Changes
Խաղամոլը
,/* Իններորդ գլուխ */
== Իններորդ գլուխ ==
Հյուրանոցի լայն պատշգամբում, բազկաթոռի վրա բարձր պահված և շրջապատված ծառաներով, սպասուհիներով և հյուրանոցի բազմաթիվ քսու մարդկանցով, նույնիսկ ոբեր-կելների ներկայությամբ, վոր դուրս եր յեկել դիմավորելու այդպիսի դավիդարաբով, սեփական ծառաներով և այդքան սնդուկներով ու չեմոդաններով ժամանած բարձր հաճախորդուհուն, բազմել եր ― _տա՜տը_։ Նա ինքն եր, ահեղ և հարուստ, յոթանասունհնգամյա Անտոնիգա Վասիլևնա Տարասևիչևան, կալվա ծատիրուհի և մոսկովյան տիրուհի, la baboulinka, վորի մասին խփվում և ստացվում եյին հեռագիրներ, վոր մեռնելու վրա յեր, բայց չեր մեռել և վոր ինքը, սեփական անձով, յեկել ե մեզ մոտ, ասես՝ ձյուն գար մեր գլխին։ Նա յեկել ե, թեև առանց վոտքերի,― նրան տանում եյին, ինչպես միշտ, վերջին հինգ տարվա ընթացքում, բազկաթոռի վրա,― բայց, ըստ իր սովորության, ժիր, աշխույժ, ինքնագոհ, շիտակ նստած, բարձր ու հրամայող, ճչացող, բոլորին հայհոյող ― ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես յես պատիվ եմ ունեցել նրան տեսնելու յերկու անգամ այն ժամանակվանից, յերբ մտա գեներալի տունը՝ վորպես ուսուցիչ։ Բնական ե, վոր յես կանգնել եյի նրա առջև՝ զարմանքից արձանացած։ Իսկ նա ինձ տեսավ իր անագե հայացքով հարյուր քայլ հեռվից, յերբ վոր նրան բազկաթոռի վրա ներս եյին տանում, ճանաչեց և կանչեց ինձ անուն-հայրանունu տալով, վոր նույնպես, ըստ իր սովորության, մտքումն ընդմիշտ պահել ե։ «Յեվ սրա՜ն սպասում եյին տեսնել դագաղի մեջ, թաղված և ժառանգություն թողած»,― անցավ իմ մտքից,― «նա հո բոլորիցդ, հյուրանոցի վողջ բնակիչներիցդ ավելի յերկար կապրի՜։ Բայց, աստված իմ, ի՞նչ կլինի հիմա մերայինների, գեներալի որը։ Նա հիմա վողջ հյուրանոցը տակն ու վրա կանի՜»։
― Դե, ի՞նչ ես դու կանգնել առջևս՝ աչքերդ չռած,— շարունակում եր գոռալ վրաս տատը,—չգիտե՞ս գլուխ տալ, բարևել, ի/նչ ե։ Թե՞ հպարտացել ես, չես ուզում։ Թե՞, թերևս, չես ճանաչում։ Լսո՞ւմ ես, Պոտապիչ, դարձավ նա ֆրակը հագին, ճերմակ փողկապ կապած և վարդագույն ճաղատով ալեհեր ծերունուն, իր տան ծառային, վոր ուղեկցել եր նրան ճամբորդության միջոցին, լսո՞ւմ ես, չի՜ ճանաչում։ Թաղե՜լ են։ Հեռագիր հեռագրի հետեվից եյին ուղարկում՝ մեռա՞վ, թե չե՛։ Չէ՞ վոր յես ամեն ինչ գիտեմ։ Իսկ յես, ահա տեսնում ես, սաղ-սալամաթ եմ։
— Թողություն արիք, Անտոնիդա Վասիլևնա, յե՞ս ինչու պիտի ձեր վատը կամենամ,— ուրախ-ուրախ պատասխանեցի յես, ուշքի գալով,— յես միայն զարմացել եյի... Յեվ ինչպե՞ս չզարմանալ, այնքան անսպասելի...
― Ինչի՞ց ես դու զարմանում։ Վագոն նստեցի և յեկա։ Հանգի՜ստ։ Դու զբոսանքի՞ եյիր գնացել, ի՛նչ ե։
— Այո, քիչ ման յեկա վոկսալում։
— Այստեղ լավ ե,— ասաց տատը, նայելով շուրջը,— տաք ե և ծառերը փարթամ են։ Այդ յես սիրում եմ։ Մերոնք տա՞նն են։ Գեներա՞լը։
— Ո՜, տանը կլինեն, այս ժամին անշուշտ բոլորը տանն են։
— Նրանք այստե՞ղ ել են ժամացույցով շարժվում և ամեն տեսակ արարողություններով։ Թաշախո՞ւստ են ծախում։ Լսել եմ կառք են պահում, les seigneurs russes! Քանդվել են և հայդա, արտասահման։ Պրասկովյան ե՞լ ե նրանց հետ։
— Պոլինա Ալեքսանդրովնան ել։
— Ֆրանցո՞ւզիշկան ել։ Դե՛, ինքս բոլորին կտեսնեմ։ Ալեքսեյ Իվանովիչ, ճամբա ցույց տուր, ուղղակի նրա մոտ։ Դու այստեղ լա՞վ ես։
— Միջակ, Անտոնիդա Վասիլևնա։
— Իսկ դու, Պոտապիչ, ասա այդ ապուշ կելներին, վոր ինձ հարմար բնակարան հատկացնի, լավ, վոչ-բարձր, այնտեղ ել իրեղենները կտանես։ Ի՞նչ եք բոլորղ թափվել, վոր ինձ տանեք։ Ի՞նչ են վրա ավել։ Ստրուկնե՜ր եմ ասում, հա՜։ Այդ ո՞վ ե հետդ,— դարձավ նա նորից ինձ։
— Դե միստեր Աստլեյն ե։
— Այդ ի՞նչ միստեր Աստլեյ ե։
— Ճամբորդ, իմ բարի ծանոթը․ ծանոթ ե նաև գեներալին։
— Անգլիացի յե։ Այդ ե, վոր աչքերը չռել ե վրաս և ատամները քիփ սեղմել։ Ասենք՝ յես սիրում եմ անգլիացիներին։ Դե՛, քարշ տվեք վերև, ուղղակի նրանց կացարանը. դե, վորտե՞ղ են նրանք։
Տատին տարան․ յես գնում եյի առջևից հյուրանոցի լայն սանդուխքով։ Մեր յերթը շատ տպավորիչ եր։ Բոլորը, վոր գալիս եյին մեր դիմաց, կանգ եյին առնում և աչքերը չռած մտիկ տալիս։ Մեր հյուրանոցն ամենալավն ե համարվում, ամենաթանգը և ամենաարիստոկրատիկը։ Սանդուխքի վրա և կորիդորներում միշտ շքեղ տիկիններ են հանդիպում և ծանր անգլիացիներ։ Շատերը ներքևում տեղեկանում եյին ոբեր֊կելներից, վորը իր հերթին խորապես զարմացած եր։ Նա, իհարկե, բոլոր հարց ու փորձ անողներին պատասխանում եր, վոր սա կարևոր մի ոտարուհի յե, une russe, une comtesse, grande dame և վոր նա այն կացարանը կգրավի, վոր մի շաբաթ առաջ գրավելիս ե յեղել la grande duchesse de N։ Տատի հրամայող և իշխանավորական արտաքինը, վորին բարձրացնում եյին բազկաթոռի վրա, գլխավոր տպավորության պատճառն եր։ Յուրաքանչյուր նոր դեմք հանդիպելիս՝ նա չափում եր հետաքրքիր հայացքով և բոլորի մասին ինձնից բարձրաձայն հարց ու փորձ եր անում։ Տատը խոշոր ջինսից եր և թեև բազկաթոռից վեր չեր կենում, այնուամենայնիվ նրան նայելիս զգացվում եր, վոր նա շաա բարձրահասակ ե։ Նրա մեջքը շիտակ եր, տախտակի պես, և չեր հենած բազկաթոռին։ Նրա սպիտակահեր, մեծ գլուխը, դեմքի խոշոր և սուր գծագրությամբ, բարձր եր պահված․ նրա հայացքը մի տեսակ նույնիսկ կռվարար եր և դիպչող։ Չնայած յոթանասուն հինգ տարվան, նրա դեմքը բավականին թարմ եր և նույնիսկ ատամները շատ չեյին վնասվել։ Նրա հագին սև, մետաքսե զգեստ կար և գլխին՝ ճերմակ ծածկոց։
