Changes
Խաղամոլը
,/* ՈՒթերորդ գլուխ */
== ՈՒթերորդ գլուխ ==
Պրոմենադի միջցին, ինչպես այստեղ ասում են, այսինքն՝ շագանակների ծառուղու վրա յես հանդիպեցի իմ անգլիացուն։
— Ո՜, ո՜,— սկսեց նա, հենց վոր տեսավ ինձ,― յես ձեզ մոտ եմ գալիս, դուք՝ ինձ մոտ։ Դուք ուրեմն անջատվել եք ձերայիններից։
— Առաջինը՝ ասացեք, թե ինչո՞ւ, դուք այդ գիտեք,— հարցրի յես զարմանքով,―— մի՞թե այդ ամենը հայտնի յե ամենքին։
— Ո՜, վո՛չ, ամենքին հայտնի չե․ և չարժե, վոր հայտնի լինի։ Վոչ վոք չի խոսում։
— Ապա ինչու դո՞ւք գիտեք։
— Յես գիտեմ, այսինքն՝ պատահաբար իմացա։ Հիմա ո՞ւր պիտի գնաք դուք այստեղից։ Յես ձեզ սիրում եմ, այդ պատճառով ել յեկա ձեզ մոտ։
— Լավ մարդ եք դուք, միստեր Աստլեյ,— ասացի յես (թեպետ ինձ սարսափելի ապշեցրել եր, թե վորտեղից ե նա իմացել),— և վորովհետև յես դեռևս սուրճ չեմ խմել, դուք ել յերևի կարգին չեք խմել, գնանք վոկսալի սրճարանը, նստենք այնտեղ, մի֊մի գլանակ կպցնենք և յես ձեզ ամեն բան կպատմեմ, դուք, ել․․․ ինձ կպատմեք։
Սրճարանը մի հարյուր քայլ հեռավորության վրա յեր։ Մեզ մատուցին սուրճ և մենք նստեցինք, յես գլանակ կպցրի, միստեր Աստլեյը չեր ծխում և սևեռուն հայացքով պատրաստվեց ունկնդրելու։
— Յես վոչ մի տեղ չեմ գնում, յես մնում եմ այստեղ,― սկսեցի յես։
— Յես ել հավատացած եյի, վոր դուք կմնաք,— հավանություն տալով արտասանեց միստեր Աստլեյը։
Միստեր Աստլեյի մոտ գնալիս յես բնավ մտադրություն չունեյի և նույնիսկ յես դիտմամբ չեյի ուզում պատմել վորևե բան իմ սիրո մասին դեպի Պոլինան։ Վերջին որերի ընթացքում այդ մասին յես նրան գրեթե վոչ մի խոսք չեյի ասել։ Համ ել նա շատ քաշվող մարդ եր։ Յես առաջին անգամից նկատեցի, վոր Պոլինան նրա վրա սաստիկ տպավորություն եր գործել, բայց նա յերբեք չեր տալիս Պոլինայի անունը։ Բայց տարորինակ ե, հանկարծ հիմա, դեռ նոր ե նա նստել և սևեռել վրաս իր անշարժ անագե հայացքը, իմ մեջ, անհայտ ե, թե ինչու, ցանկություն ծագեց պատմել նրան ամեն ինչ, այսինքն՝ իմ ամբողջ սերը իր բոլոր յերանգներով։ Յես մի ամբողջ կես ժամ պատմում եյի և դա ինձ համար չափազանց հաճելի յեր, առաջին անգամն եյի պատմում դրա մասին։ Իսկ նկատելով, վոր միքանի տեղ, մանավանդ տաք տեղերում, նա շփոթվում եր, յես ուժեղացնում եյի իմ զրույցի ջերմությունը։ Մի բանի համար զղջում եմ․ յես թերևս ֆրանսիացու մասին մի քիչ ավելի բան ասացի․․․
Միստեր Աստլեյը լսում եր՝ նստած իմ դիմաց անշարժ, անխոս, վոչ մի հնչյուն չարձակվելով և նայելով իմ աչքերին․ իսկ յերբ յես խոսք բաց արի ֆրանսիացու, մասին, նա հանկարծ հետ քաշեց ինձ և խիստ հարցրեց՝ ունե՞մ յես արդյոք իրավունք հիշատակելու այդ կողմնակի հանգամանքը։ Միստեր Աստլեյը միշտ շատ տարորինակ եր հարցեր տալիս։
