ինչ զարհուրելի էր անտառում»==  Վերջին ժամանակներս իմ հիշողությունը չար կատակներ է անում ինձ հետ, բայց կարծեմ նախորդ նամակում հիշատակել եմ, որ ես գլուխս կորցրել էի հպարտությունից, երբ երեք այնպիսի երևելի մարդիկ, ինչպիսիք իմ ուղեկիցներն են, շնորհակալությամբ սեղմեցին ձեռքս։ Նրանց ասելով, ես փրկեցի կամ համենայն դեպս զգալիորեն թեթևացրի մեր վիճակը։ Լինելով արշավախմբի ամենակրտսեր անդամը և զիջելով ընկերներիս փորձի և բնավորության ամրության տեսակետից՝ ես մեր ճանապարհորդության առաջին իսկ օրից մնացել էի ստվերի մեջ։ Բայց այժմ հասավ նաև իմ հերթը։ Ավա՜ղ, հպարտությունը լավ բան չի խոստանում։ Ինքնագոհության զգացումը և ուժերիս նկատմամբ միանգամայն նոր վստահությունը հասցրին այն բանին, որ հենց նույն գիշեր այնպիսի փորձություն վիճակվեց ինձ, որի մասին մինչև հիմա էլ չեմ կարողանում առանց սարսափի հիշել։ Ահա թե ինչպես պատահեց։ Չափազանց հուզված գինգհո ծառի գագաթը հաջողությամբ բարձրանալուց, ես ոչ մի կերպ չէի կարողանում քնել։ Այդ գիշեր առաջինը Սամերլին էր հերթապահում։ Խարույկի աղոտ լույսի տակ երևում էր նրա անհեթեթ, անճոռնի կերպարանքը։ Նա նստել էր կորացած, հրացանը դրած ծնկներին, և այնպես էր տանձ կշռում, որ մորուքը շարունակ ցնցվում էր։ Լորդ Ջոնը պառկել էր փաթաթված իր հարավամերիկյան վերմակի՝ պոնչոյի մեջ, և նրա ձայնը բոլորովին չէր լսվում։ Դրա փոխարեն Չելենջերըի բարձր, թավ խռմփոցը տարածվում էր ողջ անտառով մեկ։ Լիալուսինը վառ կերպով լուսավորում էր․ գիշերային ցուրտ օդը թափանցում էր մարդու մարմին։ Զբոսանքի համար ի՜նչ հարմար գիշեր։ Հանկարծ գլխումս մի միտք ծագեց․ իսկ ինչո՞ւ իսկապես չզբոսնել։ Իսկ ի՞նչ, եթե կամացուկ դուրս գամ ճամբարից, գտնեմ կենտրոնական լճի ճամփան և առավոտյան վերադառնամ մի ամբող կույտ նորություններով։ Չէ՞ որ այն ժամանակ իմ վարկը է՛լ ավելի կբարձրանա։ Եվ եթե Սամերլին հարկադրի մեզ այստեղից դուրս պրծնելու մի ելք գտնել, մենք Լոնդոն կվերադառնանք ամենաճշգրիտ տեղեկություններ ունենալով Մեպլ֊Ուայտի Երկրի կենտրոնական մասի վերաբերյալ, որտեղ, բացի ինձանից, ուրիշ ոչ ոք չի լինի։ Հիշեցի Գլեդիսին․․․ «Մարդն ինքն է ստեղծում իր փառքը» ― հնչեց ականջներիս մեջ։ Հիշեցի նաև Մակ֊Արդլին։ Ինչպիսի՜ նյութ թերթի համար՝ ամբողջ ճակատով մեկ։ Ինչպիսի՜ կարիերա է սպասում ինձ ապագայում։ Եթե պատերազմ սկսվի, թերևս ինձ իբրև թղթակից ուղարկեն ռազմական գործողությունների թատերաբեմ։ Ես վերցրի առաջին պատահած հրացանը, ― փամփուշտները գրպանումս էին, ― և, մի կողմ քաշելով ամրոցի մուտքը փակող անցկալը, դուրս սողացի ցանկապատի միջից։ Ետ նայելով՝ տեսա մեր վայ ժամապահ Սամերլիին, որն առաջվա պես ննջում էր հանգչող խարույկի մոտ՝ անճոռնի արձանիկի նման օրորելով գլուխը։ Հենց առաջին հարյուր յարդից հետո պարզ դարձրավ իմ վարմունքի ողջ անմտությունը։ Կարծեմ ես արդեն այս խրոնիկայի էջերում հիշատակել եմ, որ վառ երևակայությունն ինձ խանգարում է իսկականից համարձակ մարդ լինել, այլև հիշատակել եմ, որ ես ամենից շատ վախենում եմ վախկոտ համարվելուց։ Ահա հենց այդ վախն էլ ինձ առաջ էր մղում։ Ես պարզապես չէի կարող դատարկաձեռն վերադառնալ ճամբար։ Նույնիսկ եթե ընկերներս գլխի չընկնեին ու չիմանային իմ փոքրոգության մասին, միևնույն է, այրող ամոթից գլուխս թաքցնելու տեղ չէի գտնի։ Միաժամանակ ես եկյուղից շարունակ դողում էի և պատրաստ էի ամեն բան տալ, միայն թե արժանավայել ելք գտնեի այդ հիմար դրությունից։ Ի՜նչ զարհուրելի էր անտառում։ Ծառերը կանգնած էին այնպիսի խիտ պատնեշով, նրանց տերևներն այնքան թանձր էին, որ լուսնի լույսը համարյա ցած չէր թափանցում, և միայն ամենավերևի ճյուղերն էին նուրբ մետաղե նախշեր գծել աստղալից երկնքի ֆոնին։ Քիչ առ քիչ վարժվելով մթությանը՝ աչքերս սկսեցին առանձին բաներ տեսնել։ Որոշ ծառեր այնուամենայնիվ երևում էին այդ խավարում, մյուսները բոլորովին թաղվում էին ածխասև վիհերում, որոնցից ես