Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 20 050 բայտ, 19:18, 30 Մարտի 2015
Չի տարբերվում Ռոսինանտ նժույգից։
</poem>
 
==Մասն առաջին==
 
 
==Գլուխ I==
 
Ուր պատմվում է հռչակավոր հիդալգո դոն Կիխոտ Լամանչեցու բնույթի և սովորույթների մասին
 
 
Լամանչի մի գյուղում, որի անունը չեմ ուզում հիշատակած լինել, շատ ժամանակ չի անցել, ինչ ապրում էր մի հիդալգո, այն հիդալգոներից, որ ունենում են տոհմական նիզակ, հնադարյան վահան, քնձռոտ ձի և վազկան շուն։ Ճաշին՝ օլյա, որի մեջ շատ ավելի տավարի միս է լինում, քան ոչխարի, ընթրիքին՝ գրեթե միշտ վինեգրետ, շաբաթ օրերը՝ ճարպի հետ պատրաստած ձվածեղ, ուրբաթ օրերը՝ ոսպ, կիրակիները, որպես հավելյալ տեսակ՝ աղավնի, ― և այս ամենը կլանում էր նրա եկամուտի երեք քառորդը։ Մնացածը ծախսվում էր տոն օրերի համար լավ մահուդից կապա, թավշյա վարտիք և նույն կտորից հողաթափ ձեռք բերելու համար։ Շաբաթվա մնացյալ օրերին նա տնայնագործ նուրբ մահուդից զգեստ էր հագնում։ Նրա տանը տնտեսուհի էր կենում, որ քառասունն անց էր, քրոջ աղջիկը, որ քսանին մոտ էր և մի ծառա՝ առտնին ու դաշտային աշխատանքի համար, որի պաշտոնի մեջ մտնում էր՝ թամքել հալիծ ընկած ձին և պարտեզում մկրատ բանեցնել։ Մեր հիդալգոն մոտ հիսուն տարեկան կլիներ, ամուր կազմվածքով, վտիտ մարմնով և նիհար դեմքով՝ նա մոլի որսորդ էր և սիրում էր վաղ վեր կենալ։ Հավատացնում են, թե նրա մականունը Կիխադա կամ Կեսադա է եղել (այս խնդրում նրա մասին գրող հեղինակների միջև որոշ տարաձայնություն կա), սակայն ամենահավանական դատողությունների հիման վրա կարելի ենթադրել, որ նա կոչվելիս է եղել Կեխանա։ Ասենք, մեր վեպի համար դա մեծ նշանակություն չունի․ բավական է, որ մենք մեր պատմությունն անելիս մազաչափ չշեղվենք ճշմարտությունից։
 
