Changes
/* Չորեքշաբթի, 24-ը հունիսի 1942թ. */
==Չորեքշաբթի, 24-ը հունիսի 1942թ.==
Սիրելի Քիտտի․
Անտանելի շոգ է։ Բոլորը հեւում են, փնչացնում, քրտնում արեւի այդ կիզիչ տաքությունից, իսկ դու ստիպված ես նույնիսկ վազել ոտքով։ Ես հիմա եմ հասկանում, թե ինչքան լավ բան է տրամվայը, հատկապես բաց վագոնները։ Բայց դա արգելված պտուղ է հրեաներիս համար։ Մնում է միայն գնալ ոտքով, հետիոտն։ Երեկ ինձ անհրաժեշտ էր ընդմիջման ժամին գնալ Յան֊Լյուկենստրաատ, ատամնաբույժի մոտ։ Դա բավականին հեռու է մեր դպրոցից, այնտեղ գնալու համար պետք էանցնել քաղաքային այգու կողքով։ Ես այնքան էի հոգնել, որ վերջին ժամերին քիչ էր մնում քնեի։ Լավ էր, որ ճանապարհին բարի մարդիկ հանդիպեցին եւ ինձ ջուր առաջարկեցին։ Ատամնաբույժի ասիստենտուհին շատ լավն է, ուշադիր։
Մենք կարող ենք օգտվել միայն փոքր նավակներից, որը գնում է Յոզեֆիզրաելսկադից։ Եվ այդ նավակի վրա աշխատողը մեր խնդրելուց հետո իսկույն փոխադրեց մեզ։ Հոլանդացիներն, իհարկե, մեղավոր չեն, որ մեր վիճակն այդքան վատ է։
Գոնե դպրոց չգնայի։ Զատկի օրերին իմ հեծանիվը գողացան, իսկ մայրիկինը հայրիկը պահ էր տվել ծանոթի մոտ։ Բարեբախտաբար շուտով արձակուրդ է, մի շաբաթից հետո մեր տանջանքները կվերջանան։
Երեկ ցերեկը մի շատ հաճելի բան պատահեց։ Երբ ես անցնում էի այն տեղով, որտեղ սովորաբար թողնում էի հեծանիվս, ինչ֊որ մեկը ինձ ձայն տվեց։ Ես շուռ եկա եւ տեսա շատ համակրելի մի տղայի, որ հետ ծանոթացել էի նախորդ օրը իմ դպրոցական ընկերուհիներից մեկի՝ Եվայի մոտ։ Նա մի փոքր ամաչելով ասաց իր անունը՝ Հարրի Հոլդբերգ։ Ես զարմացա եւ չհասկացա թե ինչ էր պետք նրան։ Բայց շուտով ամեն ինչ պարզվեց․ նա ուզում էր ինձ ուղեկցել դպրոց։ «Եթե քո ճանապարհին է, գնանք», ― պատասխանեցի ես, եւ մենք գնացինք միասին։ Հարրին արդեն 16 տարեկան է եւ շատ հաճելի բաներ է պատմում։ Առավոտյան նա դարձյալ սպասում էր ինձ, երեւի, հիմա այդպես էլ կշարունակվի։
Աննա։
==Երեքշաբթի, 30-ը հունիսի 1942թ.==
Սիրելի Քիտտի․
Մինչեւ այս բոլորովին ժամանակ չեմ ունեցել գրելու։ Հինգշաբթի ամբողջ օրը ծանոթների մոտ եմ անցկացրել։ Ուրբաթ օրը մեզ մոտ են հյուրեր եկել, եւ այսպես մինչեւ այսօր։ Այս շաբաթ մենք Հարրիի հետ ընկերություն ենք արել։ Նա ինձ շատ բան է պատմել իր մասին։ Նա մենակ է եկել Հոլանդիա, այստեղ ապրում են նրա տատիկն ու պապիկը, իսկ ծնողները՝ Բելգիայում են։
Առաջ նա ընկերություն է արել Ֆաննի անունով մի աղջկա հետ։ Ես էլ եմ նրան ճանաչում։ Նա հեզության ու ձանձրույթի տիպար է։ Այն օրից, ինչ Հարրին ինձ հետ ծանոթացավ, հասկացավ, որ Ֆաննիի հետ շատ տխուր է կյանքը։ Ես, ինչպես երեւում է, նրան հաճույք էի պատճառում։ Երբեք չես իմանա, թե ինչի պետք կգաս։
Շաբաթ օրը Յոպպին գիշերեց ինձ մոտ։ Բայց կիրակի օրը նա գնաց Լիզի մոտ, եւ ես մահու չափ տխուր էի։
Երեկոյան ինձ մոտ պիտի գար Հարրին։ Ժամը վեցին զանգահարեց․
«Հարրի Հոլդբերգն է խոսում։ Կարելի՞ է Աննային կանչել»։
«Այո, Հարրի, այդ ես եմ»։
«Բարի երեկո, Աննա, ինչպե՞ս ես»։
«Շնորհակալություն, լավ եմ»։
«Ցավոք սրտի, այսօր չեմ կարող գալ։ Բայց ես ուզում եմ քեզ հետ խոսել։ Կարո՞ղ ես ինձ ընդառաջ գալ տասը րոպեից հետո»։
«Լավ, ես դուրս եմ գալիս»։
Ես շորերս արագ փոխելուց եւ մազերս մի փոքր ուղղելուց հետո կանգնեցի պատուհանի մոտ եւ հուզված էի։ Վերջապես նա եկավ։ Զարմանալի բան, ես անմիջապես չվազեցի աստիճաններով, այլ հանգիստ սպասեցի, որ զանգը տա։ Այդ ժամանակ ես իջա ներքեւ, եւ նա իսկույն սկսեց․
