Changes

Սպիտակ ժանիք

Ավելացվել է 36 998 բայտ, 18:28, 4 Փետրվարի 2015
Բացի դրանից, ուրիշ շատ հաճելի զգացողություններ կային կյանքում։ Կուշտ փորը, արևի տակ ծուլորեն նիրհելը գորշուկի ճիգերի ու ջանքերի պարգևն էին, իսկ ճիգ ու ջանքն ինքնին հրճվանք էին պատճառում նրան։ Եվ գորշուկը հաշտ ապրում էր իրեն շրջապատող թշնամի միջավայրի հետ։ Նա լի էր ուժով, երջանիկ էր ու հպարտանում էր իրենով։
 

= ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ =
 
== Գլուխ I։ Կրակ ստեղծողները ==
 
Գորշուկը բոլորովին անսպասելիորեն հանդիպեց դրան։ Եվ ամեն ինչ կատարվեց նրա մեղքով, նա մոռացել էր մի բան՝ զգուշությունը. դուրս էր եկել որջից ու վազել դեպի գետակ՝ ջուր խմելու։ Նրա անհոգության պատճառը թերևս նաև այն էր, որ նա քնել էր ուզում։ (Ամբողջ գիշերն անց էր կացրել որսի տեղում, և գորշուկը հենց նոր էր արթնացել)։ Բայց չէ՞ որ գետակի ճանապարհը շատ լավ էր իմանում նա։ Քանի անգամ էր վազել այդ ճամփով, և մինչև հիմա ամեն ինչ բարեհաջող էր անցել։
 
Գորշուկը արահետով իջավ դեպի չորացած սոճին, անցավ բացատն ու վազեց ծառերի արանքով։ Եվ հանկարծ նա միաժամանակ տեսավ ու զգաց մի անծանոթ բան։ Նրա դիմաց լռիկ պպզել էին հինգ կենդանի արարած, այդպիսիներ տեսնելու առիթ չէր ունեցել նա։ Դա գորշուկի առաջին հանդիպումն էր մարդկանց հետ։ Սակայն մարդիկ վեր չթռան, ատամները ցույց չավին, ոչ էլ մռնչացին նրա վրա։ Նրանք չշարժվեցին ու շարունակեցին պպզած մնալ և չարագուշակ լռություն պահպանել։
 
Չշարժվեց նաև գորշուկը։ Ենթարկվելով բնազդին՝ նա առանց մտածելու փախուստ կտար նրանցից. սակայն ամբողջ կյանքում առաջին անգամ նրա մեջ հանկարծ ծագեց մի ուրիշ բոլորովին հակադիր զգացմունք. սարսուռը պաշարեց նրան։ Սեփական թուլության ու ոչնչության գիտակցությունը զրկեց նրան շարժվելու ունակությունից։ Նրա առաջ էին մինչ այդ իրեն անհայտ իշխանությունը և ուժը։
 
Գորշուկը դեռ երբեք մարդ չէր տեսել, բայց բնազդաբար հասկացավ նրա ամբողջ զորությունը։ Նրա գիտակցության մի անկյունում ծագեց այն վստահությունը, որ այդ կենդանի արարածը առաջնության իրավունք է նվաճել հեռավոր Հյուսիսի մյուս բոլոր բնակիչներից։ Այժմ մարդուն էր նայում ոչ թե մի զույգ աչք, այլ նրա վրա էին սևեռված աչքերը գորշուկի բոլոր նախնիների, որոնք խավարում պտտվում էին ձմեռային անհամար հանգրվանների մոտ, հեռվից, խիտ բուսուտների հետևից նայում այդ երկոտանի արարածին, որը տիրակալ էր դարձել մյուս բոլոր կենդանի արարածների վրա։ Գորշուկը գերի դարձավ իր նախնիներին, սերունդների կուտակած բազմադարյան պայքարից ու փորձից ծնված ակնածալի վախի գերին։ Այդ ժառանգությունն ընկճեց գորշուկին, որը մի գայլի ձագ էր և ուրիշ ոչինչ։ Եթե ավելի մեծ լիներ, կփախչեր։ Բայց հիմա նա սեղմվեց գետնին, վախից կաշկանդվեց և պատրաստ էր հայտնել այն հնազանդությունը, որով իր հեռավոր նախնին էր գնում դեպի մարդը, նրա վառած խարույկի մոտ տաքանալու համար։
 
