Changes
/* 18 */
Երբ ֆիլմն ավարտվեց, գնացի Վիկեր֊բար, որտեղ պետք է հանդիպեի Կառլ Լյուսի հետ, ու գնալիս անընդհատ մտածում էի պատերազմի մասին։ Պատերազմական նկարները միշտ այդպիսի մտորումների առիթ են տալիս։ Հավանաբար, ես չէի դիմանա, եթե հարկ լիներ պատերազմ գնալ։ Ընդհանրապես սարսափելի չէ, եթե քեզ ուղարկեն մի որևէ տեղ ու այնտեղ սպանեն, բայց ախր հարկավոր է բանակում մնալ աստված գիտի, թե որքան։ Դա է ցավը։ Իմ եղբայր Դ․ Բ֊ն չորս տարի մնացել է բանակում։ Նա պատերազմում էլ է եղել, մասնակցել է երկրորդ ճակատի մարտերին, բայց, կարծում եմ, բանակում ծառայելն ավելի էր ատում, քան պատերազմը։ Ես դեռ բավական փոքր էի, երբ նա գալիս էր տուն, ամբողջ ժամանակ մահճակալին պառկած էր լինում։ Նա նույնիսկ հյուրասենյակ հազվադեպ էր մտնում։ Հետո գնաց Եվրոպա, պատերազմ, բայց չի վիրավորվել, նրան չի վիճակվել նույնիսկ կրակել որևէ մեկի վրա։ Նրա արածն այն է եղել, որ շտաբի մեքենայով ամբողջ օրը ման է ածել մի կովբոյական գեներալի։ Նա մի անգամ ինձ ու Ալլիին ասաց, որ եթե ստիպված լիներ կռվել, չէր իմանա, թե ում վրա կրակի։ Նա ասաց, թե մեր բանակում էլ քիչ շան որդիներ չկան, քան ֆաշիստների մոտ։ Հիշում եմ, Ալլին հարցրեց նրան, թե գուցե լա՞վ է, որ նա եղել է պատերազմում, որովհետև գրող է, ու հիմա գրելու նյութ ունի։ Իսկ նա Ալլիին ստիպեց բերել բեյսբոլի այն ձեռնոցը, որի վրա բանաստեղծություններ էր արտագրել, և հարցրեց․ ո՞վ է ավելի լավ գրել՝ Ռուպերտ Բրո՞ւկը, թե Էմիլի Դիքինսոնը։ Ալլին ասաց՝ Էմիլի Դիքինսոնը։ Ես ոչինչ չէի կարող ասել, որովհետև առհասարակ բանաստեղծություններ չեմ կարդում, բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ ես հավանաբար կխենթանայի, եթե հարկադրված լինեի ծառայել, ապրել Էկլիի, Ստրեյդլեյթերի և այն վերելակավարի՝ Մորիսի նման տիպերի հետ։ Մի անգամ մի ամբողջ շաբաթ ես բոյսքաութ էի, և գլուխս արդեն պտտվում էր, երբ նայում էի իմ առջև կանգնած տղայի ծոծրակին։ Իսկ մեզ հարկադրում էին նայել առջևը կանգնածի ծոծրակին։ Ազնիվ խոսք, եթե պատերազմ լինի, թող ինձ տանեն ու գնդակահարեն։ Ես չեմ դիմադրի։ Բայց մի հարցում ինձ վրդովում է իմ ավագ եղբայրը․ ատում է պատերազմը, բայց անցյալ ամառ տվեց ինձ կարդալու «Մնաս բարով, զենք» գիրքը։ Ասաց, թե հրաշալի գիրք է։ Այ թե ինչն է ինձ համար անհասկանալի։ Այնտեղ հերոսը, այդ լեյտենանտ Հենրին, հրաշալի տղա է համարվում։ Չեմ հասկանում, թե Դ․ Բ֊ն ինչպե՞ս է ատում պատերազմը, ատում բանակը և, այնուամենայնիվ, հիանում այդ կոտրտվածով։ Չեմ կարողանում հասկանալ, թե նրան ինչո՞ւ է դուր գալիս այդպիսի կեղծիքը, և միաժամանակ դուր են գալիս նաև Ռինգ Լարդներն ու «Մեծ Գետսբին»։ Դ․ Բ֊ն ինձնից նեղացավ և ասաց, թե դեռևս ես շատ փոքր եմ «Մնաս բարով, զենքը» գնահատելու համար, բայց, իմ կարծիքով, դա ճիշտ չէ։ Ես նրան ասացի․ չէ՞ որ ինձ դուր է գալիս Ռինգ Լարդներն ու «Մեծ Գետսբին»։ Հատկապես՝ «Մեծ Գետսբին»։ Այո, Գետսբին։ Այ դա մար՜րդ է։ Ո՜ւժ է։
Մի խոսքով, ես ուրախ եմ, որ հայտնագործել են ատոմային ռումբը։ Եթե երբևէ պատերազմ սկսվի, ես կնստեմ ուղղակի այդ ռումբի վրա։ Կամավոր կնստեմ, ազնիվ, անկեղծ խոսք։ ==19== Գուցե դուք Նյու֊Յորքում չեք ապրել և չգիտեք, որ Վիկեր֊բարը գտնվում է շատ շքեղ հյուրանոցում՝ «Սեթոն֊օթելում»։ Առաջ ես հաճախ էի այնտեղ լինում, բայց հետո դադարեցի։ Բոլորովին չեմ գնում այնտեղ։ Խիստ նրբաճաշակ բար է համարվում դա, և բոլոր պիժոնները այնտեղ են խցկվում։ Մի երեկոյի ընթացքում երեք անգամ ելույթ են ունենում այդ ֆրանսուհիները՝ Թինան ու Ժանինը, դաշնամուր են նվագում ու երգում։ Մեկը սոսկալի վատ է նվագում, իսկ մյուսը կամ անվայելուչ երգեր էր երգում, կամ ֆրանսիական։ Նա, որը երգում է՝ Ժանինը, նախ մոտենում է միկրոֆոնին ու փչում նախքան երգելը։ Ասում է․ «Իսկ հիմա մենք ձեզ համար կերգենք «Վուլե վու ֆրանսե» պոկրիկ երգ։ Տա պոկրիկ ֆրանսածի աղջկա մասին է, որ եկավ շատ մեծ քաղաք Նուույորկ և սիրահարվեց մի պոկրիկ տղա Բրուկլինից։ Մենք համոզված, որ երգ ձեզ շատ դուր գա»։ Կշշնջա, կփսփսա, իսկ հետո կերգի այդ հիմար երգը՝ կեսը ֆրանսերեն, կեսը անգլերեն, ու բոլոր պիժոնները կսկսեն հիացմունքից խենթանալ։ Եթե այնտեղ մի կողմ նստած լսեիք, թե ինչպես են ծափահարում, ամբողջ աշխարհը կատեիք, պատվովս եմ երդվում։ Բարի տնօրենն էլ անասուն։ Սոսկալի պճնամոլի մեկն է։ Նա ձեզ հետ մի բառ անգամ չի փոխանակի, եթե որևէ նշանավոր անձ չեք կամ երևելի մեկը։ Իսկ եթե նշանավոր անձ եք, ապա կաշվից դուրս կգա, հազար կտոր կլինի, զզվում ես նայելուց։ Կմոտենա, այնպես լայն կժպտա, սովորական, իբր, տեսեք, թե ինչպիսի՜ հրաշալի մարդ եմ, կհարցնի․ «Հը՞, ինչպե՞ս է ձեզ մոտ, Կոննետիկոուտում», կամ՝ «Հը՞, ինչպե՞ս է ձեզ մոտ, Ֆլորիդայում»։ Գարշելի բար է, լրջորեն։ Ես գրեթե դադարել եմ այնտեղ գնալուց։ Դեռ բավական վաղ էր, երբ գնացի այնտեղ։ Նստեցի վաճառասեղանի մոտ, ― մարդիկ քիչ կային, ― և սոդայով վիսկի խմեցի, չսպասելով Լյուսին։ Երբ պատվիրում էի, վեր էի կենում աթոռակից, թող տեսնեն, որքան բարձրահասակ եմ ու ինձ անչափահասի