Changes
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
Մոտենում էր գիշերը: Հետևում խտանում էր իրիկնային մշուշի շղարշը՝ պարուրելով ծառերի բներն ու Անդուինի ափերը, բայց երկինքը մաքուր էր ու անամպ: Կամաց-կամաց, իրար հետևից, սկսում էին առկայծել աստղերը: Արևմուտքում հանգիստ լողում էր լուսինը, և ժայռերը սև ստվերներ էին տարածում:
Երեք որսորդները մտան ժայռերի ստորոտը, որտեղ ստիպված էին դանդաղեցնել ընթացքը. հետքը գտնելը բարդանում էր: Էմին Մուիլի լեռնաշղթան իր երկու անհամաչափ գագաթներով ձգվում էր հյուսիսից դեպի հարավ: Գագաթներ Գագաթների արևմտյան, անմատչելի, լանջերը ուղղաձիգ էին, քարքարոտ ու դժվար անցանելի, իսկ արևելյան լանջերը ավելի հարթ էին՝ ծածկված ձորերով և նեղ ճեղքերով: Երեք հետապնդողները ամբողջ գիշեր մագլցում էին լեռան քարքարոտ լանջերով: Ճանապարհը տանում էր նրանց դեպի վեր՝ լեռնանցքը, իսկ այնտեղից դեպի վար՝ գագաթների միջև ընկած ոլոր-մոլոր խորունկ հովիտը, որտեղ լուսաբացին ճանապարհորդները կարճ ժամանակով կանգ առան: Լուսինն անհետացել էր, բայց երկնքում դեռ աղոտ փայլում էին աստղերը: Նոր օրվա առաջին ճառագայթները դեռ հովիտ չէին թափանցում, քանզի խանգարում էին բարձրադիր լեռները: Արագորնը հայտնվել էր փակուղում. օրքերի հետքերը, իջնելով թեք լանջից, անհետանում էին:
— Ի՞նչ ես կարծում, որ կողմ են դարձել,— հարցրեց Լեգոլասը,— գուցե հյուսի՞ս, որ արագ հասնեն Ֆանգորն և անտառի միջով կարճ ճանապարհով վազեն Իզենգարդ, թե՞ հարավ՝ դեպի Էնտուոշի անցումը: