Changes
/* Գլուխ XIX */
Եվ բռնելով էշի սանձը՝ նա առաջարկեց իր տիրոջը հետևել իրեն և վերջինս, գիտակցելով, որ Սանչոն արդարացի է, ճամփա ընկավ առանց որևէ առարկության։ Երկու բլուր անցնելուց հետո, նրանք շուտով դուրս եկան մի ընդարձակ, ամեն կողմից փակ դաշտ, որտեղ երկուսով էլ իջան։ Սանչոն վերցրեց իր էշի բեռը, ապա թե, մեկնվելով կանաչ խոտի վրա, ասպետն ու զինակիրը՝ ի հաստատումն կանոնի, որ լավագույն խոհարարը քաղցն է, իսկույն նախաճաշեցին, ճաշեցին, ընթրեցին, լցնելով իրենց ստամոքսը բազմաթիվ սառը խորտիկներով, որ եկեղեցական սինյորները (հազվադեպ իրենց մասին մոռացող) տանում էին իրենց հետևից, ջորու վրա։ Սակայն այստեղ նոր դժբախտություն հանդես եկավ, վատթարագույնը Սանչոյի համար, այսինքն՝ նրանք ոչ միայն գինի, այլ անգամ ջուր չունեին, որ կոկորդները թրջեն։ Այստեղ ծարավից պապակվող Սանչոն, նկատելով, որ դաշտը ծածկված է կարճ, թարմ խոտով, ասաց, ― իսկ թե ինչ, մենք կիմանանք հետևյալ գլխից։
==Գլուխ XX==
Չտեսնված և չլսված սխրագործության մասին, որ և ոչ մեկ հռչակավոր ասպետ աշխարհիս երեսին դեռ չի կատարել նվազ վտանգով, իրեն համար, քան կատարեց արի դոն Կիխոտ Լամանչեցին
Պարզ բան է, սինյոր, այս խոտը վկայում է, որ ոչ հեռու պետք է աղբյուր կամ վտակ լինի, որ ոռոգում է իր ջրով։ Ուստի մի քիչ հեռու անցնենք և մենք, անշուշտ, բախտ կունենանք հագեցնելու այս սարսափելի ծարավը, որ, ճիշտն ասած, ամեն բանից խիստ է տանջում։
Խորհուրդը դոն Կիխոտին դուր եկավ։ Նա բռնեց Ռոսինանտի սանձը, Սանչոն բռնեց էշի սանձը, նախապես բեռնելով նրա վրա ընթրիքի բոլոր մնացորդները և նրանք գնացին դաշտով կույրզկուրայն, որովհետև գիշերվա մութը խանգարում էր նրանց որևէ բան տեսնել։ Սակայն հազիվ էին նրանք երկու հարյուր քայլ անցել, որ նրանց ականջին հասավ վտակի աղմուկը, որ թափվում էր, կարծես թե, ահագին ու բարձր ժայռից։ Այդ աղմուկը նրանց սաստիկ ուրախացրեց։ Նրաք կանգ առան, որ ականջ դնեն, թե որտեղից է գալիս, բայց այստեղ նրանք լսեցին նոր դրմբոց, որը խանգարեց նրանց բավականությունը, մանավանդ Սանչոյինը, որ բնականից երկչոտ ու փոքրոգի էր։ Իրավ, նրանք ինչ֊որ հավասար հարվածներ լսեցին և կարծես թե եկաթի և շղթայի զնգզնգոց։ Այդ հնչյունները, միախառնվելով վտակի կատաղի դղրդյունին, ընդունակ էին ահ սաստել ամեն մեկի սրտին, բայց ոչ դոն Կիխոտի։ Ինչպես մենք արդեն ասացինք, գիշերը մութն էր, իսկ նրանք պատահաբար ծառերի տակով էին գնում, որոնց տերևները, օրորվելով քնքուշ քամուց, սոսափում էին կամացուկ ու ահասաստ։ Այդ ամենը միասին ― կտրված վայր, խավար, ջրի շառաչ, տերևների սոսափյուն ― ակամա ահ էին ներշնչում։ Սակայն նրանց սարսափն ավելի սաստկացավ, երբ որ նրանք համոզվեցին, որ հարվածները չեն դադարում, քամին չի թուլանում և լույսը դեռ չի բացվում։ Համ էլ նրանք չգիտեին, թե որտեղ են։ Բայց դոն Կիխոտը, մղղված իր աննկուն խիզախությամբ, թռավ Ռոստինանտի վրա, բռնեց վահանը, ճոճեց նիզակը և ասաց Սանչոյին․
― Սանչո, բարեկամ, դու պետք է իմացած լինես, որ երկինքը հաճել է ինձ այս երկաթե դարում աշխարհ բերելու, որ ես ոսկե դարին, կամ թե ինչպես ոմանք արտահայտվում են, ոսկեջրած դարին հարություն տամ։ Ես այն մարդն եմ, որին վիճակված են վտանգներ, մեծամեծ գործեր և խիզախ սխրագործություններ։ Կրկնում եմ, ես այն մարդն եմ, որը պետք է հարություն տա Կլոր Սեղանի ասպետներին, Ֆրանսիայի տասներկու պերերին, Փառքի ինը այրերին, ինքն իրմով նսեմացնելով բոլոր Պլատիրներին, Տաբլանտներին, Օլիվանտներին, Տիրանտներին, Ֆեբերին և Բելյանիսներին և անցած ժամանակների հռչակավոր թափառական ասպետների գնդերին, որովհետև ես իմ կյանքում այնքան մեծ և զարմանալի մարտական սխրագործություն կկատարեմ, որ նրանց առջև կնսեմանան նրանց ամենափառավոր գործերը։ Նկտի՛ առ, իմ հավատարիմ և անձնվեր զինակիր, թե ի՜նչ մթամած է գիշերը, ի՜նչ անօրինակ է լռությունը, ի՜նչ խուլ ու անըմբռնելի են թոթովում տերևները, ի՜նչ ահասաստ է շաչում վտակը, որին որոնելու ելանք մենք և որը կասես թափվում ու գահավիժում է բարձրաբերձ Լուսի լեռներից։<ref>Ըստ Պտղոմեոսի, Լուսնի լեռները գտնվում են եթովպացիների երկրում, այդ լեռներից են սկիզբ առնում Նեղոսի փոթորկալի