Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 9790 բայտ, 17:36, 27 Մարտի 2015
/* Գլուխ յոթերորդ. Հելմյան Կիրճ */
Էոմերն ու Արագորնը որոշ ժամանակ մնացին դարպասի մոտ: Ամպրոպը դեռ շարունակվում էր, և կայծակները առաջվա պես լուսավորում էին երկինքը, բայց նրանց որոտը արդեն հեռվից էր գալիս, հարավային լեռնագագաթների լանջերից: Հյուսիիսից կրկին սառը քամի փչեց: Գլխավերևում սլացող մթագնած ամպերից միայն ծվեններ մնացին, և երկնքում փայլեցին աստղերը: Շուտով արևմուտքում երևաց նաև դեղին լուսինը և լուսավորեց կիրճի լանջերը:
–Ճիշտ ժամանակին հասանք,– ասաց Արագորնը զննելով դարպասը: Հսկայական երկաթյա ճաղերը ծռվել էին, փականները տեղաշարժվել, ճաղերից մի քանիսը նույնիս նույնիսկ ճաքճքել էին:
–Բայց այստեղ երկար մնալ չի կարելի,– ասաց Էոմերը: –Նայի՛ր: –Նա ձեռքը պարզեց պատնեշի կողմը: Գետի այն կողմում մարդկանց և օրքերի ամբոխը նորից էր հավաքվում: Լսվեց նետերի սուլոցը և մի քանիսը զրնգալով հարվածեցին քարերին: –Գնա՛նք, հարկավոր է դարպասը ներսի կողմից ամրացնել գերաններով, ապա և քարերով զմռսել: Արագացնե՛նք:
Նրանք սլացան հետ: Այդ ընթացքում մի երկու տասնյակ օրք, որոնք թաքնվել էին իրենց ցեղակիցների դիակների տակ, անաղմուկ ոտքի ելան և հետևեցին նրանց: Օրքերից երկուսը կախվեցին Էոմերի ոտքերից, տապալեցին նրան գետնին և հաջորդ վարկյանին նստելով նրա վրա հափշտակեցին յաթաղանները: Բայց այդ պահին խավարից դուրս թռավ մինչ այդ ոչ մեկի կողմից չնկատված փոքրիկ սև կերպարանքը, և հնչեց խռպոտ ճիչը. «Բարու՛կ Քազադ, Քազադ այ-մենու՛», և երկու անգամ փայլատակեց տապարը: Երկու գլխատված թշնամի փլվեցին գետնին, մնացածները փախան:
Արագորնը վատ բան կանխազգալով վերադարձավ, բայց Էոմերն արդեն ոտքի վրա էր:
 
Դուռը փակեցին, դարպասը ներսի կողմից ամրացրեցին գերաններով և քարերով զմռսեցին: Վերջապես երբ գործը ավարտեցին, Էոմերը շրջվեց դեպի իր փրկիչը:
 
–Շնորհակալ եմ քեզ, Ջիմլի, Գլոյնի՛ որդի,– ասաց նա: –Ես չգիտեի, որ դու եկել ես մեզ հետ: Ճիշտ են ասում, որ անկոչ հյուրն ամենաթանկագինն է: Ինպե՞ս հայտնվեցիր այնտեղ:
 
–Ուղղակի որոշեցի գալ ձեր հետևից, որ չքնեմ,- համեստորեն պատասխանեց թզուկը,– բայց հետո տեսա լեռնեցիներին և հասկացա, որ ինձ համար նրանք չափից ավելի բարձրահասակ են: Դե, հետո նստեցի քարերին և սկսեցի նայել, թե ինչպես եք սրերով աշխատում:
 
–Դժվար է լինելու ինձ համար վերադարձնել պարտքդ,– ասաց Էոմերը:
 
–Մինչև լուսաբաց բավականին ժամանակ կա, դեռ կհասցնես,– ծիծաղեց թզուկը: –Բայց ես առանց այդ էլ գոհ եմ, իմ տապարը Մորիայից այս կողմ բացի փայտից ոչինչ չէր կտրել:
 
–Արդեն երկու,– պարծեցավ Ջիմլին շոյելով տապարի սայրը: Նա վերադարձել էր պարսպի վրա, որտեղ նրան սպասում էր Լեգոլասը:
 
–Ընդամե՞նը,– արձագանքեց Էլֆը: –Իսկ իմ հաշիվը շատ ավելին է: Գնամ նետերս հավաքեմ, կապարճիս մեջ նետ չի մնացել: Իմ հաշվին արդեն երկու տասնյակ սպանվածներ կան: Բայց դրանք ընդամենը տերևներ են, իսկ անտառը դեռ կանգնած է...
 
