Changes
/* Գլուխ XV */
Եվ երեսուն անգամ ախ ու վախ քաշելուց, վաթսուն հոգվոցից և հարյուրքսան անեծքից հետո նրա հասցեին, ով որ նրան այդ գործի մեջ գցեց, նա վեր կացավ, բայց ճամփի կիսին կորացավ, ասես տաճկական աղեղ լիներ, ուժ չունենալով շտկվելու։ Մեծամեծ ճիգերով նա սանձեց ու փալանեց էշին, որը այդ օրը տեղի ունեցած անկարգության հետևանքով, ասես շփոթված, թափառում էր մի քիչ հեռու։ Ապա Սանչոն բարձրացրեց Ռսինանտին, որը, եթե գանգատվելու համար լեզու ունենար, այդ գործում Սանչոյից և նրա տիրոջից հետ չէր մնա։ Ի վերջո Սանչոն դոն Կիխոտին պառկեցրեց էշի վրա, ետևից կապեց Ռոսինանտին և բռնելով էշի սանձը, մի կերպ քարշ եկավ այն կողմը, որտեղ, թվում էր նրան, թե պիտի անցներ մեծ ճամփան։ Հազիվ մեկ մղոն անցած լիներ նա, ինչ բախտը, որ նրան մեկ բարիքից դեպի մյուսն էր տանում, հանեց նրան այն ճամփան, որի վրա շուտով նրանք մի իջևան տեսան, որ դոն Կիխոտին (և բնավ ոչ Սանչոյին) դղյակ թվաց։ Սանչոն հավատացնում էր, թե դա իջևան է, իսկ նրա տերը՝ թե դա դղյակ է։ Եվ այնքան երկար տևեց նրանց վեճը, որ նրանք առանց ավարտելու տեղ հասան, և Սանչոն առանց հարցնելու, թե ուր է ընկել, անցավ բակը իր ամբողջ գումակով։
==Գլուխ XVI==
Թե ինչ պատահեց հնարամիտ իդալգոյին իջևանում, որ նա դղյակի տեղ ընդունեց
Իջևանի տերը, տեսնելով էշի վրա խուրջինի պես ընկած դոն Կիխոտին, հարցրեց Սանչոյից, թե ինչ դժբախտություն է պատահել այդ մարդուն։ Սանչոն պատասխանեց, որ առանձին դժվախտություն չի պատահել նրան, այլ պարզապես վայր է ընկել ժայռից և կողքը մի քիչ ցավացրել։ Տերը կին ուներ, որ նման չէր իր արհեստը բանեցնող կանանց, որովհետև բնականից շատ սրտացավ էր և մերձավորի ցավին ցավակցող։ Ուստի նա շտապեց օգնության հասնելու դոն Կիխոտին և հրամայեց իր աղջկան՝ ջահել ու սիրունիկ մի աղջկա, որ խնամի կենվորին։ Նույն իջևանում մի աստուրիացի աղջիկ էլ էր ծառայում՝ լայնադեմ, քիթը վեր ծռած, տափակ ծոծրակով, մեկ աչքով կույր, ասենք՝ մյուսն էլ մի բան չէր։ Ճիշտ է, լավ կազմվածքը վարձատրում էր այս թերությունները, գլխից մինչև կրունկները, նրա հասակը յոթ չարեքից պակաս էր, իսկ ուսերը ծառանում էին սապատի պես՝ հարկադրելով նրան նայել գետնին ավելի, քան նա կկամենար։ Այս գեղատեսիլ աղջիկը տանտիրոջ աղջկան սկսեց օգնել և նրանք երկուսով դոն Կիխոտի համար հիանալի անկողին փռեցին վերնահարկում, որ, բոլոր նշաններիվ երևում էր, երկար ժամանակ դարմանի պահեստ էր եղել։ Նույն տեղը գիշերում էր մի ջորեպան ևս, որի անկողինը դոն Կիխոտի տեղից մի քիչ հեռու էր։ Եվ թեև նրա տեղը ջորիների