Changes
Եթե Բրոկհաուզ եւ Եֆրոնի հանրագիտական բառարանի ասածները, որոշ վերապահությամբ, վերագրենք XIX դարի վերջին, մենք այն ժամանակվա Շուշին կարող ենք համարել Անդրկովկասի խոշոր առեւտրական կենտրոններից մեկը, որտեղ համեմատաբար թույլ էր զարգացած ֆաբրիկա֊գործարանային արտադրությունը։ Նույնիսկ գորգագործությունը, որով ըստ Բրոկհաուզի եւ Եֆրոնի բառարանի, Շուշին համարվում է Անդրկովկասի ամենախոշոր կենտրոնը, եւ նույնպես տնայնագործական բնույթ է կրում։
Առհասարակ XIX դարի վերջին Շուշին չի կորցրել միջնադարյան քաղաքի իր բնույթը։ Բնակչության արհեստավորական խավերը դեռեւս շարունակում են պահպանել համքարային կազմակերպության գծերը։ Քաղաքից դուրս կազմակերպվող համքարական տոներն ու զբոսանքները դեռեւս շարունակվում են, գոյատեւում է արհեստավորների բաժանումն ըստ համքարությունների, մնում են միսկյարների, ատաղձագործների, կոշկակարների եւ այլ համաքարությունները։ Համքարության ներսում մնում են վարպետները, ենթավարպետները եւ աշակերտները, բայց այս հին կազմակերպությունը աստիճանաբար գնում է դեպի անկում, եւ զարգացող կապիտալիզմը քաղաքի «հայրեր» է դարձրել առեւտրականներին, որոնք գերակշռություն ենստացել քաղաքային վարչության մեջ։ Արդեն կապիտալիստական մրցությունը հնձում է թուլազոր արհեստավորներին եւ մանր խանութպաններին եւ ուժեղացնում է խոշոր առեւտրականների զորությունը։ Խոշոր առեւտրականների համար քանի գնում այնքան ավելի նեղ են թվում հարազատ քաղաքի շրջանակները, եւ նրանք շարունակում են գործադրել իրենց ունակությունները եւ միջոցները նոր ավելի խոշոր ձեռնարկությունների մեջ։ XIX դարի վերջը Շուշի քաղաքի բնակչության եւ նրա տնտեսության ամենամեծ աճի ժամանակն է, բայց եւ միաժամանակ դառնում է նրա անկման շրջանի սկիզբը։ Քաղաքի բնակչության քանակը XIX դարի վերջից համարյա բոլորովին դադարում է աճել։ Չունենալով տնտեսական նախադրյալներ, քաղաքը չի դառնում արդյունաբերական կնետրոն։ Առեւտրական զարգացման ուղիները քաղաքի համար նեղանում են, առեւտրական կապերի նոր ուղիներ են հայտնվում, որոնք Շուշին թեքում են իր կենտրոնական դիրքերից, իսկ վրա հասնող ազգամիջյան ընդհարումները արագացնում են քաղաքի անկումը, հասցնելով նրան աննշան քաղաքի կացություն։ <i>Ե) Շուշու տնտեսական կյանքը եւ հասարակական վիճակը XX դարի առաջին երկու տասնամյակում</i> XX դարի առաջին տասնամյակները Շուշի քաղաքի տնտեսության աստիճանական անկման պատկեր են ներկայացնում։ Եթե այդ տարիները Անդրկովկասի քաղաքների, մանավանդ Բաքվի եւ Թիֆլիսի արագ աճման տարիներ են, ապա Շուշին, ընդհակառակը աստիճանաբար կորցնում է իր բնակչությունը եւ Անդրկովկասի մի շարք փոքր քաղաքները՝ Երեւանը, Քութայիսը, Բաթումը եւ այլ քաղաքներ իրենց բնակչությամբ Շուշուց առաջ են անցնում։ Հայ֊ադրբեջանական արյունոտ ընդհարումները 1905 եւ 1906 թվականներին, իսկ ավելի ուշ 1914 թվականին սկսած առաջին համաշխարհային պատերազմը, այնուհետեւ քաղաքացիական պատերազմը, մուսավաթականների պրովոկացիոն քաղաքականությունը, տաճիկների եւ իմպերիալիստական պետությունների ինտերվենցիան Ղարաբաղ եւ հայ բնակչության արյունոտ կոտորածը Շուշի քաղաքում եւ նրա շրջակայքում չէին կարող քաղաքը չհասցնել լիակատար անկման։ Ակամայից հարց է ծագում, ո՞րն է այն հիմնական պատճառը, որ Շուշի քաղաքը հասցրեց անկում ապրող քաղաքների շարքը Լեռնային Ղարաբաղում խորհրդային իշխանության հաստատման նախօրյակին։ Արդյո՞ք դրա պատճառը քսաներորդ դարի միայն քաղաքական դեպքերն են եւ ազգամիջյան կոտորածները, որոնք