Հնդկացիներից մեկը վեր կացավ, մոտեցավ գորշուկին ու կռացավ վրան։ Գորշուկն է՛լ ավելի տափակեց գետնին։ Անհայտը վերջապես միս ու արյուն ստացավ, մոտեցավ գորշուկին ու պարզեց ձեռքը՝ պատրաստվելով բռնել նրան։ Գայլաձագի մազերը փշաքաղվեցին, շրթունքները ցնցվեցին՝ ցույց տալով փոքրիկ ժանիքները։ Նրա վրա կռացած ձեռքը մի պահ հապաղեց, և մարդը ծիծաղելով ասաց․
 
— Վաբամ վաբիսկա իփ պիտ թա՛։ (Տեսեք ի՜նչ սպիտակ ժանիքներ են)։
 
Մյուսները բարձրաձայն ծիծաղեցին և սկսեցին գրգռել հնդկացուն, որ վերցնի այդ ձագը։ Ձեռքը հետզհետե ավելի իջավ, իսկ գորշուկի մեջ մոլեգնել էին երկու բնազդ՝ մեկը թելադրում էր, թե պետք է հնազանդվել, մյուսը պայքարի էր մղում։ Վերջ ի վերջո գորշուկը համաձայնության եկավ ինքն իր հետ՝ լսեց երկու բնազդներին էլ, հնազանդվեց մինչև որ ձեռքը դիպավ իրեն, հետո էլ որոշեց պայքարել և ատամներով բռնեց իջած ձեռքը։ Եվ դրանից անմիջապես հետո գլխին ստացած հարվածը փռեց նրան կողքի վրա։ Պայքարելու ամենայն ցանկություն ցնդեց։ Գորշուկը վերածվեց հլու լակոտի, նստեց հետևի ոտքերին ու վնգստաց։ Բայց այն մարդը, որի ձեռքը կծեց ինքը, բարկացավ։ Գորշուկը երկրորդ հարվածն ստացավ ու ոտքի կանգնելով ավելի սաստիկ վնգստաց։
 
Հնդկացիները քրքջացին, և նույնիսկ խածված ձեռքովն էլ միացավ նրանց ծիծաղին։ Շարունակելով ծիծաղել հանդերձ՝ նրանք շրջապատեցին գորշուկին, որը ցավից ու սարսափից շարունակում էր ոռնալ։
 
Եվ հանկարծ նա զգոնացավ։ Հնդկացիները նույնպես զգաստացան։ Գորշուկը ճանաչեց այդ ձայնը և արձակելով վերջին, երկարաձիգ ոռնոցը, որից ավելի շուտ ցնծություն, քան թե վիշտ էր լսվում, լռեց և սկսեց սպասել իր մոր հայտնվելուն, իր անվեհեր ու կատաղի մոր, որը կարողանում էր մարտնչել հակառակորդների հետ, սպանել նրանց և երբեք ոչ ոքից չէր սարսափում։ Մայր գայլը մոտենում էր բարձրաձայն մռնչալով․ լսել էր իր ձագի ճիչերը և օգնության էր շտապում նրան։
 
Մայրը գայլը նետվեց դեպի մարդիկ։ Գազազած և ամեն զոհողության պատրաստ գայլը այնքան էլ հաճելի տեսարան չէր ներկայացնում. բայց նրա փրկարար զայրույթը ուրախացրեց միայն գորշուկին։
 
Սա երջանկությունից վնգստաց ու վազեց մորն ընդառաջ, իսկ մարդիկ արագ մի քանի քայլ ընկրկեցին։ Մայր գայլը կանգնեց իր ձագի ու մարդկանց միջև։ Նրա մազերը փշաքաղվեցին, կոկորդում քլթքլթաց կատաղի մռնչոցը, շրթունքներն ու քիթը ջղաձգորեն ցնցվեցին։
 
Եվ հանկարծ հնդկացիներից մեկը գոռաց.
 
— Կիչի՛։
 
Այս գոչյունի մեջ զարմանք կար։
 
Ձագը զգաց, թե ինչպես մայրը մարդկային ձայն լսելուն պես կծկվեց։
 
— Կիչի՛,― նորից գոչեց հնդկացին, այս անգամ ավելի խիստ ու հրամայական։
 
Եվ այնժամ գորշուկը տեսավ, թե ինչպես իր անվեհեր մայրը սեղմվեց գետնին՝ փորը կպցնելով հողին և խաղացրեց պոչը՝ վնգստալով ու հաշտություն խնդրելով։ Գորշուկը բան չհասկացավ։ Սարսափը պաշարել էր նրան։ Նա կրկին դողաց մարդու առաջ։ Բնազդը ճիշտ բան էր հուշում նրան։ Եվ մայրն էլ հաստատեց այդ. նա ևս հնազանդություն էր արտահայտում մարդկանց։
 