փալաններից և քեչաներից էր շինած, դարձյալ դոն Կիխոտի անկողնուց շատ լավն էր։ Դոն Կիխոտի մահճակալը չորս հատ վատ ռանդած տախտակ էր, որոնք դրված էին երկու ոչ հավասար ոտների վրա և մի դոշակ՝ գործած վերմակի հաստությամբ, որ լիքն էր գունդերով, որոնց, ըստ նրանց պնդության, կարելի էր քարերի տեղ դնել, եթե ծակոտիներից բուրդը դուրս գալու չլիներ։ Ի լրացումն՝ երկու սավան, երևի թե գոմշի կաշուց և մի վերմակ, որի բոլոր թելերը կարելի էր համարել, առանց սխալից վախենալու։
Սատանի այդ անկողնում պառկեց դոն Կիխոտը, և իսկույն տանտիրուհին ու նրա աղջիկն սկսեցին նրան վերից վար սպեղանի կպցնել, մինչղեռ Մարիտորնեսը (այդպես էր աստուրիացի աղջկա անունը) բռնել էր ճրագը։ Այդ գործողության միջոցին, դոն Կիխոտի մարմնի վրա բազմաթիվ կապտած տեղեր տեսնելով, տանտիրուհին հայտարարեց, որ դրանք ավելի հարվածի, քան թե վայր ընկածի հետքի են նման։
― Իսկի էլ հարվածի տեղեր չեն, ― պատասխանեց Սանչոն, այլ պարզապես ժայռը սփռված է եղել սուր֊սուր քարերով և դուրս ցցված տեղերով, որոնցից յուրաքանչյուրը մի֊մի կապտած տեղ է թողել։
Սրան նա ավելացրեց․
― Բաիր եղեք, տանտիկին ջան, այդ խծուծից մի քիչ պահեք։ Մեկն ու մեկին հարկավոր կգա, որովհետև իմ գոտկատեղն էլ է կոտրատվում։
― Դուրս է գալիս, ուրեմն, որ դո՞ւք էլ եք վայր ընկել, ― հարցրեց տանտիրուհին։
― Վայր ընկնելը ես վայր չեմ ընկել, ― պատասխանեց Սանչո Պանսան, ― միայն թե հենց տեսնելուց, թե ինչպես է վայր ընկնում իմ տերը, ինձ այնպես թափահարեց, որ ողջ մարմինս ցավեց, կարծես թե հազար փայտի հարված կերա։
― Կպատահի, ― ասաց աղջիկը։ ― Ինձ էլ է հաճախ պատահում երազ տեսնել, իբրև թե վայր եմ ընկնում աշտարակից և չեմ կարողանում վայր ընկնել֊պրծնել և երբ որ հետո արթնանում եմ, այնպես եմ ջարդված լինում, և մարմինս այնպես է կոտրատվում, ասես թե իսկ որ վայր եմ ընկել։
― Բանն էլ այն է, տիրուհի, ― ասաց Սանչոն, ― որ առանց երազի, այլ ուղղակի արթմնի, ոնց որ հիմա, մարմինս կապտեց ոչ պակաս, քան դոն Կիխոտինը՝ իմ տիրոջինը։
― Այս կաբալյերի անունն ի՞նչ է, ― հարցրեց աստուրեցի Մարիտորնեսը։
― Դոն Կիխոտ Լամանչեցի, ― պատասխանեց Սանչո Պանսան։ ― Նա թափառական ասպետ է, աշխարհիս երեսին տեսնվածներից ամենափառավոր և հզոր ասպետներից մեկը։
― Իսկ ի՞նչ բան է թափառական ասպետը, ― դարձյալ հարցրեց սպասուհին։
― Ի՜նչ միամտություն, ― բացականչեց Սանչո Պանսան, ― մի՞թե երբեք չեք լսել։ Դե, իմացած եղեք, քույրիկ, թափառական ասպետն այնպիսի բան է, որ աչք ճպելու ժամանակ չես ունենա, ինչ նա կարող է և՛ ծեծ ուտել, և՛ կայսր դառնալ։ Այսօր նա ամենադժբախտ և թշվառ էակն է աշխարհիս երեսին, իսկ վաղը նա իր զինակրի համար երեք֊չորս թագավորություն կունենա՝ դե, ընտրի՛ր։