ակունքները։</ref> Ինչպե՜ս են խոցում ու խոշտանգում մեր լսողությունը այս անդադրում հարվածները։ Բոլոր այս երևույթները միասին վերցրած և յուրաքանչյուրը՝ առանձին, կարող են երկյուղ, ահ ու սարսափ ազդել իրեն իսկ Մարսի սրտին, առավել ևս նրանց, ովքեր սովոր չեն նման հանդիպումներին և արկածներին։ Սակայն, բոլոր այս իմ նկարագրած սարսափները արթնացնում ու բորբոքում են իմ արիությունը, և իմ սիրտը պատրաստ է դուրս թռչելու կրծքիցս ― այնքա՜ն ծարավի եմ նետվելու այս արկածի մեջ, որքան էլ նա դժվարին ներկայանա։ Ուստի մի քիչ ամրացրու Ռոսինանտի փորկապը և թող Աստված պահի քեզ։ Սպասի՛ր ինձ այստեղ երեք օր, ոչ ավել, և եթե այդ ժամկետում ես չվերադառնամ, դու կարող ես վերադառնալ գյուղ, իսկ անտեղից, իմ խաթեր համար, գնա Տոբոսո և հայտնիր իմ աննման տիրուհի Դուլսինեային, որ նրա գերի֊ասպետը կործանվեց, կամենալով սխրագործություն կատարել, որ իրեն արժանի դարձներ կոչվելու նրա ծառան։
Լսելով իր տիրոջ այս խոսքերը՝ Սանչոն այնպես զգացվեց, որ սկսեց լաց լինել և ասաց․
― Չեմ հասկանում, սինյոր, թե ձեր խելքին ինչո՞ւ է փչել այս սարսափելի արկածի մեջ ընկնելը։ Հիմա գիշեր է, մեզ այստեղ ոչ ոք չի տեսնում և մենք շատ լավ կարող ենք մի կողմ ծռել և խուսափել վտանգից, անգամ եթե երեք օր էլ խմելու բան չունենանք։ Եվ քանի որ ոչ ոք այդ չի տեսնում, ոչ ոք մեզ վախկոտ չի համարի, մանավանդ որ մեր գյուղական քահանան, որին ձերդ ողորմածությունը շատ լավ ճանչում է, քանիցս, հիշում եմ, իր քարոզներում ասում էր՝ ով որ խցկվում է վտանգի մեջ, նա վտանգի՛ց էլ կմեռնի։ Ուստի պետք չէ փորձել Աստծուն, նետվելով անխոհեմ ձեռնարկությունների մեջ, որտեղից հրաշքով միայն կարելի է սաղ դուրս պրծնել։ Բավական է, որ երկինքը ձերդ ողորմածությանը փրկեց վերմակի վրա վեր֊վեր թռցնելուց, որին ես ենթարկվեցի և թույլ տվեց, որ հաղթական, ողջ և առողջ դուրս գաք ննջեցյալին ուղեկցող թշնամիների խմբից։ Եթե այս ամենը չի շարժում ու մեղմացնում ձեր խիստ սիրտը, ապա թող շարժի ահա թե ինչը՝ իմացած եղեք և հավատացած, որ հազիվ ինձ դուք այստեղ թողնեք, ապա ես ահից հոգիս կտամ հենց առաջին իսկ մարդուն, ով որ խնդրի։ Ես թողել եմ ծննդավայրս, կնոջս ու երեխաներիս, որպեսզի ծառայեմ ձերդ ողորմածությանը, հուսալով, որ այդ գործում ես չեմ կորցնի, այլ կշահեմ։ Բայց, ինչպես ասվում է, ագահությունը պատռում է պարկը։ Ագահությունը կործանեց բոլոր իմ հույսերը այն իսկ վայրկյանին, եր ես առանձնապես հույս ունեի ստանալու անիծյալ, չարաբաստիկ կղզին, որ ձերդ ողորմածությունը քանիցս ինձ խոստացել է, իսկ դուք, դրա փոխարեն, ուզում եք ինձ լքել մարդկային բնակավայրից այսքան հեռավոր մի տեղում։ Աստծու սիրուն, տեր իմ, ինձ այդպիսի ցավ միք հասցնի։ Եվ եթե ձերդ ողորմածությունը համաձայն չէ բոլորովին հրաժարվելու այդ ձեռնարկությունից, ապա հետաձգեցեք գոնե մինչև առավոտ։ Ախր, եթե միայն գիտությունը, որ ես ուսումնասիրել եմ հովիվ եղածս ժամաակ, ինձ չի խաբում, ապա մինչև լուսաբաց մնացել է ոչ ավել, քան երեք ժամ, որովհետև Փոքր Արջի բերանը շիտակ մեր գլխի վերև է, իսկ նրա ձախ թաթի գծից երևում է, որ հիմա կեսգիշեր է։
― Ինչպե՞ս կարող ես դու, Սանչո, ― հարցրեց դոն Կիխոտը, ― տեսնել, թե որտեղից է անցկենում այդ գիծը և որտեղ է բերանը կամ ծոծրակը, որոնց մաասին դու դատում ես։ Չէ՞ որ գիշերն այնքան խավար է, որ երկնքում ոչ մի աստղ չի երևում։
― Այդ մեկը ճիշտ է, ― պատասխանեց Սանչոն, ― բայց երկյուղը շատ աչք ունի և տեսնում է այն, ինչ հողի տակ է և առավել ևս այն, ինչ երկնքի վրա է։ Ասենք, առողջ դատելով, առանց այն էլ պարզ է, որ լուսաբացը հեռու չէ։
― Լույսը թող բացվի, երբ որ քեֆը տա, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― միայն թե իմ մասին ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում ոչ ոք չասի, թե մեկն ու մեկի արցունքն ու աղերսանքը ինձ հետ պահեցին իմ ասպետական պարտքը կատարելուց։ Ուստի խնդրում եմ քեզնից, Սանչո, լռի՛ր։ Տերը, որ դրել է իմ սրտում այս չտեսնված և ահավոր արկածի մեջ ընկնելու ցանկությունը, կհոգա իմ ողջության մասին և կմխիթարի քո վիշտը։ Քեզնից միայն պահանջվում է, որ դու Ռոսինանտի փորկապը քաշես և ինձ այստեղ սպասես։ Իսկ ես շուտով կվերադառնամ ― կենդանի թե մեռած։