Այն մարդը, որ Կիչի էր գոռացել, մոտեցավ էգ գայլին, ձեռքը դրեց նրա գլխին և գայլն ավելի տափակեց գետնին։ Նա չկծեց մարդուն, ասենք միտք էլ չուներ այդպիսի բան անելու։ Մյուս չորս հոգին էլ մոտեցան գայլին, սկսեցին շոշափել ու շոյել նրան, բայց նա չբողոքեց։ Գորշուկը աչքը չէր կտրում մարդկանցից, որոնց բերանները բարձր ձայներ էին հանում. այդ ձայների մեջ ոչ մի սպառնալի բան չկար։ Գորշուկը սեղմվեց մորը և որոշեց հնազանդվել, սակայն այնուամենայնիվ մեջքի մազերը մնում էին փշաքաղված։
 
— Ի՞նչ զարմանալու բան կա այստեղ,— ասաց հնդկացիներից մեկը։— Սրա հայրը գայլ էր, մայրը՝ շուն։ Չէ՞ որ իմ եղբայրը գարնանը երեք գիշեր կապեց նրան անտառում։ Ուրեմն Կիչիի հայրը գայլ էր։
 
— Այն օրվանից, ինչ փախավ Կիչին, մի տարի է անցել, Գո՛րշ Ջրշուն,— ասաց մյուս հնդկացին։
 
— Այդտեղ էլ զարմանալու բան չկա, Սաղմոնի՛ Լեզու,— պատասխանեց Գորշ Ջրշունը։— Սովի ժամանակ էր, միսը չէր հերիքում շներին։
 
— Սա ապրել է գայլերի հետ,— ասաց երրորդ հնդկացին։
 
— Իրավունք ունես, Երե՛ք Արծիվ,— քմծիծաղեց Գորշ Ջրշունը՝ ձեռքը դիպցնելով գայլի ձագին։— Եվ ահա քո իրավացի լինելու ապացույցը։
 
Մարդկային ձեռքի հպումն զգալով՝ գորշուկը խուլ մռնչաց, իսկ ձեռքը ետ քաշվեց՝ պատրաստվելով խփել նրան։ Դրա վրա գայլի ձագը թաքցրեց ժանիքները ու հնազանդ տափակեց գետնին, իսկ ձեռքը նորից իջավ ու սկսեց քորել նրա ականջի հետևը և շոյել մեջքը։
 
— Ահա քո իրավացի լինելու ապացույցը,— կրկնեց Գորշ Ջրշունը,— Կիչին սրա մայրն է։ Բայց հայրը գայլ է։ Դրա համար էլ շնային քիչ բան ունի, իսկ գայլի՝ շատ։ Ժանիքները սպիտակ են, և ես դրա անունը կդնեմ Սպիտակ Ժանիք։ Ես իմը ասացի։ Սա իմ շունն է։ Մի՞թե Կիչին չէր պատկանում իմ եղբորը։ Եվ մի՞թե իմ եղբայրը չի մեռել։
 
Անուն ստացած գորշուկը պառկել ու լսում էր։ Մարդիկ շարունակում էին խոսել։ Հետո Գորշ Ջրշունը վզից կախված պատյանից հանեց դանակը, մոտեցավ թփին ու մի ճյուղ կտրեց։ Սպիտակ Ժանիքը հետևում էր նրան։ Գորշ Ջրշունը ձողի երկու ծայրերին ակոսիկներ փորեց ու դաբաղած կաշու փոկեր կապեց դրանց շուրջը։ Մի փոկը նա գցեց Կիչիի վզին, տարավ գայլին մի կարճ սոճու մոտ ու երկրորդ վոկը կապեց ծառին։
 
