Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 20 067 բայտ, 16:00, 4 Ապրիլի 2015
/* Գլուխ VIII */
Այդ ասելը, թուրը քաշելը, վահանով մի լավ ծածկվելը և բիսկայեցու վրա հարձակվելը միաժամանակ եղավ։ Դոն Կիխոտը որոշել էր իր ամեն ինչ վտանգել՝ գործը մեկ հարվածով ավարտելու համար։ Իր հակառակորդի տեսքից բիսկայեցին կռահեց նրա խիզախ մտադրությունը և երդվեց ոչ նվազ քաջությամբ դիմադրել հարձակմանը։ Բարձով լավ ծածկված՝ նա սպասում էր թշնամուն, տեղում կանգնած, չկարողանալով իր ջորու գլուխը ծռել ո՛չ աջ, ո՛չ ձախ, որովհետև կենդանին անկարող էր մի քայլ անելու՝ այնքան հյուծված էր և անսովոր նմանօրինակ խաղերի։ Ուրեմն, ինչպես ասացինք, դոն Կիխոտը հարձակվեց խորամանկ բիսկայեցու վրա, բարձրացնելով սուրը և պատրաստելով նրան կտրել֊երկու կտոր անել, իսկ բիսկայեցին սպասում էր, դեմ անելով բարձը և նույնպես սուրը բարձր պահելով, մինչդեռ հանդիսատեսները, ահից շունչները պահած, սպասում էին, թե վերջապես երբ պիտի իջնեն օդում սպառնալիորեն կախված այս սրերը։ Կառքի տիկինը և նրա նաժիշտները աղոթում էին և զանազան ուխտեր անում Իսպանիայի բոլոր աստվածահաճո և սուրբ բնակիչներին, միայն թե տեր Աստված ազատի նրանց և կառապանին այդ սարսափելի վտանգից։ Բայց հենց ցավն էլ այն է, որ այդ իսկ տեղում մեր պատմության հեղինակը ընդհատում է մեր մարտի նկարագրությունը, արդարանալով, որ չի աջողել դոն Կիխոտի գործերի մասին սրանից բացի այլ տեղեկություններ քաղել։ Ճիշտ է, այս աշխատասիրության երկրորդ հեղինակը չէր կարող հավատ ընծայել, որ այսքան հետաքրքրական պատմություն կարող է մոռացության մատնված լինել և որ Լամանչի սուրբ մտքերը կարող էին մինչ այն աստիճան անհետաքրքիր եղած լինել, որպեսզի իրենց դիվաններում ու մատենադարանում պահած չլինեին որևէ ձեռագիր այդ հռչակավոր ասպետի վերաբերյալ։ Այդ նկատառումներով նա հույսը չկտրեց այս հետաքրքրաշարժ պատմության վերջավորությունը գտնելու։ Եվ իրոք, ողորմած երկնքի օգնությամբ, նա գտավ, իսկ թե ինչպես, այդ կպատմենք երկրորդ մասում։<ref>«Դոն Կիխոտի» առաջին հատորը Սերվանտեսը բաժանել է չորս՝ ոչ բոլորովին հավասար մասերի, I մաս՝ գլ․ 1-8, II մաս՝ գլ․ 9-14, III մաս՝ գլ․ 15-27 և IV մաս՝ գլ․ 28-52։</ref>
 
 
==Գլուխ IX==
 
Որ պատմում է քաջ բիսկայեցու և արի Լամանչեցու զարմանալի մարտի վերջն ու վախճանը
 
 
Այս պատմության առաջին մասում մենք խիզախ բիսկայեցուն և փառապանծ դոն Կիխոտին թողինք այն վայրկյանին, երբ նրանք պատյանից հանած սրերը քաշել էին իրար վրա և պատրաստվել այնպիսի կատաղի հարված հասցնել, որ եթե նրանք վահան չունենային, անշուշտ իրար մեջտեղից կկիսեին նռան պես։ Այդ վճռական վայրկյանին մեր հետաքրքրական պատմությունն ընդհատվեց և հեղինակը չհաղորդեց անգամ, թե որտեղ կարելի է գտնել շարունակությունը։
 
