Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 66 768 բայտ, 19:20, 21 Ապրիլի 2015
/* Գլուխ XXIV */
Սրանով էլ նա հաշտեցրեց նրանց, ապա հարցրեց հովվից միջոց կա՞ արդյոք Կարդենիոյին գտնելու, որովհետև ինքը չափազանց հետաքրքիր է պատմության վերջն իմանալու։ Հովիվը կրկնեց այն, ինչ որ առաջ ասել էր՝ ինքը ստույգ չգիտի, որտեղ է կենում Կարդենիոն և ավելացրեց, որ եթե դոն Կիխոտը էլի թափառելու լինի այս լեռներում, անշուշտ նրան կհանդիպի կամ առողջ մտքով կամ խելագարությամբ բռնված։
 
 
==Գլուխ XXV==
 
Ուր պատմվում է արտասովոր դեպքերի մասին, որ պատահել են լամանչեցի արի ասպետին Սյերրա֊Մորենում և այն ապաշխարանքի մասին, որ նա ինքը դրեց իր վրա Մռայլ Գեղեցիկին նմանվելով
 
 
Հովվին հրաժեշտ տալով՝ դոն Կիխոտը նորից հեծավ Ռոսինանտին և հրամայեց, որ Սանչոն գա իր հետևից էշով։ Սանչոն հնազանդեց մեծ տհաճությամբ։ Եվ ահա նրանք կամաց֊կամաց մոտեցան ամենավայրի կիրճերին։ Սանչոն մեռնում էր իր տիրոջ հետ խոսելու ցանկությունից, սակայն սպասում էր, որ նա առաջինը սկսի, որովհետև չէր ուզում խախտել պատվերը։ Վերջապես, այդքան երկար լռություն չտանելով, նա, այնուամենայնիվ խոսեց։
 
Սինյոր դոն Կիխոտ, օրհնեցեք ինձ, ձերդ ողորմածություն, և արտոնություն շնորհեք, ես ուզում եմ որքան կարելի է շուտ վերադառնալ տուն՝ կնոջս ու երեխաներիս մոտ, նրանց հետ գոնե, ես կարող եմ խոսել և դատողություն անել, ինչքան սիրտս ուզի։ Իսկ ձերդ ողորմածությունը պատվիրում է ինձ թափառել գիշեր֊ցերեկ այս անապատում, այն էլ առանց խոսելու, երբ որ սիրտս ուզենա։ Որ այդպես է՝ ինձ սաղ֊սաղ թաղեցեք, պրծնի գնա։ Եթե բախտը կամենար, որ անասունները խոսել կարողանային, ինչպես կարողանում էին երբեմն Գիսոպետի օրոք<ref>Գիսոպետ ― Իսոպետ կանոնավոր ձևի փոխարեն ։ Իպոսետը առակագիր Եզոպոսի անվան փորքրացուցիչ ձևն է։ Այդ անունն է կրել միջին դարերում ամբողջ Եվրոպահյում մեծ ժողովրդականություն ունեցող առակների ժողովածուն։</ref> ― էլի մի բան է, ես կպատմեի էշիս այն ամենը, ինչ որ խելքիս փչեր և այդպես կկարճեի իմ տխուր օրը։ Հե՞շտ բան է և կարո՞ղ է մարդկային համբերությունը բավել՝ դու ողջ կյանքդ արկածներ որոնիր, իսկ փոխարենը քեզ ջարդ ու բուրդ անեն, վերմակի վրա վեր֊վեր թռցնեն, քարկոծեն և բռունցքով խփեն, իսկ այդ ամենի վրա, չհանդգնես բերանդ բաց անել, չհանդգնես արտահայտել այն ամենը, ինչ որ դաղել է սիրտդ, ասես համր լինես։
 
― Ես հասկանում եմ քեզ, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― դու մեռնում ես ցանկությունից, որ ես քո լեզվի վրա դրած արգելքը հանեմ։ Էհ, թող այդպես լինի, հանում եմ, ասա՛, ինչ որ ուզենաս, բայց պայմանով, որ այս թույլտվությունը ուժ ունենա, քանի դեռ մենք այս լեռներում ենք գտնվում։
 
― Թող այդպես լինի, ― պատասխանեց Սանչոն․ ― հիմա մի կուշտ խոսեմ, իսկ հետո միայն Աստված գիտե, թե ինչ կլինի։ Ուրեմն, ես օգտվելով ձեր թույլտվությունից, ահա թե ինչ կասեմ․ ձերդ ողորմածության ի՞նչ ցավն էր՝ այն Մախիմասա, թե ոնց էր անունը, թագուհուն պաշտպանելը։ Եվ ձեր ի՞նչ գործն է, որ ինչ֊որ Աբբատ նրա սիրահարն է եղել, թե չէ։ Դուք նրանց դատավո՞րն եք, ինչ եք։ Իսկ եթե դուք գժին ընդհատած չլինեիք, նա իր պատմությունը կավարտեր և գործը առանց քար խփելու, հարվածների և մի տասնյակ ապտակների գլուխ կգար։
 
― Հավատացնում եմ քեզ, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― եթե դու էլ ինձ նման իմանայիր, թե Մադասիմա թագուհին ի՞նչ առաքինի և արժանավոր է եղել, դու կասեիր, թե ես, ընդհակառակը, շատ֊շատ համբերատարություն ցույց տվի, որ այդպես վատաբանողի գլուխը չջախջախեցի։ Մի՞թե մեծագույն պղծություն չէ կարծել ու ասել, թե թագուհին կարող էր ինչ֊որ սնղչու հարճը լինել։ Իսկ, իրոք, պատմությունն ասում է, թե Ելիսաբատ վարպետը, որին հիշատակեց այդ խելառը, պատվելի և ուսանելի խորհրդատու է եղել, որ ծառայել է թագուհուն՝ որպես բժիշկ և կառավարիչ։ Իսկ կարծել, թե նա թագուհու սիրողն է եղել ― անհեթեթություն է, որ արժանի է խիստ պատժի։ Ասենք՝ դու ինքդ էլ կհամաձայնես, որ Կարդենիոն ինքն էլ չգիտեր՝ ինչ էր ասում, եթե հիշես, որ այդ ասելիս, նա արդեն խելքը կորցրած էր։
 
― Հենց դրա համար, ― պատասխանեց Սանչոն, ― չարժեր գժի խոսքին ուշ դարձնել։ Չէ՞որ եթե բախտը ձերդ ողորմածությունը փրկած չլիներ և եթե քարը ձեր կրծքին կպած չլիներ, այլ գլխին, թագուհու լա՜վ պաշտպաններ դուրս կգայինք, ― թող աստված պախարակի այդ թագուհուն։ Իսկ Կարդենիոյից ի՞նչ կարելի է պահանջել՝ նա խելագար է։
 
― Յուրաքանչյուր թափառական ասպետ պարտավոր է պաշտպանել կնոջ պատիվը և՛ առողջ խելք ունեցողներից, և՛ խելագարներից, իսկ առավել ես՝ երբ որ Մադասիմայի պես բարձր և պատվելի թագուհու պատվի մասին է խոսքը, որին առանձնապես հարգում են նրա առաքինության համար։ Որովհետև նա ոչ թե սոսկ գեղեցիկ էր, այլև հազվադեպ խելացի և մեծ տոկունությամբ կրում էր իրեն բաժին հասած դժբախտությունները։ Իսկ Ելիսաբատ վարպետի հասարակությունն ու խորհուրդները նրա համար մխիթարանք ու օգնություն են եղել և օգնել են, որ նա բոլոր փորձությունների միջից խոհեմ և համբերատար անցնի։ Ահա թե ինչու տգետ ու չարամիտ ամբոխը հնարել է և սկսել պնդել, որ նրանք սիրահարներ են եղել։ Սակայն ես մեկ էլ կասեմ և երկու հարյուր անգամ կկրկնեմ՝ բոլոր այդպես մտածող ու ասողները ստախոսներ են։
 
― Ես որ բոլորովին այդ չեմ մտածում և չեմ ասում, ― պատասխանեց Սանչոն։ ― Թող նրանք այդ քսեն հացին և ուտեն։ Սիրահարներ եղել են, թե ոչ ― նրանք պատասխան կտան Աստծուն։ Դա իմ գործը չէ, ես բան չգիտեմ և ուրիշների գործը չեմ էլ ուզում իմանալ։ Ով որ գնում է և խարդախում, նա իր սեփական քսակում զգում է այդ։ Ես տկլոր եմ ծնվել և հիմա էլ տկլոր եմ։ Ես ոչ տարել եմ, ոչ էլ տանուլ տվել։ Եղե՞լ են նրանք արդյոք սիրահարներ ― իմ ի՞նչ գործն է։ Հաճախ կարծում ես, թե մարդիկ ճարպ ունեն, դու մի ասա, նրանք ճարպը կախելու համար չանգալ էլ չունեն։ Դաշտը կողպեքի տակ չի դրվի, իսկ բամբասանքը ― Աստծուն էլ են բամբասել։
 