Սպիտակ Ժանիքը գնաց մոր հետևից ու պառկեց նրա կողքին։ Սաղմոնի Լեզուն ձեռքը պարզեց դեպի գորշուկն ու գցեց մեջքի վրա։ Կիչին վախեցած նայում էր նրանց։ Սպիտակ Ժանիքն զգաց, որ վախը կրկին պաշարում է իրեն։ Սա չկարողացավ զսպել ու մռնչաց, բայց արդեն չհամարձակվեց կծել։ Կեռանման չռած մատներ ունեցող ձեռքը սկսեց քորել նրա փորը և կողքից կողք շուռ տալ։ Ոտքերը վեր ցցած՝ մեջքի վրա պառկելը անմիտ բան էր ու նվաստացուցիչ։ Բացի դրանից, Սպիտակ Ժանիքը անօգնական էր զգում իրեն, և նրա ամբողջ էությունն ընդվզում էր այդպիսի նվաստացման դեմ։ Բայց ճա՜րն ինչ... Եթե այդ մարդը ուզենա ցավ պատճառել իրեն, ապա ինքը նրա իշխանության տակ է։ Կարելի՞ է միթե մի կողմ նետվել, երբ չորս ոտքերդ էլ ճոճվում են օդի մեջ։ Եվ այնուամենայնիվ հնազանդությունը գերիշխեց վախին, և Սպիտակ Ժանիքը սահմանափակվեց խուլ մռնչյունով։ Մռնչոցը չէր կարող խեղդել, սակայն մարդը չբարկացավ ու չխփեց գլխին։ Եվ որքան էլ տարօրինակ լինի, Սպիտակ Ժանիքը մի անբացատրելի բավականություն զգաց, երբ մարդու ձեռքը շոյում էր նրա մազերը ետ ու առաջ։ Շրջվելով կողքի վրա՝ նա դադարեց մռնչալ։ Մատներն սկսեցին քերել ու քորել նրա ականջի տակը, իսկ դրանից հաճելի զգացողությունը սաստկացավ միայն։ Եվ երբ վերջապես մարդը մի անգամ ևս շոյեց նրան ու հեռացավ, Սպիտակ Ժանիքը վերջնականապես գոտեպնդվեց։ Նա դեռ շատ անգամ էր վախ զգալու մարդուց, բայց նրանց միջև բարեկամական հարաբերությունները ծնունդ առան այդ րոպեներին։
 
Քիչ Ժամանակ հետո Սպիտակ ժանիքը լսեց տարօրինակ ձայների մոտենալը։ Նա արագ կռահեց, որ այդ ձայները մարդկանցից են ելնում։ Շարան կազմած՝ արահետ մտավ հնդկացիների ամբողջ ցեղը, որ տեղափոխվում էր մի նոր վայր։ Կլինեին մոտ քառասուն մարդ՝ ճամբարային գույքի ծանրության տակ կռացած տղամարդիկ, կանայք ու երեխաներ։ Նրանց հետևից գալիս էին բազմաթիվ շներ, և բոլոր շները, բացի լակոտներից, նույնպես բարձված էին տարբեր բեռներով։ Ամեն մի շան մեջքի վրա կար քսանից երեսուն ֆունտ քաշ ունեցող իրերի պարկ։
 
Սպիտակ Ժանիքը դեռ երբեք շուն չէր տեսել, բայց անմիջապես զգաց, որ դրանք շատ քիչ են տարբերվում իր սեփական ցեղից։ Գորշուկի ու նրա մոր հոտն առնելով՝ շները անմիջապես ապացուցեցին, թե որքան աննշան է այդ տարբերությունը։ Սկսվեց իրարանցումը։ Սպիտակ Ժանիքը ամբողջովինվ, փշաքաղված՝ մռնչում ու գռմռում էր ամեն կողմից իրեն շրջապատած երախաբաց շների վրա։ Շները գետին գլորեցին գորշուկին, բայց սա շարունակում էր կծել ու ծվատել նրանց ոտքերն ու փորը՝ միաժամանակ զգալով, թե ինչպես շների ատամները խրվում են իր մարմնի մեջ։ Խլացուցիչ հաչոց բարձրացավ։ Գորշուկը լսում էր իրեն օգնության մղվող Կիչիի մռնչոցը, լսում էր մարդկանց ճիչեր, մահակների հարվածներ և այդ հարվածներն ստացող շների վնգստոց։
 
Մի քանի վայրկյան հետո գորշուկը դարձյալ ոտքի վրա էր։ Նա տեսավ, թե ինչպես մարդիկ մահակներով ու քարերով քշում են շներին՝ պաշտպանելով, փրկելով իրեն այդ արարածների ահարկու ժանիքներից, որոնք այնուամենայնիվ ինչ֊որ բանով տարբերվում էին գայլերի ցեղից։ Ու թեև գորշուկը չէր կարող պատկերացնել մի այնպիսի վերացական հասկացություն, ինչպես արդար հատուցումը, այնուամենայնիվ նա յուրովի զգաց մարդու արդարացիությունը և ընդունեց նրան որպես մի արարածի, որը օրենք է սահմանում ու հետևում է դրա կատարմանը։ Նա գնահատեց նաև այն եղանակը, որով մարդիկ ստիպում են ենթարկվել իրենց օրենքներին։ Նրանք չէին կծում ու ճիրաններ չէին գործադրում, ինչպես մյուս բոլոր գազանները, այլ օգտագործում էին անշունչ իրերի ուժը։ Անշունչ իրերը ենթարկվում էին նրանց կամքին, այդ տարօրինակ արարածների նետած քարերն ու մահակները օդ էին սլանում կենդանի էակների պես, և զգալի հարվածներ հասցնում շներին։
 