Տեսնելով, որ տիրոջ վճիռն անդրդվելի է, և որ իր բոլոր արցունքները, խորհուրդներն ու աղերսանքն անզոր են, Սանչոն որոշեց խորամանկություն բանեցնել և աշխատել նրան մի կերպ ուշացնել մինչև առավոտ։ Ուստի Ռոսինանտի փորկապերը պնդացնելուց նա ճարպիկ ու աննկատ կերպով էշի սանձով կապեց նրա հետի ոտները, այնպես որ երբ դոն Կիխոտը հեծավ ձին, չկարողացավ տեղից շարժվել։ Համոզվելով, որ իր հնարագիտությունը գլուխ եկավ, Սանչո Պանսան ասաց․
Դե, տեսնո՞ւմ եք, սինյոր, երկինքը իմ արցունքներն ու աղերսանքները տեսնելով, ինձ խղճաց և այնպես արեց, որ Ռոսինանտը չի կարողանում շարժվել։ Եթե դուք համառեք, խթանեք ու խփեք նրան, դրանով դուք բախտին մարտի կոչ արած կլինեք և, ինչպես ասում են, սմբակով քացի կտաք մեխին։
Դոն Կիխոտը հուսակտուր էր լինում՝ ինչքան շատ էր խթանում ձիուն, այնքան քիչ էր հաջողվում նրան տեղից շարժել։ Գլխի չընկնելով, որ Ռոսինանտի ոտները կարող են կապած լինել, նա որոշեց հաշտվել և սպասել կամ լուսաբացին, կամ այն վայրկյանին, երբ իր ձին ճամփա ընկնի։ Հաստատ համոզված լինելով, որ այս անհաջողությունն առաջ է եկել ուրիշ պատճառով և ոչ երբեք Սանչոյի խորամանկությունից, նա ասաց․
― Էհ, ի՜նչ արած, Սանչո։ Քանի որ Ռոսինանտը չի կարող շարժվել, հարկադրված եմ սպասել, մինչև որ երկնքում խնդա արշալույսը, թեև ես ողբում եմ նրա գալստյան դանդաղկոտությունը։
― Ողբալու կարիք չկա, ― պատասխանեց Սանչոն, ― ես կզբաղեցնեմ ձերդ ողորմածությանը և մինչև առավոտ ձեզ ամեն տեսակ պատմություններ կանեմ, եթե միայն դուք չեք կամենում ձիուց իջնել և մի քիչ նիրհել կանաչ խոտի վրա ըստ թափառական ասպետների սովորության, որպեսզի, երբ որ հասնի գալիք աննման արկածի օրն ու ժամը, դուք ավելի աշխույժ զգաք ձեզ։
― Ո՞ւմ ես առաջարկում ձիուց իջնել և ննջել, ― առարկեց դոն Կիխոտը։ ― Մի՞թե դու կարծում ես, որ ես այն ասպետների թվին եմ պատկանում, որոնք հանգստանում են վտանգի պահին։ Ինքդ քնիր, ― դու հենց քնելու համար էլ ծնված ես, կամ թե արա, ինչ որ խելքիդ փչի, իսկ ես կանեմ այն, ինչ որ, իմ կարծիքով, ավելի վայել է իմ կոչմանը։
― Մի՛ք բարկանա, ձերդ ողորմածություն, տեր իմ, ― պատասխանեց Սանչոն, ― ես այդ հենց այնպես, խոսք֊օրինակ ասացի։
Եվ մոտենալով իր տիրոջը, նա մի ձեռքը դրեց թամքի առջևի գլխին, մյուսը՝ հետևի և սղմվեց դոն Կիխոտի ձախ ազդրին, վախենալով անգամ մի թիզ հեռանալ նրանից ― այդքան ահաբեկել էին նրան համաչափ հարվածները, որոնց ձայնն անընդհատ հասնում էր նրանց։ Դոն Կիխոտը խնդրեց, որ նա կատարի իր խոստումը և զբաղեցնելու համար պատմի իրեն որևէ պատմություն։ Սանչո Պանսան դրան պատասխանեց, որ սիրով կաներ այդ, եթե այն դղրդողը նրան չվախեցներ։
― Բայց էլի՛ կաշխատեմ ձեզ համար մի պատմություն անել, եթե միայն ինձ հաջողվի ավարտել և ոչ ոք ինձ չխանգարի, դուք կտեսնեք, որ ավելի լավ պատմություն աշխարհիս երեսին չի լինի։ Ուշադրությամբ ականջ դրեք, ձերդ ողորմածություն, ես սկսում եմ։ Դե, եղածը եղել է։ Թե լավ բան պատահի, թող բարին բոլորինը լինի, թե չար բան՝ ապա նրան, որ ինքը չարն է որոնում։<ref>Բավականին տարածված նախապատում, որով հեքիաթասածները սկսում էին իրենց հեքիաթները։</ref> Եվ նկատեցեք, ձերդ ողորմածություն, տեր իմ, որ հին մարդիկ իրենց հեքիաթներում չէին սկսում ոնց որ լինի, այլ անպատճառ հռովմայեցի Կատոն Ցոնցորինի ասությամբ, թե «իսկ չարը նրան, ով ինքը չարն է որոնում»։ Այս խոսքերը մեզ հարմար են գալիս, ոնց որ մատանին՝ մատին։ Ի՜նչ կլիներ, ձերդ ողորմածությունը հանգիստ նստեր և չթափառեր չարի որոնումներում։ Ավելի լավ չէ՞ր լինի մենք ուրիշ ճամփով վերադառնայինք, քանի որ մեզ ոչ ոք չի հարկադրում հենց այս ճանապարհով գնալ, որտեղ ամեն կողմից մեզ վրա ամեն տեսակ սարսափներ են խուժում։
― Շարունակիր քո պատմությունը, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― իսկ թե ինչ ճամփով կերթանք մենք ― այդ թող ինձ։
― Շարունակում եմ, ― պատասխանեց Սանչոն։ ― Էստրամադուրայի մի շենում այծերի մի հովիվ էր ապրում, այլ կերպ ասած՝ այծարած և այդ այծարածի կամ այծերի հովվի անունը, ինչպես իմ պատմությունը պատմում է, Լոպե Ռուիս էր և այդ իսկ Լոպե Ռուիսը սիրահարված էր մի հովվուհու, որի անունը Տորրալբա էր և այդ Տորրալբա անունով հովվուհին մի հարուստ անասնապահի աղջիկ էր, իսկ այդ հարուստ անասնապահը․․․