սարսափով ետ էի ընկրկում, քանի որ երբեմն թվում էր, թե դրանք ինչ֊որ քարայրների մուտքեր են։ Հիշեցի մահվան դատապարտված իգուանադոնի հուսահատ ոռնոցը, որը տարածվեց ամբողջ անտառում։ Հիշեցի նաև այն գորտնուկավոր, արյունոտ մռութը, որ տեսա լորդ Ռոքստոնի ջահի լույսով։ Զարհուրելի անանուն հրեշը հենց այս տեղերում է որսի դուրս գալիս։ Նա ամեն րոպե անտառի խավարից կարող է նետվել ինձ վրա։ Կանգ առա, գրպանիցս մի փամփուշտ հանեցի ու քաշեցի հրացանի փակաղակը։ Եվ հանկարծ սիրտս քարացավ։ Որսի հրացանն էի վերցրել։ Եվ ես նորից մտածեցի․ «Ետ չդառնա՞մ արդյոք»։ Առիթը միանգամայն բավական է․ ոչ ոք չի համարձակվի կասկածել անհաջողությանս պատճառների մասին։ Սակայն անմիտ հպարտությունս ապստամբեց այդ խոսքի դեմ։ Ոչ, ես չէի ուզում, չէի կարող թույլ տալ, որ գործս ձախողվեր։ Եթե բանն այդտեղ հասավ, ապա այն վտանգների դեմ հանդիման, որոնք ամենայն հավանականությամբ սպառնում են ինձ, մյուս հրացանը ոչ պակաս անօգուտ զենք կլիներ, քան որսորդականը։ Վերադառնալ ճամբար և սխալն ուղղել միտք չունի՝ երկրորդ անգամ ինձ չի հաջողվի աննկատ դուրս գալ այնտեղից։ Հարկ կլինի բացատրել իմ մտադրությունը, և այն ժամանակ նախաձեռնությունը ձեռքիցս կգնա։ Կարճատև տատանումներից հետո մի կերպ սիրտ առա և առաջ շարժվեցի, անօգուտ հրացանը թևիս տակ դրած։ Անտառի խավարը երկյուղ էր ազդում, բայց իգուանադոնների բացատում, որը ողողված էր լուսնի միապաղաղ լույսով, ես համակվեցի ավելի մեծ երկյուղով։ Ուշադիր զննում էի բացատը՝ թաքնված թփերի մեջ։ Հրեշներ չէին երևում։ Ողբերգությունը, որի չարաբաստիկ հերոսն էր դարձել իգուանադոններից մեկը, հավանորեն ստիպել էր մյուսներին հեռանալ այդ արոտավայրից։ Միգապատ, արծաթավուն գիշերը խաղաղ էր՝ ո՛չ շշուկ, ո՛չ շրշյուն։ Սրտապնդվելով՝ արագ վազեցի անցա բացատը և նորից դուրս եկա առվակի ափը, որը ծառայում էր ինձ իբրև ուղեցույց։ Այդ ուրախ ուղեցույցը հոսում էր շատախոս խոխոջյունով, ինչպես սրտիս սիրելի այն առվակը հայրենիքում, որտեղ ես դեռ մանուկ, գիշերները ձուկ էի որսում։ Եթե հոսանքն ի վար գնայի, նա ինձ կհասցներ լճին․ եթե վերև բարձրանայի, կվերադառնայի ճամբար։ Առվակը մերթ ընդ մերթ կորչում էր թփերի մեջ, բայց նրա անլռելի մրմունջը շարունակ իմ ականջներում էր։ Որքան թեքությամբ ներքև էի իջնում, այնքան ավելի ու ավելի էր անտառը նոսրանում, աստիճանաբար իր տեղը զիջելով թփուտներին, որոնց մեջ տեղ֊տեղ միայն վեր էին ցցվում բարձր ծառերը։ Քայլելը հեշտացավ, և այժմ ես կարող էի նայել շուրջս՝ ինքս աննկատ մնալով։ Ճանապարհն անցնում էր պտերոդակտիլների ճահճի մոտով, որտեղից չոր խշշոցով ու սուլոցով վեր խոյացավ այդ հսկաներից մեկը․ նրա թևերի լայնքը ամենաքիչը քսան ոտնաչափ կլիներ։ Ահա նա ծածկեց լուսնի սկավառակը, և թաղանթավոր թևերը, որոնց միջից թափանցում էր շլացուցիչ սպիտակ փայլը, կմախքի սև ուրվագծով գծագրվեցին իմ գլխավերևում։ Նետվեցի թփերի մեջ, փորձով գիտենալով, որ հերիք է այդ հրեշը ձայն արձակի, և նրա նողկալի եղբայրակիցներն ամբողջ խմբով ինձ վրա կհարձակվեն։ Եվ միայն պտերոդակտիլի թփուտներում իջնելուց հետո ես զգուշությամբ առաջ շարժվեցի։ Հազվադեպ խաղաղ գիշեր էր, բայց ահա այդ խաղաղությունը խանգարեց մի խուլ, հավասար դղրդյուն, որն իմ ամեն մի քայլից հետո ավելի ու ավելի էր ուժեղանում։ Վերջապես, բոլորովին մոտեցա ու կանգ առա այն աղբյուրի մոտ, որից դուրս էր գալիս կաթսայում եռացող ջրի բղկբղկոց հիշեցնող այն ձայնը, և հասկացա, թե բանն ինչ է։ Ոչ մեծ բացատի մեջտեղում երևում էր մի լիճ, ավելի ճիշտ՝ լճակ, որովհետև տրամագծով նա ավելի մեծ չէր Տրաֆալգար֊պուրակի ջրամբարից։ Ձյութի նման սև նրա մակերեսը անընդհատ պղպջակներ էր կապում, որոնք պայթում էին՝ իրենցից գազ արձակելով։ Ավազանի վրա օդը թրթռում էր տապից, իսկ շրջապատի հողն այնքան տաք էր, որ երբ ձեռքս մոտեցրի գետնին, իսկույն թափով ետ քաշեցի։ Ըստ երևույթին, հրաբխային այդ հզոր