Այս հանգամանքը ինձ ծայր աստիճան վշտացրեց և այն հաճույքին, որ ես ստացա կարճատև ընթերցանությունից, հաջորդեց տհաճություն, երբ որ միտք արի, թե ի՜նչ դժվարին ուղի է սպասում ինձ, որպեսզի գտնեմ այդ հետաքրքրաշարժ պատմության պակաս և, ինչպես կարծում էի, շատ ստվար մասը։ Սակայն ինձ անհնար ու բոլոր կանոններին հակառակ էր թվում, որ այդքան արի մի ասպետ չունենար գիտնական մի մարդ, որ իր վրա վերցներ այդպիսի չտեսնված սխրագործությունների նկարագրությունը․ մի բան, որ չի պակասել թափառական ասպետներից և ոչ մեկին, կամ, ինչպես ասում են, արկածների ետևից ընկածներին, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ունեցել է մեկ կամ երկու իմաստուն ծերունի, որ ոչ միայն նկարագրել են նրանց սխրագործությունները, այլև նրանցից չեն վրիպել նրանց ամենաանշան և ամենագաղտնի մտքերը և նրանց մանկական չարաճճիությունները։ Հո չէ՜ր կարող այսքան մի արի ասպետ չունենալ այն, ինչ որ առատ ունեին Պլատիրն ու նրա նմանները։ Ուստի, ես չէի կարողանում հարկադրել ինքս ինձ հավատալու, որ այդպիսի գերազանց պատմություն մնացած լիներ հատված և հաշմանդամացած և ողջ մեղքը նենգ ժամանակի վրա էի գցում, որը աշխարհիս ամեն ինչը կլանում ու ոչնչացնում է։ Անշուշտ, մտածում էի ես, ժամանակը կամ ոչնչացրել է այդ պատմությունը, կամ թաքցրել մեզնից։
 
Մյուս կողմից, մտաբերելով, որ դոն Կիխոտի գրքերի միջև այնպիսի արդիական երկեր կային, ինչպես Միջոց խանդի դեմ կամ Հենարեսի Նիմֆերն ու հովիվները, ես ենթադրում էի, որ նրա պատմությունն էլ չպետք է շատ հին լինի և որ եթե ոչ ոք գրի առած էլ չլինի, այնուամենայնիվ, նրա հայրենի ավանի և շրջակայքի բնակիչների հիշողության մեջ պետք է որ այդ պատմությունը մնացած լինի։ Այդ մտքերն ինձ շփոթեցնում էին և հրահրում իմ տենչը մեր փառապանծ իսպանացի դոն Կիխոտ Լամանչեցու կյանքի և հրաշքների մասին իմանալ զուտ ճշմարտությունը։ Չէ՞ որ նա Լամանչի ասպետության լուսատուն և հայելին էր, առաջինը, որ մեր դարում և մեր աղետավոր ժամանակում նվիրեց իրեն թափառական ասպետության դժվարին գործին, վրեժ լուծելով վիրավորողներից, օգնելով այրիներին և պաշտպանելով կույսերին։ Խոսքս այն կույսերի մասին է, որ հին ժամանակ մտրակը ձեռքին յորդա ձի հեծած, իրենց կուսության բեռը ուսերին, չափում էին սար ու ձորեր։ Եվ եթե որևէ շրջմոլիկ, սրիկայի մեկը կամ հրեշավոր մի հսկա չէր բռնաբարում նրանց, ապա ութսունամյա մոլորումներից հետո, բոլոր այդ ժամանակվա ընթացքում տանիքի տակ և ոչ մի գիշեր չքնած, գերեզման էին իջնում նույնքան կույս, որքան նրանց ծնող մայրը։ Այս և շատ ուրիշ հիմունքներով ես պնդում եմ, որ մեր արի դոն Կիխոտը արժանի է հավերժական և երջանկահիշատակ գովասանքի, ասենք ի՛նձ էլ վատ չէր լինի գովել այն աշխատանքի և ջանասիրության համար, որ թափել եմ այս հաճելի պատմության վերջավորության որոնումներում։ Թեև ես հավատացած եմ, որ եթե երկինքն ու բախտն ինձ օգնած չլինեին, աշխարհս զուրկ կմնար զվարճալիք ու բովանդակությունից, որ այժմ, գրեթե երկու ժամի ընթացքում կարող է վայելել յուրաքանչյուր ոք, ով ուշի֊ուշով կարդա այս պատմությունը։ Իսկ այդ վերջավորությունը ես ահա թե ինչպես գտա։
 