― Նա ինձ չափազանց հետաքրքրում ե,— շշնջաց ինջ միստեր Աստլեյը, բարձրանալով իմ կողքին։
«Հեռագիրների մասին նա գիտե», մտածեցի յես․ «Դե֊Գրիյեն նույնպես հայտնի յե նրան, բայց m-lle Blanche-ը, դեռ ևս, կարծես թեք քիչ ե հայտնի»։ Յես իսկույն այդ մասին ասացի միստեր Աստլեյին։
Ի՞նչ մեղքս թագցնեմ։ Հենց վոր իմ առաջին զարմանքն անցավ, յես սաստիկ ուրախացա կայծակի այն հարվածին, վոր մենք հիմա պիտի հասցնեյինք գեներալին։ Ինձ ինչ-վոր բան ասես հրահրում եր և յես գնում եյի առջևից՝ չափազանց ուրախ։
Մերոնք կենում եյին յերրորդ հարկում. յես չզեկուցի, անգամ դուռը չբաղխեցի, այլ ուղղակի լայն բաց արի և տատին ներս տարան, վորպես հաղթական կամարի տակով։ Նրանք բոլորն ել, ասես դիտմամբ, հավաքված եյին մեկաեղ, գեներալի առանձնասենյակում։ Ժամը տասներկուսն եր և կարծես ինչ-վոր տեղ գնալու ծրագիր եր կազմվում,― վոմանք մտադիր եյին կառքով գնալու, մյուսները՝ ձիով, բոլորը միասին․ բացի այդ կային նաև հրավիրվածներ ծանոթներից։ Բացի գեներալից, Պոլինայից յերեխաների հետ, վերջինների դայակից, առանձնասենյակում եյին՝ Դե-Գրիյեն, m-lle Blanche-ը, դարձյալ ամազոնի զգեստով, սրա մայրը՝ m-me veuve Cominges. փոքրիկ իշխանը և գիտնական ճամբորդ, գերմանացի, վորին յես նրանց տանն առաջին անգամն եյի տեսնում։ Տատի բազկաթոռը դրին ուղղակի սենյակի մեջտեղը, յերեք քայլ հեռու գեներալից։ Աստվա՜ծ իմ, յերբեք չեմ մոռանա այդ տպավորությունը։ Մեր ներս մտնելուց առաջ գեներալն ինչ-վոր բան եր պատմում, իսկ Դե-Գրիյեն ուղղում եր նրան։ Պետք ե նկատել, վոր m-lle Blanche-ը և Դե-Գրիյեն, ահա յերկու-յերեք որ ե՝ ինչ-ինչ պատճառով շատ ուշադիր եյին փոքրիկ իշխանի նկատմամբ,— à la barbe du pauvre général, և հասարակությունը, գուցե և արհեստականորեն, բայց ամենաուրախ և բարեհոգի-ընտանեկան տրամադրության մեջ եր։ Տեսնելով տատին՝ գեներալը փետացավ, բերանը բաց՝ կանգ առավ խոսքի կիսին։ Նա նայում եր տատին աչքերը չռած, կարծես բազիլիսկի հայացքից կախարդված։ Տատն ել եր նայում նրան լուռ, անշարժ,― բայց դա ի՞նչ հաղթական, հարցապնդող և ծաղրական հայացք եր։ Նրանք այսպես իրար վրա նայեցին տասը յերկար ու ձիգ վայրկյան, և բոլոր շրջապատողները խորապես լուռ եյին։ Դե֊Գրիյեն սկզբում ապուշ կտրեց, բայց շուտով նրա դեմքի վրա յերևան յեկավ արտասովոր անհանգստություն։ M-lle Blanche-ը բարձրացրեց հոնքերը, բացեց բերանը և վայրենի հայացքով զննում եր տատին։ Իշխանն ու գիտնականը խորին յերկմտությամբ դիտում եյին այդ պաակերը։ Պոլինայի հայացքում սաստիկ զարմանք և յեկմտություն արտահայտվեց, սակայն նա հանկարծ ճերմակեց, թաշկինակի պես․ մի րոպե անց արյունը արագ խփեց նրա դեմքին և շառագունեց այտերը։ Այո՛, դա բոլորի համար խորտակում եր։ Յես հատկապես զբաղված եյի նրանով, վոր հայացքս տատից բոլոր շրջապատողներին եյի դարձնում և վերստին տատի վրա գցում։ Միստեր Աստլեյը կանգնել եր մի կողմ, ըստ իր սովորության, հանգիստ և պատվարժան։
— Դե՛, ահա և յե՜ս։ Այն ել հեռագրի փոխարե՜ն։― Պոռթկաց, վերջապես, տատը, ընդհատելով լռությունը։― Հը՞, չեյի՞ք սպասում։
— Անտոնիդա Վասիլևնա․․․ Հորաքույր ջան․․․ այդ ինչպե՞ս յեղավ․․․― կմկմաց թշվառ գեներալը։ Յեթե տատը մի քանի վայրկյան ևս չխոսեր, նա գուցե կաթվածահար լիներ։
— Ի՞նչն ինչպես յեղավ։ Վագոն նստեցի և յեկա։ Բա ինչի՞ համար են յերկաթուղիները։ Իսկ դուք ի՞նչ եյիք կարծում,— յես վոտներս մեկնել-մեռել եմ և ձեզ ել ժառանգությո՞ւն թողել։ Յես հո գիտեմ, թե ի՞նչ հեռագիրներ ես խփել այստեղից։ Տեսնես ինչքան փող տված կլինես։ Այստեղից եժան չի՜։ Իսկ յես վոտներս գցեցի ուսերիս և հայդա՛, այստեղ։ Նա այն ֆրանսիացի՞ն ե։ M-r Dե֊Գրի՞յե, կարծեմ։
— Oui, madame,― տեղը բերեց Դե֊Գրիյեն,— et croyez, je suis si enchanté... votre santé... c’est un miracle... vous voir ici... une surprise charmante...
— Charmante, բա չե՞․ ճանաչում եմ քեզ, միմոս, յես քեզ իսկի այսքան ել չեմ հավատում,― և նա ցույց տվեց ֆրանսիացուն իր ճկույթը։― Սա՞ ով ե,— դարձավ նա, ցույց տալով m-lle Blanche-ին։ Տպավորիչ ֆրանսուհին, ամազոնի զգեստով, ճիպոտը ձեռքին, ըստ յերևույթին զարմացրել եր նրան։― Այստեղացի՞ յե, ի՛նչ ե։
— Դա m-lle Blanche de Cominges-ն ե, իսկ ահա և նրա մայրը՝ m-me de Cominges-ը․ նրանք այս հյուրանոցում են կենում,— զեկուցի յես։
— Ամուսնացա՞ծ ե աղջիկը,― առանց քաշվելու հարց ու փորձ եր անում տատը։
— M-lle de Comindes-ը ազափ աղջիկ ե,― պատասխանեցի յես ինչքան կարելի յե ավելի ակնածությամբ և դիտմամբ կիսաձայն։
— Ուրա՞խն ե։
Յես սկզբում հարցը չհասկացա։
— Նրա հետ ձանձրալի չե՞։ Հասկանո՞ւմ ե ռուսերեն։ Ա՛յ, Դե֊Գրիյեն, մեզ մոտ Մոսկվայում կիսատ-պռատ վարժվել ե մեր լեզվին։
Յես բացատրեցի նրան, վոր m-lle de Comjnges-ը յերբեք Ռուսաստանում չի յեղել։
— Bonjour!― ասաց տատը, հանկարծ կտրուկ դիմելով m-lle Blanche-ին։
— Bonjour, madame,― արարողության ձևով և նազելիորեն մի վոտով ծունկ չոքելու ձև արեց m-lle Blanche-ը, շտապելով, արտասովոր համեստության և քաղաքավարության քողի ներքո դեմքի և մարմնի ամբողջ արտահայտությամբ ցույց տալ իր արտասովոր զարմանքը նման տարորինակ հարցի և վարվեցողության առիթով։