Երկինքն արագորեն մաքրվում էր: Մայր մտնող լուսինը վառ լուսավորում էր, բայց լույսը ռոհանցիներին հույս չպարգևեց: Թշնամիների հորդաները աչքերի առաջ բազմապատկվում էին, ջոկատը ջոկատի հետևից հեղեղելով կիրճը: Դարպասի մոտ դուրս գալը կարճ ժամանակով նրանց հետ շպրտեց, բայց շուտով թշնամիները ավելի կատաղի գրոհի անցան: Իզենգարդյան ամբոխը պարիսպների տակ մռնչում ու ալեկոծվում էր ինչպես փոթորկոտ ծովը: Օրքերն ու վայրի լեռնեցիները մոլեգնած հարձակվում էին պարսպի ամբողջ երկարությամբ, կեռմաններով պարաններ նետում, որոնք կառչում էին եզրապատի ատամներից: Ռոհանցիները չէին հասցնում կտրտել դրանք: Շուտով պարիսպը ծածկվեց հարյուրավոր երկար սանդուղքներով, որոնց մեծամասնությունը անմիջապես էլ փլվեց ներքև և ջարդվեց քարերի վրա, բայց ընկածների փոխարեն անընդհատ նորերն էին բուսնում: Օրքերը մագլցում էին դրանց վրա, ինչպես հարավային անտառների կապիկները: Պարիսպների տակ, ինչպես անապատում փոթորկի ժամանակ, նորանոր դիակների և վիրավորների բլուրներ էին աճում: Սարսափելի ավազաբլուրները բարձրանում ու բարձրանում էին, բայց թշնամիների հորդաները առաջվա պես անընդհատ ավելանում էին:
 
Ռոհանցիները զգում էին, որ իրեց ուժերը սպառվելու վրա են: Նրանց կապարճները դատարկվել էին, տեգերը և նիզակները վերջացել, սրերը բթացել, վահանները ճաքճքել: Երեք անգամ Էոմերն ու Արագորնը մի քանի քաջարի ռազմիկների հետ դուրս եկան դարպասի մոտ, երեք անգամ թշնամիների գլխավերևում փայլատակեց Անդրիլը, երեք անգամ թշնամիները Հելմյան դարպասի մոտից հետ շպրտվեցին...
 
Հանկարծակի պաշարվածների թիկունքում աղմուկ և բղավոցներ լսվեցին: Օրքերը ճարպկորեն, առնետների պես անաղմուկ անցել էին պարսպի միջով անցնող խողովակով, լուռ նստել ժայռերի ստվերում, մինչև բոլոր ռազմիկները նետվեն պարիսպների վրա կասեցնելու հերթական ավելի կատաղի գրոհը, ապա դուրս եկել թաքստոցից և վազել թիկունք: Նրանցից առաջինները արդեն հասել էին ձիերին պահպանող ջոկատին և մարտի մեջ մտել:
 
Ջիմլին ցած նետվեց պարսպի վրայից, ցնցելով ժայռերը կատաղի կանչով. «Քազադ, Քազադ», և վազելով կիրճի խորքը գործի անցավ:
 
–Այա-օ՜յ,– ճչում էր նա,– օրքերը թափանցել են կի՜րճ, այա-օ՜յ, Լեգոլա՜ս, այստե՜ղ երկուսիս էլ կբավականացնի, Լեգոլա՜ս, Քազադ այ-մենու՜:
 