տեղ չդնեն։ Հետո սկսեցի զննել բոլոր պիժոններին։ Կողքիս նստածն ամեն կերպ հոգ էր տանում իր աղջկան։ Անվերջ հավատացնում էր, թե նա ազնվական ձեռքեր ունի։ Ծիծաղս գալիս էր։ Իսկ դահլիճի մյուս ծայրում հավաքվել էին աննորմալները։ Նրանց արտաքին տեսքը, ճիշտ է, այնքան էլ աննորմալ չէր՝ ոչ երկար մազեր, ոչ որևէ այլ բան, բայց անմիջապես կասեիր, թե ինչ մարդիկ են դրանք։ Եվ վերջապես, ներկայացավ Լյուսն ինքը։ Լյուսը տիպ է։ Այդպիսիները հազվադեպ են։ Երբ մենք սովորում էինք Հուտտոնի դպրոցում, նա իմ դասացույց֊բարձրդասարանցին էր։ Բայց նրա արածն այն էր, որ սեքսի մասին հազար ու մի զրույցներ էր անցկացնում, երբ իր սենյակում հավաքվում էին տղաները։ Նա այդպիսի բաների մասին շատ քաջատեղյակ էր, հատկապես բազմապիսի աննորմալների մասին։ Միշտ ինչ֊որ այլասեվածների մասին էր պատմում, որ ընկնում են ոչխարների ետևից կամ իրենց շլյապաների աստառին կանացի վարտիքեր են կարում։ Այդ Լյուսը անգիր գիտեր, թե ով է արվամոլ, ով՝ լեսբուհի, գրեթե ամբողջ Ամերիկայում։ Մի որևէ ազգանուն տաս, ումն ուզում է լինի, և Լյուսը անմիջապես կասի արվամոլ է նա, թե ոչ։ Ուղղակի դժվար էր հավատալ, որ բոլոր այդ մարդիկ՝ կինոդերասանները և այլն, կամ արվամոլներ են, կամ լեսբուհիներ։ Ախր նրանցից շատերն ամուսնացած էին։ Սատանան գիտի, թե նա որտեղից էր դա հորինում։ Հարյուր անգամ կարող ես նրան հարցնել․ «Մի՞թե Ջո Բլոուն էլ է դրանցից։ Ջո Բլոո՛ւն, այդ հսկան, այդպիսի ուժի տեր մարդը, նա՛, որ միշտ գանգստերի ու կովբոյի դերեր է կատարում, մի՞թե նա էլ»։ Եվ Լյուսը պատասխանում էր՝ անկասկած։ Նա միշտ ասում էր՝ անկասկած։ Նա ասում էր, ոչ մի նշանակություն չունի՝ մարդը ամուսնացա՞ծ է, թե ոչ։ Ասում էր, թե ամուսնացածների կեսը այլասերվածներ են ու իրենք էլ դա չեն գիտակցում։ Ասում էր՝ ամեն մարդ էլ կարող է հանկարծ այդպիսին դառնալ, եթե նախադրյալներ ունի։ Վախեցնում էր մեզ սոսկալի։ Երբեմն ես գիշերը չէի քնում, անվերջ վախենում էի՝ հանկարծ ես էլ աննորմալ դառնամ։ Բայց ամենածիծաղելին այն է, որ Լյուսն ինքն այնքան էլ նորմալ չէր։ Միշտ ափեղցփեղ դուրս էր տալիս, ամեն ինչի մասին, բայց միջանցքում ուղղակի հոգիդ հանում էր։ Եվ միշտ զուգարանից լվացարան տանող դուռը բաց էր թողնում․ դու ատամներդ ես լվանում կամ լվացվում ես, իսկ նա այնտեղից քեզ հետ զրուցում է։ Իմ կարծիքով դա էլ է ինչ֊որ չափով այլասերվածություն, աստված վկա։ Դպրոցներում ես հաճախ եմ տեսել իսկական աննորմալների, և նրանք միշտ այդպիսի օյիններ էին անում։ Դրա համար էլ կասկածում էի, որ Լյուսն ինքը այդպիսին է։ Բայց նա շատ էր խելոք, կատակը մի կողմ։ Նա երբեք չի բարևում, չի ասում «ողջույն»։ Հիմա էլ հայտնեց, որ մի րոպեով է եկել։ Ասաց, որ տեսակցություն ունի։ Հետո պատվիրեց, որ չոր մարտինի մատուցեն իրեն։ Ասաց, որ բարմենը քիչ թուլացնի և ձիթապտուղ չգցի։ ― Լսիր, ես քեզ համար մի լավ աննորմալ եմ գտել, ― ասում եմ, ― ա՜յ, վաճառասեղանի ծայրին։ Հիմա դեռ մի՛ նայիր։ Քեզ համար եմ նշան արել։ ― Ինչպիսի՜ սրամտություն, ― ասում է։ ― Էլի նույն Քոլֆիլդն ես։ Ե՞րբ ես մեծանալու։ Երևում է, ես նրան զայրացնում էի։ Իսկ ինձ համար ծիծաղելի էր։ Այդպիսի տիպերը միշտ ինձ ծիծաղ են պատճառում։ ― Հը՞, ինչպե՞ս են անձնական գործերդ, ― հարցնում եմ։ Նա տանել չէր կարող, երբ այդ մասին հարցնում էին։ ― Վերջ տուր, ― ասում է, ― ի սեր աստծո, հանգիստ նստիր և վերջ տուր հիմարություններ դուրս տալուն։ ― Իսկ ես հանգիստ եմ նստած, ― ասում եմ։ ― Ինչպե՞ս է Կոլումբիան։ Քեզ դո՞ւր է գալիս այնտեղ։ ― Անպայման։ Շատ է դուր գալիս։ Եթե դուր չգար, չէի գնա, ― ասում է։ Երբեմն նա էլ ինձ է զայրացնում։ ― Իսկ ի՞նչ մասնագիտություն ես ընտրել, ― հարցնում եմ։ ― Ամեն տիպի այլասերվածություննե՞րն ես ուսումնասիրում։ ― Ես ուզում էի ձեռ առնել նրան։ ― Դու, կարծեմ, փորձում ես սրամտե՞լ։ ― Չէ, հենց այնպես, ― ասում եմ։ ― Լսիր, Լյուս, դու շատ խելոք տղա ես, զարգացած։ Ինձ անհրաժեշտ է քո խորհուրդը։ Սոսկալի վիճակի մեջ եմ․․․ Նա բարձր տնքաց․ ― Օ՛հ, Քոլֆիլդ, վերջ տուր։ Մի՞թե չես կարող հանգիստ նստել, խոսել․․․ ― Լավ, լավ, ― ասում եմ, ― մի՛ հուզվիր․․․ Երևում է, չէր ուզում ինձ հետ լուրջ բաների մասին խոսել։ Դժվար է այդ խելոքների գործը։ Երբեք չեն կարող լրջորեն խոսել մարդու հետ, եթե անտրամադիր են։ Ստիպված նրա հետ սկսեցի խոսել ընդհանուր բաների մասին։ ― Չէ, լուրջ եմ ասում, ինչպե՞ս են անձնական գործերդ։ Էլի էն տիկնիկի հե՞տ ես ման գալիս, հիշո՞ւմ ես, Հուտտոնի դպրոցում։ Նա էլի այնպիսի խոշոր․․․ ― Օ՜, տեր աստված, իհարկե, չէ։ ― Ինչպես թե, իսկ որտե՞ղ է հիմա նա։ ― Ոչ մի տեղեկություն չունեմ։ Եթե կուզես իմանալ, նա, իմ կարծիքով, դարձել է նյու֊հեմպշիրյան պոռնկհու նման մի բան։ ― Դա խոզություն է։ Եթե նա քեզ այդքան բան է թույլ տվել, դու, համենայն դեպս, նրա մասին այդպես գարշելի ձևով չպետք է արտահայտվես։ ― Օ՜, սատանա, ― ասաց Լյուսը։ ― Մի՞թե տիպիկ քոլֆիլդյան խոսակցություն է սկսվում։ Գոնե նախազգուշացնեիր։ ― Ոչինչ էլ չի սկսվում, ― ասացի ես։ ― Եվ, այնուամենյանիվ, դա խոզություն է։ Եթե նա այդպես լավ է վերբերվել քեզ, որ թույլ է տվել․․․ ― Մի՞թե հարկ կա շարունակելու այդ տհաճ տիրադներ․․․ Ես ոչինչ չասացի։ Վախեցա, որ եթե չլռեմ, նա վեր կկենա ու կգնա։ Հարկ եղավ մի բաժին էլ վիսկի պատվիրել։ Հանկարծ թունդ խմելու ցանկություն առաջացավ։ ― Ո՞ւմ հետ ես հիմա ման գալիս, ― հարցնում եմ։ ― Կարո՞ղ ես ինձ պատմել։ Եթե ուզում ես, իհարկե։ ― Դու նրան չես ճանաչում։ ― Գուցե ճանաչում եմ։ Ո՞վ է։ ― Գրինիչ֊վիլեջից է։ Քանդակագործուհի, եթե շատ ես ուզում իմանալ։ ― Իսկապե՞ս։ Իսկ քանի՞ տարեկան է։ ― Տեր աստվա՜ծ, մի՞թե ես նրան հարցրել եմ։ ― Դե, մոտավորապես, որքա՞ն է։ ― Դե, երեսունն անց, ― ասում է Լյուսը։ ― Երեսունն ա՞նց։ Եվ դա քեղ դո՞ւր է գալիս, ― հարցնում եմ։ ― Քեզ այդպիսի պառավնե՞րն են դուր գալիս։ ― Ես նրան հարցնում էի գլխավորապես այն պատճառով, որ նա գլուխ էր հանում այդ գործերից։ Ամեն մարդ չի կարող այդպես գլուխ հանել, ինչպես նա։ Նա անմեղությունը կորցրել էր տասնչորս տարեկանում, Նանտուկետում, ազնիվ խոսք։ ― Ուզում ես իմանալ, թե ինձ հասո՞ւն կանայք են դուր գալիս։ Անպայման։ ― Ահա թե ի՜նչ։ Ինչո՞ւ։ Չէ, իսկապես, նրանց հետ ավելի՞ լավ է։ ― Լսիր, մեկ էլ եմ ասում, վերջ տուր քո էդ քոլֆիլդյան հարցուփորձին, գոնե այս երեկո։ Ես հրաժարվում եմ պատասխանել։ Ե՞րբ, վերջապես, կմեծանաս դու, գրողը տանի։ Ես ոչինչ չպատասխանեցի, որոշեցի մի փոքր լռել։ Հետո Լյուսն էլի մարտինի պատվիրեց և խնդրեց բոլորովին ջուր չավելացնել։ ― Լսիր, այնուամենայնիվ, ասա, վաղո՞ւց ես նրա հետ ապրում, այդ քանդակագործուհու։ ― Ինձ իսկապես հետաքրքիր էր դա։ ― Դու նրա հետ Հուտտոնի դպրոցի՞ց ես ծանոթ։ ― Չէ, նա վերջերս է եկել Նահանգներ, մի քանի ամիս առաջ։ ― Հա՞։ Որտեղացի՞ է նա։ ― Պատկերացրու, որ Շանհայից։ ― Մի՛ ստի։ Չինուհի՞ է, ինչ է։ ― Անկասկած։ ― Սուտ ես ասում։ Եվ քեզ դո՞ւր է գալիս, որ նա չինուհի է։ ― Անշուշտ, դուր է գալիս։ ― Բայց ինչո՞ւ։ Ազնիվ խոսք, ինձ հետաքրքիր է իմանալ, ինչո՞ւ։ ― Պարզապես ինձ արևելյան փիլիսոփայությունն ավելի է գոհացնում, քան եվրոպականը, եթե շատ ես ուզում իմանալ։ ― Ի՞նչ փիլիսոփայություն։ Սեքսուա՞լ։ Ինչ է, նրանց մոտ, Չինաստանում, դա ավելի՞ լավ է։ Դա՞ ես ուզում ասել։ ― Ես Չինաստանի մասին չեմ ասում։ Ընդհանրապես՝ Արևելքի։ Տեր աստված։ Մի՞թե հարկավոր է շարունակել այս անմիտ զրույցը։ ― Լսիր, ես լրջորեն եմ հարցնում քեզ, ― ասում եմ, ― կատակ չեմ անում։ Արևելքում ինչո՞ւ է այդ ամենն ավելի լավ։ ― Չափից դուրս բարդ բան է դա, հասկանո՞ւմ ես, ― ասում է