Այդ իշխանությունը արտասովոր, աստվածային էր թվում Սպիտակ Ժանիքին, դուրս էր գալիս ամենայն հնարավորի սահմանից։ Սպիտակ Ժանիքը իր խառնվածքով իսկ չէր կարող կասկածել, թե գոյություն ունեն աստվածներ, լավագույն դեպքում զգում էր, թե կան անըմբռնելի բաներ։ Սակայն այն ակնածանքն ու սարսուռը, որ ներշնչում էին նրան մարդիկ, նման էին այն ակնածանքին ու սարսուռին, որ կզգար մարդը լեռան գագաթից երկրի վրա կայծակներ արձակող աստվածություն տեսնելիս։
 
Ահա վերջին շունն էլ թողեց ու փախավ մի կողմ, իրարանցումը վերջացավ, և Սպիտակ Ժանիքն սկսեց լիզել վերքերը՝ մտածելով առաջին անգամ ոհմակի հետ շփում ունենալու և առաջին անդամ նրա դաժանությանը ծանոթանալու մասին։ Մինչև հիմա նրան թվում էր, թե իրենց ամբողջ ցեղը կազմված է Միակնանուց, մորից ու իրենից։ Իրենք երեքով առանձին մի խումբ էին։ Բայց մեկ էլ, բոլորովին հանկարծակի, պարզվեց, որ կան ուրիշ, ըստ երևույթին իր ցեղին պատկանող շատ արարածներ։ Եվ գորշուկի գիտակցության մի խոր կետում երևան եկավ վիրավորանքի զգացում իր եղբայրակիցներից, որոնք դեռ նոր իրեն տեսած՝ մահացու ատելությամբ լցվեցին իր դեմ։ Բացի դրանից, նա վրդովվում էր, որ մորը կապեցին փայտին, թեև դա արվեց գերագույն արարածի ձեռքով։ Դրանից թակարդի, ազատազրկության հոտ էր գալիս։ Սակայն ի՞նչ կարող էր իմանալ գորշուկը թակարդի, ազատազրկության մասին։ Ուզած ժամանակ թափառելու, վազելու, պառկելու ազատությունը ժառանգել էր նա իր նախնիներից։ Հիմա նրա մոր շարժումները սահմանափակվում էին ձողի երկարությանբ, իսկ այդ նույն ձողը սահմանափակում էր նաև գորշուկի շարժումները, որովհետև նա դեռ չէր կարող ապրել առանց մոր։
 
Այդ բանը դուր չէր գալիս գորշուկին, և երբ մարդիկ վեր կացան ու ընկան ճանապարհ, նա վերջնականապես դժգոհ մնաց այդ կարգ ու կանոնից, որովհետև մարդկային մի փոքր արարած բռնեց այն ձողը, որին կապված էր Կիչին, ու տարավ իր հետևից որպես գերու, իսկ Կիչիի հետևից դանդաղ սկսեց քայլել նաև Սպիտակ Ժանիքը՝ այդ բոլոր տեղի ունեցածից խիստ շփոթված ու անհանգստացած։
 
Նրանք շարժվեցին գետակի հովիտն ի վար՝ բավական հեռու այն վայրերից, ուր իր թափառումների ընթացքում հասել էր Սպիտակ Ժանիքը, և կանգ առան հովտի ծայրին, որտեղ գետակը միախառնվում է Մաքենզիին։ Գետափին, բարձր ձողերից առկախ, կային շատ նավակներ, ընկած էին ձուկ չորացնելու վանդակներ։ Հնդկացիներն իջևանեցին այդտեղ։ Սպիտակ ժանիքը զարմացած շուրջն էր նայում։ Րոպե առ րոպե աճում էր մարդկանց հզորությունր։ Նա արդեն համոզվեց, որ նրանք իշխում են կատաղի շների վրա։ Այդ իշխանությունը ուժի ապացույց էր։ Սակայն Սպիտակ ժանիքին ավելի էր զարմացնում մարդկանց իշխանությունր անշունչ իրերի վրա, աշխարհի դեմքը փոխելու նրանց ընդունակությունը։ Ամենաապշեցուցիչն այդ էր։ Ահա մարդիկ ձողեր են ամրացնում վիգվամների համար, ճիշտն ասած՝ ոչ մի երևելի բան չկար այս դեպքում, դա անում էին նույն մարդիկ, որոնք կարող էին քար ու փայտ շպրտել։ Բայց երբ ձողերի վրա կաշի ու կտավ քաշեցին ու դրանք դարձան վիգվամներ, Սպիտակ Ժանիքը վերջնականապես շփոթվեց։
 
