Changes

Կորուսյալ աշխարհ

Ավելացվել է 52 029 բայտ, 16:40, 1 Հունիսի 2014
/* Գլուխ XII «Ինչ զարհուրելի էր անտառում» */
Պատվիրեցի Սամբոյին երեկոյան դեմ մի անգամ ևս բարձրանալ ժայռի վրա, և այդ ամբողջ հուսահատ օրը նվիրեցի նախորդ գիշեր գլխովս անցած արկածների նկարագրությանը։ Նամակներին կցեցի նաև մի կարճ գրություն, որը հնդկացին պետք է հասցնի առաջին պատահած սպիտակամորթին՝ լինի դա առևտրական, թե որևէ նավի կապիտան։ Գրության մեջ ասված էր, որ մեր կյանքը կախված է նրանից՝ ճոպաններ կուղարկե՞ն մեզ, թե ոչ։ Երեկոյան բոլոր նամակներն ու քսակս՝ երեք ֆունտ ստեռլինգով փոխանցեցի Սամբոյին։ Փողը հնդկացու համար էր, իսկ ճոպանների դիմաց կրկնակի գումար էի խոստացել նրան։
Այժմ դուք կհասկանաք, թանկագին միստր Մակ֊Արդլ, թե իմ նամակներն ինչպես հասան ձեզ, և կիմանաք ամբողջ ճշմարտությունը ձեր ձախորդ թղթակցի մասին, եթե այն այլևս ոչ մի տող էլ գրելու չլինի։ Հիմա ես այնքան տանջված եմ ու ընկճված, որ հազիվ թե որևէ ծրագիր կազմեմ։ Վաղը կմտածեմ ապագայի մասին և, ճամբարի հետ կապս չխզելով, կսկսեմ դժբախտ ընկերներիս որոնել։   ==Գլուխ XIII «Ես երբեք չեմ մոռանա այդ տեսարանը»==  Այդ տխուր օրը, արևի մայրամուտի ժամանակ, ներքևում տեսա հեռացող հնդկացուն՝ փրկության մեր վերջին հույսը, և հայացքով այնքան ուղեկցեցի նրա միայնակ, պստլիկ կերպարանքը, մինչև որ նա թաղվեց երեկոյան վարդագույն մշուշում, որը դանդաղորեն բարձրանում էր իմ և հեռավոր Ամազոնի միջև։ Արդեն բոլորովին մութն էր, երբ քարշ եկա դեպի մեր ավերված ճամբարը՝ մի վերջին հայացք ևս գցելով Սամբոյի խարույկի վրա՝ լույսի այդ միակ ճառագայթի, որ հասնում էր ինձ հսկայական աշխարհից և հայացքս շոյում այնպես, ինչպես հավատարիմ նեգրի ներկայությունը շոյում էր իմ մթագնաց հոգին։ Բայց առայժմ, առաջին անգամ գլխիս եկած փորձանքից հետո, մի քիչ սրտապնդվեցի, մխիթարելով ինձ այն մտքով, որ աշխարհը կիմանա մեր գործերի մասին և հիշողության մեջ կպահի մեր անունները՝ ընդմիշտ կապելով դա այն հայտնագործումների հետ, որոնք ձեռք կբերվեն, հավանորեն, մեր կյանքի գնով։ Սարսափելի էր այդ չարաբաստիկ ճամբարում գիշերելը, իսկ ջունգլիներն ավելի էին վախեցնում ինձ։ Սակայն անհրաժեշտ էր ընտրություն կատարել մեկի և մյուսի միջև։ Խոհեմությունը պահանջում էր, որ արթուն լինեմ, բայց հոգնատանջ մարմինս դժվարությամբ էր կռվում քնի դեմ։ Բարձրանալով գինգհո ծառի վրա, իզուր էի նրա ներքևի ճյուղերին այնպիսի մի տեղ փնտրում, ուր կարելի լիներ քնել, առանց անխուսափելի անկումից վիզս ջարդելու վտանգի։ Ստիպված էի իջնել ու որոշել, թե հիմա ինչ անեմ։ Երկար մտածելուց հետո ճամբարի մուտքը ծածկեցի թփերով, եռանկյունաձև երեք խարույկ վառեցի, կուշտ ընթրեցի և խոր քուն մտա, որը լուսադեմին ընդհատվեց ամենաանակնկալ ու հաճելի ձևով։ Վաղ առավոտյան ինչ֊որ մեկի ձեռքն իջավ ուսիս։ Դողահար վեր թռա, խլեցի հրացանը և հանկարծ ուրախ ճչացի՝ ճանաչելով լորդ Ջոնին, որը լուսադեմի դժգույն կիսախավարում խոնարհվել էր ինձ վրա։ Այո, այդ նա էր, բայց ինչպիսի փոփոխություն էր կատարվել նրա մեջ։ Վերջին անգամ լորդ Ջոնին տեսել էի հանգիստ, զուսպ, մաքուր սպիտակ կոստյումով։ Այժմ նա կանգնել էր իմ առաջ գունատ, աչքերը վայրի կերպով հածում էին չորս կողմ, կուրծքը ուռչում էր ծանրությամբ, ինչպես երկար, սրընթաց վազքից հետո, գլուխը բաց էր, նիհար դեմքը ճանկռոտված ու արյունաթաթախ, կոստյումը՝ ծվեն֊ծվեն։ Նայում էի նրան, ապշած այդ տեսարանից, բայց նա թույլ չտվեց նույնիսկ բերան բանալ և սկսեց բացատում ցրված իրերը հավաքել, կարճ, կցկտուր խոսքեր նետելով։ ― Շուտ, երիտասարդ, շուտ։ Ամեն րոպեն թանկ է։ Վերցրեք հրացանը՝ երկուսն էլ։ Մնացածները ինձ մոտ են։ Փամփուշտ որքան կարելի է շատ։ Գրպաններդ լցրեք։ Այժմ՝ ուտելիք։ Վեց տուփ հերիք է։ Այսպես։ Ոչ մի բան մի՛ հարցրեք, դատողություններ մի՛ արեք։ Դե, վազենք, թե չէ ուշ կլինի։ Դեռևս ինչպես հարկն է չարթնացած, առանց հասկանալու, թե այդ բոլորը ի՞նչ է նշանակում, սլացա անտառով լորդ Ջոնի ետևից, երկու հրացանները թևերիս տակ և պահածոների վեց տուփերը ձեռքիս։ Նա ընտրում էր ամենախիտ, դժվարանցելի մացառուտները։ Վերջապես դուրս բերեց ինձ բարձր թփերի