Changes
: Վատ բան կասկածելով, նա հետևեց անծանոթին և մոլեգին դիմադրությունից հետո բռնեց նրան՝ օգնության հասած ոստիկան Պոլակի օգնությամբ։ Անմիջապես պարզ դարձավ, որ տեղի է ունեցել հանդուգն և խոշոր գողություն։ Պարզվեց, որ ուղեպայուսակը բերնեբերան լցված էր Ամերիկյան երկաթգծի և ուրիշ ընկերությունների արժեթղթերով։ Թղթերի գումարը գերազանցում էր հարյուր հազար ֆունտ ստեռլինգից։ Շենքը զննելու ժամանակ հայտնաբերեցին դժբախտ պահակի դիակը, որը խցկված էր ամենամեծ չհրկիզվող պահարաններից մեկը, ուր պառկած կմնար մինչև երկուշաբթի, եթե չլիներ սերժանտ Տյուսոնի ուշիմությունն ու ճարպկությունը։
: Խեղճի գանգը ջնջխված էր ետևից հասցրաց կրակխառնիչի հարվածով։ Հավանաբար, Բեդինգթոնը ետ էր դարձել գրասենյակ, ձևացնելով, թե այնտեղ ինչ-որ բան է մոռացել։ Սպանելով պահակին և արագ մաքրազարդելով ամենամեծ չհրկիզվող պահարանը, փորձել էր իր ավարով թաքնվել։ Նրա եղբայրը, որ սովորաբար հետն էր աշխատում, այս անգամ, ինչպես առայժմ հայտնի է, այս գործին չի մասնակցել։ Բայց ոստիկանությունը տենդագին միջոցներ է ձեռնարկում, որպեսզի պարզի նրա կացությունը»։
: ― Մենք, ըստ երևույթին, կարող ենք ոստիկանությանն ազատել ավելորդ հոգսից, ― ասաց Հոլմսը՝ հայացք նետելով պատունի պատուհանի մոտ կծկված, խուճապահար, կռացած կերպարանքին։ ― Մարդկային էությունը տարօրինակ բան է, Ուոտսոն։ Այս մարդն այնպես է սիրում իր եղբորը՝ մարդասպանին և չարագործին, որ պատրաստ է ձեռք բարձրացնել իր վրա, իմանալով, որ եղբորը կախաղան է սպասում։ Բայց ոչինչ չես կարող անել։ Մենք կմնանք այստեղ, իսկ դուք՝ միստր Պիկրոֆտ, բարի եղեք գնալ ոստիկանության ետևից։
[[Category: Արձակ]]