Ամենից ավելի ապշեցնում էին նրան վիգվամների ահագին չափերը։ Դրանք հրեշավոր արագությամբ բարձրանում էին ամեն տեղ, ասես ինչ-որ կենդանի արարածներ, գրավում էին համարյա ամբողջ տեսադաշտը։ Սպիտակ ժանիքը վախենում էր դրանից։ Վիգվամները չարագուշակ ցցվել էին վերևում, և երբ քամի էր անցնում իջևանատեղով և ուռեցնում դրանց կտավն ու կաշին, Սպիտակ ժանիքը սարսափած տափում էր գետնին՝ առանց աչքը կտրելու այդ հսկայական բաներից և պատրաստվելով մի կողմ նետվել, հենց որ դրանք սկսեն փլվել իր վրա։
 
Շատ չանցած Սպիտակ ժանիքը վարժվեց վիգվամներին․ տեսավ, որ կանայք ու երեխաներ մտնում են դրանց մեջ ու դուրս գալիս առանց վնասվելու, որ շներն էլ են ուզում մտնել ներս, բայց մարդիկ լուտանքներով քշում են նրանց ու հետևներից էլ քար են շպրտում։ Օրվա վերջին Սպիտակ Ժանիքը թողեց Կիչիին ու սկսեց զգույշ սողալ դեպի ամենամոտիկ վիգվամը։ Նրան դրդում էր հետաքրքրասիրությունը՝ ապրել սովորելու, գործելու և փորձ ձեռք բերելու պահանջը։ Իրեն վիգվամի պատից բաժանող վերջին մի քանի քայլը Սպիտակ Ժանիքը սողաց տաժանելիորեն երկար ու զգույշ։ Այդ օրվա դեպքերն արդեն նախապատրաստել էին նրան, որ անհայտը միշտ հակամետ է դրսևորելու իրեն ամենաանսպասելի, ամենաանհավանական ձևով։ Վերջապես նրա քիթը դիպավ կտավին։ Սպիտակ Ժանիքը սպասեց, թե ինչ է լինելու։ Ոչի՜նչ․․․ ամեն ինչ բարեհաջող անցավ։ Այն ժամանակ նա հոտոտեց այդ սարսափելի, մարդու հոտով ներծծված նյութը, ատամներով բռնեց դա ու մի թեթև քաշեց իր կողմը։ Նորից ամեն ինչ հաջող անցավ, թեև կտավե պատը երերաց։ Մի անգամ էլ քաշեց. պատը տատանվեց։ Դա խիստ դուր եկավ նրան։ Նա սկսեց ավելի ու ավելի ուժեղ քաշել, մինչև որ ամբողջ պատը շարժվեց։ Այդ ժամանակ վիգվամից լսվեց հնդկացի կնոջ սուր ճիչը, և Սպիտակ Ժանիքը գլխապատառ նետվեց դեպի մայրը։ Բայց այդ պահից նա դադարեց բարձր վիգվամներից վախենալ։
 
Հինգ րոպե էլ չէր անցել, որ Սպիտակ Ժանիքը դարձյալ հեռացավ մորից։ Սա կապված էր գետնի մեջ խփված ցցից ու չէր կարող գնալ իր ձագի հետևից։ Մարտական տեսքով մի լակոտ, գորշուկից շատ ավելի մեծահասակ ու խոշոր, մոտեցավ նրան։ Շան լակոտի անունը Լիփ֊Լիփ էր, ինչպես իմացավ հետագայում Սպիտակ Ժանիքը։ Նա արդեն մարտական փորձ ուներ և արդեն նշանավոր կռվարար էր համարվում իր եղբայրակիցների շրջանում։
 