Այն էլ պետք է ասել, որ վերոհիշյալ հիդալգոն իր բոլոր ազատ ժամերը (ասել է թե՝ գրեթե ողջ տարին) նվիրելիս էր լինում ասպետական վեպերի ընթերցանության և անձնատուր էր եղել այդ զբաղմունքին այնպիսի ճաշակով ու հաճույքով, որ գրեթե աչքաթող էր արել որսի գնալն ու տնտեսությունը կառավարելը։ Նրա հետաքրքրությունն ու ցնորամտությունն այն աստիճանի էին հասել, որ նա մի քանի օրավար վարելահող էր վաճառել, որպեսզի ընթերցանության համար ասպետական գրքեր գնի, այնպես որ նա տանն ուներ բոլոր վեպերը, որ կարողացել էր գտնել։ Ամենից շատ նա հռչակավոր Ֆելիսիանո դե Սիլվայի հեղինակություններն էր հավանում, որովհետև հիանում էր նրա արձակի փայլից, իսկ նրա խրթին ու մթին դատողությունները մեր հիդալգոյին կատարելություն էին թվում։ Առանձնապես սիրում էր նա կարդալ սիրային նամակներ և մենամարտության կանչելու մասին, որոնց մեջ հաճախ հետևյալ տեղերն էին լինում՝ «Իրավացիությունը, որով դուք այնքան անիրավացի եք իմ իրավունքների նկատմամբ, իմ իրավացիությունն այն աստիճան իրավազուրկ են դարձնում, որ ես ոչ առանց իրավունքի գանգատվում եմ ձեր գեղեցկությունից»։ Պատահել է նրան կարդալ ևս՝ «․․․բարձր երկնակամարը, որ իր աստղերով աստվածայնաբար ամրացնում է ձեր աստվածանմանությունը և արժանացնում է ձեզ արժանիքի, որ արժանի է ձեր մեծությանը․․․»։ Կարդալով այսպիսի նախադասություններ և ճգնելով բաց անել ու հասկանալ նրանց իմաստը՝ մեր խեղճ կաբալյերոն բոլորովին կորցնում էր բանականությունը և անքուն գիշերներ էր անց կացնում, մինչդեռ եթե անգամ ինքը Արիստոտելը դիտմամբ դրա համար հարություն առնելու լիներ, նա էլ բան չէր բաց անի և բան չէր հասկանա։ Դյուրին չէր նրա համար հավատ ընծայել, որ դոն Բելյանիսը բյուրավոր վերքեր է հասցրել ու առել, որովհետև նրան թվում էր, թե ինչքան էլ նրան բուժող բժիշկները ճարտար լինեին, դարձյալ այդ ասպետի դեմքն էլ, մարմինն էլ պետք է ծածկված լինեին սպիներով։ Այնուհանդերձ նա մեծապես գովաբանում էր հեղինակին նրա համար, որ նա գիրքը ավարտում է խոստումով շարունակելու այն անվերջ պատմությունը և հաճախ նրա մեջ ցանկություն էր ծագում վերցնելու գրիչն ու ավարտելու մինչև վերջին բառը, ինչպես խոստացված էր և նա, անշուշտ, կաներ էլ, հաջողությամբ էլ կաներ, եթե նրան չխանգարեին ուրիշ, առավել կարևոր և համառ մտահղացումներ։ Հաճախակի մեր կաբալյերոն վեճ էր ունենում տեղական քահանայի հետ (ուսումնական մի մարդու հետ, որ Սիգուենցայում արժանացել էր աստիճանի) այն մասին, թե ո՞վ է եղել ավելի լավ ասպետ՝ Պալմերին Անգլիացի՞ն, թե Ամադիս Գաղղիացին, սակայն գյուղի դալլաքը՝ վարպետ Նիկոլասը, պնդում էր, որ նրանցից և ոչ մեկը չի կարող համեմատվել ասպետ Ֆեբոսի հետ և թե մեկն ու մեկին կարելի լիներ նրա կողքին դնել, ապա սոսկ դոն Գալաորին, Ամադիս Գաղղիացու եղբորը, որովհետև նա կարող էր ամեն ինչ տանել և այնքան էլ փափկասուն ու լալկան չէր, ինչպես իր եղբայրը, իսկ քաջությամբ նրանից պակաս չէր։
 