«Լսիր, իմ տատիկը գտնում է, որ դու ինձ համար շատ երիտասարդ ես։ Նա ինձ ասում է, որ ես պետք է գնամ Լուրսովների մոտ։ Նա, երեւի գլխի է ընկել, որ ես Ֆաննիին տեսնել չեմ ուզում»։
«Ինչո՞ւ, միթե գժտվել եք»։
«Ոչ, ընդհակառակը, բայց ես Ֆաննիին ասացի, որ մենք տարբեր մարդիկ ենք եւ դրա համար էլ ես չեմ ուզում նրա հետ երկար ժամանակ անցկացնել։ Բայց թող նա մեզ մոտ հյուր գա, ես էլ իրենց մոտ կգնամ։ Եվ հետո, ես կարծում էի, որ Ֆաննին ուրիշ տղաների հետ է ընկերություն անում։ Պարզվում է, որ դա ճիշտ չի, եւ հիմա քեռիս ասում է՝ դու պետք է ներողություն խնդրես նրանից։ Իսկ ես չեմ ուզում։ Դրա համար էլ որոշել եմ նրա հետ այլեւս չհանդիպել։ Տատիկս ուզում է, որ ես Ֆաննիի մոտ գնամ եւ ոչ թե քեզ մոտ, բայց մտքովս էլ չի անցնում։ Ծերունիները ինչ֊որ հին պատկերացում ունեն կյանքի մասին։ Բայց ես նրանց հետ հաշվի չեմ նստի։ Իհարկե, ես կախում ունեմ տատիկիցս, բայց նա էլ որոշ չափով ինձնից կախում ունի։ Չորեքշաբթի օրերը ես ազատ եմ, եւ պապիկն ու տատիկը կարծում են, թե ես գնում եմ ծեփանկարչության դասի, բայց իրականում լինում եմ սիոնիստական ժողովներին։ Մենք սիոնիստ չենք, բայց ինձ համար հետաքրքիր է նրանց մասին իմանալ։ Թեեւ վերջերս մի տեսակ հետաքրքիր էլ չի, եւ ես այլեւս այնտեղ չեմ գնա։ Ուրեմն մենք կարող ենք հանդիպել չորեքշաբթի եւ շաբաթ օրերը ցերեկը եւ երեկոյան, եւ կիրակի երեկոյան, գուցե եւ ավելի հաճախ»։
«Բայց եթե տատիկդ ու պապիկդ չեն ուզում, ինչո՞ւ ես դու նրանց կամքին հակառակ ինձ մոտ գալիս»։
«Սիրո համար խոչընդոտ չկա»։
Մենք թեքվեցինք դեպի անկյունը, գրքի կրպակի մոտ եւ այնտեղ տեսա Պետեր Վեսսելին իր երկու ընկերների հետ։ Արձակուրդից հետո ես առաջին անգամ էի տեսնում նրան եւ շատ ուրախացա։
Մենք Հարրիի հետ մի քանի անգամ շրջեցինք ամբողջ թաղով մեկ եւ վերջապես պայմանավորվեցինք, որ վաղը երեկոյան, յոթին հինգ պակաս, ես սպասեմ նրա տան մոտ։
Աննա։
==Ուրբաթ, 3-ը հուլիսի 1942թ.==
Սիրելի Քտտի․
Երեկ Հարրին եկավ մեզ մոտ՝ ծնողներիս հետ ծանոթանալու։ Ես տորթ էի առել, կեքս ու կոնֆետ։ Թեյ խմեցինք, բայց ինձ ու Հարրիի համար տխուր էր տանը նստելը։ Գնացինք զբոսնելու եւ ութն անց տասը րոպե նա ինձ ուղեկցեց տուն։ Հայրս սարսափելի ջղայնացավ, որ ես այդպես ուշ վերադարձա։ Հրեաների համար վտանգավոր էր երեկոյան ութից հետո փողոցում երեւալը, եւ ես խոստացել էի միշտ ութից տասը պակաս տանը լինել։
Վաղը ես հրավիրված եմ Հարրիի մոտ։ Իմ ընկերուհի Յոպպին նրան շարունակ ծաղրում էր։ Բայց ես բոլորովին էլ սիրահարված չեմ նրան։ Մի՞թե չի կարելի ընկեր ունենալ։ Ոչ մի վատ բան չկա, որ ես ընկեր ունեմ, կամ ինչպես մայրիկն է ասում, կավալեր։ Եվան ինձ պատմեց, որ Հարրին վերջերս եղել է նրա մոտ եւ նա հարցրել է․ «Ո՞վ է քեզ ավելի շատ դուր գալիս՝ Ֆաննի՞ն, թե Աննան»։ Իսկ նա ասել է․ «Քո գործը չի»։ Այլեւն նրանք այդ մասին չեն խոսել, բայց գնալիս ասել է․ «Իհարկե, Աննան․ միայն թե ոչ ոքի չասես»։ Եվ իսկույն փախել է։
Ես նկատում եմ, որ Հարրին սարսափելի սիրահարված է ինձ, եւ բազմազանության համար դա նույնիսկ ինձ դուր է գալիս։ Մարգոն նրա մասին ասում է․ «Հարրին խելոք է»։ Իմ կարծիքով նույնիսկ շա՜տ։ Մայրիկը հիացած է նրանով։ «Գեղեցիկ տղա է, շատ դուրեկան, լավ դաստիարակված»։ Ես ուրախ եմ, որ Հարրին մեր ամբողջ ընտանիքին դուր եկավ եւ մերոնք էլ նրան են շատ դուր գալիս։ Միայն իմ ընկերուհիները նրան բոլորովին երեխաներ են թվում, եւ նա ճիշտ չէ։
==Կիրակի, 5-ը հուլիսի 1942թ.==