Սպիտակ Ժանիքը տեսավ, որ լակոտը իր ցեղին պատկանող արարած է, մանավանդ որ արտաքուստ բոլորովին անվտանգ, և նրանից ոչ մի թշնամական գործողություն չսպասելով պատրաստվեց բարեկամաբար ընդունել նրան։ Բայց հենց որ անծանոթը բացեց ատամներն ու ամբողջ մարմնով պրկվեց, Սպիտակ Ժանիքը նույնպես պրկվեց ու ցուցադրեց ատամներր։ Փշաքաղվելով ու ահեղ մռնչալով գորշուկն ու լակոտը սկսեցին պտտվել իրար շուրջ՝ ամեն ինչի պատրաստ։ Բավական երկար տևեց դա, և այդ խաղն սկսեց դուր գալ Սպիտակ Ժանիքին։ Եվ հանկարծ Լիփ֊Լիփը մի սրընթաց ոստյուն գործեց, ատամներով ճանկռեց գորշուկին ու նետվեց մի կողմ։ Նա կծել էր հենց այն ուսը, որ դեռ ցավում էր Սպիտակ Ժանիքի ու լուսանի գոտեմարտից հետո, ցավում էր խորքում, ոսկորի մոտ։ Սպիտակ Ժանիքը անակնկալից ու ցավից ոռնաց, բայց անմիջապես էլ զայրացած խոյացավ Լիփ-Լիփի վրա և ատամները կոխեց նրա մարմնի մեջ։
 
Բայց զուր չէր, որ Լիփ-Լիփը ծնվել էր հնդկական ավանում և զուր չէր, որ մասնակցել էր լակոտների դեմ մղած այնքան կռիվներին։ Նորեկը բավականին տուժեց նրա մանր ու սուր ատամներից, այնպես որ վնգստալով ու ամոթահար դիմեց մոր մոտ՝ պաշտպանվելու։ Դա Սպիտակ Ժանիքի ու Լիփ-Լիփի առաջին մենամարտն էր, և այդպիսի մենամարտեր շատ էին ունենալու, որովհետև առաջին հանդիպումից իսկ բնածին խոր ատելություն զգացին իրար հանդեպ, որով և մշտական ընդհարումներ էին ունենում։
 
Կիչին քնքշագին լիզում էր իր ձագին ու ջանում պահել իր մոտ, բայց Սպիտակ Ժանիքի հետաքրքրասիրությունը անհագ էր։ Մի քանի րոպե հետո նա դարձյալ մեկնեց հետախուզության ու պատահեց այն մարդուն, որի անունը Գորշ Ջրշուն էր։ Սա պպզած՝ ինչ֊որ բան էր անում չոր մամուռով ու նրա կողքին, գետնի վրա դարսված ձողերով։ Սպիտակ Ժանիքը մոտեցավ ու սկսեց ուշադիր զննել։ Գորշ Ջրշունը ձայներ հանեց, որոնց մեջ, ինչպես թվաց Սպիտակ Ժանիքին, ոչ մի թշնամական բան չկար, ուստի և ավելի մոտեցավ։
 
Կանայք ու երեխաները ձողեր ու ճյուղեր բերին Գորշ Ջրշունին։ Ըստ երևույթին մի հետաքրքիր բան էր պատրաստվում։ Սպիտակ Ժանիքի հետաքրքրասիրությունն այնպես բորբոքվեց, որ նա կիպ մոտեցավ Գորշ Ջրշունին՝ մոռանալով, որ նրա առաջ գտնվում է մարդկային մի ահարկու արարած։ Եվ հանկարծ նա տեսավ, որ Գորշ Ջրշունի ձեռքերի տակից, մամուռի ու ճյուղերի վրա, բարձրանում է մի տարօրինակ, մշուշի նմանող բան։ Հետո էլ այդ մշուշից, պտտվելով ու գալարվելով, առաջացավ մի կենդանի, կարմիր բան, ինչպես երկնքի արևը։ Սպիտակ Ժանիքը բան չէր իմանում կրակի մասին։ Բայց կրակը ձգում էր դեպի իրեն, ինչպես մի ժամանակ անձավում, նրա մանկության օրերին, լույսն էր ձգում։ Նա ավելի առաջ սողաց, իր գլխավերևից լսեց Գորշ Ջրշունի ծիծաղը ու հասկացավ, որ այդ հնչյունների մեջ ևս ոչ մի թշնամական բան չկա։ Այնուհետև Սպիտակ Ժանիքը քիթը դիպցրեց կրակին ու միաժամանակ դուրս հանեց լեզուն։
 
Առաջին վայրկյանին քարացավ։ Ցախերի ու մամուռի մեջ թաքնված անհայտը կառչել էր նրա քթից։ Սպիտակ ժանիքը ետ ցատկեց կրակից՝ զարհուրելի վնգստալով։ Կիչին լսեց այդ վնգստոցը և մռնչալով մղվեց առաջ որքան ձողն էր թույլ տալիս և անզոր կատաղությամբ սկսեց այս ու այն կողմ նետվել զգալով, որ չի կարող օգնել որդուն։ Բայց Գորշ Ջրշունը ծիծաղում էր, ձեռքերը ազդրերին խփում և ամենքին պատմում տեղի ունեցածը, և բոլորն էլ բարձրաձայն ծիծաղում էին։ Իսկ Սպիտակ Ժանիքը հետևի թաթերին նստած՝ վնգստում էր ու ծվծվում և խիստ փոքր ու ողորմելի էր թվում իրեն շրջապատած մարդկանց միջև։
 