մոտ։ Մենք նետվեցինք նրանց մեջ՝ առանց փշերի վրա ուշադրություն դարձնելու։ Լորդ Ջոնը բերանքսիվայր ընկավ գետնին և ինձ քարշ տվեց իր ետևից։ ― Դե, ահա, ― հազիվհազ խոսեց նա։ ― Կարծես մենք հիմա ապահով ենք։ Նրանք կհարձակվեն ճամբարի վրա, դա հաստատա է, և կսխալվեն իրենց հաշիվներում։ ― Ի՞նչ է պատահել, ― հարցրի ես շունչս ետ բերելով։ ― Ո՞ւր են պրոֆեսորները։ Ո՞վ է հետապնդում մեզ։ ― Մարդակապիկները, ― շշնջաց լորդ Ջոնը։ ― Տե՛ր աստված, այդ ի՜նչ հրեշներ են։ Կամաց խոսենք։ Նրանք սուր լսողություն ունեն, տեսողությունը նույնպես զարմանալի է, դրա փոխարեն, որքան կարողացա նկատել, ամենաչնչին հոտառություն իսկ չունեն։ Հետքերով նրանք մեզ չեն գտնի։ Ո՞ւր էիք կորել, երիտասարդ։ Ձեր բախտը բերեց, շնորհակալ եղեք ճակատագրին, որ չընկաք այդ տուրուդմփոցի մեջ։ Ես շշուկով պատմեցի նրան իմ արկածների մասին։ ― Այո, մեր գործերը վատ են, ― ասաց լորդ Ջոնը՝ լսելով դինոզավրի ու ծուղակի մասին։ ― Սա ձեզ համար առողջարան չէ։ Բայց և այնպես այստեղի հրաշալիքների մասին լրիվ պատկերացում ստացա այն րոպեին, երբ այդ դևերը հարձակվեցին մեզ վրա։ Ես մի անգամ եղել եմ մարդակեր պապուասների ձեռքում, բայց նրանք իսկական հրեշտակներ են այս հրեշների համեմատությամբ։ ― Պատմեք, թե ինչպես եղավ, ― խնդրեցի ես։ ― Դա պատահեց լուսադեմին։ Մեր գիտնական բարեկամները նոր էին աչքները բացել և նույնիսկ դեռ չէին կպել իրար։ Եվ հանկարծ չգիտես որտեղից հայտնվեցին կապիկները։ Պարզապես թափվեցին մեր գլխին, ինչպես խնձորները ծառից։ Նրանք, հավանորեն, դեռ մթով չորս կողմից ծեփվել էին այն բարձր ծառին, որի վրա դուք բարձրացաք։ Մեկին տեղն ու տեղը գնդակահարեցի։ Սակայն բանը դրանով էլ վերջացավ՝ մի ակնթարթում մեզ մեջքի վրա գցեցին։ Ես այդ դևերին կապիկ եմ անվանում, բայց նրանք թափահարում էին փայտերը, քարեր շպրտում մեզ վրա, իրենց լեզվով բլբլացնում իրար հետ և, ի լրումն այս ամենին, լիանաներով կապոտեցին ձեռքներս։ Սրանք մարդակապիկներ էին, իրենց զարգացմամբ ավելի բարձր կանգնած այն բոլոր գազաններից, որոնց պատահել եմ իմ թափառումների ժամանակ, իսկ ես, փառք աստծո, շատ եմ չափչփել լույս աշծարհը։ Ինչպես ասում են՝ «պակասող օղակ»։ Դե, պակասում է, սատանան իր հետ, առանց դրան էլ յոլա կգնայինք։ Իսկ հետո այսպես եղավ։ Նրանք վերցրին իրենց վիրավոր ցեղակցին, որի վերքից արյունը դուրս էր հորդում, ինչպես մորթած խոզից, և տարան ինչ֊որ տեղ, իսկ հետո օղակաձև նստեցին մեր շուրջը։ Մռութները կատաղի էին, ասես թե ահա՛, ահա՛ կպատառոտեն քեզ։ Հասակով, թերևս, մարդու չափ լինեին, բայց շատ ավելի լայն էին, թիկնեղ։ Նստել ու նայում էին, նայում էին մեզ․․․ Հոնքերը կարմրաշեկ էին, կախ ընկած, աչքերն ինչ֊որ տարօրինակ, ասես պղտոր ապակուց։ Նույնիսկ Չելենջերը, որ բոլորովին վախկոտ չէ, իրեն մի տեսակ վատ զգաց։ Այլևս չդիմանալով՝ նա վեր թռավ տեղից և բղավեց․ «Վերջ տվեք մեզ, հերիք է քաշքշեք»։ Ըստ երևույթին այդ ամենից նրա միտքը շաղվել էր՝ մի տեսակ շատ էր մոլեգնում։ Կապիկների փոխարեն եթե նրա առաջ իր երդվյալ թշնամիները՝ ռեպորտյորները լինեին, դարձյալ ավելի քիչ կտուժեին։ ― Դե, իսկ կապիկները ինչպե՞ս։ Ես ագահությամբ ականջ էի դնում լորդ Ջոնին, որը շշուկով պատմում էր այդ ապշեցուցիչ դեպքերի մասին՝ միաժամանակ նայելով չորս կողմը՝ առանց ձեռքը վերցնելու հրացանից, որի հրահանը ձգած էր։ ― Ես մտածում էի, թե վերջներս եկել է։ Բայց բոլորովին էլ այդպես չէ։ Կապիկները բլբլացրին, ճղավեցին։ Հետո մեկը մոտեցավ Չելենջերին և կանգնեց նրա մոտ։ Հիմա դուք կծիծաղեք, երիտասարդ, բայց որքա՜ն նման էին նրանք իրար՝ ոնց որ մոտիկ ազգականներ։ Ես ինքս էլ չէի հավատա, բայց աչքերս սուտ չեն ասում։ Այդ ծերուկ մարդակապիկը, ըստ երևույթին ցեղի առաջնորդը, Չելենջերի ճշգրիտ պատճենն էր, միայն թե կարմրաշեկ պատճենը։ Իսկ մեր բարեկամի մնացած բոլոր հմայիչ նշանները առկա էին, ճիշտ է, մի փոքր չափազանցված ձևով։ Քառկուսի իրան, լայն ուսեր, դուրս ընկած կուրծ, պարանոցի լիակատար բացակայություն, երկար կարմրաշեկ մորուք, փրչոտ հոնքեր և նույնպիսի ամբարտավան տեսք, իբրև թե, բոլորդ էլ կորե՛ք գրողի ծոցը։ Մի խոսքով, լրիվ նմանություն։ Երբ այդ հրեշը կանգնեց Չելենջերի կողքին