― Այդ ինչպե՞ս է, ― հարցրեց տանտիկինը, ― որ ձեր տերը այդպիսի կարևոր անձնավորություն է, իսկ դուք, ինչպես ես տեսնում եմ, իսկի մի կոմսություն էլ չեք ձեռք գցել։
― Այդ այդքան էլ արագ չի կատարվում, ― պատասխանեց Սանչոն։ ― Մենք հազիվ մի ամիս է, ինչ արկածախնդրության ենք ելել և մինչև հիմա մի կարգին արկածի չենք հանդիպել։ Երբեմն լինում է, որ մեկ բանի հետևից ես գնում, իսկ բոլորովին ուրիշն ես գտնում։ Բայց ճիշտ եմ ասում, եթե միայն իմ տիրոջ, դոն Կիխոտի վերքերն առողջանան, որ վայր ընկնելուց եղավ, ես էլ կենդանի մնամ, ես իմ հույսերը չեմ փոխի Իսպանիայի առաջնագույն իշխանությաը։
Բոլոր այս խոսակցության ուշի֊ուշով ականջ էր դնում դոն Կիխոտը։ Դժվարությամբ բարձրանալով իր անկողնում, նա բռնեց տանտիրուհու ձեռքն ու ասաց․
― Հավատացեք, չքնաղ տիրուհի, դուք կարող եք երջանկություն համարել, որ ձեր դղյակում ինձ պես մի անձնավորության ապաստան եք տվել, որովհետև եթե ես ինքս ինձ չեմ գովում, ապա միայն այն պատճառով, որ, ինչպես ասում են, գովասանքն ինքն իրեն ստորացնում է։ Սակայն իմ զինակիրը կպատմի ձեզ, թե ես ով եմ։ Ես միայն այն կասեմ, որ առհավետ կտպավորվի իմ հիշողության մեջ ինձ մատուցած ձեր ծառայությունը և որ ողջ կյանքումս ես ձեզնից շնորհակալ կմնամ։ Եվ եթե սերը ինձ արդեն կաշկանդած չլիներ և խստսիրտ գեղեցկուհու, որի անունը ես հիմա շշնջում եմ, աչերի զորությամբ ինձ իր օրենքին ենթարկած չլիներ, ապա այս չքնաղ աղջկա աչքերը իմ ազատության տերերը կդառնային։
Տանտիկինը, նրա աղջիկն ու բարի Մարիտորնեսը շփոթված լսում էին թափառական ասպետի խոսքերը, որոնք նրանց համար նույնքան անըմբռնելի էին, որքան եթե նա հունարեն խոսելիս լիներ, թեև ըստ ամենայնի երևում էր, որ խոսքը ինչ֊որ շնորհակալության և սիրալիրության մասին է։ Արտահայտվելու նման ձևին անսովոր լինելով, նրանք թողին նրան և աստուրիացի Մարիտորնեսն զբաղվեց Սանչոյով, որ կարոտ էր օգնության ոչ պակաս, քան իր տերը։
Դեռ սրանից առաջ ջորեպանն ու Մարիտորնեսը համաձայնել էին միասին գիշերելու, և աղջիկը տղին խոսք էր տվել, որ հենց որ իջևանողները պառկեն և տերերը քնեն, կգա նրա մոտ, որ բավարարի նրա ցանկությունը։ Այդ լավ աղջկա մասին ասում էին, թե ամեն անգամ, երբ նա նման խստում էր անում, կատարում էլ էր, եթե անգամ խուլ տեղում և առանց վկաների էր արված լինում, որովհետև նա շատ էր պարծենում, որ ազնվական է<ref>Աստուրիայի հիմնական բնակչությունը, որ խուսափել էր արաբական նվաճումից, շատ էր գոռոզանում իր ազնվացեղ և զտարյուն լինելուց։</ref> և պախարակելի չէր համարում իրեն համար ծառայությունը իջևանում, ասելով, որ միմիայն չար բախտը և վատ հանգամանքներն են նրան այդ վիճակին հասցնել։