― Տե՜ր ողորմյա, ― բացականչեց դոն Կիխոտը, ― այդ ի՞նչ դատարկ բաներ ես դուրս տալիս, Սանչո։ Ի՞նչ առնչություն ունի մեր զրույցը այն առածների հետ, որ դու շարում ես մեկը մյուսի հետևից։ Հանուն ամենայն սրբության՝ լռիր, Սանչո, և այսուհետ հոգ տար քո էշի մասին և մի խառնվիր այն գործերին, որ քեզ չեն վերաբերում։ Լարիր քո բոլոր հինգ զգայարաները և հասկացիր վերջապես, որ ամենը, ինչ որ ես արել եմ, անում եմ և կանեմ, միանգամայն խելացի է և համաձայն ասպետական օրենքներին, որ ես բոլոր ասպետներից լավ գիտեմ, որոնք երբևիցե եղել են աշխարհիս երեսին։
 
― Ասացեք, սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― ասպետական օրենքներով ա՞յս էլ կարգ է, որ մենք առանց ճամփի և ուղու թափառենք լեռներում և որոնենք խելագարին։ Իսկ երբ որ մենք նրան գտնենք, ապա, գուցե, նրա խելքին փչի ավարտել այն, ինչ որ սկսել էր, ― և ես, իհարկե, պատմության մասին չեմ խոսում, որ նա չվերջացրեց, այլ ձեր ողորմածության գլխի և իմ կողերի մասին, որ նա վերջնականապես դեռ չի ջախջախել։
 
― Մեկ էլ եմ ասում քեզ, լռի՛ր, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― նկատի առ, որ ես սոսկ խելագարին գտնելու ցանկությունից չեմ ձգտում այս վայրերը։ Ես մտադիր եմ այստեղ այնպիսի սխրագործություն կատարել, որ աշխարհիս երեսին առհավետ կհռչակի իմ անունը և կկնքի բոլոր գործերը, որոնց շնորհիվ թափառական ասպետը կարող է հասնել փառքի և կատարելության։
 
― Իսկ այդ սխրագործությունը շա՞տ է վտանգավոր, ― հարցրեց Սանչո Պանսան։
 
― Ոչ, ― պատասխանեց Տխուր Պատկերի Ասպետը, ― թեև գործը կարող է այնպես էլ շուռ գալ, որ հաջողության փոխարեն մենք կարող լինենք տուժել։ Համենայն դեպս, ամեն ինչ քո ջանասիրությունից է կախված լինելու։
 