պրոցեսը, որը շատ դարեր առաջ սարահարթը շպրտել էր երկրի մակերեսին, դեռևս չէր ավարտվել։ Մենք արդեն այստեղ փարթամ կանաչի մեջ տեսել էինք ժայռերի սև բեկորներ և սառած լավա, բայց հեղուկ ասֆալտի այս ավազանը առաջին անվիճելի ապացույցն էր, որ վաղեմի հրաբուխը շարունակում է գործել մինչև այսօր։ Դժբախտաբար, պետք է շտապեի, որպեսզի մինչև լուսաբաց վերադառնայի ճամբար, և ես այլևս երկար չմնացի այդտեղ։ Մինչև կյանքիս վերջը չեմ մոռանա այդ զարհուրելի ճանապարհը։ Լուսնի լույսով լուսավորված բացատներն անցնում էի եզրերով՝ աշխատելով մնալ թանձր ստվերում։ Մացառուտներում մի գլուխ սարսափից քարանում էի, լսելով ճյուղերի ճթթոցը, որոնց միջով անցնում էր որևէ գազան։ Իմ առաջ հայտնվում էին հսկայական ստվերներ և նորից չքանում՝ անաղմուկ սահելով փափուկ թաթերի վրա։ Հաճախ էի կանգ առնում՝ հաստատ որոշելով ետ դառնալ, և ամեն անգամ հպարտությունս հաղթում էր վախին ու ինձ առաջ մղում դեպի նպատակը։ Վերջապես (իմ ժամացույցով ժամը երկուսի սկիզբն էր), ծառերի արանքից փայլեց ջուրը, և մի տասը րոպեից հետո ես արդեն կանգնել էի կենտրոնական լճի ափին, եղեգների մեջ։ Ծարավը վաղուց էր տանջում ինձ․ պառկեցի փորի վրա, սկսեցի խմել։ Ջուրն սառն էր ու շատ հաճելի։ Մի լայն, բազմաթիվ ոտնահետքերով տրորված արահետ գալիս հասնում էր մինչև իմ կանգնած տեղը․ հավանորեն գազանները այստեղ էին գալիս ջուր խմելու։ Հենց լճափին բարձրանում էր սառած լավայի մի վիթխարի կոշտ։ Ելա նրա վրա, պառկեցի և նայեցի չորս կողմս։ Առաջին բանը, որ տեսա, ապշեցրեց ինձ իր անսպասելիությամբ։ Նկարագրելով գինգհո ծառի կատարից բացվող տեսարանը, ես հիշատակեցի դիմացի քարափի վրա եղած մութ բծերը, որոնք կարելի էր ընդունել իբրև քարայրների մուտքեր։ Այժմ նայելով այն կողմ, ես տեսա բազմաթիվ կլոր անցքեր, որոնք վառ կարմիր լույս էին արձակում, ինչպես գիշերային խավարում օվկիանոսային շոգենավերի լուսանցույցներ։ Սկզբում կարծեցի, թե դա դեռևս չհանգած հրաբխի լավայի հրացոլքն է, բայց իսկույն էլ հրաժարվեցի այդպիսի ենթադրությունից։ Լավան կեռար որևէ տեղ ներքևում, այլ ոչ թե բարձր ժայռերի մեջ։ Ուրեմն, հապա այդ ի՞նչ է նշանակում։ Անհավատալի է, բայց երևի այլ բացատրություն չի կարելի տալ․ այդ կարմրավուն կետերը ոչ այլ ինչ են, քան խարույկների հրացոլքեր, որոնք վառվում են քարայրներում, խարույկներ, որ միայն մարդկային ձեռքը կարող էր վառել։ Հետևապես, սարահարթում մարդիկ կան։ Ի՜նչ փայլուն արդյունքներ տվեց իմ գիշերային զբոսանքը․․․ Այսպիսի տեղեկություններով ամոթ չի լինի Լոնդոն վերադառնալ։ Երկար նայում էի այդ կարմիր, թրթռուն ցոլքերին։ Մինչև այնտեղ ոչ պակաս տասը մղոն կլիներ, բայց նույնիսկ այդպիսի հեռավորությունից կարելի էր նշմարել, թե ինչպես այդ ցոլքերը մերթ մարում էին, մերթ բռնկվում ավելի վառ, մերթ բոլորովին անհետանում, երբ ինչ֊որ ստվերներ ծածկում էին դրանք։ Ինչ ասես չէի տա, որպեսզի գաղտագողի մոտենայի այն քարայրներին, նայեի ներս, ապա պատմեի ուղեկիցներիս երկրագնդի այդ խորհրդավոր անկյունում բնակվող մարդկային ցեղի արտաքին տեսքի և ապրելակերպի մասին։ Այժմ ավելորդ էր այդ մասին մտածել, բայց հազիվ թե մեզանից մեկնումեկն ուզենա թողնել սարահարթը, առանց կարգին իմանալու՝ ինչ է թաքնված այնտեղ, քարայրներում։ Գլեդիսի լիճը, ― ի՜մ լիճը, ― փայլում էր դեմս ինչպես սնդիկ, իսկ ուղիղ նրա կենտրոնում արտացոլվել էր լուսնի լուսավոր դեմքը։ Լիճը խորը չէր․ մի քանի տեղերում ջրի տակից երևում էին ավազե ծանծաղուտներ։ Լճի հարթ մակերեսն ապրում էր իր կյանքով՝ նրա վրա հայտնվում էին մերթ օղակներ, մերթ թեթև կնճիռներ, ահա ձուկը փայլեց իր արծաթե թեփուկներով, ահա երևաց ինչ֊որ հրեշի սև թերթաքարե սապատավոր մեջքը։ Մի տարօրինակ արարած, որ նման էր երկար, ճկուն վզով հսկայական կարապի, անցավ դեղին ծանծաղուտի եզրով, ապա ծանրությամբ շրմփաց ջուրը և սկսեց լողալ։ Նրա կոր վիզը և ճարպիկ գլուխը դեռ երկար նկատելի էին