Changes

Սպիտակ ժանիք

Ավելացվել է 15 929 բայտ, 13:09, 10 Մարտի 2015
/* Գլուխ V։ Անզուսպը */
== Գլուխ V։ Անզուսպը ==
 — Չէ՜, բան չենք կարող անել,— հուսահատ շեշտով ասաց Ուիդոն Սքոթը։ Նա իջավ սանդղամատին ու նայեց սահնակավարին, որը նույնպես հուսահատ թոթվեց ուսերը։ Երկուսն էլ հայացքները հառեցին Սպիտակ Ժանիքի վրա։ Ամբողջ մարմնով փշաքաղվելով՝ սա գազազած մռնչում էր, ուզում շղթան կտրել ու հասնել սահնակից արձակված շներին։ Իսկ շները Մեթից ստանալով երկար ու բարակ խրատ ու հորդոր, որոնք հիմնավորված էին մահակի հարվածներով, հասկանում էին, որ ավելի լավ է Սպիտակ Ժանիքի հետ գլուխ չդնել։ Հիմա նրանք պառկել էին մի կողմ և կարծես բոլորովին մոռացել էին նրա գոյությունը։ — Այո՜֊ո՜, գայլ է, իսկ գայլին հնարավոր չէ ընտելացնել,― ասաց Ուիդոն Սքոթը։ — Ի՜նչ իմանաս,— առարկեց Մեթը։— Գուցե և սրա մեջ ավելի շատ շնային կա, քան գայլային։ Բայց այն, ինչին հավատացած եմ, դրանից ինձ ետ չես համոզի։ Սահնակավարը լռեց և խորհրդավոր ձևով գլխով արեց Իշայծյամի սարի ուղղությամբ։ — Լավ, մի՝ ստիպեք՝ խնդրեն ձեղ, — կտրուկ ասաց Սքոթը՝ չս սլա սելով խոսքի շարունակությանը։ — Ասացեք, ի՞նչ կա։ Սահնակավարը բթամատը տնկեց ուսի վրայով՝ ցույց տալով Սպիտակ Ժանիքին։ — Կարևոր չէ՝ գայլ է նա թե շուն, բայց փորձել են ընտելացնել։ — Չի կարող պատահել։ — Ես ձեզ ասում եմ՝ փորձել են։ Նա անգամ լծվել է։ Մոտիկից նայեցեք։ Կրծքին տրորված տեղեր կան։ — Ճիշտ է, Մե՛թ։ Մինչև Սիրուն Սմիթի ձեռքն ընկնելը սահնակ է քաշել։ — Իսկ ինչո՞ւ մենք էլ չլծենք։ — Ճի՜շտ որ,— բացականչեց Սքոթը։ Սակայն նշուլած հույսը անմիջապես էլ մարեց, և նա գլուխն օրորելով՝ ասաց. — Երկու շաբաթ է արդեն, որ մեզ մոտ է, բայց կարծես ավելի է չարացել։ — Եկեք թոկից արձակենք, տեսնենք ի՞նչ կլինի,— առաջարկեց Մեթը։ Սքոթը անվստահ նայեց նրան։ — Այո, այո,— շարունակեց Մեթը։— Ես գիտեմ, որ դուք արդեն փորձել եք դա, ուրեմն նորից փորձեցեք, միայն թե չմոռանաք մահակ վերցնել։ — Լավ, բայց հիմա ես դա հանձնարարում եմ ձեզ։ Սահնակավարը զինվեց փայտով ու մոտեցավ կապված Սպիտակ Ժանիքին։ Սա հետևում էր փայտին, ինչպես առյուծն է հետևում գազան մարզողի մտրակին։ — Տեսեք, թե ինչպես է հայացքը սևեռել փայտին,— ասաց Մեթը։— Լավ նշան է դա։ Չի համարձակվի հարձակվել ինձ վրա, քանի փայտը ձեռքիս է։ Վերջ ի վերջո կատաղած չէ։ Հենց որ մարդու ձեռքը մոտեցավ Սպիտակ Ժանիքի վզին, նա փշաքաղվեց և գռմռալով տափակեց գետնին։ Առանց աչքը կտրելու Մեթի ձեռքից՝ նա միաժամանակ հետևում էր իր գլխի վրա կախված փայտին։ Մեթը վզակապից արագ արձակեց շղթան ու ետ֊ետ գնաց։ Սպիտակ Ժանիքը չէր հավատում, որ ազատ է թողնված։ Շատ ամիսներ էին անցել այն օրից, որ տիրացել էր նրան Սիրուն Սմիթը, և այդ ամբողջ ժամանակամիջոցում արձակել էին միմիայն շների հետ կռվելու համար, հետո նորից էին կապել։ Իսկ ի՞նչ էր անելու ազատությունը։ Չլինի՞ թե աստվածները նորից մի դիվային բան են նյութել։ Սպիտակ Ժանիքը մի քանի դանդաղ, զգույշ քայլ կատարեց՝ ամեն րոպե հարձակման սպասելով։ Չէր իմանում ինչպես պահի իրեն, այնքան անսովոր էր այդ ազատությունը։ Համենա յն դեպս, ավելի լավ է հեռու կենա իրեն դիտող աստվածներից ու քաշվի խրճիթի անկյունը։ Այդպես էլ արեց, և ամեն ինչ հաջող անցավ։ Դրանից մտամոլոր Սպիտակ Ժանիքը ետ եկավ և մարդկանցից մի տասը ոտնաչափ հեռու կանգ առնելով՝ զգաստ հայացքը հառեց նրանց վրա։ ― Չի՞ փախչի,— հարցրեց նոր տերը։ — Ռիսկ անենք։ Ռիսկը լավ բան է։ — Խե՜ղճ։ Ամենից ավելի մարդկային փաղաքշանքի կարիք ունի,— խղճահարությամբ մրթմրթաց Սքոթը ու ներս գնաց խրճիթ, մի կտոր միս բերեց այդտեղից ու նետեց Սպիտակ Ժանիքին։ Սա ցատկեց մի կողմ և սկսեց անվստահ ու հեռվից նայել մսին։ — Մայո՛ր, ե՛տ գնա,— գոչեց Մեթը. բայց արդեն ուշ էր։ Մայորը նետվեց մսի վրա, և այն րոպեին, երբ միսն արդեն նրա ատամների մեջ էր, Սպիտակ Ժանիքը հարձակվեց ու գետին գլորեց նրան։ Մեթը վազեց նրանց մոտ, բայց Սպիտակ Ժանիքն իր գործը տեսել էր արագ։ Մայորը դժվարությամբ վեր կացավ, և նրա կոկորղից ժայթքած արյունը կարմիր լճակի պես տարածվեց ձյան վրա։ — Մեղք էր Մայորը, բայց տեղն էր նրան,— շտապ վրա բերեց Սքոթը։ Բայց Մեթը արդեն բարձրացրեց ոտքը Սպիտակ Ժանիքին խփելու համար։ Արագ ու իրար հետևից հաջորդեցին ոստյուն, ատամների կափկափում ու ցավի բարձր ճիչ։ Սպիտակ Ժանիքը մոլեգնորեն մռնչալով ետ սողաց, իսկ Մեթը կռացավ ու սկսեց զննել իր խածված ոտքը։ — Այնուամենայնիվ հափռեց,— ասաց նա՝ ցույց տալով իր շալվարն ու սպիտակեղենը, որի վրա ճապաղում էր արյան բրիծը։ — Ասում էի, չէ՞, որ անհույս բան է,— ընկճված ձայնով ասաց Սքոթը։— Ես շատ եմ մտածել այս շան մասին, մտքիցս դուրս չի գալիս նա։ Ի՜նչ արած, ուրիշ ճար չկա։ Այս խոսքի վրա նա գրպանից հանեց ատրճանակը և ստուգելով տեսավ, որ փամփուշտ կա մեջը։ — Բան եմ ասում, մի՛ստր Սքոթ,— պաղատեց Մեթը,— ի՜նչ ասես ստիպված չի եղել կրել այս շունը։ Չի կարելի պահանջել, որ անմիջապես դառնա հրեշտակ, ժամանակ տվեք։ — Նայեք հիացեք Մայորի վրա,— պատասախնեց Սքոթը։ Սահնակավարը նայեց խեղված շանը, որ ընկել էր ձյան վրա, արյան լճակի մեջ, և հավանորեն վերջին շնչումն էր։ — Տեղն է դրան։ Չէ՞ որ դուք ինքներդ այդպես ասացիք, միստր Սքոթ։ Աչքը տնկեց ուրիշի մսին, ուրեմն նրա երգը երգված է։ Պետք էր սպասել դրան։ Ես մի կոտրած դրամ էլ չեմ տա այն շանը, որն իր բաժինը առանց կռվի է տալիս։ — Լավ, իսկ դո՞ւք, Մեթ։ Շունը շուն, բայց ամեն ինչ չափ պիտի ունենա։ — Ինձ էլ տեղն է,— չէր նահանջում Մեթը։— Հարց է ծագում, ինչի՞ համար խփեցի նրան։ Չէ՞ որ ինքներդ ասացիք, թե նա իրավացի է։ Ուրեմն ծեծելու պատճառ չկար: — Լավ գործ արած կլինենք, եթե գնդակահարենք այս շանը,— պնդում էր Սքոթը։— Ընտելացնել չենք կարողանա։ — Բան եմ ասում, մի՛ստր Սքոթ։ Եկեք թողնենք, որ այս խեղճը ցույց տա իրեն: Սատանան գիտե, թե ինչեր է քաշել նա, նախքան մեր ձեռքն ընկնելը: Եկեք փորձենք։ Իսկ եթե չարդարացնի մեր վստահությունը, ես ինքս կսպանեմ։ — Ասենք ես չեմ էլ ուզում սպանել դրան,— պատասխանեց Սքոթը՝ թաքցնելով ատրճանակը։— Թող ազատ֊արձակ ման գա մի քիչ․ կտեսնենք, թե ինչ կարելի է ստանալ նրանից քաղցրությամբ։ Ա՛յ, հիմա կփորձեմ։ Նա մոտեցավ Սպիտակ Ժանիքին ու սկսեց խոսել հետը մեղմ, հանգստացնող ձայնով․ — Համենայն դեպս փայտ վերցրեք,— զգուշացրեց Մեթը։ Սքոթը բացասաբար օրորեց գլուխը և շարունակեց խոսել՝ ջանալով նվաճել Սպիտակ Ժանիքի վստահությունը։ Սպիտակ Ժանիքը զգաստացավ։ Վտանգ էր սպառնում նրան։ Նա կծելով սպանել էր այս աստծու շանը, խածել էր նրա ընկերոջը։ Էլ ի՞նչ պիտի սպասեր, բացի խիստ պատժից: Եվ այնուամենայնիվ չէր հեզանում։ Բոլոր մազերը փշաքաղվեցին, ամբողջ մարմինը լարվեց, ատամները բացեց ու ակնասևեռ հետևեց մարդուն՝ ամեն անակնկալի պատրաստ։ Սքոթի ձեռքին փայտ չկար, և Սպիտակ Ժանիքը թողեց, որ մոտենա իրեն, բոլորովին մոտենա։ Աստծու ձեռքն սկսեց իջնել նրա գլխի վրա։ Սպիտակ Ժանիքը կծկվեց ու կպավ գետնին։ Ահա թե որտե՜ղ է վտանգն ու դավաճանությունը։ Աստվածների ձեռքերը իրենց անառարկելի իշխանությամբ ու նենգությամբ քաջածանոթ էին նրան։ Բացի դրանից, նա առաջվա պես չէր հանդուրժում՝ դիպչեն իր մարմնին։ Նա ավելի չարացած մռնչաց և ավելի տափակեց գետնին, իսկ ձեռքը շարունակում էր իջնել։ Նա չէր ուզում խածել այդ ձեռքը և համբերությամբ էր դիմանում դրա սպառնացած վտանգին մինչև այն աստիճան, քանի դեռ կարող էր պայքարել բնազդի դեմ՝ կյանքի անհագ ծարավի դեմ։ Ուիդոն Սքոթը վստահ էր, թե միշտ էլ կկարողանա ժամանակին քաշել ձեռքը։ Բայց այդ միջոցին նրան վիճակվեց իր վրա զգալու, թե ինչպես