Լյուսը։ ― Պարզապես նրանք գտնում են, որ սերը ոչ միայն ֆիզիկական կապ է, այլև հոգեկան։ Դե ինչո՞ւ պիտի ես քեզ սկսեմ․․․ ― Բայց ես էլ եմ այդպես գտնում։ Ես էլ եմ գտնում, որ դա, ինչպես ասացի՞ր, և՛ հոգեկան է, և՛ ֆիզիկական։ Ազնիվ խոսք, ես էլ եմ այդպես գտնում։ Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ում հետ ես կապված։ Եթե դա ինչ֊որ մեկն է, որին դու բոլորովին էլ․․․ ― Մի՛ գոռա այդպես, ի սեր աստծո, եթե չես կարող ցածր խոսել, գոնե վերջ տանք այս․․․ ― Լա՛վ, լա՛վ, միայն թե լսիր, ― ասում եմ։ Ես մի քիչ հուզված էի և իսկապես բարձր էի խոսում։ Պատահում է, որ չափից դուրս բարձր եմ խոսում, երբ հուզվում եմ։ ― Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ուզում ասել, ես ուզում եմ ասել, որ կապը պետք է լինի և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան, և՛ գեղեցիկ, մի խոսքով, անեն տիպի։ Բայց հասկացիր, չի կարող պատահել, որ բոլորի հետ էլ այդպես լինի, ― այն բոլոր աղջիկների, ում հետ որ համբուրվում ես, ― չի՛ կարող։ Իսկ դու կարո՞ղ ես։ ―Արի վերջացնենք այս խոսակցությունը, ― ասում է Լյուսը։ ― Չե՞ս առարկում։ ― Լավ, բայց, այնուամենայնիվ, լսիր։ Վերցնենք թեկուզ քեզ և այդ չինուհուն։ Ի՜նչ մի լավ բան կա ձեր մեջ։ ― Ասացի՝ վերջացնենք։ Իհարկե, հարկ չկար այդպես քիթը խոթելու նրա անձնական կյանքի մեջ։ Ես դա հասկանում եմ։ Բայց Լյուսը մի սոսկալի տհաճ հատկություն ուներ։ Երբ մենք սովորում էինք Հուտտոնի դպրոցում, նա ստիպում էր ինձ պատմել իմ ամենագաղտնի ապրումները, իսկ հենց որ հերթն իրեն էր հասնում, զայրանում էր։ Այդ խելոքները չեն սիրում խելոք խասակցություն վարել, նրանք սիրում են, որ միայն իրենք ճամարտակեն։ Գտնում են, որ եթե իրենք լռել են, դու էլ պիտի լռես, եթե իրենք գնացին իրենց սենյակը, ապա դու էլ քո սենյակը պիտի գնաս։ Երբ սովորում էինք Հուտտոնոնի դպրոցում, Լյուսն ուղղակի տանել չէր կարողանում, որ մենք էինք սկսում խոսել իր պատմել վերջացնելուց հետո։ Նույնիսկ եթե հավաքվում էինք մեկ ուրիշ սենյակում, Լյուսը տանել չէր կարողանում։ Նա միշտ պահանջում էր, որ բոլորը ցրվեն իրենց սենյակները և նստեն այնտեղ, քանի որ ինքը վերջացրել էր իր ասելիքը։ Ամբողջ գաղտնիքը այն էր, որ նա վախենում էր հանկարծ որևէ մեկը մի ավելի խելոք բան ասեր, քան ինքը։ Այնուամենայնիվ, նա շատ ծիծաղելի տիպ էր։ ― Հավանաբար, հարկ կլինի մեկնել Չինաստան, ― ասում եմ։ ― Իմ անձնական կյանքը ոչ մի բանի պետք չէ։ ― Դա բնական է, քո գիտակցությունը դեռ չի հասունացել։ ― Ճիշտ է։ Դա շատ ճիշտ է, ինքս էլ գիտեմ, ― ասում եմ։ ― Բայց գիտե՞ս, ցավն ինչ է։ Ես չեմ կարողանում իսկական հույզ ապրել, հասկանո՞ւմ ես, իսկական, եթե աղջիկն ինձ իսկապես դուր չի գալիս։ Հասկանո՞ւմ ես, նա պետք է ինձ դուր գա։ Իսկ եթե դուր չի գալիս, ապա ես չեմ էլ ուզում աղջկան, հասկանո՞ւմ ես։ Տեր աստվա՜ծ, իմ ամբողջ կյանքը դրա պատճառով գրողի ծոցն է գնում։ Գարշանք է ամբողջությամբ։ Սա հո կյանք չի։ ― Դե, իհարկե, գրողը տանի։ Ես քեզ դեռ անցյալ անգամ եմ ասել, թե ինչ պետք է անել։ ― Գնամ հոգեվերլուծաբանի մոտ, այո՞, ― ասացի ես։ Անցյալ անգամ նա էր խորհուրդ տվել ինձ։ Նրա հայրը հոգեվերլուծող է։ ― Դե դա քո գործն է, աստված իմ։ Իմ ի՞նչ գործն է, թե դու ինչպես կվարվես։ Ես ոչինչ չասացի։ Մտածում էի։ ― Լավ, ասենք, գնացի քո հոր մոտ ու խնդրեցի հոգեվերլուծության ենթարկել ինձ, ― ասացի ես, ― իսկ ի՞նչ է անելու նա ինձ։ Ասա տեսնեմ, ի՞նչ է անելու։ ― Ոչ մի բան էլ չի անելու։ Պարզապես կխոսի, դու էլ նրա հետ կխոսես։ Ինչ է, չե՞ս հավատում։ Կարևորն այն է, որ նա կօգնի քեզ հասկանալու մտքերիդ ընթացքը։ ― Ի՞նչը, ի՞նչը։ ― Մտքերիդ ընթացքը։ Դու խճճվել ես բարդությունների մեջ․․․ Օ՛հ, գրողը տանի, ինչ է, հոգեվերլուծության դասընթա՞ց պիտի կարդամ քեզ համար։ Ուզում ես, հորս մոտ ընդունելության հերթի գրվիր, չես ուզում, մի՛ գրվիր։ Անկեղծ ասած, դա ինձ համար միանգամայն միևնույնն է։ Ես ձեռքս դրի նրա ուսին։ Ինձ համար շատ ծիծաղելի էր։ ― Իսկ դու իսկական ընկեր ես, հա՜, շան որդի, ― ասում եմ, ― դա քեզ հայտնի՞ է։ Նա նայեց ժամացույցին։ ― Հարկավոր է շտապել, ― ասաց ու վեր կացավ։ ― Ուրախ եմ քեզ տեսնելուս համար։ ― Նա կանչեց բարմենին և խնդրեց ներկայացնել հաշիվը։ ― Լսիր, ― ասում եմ, ― իսկ քո հայրը քեզ հոգեվերլուծության ենթարկե՞լ է։ ― Ի՞նձ։ Ինչո՞ւ ես հարցնում։ ― Հենց այնպես, ենթարկե՞լ է, թե ոչ։ ― Ինչպես ասեմ։ Ոչ լրիվ։ Պարզապես նա օգնել է ինձ հարմարվել կյանքին, բայց խոր վերլուծության անհրաժեշտություն չի եղել։ Իսկ ինչո՞ւ ես հարցնում։ ― Հենց այնպես։ Հետաքրքիր է։ ― Դե մնաս բարով, հաջողություն, ― ասաց նա։ Թեյավճար թողեց ու պատրաստվեց գնալու։ ― Ինձ հետ մի բաժակ էլ խմիր, ― ասում եմ։ ― Խնդրում եմ։ Թախիծը սիրտս ուտում է։ Լրջորեն, մնա՛։ Նա ասաց, որ չի կարող։ Ասաց, որ առանց այդ էլ ուշացել է և գնաց։ Այո, Լյուսը տիպ է։ Իհարկե, նա մզմըզ է, բայց վիթխարի բառապաշար ունի։ Մեր դպրոցի բոլոր աշակերտներից ամենամեծ բառապաշարը նա ուներ։ Մեզ համար հատուկ ստուգումներ էին կազմակերպում։