ջրի վրա։ Հետո նա սուզվեց և այլևս չերևաց։ Շուտով ամբողջ ուշադրությունս դարձրի այն բանի վրա, ինչ կատարվում էր համարյա իմ ոտքերի մոտ։ Լճափին հայտնվեցին երկու գազաններ, որոնք նման էին խոշոր արմադիլների։<ref>Արմադիլ կամ զրահակիր ― կաթնակերների հատուկ խմբի ներկայացուցիչ, որը ծածկված է ոսկրաթիթեղների ամուր զրահով։ Բրածո զրահակիրները հասնում են վիթխարի չափերի։</ref> Նրանք վրա ընկան ջրին և սկսեցին արագ֊արագ աշխատել լեզուների երկար, կարմիր ժապավեններով։ Նրանց ետևից ջուր խմելու եկավ բազմաճյուղ եղջույրներով հսկա մի եղջերու իր եղնիկի և երկու ձագերի հետ։ Բացի Մեպլ֊Ուայտի Երկրից, երևի էլ ուրիշ ոչ մի տեղ չես կարող այդպիսի արքայական արարած գտնել, թե՛ իշայծամը, թե՛ամերիկյան եղջերուն հազիվ նրա ուսերից լինեին։ Ամբողջ ընտանիքը հանգիստ ջուր էր խմում, բայց հանկարծ արուն նախազգուշաբար փնչացրեց, և նրանք մի ակնթարթում կորան եղեգների մեջ։ Արմադիլները նույնպես կաղին տալով հեռացան։ Արահետի վրա հայտնվեց ինչ֊որ նոր արարած՝ մի իսկական հրեշ։ Գլխովս մի միտք անցավ՝ արդյոք որտե՞ղ եմ տեսել այդ այլանդակ հրեշին՝ մեջքին եռանկյունաձև ատամներ շարված, փոքրիկ թռչնային գլխով, որ կախ էր ընկել համարյա մինչև գետին։ Հանկարծ հիշեցի․ չէ՞ որ դա ստեգոզավր է, որին Մեպլ֊Ուայտը պատկերել էր իր ալբոմի էջերում, այն հրեշը, որով ամենից առաջ հետաքրքրվել էր Չելենջերը։ Ահա նա իմ առջև է՝ թերևս նույն այն գազանը, որը հանդիպել էր ամերիկացի նկարչին։ Գետինը դողում էր նրա սարսափելի ծանրության տակ, ջուրը նա այնքան աղմուկով էր լափում, որ այդ ձայներն արթնացրին գիշերը։ Մի հինգ րոպե ստեգոզավրը կանգնել էր բոլորովին իմ կողքին։ Հերիք է ձեռքս պարզեի, և կարող էի շոշափել նրա մեջքի գարշելի ատամները, որոնք ցնցվում էին յուրաքանչյուր շարժումից։ Կշտանալուց հետո հրեշը քարշ գալով հեռացավ ու ծածկվեց գլաժայռերի ետևում։ Հանեցի ժամացույցս՝ երկուսն անց էր կես, իսկը ճամբար վերադառնալու ժամանակը։ Վերադարձի ճամփան ոչ մի կասկած չէր հարուցում իմ մեջ, քանի որ ես այստեղ էի եկել՝ շարունակ քայլելով առվակի ձախ ափով, իսկ առվակը իմ դիտակետից մի քանի քայլի վրա թափվում էր կենտրոնական լիճը։ Եվ այսպես, ամենալավ տրամադրությամբ քայլեցի դեպի ճամբար, հպարտ իմ գիշերային զբոսանքի արդյունքներով և նորությունների այն կույտով, որ կմատուցեմ ընկերներիս։ Ւհարկե, ամենակարևոր նորությունը ներսից քարայրների լուսավորումն էր, որտեղ, ամենայն հավանականությամբ, ապրում է տրոգլոդիտների ինչ֊որ ցեղ։ Սակայն կենտրոնական լճի իմ դիտողությունները ևս մի բան արժեն։ Կարող եմ հաստատել, որ նա լի է կենդանի արարածներով, և, բացի դրանից կնկարագրեմ մինչպատմական ցամաքային կենդանիների մի քանի նոր տեսակներ, որոնք մինչև այժմ մեզ չեն հանդիպել։ Աշխարհում քիչ կգտնվեն այնպիսի մարդիկ, մգածում էի ես, որոնք մի գիշերվա ընթացքում, և ի՜նչ արտասովոր գիշեր, ― կարողանային այդքան արժեքավոր ներդրում կատարել մարդկային գիտելիքների գանձարանը։ Կլանված իմ մտքերով, դանդաղ բարձրանում էի բլրալանջով և արդեն մոտավորապես ճամբարի կիսաճամփին էի, երբ ետևիցս լսվող տարօրինակ ձայներն ուշքի բերին ինձ։ Դա խռմփոցի և մռնչյունի միջև ընկած մի ձայն էր՝ խուլ, ցածր ու ահեղ։ Ըստ երևույթին մոտերքում ինչ֊որ գազան հայտնվեց, բայց մթության մեջ ոչինչ չէր երևում։ Քայլերս արագացրի և, մի կես մղոն ևս անցնելով, նորից լսեցի նույն ձայները։ Այս անգամ դրանք ավելի բարձր էին ու սարսափելի։ Սիրտս քար կտրեց այն մտքից, որ մեկը հետապնդում է ինձ։ Սարսռալով զգացի, թե ինչպես գլխիս մազերը բիզ֊բիզ կանգնեցին։ Թող այդ հրեշներն իրար պատառ֊պատառ անեն, այդպես է գոյության կռիվը, բայց որ նրանք հարձակվեն ժամանակակից մարդու, աշխարհի տիրակալի վրա՝ այդ զարհուրելի մտքի հետ չէի կարող հաշտվել։ Աչքիս առաջ նորից հայտնվեց Դանթեի «Դժոխքի» այդ ահավոր տեսիլքը՝ արնաթաթախ մռութ, որը մի ակնթարթ լուսավորեց լորդ Ջոնի