Դոն Կիխոտի չոր, նեղ, աղքատիկ և երերուն անկողինը մուտքի մոտ հենց առաջինն էր այս աստղազարդ գոմում, իսկ մյուս կողմում Սանչոն իր անկողինն էր սարքել, որ բաղկացած էր մի խսիրից և մեկ վերմակից, որ, ավելի շուտ կտավից էր, քան բրդից։ Քիչ հեռու ջորեպանի անկողինն էր, որ, ինչպես մենք ասացինք, թամքերից և նրա լավագույն երկու ջորիների այլ պարագաներից էր սարքված։ Ջորեպանը քսան ջորի ուներ՝ հարթ, խոշոր, գեր, որովհետև նա ամենահարուստ արևալցի<ref>Արե՛վալո ― հին Կաստիլիայի մի փոքրիկ քաղաք, ընկած է Վալյադոլիդի և Ավիլայի միջև։</ref> ջորեպաններից մեկն էր, ինչպես հաղորդում է այս պատմության հեղինակը, որ մանրամասն խոսում է այս ջորեպանի մասին, որովհետև նա լավ ճանաչելիս է եղել նրան, իսկ ինչպես ոմանք հավատացնում են, նույնիսկ նրա ազգականն է եղել։ <ref>Ակնարկ այն մասին, որ ջորեպանների մեջ եղել են բազմաթիվ մորիսկներ (մավրիտանացիներ):</ref>Պետք է ձեզ ասեմ, որ Սիդ Համետ Բենենխելին պրպտող և մանրապատում պատմիչ է եղել, ինչպես այդ երևում է նրանից, որ մեր բերած անցքերից և ոչ մեկը, այնքան մանր ու չնչին, նա լռությամբ չի անցել։ Թող նրանից օրինակ վերցնեն լուրջ պատմաբանները, որ անցքերի մասին մեզ այնքան կարճառոտ են զրուցում և հարևանցի, որ, կարելի է ասել, մենակ մեր շրթունքներին են քսում, թողնելով բանի էությունը ― անփթությունից, նենգությունից կամ տգիտությունից ― թանաքամանի հատակին։ Փառք Տաբլանտե դե Ռիկոմանտեի հեղինակին, ինչպես և այն գրքի հեղինակին, որտեղ կոմս Տոմիլյասի սխրագործություններն են նկարագրվում․ ի՜նչ մանրամասն են զրուցում նրանք։
Արդ, վերադառնալով մեր պատմությանը, կասեմ ձեզ, որ ջորեպանը, իր ջորիներին տեսնելուց և երկրորդ անգամ նրանց կեր տալուց հետո, մեկնվեց փալանների վրա և սկսեց սպասել իր ճշտապահ Մարիտորներսին։ Սանչոն, ամբողջովին սպեղանիներով ծածկված, նույնպես պառկեց, աշխատելով քնել, թեև դրան խիստ խանգարում էր կողերի ցավը։ Դոն Կիխոտն էլ, նույն ցավից տառապելով, պառկել էր նապաստաի պես բաց աչքերով։ Ողջ տունը սուզվել էր լռության մեջ և բոլոր ճրագները մարած էին, բացի մուտքի լապտերից։