― Իմ ջանասիրությունի՞ց, ― բացականչեց Սանչոն։
 
― Այո՛, ― շարունակեց դոն Կիխոտը։ ― Ես մտադիր եմ քեզ մի տեղ ուղարկելու և եթե դու շուտ վերադառնաս, ապա իմ փորձություններն էլ շուտ կպրծնեն և շուտ կսկսվի իմ փառքը։ Եվ որովհետև պետք չէ, որ ես քեզ անհայտության մեջ պահեմ և մտամոլոր՝ իմ ասածների իմաստի նկատմամբ, ապա ես քեզ կասեմ, Սանչո, որ հռչակավոր Ամադիս Գաղղիացին ամենակատարյալ թափառական ասպետներից մեկն է եղել։ Ոչ, ես լավ չարտահայտվեցի։ Նա կատարյալ ասպետներից մեկը չէր, այլ միակը, առաջինը և աննմանը աշխարհիս երեսին և բոլոր ժամանակներում եղած բոլոր ասպետների մեջ։ Ամոթ և նախատինք Բելյանիսին և յուրաքանչյուր ոքի, ով պնդել է, որ գեթ մի բանով հավասարվել է նրան։ Երդվում եմ՝ նրանք մոլորված են եղել։ Ապա կասեմ, որ ամեն մի արվեստագետ, որ ձգտում է իր արվեստով հռչակվել, աշխատում է այն վարպետների ստեղծագործություններին նմանվել, որոնց նա համարում է ամենամեծ վարպետներ։ Նույն կանոնը տարածվում է բոլոր աչքի ընկնող արհեստների և զբաղմունքների վրա, որոնք ծաղկեցնում են պետությունը։ Եվ ով որ համբերող և խոհեմ մարդու համբավ է ուզում ունենալ, պետք է նմանվի Ուլիսին և նրա գործերին ― որովհետև ի դեմս նրա, Հոմերոսը մեզ տվել է խոհեմության կենդանի նկարագրություն, ճիշտ այնպես, ինչպես Վիրգիլիոսը ի դեմս Էնեոսի նկարագրել է մեզ համար խոնարհ որդու առաքինությունն ու արի ու հաշվով առաջնորդի իմաստությունը։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը նկարագրել են իրենց հերոսներին ոչ թե այնպես, ինչպես նրանք եղել են, այլ ինչպես նրանք պետք է լինեին, կամենալով նրանց վեր հանել որպես օրինակ գալիք սերունդների համար։ Ճիշտ նույնպես և Ամադիսը՝ բոլոր արի և սիրահարված ասպետների կողմնացույցը, լուսատուն և արևն է եղել, և մենք բոլորս, որ պայքարում ենք սիրո և ասպետության դրոշակի տակ, պարտավոր ենք նմանվելու նրան։ Այս բոլորը նկատի առնելով՝ ես, Սանչո բարեկամս, համարում եմ, որ ասպետական գործում թափառական ասպետներից ամենից շատ կատարելության կմոտենա նա, ով որ կաշխատի նմանվել Ամադիսին ավելի, քան բոլոր մյուսներին։ Այդ ասպետը մեծագույն չափով դրսևորել է իր խոհեմությունը, արիությունը, քաջությունը, տոկունությունը, հաստատակամությունն ու սերը այն վայրկյանին, երբ որ, մերժված տիրուհի Օրիանայի կողմից, նա Պենյա Պոբրե հեռացավ և իր վրա ապաշխարանք դրեց, իր անունը փոխելով և Բելտենբրոս դնելով․ ճշմարիտ որ շատ արտահայտիչ և համապատասխան այն կյանքին, որ նա հոժարակամ ընտրեց։ Համ էլ, իհարկե, ավելի հեշտ է նրան նմանվել այդ դեպքում, քան նրա օրինակով կոտորել հսկաներին, գլխատել վիշապներին, սպանել անդրիակներին,<ref>Անդրիակ ― հրեշ, կես֊մարդ, կես֊գազան՝ ծնված հսկա Բանդագունդոյի և նրա հարազատ աղջկա կենակցությունից («Ամադիս Գաղղիացի» գլ․73):</ref> փախուստի ենթարկել բանակներին, ցրել նավատորմիղներ և քանդել կախարդների հմայքը։ Այս տեղն էլ շատ նպաստավոր է իմ հղացած գործի համար։ Ուստի պետք չէ փախցնել հարմար առիթը, որ այնքան հաճոյակատարությամբ ինձ դեմ է անում իր գանգուրները։<ref>Այն ժամանակներում մոդա դարձած փոխաբերություն։ Հմմտ․ դոն Բելյանիսի սոնետի 10-11 տողերը նախաբանում։</ref>
 
― Սակայն վերջ ի վերջո, ― հարցրեց Սանչոն, ―ձերդ ողորմածությունն ի՞նչ է մտադիր ձեռնարկելու այս ամայի վայրում։
 
― Չէ՞ որ ես քեզ ասացի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ես մտադիր եմ նմանվել Ամադիսին և այնպես վարվել, իբրև թե ես կորցրել եմ խելքս, հուսահատվել եմ և կատաղել, միաժամանակ ես կնմանվեմ նաև արի դոն Ռոլանդին, երբ որ նա աղբյուրի մոտի հետքերից գլխի ընկավ, որ գեղեցիկ Անջելիկան անպատվել է իրեն Մեդորի հետ։<ref>Էպիզոդ «Կատաղած Ռոլանդի» XXIII-XXIV երգերից, որ մասնակիորեն թարգմանել է Պուշկինը։ (Փայլում է ջուրը ասպետի առջև, 1825 թ․)։</ref> Ռոլանդը դարդից խելակորույս եղավ, սկսեց ծառերն արմատախիլ անել, վտիտ գետակների ջրերը պղտորել, սպանել հովիվներին, բնաջինջ անել հոտերը, հրկիզել տնակները, խորտակել տները, փախցնել մադիաններին և հազար ու մի այլ գժություններ անել, որոնք արժանի են պատմաբանների հավերժական փառաբանության։ Ասենք՝ ես մտադիր չեմ ամեն բանով հետևելու Ռոլանդի, Օռլանդոյի կամ Ռոտոլանդոյի (նրան կարելի է այս անուններից որն ուզենաս տալ) օրինակին և ճիշտ ու ճիշտ կատարել այն գժությունները, որ նա արել, խորհել կամ արտահայտել է։ Ոչ, ես կարյացս չափ կվերարտադրեմ միայն այնպիսիները, որ ինձ ամենաէականներն են թվում։ Կամ թե չէ կբավարվեմ նմանվելով միայն Ամադիսին, որը ոչ մի կործանարար գժություն չէր անում, այնուհանդերձ սոսկ իր արցունքներով ու զգացմունքներով անգերազանցելի հռչակ ձեռք բերեց։
 
― Ինձ թվում է, ― ասաց Սանչոն, ― թե ասպետները, որ այդ ամենն անում են, հարկադրված են եղել անելու և առանց պատճառի չէ, որ ապաշխարել և այդ բոլոր հիմարությունները կատարել են։ Իսկ ձերդ ողորմածությո՞ւնն ինչ պատճառ ունի գժվելու։ Այն ի՞նչ տիրուհի է ձեզ մերժել։ Միթե դուք հետքե՞ր եք գտել և գլխի ընկել, որ տիրուհի Դուլսինեա Տոբոսցին չարաճճիություն է արել մավրի կամ քրիստոնյայի հետ։
 
― Բանն էլ հենց այդ է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― այդ գործի ամբողջ նրբությունը հենց այդ է։ Եթե թափառական ասպետը խելագարվում է, ունենալով դրա համար կատարյալ հիմք, դրա մեջ ո՛չ արժանիք կա, ո՛չ սխրագործություն։ Այլ բան է խելագարվել հենց այնպես, առանց որևէ պատճառի։ Այն ժամանակ իմ տիրուհին կհասկանա, թե ինչի եմ ընդունակ ես, եթե ինձ հրացանի պես լցնեն, եթե ես առանց լցնելու էլ կարող եմ այդպես վարվել։ Համ էլ երկար անջատումը իմ Դուլսինեա Տոբոսցուց, որ առհավետ նվաճել է իմ սիրտը, ինձ համար միանգամայն բավարար հիմք է։ Չէ՞ որ դու լսեցիր մեր բարեկամ հովիվ Ամբրոսիոյի խոսքը՝ սիրածի հետ անջատված պահին մենք տառապում ենք և ամեն բանից երկյուղ կրում։ Այսպիսով, Սանչո բարեկամս, ժամանակ մի կորցրու, աշխատելով ինձ հետ կանգնեցնել այնքան հազվագյուտ, երջանիկ և մինչև օրս չտեսնված նմանողությունից։ Ես քո ձեռքով նամակ կուղարկեմ իմ տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն և, մինչև որ դու չվերադառնաս պատասխանով, ես կխելագարվեմ ու խելագարություն կանեմ։ Եվ եթե նա իր պատասխանում ըստ արժանվույն կգնահատի իմ հավատարմությունը, այն ժամանակ կվերջանա իմ խելագարությունն ու ապաշխարանքը, իսկ եթե ոչ, ես իսկ որ կխելագարվեմ, և արդեն ոչինչ չեմ զգա։ Ուրեմն, ինչ էլ նա պատասխանելու լինի, իմ տառապանքներն ու փորձությունները կպրծնեն։ Եթե դու ինձ ուրախություն բերելու լինես, ես կվայելեմ առողջ բանականությամբ, իսկ եթե ցավ, ես չեմ զգա, որովհետև զրկված կլինեմ բանականությունից։ Սակայն, ասա ինձ, Սանչո, դու հո Մամբրինի սաղավարտը պահե՞լ ես։ Որովհետև ես նկատեցի, որ դու գետնից վերցրիր, երբ որ այն անշնորհակալի մեկը կամենում էր փշուր֊փշուր անել։ Բայց այդ չհաջողվեց նրան։ Դու տեսնում ես, որ այդ սաղավարտը ամրակուռ է։
 