վառվող ճյուղով։ Կանգնել և աչքերս չռած նայում էի ետ, դեպի լուսնի լույսով ողողված արահետը․ ծնկներս վախից ծալվում էին։ Այդպիսի բան միայն երազում կարող է լինել․ լռություն, թփերի սև բծեր և լուսնի արծաթավուն պատառներ բացատներում։ Եվ հանկարծ նույն ցածր, կոկորդային մռնչյունը նորից խզեց այդ ահեղ լռությունը։ Նա հնչում էր է՛լ ավելի բարձր, ավելի ու ավելի մոտիկից։ Կասկած լինել չէր կարող․ մեկը հետևում էր ինձ, և հետապնդողի և իմ միջև եղած տարածությունը րոպե առ րոպե կրճատվում էր։ Կանգնել էի, ոնց որ տեղում մեխված, և չէի կարողանում հայացքս արահետից կտրել։ Եվ հանկարծ նա հայտնվեց։ Բացատի հեռավոր ծայրին, որը ես հենց նոր էի անցել, թփերը ցնցվեցին։ Ինչ֊որ խոշոր, մութ բան անջատվեց նրանից և մի ոստյունով ցատկեց լուսնի լույսով ողոված խոտերի վրա։ «Մի ոստյուն» ասելով, ես բերնիցս չթռցրի, որովհետև հրեշը շարժվում էր կենգուրուի նման ձգված ողջ հասակով մեկ և ետևի ուժեղ զարգացած ոտքերով առաջ մղելով իրեն․ առջևի ոտքերը սեղմված էին փորին։ Այդ գազանի ուժն ու չափերը ապշեցրին ինձ՝ ոնց որ իսկական ծառս եղած փիղ։ Եվ այդ բոլորով հանդերձ այդպիսի դյուրաշարժություն։ Մի պահ մտքումս դեռ մի հույս առկայծեց՝ միգուցե դա անվնաս իգուանադո՞ն է միայն։ Բայց չնայած իմ ամբողջ տգիտության, հասկացա, որ սխալվում եմ։ Եռամատ խոտակեր իգուանադոնի գլուխը փոքր էր, ինչպես եղնիկինը, իսկ այս ճիվաղի գլուխը լայն է, տափակ․ մի խոսքով, իսկական պատճենը այն գազանի դոդոշային մռութի, որ անցած գիշեր վախեցրեց մեզ։ Այն կատաղի մռնչյունն ու համառությունը, որով նա հետապնդում էր ինձ, վկայում էին, որ դա մսակեր դինոզավր է, մեկն այն ամենազարհուրելի գազաններից, որ երբևէ ապրել են երկրի վրա։ Հրեշը մի գլուխ ընկնում էր առջևի թաթերին և քիթը մոտեցնում գետնին, հոտոտելով իմ հետքերը։ Երբեմն հետքերը կորչում էին, բայց դինոզավրը գտնում էր ու նորից վիթխարի ցատկերով հետապնդում ինձ։ Նույնիսկ այժմ, լոկ այդ մղձավանջը հիշելիս, սառը քրտինքը պատում է ճակատս։ Ի՞նչ անեի։ Որսորդական հրացանը ձեռքիս էր, բայց ի՞նչ օգուտ հիմա նրանից։ Հուսահատությամբ նայեցի շուրջս որևէ թաքստոց գտնելու, ― ժայռ կամ ծառ, ― բայց այստեղ, խիտ թփուտներում, միայն մատղաշ ծառեր էին, իսկ հետապնդողի համար հավանորեն ոչ մի դժվարություն չէր ներկայացնում եղեգնի նման ջարդել նաև մեծ ծառերը։ Հարկավոր է փախուստի դիմել, ուրիշ ոչինչ չի մնում անելու։ Բայց ինչպե՞ս վազել քարքարոտ բլրալանջով։ Բարեբախտաբար ժամանակին նկատեցի ճանապարհս հատող լավ տրորված մի կածան։ Մեր հետախուզությունների ընթացքում մենք գազանների կողմից բացած քիչ այդպիսի արահետներ չէինք տեսել։ Եթե վազեմ այդ կածանով, թերևս հաջողվի ազատվել հետապնդումից, մանավանդ որ ես լավ եմ վազում և այժմ ուժս տեղն է։ Անպետք հրացանը մի կողմ նետելով, ես սպրինտի այնպիսի վարպետություն ցույց տվի, որպիսին ցույց չէի տվել ո՛չ մինչև այդ գիշեր, ո՛չ էլ դրանից հետո։ Ոտքերս ծալվում էին, կուրծքս պայթում էր, շունչս դեմ էր առել կոկորդիս, բայց ես, սարսափից հետապնդված, վազում էի առաջ ու առաջ։ Վերջապես, երբ ուժերս արդեն սպառվեցին, կանգ առա։ Մի վայրկյան թվաց, թե հետապնդումը վերջացավ՝ կածանում ոչ ոք չկար։ Եվ հանկարծ նորից ճյուղերի ճրթճրթյուն, հսկա ոտքերի դոփյուն, հզոր թոքերի սուլող շնչառություն․․․ Գազանը հասնում էր։ Նա արդեն բոլորովին մոտ է։ Փրկություն չկա։ Խելագա՛ր։ Ինչո՞ւ էի փախուստից առաջ այդքան երկար մտածում։ Սկզբում դինոզավրը հույսը դրել էր միայն իր հոտառության վրա, իսկ դա դանդաղեցնում էր հետապնդումը։ Բայց հենց որ ես վազեցի, նա նկատեց ինձ և այդ րոպեից այլևս բաց չէր թողնում։ Էլի մի քանի ոստյուն, և հրեշը երևաց կածանի ոլորապտույտից։ Լուսնի վառ լույսի տակ փայլեցին նրա խոշոր, դուրս ընկած աչքերը, երկշարք ահավոր ատամներով երախը և առջևի կարճ թաթերի սուր֊սուր ճիրանները։ Ես մի վայրի ճիչ արձակեցի և ամբողջ թափով նետվեցի առաջ։ Խռպոտ, ընդհատ շնչառությունն ավելի ու ավելի էր մոտենում։ Ծանր դոփյունը հասավ ինձ։ Եվս մի ակնթարթ, և հրեշը կկախվի մեջքիցս։ Եվ հանկարծ խլացուցիչ ճայթյուն, թռչում եմ դեպի անդունդ, իսկ հետո՝ խավար ու ինքնամոռացություն․․․ Երբ ուշքի եկա, ― կարծում եմ, որ դա տևեց ընդամենը մի քանի րոպե, ― մի ահավոր, բոլորովին անտանելի գարշահոտություն քթիս խփեց։ Մթության մեջ ափլփեցի և մի ձեռքով շոշափեցի հսկայական մսի կտորի նման ինչ֊որ բան, մյուսով՝ մի ծանր ոսկոր։ Բարձր երկնքում, կանոնավոր ձվածիրի մեջ փայլում էին աստղերը։ Հետևաբար, ես պառկած էի ինչ֊որ խոր փոսի հատակում։ Դժվարությամբ վեր բարձրացա և ոտքից գլուխ շոշափեցի ինձ։ Ամբողջ մարմինս տնքում էր, բայց ոսկորներս անվնաս էին, ոչ մի ջարդվածք չգտա։ Երբ մշուշապատ ուղեղումս դուրս լողացին փոսի մեջ ընկնելուն նախորդող հանգամանքները, սարսափով նայեցի վերև, լիովին համոզված, որ ահա, ուր որ է, դինոզավրի սև գլուխը կերևա գունատվող երկնքի ֆոնին։ Բայց ամեն ինչ լուռ էր, խաղաղ։ Այն ժամանակ ես դանդաղ, շոշափելով անցա փոսի հատակը՝ աշխատելով հասկանալ, թե բախտավոր պատահականությունն ինձ ուր է գցել։ Փոսը խորն էր, թեք պատերով և մոտ քսան ոտնաչափ լայնությամբ հարթ հատակով։ Հատակին թափված էին բոլորովին նեխած մսի կտորներ, որոնցից անտանելի գարշահոտություն էր տարածվում։ Կոխկրտելով այդ լեշերը և շարունակ սայթաքելով՝ ես հանկարծ դեմ առա ինչ֊որ ամուր բանի․ դա փայտե մի ցից էր, խփված ուղիղ փոսի կենտրոնում։ Շոշափեցի այն, ձեռքս սահեց ինչ֊որ կպչուն բանի վրայով, բայց այնպես էլ չհասավ ցցի ծայրին։ Հանկարծ հիշեցի, որ գրպանումս մոմի լուցկիներ կան։ Մեկը չրթացնելով, իսկույն հասկացա այդ փոսի նշանակությունը։ Կասկածել չէր կարելի․ դա մարդու ձեռքով փորված ծուղակ էր։ Կենտրոնում տնկած ինը ոտնաչափ բարձրությամբ սուր ցիցը ամբողջովին սևացել էր վրան խրված կենդանիների արյունից։ Հատակին թափված հոտած մսի կտորները, հավանորեն, ցցի վրայից էին կտրատված, որպեսզի տեղն ազատվի հետևայլ զոհերի համար։ Հիշեցի Չելենջերին, որը պնդում էր, թե մարդը պաշտպանության իր թույլ միջոցներով չի կարող ապրել նման հրեշներով բնակեցված սարահարթում։ Բայց այժմ գազանների դեմ նրանց պայքարի ձևերն ինձ համար պարզվեցին։ Նեղ մուտքերով քարայրները ծառայութմ էին իբրև հուսալի ապաստան իրենց բնակիչների համար, ովքեր էլ որ դրանք լինեին։ Այդ մարդկային արարածների մտավոր գերազանցությունը վիթխարի թեփամորթների նկատմամբ, ըստ երևույթին, այնքան մեծ էր, որ թույլ էր տալիս նրանց՝ գազանների կածաններում ճյուղերով քողարկված ծուղակներ պատրաստել, որոնց մեջ, հակառակ իրենց ամբողջ ուժին ու ճարպկության, նրանց թշնամիները զոհվում էին։ Այստեղ էլ մարդն իշխում էր աշխարհի վրա։ Փոսից դուրս գալու համար առանձին ճարպկություն չէր պահանջվում, բայց ես երկար ժամանակ սիրտ չէի անում՝ վախենալով ընկնել հրեշի ճանկը, որը քիչ մնաց ինձ պատառ֊պատառ աներ։ Ի՞նչ իմանաս, միգուցե դինոզավրը հետևում է իր զոհին՝ թաքնված թփերի մեջ։ Բայց ես հիշեցի Չելենջերի ու Սամերլիի միջև տեղի ունեցած մի խոսակցություն, որ վերաբերում էր այդ հսկա սողունների սովորություններին, և մի փոքր սրտապնդվեցի։ Երկու պրոֆեսորն էլ համամիտ էին, որ դինոզավրի պլաստիկ գանգում տեղ չկա բանականության համար, և որ ըստ երևույթին դրանք բոլորովին անուղեղ կենդանիներ են, որոնք երկրի երեսից չքացել են գոյության փոփոխվող պայմաններին բոլորովին հարմարվել չկարողանալու հետևանքով։ Նախքան ինձ հսկելը դինոզավրը պետք է հասկանար, թե ինչ պատահեց, բայց դրա համար պահանջվում էր պատճառի ու հետևանքի միջև կապ հաստատելու ունակություն։ Շատ ավելի հավանական է, որ այդ հիմար կենդանին, որը գործում էր միայն գիշատական բնազդի թելադրանքով, սկզբից շշմել էր զարմանքից, իսկ հետո գնացել նոր որս որոնելու։ Բարձրացա մինչև փոսի բերանը և նայեցի չորս կողմս։ Աստղերը մարեցին, երկինքն սկսեց գունատվել, և լուսադեմի