— Ո՜, աչքերը ցած գցեց, կոտրատվում ե և ձևացնում. իսկույն յերևում ե թռչունը․ դերասանուհի կլինի։ Յես այստեղ հյուրանոցում՝ ներքևում եմ իջևանել,― դարձավ նա հանկարծ գեներալին․― քո հարևանուհին եմ դառնալու. ուրա՞խ ես, թե չե՞։
— Ո՜, հորաքույր ջան։ Հավատացեք անկեղծ զգացմունքներիս․․․ իմ ուրախությանը,― տեղը բերեց գեներալը։ Նա մասամբ արդեն զգաստացել եր, իսկ վորովհետև յերբեմն նա գիտեր հաջող խոսել, նշանակալից և վորոշ տպավորություն գործելու հավակնությամբ, ապա հիմա ել սկսեց յերկար ու բարակ խոսել։― Մենք այնքան մտահոգված և զարմացած եյինք տեղեկություններից ձեր առողջության մասին․․․ Մենք այնպիսի հուսահատ հեռագիրներ եյինք ստանում և հանկարծ
— Ե՜, փչում ես, փչո՜ւմ․― ընդհատեց նրան տատը։
— Սակայն այդ ինչպե՞u ե,― նույնպես արագությամբ ընդհատեց գեներալը և ձայնը բարձրացրեց, աշխատելով զանց առնել «փչում ես»-ը,― այդ ինչպե՞ս ե, վոր դուք սիրտ եք արել նման ճամբա դուրս գալու։ Համաձայնեցեք, վոր ձեր հասակում և ձեր առողջությամբ... համենայն դեպս այդ ամենը այնքան անսպասելի յե, վոր հասկանալի յե մեր զարմանքը։ Բայց յես այնքան ուրախ եմ․․․ և մենք բոլորս (նա սկսեց զգացված և հրճվանքով ժպտալ) բոլոր ուժով կաշխատենք այստեղի սեզոնը դարձնել ձեզ համար ամենահաճելի ժամանց․․․
— Դե՛, բավական ե, դատարկ խոսքեր են. դուրս ես տալիս, ըստ սովորականին. յես մենակ ել կկարողանամ ապրել։ Ասենք, ձեզ հետ ել կապրեմ․ յես հիշաչար չեմ։ Այդ ինչպե՞ս յեղավ, հարցնում ես դու։ Ի՞նչ զարմանալու բան կա։ Ամենահասարակ կերպով։ Ի՞նչ են նրանք բոլորն ել զարմանում։ Բարև, Պրասկովյա։ Դու այստեղ ինչ ես անում։
— Բարև, տատի,— ասաց Պոլինան, մոտենալով նրան,— վաղո՞ւց ե ինչ ճանապարհին եք։
— Ահա՛, սա ամենից խելոք հարցը տվեց, թե չե՝ ա՜խ ու վա՜խ։ Արի տես վոր՝ հա՛ պառկեցի ու պառկեցի, հա՛ բժշկեցին ու բժշկեցին, յես բժիշկներին դուրս արի և կանչեցի Նիկոլի յեկեղեցու ժամկոչին։ Նա նույն հիվանդությունից մի կնիկ եր բժշկել խոտի փոշիով։ Ահա ինձ ել ոգնեց. յերրորդ որը ջանս քրտնեց և տեղից յելա։ Ապա դարձյալ ժողովվեցին իմ գերմանացիները, ակնոցները դրին, խոսել սկսեցին՝ «յեթե հիմի, ասում են, արտասահման գնաք, հանքային ջրերը և բուժընթացքն ավարտեք, ապա ցավերը բոլորովին կանցնեն»։ Ինչո՞ւ չե, մտածեցի յես։ Դուր֊զաժիգինները ախ ու վախն սկսեցին՝ «ինչպե՞ս կարող եք դուք տեղ հասնել»։ Ա՛յ քեզ բա՜ն։ Մի որում պատրաստություն տեսա և անցյալ շաբաթ, հինգշաբթի որը վերցրի մի աղջիկ, Պոտապիչին, լաքեյ Ֆյոդորին, և այս Ֆյոդորին Բերլինում դուրս արի, վորովհետև տեսա, վոր նա իսկի պետքական չի, մենակ ել տեղ կհասնեյի․․․ Հատուկ վագոն եմ վարձում, իսկ բեռնակիրներ ― բոլոր կայարաններում ել կան, մի աբասով ուր ասես կտանեն։ Սրանց տե՜ս, ինչ բնակարան են վարձել,― ավարտեց նա, նայելով շուրջը։ Այդ ի՞նչ փողերով ես անում։ Չե՞ որ ամեն ինչդ գրավ ե դրված։ Մենակ այդ ֆրանցուզիշկային ինչքա՜ն փող ես պարտ։ Յես հո ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ։