— Դուք իրավացի յեք վախենում՝ թե վոչ,― պատասխանեցի յես։
— Այդ մարկիզի և միսս Պոլինայի մասին դուք վոչինչ ստույգ բան ասել չեք կարող, բացի սոսկ յենթադրություններից։
Յես դարձյալ զարմացա նման կատեգորիկ հարցից այդպիսի մի քաշվող մարդուց, ինչպիսին եր միստեր Աստլեյը։
— Վոչ, վոչինչ ստույգ բան,― պատասխանեցի յես,— իհարկե, վոչինչ։
— Յեթե այդպես ե, ապա դուք վատ բան արիք, վոչ միայն նրանով, վոր այդ մասին ինձ հետ խոսք բաց արիք, այլ անգամ նրանով, վոր դուք այդ մասին ձեր մտքում մտածել եք։
— Լա՜վ, լա՜վ, խոստովանում եմ. սակայն հիմա այդ ա՛յդ չի բանը,— ընդհատեցի յես, մտքումս զարմանալով։ Այստեղ յես նրան պատմեցի յերեկվա վողջ պատմությունը, բոլոր մանրամասնություններով, Պոլինայի արարքը, իմ արկածը բարոնի հետ, իմ պաշտոնալքումը, գեներալի արտասովոր վախկոտությունը և, վերջապես, մանրամասն պատմեցի Դե֊Գրիյեյի այսորվա այցելությունը, բոլոր գունավորումներով, ի վերջո ցույց տվի նրան տոմսը։
— Ի՞նչ եք դուք դրանից, հետևցնում,― հարցրի յես։― Յես յեկել եմ հենց ձեր միտքն իմանալու համար։ Գալով ինձ, յես, կարծես, կսպանեյի այդ ֆրանցուզիշկային և գուցե կանեմ այդ։
— Յես ել,― ասաց միստեր Աստլեյը։― Գալով միսս Պոլինային, դուք դիտեք․․․ մենք հարաբերությունների մեջ ենք մտնում անգամ մեզ ատելի մարդկանց հետ, յեթե մեզ հարկադրում ե անհրաժեշտությունը։ Այստեղ հնարավոր են հարաբերություններ, վոր ձեզ անհայտ են, ուրիշների հանգամանքներից են կախված։ Յես կարծում եմ, վոր դուք կարող եք հանգիստ լինել ― մասամբ, իհարկե։ Գալով Պոլինայի յերեկվա վարմունքին, տարորինակ վարմունք ե, իհարկե, վոչ թե այն պատճառով, վոր Պոլինան կամեցել ե ձեզ գլխից ռադ անել և ուղարկել ե, վոր ընկնեք բարոնի մահակի տակ (վոր, չեմ հասկանում թև ինչու, նա, ունենալով ձեռքին, չի գործադրել), այլ այն պատճառով, վոր այդպիսի վարմունք այդպիսի մի... այդպիսի մի սքանչելի միսսի համար ― անվայել ե։ Հասկանալի բան ե, նա չեր կարող նախագուշակել, վոր դուք բառացի կկատարեք նրա ծաղրական ցանկությունը։
— Գիտե՞ք ինչ,— գոչեցի յես հանկարծ, աչքերս հառած միստեր Աստլեյին,― ինձ թվում ե, թե դուք այդ ամենի մասին արդեն լսել եք, գիտե՞ք ումնից։― Հենց միսս Պոլինայից։
Միստեր Աստլեյը զարմանքով նայեց վրաս։
— Ձեր աչքերը պսպղում են և յես նրանց մեջ կարդում եմ կասկած,― ասաց նա, իսկույն վերադարձնելով իր նախկին հանգստությունը։― Բայց դուք նվազագույն իրավունք չունեք դրսևորելու ձեր կասկածը։ Յես չեմ կարող ճանաչել այդ իրավունքը և միանգամայն հրաժարվում եմ ձեր հարցին պատասխանելուց։
— Դե՛, բավական ե։ Պետք ել չե։ Կոչեցի յես, տարորեն հուզված և չհասկանալով, թե ինչպես այդ բանը մտքովս անցավ։ Յե՞րբ, վորտե՞ղ, ինչպե՞ս կարող եր միստեր Աստլեյը Պոլինայի կողմից հավատարմատար ընտրված լինել։ Վերջերս, ասենք, յես միստեր Աստլեյին մասամբ կորցրի իմ հայացադաշտից, իսկ Պոլինան միշտ ել ինձ համար առեղծված ե յեղել, ― այն աստիճան առեղծված, վոր, որինակ, հիմա սկսելով պատմել իմ սիրո ամբողջ պատմությունը միստեր Աստլեյին, յես հանկարծ, իմ պատմության ընթացքում, զարմացա ինքս, վոր գրեթե վոչինչ ստույգ և դրական բան իմ հարաբերությունների մասին յես չեյի կարող ասել։ Ընդհակառակը՝ ամեն ինչ ֆանթասթիական, տարորինակ, անհիմն եր և անգամ բանի նման չեր։
— Դե՛, լավ, լավ․ յես շփոթվել եմ և հիմա ել շատ բան գլխի չեմ ընկնում,— պատասխանեցի յես, ասես շնչակտուր.― բայց դուք լավ մարդ եք, հիմա մի ուրիշ գործ, և յես խնդրում եմ ձեր վոչ թե խորհուրդը, այլ կարծիքը։
Յես լուռ կացա, ապա սկսեցի՝
— Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ գեներալը այդքան վախեցավ։ Ինչո՞ւ իմ ամենահիմար սրիկայությունից նրանք այդպիսի մի պատմություն դուրս բերին։ Այնպիսի պատմություն, վոր անգամ ինքը Դե-Գրիյեն անհրաժեշտ համարեց միջամտել (իսկ նա միջամտում ե միայն կարևորագույն դեպքերում), այցելեց ինձ (վոնց ե), աղաչեց, պաղատեց,— նա, Դե֊Գրիյեն ― ի՜նձ։ Վերջապես, նկատեցեք, նա յեկավ ժամը իննին, իննի վերջին և արդեն Պոլինայի տոմսը նրա ձեռքին եր։ Հարց ե ծագում, այդ յե՞րբ ե տոմսը գրվել։ Գուցե դրա համար արթնացրել են միսս Պոլինային։ Բացի այդ, դրանից յես տեսնում եմ, վոր միսս Պոլինան նրա ստրկուհին ե (վորովհետև անգամ ինձնից ներողություն ե խնդրո՜ւմ),— բացի այդ, նա ի՞նչ ունի այդ ամենի մեջ, նա՝ անձնապես։ Ինչո՞ւ յե նա այդքան հետաքրքրվում։ Ինչո՞ւ նրանք բոլորը բարոնից այդքան վախեցան։ Ի՞նչ յեղավ, վոր գեներալն ամուսնանում ե m-lle Blanche de Cominges-ի հետ։ Նրանք ասում են, վոր այդ հանգամանքի շնորհիվ պետք ե _ուրիշ_ տեսակ պահեն իրենց ― բայց դա արդեն չափազանց ուրիշ տեսակ ե, համաձայնեցեք։ Ի՞նչ եք կարծում։ Յես ձեր աչքերից համոզվում եմ, վոր դուք այստեղ ել ինձնից շատ բան գիտեք։
Միստեր Աստլեյը քմծիծաղ տվեց և գլխով արավ։
— Իրավ, յես այստեղ ել, կարծես, ձեզնից շատ ավելի բան գիտեմ,— ասաց նա։― Այստեղ ամեն ինչ միմիայն m-lle Blanche-ին ե վերաբերում և յես հավատացած եմ, վոր դա կատարյալ ճշմարտություն ե։
— Ե՜, m-lle Blanche-ն ի՞նչ,― գոչեցի յես անհամբեր (իմ մեջ հանկարծ հույս ծագեց, վոր հիմա մի բան կբացվի Պոլինայի մասին)։
— Ինձ թվում ե, վոր m-lle Blanche-ն ներկայիս առանձնապես շահագրգռված ե ամեն կերպ խուսափելու բարոնի և բարոնուհու հանդիպումից ― առավել ևս, անախորժ հանդիպումից, ավելի վատ ― սկանդալայի՜ն։
— Ապա՜, ապա՜։
— M-lle Blanche-ը, նախանցյալ տարի, սեզոնի ժամանակ արդեն այստեղ, Ռուլետենբուրգում եր։ Յես ել եյի այստեղ գտնվում։ M-lle Blanche-ը այն միջոցին դեռ m-lle de Cominges չեր կոչվում, նմանապես նրա մայրը՝ mme veuve Cominges-ը այն միջոցին գոյություն չուներ։ Գոնե նրա մասին խոսք չեր լինում։ Դե-Գրիյեն ― Դե-Գրիյեն նույնպես չկար։ Յես խորապես համոզված եմ, վոր նրանք վոչ միայն ազգական չեն, այլ և շատ նոր են ծանոթացել իրար։ Դե֊Գրիյեն նույնպես շատ նոր ե մարկիզ դառել,— յես համոզված եմ, կա մի հանգամանք։ Նույնիսկ կարելի յե յենթադրել, վոր նա նոր ե Դե֊Գրիյե կոչվում։ Յես ճանաչում եմ այստեղ մեկին, վոր հանդիպել ե նրան ուրիշ անուն կրելիս։
— Սակայն իրոք նա ունի ծանոթության սոլիդ շրջան։
— Ո՜, այդ կարող ե լինել։ M-lle Blanche-ը կարող ե ունենալ։ Բայց նախանցյալ տարի m-lle Blanche-ը նույն այդ բարոնուհու գանգատով, այստեղի վոստիկանությունից հրավեր ստացավ թողնել քաղաքը և թողեց։
— Ինչպե՞ս թե։
— Նա յերևաց այստեղ այն ժամանակ — սկզբում՝ մի իտալացու հետ, ինչ-վոր իշխանի, պատմական անունով, ինչ վոր Բարբերինի կամ նման բան։ Նրա ձեռները զարդարված եյին մատանիներով և ադամանդներով, և նույնիսկ վոչ-կեղծ։ Նրանք ման եյին գալիս զարմանալի կառքով։ M-lle Blanche֊-ը խաղում եր trente et quarante սկզբում հաջող, ապա՝ բախտը նրան սկսեց խիստ դավաճանել, այդպես եմ հիշում յես։ Հիշում եմ, մի յերեկո նա արտասովոր գումար տանուլ տվեց։ Բայց վոր ավելի վատ ե յեղել՝ un beau matin նրա իշխանը անհայտացել ե, անհայտ ե՝ թե ուր. անհայտացավ կառքը, ձիերը, ամեն ինչ անհայտացավ։ Հյուրանոցում սոսկալի՜ պարտք։ M-lle Զելման (Բարբերինիի տեղ նա հանկարծ m-lle Զելմա դառավ) ծայր աստիճան հուսահատության մեջ եր։ Նա վոռնում ու ծվում եր այնպես, վոր լսվում եր վողջ հյուրանոցում, և կատաղությունից պատռում եր իր զգեստը։ Նույն հյուրանոցում իջեանած ե լինում մի լեհ կոմս, (բոլոր ճամբորդող լեհերը կոմսեր են), և m-lle Զելման, վոր պատառոտում եր իր զգեստները և չանգռոտում, կատվի պես, իր դեմքը՝ իր գեղեցիկ, ոծանելիքով լվացած ձեռներով, նրա վրա վորոշ տպավորություն գործեց։ Նրանք խոսեցին իրար հետ ե մինչև ճաշ Զելման մխիթարվեց։ Յերեկոյան նա յերևաց վոկսալում՝ լեհի հետ թևանցուկ։ M-lle Զելման խնդում եր, ըսա իր սովորության, շատ բարձր, և նրա ձևերը մի քիչ ավելի ազատ եյին։ Նա ռուլեթ խաղացող այն կանանց կարգն ընկավ, վորոնք մոտենալով սեղանին, բոլոր ուժով հրում են ուսով խաղացողներին, վորպեսզի իրենց համար տեղ բաց անեն։ Այստեղ այդ տիկինների համար դա մի առանձին շիկ ե։ Դուք, իհարկե, նկատե՞լ եք նրանց։