Այդ խորունկ լռությունն ու մեր ասպետի անդադրում մտորումները արկածների մասին, որոնցով լի էին նրա ցավին մեղապարտ գիշերը, ներշնչեցին նրան մի ամենատարօրինակ ու անմիտ հեյրուրանք, որ հնարավոր է միայն երևակայել, այն է՝ նրան թվաց, թե ինչ֊որ հռչակավոր մի դղյակ է եկել (որովհետև յուրաքանչյուր ճաշարան, ուր նա ընկնում էր, նրան դղյակ էր թվում) և որ իջևանատիրոջ աղջիկը, այլ կերպ ասած՝ դղյակի տիրոջ աղջիկը, հաղթահարված իր ազնիվ տեսքով, սիրահարվել է իր վրա և խոստացել է այս գիշեր, ծնողներից գաղտնի գալ և բաժանել իր անկողինը։ Այս զառանցանքը, որ ինքն էր հնարել, զուտ ճշմարտություն ընդունելով, նա սկսեց անհանգիստ խորհել վտանգավոր կացության մասին, որի մեջ կընկնի իր առաքինությունը և իր սրտում վճռեց չդավաճանել իր տիկնոջը՝ Դուլսինեա Տոբոսցուն, եթե անգամ Ջինեվրա թագուհին Կինտանյոնա տիկնոջ հետ գալու լինեն առաջարկելու իրենց իրեն։
Այն պահին, երբ նա խորհում էր այս անմիտ բաները, հասավ ժամը և խփեց ժամը (չարաբաստիկ ժամը դոն Կիխոտի համար) աստուրիացու գալստյան, որ բոպիկ, մենակ շապիկը հագին, չթե փաթաթանով մազերը կապած, հուշիկ, անշշուկ քայլերով ներս մտավ դիմելով ջորեպանի մոտ, սենյակը, որտեղ երեքով էլ պառկած էին։ Սակայն հազիվ էր նա շեմքն անցել, որ դոն Կիխոտը, լսելով նրա ձայնը, նստեց անկողնի վրա, չնայած իր սպեղանիներին և կողերի ցավին և բաց արեց իր գիրկը, իր երիտասարդ սիրուհուն գրկելու համար։ Աստուրիացի աղջիկը, որ կամաց ու անխոս քայլում էր ձեռները առաջ մեկնած իր սիրածի որոնումների մեջ, դիպավ դոն Կիխոտի ձեռներին, որ ամուր բռնեց նրա ձեռքերը և նստեցրեց ահից ոչ մի խոսք ասել չհանդգնող աղջկան իր անկողնու վրա։ Նա շոշափեց աղջկա շապիկը, և թեև այն պարկի կտորից էր կարած, այդ կտորը նրան թվաց նրբագույն և քնքշագույն մետաքս։ Աղջկա ձեռքին ապակե տերողորմյա կար ― նրան թվաց, որ դա թանկագին արևելյան մարգարիտ է։ Աղջկա մազերը, որ ձիու բաշի մազերի էր նման, նրան ներկայացան զուտ արաբական ոսկու թելեր, որ իրենց փայլով կարող են արևը նսեմացնել։ Գալով աղջկա շնչին, որից թթված մսե սալաթի հոտ էր փչում, ապա նրան թվաց, որ այդ շուրթերից անուշ բուրմունք է ծորում։ Մի խոսքով նա իր երևակայության մեջ նկարագրեց նրան այնպես, ինչպես իր կարդացած գրքերում նկարագրվում է մի իշխանուհի, հաղթված ծանր վիրավորված ասպետի սիրուց և տեսակցության եկած վերև նկարագրված հագուստով։ Եվ խեղճ հիդալգոյի կուրությունն այնտեղ էր հասել, որ ո՛չ իր սեփական շոշափելիքը, ո՛չ սիրուն աղջկա շնչառությունն ու այլ հատկությունները, որոնցից, բացի ջորեպանի ամեն մի ուրիշ մարդու սիրտը կխառներ, չկարողացան ցրել նրա մոլորությունը։ Ընդհակառակը, նրան թվում էր, որ նա իր գրկում գեղեցկության դիցուհուն բռնած ունի։ Ամուր սեղմելով նրան, նա մեղմ ու քնքուշ ձայնով ասում էր․
