Changes
/* Գլուխ V */
― Սինյոր Կիխադա (որովհետև նա այդպես էր կոչվում, քանի խելքը տեղն էր և խաղաղ հիդալգոյից թափառական ասպետ չէր դառել), այդ ո՞վ է ձերդ ողորմածության բուրդը գզել։
― Սակայն դոն Կիխոտը, առանց պատասխանելու, շարունակում էր իր երգը։ Ապա թե բարի մարդը ջանասիրությամբ, որքան որ կարող էր, հանեց նրա կրծկալն ու մեջկալը, որպեսզի տեսնի՝ վիրավորված չի՞ նա արդյոք։ Սակայն ոչ վերք, ոչ արյուն երևաց։ Հետո նա բարձրացրեց նրան գետնից և մեծ դժվարությամբ նստեցրեց իր էշի վրա, որովհետև նրան թվում էր, թե հիվանդի համար էշով գնալն ավելի հանգիստ կլինի, քան ձիով։ Վերջապես նա հավաքեց զենքերը, անգամ նիզակի կտորները, այդ ամենը կապեց Ռոսինանտի թամքին, բռնեց ձիու և էշի սանձերն ու ուղևորվեց դեպի գյուղ, խորհելով խելագար խոսքերի մասին, որ արտասանում էր դոն Կիխոտը։ Սակայն դոն Կիխոտն էլ պակաս մտահոգված չէր գնում, այնքան ջարդված ու տրորված էր, որ հազիվ էր կարողանում փալանի վրա նստած մնալ։ Մերթ ընդ մերթ նա խորը հոգոց էր քաշում, որ ասես հասնում էին երկնքին իսկ։ Այդ մղեց գյուղացուն դարձյալ հարց տալու, թե նրա ինչն է ցավում։ Պետք է կարծել, որ ինքը դևն էր հիշեցնում դոն Կիխոտին զանազան պատմություններ, հար ու նման իր սեփական արկածներին․ որովհետև այդ վայրկյանին նա մոռացավ Բալդովինոյին և մտաբերեց, թե ինչպես Անտեկերայի կառավարիչ Ռոդրիգո դե Նարվա՛եսը բռնել էր մավր Աթինդարբ՛նեսին և բանտարկել իր սեփական դղյակում։ Ուստի երբ որ գյուղացին երկրորդ անգամ հարցրեց նրանից, թե ինչպե՞ս է նրա քեֆը և ի՞նչն է ցավում, նա պատասխանեց նույն բառերով և դարձվածքներով, ինչպես գերի Աբենսերա՛եսը <ref>Աբենսերաե՛ս ― արաբերեն Բենի֊Սիրաշ ― հին մավրիտանական տոհմ, որն աչքի ընկնող դեր է խաղացել Գրանադայի պատմության մեջ XV դարում։ Նրա հետ կապված ավանդույթներից մեկը Շատոբրիանի «Les aventures du dernier Abencerage» (հրատ․1826 թ․) վեպի համար թեմա է ծառայել։</ref> պատասխանեց Ռոդրիգո դե Նարվա՛եսին Խորգե դե Մոնտեմայորի «Դիանայի» մեջ, որ մեր ասպետը կարդացել էր։ Եվ նա այնքան աջող գործադրեց իր նկատմամբ այդ տեղը, որ գյուղացին անմտությունների այդ կույտը լսելով, պատրաստ էր հոգին սատանին վաճառելու։ Ահա այստեղ նա գլխի ընկավ, որ իր հարևանը ցնդել է և շտապեց շուտ տուն հասնել, որովհետև դոն Կիխոտի երկար ու բարակ ճառերը նրան սաստիկ ձանձրացրել էին։ Իսկ դոն Կիխոտը ի վերջո հայտարարեց․
― Իմացած եղեք, ձերդ ողորմածություն, սինյոր դոն Ռոդրիգո դե Նարվաե՛ս, որ գեղեցկուհի Խարիֆան, որի մասին ես նոր ասում էի ձեզ, այժմ չքնաղ Դուլսինեա Տոբոսացին է, ի պատիվ որի ես կատարեցի, կատարում եմ և կատարելու եմ այնպիսի փառավոր սխրագործոըթյուններ, որ ոչ ոք աշխարհիս երեսին չի տեսել, չի տեսնում և չի տեսնի երբեք։