― Եթե դու քո պատմությունն այդ ձևով անելու լինես, Սանչո, ― ընդհատեց դոն Կիխոտը, ― և ամեն խոսք երկու անգամ կրկնես, ապա դու երկու օրում էլ չես ավարտի։ Պատմիր կապակցված և կարգին, խելացի մարդու նման, թե չէ՝ լռի՛ր։
― Ախր ես ճիշտ և ճիշտ այնպես եմ պատմում, ― պատասխանեց Սանչոն, ― ինչպես այդ հեքիաթները պատմում են մեր գյուղում։ Այլ կերպ պատմել ես չգիտեմ, ասենք՝ ձերդ ողորմածությունը չպետք է պահանջի, որ ես նոր սովորություններ մուծեմ։
― Դե, գիտցածիդ պե՛ս պատմիր, ― ասաց դոն Կիխոտը, ― և շարունակիր, քանի որ ինձ վիճակված է քեզ լսել։
― Ահա, իմ թանկագին սինյոր, ― շարունակեց Սանչոն, ― այդ հովիվը, ինչպես ես արդեն ձեզ զեկուցեցի, սիրահարված էր Տորրալբա հովվուհուն։ Սա էլ հաստլիկ աղջիկ էր, ըմբոստ ու մի քիչ տղամարդու նման, որովհետև բեղեր էին դուրս եկել ― հիմա էլ ոնց որ առջևս կանգնած լինի։
― Մի՞թե դու նրան ճանաչելիս ես եղել, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Ասենք՝ ես նրան ճանաչելիս չեմ եղել, ― պատասխանեց Սանչոն, ― բայց ինձ այս պատմությունն անող մարդը հավատացնում էր, որ այս ամենը եղելություն է և զուտ ճշմարտություն, և որ եթե ես մեկն ու մեկին այս պատմությունն անելու լինեմ, ապա կարող եմ ազատ կերպով հավատացնել և երդվել, որ ինքս եմ ամեն ինչ տեսել սեփական աչքերով։ Ահա, ժամանակն անցնում էր, հա՛ անցնում, իսկ սատանան, որ, ինչպես հայտնի է, չի նիրհում և ամենուրեք մուռտառում է, այնպես սարքեց, որ հովվի սերը շուռ եկավ, ամեհի չարություն և ատելություն դառավ։ Չար լեզուներն ասում էին, թե դա այն պատճառով է պատահել, որ աղջիկը տղին խանդի տեղիք էր տալիս, հաճախ չափը չիմանալով և թույլատրվածի սահմաններն անցնելով։ Եվ այդ պահից հովիվը նրան այնքան ատեց, որ որոշեց թողնել գյուղը, որ աչքը չտեսնի նրան և հեռանալ այնպիսի կողմեր, որտեղ նրա հետքն էլ չի լինի։ Իսկ Տորրալբան հենց որ նկատեց, որ նա զզվում է իրենից, այնպես սիրահարվեց նրան, ինչպես առաջ երբեք նրան չէր սիրել։
― Այդպես է կանանց բնածին հատկությունը, ― ասաց դոն Կիխոտը, ― մերժել նրանց, ովքեր նրանց սիրում են և սիրել նրանց, ովքեր նրանց ատում են։ Շարունակի՛ր Սանչո։
― Այնպես եղավ, որ հովիվն իր վճիռը կենսագործեց և, առնելով իր այծերին, գնաց Էստրամադուրայի դաշտերը, Փորթուգալական թագավորության կողմերը։ Իմանալով այդ՝ Տորրալբան գնաց նրա հետևից և երկար այդպես ոտով գնաց՝ բոպիկ, ցուպը ձեռքին, մաղախը ուսին։ Իսկ նրա մաղախի մեջ, ինչպես ասում էին, հայելու մի կտոր կար, սանրի կտոր և մի սրվակ ինչ֊որ դեղ, ասենք, այդ կարևոր չէ, թե ինչ է եղել մեջը ― ես հիմա բնավ մտադիր չեմ ստուգելու, ― միայն այն կասեմ, որ ինչպես պատմում են, մեր հովիվը իր հոտի հետ մոտեցավ Գվադիանա գետին, իսկ այն պահին գետը վարար է եղել և ջուրը դուրս է եկել ափերից և այն տեղում, որտեղ հասել էր հովիվը, ոչ նավակ կար, ոչ լաստ և մարդ չկար, որ գետն անցկացներ իրեն ու իր հոտը։ Այդ բանը նրան շատ վշտացրեց, որովհետև նա տեսել էր, որ Տարրալբան արդեն մոտենալու վրա է և իսկույն կսկսի նրա զահլեն տանել իր աղերսներով ու արցունքներով։ Սկսեց նա դես֊դեն նայել և վերջապես մի ձկնորս տեսավ այնքան փոքրիկ մի նավակում, որ մեջը միայն մի մարդ կարող էր տեղավորվել և մի այծ։ Բայց ի՜նչ արած։ Նա խոսեց ձկնորսի հետ և պայմանավորվեց, որ նա կփոխադրի և՛ իրեն, և՛ իր երեք հարյուր այծերին։ Ձկնորսը նստեց նավակը և փոխադրեց մեկ այծ, ապա վերադարձավ և փոխադրեց երկորդը, հետո դարձյալ վերադարձավ և փոխադրեց երրորդը․․․ Մի լավ համարեցեք, ձերդ ողորմածություն, քանի այծ նա փոխադրեց մյուս ափը, որովհետև եթե դուք մել այծ ավելի կամ պակաս համարեք, իմ պատմությունը հենց այստեղ էլ կվերջանա, և ես այլևս չեմ կարողանա մի բառ անգամ ավելացնել։ Դե, ես շարունակում եմ՝ դիմացի ափը ճահճոտ էր և սկլուն, այնպես որ ամեն փոխադրության համար ձկնորսը շատ ժամանակ էր կորցնում։ Այնուհանդերձ, նա մի այծ էր փոխադրեց, հետո էլի մեկը և մեկն է՛լ․․․