— Յես, հորաքույր․․․― սկսեց գեներալը սաստիկ քաշվելով,― յես զարմանում եմ, հորաքույր ― յես, կարծեմ, կարող եմ առանց ում և իցե ստուգման ապրել․․․ համ ել իմ ծախսերը չեն գերազանցում իմ միջոցները և մենք այստեղ․․․
― Քո՞ ծախսերը չեն գերազանցում։ Կասե՜ս, ելի։ Յերեխաներիդ վերջյին պատառը կողոպտած կլինես արդեն, խնամակա՜լ:
― Դրանից հետո, այդ տեսակ խոսքերից հետո․․․― սկսեց գեներալը զայրույթով,— ե՛լ չգիտեմ թե․․․
— Այդ ե, վոր չգիտես։ Ռուլեթից ել, ով գիտե, չես հեռանում։ Ցեղած-չեղածդ տանուլ ես տվել։
Գեներալս այնքան ապշել եր, վոր հորդ զգացմունքներից քիչ եր մնացել խեղդվի։
— Ռուլե՞թ։ Յե՞ս։ Իմ դիրքո՞վ․․․ Յե՞ս։ Ուշքի յեկեք, հորաքույր, դուք յերևի դեռ տկար եք...
— Ե՜, փչում ես, փչում։ Յերևի չեն ել կարողանում սեղանից հեռու քաշել․ փչո՜ց։ Ահա յես կտեսնեմ, թե այդ ռուլեթն ինչ բան ե, հենց այսոր։ Դու, Պրասկովյա, պատմիր ինձ, թե այստեղ տեսնելու ինչ բան կա, ասենք, Ալեքսեյ Իվանովիչն ել ցույց կտա, իսկ դու Պոտապիչ, գրի առ, թե ուր պիտի գնանք։ Ի՞նչ տեսնելու բան կա այստեղ,― դիմեց նա հանկարծ դարձյալ Պոլինային։
— Այստեղ մոտիկ մի դղյակի ավերակներ կան, հետո՝ Շլանգենբերգը։
— Շլանգենբերգս վո՞րն ե։ Անտա՞ռ ե, ինչ ե։
— Վոչ․ անտառ չե, սար ե․ այնտեղ կետ կա․․․
— Այդ ի՞նչ կետ ե։
— Սարի ամենաբարձր կետը, ցանկապատած։ Այնտեղից աննման տեսարան ե բացվում։
— Ասել ե՝ սա՞րը պիտի քարշ տան բազկաթոռը։ Կկարողանա՞ն, թե չե։
— Ո՜, բեռնակիրներ կարելի յե գտնել, վոր քան կամենաք,— պատասխանեցի, ես։
Այդ միջոցին մոտեցավ տատին բարևելու Ֆեդոսյան, դայակը, և մոտեցրեց գեներալի յերեխաներին։
— Դե, պաչպչվելու կարիք չկա։ Չեմ սիրում համբուրել յերեխաներին՝ բոլոր յերեխաները խլինքոտ են։ Ե՜, դու, Ֆեդոսյա, ինչպե՞ս ես այստեղ։
— Ստեղ շատ, շատ լավ ա, նանի Անտոնիդա Վասիլևնա,— պատասխանեց Ֆեդոսյան։― Դուք վոնց եյիք, նանի ջան։ Մենք ձեզ հմար ենքան դարդ եյինք անում։
— Գիտե՜մ, դու վոր շիտակ հոգի ունես։ Այս ի՞եչ ե ձեզ մոտ, բոլորն ել հյուրեր են, ինչ ե,— դիմեց նա դարձյալ Պոլինային։— Այս ակնոցավոր քոնձո՞ւռն ով ե։
— Իշխան Նիլսկին, տատի,― շշնջաց Պոլինան։
— Ռուս ե յեղել, ուրեմն։ Իսկ յես կարծում եյի՝ չի հասկանա։ Գուցե չլսեց։ Միստեր Աստլեյին յես արդեն տեսել եմ։ Ահա, նորից նա՛,— տեսավ նրան տատը,— րարև,— դիմեց նրան հանկարծ։
Մի ստեր Աստլեյը նրան լուռ գլուխ տվեց։
— Ե՜հ, ի՞նչ լավ բան կասեք ինձ։ Մի բան ասացեք։ Թարգմանիր նրան այս, Պոլինա։
Պոլինան թարգմանեց։
— Այն, վոր յես մեծ հաճույքով եմ նայում ձեզ վրա, վոր դուք վողջ և առողջ եք,—լուրջ, բայց մեծ պատրաստակամությամբ պատասխանեց միստեր Աստլեյը։ Թարգմանեցին տատի համար և նրան, ըստ յերեույթին, այդ դուր յեկավ։
— Ի՛նչ լավ են միշտ պատասխանում անգլիացիք,— նկատեց նա։― Յես, չգիտեմ ինչու, միշտ սիրել եմ անգլիացիներին, վոչ մի համեմատություն ֆրանսիացիների հետ։ Անցեք ինձ մոտ,— դիմեց նա դարձյալ միստեր Աստլեյին,— կաշխատեմ ձեզ շատ անհանգիստ չանել։ Թարգմանիր այդ նրա համար և ասա, վոր յես այստեղ ներքևում եմ իջևանել, լսո՞ւմ եք, ներքևում, ներքևում,— կրկնեց նա միստեր Աստլեյին, մատով ներքև ցույց տալով։
Միստեր Աստլեյը չափազանց գոհ եր հրավերից։
Տատը ուշադիր և գոհունակ հայացքով վոտից գլուխ նայեց Պոլինային։
— Յես քեզ, Պրասկովյա, կսիրեյի,― ասաց նա հանկարծ,— լավ աղջիկ ես, նրանց բոլորից լավ ես, մենակ քո խասիաթը ― աստված հեռու տանի՜։ Ասենք՝ իմ խասիաթն ել պակաս չի։ Մի շուռ յեկ, գլխիդ հո շինովի մա՞զ չի։
— Չե, տատի, իմն ե։
— Այդպես հա՜, այժմյան հիմար մոդան չեմ սիրում։ Շատ գեղեցիկն ես։ Յեթե կավալեր լինեյի, կսիրահարվեյի վրադ։ Եդ ինչո՞ւ մարդու չես գնում։ Ե՛հ, դե ժամանակ ե արդեն։ Համ ել սիրտս ման գալ ե ուզում, թև չե վագոն, հա վագոն․․․ Քե՞զ ինչ յեղավ, ելի բարկանում ես,― դիմեց նա գեներալին։
— Քավ լիցի, հորաքույր, հերիք ե,— ուշքի յեկավ ուրախացած գեներալը,— յես հասկանում եմ, ձեր տարիքում...
— Cette vieille est tombée en enfance,— շշնջաց ինձ Դե-Գրիյեն։
— Յես ուզում եմ այստեղ ամեն ինչ տեսած լինել։ Կզիջե՞ս ինձ Ալեքսեյ Իվանովիչին,― շարունակեց տատը իր խոսքը գեներալին։
— Ո՜, ինչքան կամենաք, բայց յես ել․․․ Պոլինան ել, m-r Դե-Գրիյեն ել․․․ մենք բոլորս հաճույք կհամարենք ուղեկցել ձեզ․․․
— Mais, madame, cela sera un plaisir...— միջամտեց Դե-Գրիյեն հմայիչ ժպիտով։
— Այդպես հա՜, plaisir։ Ծիծաղելի յես դու, բարեկամ։ Ասենք՝ յես քեզ փող տվողը չեմ,― ավելացրեց նա դիմելով գեներալին։― Դե հիմա իմ համարը գնամ։ Պետք ե նայեմ-տեսնեմ, ապա՝ գնամ այդ բոլոր տեղերը։ Դե՛հ, բարձրացրեք։
Տատին նորից բարձրացրին և բոլորը խմբովին գնացին բազմոցի հետևից սանդուխքով ներքև։ Գեներալը գնում եր, ասես մահակով տվել եյին նրա գլխին և նա ապուշ եր կտրել։ Դե-Գրիյեն ինչ֊վոր բան եր մտորում։ M-lle Blanche-ը մեկ ուզեց մնա, մեկ ել, չգիտեմ ինչու, վճռեց բոլորի հետ միասին գնալ։ Նրա հետևից իսկույն իշխանն ել գնաց և վերևում, գեներալի կացարանում, մնացին միայն գերմանացին և madame veve Cominges-ը։
== Տասներորդ գլուխ ==