Changes
/* 22 */
Ու գնացի հյուրասենյակ, զանգահարելու անգլերենի իմ նախկին ուսուցչին՝ միստր Անտոլինիին։
==23==
Զանգահարեցի շատ շտապ, որովհետև վախենում էի հանկարծ խնողներս գան։ Բայց նրանք չեկան։ Միստր Անտոլինին շատ բարեհամբյուր մարդ էր։ Ասաց, որ կարող եմ գնալ իր մոտ, թեկուզ հենց հիմա։ Հավանաբար ես նրանց երկուսին էլ արթնացրի, որովհետև երկար ժամանակ ոչ ոք չէր մոտենում հեռախոսին։ Առաջին հերթին նա հարցրեց՝ ի՞նչ է պատահել, իսկ ես պատասխանեցի՝ առանձնապես ոչինչ։ Բայց այնուամենայնիվ, պատմեցի, որ ինձ հեռացրել են Փենսիից։ Միևնույն է, որևէ մեկին պետք է պատմեի։ Նա ասաց․
― Տեր աստվա՜ծ, դու ողորմա մեղավորներիս, ― այնուամենայնիվ, նա հումորի զգացում ուներ։ Պատվիրեց թեկուզև հիմա գնալ իր մոտ, եթե պետք է։
Նա իմ ուսուցիչներից ամենալավն էր։ Բավական ջահել, իմ եղբայր Դ․ Բ֊ից մի քիչ էր մեծ, ու նրա հետ կարելի էր կատակել, թեև բոլորը հարգում էին նրան։ Նա առաջինը գետնից բարձրացրեց այն տղային, որ պատուհանից ցած էր նետվել, Ջեյմս Քասլին։ Ես ձեզ պատմել եմ նրա մասին։ Միստր Անտոլինին շոշափեց նրա զարկերակը, հետո հանեց իր բաճկոնը, ծածկեց Ջեյմս Քասլին ու գրկած տարավ լազարեթ։ Եվ նրա համար նշանակություն չուներ, որ իր բաճկոնը ամբողջապես արյունոտվել էր։
Ես վերադարձա Դ․ Բ֊ի սենյակը, իմ Ֆիբին այնտեղ միացրել էր ռադիոն։ Պարեղանակ էին հաղորդում։ Ռադիոն իջեցրել էր, որպեսզի չարթանցնի մեր տնտեսուհուն։ Դուք մի տեսնեիք Ֆիբիին։ Նստել է մահճակալի մեջտեղը, ոտքերը ծալել, ասես յոգ լինի, և երաժշտություն է լսում։ Ծիծաղից կմեռնես։
― Վեր կաց, ― ասում եմ։ ― Ուզո՞ւմ ես պարենք։
Ես ինքս էի նրան պարել սովորեցրել, երբ նա դեռևս շատ փոքրիկ էր։ Նա շատ լավ էր պարում։ Ընդհանրապես միայն մի քիչ էի ցույց տվել նրան, նա ինքն էր սովորել։ Հնարավոր չէ մարդուն պարել սովորեցնել ինչպես հարկն է, նա ինքը պետք է պարի։
― Հագիդ կոշիկներ կա՞ն, ― ասում է։
― Ոչինչ, կհանեմ։ Վեր կաց։
Նա ցատկեց մահճակալից։ Սպասեց, մինչև հանեցի կոշիկներս, ու սկսեցինք պարել։ Նա շատ լավ է պարում։ Առհասարակ ես չեմ կարող տանել, որ մեծերը պարում են երեխաների հետ, սոսկալի տեսարան է։ Օրինակ՝ մի որևէ հայրիկ հանկարծ սկսում է պարել իր աղջնակի հետ։ Նա այնպես անշնոորհք է տանում աղջկան, որ հագուստը ետևի մասից անընդհատ բարձրանում է, համ էլ աղջիկը բոլորովին պարել չգիտի, մի խոսքով, ողորմելի տեսարան է։ Բայց ես ռեստորանում չէի պարի Ֆիբիի հետ։ Մենք միայն տանն ենք պարում։ Հնազանդվում է քեզ։ Միայն հարկավոր է ամուր բռնել նրան, այդ դեպքում չի խանգարի, որ քո ոտքերը թեկուզ հարյուր անգամ ավելի երկար են։ Նա բոլորովին ետ չի գնում։ Նրա հետ և՛ անցումներ կարելի է անել, և՛ ամեն ձևի շրջադարձեր, նույնիսկ՝ ջիտերբադ․ երբեք ետ չի մնա։ Նրա հետ նույնիսկ տանգո կարելի է պարել, ահա թե ինչ։