և թաթը դրեց նրա ուսին, ցնցող տպավորություն թողեց։ Սամերլին, որ մի փոքր հիստերիկ տրամադրության մեջ էր, նայելով նրանց, քրքջաց արտասվելու աստիճան։ Սկզբում կապիկներն էլ ծիծաղեցին, եթե այդպիսի կչկչոցը կարելի է ծիծաղ համարել, իսկ հետո բռնեցին մեզ ու քարշ տվին անտառ։ Իրերին ու հրացաններին ձեռք չտվին, ինչպես երևում է վախենում էին, բայց ահա արկղերից հանած ողջ սննդամթերքը վերցրին հետները։ Ճամփին ինձ ու Սամերլիին լա՜վ տուր տվին՝ հիացեք իմ կերպարանքին ու այս ցնցոտիներին նայելով։ Նրանք մեզ քարշ էին տալիս մացառուտների միջով, իսկ իրենց հեչ վեջն էլ չէր․ նրանց կաշին դաբաղած է։ Չելենջերն էլ բոլորովին չտուժեց։ Չորս կապիկ բարձրացրին նրան իրենց ուսին և տարան, ինչպես հռոմեական հաղթահերոսի։ Ս֊ս՜․․․ Այս ի՞նչ է։ Ինչ֊որ հեռվից մեզ հասավ մի տարօրինակ ճթճոց, որը հիշեցնում էր կաստանիետների մանրիկ կոտորակ։ ― Նրա՛նք են, ― շշնջաց ընկերս՝ փամփուշտներ դնելով «Էքսպրեսի» երկրորդ փողի պահեստատուփի մեջ։ ― Երկու հրացանն էլ լցրեք, երիտասարդ, կենդանի անձնատուր չենք լինի, դրա մասին չմտածեք։ Լսո՞ւմ եք, ինչպես են ճվաղում։ Ուրեմն, ինչ֊որ բանից հուզված են։ Սպասե՛ք, աղավնյակներս, փորձեցեք միայն այստեղ խցկվել։ ― Նրանք ինչ֊որ շատ հեռու են։ ― Այդ ոհմակը այստեղ չի հասնի, բայց հավանորեն նրանց հետախույզները չափչփում են ամբողջ անտառը։ Դե լավ, դառնանք իմ տխուր պատմությանը։ Այսպես, ահա, այդ դևերը մեզ քարշ տվին քարափի մոտ գտնվող մի մեծ պուրակ։ Նրանք այնտեղ ծառերի վրա մի իսկական քաղաք ունեն՝ ճյուղերից ու տերևներից պատրաստված մոտ հազար խրճիթ։ Դա այստեղից երեք֊չորս մղոնի վրա է։ Նողկալի՝ արարածներ։ Ինձ թվում է, որ նրանց հետ շփվելուց հետո, այլևս երբեք չեմ մաքրվի։ Նրանք իրենց կեղտոտ թաթերով շոշափեցին ամբողջ մարմինս։ Պուրակում մեր ոտ ու ձեռքերը կապոտեցին։ Ես ընկա մի այնպիսի ճարպիկի ձեռք, որը հիանալի ծովային հանգույցներ կկապեր, ոնց որ իսկական բոցման։ Այսպես ահա, մեզ կապոտեցին ու պառկեցրին ծառի տակ՝ պահակ նշանակելով մահակով զինված մի հաղթանդամ կապիկի։ Ես շարունակ ասում եմ «մեզ» հա «մեզ», բայց դա վերաբերում է միայն ինձ ու Սամերլիին։ Ինչ վերաբերում է Չելենջերին, ապա նա նստել էր ծառի վրա, ուտում էր ինչ֊որ մրգեր և կյանք քաշում։ Ասենք, նա մեզ էլ որոշ բաներ բաժին հանեց, իսկ որ գլխավորն է, աննկատելիորեն թուլացրեց մեր կապանքները։ Դուք հավանորեն չկարողանայիք ծիծղներդ պահել, տեսնելով, թե ինչպես էր մեր պրոֆեսորը բազմել ծառի վրա, համարյա գրկախառնված իր երկվորյակի հետ, և թավ բասով երգում էր «Օ՛, զրնգուն ցանգակ»։ Այո, դուք կծիծաղեք, իսկ մենք ծիծաղելու տրամադրություն չունեինք։ Չելենջերին թույլատրված էր անել, ինչ կամենա, հասկանալի է՝ որոշ սահմաններում, բայց մեր նկատմամբ խիստ ռեժիմ էր սահմանված։ Միակ բանը, որ մեզ մխիթարում էր, դա այն էր, որ դուք ազատ եք և կպահպանեք մեր բոլոր գրառումներն ու նյութերը։ Իսկ այժմ, սիրելի երիտասարդ, լսեք ու զարմացեք։ Դուք պնդում եք, թե դատելով որոշ նշաններից, ― խարույկներ, ծուղակներ և այլն, ― սարահարթում մարդիկ կան։ Իսկ մենք տեսանք այդ մարդկանց։ Եվ պետք է ասել, որ այդ խեղճերը խիստ տխուր պատկեր են ներկայացնում իրենցից։ Թշվառ, ահաբեկված մի ժողովուրդ։ Ասենք, դա զարմանալի էլ չէ։ Ըստ երևույթին, մարդկային ցեղը գրավում է սարահարթի այն մասը որտեղ քարայրներն են, իսկ կապկային ցեղը՝ մյուս մասը, և երկու ցեղերի միջև կյանքի ու մահու կռիվ է գնում։ Ահա թե գործերն այստեղ ինչպես են, եթե ինձ հաջողվեց ճիշտ գլուխ հանել դրանցից։ Երեք մարդակապիկներ տասներկու բնիկ էին գերել և քարշ տվել իրենց քաղաքը։ Դա ուղեկցվում էր այնպիսի աղմուկ֊աղաղակով, որ պարզապես ականջներիս չէի հավատում։ Բնիկները բոլորովին կարճահասակ կարմրամորթներ են։ Ճամփին այդ գազանները ճանկերով ու ատամներով այնպես էին քրքրել նրանց, որ խեղճերը հազիվ էին ոտքները շարժում։ Երկուսին տենուտեղը վերջ տվին, ըստ որում մեկի ձեռքը քիչ մնաց պոկեին։ Ընդհանրապես տեսարանը նողկալի էր։ Այդ դժբախտները շատ լավ պահեցին իրենց, նույնիսկ ծպտուն չհանեցին, իսկ մենք պարզապես չէինք կարողանում նայել նրանց։ Սամերլին ուշաթափվեց։ Նույնիսկ Չելենջերը