― Միանգամից ասա, որ նա բոլորն էլ փոխադրեց, ― ասաց դոն Կիխոտը, ― և բավական է մեկ ափից մյուսը գնաս֊գաս, թե չէ ա՛յդ եղանակով մի ամբողջ տարի դու նրանց չես փոխադրի։
― Իսկ մինչև հիմա քանի՞սն են փոխադրված, ― հարցրեց Սանչոն։
― Սատանան գիտե, ― ասաց դոն Կիխոտը։
― Ինչ որ ասում էի, այն էլ դուրս եկավ,՝ ահա՛, դուք հաշիվը կորցրիք։ Աստված վկա, այստեղ իմ պատմությունն ավարտված է, և շարունակություն չի լինի։
― Ինչպե՞ս հնարավոր է այդ, ― առարկեց դոն Կիխոտը։ ― Մի՞թե քո պատմության համար այնքան կարևոր է ճշգրիտ իմանալ, թե քանի այծ է եղել փոխադրված և մի՞թե հաշիվ անելիս եթե մեկ այծ բաց թողնելու լինես, դու այլևս չես կարող շարունակել։
― Չէ, սինյոր, ոչ մի կերպ, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև այդ վայրկյանին, որ ես խնդրեցի ձերդ ողորմածությունից ինձ ասել, թե քանի այծ է փոխադրված եղել, իսկ դուք ինձ պատասխանեցիք, թե չգիտեք, իսկույն ևեթ իմ հիշողությունից դուրս թռավ այն ամենը, ինչ որ դեռևս մնացել էր ձեզ պատմեմ, ― իսկ, Աստված վկա, շարունակությունը շատ հետաքրքրական և զվարճալի էր։
― Ասել է թե, ― հարցրեց դոն Կիխոտը, ― քո պատմությունը հասավ իր վախճանի՞ն։
― Այո՛, վախճանվեց, ինչպես իմ հանգուցյալ մայրը, ― պատասխանեց Սանչոն։
― Ճիշտն ասեմ քեզ, ― շարունակեց դոն Կիխոտը, ― դու ինձ ամենաարտասովոր հեքիաթներից, վեպերից կամ պատմություններից մեկը պատմեցիր, որ երբևիցե հնարված են եղել աշխարհիս երեսին, և ոչ ոք իր կյանքում չի լսի և չի կարողանա լսել մի վեպ որ այդպես սկսվի և ընդհատվի։ Ասենք՝ ես ուրիշ բան չէի էլ սպասում քո նուրբ խելքից և բնավ չեմ զարմանում՝ երևի թե այդ անդադրում հարվածները մթագնել են քո բանականությունը։
― Ամեն ինչ կարող է պատահել, ― պատասխանեց Սանչոն։ ― Գիտեմ միայն, որ պատմության վերջը հասավ, որովհետև նա միշտ վերջանում է, հենց որ մեկնումեկը սխալվում է փոխադրված այծերի հաշվում։
― Էհ, թող վերջանա, բարին հետը, ― ասաց դոն Կիխոտը, ― իսկ հիմա տեսնենք, կհամաձայնի՞ Ռոսինանտը տեղից շարժվել։
Նա նորից սկսեց խթանել ձիուն, բայց ձին միայն քացի էր տալիս, առանց տեղից շարժվելու՝ այնպես ամուր էին փաթաթված նրա ոտները։
Այստեղ պատահեց հետևյալը՝ նրանի՞ց էր արդյոք, որ Սանչոյի վրա ազդել էր վաղորդյան քամին, թե՞ նրանից, որ նա նախապես փոր լուծող բան էր կերել, կամ թե, վերջապես, նա պարզապես բնական պահանջ զգաց (մի բան, որ թերևս, ամենից ճիշտն է), միայն թե հանկարծակի նա բռնվեց սաստիկ ցանկությամբ անելու այն, ինչ որ նրա փոխարեն ոչ ոք չի կարող անել։ Սակայն նրա սիրտը այնպիսի մեծ երկյուղ էր պատել, որ նա չխիզախեց մի թիզ անգամ հեռանալ իր տիրոջից։ Մյուս կողմից՝ իր ցանկությունը չբավարարելու մասին մտածելն անգամ անկարելի էր։ Եվ ահա թե նա ինչպես դուրս եկավ այդ դժվարությունից։ Նա բաց թողեց աջ ձեռքը, որով բռնել էր թամքի հետևի գլուխը, կամացուկ, անշշուկ արձակեց իր վարտիքի թելը, որից հետո վարտիքն իսկույն վայր իջավ մինչև ոտների կրունկները, ապա նա հնարավոր զգուշությամբ բարձրացրեց շապիկը և դուրս ցցեց օդի մեջ իր երկու կիսանդրիները, որ փոքրիկ ծավալ չունեին։ Երբ որ այդ ամենը կատարված էր և Սանչոյին թվում էր, որ գլխավոր դժվարությունը հաղթահարված է և որ նա գրեթե դուրս է պրծել իր ծանր ու տանջալի դրությունից, մի նոր դժվարություն, ավելի վատթարը, երևան եկավ․ նա երկյուղ կրեց, որ միգուցե չաջողի իր գործն անել առանց աղմուկի և տրաքոցի, ուստի ատամները պինդ սղմեց իրար, գլուխը խրեց ուսերի մեջ և բոլոր ոժով աշխատում էր շունչը պահել։ Սակայն չնայած այդ ջանքերին, նրա բախտը չբերեց և վերջանալու վրա նա մի թեթև ձայն հանեց, որ բնավ նման չէր այն հնչյուններին, որ նրան այդքան սարսափեցնում էին։ Այն լսելով, դոն Կիխոտը հարցրեց․
― Այդ ի՞նչ հնչյուն էր, Սանչո։
― Չգիտեմ, սինյոր, ― պատասխանեց նա։ Երևի դա էլ նոր բան է, ախր, արկածներն ու չարաբախտությունները բոլորը միասին են գալիս։
Ապա նա նորից վճռեց փորձել իր բախտը և ամեն ինչ այնպես հաջող վերջացավ, որ նա անաղմուկ և առանց նոր տագնապների վերջապես ազատվեց նրան այնքան կեղեքող ծանրությունից։ Սակայն դոն Կիխոտի հոտառությունը պակաս չէր զարգացած, քան լսողությունը, իսկ Սանչոն հենց նրա կողքին էր կանգնած, ասես կարած լիներ նրա կողին, այնպես որ գոլորշին բարձրանում էր ուղիղ գծով համարյա մեր ասպետւ վրա։ Ուստի չէր կարող պատահել, որ դոն Կիխոտի քթին բան չհասներ, որը, հոտը առնելով, շտապեց պաշտպանվել, մատներով բռնելով քիթը և մի քիչ քթի միջով ասաց Սանչոյին․