Մենք չորս պար պարեցինք։ Ընդմիջումներին Ֆիբին այնպես հետաքրքիր է պահում իրեն, որ ծիծաղդ գալիս է։ Կանգնում է ու սպասում։ Չի խոսում, ոչինչ։ Ստիպում է կանգնել ու սպասել, մինչև որ նվագախումբը նորից սկսի։ Իսկ իմ ծիծաղը գալիս է։ Բայց նա զայրանում է, նույնիսկ թույլ չի տալիս ծիծաղել։
Մի խոսքով, մենք չորս պար պարեցինք, և ես անջատեցի ռադիոն։ Իմ Ֆիբին մտավ վերմակի տակ ու հարցրեց․
― Լա՞վ եմ պարում։
― Այն էլ ինչպե՜ս, ― ասում եմ։ Ես նստեցի նրա մահճակալին։ Շունչս կտրվում էր։ Հավանաբար, չափից դուրս շատ էի ծխել։ Իսկ նա գոնե մի քիչ արագ շնչեր։
― Շոշափիր ճակատս, ― ասում է հանկարծ։
― Ինչո՞ւ։
― Շոշափիր, ձեռքդ դիր։ ― Ես ձեռքս դրի նրա ճակատին, բայց բան չզգացի։ ― Շա՞տ է ջերմությունս, ― ասում է։
― Չէ, մի՞թե ջերմություն ունես։
― Այո, հիմա ես կբարձրացնեմ։ Մի անգամ էլ ձեռք տուր։
Ես նորից ձեռքս դրեցի և նորից ոչինչ չզգացի, բայց, այնուամենայնիվ, ասացի․
― Կարծես թե բարձրանում է։ ― Չէի ուզում, որ նրա մոտ ինչ֊որ թերարժեքության կոմպլեքսի նման մի բան առաջանա։
Ֆիբին գլխով արեց։
― Ես նույնիսկ ջերնաչափում կարող եմ բարձրացնել։
― Ջեր֊մա֊չափում։ Ո՞վ է սովորեցրել քեզ։
― Ալիսա Հոլմբորգը։ Հարկավոր է ոտքերը ծալապատիկ անել ու մտածել մի որևէ շատ տաք բանի մասին։ Օրինակ՝ ջեռուցիչի մասին։ Ու ճակատդ կսկսի այնպես վառվել, որ կարող ես որևէ մեկի ձեռքն այրել։
Ես հազիվ զսպեցի ծիծաղս։ Դիտմամբ ետ քաշեցի ձեռքս, ասես վախենալով այրվելուց։
― Շնորհակալություն, որ նախազգուշացրեցիր, ― ասում եմ։
― Չէ, ես քեզ չէի այրի, շուտ կանգ կառնեի, շը՜շ։ ― Ու նա հանկարծ վեր թռավ մահճակալի վրա։ Ես սոսկալի վախեցա․
― Ի՞նչ եղավ։
― Մուտքի դուռն էր, ― ասում է նա բարձր շշուկով։ ― Նրա՛նք են։
Ես վեր թռա, վազեցի սեղանի մոտ, անջատեցի լամպը։ Հետո հանգցրի սիգարետը, քնթուկը դրի գրպանս։ Ձեռքերս թափահարեցի, որպեսզի ցրեմ ծուխը։ Եվ ինչո՞ւ ծխեցի այստեղ, գրողը տանի ինձ։ Հետո առա կոշիկներս, խցկվեցի պատի պահարանն ու փակեցի դուռը։ Սիրտս թպրտում էր սոսկալի։ Լսեցի, թե ինչպես մայրիկը ներս մտավ։
― Ֆիբի՛, ― ասում է, ― մի՛ ձևանա։ Ես տեսա, որ քեզ մոտ լույս է վառվում, սիրելիս։
― Բարև, ― պատասխանում է Ֆիբին։ ― Այո, քունս չէր տանում։ Ո՞ւրախ անցավ ժամանակը։
― Շա՜տ, ― ասաց մայրիկը, բայց զգացվում էր, որ ճիշտ չէ։ Նա բոլորովին չի սիրում հյուր գնալ։ ― Ինչո՞ւ չես քնել, թույլ տուր իմանալ։ Հո չե՞ս մրսում։
― Չէ, չեմ մրսում։ Պարզապես քունս չի տանում։
― Ֆիբի, դու կարծես ծխե՞լ ես։ Ճիշտն ասա սիրելիս։
― Ի՞նչ ― հարցնում է Ֆիբին։
― Այո, մի րոպեով ծխեցի։ Միմիայն մի անգամ ծուխ արձակեցի։ Հետո պատուհանից դուրս նետեցի։