Ծեր Գամլինգը, որը աշտարակից հետևում էր ճակատամարտին, ընդհանուր աղմուկի միջից լսեց թզուկի կանչը և հասկացավ, որ գործերը վատ են:
 
–Օրքերը թափանցել են նե՛րս,– ճչաց նա,– Հե՛լմ, Հե՛լմ, առա՛ջ Հելմի պաշտպաններ: –Եվ այդպես կանչելով նա աստիճաններով ցած նետվեց, ճանապարհին վեսթֆոլդցիների ջոկատ հավաքելով:
 
Գամլինգի ջոկատն այնպես կատաղի և անսպասելի հարձակվեց օրքերի վրա, որ նրանք չկարողացան դիմակայել: Շուտով նրանք թշնամիներին քշեցին դեպի ժայռերով շրջապատված անկյունը, և շատերն այնտեղ իրենց մահը գտան, իսկ ողջ մնացածները ոռնալով փախան կիրճի խորքը, որտեղ նրանց դիմավորեցին գաղտնի քարանձավները հսկող ռազմիկների սրերը:
 
–Քսանմե՛կ,– բացականչեց Ջիմլին տապալելով վերջին օրքին: –Ահա և մենք հավասարվեցինք իմ ընկեր Լեգոլասին:
 
–Հարկավոր է փակել այդ առնետների անցքը,– փնթփնթաց Գամլինգը: –Ինձ ասել են, որ եթե գործ ունես քարի հետ, դիմիր թզուկի օգնությանը: Օգնի՛ր մեզ, բարի՛ Ջիմլի:
 
–Մարտական տապարով քար չես տաշի,–նկատեց Ջիմլին,– եղունգներով նույնպես: Լավ, կթորձեմ անել ինչ կարող եմ:
 
Ջիմլիի խորհրդով վեսթֆոլդցի ռազմիկները ոչ մեծ գլաքարերով և ժայռաբեկորներով զմռսեցին խողովակը, ջրի համար թողնելով միայն մի փոքր ճեղք: Անձրևից հետո վարարած հոսանքը արագ կուտակվեց ելքի մոտ և ժայռերի միջև աստճանաբար լճակ գոյացավ:
 
–Վերևում չոր է,– ասաց Ջիմլին,– գնանք, Գամլինգ, տեսնենք ինչպես են ընթանում գործերը պարսպի վրա:
 
Լեգոլասը Արագորնի և Էոմերի հետ կանգնած մաքրում էր իր երկար դաշույնը: Ճակատամարտը կարճ ժամանակով դադարել էր, անհաջող գրոհից հետո թշնամիները հետ էին քաշվել:
 
–Քսանմե՛կ,— հայտարարեց Ջիմլին:
 
–Վատ չի,– ասաց Լեգոլասը,– բայց իմ հաշվին արդեն երկու դյուժին սպանված թշնամի կա: Ստիպված եղա, ինչպես տեսնում ես, դաշույնով աշխատել:
 
Էոմերն ու Արագորնը կանգնած էին հոգնած հենված սրերին: Ձախ կողմից՝ պարսպի տակից, ճչոցներ, որոտ ու շառաչյուն լսվեց. ճակատամարտը կրկին սկսվեց: Բայց Հորնբուրգը, ինչպես ժայռը փոթորկվող ծովում, առաջվա պես անսասան կանգնած էր: Դարպասից մի կույտ երկաթի ջարդոն էր մնացել, բայց գերաններից և քարերից պատրաստված արգելապատնեշը դեռ ոչ մի օրք չէր հաղթահարել:
 
Արագորնը նայեց գունատ աստղերին, մայր մտնող լուսնին և ասաց.
 
–Այս գիշերը երկար է ինչպես տարիները: Ինչու՞ է լուսաբացը այսպես հապաղում:
 
–Լուսաբացն արդեն մոտ է,– պատասխանեց նրա կողքին կանգնած Գամլինգը,– բայց վախենում եմ նա մեզ պաշարումից չի ազատի:
 
–Այգաբացը միշտ էլ մարդկանց հույս է բերում,– առարկեց Արագորնը:
Վստահելի
1342
edits