— Ո՜, այո՛։
— Չարժե անգամ նկատել։ Ի ցավ կարգին հասարակության, նրանք անպակաս են այստեղ, առնվազն այնպիսիները նրանցից, վորոնք ամեն որ հազար ֆրանկանոց տոմսեր են մանրացնում։ Ասենք՝ հենց վոր նրանք դադարում են տոմսեր մանրացնել, իսկույն նրանց խնդրում են հեռանալ։ M-lle Զելման դեռ շարունակում եր տոմսեր մանրացնել, բայց նրա խաղն առավել ևս դժբախտ եր ընթանում. նկատեցեք, վոր այդ տիկինները հաճախ բախտավոր են խաղում։ Նրանք զարմանալի տիրապետում են իրենց։ Ասենք՝ իմ պատմությունը վերջացավ։ Մի որ, ճիշտ այնպես, ինչպես իշխանը, անհայտացավ նաև կոմսը։ M-lle Զելման յերեկոյան արդեն մենակ յեկավ խաղալու. այս անգամ վոչ վոք չեր յեկել առաջարկելու նրան իր թևը։ Յերկու որում նա վերջնականապես տանուլ տվեց յեղած—չեղածը․ վեր գալով վերջին լուիդորը և տանուլ տալով, նա նայեց շուրջը և իր մոտ տեսավ բարոն Վուրմերհելմին, վոր ուշի-ուշով և խորին զայրույթով նայում եր Զելմայի վրա։ Բայց m-lle Զելման չնկատեց զայրույթը և դիմեց բարոնին հայտնի ժպիտով, խնդրելով կարմրի վրա իր փոխարեն տասը լուիդոր դնել։ Դրա հետևանքով, բարոնուհու գանգատով, յերեկոյան դեմ նա հրավեր ստացավ վոկսալում այլևս յերևան չգալ։ Յեթե դուք զարմանում եք, վոր ինձ հայտնի յեն այդ մանր և միանգամայն անվայել մանրամասները, ապա այդ նրանից ե, վոր յես լսել եմ միստեր Ֆիդերից, իմ ազգականներից մեկից, վոր նույն յերեկոյան իր կառքով m-lle Զելմին Ռուլեթենբերգից տարավ Ապա։ Հիմա հասկացեք՝ m-lle Blanche-ը կամենում ե գեներալի կին դառնալ, հավանորեն նրա համար, վոր այլևս նման հրավերներ չստանա, ինչպես նախանցյալ տարի՝ վոկսալի վոստիկանությունից։ Հիմա նա այլևս չի խաղում. բայց այդ նրա համար, վոր նա հիմա ըստ բոլոր նշանների կապիտալ ունի, վոր նա այստեղի խաղացողներին տոկոսով պարտք ե տալիս։ Այդ ավելի ձեռնտու յե։ Յես նույնիսկ հասկանում եմ, վոր դժբախտ գեներալն ել ե նրան պարտ։ Գուցե Դե֊Գրիյեն ել ե պարտ։ Գուցե Դե-Գրիյեն նրա հետ ընկերակցում ե։ Համաձայնեցեք, առնվազն մինչև ամուսնություն նա չեր կամենա իր վրա դարձնել բարոնուհու և բարոնի ուշադրությունը։ Մի խոսքով, նրա վիճակում նրան ամենից քիչ ե շահավետ սկանդալը։ Իսկ դուք կապված եք նրանց տան հետ և ձեր վարմունքները կարող եյին սկանդալ առաջ բերել, մանավանդ վոր նա ամեն որ հասարակության մեջ յերևան ե գալիս գեներալի հետ թևանցուկ կամ միսս Պոլինայի հետ։ Հիմա հասկանո՞ւմ եք։
— Վո՛չ, չեմ հասկանում,― գոչեցի յես, բոլոր ուժով խփելով սեղանին այնպես, վոր garçon-ը յերկյուղով վազեց մեզ մոտ։
— Ասացեք, միստեր Աստլեյ,— կրկնեցի յես ջղագար,— յեթե դուք այդ ամբողջ պատմությունը գիտեյիք, հետևաբար անգիր գիտեք, թե ինչ պտուղ ե m-lle Blanche de Cominges,― ապա ինչպե՞ս ե, վոր գեթ ինձ չնախազգուշացրիք,— վերջապես գեներալին, իսկ գլխավորն ե՝ միսս Պոլինային, վոր այստեղ վոկսալում, հասարակության մեջ հանդես ե գալիս m-lle Blanche-ի հետ թևանցուկ։ Հնարավո՞ր բան ե այդ։
— Ձեզ նախազգուշացնելու կարիք չկար, վորովհետև դուք վոչինչ չեյիք կարող անել,—հանդարտ պատասխանեց միստեր Աստլեյը։ Համ ել ինչի՞ց նախազգուշացնեյի։ Գեներալը գուցե m-lle Blanche-ի մասին գիտե ավելին, քան յես, և դարձյալ զբոսնում ե նրա և միսս Պոլինայի հետ։ Գեներալը ― դժբախտ մարդ ե։ Յես յերեկ տեսա, ինչպես m-lle Blanche-ը m-r Դե-Գրիյեյի և այն փոքրիկ ռուս իշխանի հետ գեղեցիկ ձի հեծած՝ սաստիկ արագ քշում եր, իսկ գեներալը նրան հետեում եր՝ վոսկեգույն ձի հեծած։ Նա առավոտյան ասում եր, թե վոտները ցավում են, բայց լավ եր հեծած ձին։ Յեվ հենց այդ րոպեյին իմ մտքովն անցավ, վոր նա միանգամայն կորած մարդ ե. համ ել դա իմ գործը չե և յես նոր եմ միայն պատիվ ունեցել ճանաչելու միսս Պոլինային։ Ասենք (հանկարծ բան մտաբերեց միսաեր Աստլեյը)՝ յես ձեզ արդեն ասացի, փոր չեմ կարող ճանաչել վորոշ հարցեր առաջարկելու ձեր իրավունքը, չնայած վոր ձեզ անկեղծ սիրում եմ...
— Բավական ե,― ասացի յես վեր կենալով,― հիմա ինձ համար լույսի պես պարզ ե, վոր միսս Պոլինային ել ե ամեն ինչ հայտնի m-lle Blanche-ի մասին, բայց նա չի կարող անջատվել իր ֆրանսիացուց, ուստի և սիրտ ե անում ման գալ m-lle Blanche-ի հետ։ Հավատացեք, վոչ մի այլ ազդեցություն չեր կարող հարկադրել նրան զբոսնել m-lle Blanche-ի հետ և աղաչել ինձնից, վոր բարոնին ձեռք չտամ։ Այստեղ հենց այդ ազդեցությունն ե, վորի առջև խոնարհվում ե ամեն ինչ։ Յեվ սակայն նրա յերեսից վրա տվի բարոնի վրա։ Սատանան տանի, այստեղ գլուխ հանել չի էինի։
— Առաջինը՝ դուք մոռանում եք, վոր այդ m-lle de Cominges-ը ― գեներալի հարսնացուն ե, իսկ յերկրորդը՝ վոր միսս Պոլինան, գեներալի խորթ աղջիկը, փոքրիկ եղբայր և փոքրիկ քույր ունի, գեներալի հարազատ զավակները, միանգամայն թողնված այգ խելագար մարդուց և, կարծեմ, թալանված։