հազիվհազ էր դիմանում․․․ Դե, կարծես հեռացան։ Երկար ականջ էինք դնում անտառի խոր լռությանը, բայց ոչինչ չէր խանգարում այն, բացի թռչունների ծլվլոցից։ Լորդ Ջոնը կրկին իր պատմությանը վերադարձավ։ ― Ձեր բախտը շատ լավ բանեց, երիտասարդ։ Կապիկներն այնքան տարվեցին բնիկներով, որ մեզ մոռացան։ Բայց եթե դա չլիներ, անխուսափելի էր ճամբարի վրա երկրորդ հարձակումը։ Դուք բոլորովին իրավացի դուրս եկաք․ նրանք ամբողջ ժամանակ ծառի վրայից հետևում էին մեզ և շատ լավ հասկացան, որ մի հոգի պակասում է։ Բայց հետո արդեն նրանք ձեզ մոռացան։ Ահա ինչու ձեր արթնանալով դուք պարտական եք ինձ և ոչ թե կապիկների ոհմակին։ Աստված իմ, ինչե՜ր քաշեցինք հետո։ Դա ինչ֊որ մղձավանջ է։ Հիշո՞ւմ եք բամբուկի մացառուտը, ուր մենք գտանք ամերիկացու կմախքը։ Ահա ուրեմն, դա ընկնում է ուղղակի կապկային քաղաքի տակ, և կապիկներն այդտեղից ցած են գլորում իրենց գերիներին։ Համոզված եմ, որ այնտեղ կմախքների սար է գոյացել, հարկավոր է միայն փնտրել ինչպես հարկն է։ Քարափի եզրին նրանք հրապարակ են պատրաստել այդպիսի արարողությունների համար։ Դժբախտ գերիներին հարկադրում են մեկ֊մեկ ցատկել անդունդը, և ամբողջ հետաքրքրությունն այն է՝ արդյոք նրանք կջախջախվե՞ն գետնին զարկվելով, թե կխրվեն բամբուկների վրա։ Կապիկների ամբողջ ցեղը շարժվեց զառիթափի եզրին, մեզ ևս քարշ տվին այդ տեսարանով հիանալու։ Առաջին հինգ հնդկացիները ցած թռան, և բամբուկն անցավ նրանց մարմնի միջով։ Ես այժմ չեմ զարմանում՝ հիշելով խեղճ յանկիի կմախքը։ Այո, զարհուրելի տեսարան էր․․․ բայց միաժամանակ հափշտակիչ։ Կախարդվածի նման հետևում էինք այդ թռիչքներին, չնայած ամեն մեկս մտածում էր՝ հիմա կհասնի իմ հերթը։ Սակայն դրան չհասավ։ Հինգ հնդկացիների պահեցին այսօրվա համար, բայց բենեֆիցիարներ լինելու ենք մենք՝ Սամերլին և ես։ Չելենջերը, հավանորեն, դուրս պրծնի։ Կապիկներին հասկանալն այնքան էլ դժվար չէ, որովհետև նրանք նշաններով են բացատրվում։ Եվ ահա, հետևելով նրանց բանակցություններին, ես որոշեցի, որ գործելու ժամն է։ Արդեն որոշ պլաններ ունեի։ Բայց ստիպված էի հույսս դնել միայն իմ ուժերի վրա՝ Սամերլիից ոչ մի օգուտ, իսկ Չելենջերը նրանից քիչ բանով էր լավ։ Նրանց հաջողվեց մի քանի րոպեով մետենալ իրար, և տեղնուտեղը կատաղի վեճ ծագեց այդ կարմրաշեկ դևերի գիտական դասակարգման շուրջը, դևեր, որոնք մեզ պահում էին իրենց ձեռքում։ Մեկը պնդում էր, որ դրանք հավաննական դրիոպիտեկներ<ref>Դրիոպիտեկ ― մարդանման կապիկ, ազգակից՝ գորիլլային, շիմպանզեին և օրանգուտանին։</ref> են, մյուսը անվանում էր դրանց պիտեկանտրոպներ։<ref>Պիտեկանտրոպ ― կապկամարդ</ref> Երկուսն էլ պարզապես ցնդել էին։ Բայց ես բոլորովին ուրիշ բան էի մտածել։ Ամենից առաջ ուշադրություն դարձրի, որ հարթ տեղում այդ արարածները մարդուց ավելի վատ էին վազում, քանի որ նրանց ոտքերը կարճ էին, իսկ իրանը՝ ծանր։ Նույնիսկ Չելենջերը դաս կտար նրանց լավագույն վազողին, իսկ մենք նրանց համեմատությամբ իսկական չեմպիոններ ենք։ Հետո ևս մի կարևոր դիտողություն․ նրանք գաղափար չունեն հրազենի մասին։ Ըստ իս, նրանք նույնիսկ գլխի չընկան, թե ինչ պատահեց այն կապկին, որին ես վիրավորեցի։ Մի խոսքով, միայն թե հրացանները ձեռք գցեինք, իսկ հետո ցույց կտայինք դրանց։ Եվ ահա այսօր լուսադեմին ես մի ուժեղ աքացի տվի իմ ժամապահի փորին, սլացա դեպի ճամբար, վերցրի ձեզ, հրացանները․․․ մնացածը հայտնի է։ ― Իսկ ի՞նչ կպատահի մեր պրոֆեսորներին, ― սարսափով բացականչեցի ես։ ― Անհրաժեշտ է փրկել նրանց։ Նրանք ինձ հետ փախչել չէին կարող՝ Չելենջերը նստած էր ծառի վրա, իսկ Սամերլին ուժ չէր ունենա, ուստի որոշեցի, որ ամենից առաջ հարկավոր է հրացանները վերցնել, հետո արդեն փրկել մյուսներին։ Ճիշտ է, կապիկները կարող են ի հատուցումն սպանել նրանց։ Չելենջերին հազիվ թե ձեռք տան, բայց Սամերլիի համար չեմ երաշխավորում։ Ասենք, այսպես թե այնպես, նրան մահ էր սպառնում։ Դրանում ես միանգամայն համոզված եմ, այնպես որ իմ փախուստը չէր կարող նրա դրությունը վատացնել։ Բայց այժմ պատիվը պարտավորեցնում է մեզ կամ փրկել մեր ընկերներին, կամ բաժանել նրանց ճակատագիրը։ Ուստի, թանկագին երիտասարդ, մեղքներդ խոստովանեցեք, մաքրեք ձեր