― Ինչպե՜ս կուզենայի ես, չքնաղ և ազնվազարմ տիկին, որ ի վիճակի լինեի ըստ արժանվույն հատուցելու ձեզ այն բարձր ողորմածության համար, որ պարգևում եք ինձ սոսկ ձեր մեծ գեղեցկության տեսքով։ Սակայն ազնիվ մարդկանց անընդհատ հալածող բախտը հաճել է ինձ նետել այս անկողինը, որի վրա ես պառկել եմ այնքան ջարդված ու տրորված, որ եթե ես անգամ կամենայի ձեր ցանկությունը բավարարած լինել, այդ անհնար կլիներ։ Սակայն այդ անկարելությանը մի ուրիշն էլ է միանում, որ առավել մեծ է ― հավատարմությունը, որ ես պարտավոր եմ աննման Դուլսինեա Տոբոսցուն, իմ ամենածպտյալ խոհերի միակ իշխանուհուն։ Ե թե բոլոր այդ արգելքները չլինեին, ես, իհարկե, այնքան միամիտ ասպետ չէի լինի, որպեսզի բաց թողնեի երջանիկ դեպքը, որ առաջարկում է ինձ ձեր մեծ բարությունը։
Մարիտորնեսը մահացու վախեցավ, քրտինքը պատեց նրան, երբ որ դոն Կիխոտը այնքան ամուր բռնեց նրան։ Չհասկանալով, ասենք, չլսելով էլ, թե ինչ է նա ասում, նա աշխատում էր դուրս պրծնել։ Մեր ջորեպանը, որին մեղսալից մտքերը խանգարում էին քնել, իսկույն ևեթ, հենց որ սիրելին շեմքը կոխեց, զգաց նրա ներկայությունը և սկսեց ուշադրությամբ ականջ դնել, թե դոն Կիխոտը նրան ինչ է ասում։ Տառապելով խանդոտ մտքից, թե աստուրիացի աղջիկը, իրեն խաբել է ուրիշի համար, նա մոտեցավ դոն Կիխոտի անկողնուն և թաք կացավ, սպասելով, թե այդ իրեն համար անըմբռնելի խոսքերի վերջն ինչ է լինելու։ Սակայն երբ որ նա տեսավ, որ աղջիկը ուզում է դուրս պրծնի, իսկ դոն Կիխոտը նրան զոռով պահում է, այդ բանը նրան դուր չեկավ և նա տարավ֊բերեց և բռունցքով այնպես խփեց քնքշացած ասպետի նեղ ծնոտին, որ նրա բերանը արնով լցվեց։ Գտնելով, որ դա դեռ քիչ է, ջորեպանը ոտքերը դրեց նրա կրծքին և նրա կողերը արագ֊արագ ոտնահարեց։ Մահճակալը, առանց այն էլ, շնորհիվ հենարանների խախուտության, հաստատ չէր և նրա ծանրութուն չտանելով, փլվեց գետին սաստիկ աղմուկով, որից արթնացավ իջևանի տերը, որ իսկույն որոշեց, որ սա Մարիտորնեսի արարքը կլինի, որովհետև իր բարձր կանչին պատասխան չստացավ։ Այդ համոզումով նա վեր կացավ, ճրագը վառեց և դիմեց աղմուկը եկած տեղը։ Տեսնելով իր սաստիկ զայրացած տիրոջը, աղջիկը վախից իրեն կորցրեց և ապա ծլկեց Սանչո Պանսայի անկողինը, որը խաղաղ քնած էր։ Մտնելով անկողնու մեջ, աղջիկը կծկվեց։ Տերը ներս մտավ և գոռաց․
― Այդ որտե՞ղ ես, բո՛զ։ Այդ անշուշտ քո արարքն է։