— Այո՛, այո՛, այդ այդպես ե։ Հեռանալ յերեխաներից ― կնշանակի նրանց բոլորովին թողնել, մնալ նրանց հետ ― կնշանակի նրանց շահերը պաշապանել, գուցե և կալվածքի բեկորները փրկել։ Այդ ամենը ճշմարիտ ե։ Բայց այնուհանդերձ, այնուհանդերձ։ Ո՜, յես հասկանում եմ, թե ինչու յեն նրանք բոլորը հիմա հետաքրքրվում տատիկով։
— Ումնո՞վ,― հարցրեց միստեր Աստլեյը։
— Այն պառավ վհուկով Մոսկվայում, վոր չի մեռնում և վորի մասին սպասում են հեռագրի, թե մեռել ե։
— Այո՛, իհարկե, հետաքրքրության կենտրոնը հիմա նա յե։― Բանը ամբողջապես ժառանգությունն ե։ Ժառանգությունը կհայտնվի և գեներալը կամուսնանա․ միսս Պոլինան ել նույնպես կազատվի, իսկ Դե-Գրիյեն․․․
— Ապա, իսկ Դե-Գրիյեն։
— Իսկ Դե֊Գրիյեյին կվճարվեն փողերը․ նա այստեղ միայն դրան ե սպասում։
— Միա՜յն։ Դուք կարծում եք միայն դրա՞ն ե սպասում։
— Յես ավելին չգիտեմ,― համառ լռեց միստեր Աստլեյը։
—— Իսկ յես գիտեմ, յես գիտե՜մ։ Կրկնեցի յես կատաղի․ նա ել ե սպասում ժառանգության, վորովհետև Պոլինան ոժիտ կստանա, իսկ փող ստանալով՝ իսկույն կփաթաթվի նրա վզին։ Բոլոր կանայք այդպես են։ Յեվ ամենահպարտները նրանց մեջ ― ամենահասարակ ստրկուհիներ են դուրս գալիս։ Պոլինան ընդունակ ե միայն սաստիկ սիրելու և ուրիշ վոչինչ։ Ահա իմ կարծիքը նրա մասին։ Նայեցեք նրան, մանավանդ յերբ նա մտազբաղ նսաած ե լինում․ դա ինչ֊վոր կանխորոշված, դատապարտված, անիծված բան ե։ Նա ընդունակ ե կյանքի և կրքի բոլոր սարսափներին․․․ նա․․․ նա․․․ բայց այդ ո՞վ ե ինձ կանչում,― բացականչեցի յես հանկարծ։― Ո՞վ ե ճչում։ Յես լսեցի՝ ռուսերեն ճչացին ― Ալեքսե՜յ Իվանովիչ։ Կանացի ձայն ե, լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք։
Այդ միջոցին մենք մոտենում եյինք մեր հյուրանոցին։ Մենք վաղուց արդեն, աննկատ, թողել եյինք սրճարանը։
— Յես լսեցի կանացի ճիչեր, բայց չգիտեմ, ում եյին կանչում․ ռուսերեն եր. հիմա տենում եմ․ վորտեղից են ճիչերը,― ցույց տվեց միստեր Աստլեյը,― դա այն կինն ե ճչում, վոր մեծ բազկաթոռի վրա ե նստած և վորին այնքան սպասավորներ պատշգամբ եյին բարձրացնում։ Հետևից չեմոդաններ են տանում, կնշանակի՝ գնացքը նոր ե յեկել։
— Սակայն ինչո՞ւ, յե նա ինձ կանչում։ Նա նորից ե ճչում․ տեսեք, ձեռքով ե անում մեզ։
— Յես տեսնում եմ, վոր ձեռքով ե անում,— ասաց միստեր Աստլեյը։
— Ալեքսե՜յ Իվանովիչ, Ալեքսե՜յ Իվանովիչ։ Ա՜խ, տեր իմ, ինչ ապո՜ւշն ե։― Լսվեցին սաստիկ ճիչեր հյուրանոցի պատշգամբից։
Մենք գրեթե վազելով հասանք դռանը։ Յես վոտս դրի ներս և․․․ իմ ձեռները կախ ընկան զարմանքից, իսկ վոտներս կպան տակի քարերին։
== Իններորդ գլուխ ==