Սաչոն դրան պատասխաբեց․
 
― Աստված վկա, սինյոր Տխուր Պատկերի Ասպետ, դուք երբեմն այնպես եք խոսում, որ ուղղակի ուժս ու համբերությունս հերիք չի անում։ Լսում եմ ձեզ, լսում և գլխովս անցնում է, որ ձեր բոլոր խոսակցությունները ասպետության մասին, թագավորություններ ու պետություններ նվաճելու մասին, ինձ կղզի շնորհելու, ողորմածություն ու պատիվ շնորհելու մասին, ինչպես այդ ընդունված է թափառական ասպետների մոտ, որ այդ ամենը դուք դատարկ֊դատարկ եք դուրս տալիս և այդ ամենը ― առասպել են ասում, ինչ են ասում։ Թե մեկը լսելու լինի, որ ձերդ ողորմածությունը դալլաքի լագանը Մամբրինի սաղավարտ է անվանում և հինգ օր է ահա, որ չի կարողանում համոզվել, որ դա այդպես չէ, ի՞նչ կմտածի ձեր մասին, քանի որ դուք ասում ու պնդում եք նման բաներ։ Ուրիշ բան չի ասի, քան եթե դուք խելագարվել եք։ Այդ լագանը իմ պայուսակի մեջն է և թեև նա ծռմռվել էր, ես էլի վերցրի այն։ Եթե Աստված ինձ շնորհ բաշխի և դարձնի ինձ տուն կնոջս ու երեխաներիս մոտ, ես այն կդրստեմ և ածիլվելու կօգտագործեմ։
 
― Լսիր, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― ինչպես նոր դու երդվեցիր Աստծու անունով, այնպես ել ե՛ս եմ երդվում՝ աշխարհիս երեսին դեռևս այնքան հաստագլուխ զինակիր չի եղել, ինչպես դու ես։ Միթե այն ժամանակի ընթացքում, որ դու ինձ ուղեկցում ես, դու դեռ չե՞ս համոզվել, որ բոլոր առարկաները, որոնց դիպչում են թափառական ասպետները, թվում են ցնորք, անհեթեթ ու անմիտ բաներ, մի խոսքով՝ նրանց շուրջը ամեն ինչ հակառակն է երևում։ Եվ այդ նրանից չէ, որ նրանք, իրոք, այդպես են, այլ նրանից, որ մեզ միշտ շրջապատում են կախարդների խմբեր, որոնք կախարդում են և փոխում բոլոր առարկաները, նայած թե մեզ բարեբարե՞լ են ուզում, թե՞ կործանել։ Եվ ահա այն, ինչ քեզ դալլաքի լագան է երևում, ինձ Մամբրինի սաղավարտ է երևում, իսկ մի ուրիշին՝ մի այլ բան։ Ինձ հովանավորող իմաստունը ցուցաբերեց իր հազվագյուտ իմաստությունը, այնպես անելով, որ Մամբրինի իսկական և իրական սաղավարտը լագան թվա։ Այլապես բոլորն էլ ինձ կհալածեին և կաշխատեին խլել այն, որովհետև այդ սաղավարտը շատ թանկարժեք բան է։ Բայց մարդիկ խորհում են, որ դա մի լագան է, ուստի և հետամուտ չեն լինում։ Մտաբերիր միայն, որ մեր հակառակորդը նախ փորձեց այն կոտրել, ապա շպրտեց գետնին և նույնիսկ ջանք չգործեց բարձրացնելու։ Հավատացնում եմ քեզ, որ եթե նա ճշմարտությունն իմանար, նա այդպես երեսի վրա չէր թողնի այն։ Պահիր այն, բարեկամս, որովհետև առայժմս ինձ պետք չէ։ Հիմա, ընդհակառակը, ես կհանեմ վրայիս զրահներն ու կմնամ տկլոր, ինչպես մայրս է ինձ ծնել, եթե միայն որոշելու լինեմ իմ ապաշխարանքում ավելի Ռոլանդին նմանվել, քան Ամադիսին։
 
Այսպես զրուցելով նրանք հասան մի բարձր սարի ստորոտը, որ սլանում էր՝ վեր ուրիշ լեռների բազմության միջից։ Խաղաղ վտակը ոլորվում էր նրա կողերով և գոտեպնդում մի սքանչելի կանաչ դաշտ, որի վրա առանց հիացումի չէր կարելի նայել։ Այստեղ բազմաթիվ վայրի ծառեր էին բսնում և բույս ու ծաղիկների այդ վայրը առավել ևս դուրեկան էին դարձնում։ Այս տեղը Տխուր Պատկերի Ասպետն ընտրեց իր ապաշխարանքի վայրը և տեսավ թե չէ, բարձրաձայն, խելագարի պես խոսեց․
 