հոգին, որովհետև մինչև երեկո ձեր ճակատագիրը լուծված կլինի։ Չգիտեմ այստեղ ինձ հաջողվե՞ց տալ լորդ Ռոքստոնին բնորոշ արտահայտվելու եղանակը՝ կցկտուրություն, խոսքի կորով, տոնի ծիծաղկոտ անհոգություն։ Այդ մարդը ի ծնե առաջնորդ էր։ Որքան վտանգը մոտենում էր, այնքան նրա խոսքը ավելի գունեղ էր դառնում, այնքան ավելի պայծառ էին բոցավառվում նրա պաղ աչքերը, այնքան ավելի ու ավելի էին ցցվում Դոն֊Կիխոտի բեղերի նման երկար բեղերը։ Նա սիրում էր ռիսկ անել, հրճվել իսկական արկածներին հատուկ դրամատիկությամբ, առանձնապես երբ այդ վերաբերում էր իրեն, և գտնում էր, որ յուրաքանչյուր վրանգ իր մեջ յուրահատուկ սպորտային հետաքրքրություն ունի, քանի որ վտանգավոր րոպեներին մարդ դաժան խաղ է սկսում ճակատագրի հետ, որտեղ խաղչեքը իր կյանքն է։ Այս բոլորը լորդ Ջոնին դարձնում էր անփոխարինելի ընկեր, և եթե մեր բարեկամների համար ունեցած վախը չլիներ, ես բացի ուրախությունից ոչինչ չէի զգա՝ այդպիսի մարդու հետ վտանգավոր գործի գնալով։ Արդեն ուզում էինք դուրս գալ մեր ապաստարանից, երբ լորդ Ջոնը հանկարծ ձեռքս բռնեց․ ― Տեսե՛ք, ― շշնջաց նա։ ― Գալի՛ս են։ Մեր տեղից երևում էր մի նեղ բացատ՝ ընկած ծառերի միջև, որոնց ճյուղերը միահյուսվում էին վերևում՝ կազմելով համատարած կանաչ կամար։ Այդ բացատում երևացին մի խումբ մարդակապիկներ։ Նրանցից շատերը զինված էին մահակներով։ Կռացած, ծուռտիկ ոտներով, նման մազածածկ, այլանդակ մարդկանց, նրանք չորս կողմ նայելով վազում էին իրար ետևից և շարունակ երկար ձեռքերը կպցնում գետնին։ Կռացածությունը կարճ էր ցույց տալիս նրանց, բայց ես աչքիս չափով որոշեցի, որ նրանք հինգ ոտնաչափից պակաս չեն լինի։ Մի րոպե շատ պարզ տեսա նրանց, ապա աչքիցս կորան թփերի ետևում։ ― Ոչ, դեռ վաղ է, ― ասաց լորդ Ջոնը՝ հրացանը իջեցնելով։ ― Ավելի լավ է թաքնվել, մինչև որ նրանք դադարեն անտառը չափելուց։ Թող մի ժամ էլ փնտրեն, իսկ հետո կտեսնենք․․․ Միգուցե կկարողանանք թափանցել նրանց քաղաքը և հանկարծակիի բերել։ Օգտվելով այդ հետաձգումից՝ բաց արինք հետներս առած տուփերից մեկը և սկսեցինք նախաճաշել։ Լորդ Ռոքստոնը առավոտից ոչինչ չէր կերել, եթե չհաշվենք մի քանի պտուղներ, և այժմ ագահությամբ հարձակվեց ուտելիքի վրա։ Իսկ երբ նախաճաշը վերջացավ, ձեռքներումս մի֊մի հրացան բռնած, գրպաններս փամփուշտներով լի, շարժվեցինք մեր բարեկամներին փրկելու։ Նախքան մացառուտներից դուրս գալը՝ լորդ Ջոնը մի քանի քարթ արեց ծառերի վրա, որպեսզի հիշեր, թե Չելենջերի ամրոցը որ կողմն է ընկած և հարկ եղած դեպքում իսկույն գտներ այն։ Լուռ անցանք մացառուտի միջով և դուրս եկանք զառիթափի եզրը, մեր առաջին կայանից ոչ հեռու։ Այստեղ լորդ Ջոնը կանգ առավ և բացատրեց իր պլանները։ ― Խիտ անտառում այդ գազաններն ինչ խաղ ասես կարող են խաղալ մեր գլխին, ― ասաց նա։ Նրանք մեզ կտեսնեն, իսկ մենք նրանց՝ ոչ։ Բայց արձակ տեղում ուրիշ բան, որովհետև մենք նրանցից արագ ենք վազում։ Հետևաբար, եկեք որքան հնարավոր է բաց տարածության վրա մնանք։ Սարահարթի փեշերի երկարությամբ անտառը նոսր է, հենց այնտեղից էլ սկսենք հարձակումը։ Եվ որ գլխավորն է, հիշեցեք՝ կենդանի անձնատուր չլինել, կրակեցեք մինչև վերջին փամփուշտը։ Ահա ձեզ իմ վերջին խորհուրդը, երիտասարդ։ Երբ հասանք զառիթափին, նայեցինք ներքև ու տեսանք մեր բարի նեգրին, որը, քարերի վրա նստած, ծխամորճ էր ծխում։ Ինչպե՜ս կուզեի ձայն տալ նրան և պատմել, թե ինչ էր պատահել մեզ։ Բայց դա վտանգավոր էր՝ մեզ կարող էին լսել։ Մարդակապիկները վխտում էին թավուտ անտառում, նրանց յուրատեսակ սուր ճիչերը մերթ ընդ մերթ ականջներիս էին հասնում։ Մենք նետվում էին թփերի մեջ ու պառկում, մինչև որ ճիչերը մարում էին հեռվում։ Դա շատ էր դանդաղեցնում մեր առաջխաղացումը․ երկու ժամ պահանջվեց կապիկների քաղաքը հասնելու համար։ Այժմ նա մոտիկ էր, ես այդ հասկացա այն զգուշությունից, որով քայլում էր լորդ Ջոնը։ Ահա նա ձեռքով արավ ինձ՝ հրամայելով պառկել, իսկ ինքը սողաց առաջ, բայց շուտով ետ դարձավ։ Նրա դեմքը հուզմունքից ցնցվում էր։ ― Շո՛ւտ, ― շշնջաց նա, ― շո՛ւտ։ Միայն թե չուշանանք։ Ողջ մարմնով դողալով՝ ես սողացի նրա մոտ և թփերի ետևից նայեցի այն կողմ փռված բացատին։ Երբեք չեմ մոռանա