Changes
: Իսկ այժմ կպատմեմ այն իրադարձությունների մասին, որոնք կատարվեցին Լեչայնում երկուշաբթի օրը երեկոյան ժամը իննի և տասի միջև։
: Ինչպես պարզվեց, միսիս Բարկլեյը կաթոլիկուհի էր և ջերմ մասնակցություն էր ունենում Ուոտ-սթրիթի վրա գտնվող եկեղեցուն կից հիմնադրված «Սենտ-Ջորջ» բարեգործական ընկերության գործունեությանը՝ հավաքում ու չքավորներին էր բաժանում օգտագործված հագուստներ։ Ընկերության նիստը նշանակված էր այդ օրը՝ երեկոյան ժամը ութին, և միսիս Բարկլեյը շուտ ճաշեց, որպեսզի չուշանա։ Կառապանի ասելով, նա ամուսնու հետ մի քանի ոչինչ չնշանակող խոսքեր փոխանակեց և խոստանալով շատ չուշանալ, տնից դուրս եկավ։ Հետո մտավ միսս Մորիսոնի՝ հարևան ամառանոցում ապրող երիտասարդ կնոջ մոտ, և նրանք միասին գնացին նիստի, որը մի քառասուն րոպե տևեց։ Ինն անց տասնհինգ րոպեին միսիս Բարկլեյը վերադարձավ տուն՝ միսս Մորիսոնից բաժանվելով նրանց վիլլայի մոտ։
: Լեչայն վիլլայի հյուրասենյակը նայում է ճանապարհին, և նրա մեծ, ապակեպատ դուռը բացվում է գազոնի կողմը, որը երեսուն յարդ լայնություն ունի և ճանապարհից առանձնացված է քարե հիմքի վրա անրացված ամրացված երկաթյա ոչ բարձր ցանկապատով։ Միսիս Բարկլեյը, վերադառնալով, մտավ հենց այդ սենյակը։ Վարագույրներն իջեցված չէին, քանի որ երեկոյան հազվադեպ էին այնտեղ նստում։ Միսիս Բարկլեյն ինքը վառեց լամպը, ապա կանչեց սպասուհի Ջեյն Ստյուարտին և խնդրեց իրեն թեյ մատուցել, որ բնավ հատուկ չեր նրան։ Գնդապետը ճաշասենյակում էր․ լսելով, որ կինը վերադարձել է, գնաց նրա մոտ։ Կառապանը տեսել էր, թե ինչպես է նա անցել նախասենյակով և մտել սենյակ։ Բարկլեյին այլևս կենդանի չեն տեսել։
: Տասը րոպե անց թեյը պատրաստ էր, և սպասուհին այն տարավ հյուրասենյակ։ Դռանը մոտենալով նա զարմանքով լսեց տիրոջ և տիրուհու ցասկոտ ձայները։ Նա թակեց դուռը, բայց ոչ ոք չարձագանքեց։ Այնժամ նա շրջեց բռնակը, սակայն պարզվեց, որ դուռը ներսից կողպած է։ Սպասուհին, իհարկե, վազեց խոհարարուհու ետևից։ Երկու կանայք, կանչելով կառապանին, բարձրացան սենյակ և սկսեցին ականջ դնել։ Վեճը շարունակվում էր։ Դռան ետևում, ինչպես ցուցմունք են տալիս երեքն էլ, լսվում էին միայն երկու ձայն՝ Բարկլեյինը և կնոջը։ Բարկլեյը խոսում էր ցածր ու կցկտուր, այնպես որ ոչ մի բան զանազանել հնարավոր չէր։ Տիրուհին շատ էր զայրացած և երբ ձայնը բարձրացնում էր, լավ լսելի էր։ «Դուք վախկոտ եք, ― կրկնում էր նա նորից ու նորից։ ― Ի՞նչ անեմ հիմա։ Վերադարձրեք իմ կյանքը։ Ես այլևս չեմ կարող ձեզ հետ շնչել միևնույն օդը։ Դուք վախկոտ եք, վախկոտ»։ Հանկարծ լսվեց սարսափելի մի ճիչ․ տերն էր ճչում, հետո աղմուկ, և վերջապես տիրուհու սրտակեղեք աղաղակը։ Հավատացած, որ փորձանք է պատահել, կառապանը նետվեց դեպի դուռը, որի ետևում չէր դադարում հեծկլտոցը, և փորձեց կոտրել։ Դուռը տեղի չէր տալիս։ Սպասուհիները սարսափից բոլորովին կորցրել էին գլուխները և նրանցից օգնության ոչ մի հույս չկար։ Կառապանը հանկարծ գլխի ընկավ, որ հյուրասենյակն ունի այգի տանող երկրորդ դուռը։ Նա տնից դուրս նետվեց․ դռան մի փեղկը բաց էր, ամառ ժամանակ դա սովորական բան է, և կառապանը մի ակնթարթում ոստյունով հայտնվեց սենյակում։ Բազմոցին, գիտակցությունը կորցրած, պառկած էր տիրուհին, իսկ կողքին, ոտքերը բազկաթոռին, գլուխը հարակի արյան լճակի մեջ, բուխարու ճաղերի մոտ փռված էր տիրոջ մարմինը։ Դժբախտ գնդապետը մեռած էր։
: Տեսնելով, որ տիրոջն արդեն ոչնչով չի կարելի օգնել, կառապանը որոշեց առաջին հերթին բացել նախասենյակ տանող դուռը։ Բայց նրա առջև ծառացավ տարօրինակ և անսպասելի մի արգելք։ Բանալին դռան փականի մեջ չէր։ Բանալին սենյակում ընդհանրապես չկար։ Այն ժամանակ կառապանը դուրս եկավ պարտեզ տանող դռնից և գնաց ոստիկանի և բժկի ետևից։ Տիրուհուն, որի վրա, բնականաբար, ամենից շատ էր կասկած ընկնում, անգիտակից վիճակում տարան իր ննջարանը։ Գնդապետի մարմինը դրեցին բազմոցին, իսկ դեպքի վայրը մանրամասն զննեցին։