― Թվում է, ինձ, Սանչո, որ դու սաստիկ վախեցել ես։
― Որ վախեցել եմ՝ դա ճիշտ է, ― պատասխանեց Սանչոն, ― միայն թե ինչո՞ւ է ձերդ ողորմածությունը հիմա նկատում այդ և ոչ առաջ։
― Որովհետև դեռ երբեք քեզնից այսքան ուժեղ հոտ չի եկել, ինչպես հիմա, այն էլ ոչ անուշ հոտ, ― պատասխանեց դոն Կիխոտը։
― Դա միանգամայն հնարավոր է, ― ասաց Սանչոն, ― Միայն թե մեղքը իմը չէ, այլ ձերդ ողորմածությանը, ինչո՞ւ եք ինձ տարաժամ և ոչ բանուկ ճամփաներով քարշ տալիս։
― Ապա, բարեկամ, մի կողմ քաշվիր, երեք կամ չորս քայլ հեռու, ― ասաց դոն Կիխոտը, շարունակելով քիթը մատներով բռնած պահել, ― և այսուհետև քեզ հավաք պահիր և մի մոռանա, որ դու պիտի հարգանքով վերաբերվես ինձ։ Ես չափազանց ազատ եմ հետդ խոսում, և դա հրում է քեզ դեպի անպարկեշտություն։
― Գրազ կգամ, ― բացականչեց Սանչոն, ― որ ձերդ ողորմածություը կարծում է, թե ես մի բան եմ արել, որ չի կարելի։
― Ավելի լավ է ձեռք չտալ այն, ինչ որ դու արել ես, Սանչո բարեկամ, ― պատասխանեց դոն Կիխոտը։
Այս և նման զրույցներով տերն ու ծառան գիշերը անց կացրին։ Եվ երբ որ Սանչոն տեսավ, թե ուր որ է՝ օրը կծագի, նա թաքուն արձակեց Ռոսինանտի ոտները և կապեց իր վարտիքը։ Թեև Ռոսինանտը բնականից երբեք տաք ձի չի եղել, բայց հիմա, իրեն ազատ զգալով, նա, ասես, ուրախացավ և գլուխը թափ տվեց։ Ցատկելը նա չէր ցատկում, որովհետև, թող վիրավորական չլինի նրա համար ասել, չէր կարողանում։ Իսկ դոն Կիխոտը, տեսնելով, որ ձին շարժվեց, բարի նշան համարեց այդ և վճռեց, որ այդ նշանը կոչում է նրան ահավոր սխրագործություն կատարելու։ Մինչ այս, մինչ այն, լույսը բացվեց, և երբ որ շուրջը ամեն ինչ պարզ տեսանելի դառավ, դոն Կիխոտը համոզվեց, որ գտնվում է շագանակի բարձր ծառերի տակ, որոնք թանձր ստվեր են գցում։ Նա լսում էր, որ հարվածները տակավին չեն դադարում, բայց թե որտեղի՞ց են գալիս ― չէր երևում։ Այդ պատճառով, այլևս առանց հապաղելու, նա խթանեց Ռոսինանտի կողերը և երկրորդ անգամ հրաժեշտ տալով Սանչոյին, ինչպես և առաջին անգամը, հրամայեց, որ իրեն ամենաշատը երեք օր սպասի։ Իսկ եթե երեք օրից ինքը վերադառնալու չլինի, ապա դա պետք է նշանակի, որ Աստված հաճել է խլել նրա օրերը այս վտանգավոր արկածում։ Ապա նա կրկնեց Սանչոյին, որ նա պետք է զեկուցի իր անունից տեղեկացնի տիրուհի Դուլսինեային և խնդրեց, որ նա անհանգիստ չլինի իր աշխատանքի վարձի համար, որովհետև տնից դուրս գալուց առաջ ինքը կազմել է իր կտակը, որի համաձայն Սանչոյի ռոճիկը լրիվ կվճարվի նրա ծառայության ամբողջ ժամանակի համար։ Իսկ եթե նրա տերը այս վտանգներից ողջ և առողջ դուրս գա, Սանչոն կարող է իրեն խոստացված կղզու ստացումը միանգամայն ապահով համարել։ Կրկին լսելով իր բարի տիրոջ խճալի խոսակցությունները, Սանչոն կրկին անգամ լաց եղավ և վճռեց նրան չլքել մինչև վերջ, մինչև նրա ձեռնարկի ավարտումը։ (Այս արցունքներից և Սանչո Պանսայի այնքան մեծահոգի վճռից այս պատմության հեղինակը հետևցնում է, որ նա ստոր ծագում չի ունեցել և որ համենայն դեպս հին քրիստոնեական տոհմի է պատկանելիս եղել):
Սանչոյի համակրանքը շարժեց նրա սիրտը, բայց ոչ այն աստիճան, որ հարկադրեր նրան հայտնաբերել հոգու որևէ թուլություն։ Ընդհակառակը, նա ճիգ արեց, որ իր հոգեվիճակը թաքցնի և այն կողմը դիմեց, որտեղից, ինչպես նրան թվում էր, հարվածների ձայներն ու վտակի շրխկոցն էին գալիս։ Սանչոն հետևում էր նրան ոտով, ըստ սովորականին, հետևից քաշելով իր էշին ― այդ հավերժական ուղեկցին բախտի թե դժբախտության պահին։ Շագանակի և այլ սաղարթախիտ ծառերի ստվերի միջով բավական տարածություն անցնելուց հետո նրանք մի փոքրիկ դաշտ դուրս եկան, որ փռվել էր բարձր ժայռերի տակ, որոնց գագաթից գահավիժում էր ահագին մի ջրվեժ։ Այդ ժայռերի տակ մի քանի աղքատիկ տնակներ էին պատսպարվել, որոնք ոչ այնքան տան էին նմանում, որքան ինչ֊որ շենքերի փլատակների, և հիմա պարզ դարձավ, որ աղմուկն ու դղրդոցը տակավին չդադարող հարվածների, հենց այն տեղից են դուրս գալիս։ Ռոսինանտը վախեցավ ջրվեժի