Այստեղ արթնացավ Սանչոն։ Զգալով վրան ընկած կենդանի բեռը, նա վճռեց, որ սատանան է իրեն խեղդում և սկսեց բռունցքով հարվածել ամեն կողմ։ Հարվածների զգալի մասը Մարիտորնեսին հասավ։ Աղջիկը, ցավից ամեն ամոթ մառանալով, Սանչոյին այնպես պատասխանեց, որ Սանչոյի քունը ուզեր֊չուզեր՝ փախավ։ Զգալով, որ իրեն դմփզում են և չտեսնելով հակառակորդին՝ Սանչոն վռազ֊վռազ վեր թռավ, բռնեց Մարիտորնեսին, և նրանց միջև շատ տաք և ուրախ կռիվ սկսվեց։ Տիրոջ ճրագի լույսի տակ տեսնելով, թե իր սիրուհին ինչ օրի է, ջորեպանը, թողնելով դոն Կիխոտին, շտապեց նրան օգնության։ Դեպի նա դիմեց նաև տերը, բայց այլ մտադրությամբ, որովհետև նա ուզում էր, մի լավ խրատ տված լիներ, հաստատ համարելով նրան այս ամբողջ պատմության միակ մեղապարտը։ Եվ, ինչպես առածն ասում է՝ «կատուն մկան վրա, մուկը՝ թոկի, թոկը՝ փայտի», ― այդպես էլ ջորեպանը վրա տվեց Սանչոյին, Սանչոն՝ սպասուհուն, սպասուհին՝ նրան, տերը՝ սպասուհուն, ― և չորսով էլ սկսեցին տուր ու դմփոցն առանց դադարի։ Իսկ որովհետև, ի լրումն բավականության, տիրոջ ճրագը հանգավ, ապա հարվածները տեղացին ում որ հասնի և այնքան անողոք, որ ում դիպչում էին, սաղ տեղ չէին թողնում։
Այնպես պատահեց, որ նույն իջևանում Տոլեդոյի հին Սանտա Հերմանդադի<ref>Տոլեդոյի հին Սանտա Հերմանդադն այդպես էր կոչվում ի տարբերություն «նորի», որը հիմնվել է XV դարեվորջին։</ref> հրացնաձիգ մի զինվոր էր գիշերում։ Լսելով, ինչպես և բոլոր մնացյալները, մարտի անսովոր աղմուկ, նա բռնեց իր կարճ գավազանը և իր պաշտոնական թիթեղյա տուփը, մթան մեջ ելավ չարդախն ու ճչաց․
― Կանգ առեք, հանուն արդարադատության։ Կանգ առեք հանուն Սանտա Հերմանդադի։ Առաջին մարդը, որին նա դեմ առավ, դոն Կիխոտն էր, որ անզգա պառկած էր, քիթը վերև, իր փլած անկողնու վրա։ Բռնելով նրա միրքից, հրացանաձիգը մի քանի անգամ գոռաց՝ «Հասեք օգնության արդարադատությանը», ապա թե, տեսնելով, որ իր բռնած մարդը չի շարժվում, նա երևակայեց, որ սպանված է, իսկ սենյակում եղած մնացյալները նրան սպանողներն են, ուստի և բարձր աղաղակեց․
― Փակեցեք դարպասը։ Ոչ ոքի բաց չթողնեք, որովհետև այստեղ մարդ են սպանել։
Այս աղաղակից բոլորն էլ վախեցան, և ամեն մեկը, լսելուն պես, դադարեցրեց կռիվը։ Իջևանի տերը շտապով վերադարձավ իր սենյակը, ջորեպանը՝ իր փալանների մոտ, սպասուհին՝ իր խցիկը։ Եվ միայն խեղճ դոն Կիխոտն ու խեղճ Սանչոն չկարողացան տեղից շարժվել։ Հրացանաձիգը, բաց թողնելով դոն Կիխոտի միրուքը, գնաց ճրագ գտնի, որպեսզի բռնի և կալանավորի ոճրագործներին։ Բայց նա չկարողացավ ճրագ գտնել, որովհետև իջևանի տերը դիտմամբ էր հանգցրել մուտքի մոտ և հրացանաձիքգը հարկադրված եղավ գնալու օջախի մոտ, որտեղ մեծ դժվարությամբ նրան հաջողվեց վերջապես կպցնել իր ճրագը։