Սպիտակ Ժանիքը կարող է շանթահարել իր օղակներն արձակած օձի դիպուկությամբ ու սրընթացությամբ։ Սքոթն անակնկալից ճչաց և ձախ ձեռքով բռնեց աջ՝ կծված ձեռքը։ Մեթը բարձրաձայն հայհոյեց ու վազեց նրա մոտ։ Սպիտակ Ժանիքը ետ սողաց՝ ամբողջովին փշաքաղված, ատամները կրճտելով ու սպառնագին նայելով մարդկանց։ Հիմա արդեն չի խուսափի ծեծից, ոչ պակաս ահավոր ծեծից, որպիսիք շատ էր կերել Սիրուն Սմիթից։ — Ի՞նչ եք անում,— գոռաց հանկարծ Սքոթը։ Իսկ Մեթը կարողացել էր արդեն նետվել խրճիթ ու հայտնվել շեմի վրա հրացանը ձեռքին։ — Առանձնապես ոչինչ,— դանդաղ, շինծու անխռովությամբ ասաց նա։— Ուզում եմ հարգել իմ խոստումը։ Ասացի կսպանեմ շանը, ուրեմն կսպանեմ։ — Ոչ, չե՛ք սպանի։ — Ոչ, կսպանե մ։ Ա՛յ, նայեցեք։ Հիմա էլ Սպիտակ ժանիքին պաշտպանելու հերթը եկավ Ուիդոն Սքոթին, ինչպես մի քանի րոպե առաջ խածված Մեթն էր պաշտպանում։ — Դուք ինքներդ առաջարկեցիք փորձել նրան, դե փորձեցեք։ Մենք սկսեցինք միայն, հո չի՞ կարելի միանգամից հրաժարվել։ Ինքս եմ հանցավոր։ Եվ... հապա մի նայեցե՜ք դրան։ Սպիտակ Ժանիքը խրճիթի անկյունից նայելով նրանց այնպես կատաղած էր մռնչում, որ արյունը սառչում էր երակներում. սակայն նրա ցասման պատճառը ոչ թե Սքոթն էր, այլ սահնակավարը։ — Հը՜, հիմա՞ ինչ կասեք,— գոչեց Մեթը։ — Տեսնո՞ւմ եք որքան հասկացողն է,— շտապ վրա բերեց Սքոթը։— Նա ինձնից ու քեզնից պակաս չի իմանում, թե ինչ բան է հրազենը։ Այսպիսի խելացի շան հետ արժե գլուխ ցավացնել։ Ցած դրեք հրացանը։ — Լավ, եկեք փորձենք,— և Մեթը հրացանը դեմ արեց վառելափայտի դարսակին։— Տես, է՜. մի լավ նայեցեք դրան,— գոչեց նա նույն րոպեին։ Սպիտակ Ժանիքը հանդարտվեց ու դադարեց գռմռալ։ — Մի անդամ էլ փորձեցեք։ Հետևեցեք նրան։ Մեթը վերցրեց հրացանը, և Սպիտակ Ժանիքը դարձյալ մռնչաց։ Մեթը հեռացավ հրացանից, Սպիտակ Ժանիքը ծածկեց ատամները։ — Լավ, մի անգամ էլ։ Պարզապես հետաքրքիր է։ Մեթը վերցրեց հրացանն ու սկսեց դանդաղ բարձրացնել ու հենել ուսին։ Սպիտակ Ժանիքն անմիջապես մռնչաց, և ինչքան հրացանը վեր էր բարձրանում, նրա մռնչոցն այնքան ավելի էր սաստկանում։ Բայց հազիվ էր Մեթը փողն ուղղել նրա վրա, երբ շունը ցատկեց մի կողմ ու թաքնվեց տնակի անկյան հետևը։ Մեթի նշանակետում կար սպիտակ ձյուն, իսկ այն տեղը, ուր հենց նոր կանգնած էր շունը, դատարկ էր։ Սահնակավարը դանդաղ ցած դրեց հրացանը, շրջվեց ու նայեց իր տիրոջը։ — Ճիշտ է, մի՛ստր Սքոթ, այս շունը շատ խելացի է, ափսոս է սպանել դրան։ 
== Գլուխ VI։ Մի նոր գիտություն ==
Վստահելի
1318
edits