ոչնչացրին քաղաքի բնակչության զգալի մասը։ Մեր կարծիքով, XX դարի սկզբի քաղաքական դեպքերը եւ ազգային կոտորածները, անշուշտ, խիստ արագացրին Շուշի քաղաքի անկման պրոցեսը, սակայն քաղաքի աստիճանական ու դանդաղ տնտեսական անկման պրոցեսը համեմատած Անդրկովկասի այլ քաղաքների հետ կախված էր նաեւ զուտ տնտեսական պատճառներից։ Իրոք, ի՞նչ ուղղությամբ պետք է ընթանար Շուշու տնտեսական զարգացումը XIX դարի վերջին եւ XX դարի սկզբին։ Կարո՞ղ էր արդյոք Շուշին ընթանալ խոշոր արդյունաբերության զարգացման ուղիով․ իհարկե ո՛չ։ Դրա համար նա չուներ համապատասխան նախադրյալներ։ Նրա աշխարհագրական դիրքը (տարածությամբ խիստ սահմանափակ լեռնային պլատոյի վրա), որտեղ տեղ չկար ընդարձակվելու ոչ միայն խոշոր արդյունաբերական արտադրության համար, այլ նույնիսկ սովորական բնակարանային շինարարության համար, նրա բարձրությունը ծովի մակերեսից, որտեղ դժվար է երկաթուղի անցկացնել, որտեղ ջրային ռեսուրսները խիստ սահմանափակ են, այսպիսի պայմաններում Շուշին հազիվ թե կարողանար արդյունաբերական քաղաք դառնալ։ Մինչդեռ Անդրկովկասի այլ քաղաքներում արդյունաբերությունը սկսել էր զարգանալ, իսկ նրանցից մի քանիսում (Բաքվում, Թիֆլիսում, Բաթումում) նույնիսկ շատ արագ։ Անդրկովկասի շատ քաղաքներին մոտենում էին երկաթուղիները, եւ նրանց համար ստեղծվում էին ինդուստրացման պայմաններ՝ XIX դարի 80֊ական թվականներին կառուցվում է Անդրկովկասի երկաթգիծը, որը միացնում է Բաքուն, Եվլախը, Գանձակը, Թիֆլիսը, Քութայիսը, Բաթումը, իսկ XX դարի սկզբներին երկաթուղին Թիֆլիսը միացնում է նաեւ Ալեքսանդրոպոլի, Երեւանի, Նախիջեւանի եւ Ջուլֆայի հետ։ Շուշին՝ մնում էր երկաթգծերից հեռու։ Ամենից մոտ տեղադրված երկաթուղային կայանը՝ Եվլախը գտնվում էր ավելի քան 100 կիլոմետր հեռավորության վրա, իսկ ապրանքները խճուղով Շուշի տեղափոխելը կարելի էր միայն ֆուրգոններով կամ գոմշի սայլերով։ Ճիշտ է, Եվլախ երկաթուղային կայանը Շուշու համար մեծ նշանակություն ուներ որպես փոխաբեռնման կետ, որի միջոցով քաղաքը կապվում էր Անդրկովկասի եւ Ռուսաստանի այլ երկաթուղային կայանների հետ, բայց եւ այնպես Շուշու տնտեսաաշխարհագրական դիրքը իր հարմարության տեսակետից չէր կարող համեմատվել Անդրկովկասի խոշոր քաղաքների հետ, որոնք անմիջապես գտնվում էին երկաթուղիների վրա։ Այսպիսով, Շուշին XIX դարի վերջին եւ XX դարի սկզբին չէր կարող դառնալ արդյունաբերական քաղաք։ Նրա տնտեսաաշխարհագրական դիրքի բոլոր պայմանները աննպաստ էին դրա համար, նույնիսկ արդյունաբերական ձեռնարկությունները, այսինքն՝ մետաքս մանող եւ մետաքսի թել ոլորող ֆաբրիկաները (ինչպես այն ժամանակ էին անվանում գործարանները), տեղադրված էին, ինչպես մենք տեսանք, ոչ թե Շուշի քաղաքում, այլ մեծ մասամբ քաղաքից դուրս, Լեռնային Ղարաբաղի գյուղերում։ XIX դարի վերջին եւ XX դարի սկզբին քաղաքի հետագա զարգացումը չէր կարող ընթանալ հին ճանապարհով, այսինքն առեւտրի եւ արհեստների զարգացման ուղղությամբ, որովհետեւ հնարավորությունը եւս Շուշի քաղաքի առաջ խիստ սահմանափակված էր։ Նախ արհեստավորական արտադրությունը ապրում էր իր անկման վիճակը, այն դեպքում, երբ Ռուսաստանում սկսել էր զարգանալ ֆաբրիկա֊գործարանային խոշոր արտադրությունը։ Մյուս կողմից Շուշու, որպես առեւտրական կենտրոնի նշանակությունը անշուշտ նույնպես պետք է թուլանար։ Չէ որ Շուշին, որը առաջ գտնվում էր հաղորդակցության եւ առեւտրական հիմնական ուղիների վրա, Ղարաբաղում, Զանգեզուրում, Ղափանում, Նախիջեւանում եւ նշված տարածքի սահմաններում միակ խոշոր առեւտրական կենտրոնն