Changes

Ծաղկած փշալարեր

2 bytes removed, 11:01, 12 Հուլիսի 2014
Ինչպես Տխրախտենբրոտն է հետագայում պատմել Մերպերտին (իսկ Մերպերտն Աշոտ դայուն․․․), պետը չի խոսել բուժարանի գործերի և այն մասին, թե որքա՞ն է զբաղված Մերպերտը կամ կալանավորուհու փաստաթղթերը ե՞րբ կհասնեն, ո՛չ, պետը հարցը դրել է պետական մերկությամբ, առանց մտնելու բժշկի սարքած ծխածածկույթի տակ և առանց թույլ տալու, որ նրա, այսինքն՝ բժշկի փչած թոզը մտնի իր աչքերը։ Նա պարզապես ասել է․
― Եկեք այսպես պայմանավորվենք, եթե բռնվեցիք, հույս մի դրեք իմ պաշտպանության վրա։ Ոչ մի ուժ ձեզ չի փրկի։ Իսկ եթե հղիանա, կգա կոմիսիա ու քեզ հետ ես էլ կթռչեմ խեցգետիններտի խեցգետինների ձմեռանոցը․․․
Այսպես կազմվեց ճամբարային թիվ 1 ընտանեկան բջիջը, և քանի որ խնդիրը վերաբերում էր ոչ թե հանցանք գործելուն կամ չգործելուն, այլ բռնվելուն կամ չբռնվելուն, Սոլոմոն Գավրիլովիչ Տրախտենբրոտը ձեռք առավ բոլոր նախազգուշական միջոցները չբռնվելու համար։ Նա մանրամասն պատմեց գործի էության, ողջ գրվածքի մասին Մերպերտին և խնդրեց նրա աջակցությունն իր ընտանեկան կյանքի ապահովության գործին․․․ Մերպերտն իր հերթին, այս կարևոր գործի ապահովությանն ի խնդիր, զինվորագրեց թվով վեց, այսինքն ողջ սանիտարական կազմը։ Երբ միասին ճաշելուց հետո (հիվանդանոցի խոհարար Մաոն նրանց համար հատուկ ճաշ էր պատրաստում՝ չորս տեսակի․․․) պատասխանատու զույգը քաշվում է հանգստանալու բժշկի խցում, սկսվում էր Մերպերտի և թվով վեց սանիտարների անհանգստութայն ժամը։ Նրանք աննկատելի կերպով հսկում էին բոլոր վտանգավոր և կասկածելի կոմունիկացիաները՝ պետք եղած դեպքում վտանգի ազդանշան տալու համար։ Վտանգի դեպքում այլայլված զույգը վեր էր թռչում տեղից, լեհուհին արագ կարգի էր բերում մազերն ու շորերը, նետվում բուժարանը և Մերպերի հետ զբաղվում բուժարանի սակավաթիվ սրվակների կարգավորմամբ, իսկ բժիշկը խորասուզվում էր բժշկական մի գրքի էջերում։
Վստահելի
1396
edits