մեղմ հովը հաճելի զովությամբ փչեց դեմքիս։ Իմ թշնամին ոչ մի կերպ ցույց չէր տալիս իր ներկայությունը։ Դանդաղ դուրս եկա փոսից և նստեցի հողին, պատրաստվելով ամենաչնչին տագնապի դեպքում իսկ ցատկել իմ ապաստարանը։ Ապա մի փոքր սրտապնդված շուրջս թագավորող լռությամբ և լույսի բացվելով, հանգստացա և գաղտագողի ետ դարձա նույն կածանով։ Մի քանի րոպեից հետո տեսա իմ հրացանը, վերցրի այն, դուրս եկա առվակի մոտ, որն իմ ուղեցույցն էր, և արագ քայլեցի դեպի ճամբար՝ ստեպ֊ստեպ շուռ գալով և վախեցած հայացքներ նետելով այս ու այն կողմ։ Եվ հանկարծ քամին ինձ հիշեցրեց ընկերներիս գոյությունը։ Խաղաղ առավոտվա լռությունը խզվեց հրացանի հեռավոր կրակոցի ձայնից։ Կանգ առա ու ականջ դրի՝ ամեն ինչ հանգիստ էր։ «Արդյոք բան չի՞ պատահել նրանց», ― անցավ մտքովս։ Բայց իսկույն էլ հանգստացա՝ գտնելով այդ կրակոցի ավելի պարզ ու բնական բացատրությունը։ Սկսեց լուսանալ։ Իհարկե, իմ բացակայությունն արդեն նկատած կլինեն։ Հավանորեն, ընկերներս մտածել են, թե մոլորվել եմ անտառում, և ահա կրակում են, որպեսզի օգնեն ինձ ճամբար հասնելու։ Ճիշտ է, կրակելը մեզ մոտ արգելված էր, բայց եթե նրանք մտածել են, որ ինձ վտանգ է սպառնում, հազիվ թե այդ բանը նրանց ետ պահեր։ Հարկավոր է որքան կարելի է շուտ ճամբար վերադառնալ և տագնապը հանդարտեցնել։ Գիշերվա ընթացքում խիստ տանջվել էի ու հոգնել, այնպես որ ինչքան էլ ուզեի, չէի կարող արագ քայլել։ Բայց ահա վերջապես սկսվեցին ծանոթ վայրերը։ Ձախ կողմում պտերոդակտիլների ճահիճն էր, իսկ շուտով կգար իգուանադոնների բացատը։ Այժմ անտառի մի բարակ շերտ էր միայն բաժանում ինձ Չելենջերի ամրոցից։ Ես ուրախ ձայն տվի՝ շտապելով հանգստացնել ընկերներիս։ Պատասխան չեղավ։ Չորս կողմը չարագույժ լռություն էր տիրում։ Սիրտս ճմլվեց։ Քայլերս արագացրի։ Հետո սկսեցի վազել։ Ահա և ցանկապատը՝ նա անվնաս է, մուտքի մոտ անցկալ չկա։ Թափով ներս ընկա, վաղ առավոտի լույսի տակ մի զարհուրելի տեսարան բացվեց աչքերիս առաջ։ Մեր իրերը ցաքուցրիվ թափված էին բացատում․ ուղեկիցներս ոչ մի տեղ չկային, իսկ մարող խարույկի մոտ, խոտերի վրա, կարմրին էր տալիս մի մեծ արյան լիճ։ Այնպես ցնցված էի այդ անակնկալից, որ մի պահ կորցրի մտածելու ունակությունս։ Հիշում եմ միայն, ինչպես ծանր մղձավանջ, թե ոնց էի անտառով դեսուդեն վազվզում ամայի ճամբարի շուրջը, ինչպես էի հուսահատորեն ձայն տալիս ընկերներիս։ Բայց անտառի թավուտը լուռ էր։ Սարսափելի մտքերը խելքամաղ էին անում ինձ։ Իսկ եթե այլևս նրանց չտեսնե՞մ։ Իսկ եթե մենակ մնամ այս ահավոր վայրո՞ւմ և այլևս երբեք չկարողանամ աշխարհ վերադառնա՞լ։ Իսկ եթե ճակատագիրն ինձ դատապարտի այստեղ ապրելու և մեռնելո՞ւ․․․ Ուզում էի մազերս պոկոտել ու հուսահատությունից գլուխս զարկել գետնին։ Միայն այժմ հասկացա, թե ինչպիսի հենարան էին ինձ համար ընկերներս՝ և՛ Չելենջերն իր անխռով ինքնավստահությամբ, և՛ լորդ Ռոքստոնը՝ սառնարյուն, տիրական, հումորի զգացումը երբեք չկորցնող։ Առանց նրանց ես նման էի թույլ, անօգնական երեխայի, որին թողել են մենակ խավարում։ Ո՞ւր գնամ, ինչի՞ց սկսեմ։ Բայց ահա կամաց֊կամաց ուշքի եկա և սկսեցի մտածել, թե ի՞նչ չար ճակատագիր է վիճակվել իմ ուղեկիցներին։ Ճամբարում տեղի ունեցած ավերմունքը վկայում էր, որ նրանք, հավանորեն, հարձակման էին ենթարկվել հենց այն պահին, երբ ես կրակոցը լսեցի, նշանակում է ամեն ինչ վերջացել էր վայրկյենապես։ Հրացաններն ընկած էին գետնին, իսկ նրանցից մեկի փակաղակին, որը լորդ Ռոքստոնինն էր, երևում էր մի դատարկ պարկուճ։ Դատելով Չելենջերի և Սամերլիի՝ խարույկի մոտ ընկած վերմակներից, փորձանքը վրա էր հասել նրանց քնի ժամանակ։ Փամփուշտների և սննդամթերքի արկղերը թափթփված էին բացատով մեկ․ հենց այդտեղ էլ նկատեցի մեր լուսանկարչական ապարատներն ու թիթեղատուփերը։ Այդ բոլորը մնացել էր անվնաս, մինչդեռ արկղերից հանած ահագին սննդամթերքը չքացել էր։ Հետևաբար, հարձակումը ճամբարի վրա