Changes
: Երբ նա աթոռին մեկնվեց ինձ ծանոթ դիրքով, հասկացա, որ իմ բոլոր հույսերն ի դերև ելան։
: ― Էկտոնի մոտ կատարված գողության գործում մեզ չհաջողվեց ոչ մի բանից կառչել։ Բայց այստեղ բավականին նյութ կա, որպեսզի սկսենք հետաքննությունը և, չենք կասկածում, որ երկու դեպքում էլ գործել է միևնույն անձը։ Գողին տեսել է․․․
: ― Ա՛․․․Ա՜․․․
: ― Այո, սըր։ Բայց երբ հնչել է դժբախտ Ուիլյամ Քերվանին սպանող կրակոցը, նա սուրացել է եղնիկից էլ արագ։ Միստր Կանինգեմը նրան տեսել է իր ննջասենյակի պատուհանից, իսկ Ալեք Կանինգեմը նրան տեսել է ետնամուտքի աստիճաններից։ Տագնապը բարձրացել է տասներկուսին քառորդ պակաս։ Միստր Կանինգեմը նոր էր պառկել քմելու, իսկ Ալեքը խալաթը հագին ծխամորճ էր ծխում։ Նրանք երկուսով լսել են, թե ինչպես է օգնություն կանչել կառապան Ուիլյամը, և միստր Ալեքը նետվել է ներքև տեսնելու, թե ինչ է պատահել։ Մուտքի դուռը բաց է եղել, և երբ նա աստիճաններով ներքև է սուրացել, տան առջև տեսել է իրար կառչած երկու մարդու։ Նրանցից մեկը կրակել է, մյուսը՝ ընկել, և մարդասպանը նետվել է ուղիղ այգի, ճարպկորեն սողոսկել է դալար ցանկապատից և անհետացել։ Միստր Կանինգեմը իր ննջասենյակի պատուհանից նկատել է, թե ինչպես է նա փողոց նետվել, բայց հենց այդ պահին էլ տեսադաշտից կորցրել է նրան։ Միստր Ալեքը մնացել է տեսնելու, թե հնարավոր չէ՞ արդյոք օգնել վիրավորին, և այդպիսով չարագործը հասցրել է թաքնվել։ Մեզ միայն հայտնի է, որ այդ մարդը միջահասակ է, ինչ-որ մուգ գույնի հագուստով։ Ձեռքի տակ ուրիշ տվյալներ չունենք, բայց մենք եռանդուն հետախուզություն ենք կատարում, և եթե հանցագործը տեղացի չէ, շուտով կհայտնաբերվի։
: ― Իսկ ի՞նչ էր այդտեղ անում այդ Ուիլյամը։ Մահից առաջ որևէ բան ասե՞լ է։