այն տեսարանը, որն այնքան ֆանտաստիկ էր, այնքան անհավանական, որ չգիտեմ ինչպես նկարագրեմ, որպեսզի հավատաք։ Միգուցե այնուամենայնիվ մեզ հաջողվի կենդանի դուրս պրծնել այստեղից․ կանցնի մի քանի տարի․․․ ես առաջվա պես կնստեմ «Վայրենի» ակումբի հյուրասենյակում և պատուհանից կնայեմ Թեմզայի տխուր, իր իրականությամբ կասկած չհարուցող ափերին․․․ Այսպես ահա, ես ինքս կհավատա՞մ արդյոք այն ժամանակ, որ այդ բոլորոը կատարվել է իմ աչքի առաջ։ Արդյոք չի՞ թվա ինձ, որ ես տենդագին տեսիլները իրականության տեղ եմ դրել։ Ահա թե ինչո՛ւ եմ ուզում այդ բոլորը գրի առնել, քանի դեռ դեպքերը թարմ են հիշողությանս մեջ, քանի դեռ թեկուզ մեկ մարդ, ― նա, որը պառկած է կողքիս, թաց խոտերի վրա, ― կարող է հաստատել այստեղ գրված յուրաքանչյուր բառը։ Մեր առաջ փռված էր հարյուր յարդ լայնությամբ մի բացատ, ընդհուպ մինչև քարափը, թանձր խոտով ու ցածրիկ պտերով ծածկված։ Բացատը կիսաօղակաձև շրջապատել էին ծառերը, որոնց վրա հարկ֊հարկ շարված էին ճյուղերից ու տերևներից գործված բազմաթիվ տնակներ։ Պատկերացրեք սերմնագռավանոց, որտեղ բների փոխարեն՝ տնակներ են, և կհասկանաք, թե ինչի մասին եմ խոսում։ Նրանց մուտքերի մոտ և մոտակա ճյուղերին կապիկներ էին նստած, դատելով փոքրությունից՝ էգեր և կապկացեղի ձագեր։ Բոլորը հետաքրքրությամբ հետևում էին նրան, ինչ֊որ կատարվում էր ներքևում և որից մենք էլ չէինք կարողանում աչքներս հեռացնել։ Սարահարթի եզրից ոչ հեռու մի բաց տեղում շարվել էին մի քանի հարյուր փրչոտ, կարմրաշեկ մարդակապիկներ։ Նրանցից մի քանիսն ունեին վիթխարի հասակ, մյուսներն ավելի պակաս էին, բայց բոլորն էլ իմ մեջ գարշանք էին առաջացնում։ Կապիկները կանգնել էին խիտ շարքերով, ըստ երևույթին ենթարկվելով կարգապահության։ Նրանց առաջ կանգնած էին մի քանի ցածրահասակ, բայց համաչափ կազմվածքով հնդկացիներ, որոնց մաշկը արևի վառ շողերի տակ փայլում էր բրոնզի պես։ Այդ փոքրիկ խմբից առանձնանում էր մի բարձրահասակ, սպիտակ մարդու նիհար կերպարանք։ Ցած խոնարհած գլուխը, կրծքին խաչած ձեռքերը՝ ամեն ինչ արտահայտում էր սարսափ և հնազանդություն ճակատագրին։ Մենք առանց դժվարության ճանաչեցինք պրոֆեսոր Սամերլիին։ Մի քանի կապիկներ հերթապահում էին դժբախտ գերիների մոտ և արթուն կերպով հետևում նրանց՝ պատրաստ փախուստի ամեն մի փորձ խափանելու։ Նրանցից աջ, քարափի եզրին, մեկուսի կանգնած էին ևս երկու հոգի, այնքան անհեթեթ, ― այլ հանգամանքներում նրանց կարելի էր նույնիսկ կոմիկական անվանել, ― որ ես հայացքս բևեռեցի նրանց վրա։ Դրանցից մեկը մեր ընկերն էր՝ պրոֆեսոր Չելենջերը։ Նրա բաճկոնակից ողորմելի ծվեններ էին մնացել, շապիկն անհետ չքացել էր, մորուքը խառնվել էր հզոր կրծքի թանձր մազերին, իսկ մազերը, որոնք խիստ երկարել էին մեր թափառումների ժամանակ, սև բաշի պես ծածանվում էին քամուց։ Մի օրը բավական էր եղել, որպեսզի ժամանակակից քաղաքակրթության այդ բարձրագույն արգասիքը վերածվեր Հարավային Ամերիկայի վերջին վայրենուն։ Չելենջերի կողքին կանգնած էր նրա տիրակալը՝ մարդակապիկների ցեղի արքայիկը։ Լորդ Ջոնը չէր չափազանցնում․ դա մեր պրոֆեսորի ճիշտ պատճենն էր, միայն թե կարմրաշեկ մազերով։ Նույն կարճ հասակը, նույն մասսիվ ուսերն ու երկար ձեռքերը, նույն թավ մորուքը, որ իջնում էր մինչև մազոտ կուրծքը։ Տարբերությունը երևում էր միայն հետևյալում․ մարդակապկի նեղ, տափակավուն ճակատը եվրոպացու հոյակապ գանգի լրիվ հակապատկերն էր։ Ինչ վերաբերում էր մնացած բոլորին, ապա կապկային արքայիկը պրոֆեսորի հիանալի ծաղրանկարն էր։ Թղթի վրա այս նկարագրությունը չափազանց շատ տեղ է գրավում, բայց այն ժամանակ ես այդ ամենը ընդգրկեցի մի ակնթարթում և իսկույն էլ վերացա դրանից՝ կլանված մեր առջև կատարվող դրամայով։ Երկու մարդակապիկ բռնեցին մի հնդկացու և քարշ տվին քարափի եզրը։ Արքայիկը ձեռքով արավ։ Հրեշները մարդու ձեռքից ու ոտներից բռնած բարձրացրին և, դժբախտը օդում մի աղեղ գծեց, նախքան քարի պես ցած սլանալը։ Բացի պահակներից կապիկների ողջ ամբոխը նետվեց դեպի քարափ, քարացավ մի պահ լարված լռության մեջ և հանկարծ ցնծագին աղաղակներ արձակեց։ Նրանք ցատկոտում էին դիվահարների պես, թափահարում երկար, մազոտ ձեևքերը և հիացմունքից