― Օ՜, երկինք, ահա այն վայրը, որ ես նշանակում և ընտրում եմ, որպեսզի ողբամ քո ինձ առաքած դժբախտությունները։ Ահա այն վայրը, որտեղ իմ աչքերի հեղուկը կմիախառնվի վտակի կոհակներին, որտեղ իմ անդադրում հոգվոցներից անընդհատ կսոսափեն լեռնային ծառերի տերևները՝ վկայելով և զրուցելով հոշոտված սրտի ցավերը։ Օ՜, ով էլ որ լինեք դուք, գեղջկական աստվածներ, որ ապրում են այս անմարդաբնակ վայրում, լսեցեք չարաբախտ սիրահարի գանգատները։ Երկարատև անջատումը և խանդոտ կասկածները մղում են նրան տոչորվելու լեռնային կիրճերում և գանգատվելու անզգա գեղեցկուհու անհողդողդությունից ― նրա, որ աշխարհիս երեսի ամենից գեղեցիկ թագ ու պսակն է։ Օ՜, դուք նապեներ ու դրիադներ,<ref>Նապեաներ ― հովիտների և մարգագետինների հավերժահարսեր, դրիադներ ― անտառային հավերժահարսեր։</ref> որ սովորաբար ապրում եք լեռների անտառապատ կողերում, թո՛ղ արագաշարժ ու տռփոտ Սատիրները, որոնք առանց փոխադարձության սիրահարված են ձեզ վրա, երբեք չխռովեն ձեր ուրախ հանգիստը և չխանգարեն ձեզ ինձ հետ ողբալու իմ աղետները կամ առնվազն առանց հոգնելու ունկնդրելու իմ հառաչանքներին։ Օ՜, Դուլսինեա Տոբոսցի, ցերեկ իմ գիշերում, իմ տանջանքի փառքը, իմ ուղիների կողմնացույցը, իմ երջանկության աստղը ― թո՛ղ երկինքը բարեհաճորեն կատարի քո բոլոր իղձերը ― նայի՛ր լոկ, թե ինչ օրի է հասցրել ինձ անջատումը և, ողորմած դու, պարգևատրիր ըստ արժանվույն իմ հավատարմությունը։ Օ՜, մենավոր ծառեր, այսուհետև իմ մենակության ընկերներ, ճյուղերի քնքուշ օրորումով ինձ նշան արեք, որ իմ ներկայությունը չի ծանրաբեռնում ձեզ։ Օ՜, դու զինակիրդ իմ, իմ հաջողությունների և աղետների հաճելի ուղեկից, տպավորիր քո հիշողության մեջ այն ամենը, որ ես հիմա կանեմ և հաղորդիր ու պատմիր այդ իմ բոլոր արարմունքի միակ մեղապարտին։
 
Այդ ասելով նա վայր թռավ Ռոսինանտից և վայրկենաբար հանեց նրա թամքն ու սանձը, ապա ձեռքը խփեց նրա գավակին ու ասաց․
 
― Օ՜, երիվար, նույնքան հռչակված սեփական սխրագործություններով, որքան զրկված բախտից։ Քեզ ազատություն է շնորհում նա, ով որ ինքը զուրկ է ազատությունից։ Գնա, ուր որ կամենաս, որովհետև քո ճակատին գրված է, թե ոչ Աստոլֆի Հիպոգրիֆը, ոչ հռչակավոր Ֆրոնտինոն, որ այնքան թանկ նստեց Բրադամանտի վրա,<ref>Ակնարկում է «Կատաղած Ռոլանդի» միջադեպերի մասին, երգ IV և հաջորդը։ Հիպոգրիֆ ― հեքիաթային կենդանի, կիսով չափ ձի, կիսով չափ գրիֆ (վերջինս էլ հեքիաթային թռչուն է)։</ref> չեն համեմատվի քեզ հետ արագությամբ։
 