Մի խոսքով մեր կաբալյերոն այնքան ընթերցամոլ դարձավ, որ ցերեկը կարդում էր արևածագից մինչև մթնշաղ և գիշերը՝ մթնշաղից մինչև արևածագ։ Եվ ահա անքնությունից և անչափ ընթերցանությունից նրա ուղեղը չորացավ, և նա հասավ խելագարության։ Նրա երևակայությունը լցվեց պատմություններով, որ նա կարդացել էր գրքերում՝ կախարդությամբ, գժտություններով, մարտերով, մենամարտի հրավերներով, վերքերով, քնքուշ ճառերով, սիրային տեսակցություններով, սրտի տվայտանքով և այլ անհնարին դատարկ բաներով։ Նա այն աստիճան մտցրել էր իր գլուխը, թե գրքի ճռճռան և անմիտ հերյուրանքի այդ ողջ կույտը ― զուտ ճշմարտություն է, որ աշխարհիս երեսին և ոչ մի բան նրան ավելի ստույգ չէր թվում, քան այդ պատմությունները։ Նա համաձայնում էր, որ Սիդ Ռուի Դիասը անտարակույս ականավոր ասպետ է եղել, բայց ավելացնում էր, որ նա ո՜ւր, բոցավառ թրի ասպետն ո՜ւր, որը մեկ հարվածով կտրեց֊կիսեց երկու հզոր, հրեշավոր հսկաների։ Նա ավելի էր գնահատում Բեռնարդ դե Կարպիոյին, որովհետև վերջինս Ռոնսևալի կիրճում սպանեց կախարդված Ռոլանդին՝ օգտվելով Հերկուլեսի խորամանկությունից, որ իր գրկում խեղդեց Երկրի որդուն՝ Անթեյին։ Մեծ գովասանքով էր խոսում նա հսկա Մորգանթի մասին, որը, թեպետ հսկաների ցեղից էր ― գոռոզ և հանդուգն էակներից ― այնուամենայնիվ իրեն սիրալիր և կիրթ պահեց։ Սակայն ոչ ոքի նա այնքան հավանություն չէր տալիս, որքան Ռեյլանդո Մոնտալբանացուն։ Նրան առանձնապես դուր էր գալիս, որ սա, դուրս գալով իր դղյակից, կողոպտում էր անցորդներին, որ նրա ձեռքն էին ընկնում, կամ անդրծովյան երկրից հափշտակում էր Մոհամմեդի բագինը, որ ըստ պատմության, զուտ ոսկուց է։ Իսկ դավաճան Գանելոնին մի լավ ծեծ կերցնելու իրավունքի համար նա սիրով կտար իր տնտեսուհուն, վրան էլ՝ քրոջ աղջկան։ Վերջապես միանգամայն ցնդելով, նա այնպիսի տարօրինակ միտք հղացավ, որ դեռևս երբեք աշխարհիս ոչ մի խելագարի գլխում չէր ծագել, այսինքն՝ թե վայել է, նույնիսկ անհրաժեշտ, որ նույնքան իր սեփական փառքի, որքան և հայրենի երկրի շահի համար թափառական ասպետ դառնա, սպառազինվի, ձի հեծնի և գնա աշխարհիս երեսին արկածներ որոնելու, մի խոսքով անելու այն ամենը, որ վեպերում սովորաբար անում են թափառական ասպետները՝ վերականգնի ոտնակոխ ճշմարտությունը, ենթարկվի զանազան պատահականությունների և վտանգների, որ այդպիսով անմահացնի ու փառաբանի իր անունը։ Խեղճը երևակայում էր, թե ի պարգև իր խիզախ գործերի, արդեն օծված է առնվազն Տրապիզոնի թագավորության թագով։ Այս ուրախ անուրջների մեջ սուզված և տարվելով անսովոր վայելքից, որ բերում էին այդ անուրջները, նա աճապարեց իր մտադրությունը գործադրության մեջ դնելու։ Նախ և առաջ նա մաքրեց զենք ու զրահը, որ պատկանելիս է եղել իր նախնիներին և դարերով ընկած լինելով ինչ֊որ անկյունում երեսն ի վայր, ժանգոտել ու բորբոսնել էր։ Նա, ինչքան կարող էր, լավ մաքրեց և նորոգեց, բայց հանկարծ նկատեց, որ մի շատ կարևոր բան պակաս է՝ սաղավարտը առանց երեսկալի էր։ Սակայն այստեղ նրան օգնության հասավ հնարագիտությունը․ նա ստվարաթղթից երեսկալ շինեց ու կպցրեց և դուրս եկավ փակ սաղավարտի պես մի բան։ Չենք ծածկի, որ մեր հիդալգոն ցանկացավ փորձել նրա ամրությունը և պարզել, կարո՞ղ է նա արդյոք դիմանալ մարտում․ այդ նպատակով նա դուրս քաշեց թուրը, երկու հարված հասցրեց և մեկ րոպեում առաջին իսկ հարվածով ոչնչացրեց ամբողջ շաբաթվա աշխատանքը։ Նրան դուր չեկավ, որ սաղավարտը հեշտությամբ կտոր֊կտոր եղավ և նման վտանգից իրեն ապահովելու համար նա նորից շինեց, մեջը երկաթե կտորներ դնելով, այնպես որ վերջ ի վերջո գոհ մնաց ամրությունից և ավելորդ համարելով այլևս փորձելը, հավանություն տվեց իր գործին և ինքն իրեն համոզեց, որ դա իսկական սաղավարտ է, նուրբ գործած, երեսկալով։
 
Ապա նա քննության ենթարկեց իր քնձռոտ ձին, և թեև նա ավելի հիվանդություն ուներ, քան ռեալը՝ կուարտո և ավելի արատ, քան Գոնելլի ձին, որ tantum pellis et ossa fuit, այնուհանդերձ նա համոզված էր, որ իր ձիուն ոչ Ալեքսանդրի Բուցեֆալոն կհասնի, ոչ էլ Սիդի Բաբյեկան։ Չորս օր նա մտմտում էր, թե ինչ անուն տա նրան, որովհետև խորհում էր նա ինքն իրեն, անարդարացի կլինի, որ այսքան հռչակավոր ասպետի այսչափ լավ մի ձի ― երևելի անուն չունենա։ Ուստի նա կամեցավ նրան այնպիսի անուն տալ, որ հենց անունից հասկացվեր, թե ինչ է եղել նա նախքան թափառական ասպետի ձին դառնալը և ինչ է դառել ապա։ Նա խորապես համոզված էր, որ եթե տերը փոխում է իր արհեստը, ուրեմն ձին էլ պիտի փոխի իր անունը և նոր, փառավոր, հնչալուր անուն ստանա, որ համապատասպանի իր տիրոջ նոր աստիճանին ու դիրքին։ Երկար նա զանազան անուններ էր հնարում, խոտանում, դեն գցում, դարձյալ հնարում, մերժում և նորից լարում էր հիշողությունն ու երևակայությունը, մինչև որ կանգ առավ Ռոսինանտ անվան վրա, որ նրան թվաց վեհ, հնչեղ և արտահայտիչ։ Այդ անունը ցույց էր տալիս, որ առաջ նրա ձին հասարակ քնձռոտ մի ձի է եղել, իսկ հիմա աշխարհիս առաջին ձին է դառել և բոլորի առաջը տվել է։
 