ոռնում։ Հետո արագ ետ քաշվեցին քարափից և նորից շարքեր կազմեցին՝ սպասելով հաջորդ զոհին։ Այս անգամ հերթը հասավ Սամերլիին։ Երկու պահակները բռնեցին նրա ձեռքերից և կոպտությամբ առաջ հրեցին։ Նա թպրտում էր ու զարկվում, ինչպես հավի ճուտ, որին հեռացնում են հավանոցից։ Չելենջերը հուսահատական շարժումներ էր անում՝ դիմելով կապիկների արքայիկին։ Նա խնդրում էր, աղաչում, որ խնայի իր ընկերոջը։ Բայց կապիկն առանց ձևականության բոթեց իր նմանակին ու գլուխը տարուբերեց։ Այդ նրա վերջին գիտակցական շարժումն էր․ հրացանը որոտաց, և կարմրաշեկ արքայիկը պարկի նման ընկավ խոտերին։ ― Կրակի՛ր ամբոխի վրա, գնդակ մի՛ խնայիր, տղաս, ― բղավեց լորդ Ջոնը։ Ամեն մի, նույնիսկ ամենասովորական մարդու հոգում թաքնված են իր համար իսկ անհայտ խորհուրդներ։ Ես միշտ հայտնի եմ եղել իմ փափկասրտությամբ․ շատ անգամներ վիրավոր նապաստակի տնքոցները դառն արցունքներ են քամել իմ աչքերից։ Բայց այժմ արյան ծարավը խելքահան արեց ինձ։ Ես վեր թռա, գնդակ գնդակի ետևից արձակելով սկզբում մի հրացանից, հետո մյուսից, շրխկացնում էի փակաղակները, նորից լցնում և անընդհատ բղավում՝ կատաղի ուրախությունից գլուխս կորցրած։ Չորս հրացանով մենք ահավոր ավերածություն էինք առաջացնում կապիկների շարքերում։ Սամերլիին հսկող երկու պահակներն էլ մեռած փռվել էին գետնին, իսկ նա քայլում էր հարբածի պես սայթաքելով և հավանորեն չէր գիտակցում, որ իրեն ազատել են։ Մեր թշնամիները շշմած դես ու դեն էին վազվզում բացատում, առանց բան հասկանալու, չիմանալով, թե ուր կորչեն անակնկալ վրա հասած մահվան մրրիկից։ Նրանք թափահարում էին ձեռքները, ճղավում՝ դիպչելով դիակներին, ցած ընկնում։ Հետո, ենթարկվելով բնազդին, խմբով նետվեցին ծառերի պաշտպանության տակ, և բացատը դատարկվեց։ Միայն նրա մեջտեղում կանգնած էր գերիների մի փոքրիկ խումբ։ Չելենջերի սուր միտքը մի ակնթարթում գնահատեց դրությունը։ Նա բռնեց շշմած Սամերլիի ձեռքից և, քարշ տալով իր ետևից, վազեց դեպի մեզ։ Երկու պահակները պատրաստվում էին հետապնդել նրանց, բայց լորդ Ջոնը վայրկենապես ցած գլորեց նախ մեկին, ապա մյուսին, առանց ավելորդ գնդակ վատնելու։ Մենք թփերի միջից վազեցինք մեր բարեկամներին ընդառաջ և ամեն մեկի ձեռքը մի֊մի լցված հրացան տվինք։ Բայց այստեղ Սամերլին բոլորովին ուժասպառ եղավ։ Նա հազիվ էր ոտքերը շարժում։ Մինչդեռ մարդակապիկներն արդեն ուշքի էին եկել։ Նրանք ցրվեցին թփերի մեջ, ըստ երևույթին աշխատելով մեր ճանապարհը փակել։ Ես և Չելենջերը մտանք Սամերլիի թևերի տակ, իսկ լորդ Ջոնը քողարկում էր մեր նահանջը, գնդակ դնդակի ետևից ճամփելով դեպի նրանց զարհուրելի, երախաբաց մռութները, որ մերթ ընդ մերթ երևում էին թփերի միջից։ Մոտ մի մղոն, գուցե և ավելի, այդ արարածները խլացուցիչ ճղավոցով կրնկակոխ հետևում էին մեզ։ Հետո սկսեցին ետ ընկնել՝ համոզվելով մեր գերազանցության մեջ և չկամենալով այլևս ընկնել լորդ Ջոնի դիպուկ գնդակների տակ։ Վերջապես ճամբար հասնելով՝ նայեցինք հետ ու համոզվեցինք, որ այժմ մեզ հանգիստ թողին։ Համենայն դեպս այդպես էր թվում, բայց դա սխալ էր։ Նոր էինք հասցրել ճամբարի մուտքը փակել, սեղմել իրար ձեռք և ուժասպառ մեկնվել աղբյուրի մոտ, բացատի կենտրոնում, երբ հանկարծ ցանկապատի այն կողմից լսվեցին ինչ֊որ մեկի արագ քայլերն ու դրանից անմիջապես հետո կամացուկ, աղիողորմ հեծկլտոցը։ Լորդ Ջոնը հրացանը ձեռքին վազեց դեպի անցկալը և դուրս նայեց։ Ցանկապատի ետևում, դեմքները հպած գետնին, պառկած էին կենդանի մնացած չորս պղնձակարմիր հնդկացիները։ Նրանք վախից դողում էին, բայց դա չէր խանգարում, որ աղաչեն մեզ՝ պաշտպանության տակ առնել իրենց։ Նրանցից մեկը վեր կացավ, արտահայտիչ ձևով ձեռքերը շարժեց, հավանորեն կամենալով ասել, թե մեր ճամբարի շուրջն անտառը լի է վտանգներով, հետո ընկավ լորդ Ջոնի ոտքերը և դեմքը սեղմեց նրա ծնկներին։ ― Այս ի՞նչ բան է, ― բացականչեց մեր ղեկավարը՝ շփոթված քաշքշելով բեղերը։ ― Չէ, իսկապես, ինչպե՞ս վարվենք սրանց հետ։ Վեր կաց, բարեկամ, կոշիկս հանգիստ թող։ ― Նրանց մասին նույնպես պետք է հոգալ, ― ասաց Սամերլին ծխամորճը լցնելով։ ― Դուք մեզ բոլորիս ազատեցիք մահվան ճանկերից։ Եվ ինչպե՜ս ազատեցիք։ Ես պարզապես հիացած եմ։ ― Ապշեցուցի՜չ էր, ― բացականչեց Չելենջերը, ― ապշեցուցիչ։ Ոչ միայն անձամբ մենք, այլև Եվրոպայի գիտական ողջ աշխարհը անհատույց պարտք կմնա ձեզ։ Կասեմ առանց տատանվելու, որ պրոֆեսոր Սամերլիի և պրոֆեսոր Չելենջերի մահը հույժ նկատելի ճեղքվածք բաց կաներ ժամանակակից գիտության մեջ։ Դուք և մեր պատանի բարեկամը արժանի եք ամենայն գովասանքի։ Հայրական ժպիտ էր խաղում Չելենջերի շրթունքներին, բայց ինչպե՜ս կզարմանար Եվրոպայի գիտական աշխարհը, եթե այդ րոպեին տեսներ իր սիրելի զավակին, իր հույսը․․․ Գզգզված մազեր, մերկ կուրծք, ցնցոտիներ։ Գիտության նեցուկը նստել էր պահածոյի տուփը սեղմած ծնկների մեջ և մատներով բերանն էր տանում ավստրալիական ոչխարի մսի մի խոշոր պատառ։ Հնդկացին նայեց նրան, ճչած ու նորից ընկավ լորդ Ջոնի ոտքերը։ ― Մի վախենա, փոքրիկ, ― ասաց մեր ղեկավարը՝ շոյելով ծնկներին սեղմվող սև գլուխը։ ― Չելենջեր, ձեր տեսքը հնդկացուն սարսափ ազդեց, և ես դրանում ոչ մի զարմանալի բան չեմ գտնում։ Հանգստացիր, բարեկամ, նա էլ մեզ նման մարդ է։ ― Սակայն, սը՛ր, ― բացականչեց Չելենջերը։ ― Ոչինչ, պրոֆեսոր, ― դուք պետք է շնորհակալ լինեք ճակատագրին, որ նա ձեզ պարգևել է ոչ բոլորովին սովորական արտաքին։ Եթե կապիկների արքայիկի հետ ձեր ապշեցուցիչ նմանությունը չլիներ․․․ ― Բավակա՛ն է, լորդ Ջոն Ռոքստոն։ Դուք ձեզ չափից ավելին եք թույլ տալիս։ ― Փաստը մնում է փաստ։ ― Խնդրում եմ, սըր, զրույցի թեման փոխեք։ Ձեր նկատողությունները բոլորովին անտեղի են և գործին չեն վերաբերում։ Անհրաժեշտ է որոշել, թե ինչ անենք հնդկացիներին։ Ըստ երևույթին, հարկ կլինի տուն հասցնել։ Բայց որտե՞ղ են ապրում նրանք, ահա հարցը։ ― Կարող են պատասխանել, ― ասացի ես։ ― Հնդկացիներն ապրում են կենտրոնական լճի այն կողմը, քարայրներում։ ― Ա՛խ, ահա թե ի՜նչ։ Մեր պատանի բարեկամին հայտնի է, թե որտեղ է գտնվում սրանց կացարա՞նը։ Դա երևի այնքան էլ մոտիկ չէ այստեղից։ ― Քսան մղոնից ոչ պակաս, ― պատասխանեցի ես։  ― Սամելին տնքաց։ ― Ես որ համենայն դեպս այնտեղ չեմ հասնի։ Լսո՞ւմ եք։ Այդ արարածները դեռ շարունակում են հետևել մեզ։ Եվ իսկապես, անտառի մթին թավուտից մեզ հասավ մարդակապիկների հեռավոր ճղճղոցը։ Հնդկացիները նորից սկսեցին վախից ոռնալ։ ― Հարկավոր է հեռանալ այստեղից, և որքան կարելի է շուտ, ― ասաց լորդ Ջոնը։ ― Երիտասարդ, դուք կօգնեք Սամերլիին։ Հնդկացիները կտանեն իրերը։ Դե, գնացինք, քանի դեռ նրանք մեզ չեն նկատել։ Մի կես ժամում վազելով հասանք թփերի մեջ եղած մեր ապաստարանը և թաքնվեցինք այնտեղ։ Ամբողջ օրը մարդակապիկների հուզված ճիչերը հասնում էին մեզ ամրոցի կողմից, բայց ոչ ոք նրանցից այս կողմ չեկավ։ Հոգնած փախստականները՝ թե սպիտակամորթ, թե կարմրամորթ, թաղվեցին երկար, խոր քնի մեջ։ Երեկոյան նիրհի միջից զգացի, որ մեկը թևիցս քաշում է։ Աչքերս բացելով՝ տեսա առջևս կանգնած Չելենջերին։ ― Միստր Մելոուն, որքան ինձ հայտնի է, դուք օրագիր եք պահում, հուսալով ժամանակին հրապարակել այն, ― խիստ հանդիսավոր տոնով սկսեց նա։ ― Ինձ ուղարկել են այստեղ, իբրև սեփական թղթակից, ― պատասխանեցի ես։ ― Հենց այդ է որ կա։ Դուք, հավանորեն, լսեցիք լորդ Ռոքստոնի հիմար ակնարկները, որ․․․ իբր թե․․․ որոշ նմանություն գոյություն ունի․․․ ― Այո, լսեցի։ ― Կարիք չկա ասելու, որ նման տխմարության հրապարակումը․․․ և ընդհանրապես դեպքերի ամենաչնչին քմահաճ շարադրումը չափազանց վիրավորական կլինի ինձ համար։ ― Խոստանում եմ խստիվ հարազատ մնալ փաստերին։ ― Լորդ Ջոնը հակամետ է ամեն տեսակ ֆանտազիաների, և նրա համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում մի կերպ յուրովի բացատրել այն հանգամանքը, որ անգամ ամենաանկուլտուրական ցեղերը տածում են դեպի մարդկային արժանապատվությունը։ Իմ միտքը պա՞րզ է ձեզ։ ― Լիովին։ ― Այսպես, հուսով եմ ձեր խոհեմության վրա, ― ասաց Չելենջերը և երկար լռությունից հետո ավելացրեց․ ― իսկ այդ կապիկների արքայիկը հույժ արժանավոր արարած էր․․․ Արտասովոր կերպով պատկառելի արտաքին ուներ և այնպես խելացի էր․․․ Ճիշտ չէ՞։ ― Խիստ արժանավոր անձնավորություն էր, ― պատասխանեցի ես։ Ինչպես երևում է, հանգստանալով, պրոֆեսորը նորից պառկեց քնելու։ 
Ադմին, Վստահելի
1876
edits