կատարել էին ոչ թե մարդիկ, այլ գազանները, հակառակ դեպքում հավանորեն ոչինչ չէր մնա։ Բայց եթե իրոք գազաններ են եղել կամ մի որևէ հրեշ, ապա ի՞նչ է պատահել իմ ուղեկիցներին։ Գիշատիչները, իհարկե, կպատառոտեին նրանց, բայց որտե՞ղ են մնացորդները։ Ճիշտ է, արյան գուբը բավական պերճախոս վկայում էր կատարվածի մասին, իսկ գիշերն ինձ հետապնդող դինոզավրը կարող էր զոհին այնպիսի հեշտությամբ տանել, ինչպես կատուն մկանը։ Այդ դեպքում մնացած երկուսը, հավանորեն, ընկել էին նրա ետևից։ Բայց ինչո՞ւ նրանք հրացան չեն վերցրել հետները։ Հոգնած, տանջահար ուղեղս հրաժարվում էր այդ հանելուկը լուծել։ Փնտրումներս անտառում նույնպես ոչ մի արդյունք չտվին։ Ես մոլորվեցի և միայն բախտավոր պատահականությամբ նորից դուրս եկա ճամբար՝ մոտ մի ժամ կորցնելով դրա վրա։ Այդ ժամանակ գլխումս մի միտք ծագեց, որոնց մեջ որոշ մխիթարական բան կար։ Այնուամենայնիվ, ես այստեղ բոլորովին մենակ չեմ։ Քարափի ստորոտին մնացել է հավատարիմ Սամբոն։ Նա կլսի իմ ձայնը։ Մոտեցա զառիթափին և նայեցի ներքև։ Դե իհարկե, ահա նա նստած է խարույկի մոտ, վերմակի վրա։ Բայց այնտեղ մի ուրիշ մարդ էլ կա։ Ո՞վ է դա։ Սիրտս դողաց ուրախությունից։ Միգուցե ընկերներիցս որևէ մե՞կն է ներքև իջնելու հնարը գտել։ Բայց բավական էր մի փոքր ավելի ուշադիր նայեի, և հույսս մարեց։ Սամբոյի մոտ նստած մարդու դեմքը ծագող արևի շողերի տակ կարմրին էր տալիս։ Դա հնդկացի էր։ Բարձր գոռացի՝ թափահարելով թաշկինակս։ Սամբոն գլուխը վեր բարձրացրեց, ի պատասխան թափահարեց ձեռքը և վազեց դեպի ժայռը։ Չանցած մի քանի րոպե նա արդեն կանգնած էր ժայռի կատարին, բոլորովին մոտիկ և կսկծալի լռության մեջ լսում էր իմ պատմությունը։ ― Չարքը նրանց տարավ, միստր Մելոուն, ― ասաց Սամբոն։ ― Դուք եկել եք չարքի երկիր, և նա ձեզ բոլոր տանի իր մոտ։ Լսեք՝ Սամբո ինչ ասի, սըր, շուտ ցած իջեք, թե չէ փորձանք գա ձեր գլուխ։ ― Ինչպե՞ս իջնեմ, Սամբո։ ― Միստր Մելոուն, կտրեք ծառերից լիանաներ, գցեց էստեղ։ Ես ծայրը կապեմ կոճղին, դառնա կամուրջ։ ― Մենք էլ ենք այդ մասին մտածել։ Բայց լիանաները մեր ծանրությանը չեն դիմանա։ ― Ուղարկեք պարան բերի, միստր Մելոուն։ ― Ո՞ւմ ուղարկեմ և որտեղ։ ― Ուղարկեք հնդկացիների ավան, սըր։ Էնտեղ կաշվից շատ պարան կա, նրան ուղարկեք։ ― Նա որտեղի՞ց լույս ընկավ։ ― Էդ մեր հնդկացի։ Նրա ձեռից ամեն ինչ խլել, իրեն ծեծել։ Նա ետ եկել։ Հիմի նա վերցնի նամակ, պարան բերի՝ ամեն բան անի։ Նամակ կվերցնի․․․ Այդ հո լա՜վ միտք է։ Միգուցե որևէ մեկը օգնությա՞ն գա մեզ։ Բայց եթե նույնիսկ մեզ չփրկեն, գոնե այն հայտնագործությունները, որոնցով մենք հարստացրինք գիտությունը, կհասնեն մեր բարեկամներին, և աշխարհը կիմանա, որ մենք անտեղի չմեռանք։ Երկու նամակ արդեն պատրաստ ունեի։ Այսօրվա ընթացքում կգրեմ երրորդը, որի մեջ դեպքերի ընթացքը կհասցվի մինչև վերջին րոպեն։ Հնդկացին իմ նամակները կհասցնի այնտեղ, աշխարհ։ Պատվիրեցի Սամբոյին երեկոյան դեմ մի անգամ ևս բարձրանալ ժայռի վրա, և այդ ամբողջ հուսահատ օրը նվիրեցի նախորդ գիշեր գլխովս անցած արկածների նկարագրությանը։ Նամակներին կցեցի նաև մի կարճ գրություն, որը հնդկացին պետք է հասցնի առաջին պատահած սպիտակամորթին՝ լինի դա առևտրական, թե որևէ նավի կապիտան։ Գրության մեջ ասված էր, որ մեր կյանքը կախված է նրանից՝ ճոպաններ կուղարկե՞ն մեզ, թե ոչ։ Երեկոյան բոլոր նամակներն ու քսակս՝ երեք ֆունտ ստեռլինգով փոխանցեցի Սամբոյին։ Փողը հնդկացու համար էր, իսկ ճոպանների դիմաց կրկնակի գումար էի խոստացել նրան։ Այժմ դուք կհասկանաք, թանկագին միստր Մակ֊Արդլ, թե իմ նամակներն ինչպես հասան ձեզ, և կիմանաք ամբողջ ճշմարտությունը ձեր ձախորդ թղթակցի մասին, եթե այն այլևս ոչ մի տող էլ գրելու չլինի։ Հիմա ես այնքան տանջված եմ ու ընկճված, որ հազիվ թե որևէ ծրագիր կազմեմ։ Վաղը կմտածեմ ապագայի մասին և, ճամբարի հետ կապս չխզելով, կսկսեմ դժբախտ ընկերներիս որոնել։  
Ադմին, Վստահելի
1876
edits