Մի անգամ Տոլեդոյում դուրս եկա Ալկանա փողոցը և պատահաբար տեսա մի տղա, որ մի մետաքսավաճառի առաջարկում էր գնել հին տետրակներ ու թղթեր։ Իսկ որովհետև ես ընթերցանության սիրահար եմ և անգամ փողոցում ընկած թղթի կտորներն եմ կարդում, ապա իմ բնական հակումից դրդված՝ ես վերցրի տղայի ծախու տետրակներից մեկը և տեսա, որ գրված է արաբական գրերով։ Թեև ես գիտեյի, որ արաբերեն է գրած, այնուհանդերձ կարդալ չէի կարող։ Եվ ահա սկսեցի որոնել որևէ մորիսկ, որ նրանից խնդրեմ կարդա։ Նման թարգմանիչ գտնելը այնքան էլ դժվար բան չէր մի վայրում, որտեղ կգտնվեին թարգմանիչներ ուրիշ լեզուներից էլ, սրանից ավելի լավ և ավելի հին։ Շուտով բախտը ինձ դեմ արեց այդպիսի մեկին, որ իմանալով, թե ինձ ինչ է հարկավոր, վերցրեց ձեռքիցս տետրակը, բաց արեց մեջտեղը, մի քիչ կարդաց և սկսեց ծիծաղել։ Ես հարցրի նրանից, թե ինչի վրա է ծիծաղում և նա պատասխանեց, թե մի նախադասության վրա, որ գրված է լուսանցքի վրա՝ որպես ծանոթություն։ Ես խնդրեցի նրանից, որ թարգմանի և նա, շարունակելով ծիծաղը, ասաց․
 
Այստեղ, լուսանցքի վրա, ինչպես ես նոր ասացի, գրված է հետևյալը՝ «Այս Դուլսինեա Տոբոսցին, որ այնքան հաճախ հիշատակվում է ներկա պատմության մեջ, ըստ լուրերի, խոզի միսը աղ դնելու մեջ այնպիսի վարպետ էր, որ ողջ Լամանչում նրա նման կին չկար»։
 
Լսելով Դուլսինեա Տոբոսցու անունը՝ ես զարմացա և ապշեցի, որովհետև իսկույն կռահեցի, որ այս տետրը պարունակում է դոն Կիխոտի պատմությունը։ Այս մտքից մղված ես խնդրեցի նրանից, որ շուտով կարդա վերնագիրը և նա, կատարելով իմ ցանկությունը, ուղղակի արաբերենից թարգմանեց իսպաներեն, որ հնչում էր այսպես՝ «Դոն Կիխոտ Լամանչեցու պատմությունը, շարադրություն արաբ պատմիչ Սիդ Համիտ Բենենխելիի»։<ref>Էնխելի արաբական ածական է, որ համապատասխանում է իսպաներեն սերվալ կամ սերվանտեո բառերին, որոնց արմատն է՝ սերվո, այսինքն եղջերու։ Սերվանտեսն այդպիսով թաքցրել է իր անունը արաբերեն համանուն միջոցով։</ref> Ինձ հարկավոր եկավ իմ ողջ զսպվածությունը, որպեսզի թաքցնեմ ուրախությունս, որ այդ վայրկյանին համակեց ինձ, երբ ես լսեցի այդ գրքի վերնագիրը։ Եվ, վազելով մետաքսավաճառի մոտ, ես կես ռեալով գնեցի տղայից նրա բոլոր թղթերն ու տետրակները։ Եթե նա ավելի հասկացող լիներ և գլխի ընկներ, թե ի՜նչ ցանկություն կար մեջս ձեռք բերելու նրանց, նա կարող էր ինձնից վեց ռեալից ավելի պահանջել և կստանար։ Ապա, մորիսկի հետ ես հեռացա վանքի բակը և խնդրեցի նրանից թարգմանել իսպաներեն ինձ համար բոլոր տետրակները, որոնց մեջ պատմվում էր դոն Կիխոտի մասին, ոչինչ բաց չթողնելով և ոչինչ չավելացնելով։ Ես նրան առաջարկեցի, որ կվճարեմ նրան՝ ինչքան նա ուզի։ Նա բավարարվեց երկու արրոբ չամիչով և երկու ֆանեգ ցորենով՝<ref>Արոբա ― հավասար է 12 ½ կիլոգրամի, ֆանեգան՝ 55 ½ լիտրի։</ref> խոստանալով լավ թարգմանել՝ ճշգրիտ և ամենակարճ ժամանակամիջոցում։ Սակայն այդ գործը դյուրացնելու, ինչպես և երջանիկ գյուտը ձեռքից բաց չթողնելու համար, ես մորիսկին բնակեցրի տանս և այստեղ, մի քիչ ավելի, քան մեկուկես ամսում, նա բառացի, ինչպես ես այստեղ բերում եմ, թարգմանեց ողջ այդ պատմությունը։
 