շաչյունից և հարվածներից, բայց դոն Կիխոտը, նրան հանգստացնելով, կամաց֊կամաց մոտեցավ տնակներին, ի բոլոր սրտե իրեն պահ տալով իր տիրուհուն, աղերսելով նրա պաշտպանությունը այս ահավոր ձեռնարկում, միաժամանակ խնդրելով տեր Աստծուց, որ իրեն չմոռանա։ Սանչոն նրանից հետ չմնաց։ Նա բոլոր ուժերով ձգում էր պարանոցը և Ռոսինանտի ոտների արանքից աչք ածում, հուսով, որ վերջապես կտեսնի այն, ինչ իրեն այնքան ահ ու տագնապ էր ազդել։ Նրանք անցան մոտ հարյուր քայլ, շրջեցին ժայռի դուրս ցցված կողը և այստեղ բացեիբաց նրանց աչքերին բացվեց ահասաստ և սարսափելի աղմուկի պատճառը, որ ողջ գիշերը նրանց ահ ու տագնապի մեջ էր պահել։ Դա ոչ այլ ինչ էր (մի՛ բարկանար ու նեղանար, ընթերցող), բայց եթե մահուդ գործող մուրճեր, որ իրենց փոխեփոխ հարվածներով այդպիսի դղրդյուն էին հանում։
Տեսնելով այդ բանը, դոն Կիխոտը գլխից մինչև կրունկները փետացավ ու քարացավ։ Սանչոն աչքը գցեց նրա վրա և տեսավ, որ իր տերը գլուխը կախ էր արել և ծայր աստիճան շփոթված տեսք ունի։ Իսկ դոն Կիխոտն, իր հերթին, նայեց Սանչոյին և տեսավ, որ նա ուռցրել է իր թշերը, որ նա խեղդվում է ծիծաղից և որ ըստ երևույթին նա քիչ է մնում ծիծաղից տրաքի։ Ինչքան էլ ուժգին էր նրա տրտմությունը, բայց տեսնելով Սանչոյին նա խնդաց։ Իսկ Սանչոն, հենց որ տեսավ, որ իր տերը խնդում է, այնպես ծիծաղեց, որ ստիպված էր կողերը հուպ տալ բռունցնքերով, որ ծիծաղից երկու կտոր չդառնա։ Մի չորս անգամ նա հանգստացավ և դարձյալ ծիծաղը բռնեց ոչ պակաս թափով, այնպես որ դոն Կիխոտը պատրաստ էր ինքն իրեն բոլոր սատանաների մոտ ուղարկել։ Սակայն ավելի սաստիկ բարկացավ նա, երբ որ Սանչոն սկսեց ծաղրել։
― Դու պետք է իմացած լինես, Սանչո բարեկամ, որ երկինքը հաճել է ինձ աշխարհ բերել մեր այս երկաթե դարում, որպեսզի ես հարություն տամ ոսկեջրած կամ ոսկե դարին։ Ես այն մարդն եմ, որին վիճակված են մեծամեծ գործեր և խիզախ սխրագործություններ։
Եվ, շարունակելով այս եղանակով, դոն Կիխոտը կրկնեց Սանչոյին գրեթե իր ողջ ճառը, որ արտասանեց առաջին անգամ լսելով այս սարսափելի հարվածները։ Տեսնելով, որ Սանչոն չարախնդաց է լինում, դոն Կիխոտը նեղացավ և այնպես բարկացավ, որ բարձրացրեց իր նիզակը և մի երկու անգամ խփեց խեղճի մեջքին։ Եթե այս հարվածները Սանչոյի մեջքին դիպած չլինեին, այլ գլխին, դոն Կիխոտը կարող էր այլևս նեղություն չկրել նրան ռոճիկ տալու, եթե միայն չցանկանար վճարելու նրա ժառանգներին։ Սակայն Սանչոն, նկատելով, որ իր կատակները լավ հետևանք չեն ունենում և վախենալով, որ իր տերը կարող է դեռ շարունակել ծեծը, մեծ խոնարհությամբ ասաց․
― Հանգստացեք, ձերդ ողորմածություն։ Երդվում եմ Աստուծով, որ ես հանաք արի։
― Դրա համար էլ ես կատակ չեմ անում, որ դուք հանաք եք անում, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ապա մոտ եկեք, սինյոր հանաքչի։ Եթե մահուդ գործելու մուրճերի փոխարեն մեր առջև ուրիշ վտանգավոր արկած լիներ, մի՞թե ձեզ թվում է, որ ես բավականաչափ արիություն չէի հայտնաբերի, որպեսզի սկսեի և ավարտեի այդ գործը։ Մի՞թե ես՝ ասպետս, պարտավոր եմ զանազանել հնչյունները և և որոշել՝ մահուդ գործելու մուրճեր են, թե այլ բան։ Մանավանդ որ, ճիշտն ասած, ես իմ օրում այդ մուրճերը տեսած չկամ, մինչդեռ դուք, անարգ տղամարդ, ծնվել և մեծացել եք այդպիսի առարկաների մեջ։ Ոչ, դուք ավելի լավ է այնպես անեք, որպեսզի այդ վեց մուրճը վեց հսկա դառանան և որպեսզի նրանք հերթով, կամ բոլորը միասին, վրա տան ինձ վրա։ Եթե նրանք գլխիվայր օդը չցնդեն, ապա ծաղրեցեք ինձ, որքան կամենաք։
― Լա՜վ, սինյոր իմ, ― ասաց Սանչոն, ― խոստովանում եմ, որ կամենալով կատակել, ես չափն անցա։ Էհ, հիմա մենք հաշտվենք, (և տա Աստված, որ բոլոր գալիք արկածներից դուք նույնքան ողջ ու առողջ դուրս գաք, ինչպես հիմա, ասացեք ինձ, ձերդ ողորմածություն՝ մի՞թե ծիծաղելի չէ, և մի՞թե չարժե, որ հետո մենք պատմենք, թե ի՜նչ սաստիկ մենք վախեցանք։ Առնվազն, ինչպես վախեցա ես․ գալով ձերդ ողորմածությանը, ապա չէ՞ որ ինձ հայտնի է, որ դուք չգիտեք և չեք ըմբռնում, թե ահը ինչ բան է։
― Ես բնավ չեմ ժխտում, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ մեզ պատահածը արժանի է ծիծաղի, սակայն պատմել ― բնավ պետք չէ, որովհետև բոլոր մարդիկ բավականաչափ խելացի չեն, որ բանը ճիշտ հասկանան։