― Ինչո՞ւ ես այդպիսի բան արել։
― Քունս չէր տանում։
― Դու ինձ վշտացնում ես, Ֆիբի, շատ ես վշտացնում, ― ասաց մայրիկը։ ― Երկրորդ վերմակը տա՞մ։
― Չէ, շնորհակալություն։ Բարի գիշեր, ― ասաց Ֆիբին։ Երևում էր, ջանում է շուտ ազատվել մորից։
― Իսկ կինոն ինչպե՞ս էր, ― հարցնում է մայրիկը։
― Հրաշալի։ Միայն Ալիսայի մայրն էր խանգարում։ Ամբողջ ժամանակ իմ վրայով կռանում էր ու հարցնում՝ Ալիսան դողացնո՞ւմ է, թե չէ։ Տաքսիով էլ տուն եկանք։
― Թող մի շոշափեմ ճակատդ։
― Չէ, ես չեմ վարակվել։ Նա միանգամայն առողջ էր։ Նրա մայրիկն էր ուղղակի հորինում։
― Լավ, քնիր, աստված քեզ հետ։ Ճաշն ինչպե՞ս էր։
― Գարշանք, ― ասաց Ֆիբին։
― Հիշո՞ւմ ես, հայրիկն ինչ ասաց քեզ․ ուտելիքը չի կարելի «գարշանք» անվանել։ Եվ ինչո՞ւ էր «գարշանք»։ Քեզ ոչխարի մսով հրաշալի կոտլետ են տվել։ Հատուկ գնացել եմ Լեկսինգտոն֊ավենյու։
― Կոտլետը համով էր, բայց Չարլինան մատուցելիս միշտ շնչում է երեսիս, ճաշի վրա էլ է շնչում, ամեն ինչի վրա էլ։
― Դե լավ, քնիր։ Համբուրիր մայրիկին։ Աղոթե՞լ ես։
― Այո, լոգարանում եմ աղոթել։ Բարի գիշեր։
― Բարի գիշեր, շուտ քնիր։ Գլուխս սոսկալի ցավում է, ― ասում է մայրիկը։ Նրա գլուխը շատ հաճախ է ցավում։ Ուժեղ է ցավում։
― Ասպիրին ընդունիր, ― ասում է Ֆիբին։ ― Հոլդենը չորեքշաբէի գալո՞ւ է։
― Որքան ինձ հայտնի է, այո։ Դե, լավ ծածկվիր։ Այ այդպես։
Լսեցի, թե մայրիկն ինչպես դուրս եկավ սենյակից ու դուռը ծածկեց։ Մի րոպե սպասեցի, հետո դուրս եկա պահարանից։ Ու տեղնուտեղը կպա քրոջս՝ նա մահճակալից իջել էր, գալիս էր ինձ ազատելու, ու այնպես մութ էր, ինչպես դժոխքում։
― Ես քեզ վնասեցի՞, ― հարցնում եմ։ Ստիպված շշուկով էինք խոսում, քանի որ բոլորն էլ տանն էին։ ― Հարկավոր է փախչել, ― ասում եմ։ Մթության մեջ շոշափեցի մահճակալը, նստեցի ու սկսեցի հագնել կոշիկներս։ Սոսկալի նյարդայնանում էի, չեմ թաքցնում։
― Մի՛ գնա, ― շշնջաց Ֆիբին։ ― Սպասիր, մինչև քնեն։
― Չէ, հարկավոր է գնալ։ Հիմա իսկական ժամանակն է։ Մայրիկը գնաց լոգարան, իսկ հայրիկը հիմա կմիացնի ռադիոն՝ վերջին լուրերը լսելու։ Իսկական ժամանակն է։
Այնպես էի նյարդայնանում, որ չէի կարողանում նույնիսկ ինչպես հարկն է կոշիկներիս թելերը կապեմ։ Իհարկե, ինձ չէին սպանի, եթե տանը տեսնեին, բայց սոսկալի տհաճ բան կլիներ։
― Որտե՞ղ ես, է, ― հարցնում եմ Ֆիբիին։ Ես նրան չեմ կարողանում տեսնել մթության մեջ։
― Այստեղ եմ։ ― Նա կանգնած է ուղղակի կողքիս։ Իսկ ես չեի տեսնում։
― Ճամպրուկներս կայարանում են, ― ասում եմ, ― լսիր, Ֆիբ, փող֊մող ունե՞ս։ Ինձ մոտ ոչինչ չի մնացել։
― Ունեմ, Ծննդյան տոնի նվերների համար։ Ես դեռ ոչինչ չեմ գնել։
― Ախ, միայն դա՞, ― ես չէի ուզում նվերի փողերը վերցնել։