Առաջին էջի վրա նկար կար, որ շատ բնական ներկայացնում էր դոն Կիխոտի մարտը բիսկայեցու դեմ, հակառակորդները նկարված էին նույն դիրքով, ինչպես ասված է պատմության մեջ՝ երկուսն էլ վեր քաշած թրերով, մեկը՝ ծածկված վահանով, մյուսը՝ բարձով։ Բիսկայեցու ջորին նկարված էր այնպես, ասես կենդանի լիներ, այնպես որ հրացանի զարկի հեռավորությունից երևում էր, որ վարձու է։ Բիսկայեցու պատկերի տակ մակագրված էր՝ Դոն Սանչո դե Ասպեյտյա ― այդպես է եղել անտարակույս, նրա անունը, իսկ Ռոսիսնանտի ոտների տակ ուրիշ մակագրություն կար՝ Դոն Կիխոտ։ Ռոսինանտը երևելի էր նկարված՝ այնքան երկար ու ձիգ, այնքան նիհար ու հյուծված, ողնաշարն այնքան դուրս ցցված, այնքան հալիծ ընկած, մի խոսքով՝ կաշի և ոսկոր, այնպես որ իսկույն հասկանալի էր դառնում, որ «Ռոսինանտ» անունը տեղին և ըստ արժանվույն է նրան տրված։ Նրա կողքին կանգնած էր Սանչո Պանսան՝ իր իշի սանձը ձեռքին, և նրա ոտների տակ մակագրված էր՝ Սանչո Սանկաս։ Պատկերից դատելով նա մեծ փոր ուներ, կարճ իրան և բարակ ու երկար ոտներ, դրա համար էլ, երևի, նրան կոչել են՝ Պանսա և Սանկաս․<ref>Panza ― նշանակում է «փոր», Zanca` «երկար ոտք կամ թաթ (հատկապես թռչնի)։</ref> մականուններ, որ շարունակ հանդիպում են այդ պատմության մեջ։ Կարելի էր ուրիշ մանրամասնություններ էլ նշել, սակայն նրանք այնքան էլ կարևոր չեն և պատմության անցքերի ճշմարտապատում շարադրության մեջ աննշան տեղ են գրավում։ Իսկ այդ պատմությունը վատ չէ, որովհետև ճշմարտապատում է։
 
Միակ առարկությունը, որ կարելի է անել նրա ստույգության դեմ, այն է, որ գրի առնողն արաբ է, իսկ այդ ցեղը բնականից ստասաց է։ Սակայն արաբները մեր ոխերիմ թշնամիներն են, և ավելի շատ կարելի է ենթադրել, որ հեղինակը մի բան բաց թողած լինի, քան ավելացրած։ Այդ է, գոնե, իմ կարծիքը, որովհետև այնտեղ, որտեղ հեղինակը կարող էր և պետք է որ ազատություն տար իր գրչին՝ մեր արի ասպետին գովաբանելու, նա կարծես թե դիտմամբ լռություն է պահպանում։ Մի՞թե դա վատ արարք չէ և չարամիտ մտադրություն չէ, եթե նկատի առնելու լինենք, որ պատմաբանները պարտավոր են և պետք է որ ճշգրիտ ճշմարտապատում և անաչառ լինեն, և ո՛չ հաշիվը, ո՛չ երկյուղը, ո՛չ քենը, ո՛չ կիրքը չպետք է նրանց հանեն ճշմարտության ուղիղ ճամփից, մեր գործերի գանձարանը, անցյալի վկան, օրինակ և խրատ ներկայի համար և նախազգուշացում՝ գալիքի։ Եվ ես գիտեմ, որ այդ պատմության մեջ դուք ամեն ինչ կգտնեք, ինչ որ սովորաբար որոնում են ամենահետաքրքրաշարժ վեպերում։ Իսկ եթե նրա մեջ որևէ թերիներ լինեն, ապա մեղքը, հավատացած եմ, նյութինը չէ, այլ շուն֊հեղինակինը։ Վերջապես, պատմության երկրոդ մասը թարգմանաբար այսպես է սկսվում։
 