― Համենայն դեպս, ― պատասխանեց Սանչոն, ― ձերդ ողորմածությունը լավ է նիզակը գործ ածում․ դուք նշան էիք դրել իմ գլխին և դիպաք մեջքիս միմիայն շնորհիվ Աստծու և այն ճարպկության, որով ինձ աջողեց մի կողմ թռչել։ Է, դե լավ, լվացքից ամեն բան կմաքրվի, զուր չի ասում առածը՝ ով որ սաստիկ սիրում է, նա սաստիկ էլ խփում է։ Իսկ ազնիվ սինյորները հենց որ հայհոյում են ծառային, իսկույն ևեթ նրան նոր վարտիք են նվիրում։ Իսկ թե թափառական ասպետներն ինչ են նվիրում իրենց ծառաներին նրանց մի լավ քյոթագ տալուց հետո ― չգիտեմ։ Ծեծին չի՞ հետևում արդյոք կղզի կամ որևէ թագավորություն ցամաքի վրա։
― Ինչ կա որ, բախտը կարող է գործը այնպես շուռ տալ, որ քո բոլոր խոսքերը ճշմարտություն դուրս գան, ― ասաց դոն Կիխոտը։ ― Ների՛ր ինձ պատահածի համար, որովհետև դու խելացի մարդ ես և գիտես, որ մենք չենք իշխում մեր առաջին շարժումների վրա։ Իսկ գալիքի համար թող դա նախազգուշացում լինի, զգուշացիր և զսպիր քեզ ավելորդ խոսակցություններից ինձ հետ, որովհետև, թեև ես անհաշիվ բանականությամբ ասպետական վեպեր եմ կարդացել, բայց նրանցից և ոչ մեկում չեմ հանդիպել, որ զինակիրն այնքան շատ խոսեր իր տիրոջ հետ, ինչքան դու՝ ինձ հետ։ Եվ ճիշտ՝ ես կարծում եմ, որ այդ բանում մենք երկուսով էլ խիստ մեղավոր ենք։ Դու մեղավոր ես, որ ինձ բավականաչափ չես հարգում, իսկ ես՝ որ քեզնից ավելի հարգանք չեմ պահանջում։ Օրինակ՝ Գանդալինը, Ամադիս Գաղղիացու զինակիրը, ցամաքային կղզու կոմս էր, իսկ եթե պատմությանը հավատալու լինենք, իր տիրոջ հետ այլ կերպ չէր խոսում, քան եթե գլուխը կախ արած, գլխարկը պահած ձեռքին և երկու տակ ծալված more turqueso:<ref>Ըստ թուրքական սովորության։</ref> Ինչ ասել կուզե դոն Գալաորի զինակիր Գասաբալի մասին։ Նա այնքան լռակյաց էր, որ մեծ և ճշմարտապատում պատմության հեղինակը մեկ անգամ է հիշատակում նրա անունը, այն էլ նրա զարմանալի առաքինությունը՝ լռակյացությունը, նշելու նպատակով։ Այն ամենից, որ ես քեզ ասացի, Սանչո, դու պետք է հետևցնես՝ պետք է հիշել սինյորի և ծառայի միջև եղած տարբերությունը, տիրոջ և ճորտի, ասպետի և զինակրի միջև։ Ուստի, այսօրվանից մենք իրար ավելի մեծ հարգանքով պիտի վերբերենք և մի կողմ պիտի թողնենք ամեն տեսակ հիմարությունները, որովհետև եթե դուք մի բանով զայրացնելու լինեք ինձ, ապա միմիայն ինքներդ կտուժեք, ինչպես առակի կավե ամանը։ Գալով խոստացված շնորհ ու պարգևներին, իր ժամանակին կլինեն, իսկ եթե չլինեն, միևնույն է, համենայն դեպս, դուք ձեր ռոճիկը չեք կորցնի, ես քանիցս այդ ասել եմ ձեզ։
― Այդ ամենը շատ լավ է, ձերդ ողորմածություն, ― ասաց Սանչոն։ ― Սակայն ես կկամենայի իմանալ (եթե պարգևի ժամը այնպես էլ հասնելու չլինի և ես հարկադրված լինեմ միմիայն ռոճիկով գոհանալ) ― թափառական ասպետների զինակիրները հին ժամանակ ի՞նչ ռոճիկ էին ստանալիս եղել և ի՞նչ պայմանով էին վարձվում՝ ամսո՞վ թե օրավարձով, ինչպես քարտաշի աշկերտները։
― Ինձ թվում է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ այն ժամանակ զինակիրները երբեք ռոճիկով չէին ծառայում, այլ միայն պարգևներ էին ստանում։ Եվ եթե ես հիշատակել եմ քեզ կտակիս մեջ, որ կազմել եմ տանս և պահել կնքած, ապա միմիայն այն պատճառով, որ ամեն բան կարող է պատահել՝ ես խոմ չգիտեմ, թե ինչ բախտ է սպասում մեր աղետավոր ժամանակ ասպետին, և ես չէի կամենա, որ մի չնչին բանի համար իմ հոգին տանջվի այն աշխարհում։ Եվ դա պետք է որ իմացած լինես, Սանչո, որ այս աշխարհում արկած որոնելուց ավելի վտանգավոր զբաղմունք չկա։
― Դա կատարյալ ճշմարտություն է, ― պատասխանեց Սանչոն, ― քանի որ մահուդ գործելու մուրճերի թրխկոցը սոսկ բավական էր ձերդ ողորմածության պես արի մի ասպետի հանգիստը խռովելու համար։ Սակայն դուք կարող եք միանգամայն հավատացած լինել, որ ես այլևս բերանս էլ բաց չեմ անի ձերդ ողորմածությանը ծաղրելու համար և միշտ կհարգեմ ձեզ, որպես իմ բնական տիրոջ ու սինյորի։
― Եվ աշխարհիս երեսին կյանքդ փափուկ կլինի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որովհետև հոր ու մորից հետո պետք է պատվել տերերին, ասես նրանք ծնողներ լինեն։