Դա ամենաուժեղ ցավն էր, որ նա ստիպված եղավ կրել։ Գորշ Ջրշունի ձեռքերի տակից ծագած կենդանի էակը, որ գույնով նման էր արևին, դաղեց նրա քիթն ու լեզուն։ Սպիտակ Ժանիքը նվում էր, նվում էր անընդհատ, և նրա ամեն մի վնգստոցը մարդիկ ընդունում էին ծիծաղի նոր պայթյունով։ Նա փորձեց լիզել թաթը, սակայն դաղված լեզվի հպումը դաղված քթին ավելի սաստկացրեց ցավը։ Եվ գորշուկը ոռնաց ավելի հուսահատ, ավելի թախծալի։
 
Իսկ հետո ամաչեց իրենից։ Հասկացավ, թե ինչու են մարդիկ ծիծաղում։ Մենք հնարավորություն չունենք իմանալու, թե ինչպես են որոշ կենդանիներ հասկանում, թե ինչ բան է ծիծաղը, և կռահում են, որ մենք նրանց վրա ենք ծիծաղում։ Ահա այդ էլ պատահեց Սպիտակ Ժանիքին, և նա ամաչեց, երբ մարդիկ ծաղրի առարկա դարձրին իրեն։ Նա շրջվեց ու փախավ, բայց նրան փախչելու մղեց ոչ այնքան դաղվելուց առաջացած ցավը, որքան ծաղրը, որովհետև ծիծաղը ավելի խորն էր թափանցում և ավելի սաստիկ էր վիրավորում, քան կրակը։ Սպիտակ Ժանիքը նետվեց իր կապի մոտ գազազած մոր՝ աշխարհի միակ արարածի մոտ, որը չէր ծիծաղում նրա վրա։
 
Իջավ մթնշաղը, ապա հաջորդեց գիշերը, իսկ Սպիտակ ժանիքը չէր հեռանում Կիչիից։ Նրա քիթն ու լեզուն առաջվա պես ցավում էին, բայց նրան հանգիստ չէր տալիս մի ուրիշ բան, ավելի ուժեղ մի զգացում։ Նրան համակեց կարոտը։ Ինչ-որ դատարկություն էր զգում նա իր մեջ, տանջվում և ափսոսում էր այն լռությունն ու խաղաղությունը, որ իշխում էր գետակի և հարազատ անձավի շուրջը։ Կյանքը շատ էր անհանգիստ դարձել։ Այստեղ մարդկային արարածներ՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ շատ կային, և բոլորն էլ աղմկում ու ջղայնացնում էին նրան։ Շներն անընդհատ կռվում էին, հաչում, գզվռտում։ Վերջացել էր այն անխռով մենակությունը, որ ճանաչել էր մինչ այդ։ Այստեղ օդն անդամ հագեցած էր կյանքով, որ բզզում, դղրդում էր Սպիտակ Ժանիքի շուրջը՝ ոչ մի րոպե կանգ չառնելով։ Նոր ձայները շփոթեցնում ու անհանգստացնում էին նրան, ստիպում, որ շարունակ սպասի նոր դեպքերի։
 
Սպիտակ ժանիքը հետևում էր այն մարդկանց, որոնք գնում գալիս էին վիգվամների միջև, անհետանում, նորից էին երևում։ Ինչպես մարդն է նայում իր իսկ ստեղծած աստվածներին, այդպես էլ Սպիտակ ժանիքն էր դիտում իր շրջապատի մարդկանց։ Սրանք նրա համար գերագույն էակներ էին։ Սրանց բոլոր արարքների մեջ նա տեսնում էր այն հրաշագործ ուժը, որով մարդն է օժտում աստծուն։ Նրանք մի անըմբռնելի, անսահման զորություն ունեին։ Նրանք կենդանի և անկենդան աշխարհի տիրակալներն էին. հնազանդության մեջ էին պահում այն ամենը, ինչ ընդունակ է շարժվել, և շարժում էին անշարժ իրերը, չոր մամուռից ու ձողերից ստեղծում էին մի կյանք, որը խիստ այրում էր և իր գույնով արևն էր հիշեցնում։ Նրանք կրակ էին ստեղծում։ Աստվածնե՜ր էին նրանք։
Վստահելի
1318
edits