Երբ որ մեր խիզախ և ցասկոտ հակառակորդները իրենց սուր թրերը քաշեցին, կարելի էր կարծել, որ նրանք սպառնում են երկնքին, երկրին և անգամ դժոխքին՝ այնքան արիություն ու վճռականություն կար նրանց դիրքում։ Առաջինը տաքարյուն բիսկայեցին հարված հասցրեց, այն էլ այնպիսի զորությամբ ու կատաղությամբ, որ եթե թուրը նրա ձեռքում շուռ չգար, այդ մի հատիկ հարվածը վերջ կտար ոչ միայն նրանց դժնդակ մենամարտությանը, այլև մեր ասպետի բոլոր արկածներին։ Սակայն հետագա մեծ գործերի համար դոն Կիխոտին պահպանող բարի բախտը շուռ տվեց նրա հակառակորդի ձեռքում թուրն այնպես, որ հարվածը նրա ձախ ուսին դիպավ և մեծ վնաս չհասցրեց։ Միայն թե այդ ուսից պոկվեցին բոլոր զրահները, իր վահանի մի մասն ու ականջի կեսը կտրվեցին։ Այդ բոլոր առարկաները շռինդով ընկան գետին, և մեր ասպետը շատ տխուր վիճակում մնաց։
 
Տեր Աստված, կգտնվի՞ այնպիսի մարդ, որ կարողանար արժանավոր կերպով նկարագրել կատաղությունը, որով լցվեց մեր Լամանչեցու սիրտը, երբ որ նա տեսավ, թե ինչ օրի գցեցին իրեն։ Գալով ինձ՝ կասեմ միայն, որ դոն Կիխոտը նորից կանգնեց ասպանդակների վրա, ավելի ուժգին երկու ձեռքով սեղմեց թուրը և այնպիսի կատաղությամբ հարվածեց բիսկայեցու բարձին ու գլխին, որ հակառակորդին, չնայած որ լավ ծածկված էր, թվաց, թե նրան մի ամբողջ սար է ճզմել։ Նրա քթից, բերնից ու ականջներից արյուն թափվեց, նա երերաց և անշուշտ վայր կընկներ գետին, եթե իր ջորու պարանոցը բռնած չլիներ։ Չնայած դրան, այնուամենայնիվ, նրա ոտները դուրս սլքեցին ասպանդակներից, ձեռները կախ ընկան, իսկ ջորին, վախեցած այս սարսափելի հարվածից, սլացավ դաշտը քացի տալով և վերջ ի վերջո հեծածին գետնին գցեց։
 
Դոն Կիխոտը նայում էր այդ ամենին խորին հանգստությամբ, իսկ երբ որ բիսկայեցին վայր ընկավ, նա ձիուց ցած թռավ, թեթև վազեց նրա մոտը և թրի ծայրը նրա երկու աչքերի մեջտեղը դնելով՝ հրամայց, որ անձնատուր լինի, սպառնալով, որ հակառակ դեպքում նրա գլուխը կկտրի։ Բիսկայեցին այն աստիճան շշմած էր, որ չկարողացավ մի խոսք արտասանել, ցասումն այնքան էր կուրացրել դոն Կիխոտին, որ նրա բանն անշուշտ շատ վատ կլիներ, եթե կառքի տիկինները, որոնք հևիհև հետևում էին մենամարտությանը, չմոտենային մեր ասպետին և թախանձագին չխնդրեին, որ իբրև ողորմություն իրենց շնորհվի իրենց ծառայի կյանքը։ Դոն Կիխոտը ի պատասխան, ծանր ու մեծ արժանապատվությամբ ասաց․
 
― Իհարկե, գեղեցիկ տիկիններ, ես մեծ ուրախությամբ կկատարեմ ձեր խնդիրքը։ Բայց ես մեկ պայման կդնեմ՝ այս ասպետը պիտի խոստանա ինձ, որ կերթա Տոբոսո կոչվող գյուղը, կներկայանա իմ անունից աննման տիրուհի Դուլսինեային, որը կտնօրինի նրա բախտը, ինչպես կամենա։
 
Ահաբեկված և վշտացած տիկինները, կարգին գլխի չընկնելով, թե նրանցից ինչ է պահանջվում, անգամ հարց ու փորձ չանելով, թե ինչ ազգուտակից է այդ Դուլսինեան, խոստացան, որ իրենց զինակիրը ճշտությամբ կկատարի նրա հրամանը։
 
― Հավատալով ձեր խոսքին, ― ասաց դոն Կիխոտը, ― ես այլևս նրան վնաս չեմ տա, թեև նա շատ֊շատ արժանի է դրան։
Ադմին, Վստահելի
1876
edits