Ձիուն այսքան հաջող անուն տալուց հետո նա վճռեց, որ հիմա պետք է իրեն համար անուն հորինի։ Այս մտմտուքի մեջ մի շաբաթ անց կացավ, սակայն վերջապես նա գտավ՝ դոն Կիխոտ։ Ահա թե ինչու այս ճշմարտապատում պատմության հեղինակները, ինչպես արդեն ասված էր, համարում են, որ մեր հիդալգոյի անունը, անտարակույս, Կիխադա և ոչ թե Կիսադա է եղել, ինչպես պնդում են ոմանք։ Սակայն մտաբերելով, որ արի Ամադիսը իրեն համար բավական չհամարեց պարզապես Ամադիս կոչվելը, այլ այդ անվանը կցեց իր հայրենիքի և թագավորության անունը, որպեսզի նրանց փառաբանած լինի և կոչվեց Ամադիս Գաղղիացի, մեր բարի կաբալյերոն էլ որոշեց իր անվանը կցել իր ծննդավայրի անունը և կոչվել դոն Կիխոտ Լամանչեցի։ Այսպիսով ամենքի համար պարզ էր դառնում, թե նա ինչ ազգուտակից է, որով պատիվ էր անում իր հայրենիքին, նրա անունը ― իր մականունը դարձնելով։
 
Եվ ահա, երբ զենքը մաքրված էր, սաղավարտը՝ պատրաստ, ձին նոր անուն էր ստացել և ինքն էլ փոխել ու վավերացրել էր իր անունը, մնում էր գտնել մի տիկին, որին կարելի լիներ սիրահարվել, որովհետև հայտնի է, որ թափառական ասպետն առանց սիրո նման է ծառի՝ առանց տերևի և պտղի կամ մարմնի՝ առանց հոգու։ Նա ասում էր ինքն իրեն՝ եթե որպես պատիժ իմ մեղքերի համար կամ ավելի ճիշտ՝ երջանիկ բախտի բերմամբ ես հանդիպելու լինեմ հսկայի (ինչպես միշտ պատահում է թափառական ասպետներին) և առաջին իսկ ճակատամարտում նրան տապալելու լինեմ կամ երկու կես անեմ կամ վերջապես հաղթեմ և հարկադրեմ խնդրելու, որ խնայեմ իր կյանքը ― հիանալի չի՞ լինի արդյոք նման դեպքերում ունենալ մի տիկին, որին կարելի լիներ հսկային նվեր ուղարկել, որպեսզի նա ներս մտնի իր անուշ իշխանուհու մոտ, ծունկ չոքի և հեզ ու խոնարհ ասի՝ «Ես Կարակուլիամբրո հսկան եմ Մալինդրանիա կղզու արքան․ ինձ մենամարտության մեջ հաղթեց դոն Կիխոտ Լամանչեցի ասպետը, որի սխրագործությունները ամեն գովասանքից գերազանց են։ Նա հրամայեց, որ ներկայանամ ձերդ ողորմածությանը, որպեսզի ձերդ մեծությունը տնօրինի ըստ իր հայեցողության իմ բախտը»։ Ա՜խ, ինչ ցնծությամբ էր մեր բարի ասպետն արտասանում այս ճառը և առավել ևս ցնծաց նա, երբ որ վերջապես գտավ, թե ով պիտի լինի իր սրտի տիրուհին։ Պատմում են, թե հարևան գյուղում ապրելիս է եղել մի շատ սիրունատես ջահել գեղջկուհի, որին նա մի ժամանակ սիրահարված է եղել, թեև գեղջկուհին, լուրերի համեմատ, գլխի չի ընկնելիս եղել և նրա վրա ոչ մի ուշադրություն էլ դարձնելիս չի եղել։ Նրա անունը Ալդոնցա Լորենցո է եղել։ Սրան էլ մեր ասպետը, վճռեց տալ իր սրտի տիրուհու տիտղոսը։ Որոնելով նրա համար նոր անուն, որ նրա սեփական անունից շատ էլ չտարբերվեր և միաժամանակ հիշեցներ որևէ դշխուհու կամ ազնվական սինյորուհու անունը, նա վճռեց անվանել Դուլսինեա Տոբոսցի, որովհետև նրա ծննդավայրը՝ Տոբոսն էր։ Այդ անունը, նրա հայացքով, հնչալուր, նրբին և ոչ պակաս արտահայտիչ էր, քան այլ անունները, որ նա արդեն իսկ հնարել էր։
Ադմին, Վստահելի
1876
edits