― Ես մի քիչ պարտք կտամ քեզ, ― ասում է։ Ու լսեցի, թե ինչպես է որոնում Դ․ Բ֊ի դարակներում։ Բացում է դարակ դարակի ետևից։ Սենյակում մութ էր ու ոչինչ չէր երևում։ ― Որ գնաս, ինչ չես տեսնի թատրոնում, ― ասում է ու ձայնը դողում է։
― Ինչպես չեմ տեսնի։ Մինչև քեզ չտեսնեմ, չեմ գնա։ Կարծում ես, այդպիսի ներկայացումը բաց կթողնե՞մ, ― հարցնում եմ։ ― Գիտե՞ս ինչ կանեմ։ Ես միստր Անտոլինիի մոտ կմնամ ասենք մինչև երեքշաբթի, մինչև երեկո։ Իսկ հետո կվերադառնամ տուն։ Եթե հաջողվի, քեզ կզանգահարեմ։
― Վերցրու, ― ասում է։ Ինչ֊որ փողեր է մեկնում ինձ, բայց ձեռքս չի գտնում։ ― Որտե՞ղ ես, ― գտավ ձեռքս, փողը դրեց բուռս։
― Է՛, այսքան ինձ հարկավոր չէ, ― ասում եմ։ ― Ինձ ընդամենը մեկ դոլլար տուր, բավական է։ Ազնիվ խոսք, մնացածը ետ վերցրու։
Ես փողը կրկին նրա բուռը դրի, նա չվերցրեց։
― Վերցրու, բոլորը վերցրու։ Հետո կտաս։ Կբերես թատրոն։
― Որքա՞ն է այստեղ, տեր աստված։
― Ութ դոլար, ութսուն ցենտ։ Չէ, վաթսունհինգ։ Ես արդեն շատ եմ ծախսել։
Ու հանկարծ ես լաց եղա։ Ոչ մի կերպ չկարողացա ինձ զսպել։ Ջանում եմ, որ ձայնս ոչ ոք չլսի, բայց լալիս եմ ու լալիս։ Ֆիբին շատ վախեցավ, երբ ես լաց եղա։ Մոտեցավ, հանգստացնում է, բայց մի՞թե միանգամից կարող ես լռել։ Նստել էի անկողնու եզրին ու լաց էի լինում, իսկ նա թևերը փաթաթել է վզիս, ես էլ նրան եմ փարվել ու լաց եմ լինում, ոչ մի կերպ չեմ կարողանում կանգ առնել։ Թվում էր, հիմա կխեղդվեմ արցունքներից։ Խեղճ Ֆիբին սասկալի վախեցավ։ Պատուհանը բաց էր, ու ես զգում էի, թե նա ինչպես է դողում միայն պիժամայով։ Ուզում էի նրան պառկեցնել, ծածկել վերմակով, չէր պառկում։ Վերջապես դադարեցի լաց լինել։ Բայց դեռ երկար֊երկար ժամանակ չէի կարողանում հանգստանալ։ Հետո մինչև վերջ կոճկեցի վերարկուս, ասացի, որ անպայման լուր կտամ նրան։ Նա ասում էր, ավելի լավ կլինի ես պառկեմ այդտեղ, իր սենյակում, բայց ասացի՝ չէ, ինձ արդեն սպասում է միստր Անտոլինին։ Հետո գրպանիցս հանեցի որսորդական գլխարկըս ու նվիրեցի նրան։ Նա չափից դուրս շատ է սիրում ամեն տեսակ անհեթեթ գլխարկներ։ Սկզբում չէր ուզում վերցնել, բայց հետո համոզեցի։ Գրազ կգամ, որ հենց այդ գլխարկով էլ քնեց։ Նա այդպիսի բաներ սիրում է։ Նորից խոստացա հնարավորության դեպքում զանգել ու գնացի։
Տնից գնալը, չգիտեմ ինչու, անհամեմատ հեշտ էր, քան ներս մտնելը։ Նախ՝ արդեն թքած ունեի, կբռնե՞ն ինձ, թե ոչ։ Ազնիվ խոսք։ Ես մտածեցի, կբռնեն՝ թո՛ղ բռնեն։ Անկեղծ ասած, նույնիսկ ուզում էի, որ բռնեն։
Ցած իջա ոտքով և ոչ թե վերելակով։ Իջնում էի ետնամուտքի աստիճաններով։ Քիչ էր մնում գլուխս խփեմ աղբի դույլին, բայց վերջապես դուրս եկա։ Վերելակավարը նույնիսկ չնկատեց ինձ։ Հավանաբար, մինչև հիմա էլ դեռ կարծում է, թե նստած եմ այդ Դիկսթայնների տանը։