էր, այժմ նա աստիճանաբար կորցնում էր իր այդ նշանակությունը։ Սկսում էին զարգանալ Դաշտային Ղարաբաղի բնակավայրերը՝ Աղդամը, Բարդան, Կարյագինը, կառուցվեցին նոր խճուղիներ եւ սայլուղիներ, որոնք իրար հետ կապեցին Դաշտային Ղարաբաղի գյուղերն ու բնակավայրերը, իսկ այդ հանգամանքը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ Շուշու առեւտրի զարգացման վրա։ Մյուս կողմից, շնորհիվ XX դարի երկաթուղային նոր կառուցումների, Նախիջեւանը, Ջուլֆան եւ Արաքսի հովտի այլ կետերը նոր առեւտրական կապեր ստացան եւ ելք ստեղծեցին դեպի Անդրկովկասի կենտրոնները։ Պարզ է, որ քաղաքի հետագա զարգացման ու աճի հնարավորությունը, նրա կարեւոր տնտեսական նշանակության պահպանման ճանապարհը Անդրկովկասում XIX դարի վերջում արդեն զգալի չափով փակված էր։ Բայց, իհարկէ, Շուշի քաղաքի կատաստրոֆիկ անկումն, անշուշտ, կապված է այն քաղաքական դեպքերի եւ ազգային կոտորածների հետ, որոնք տեղի ունեցան 1905 եւ 1906 թվականների ամառը, իսկ հետո 1918—20 թվականներին։ Շուշի քաղաքն առաջին ուժեղ հարվածը ստացավ 1905 թվականի ամռանը (օգոստոսին) հայ֊ադրբեջանական ազգային կոտորածների հետեւանքով, երբ հրդեհի ենթարկվեց հայկական թաղամասի ստորին հատվածը, որը գտնվում էր Ղազանչեցոց եկեղեցուց եւ Թոփխանայից ցածր, այրվեցին նաեւ մի շարք տներ քաղաքի այլ մասերում։ Այս տեղամասում էին գտնվում ամենալավ տներն ու խանութները Թոփխանայից եւ քաղաքի Ղանթարից սկսած մինչեւ Ագուլյաց եկեղեցին եւ ավելի ցած հրդեհի էր մատնված նաեւ ադրբեջանական թաղի մի հատված քաղաքի ստորին մասում եւ մի փոքր ադրբեջանական թաղ֊քաղաքի վերին, ռուսական զորանոցի մոտ, որտեղ գտնվում էին կաթնավաճառ Նասիրի տունը եւ մի քանի այլ տներ։ Այրվել էր եւ Խանդամիրյանի թատերական դահլիճը։ Քաղաքի այրված մասը հետագայում չի վերակառուցվել, մինչեւ որ այդ ավերած ու այրված մասին 1920 թվականին միանում է համարյա ամբողջ ավերված հայկական քաղաքամասը։ 1905 թվականի ազգամիջյան կոտորածներին, 1906 թվականի ամռանը հետեւում են նոր արյունահեղ դեպքեր։ Այս կոտորածների հետեւանքով Շուշու բնակչության քանակը զգալի չափով պակասում է։ Տեղական բուրժուազիան հեռանում է Շուշի քաղաքից եւ հաստատվում այլ վայրերում, հեռանում է նաեւ չքավոր բնակչության մի մասը՝ աշխատանք եւ ապրուստ փնտրելու։ Այնուամենայնիվ, Շուշին շարունակում էր մնալ արհեստավորների եւ վաճառականների քաղաք, բայց վաճառականները դարձել էին մանր վաճառականներ, արհեստավորները աղքատացել էին, մի խոսքով քաղաքը աղքատիկ էր դարձել, մինչեւ որ նա ստացավ իր վերջին հարվածը խորհրդային իշխանության հաստատման նախօրյակին՝ 1920 թ․ մարտի 22֊ին։ Շուշի քաղաքի եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսական կացության մասին որոշ պատկերացում են տալիս այն տվյալները, որ վերաբերում են մետաքսի թել մանող եւ ոլորող գործարաններին, որ 1915 թվականին գտնվում էին Լեռնային Ղարաբաղի գյուղերում։ Մետաքսի թել մանող եւ ոլորող ֆաբրիկաների («գործարանների») մասին Շուշու գավառում կազմել ենք հետեւյալ ընդհանրացրած եւ որոշ չափով կրճատած աղյուսակը, որի հիմքում գրել ենք Գանձակի նահանգի ավագ տեսչի զեկուցագիր այդ գործարանների մասին<ref>Архив Министерства Внутренних дел Аз. ССР, исторический отдел, фонд 975, опись 1, единица хранения 1, «сведения о шелкомотальных и шелкокрутильных заводах в Шушинсков уезде с 1-го января 1915 г. по 1 января 1916 г., составленные старшим фабричным инспектором Елисаветпольской губернии».</ref>։
<references />