Իսկ Սանչոն տեսնելով այդ, ասաց․
 
― Սատանան տանի նրան, ով որ ազատեց մեզ գորշ էշիս փալանը հանելու հոգնությունից։ Ես էլ կաող էի խփել նրա մեջքին և ամեն տեսակ գովասանքներ ասել նրան։ Ասենք, եթե նա այստեղ լիներ, ես ոչ մի դեպքում չէի համաձայնի նրա փալանը հանել, ինչի՞ է պետք այդ։ Նրան ի՞նչ սիրահարների խելագարությունը, որ հուսակտուր են եղել, քանի որ Աստծուն հաճելի է եղել, որ նրա տերը ես լինեմ, ե՛ս, որ բնավ սիրահարված չեմ։ Բայց, ճիշտն ասած, սինյոր Տխուր Պատկերի Ասպետ, եթե ձերդ ողորմածությունը լուրջ մտադիր է ինձ տեղ ուղարկելու և ապա խելագարվելու, ապա պետք է նորից թամքել Ռոսինանտին։ Նա կփոխարինի իմ կորած էշին, և այդպիսով ես ավելի շուտ կերթամ ու կվերադառնամ։ Իսկ եթե ես հարկադրված լինեմ ոտով գնալու, ապա գլուխ չեմ հանում, թե երբ տեղ կհասնեմ և երբ հետ կգամ, որովհետև, շիտակ ասած, ես ոտով գնալում ղոչաղ չեմ։
 
― Ի՞նչ կա որ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― թող քո ասածը լինի, ― քո կարծիքը վատ չէ։ Դու այստեղից դուրս կգաս երեք օրից, որովհետև ես ուզում եմ, որ դու տեսած լինես, թե ես ինչ եմ անում ու ասում, իսկ հետո այդ պատմես նրան։
 
― Էլ ինչի՞ն նայեմ, ― ասաց Սանչոն։ ― Քի՞չ եմ տեսե՜լ։
 
― Դու բան չես հասկանում, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ահա հիմա ես կսկսեմ պատառոտել իմ շորերը, կշպրտեմ դես ու դեն զրահներս, գլուխս քարով կտամ և այլ նման բաներ կանեմ, որ կմնաս զարմացած։
 
― Ի սեր Աստծու, ― ասաց Սանչոն, ― զգույշ խփեցեք ձեր գլուխը քարին, չէ՞ որ կարող է այնպիսի ժայռ պատահել և խփել գլուխը այնպիսի ժայռի, որ ձեր ողջ ապաշխարանքի օյինը միանգամից կպրծնի։ Եվ ահա թե ինչ խորհուրդ կտամ ձերդ ողորմածության՝ քանի որ դուք համարում եք, որ այդ գործում անհրաժեշտ է ճակատը խփել քարին և առանց դրան յոլա գնալ չի լինի, և քանի որ այդ ամբողջ պատմությունը հնարած բան է, ղալբ բան ու կատակերգություն, արդյոք բավական չէ՞ր լինի, որ ձերդ ողորմածությունը գլուխը ջրին խփեր կամ ուրիշ ավելի փափուկ առարկաների, ասենք՝ բամբակի, իսկ մնացածը ― ինձ թողնեք։ Իսկ ես տիրուհի Դուլսինեային կասեմ, որ ձերդ ողորմածությունը գլուխը տալիս էր սրածայր ժայռերին, որ ալմաստի պես ամուր են։
 
― Շնորհակալ եմ քո բարի ցանկության համար, Սանչո բարեկամս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― բայց ես պետք է ասեմ, որ այդ ամենը ես կատակի համար չեմ անում, այլ լուրջ, որովհետև ես այլապես խախտած կլինեմ ասպետականության օրենքները, որ արգելում են սուտը, իբրև կանոնադրության խախտում, ― իսկ մեկ բան անել մյուսի փոխարեն ― ստություն չէ։ Ահա թե ինչու գլուխը քարովը տալը պետք է իսկական լինի, ուժգին, կատարյալ, առանց կեղծիքի և ձևանալու որևէ խառնուրդի։ Անհրաժեշտ է նույնպես, որ դու ինձ համար մի քիչ ծվատ թողնես, բուժվելու համար, քանի որ բախտի բերմամբ մենք բալասանը կորցրել ենք։
 
― Ավելի վատն այն է, որ մենք կորցրինք էշին, ― պատասխանեց Սանչոն։ ― Չէ՞ որ նրա վրա էր ծվատն էլ, մնացած բաներն էլ։ Իսկ այն անիծված խմիչքը, աղաչում եմ, ձերդ ողորմածություն, ավելի լավ է՝ չհիշենք։ Բավական է, որ նրա անունը լսեմ, ոչ միայն հոգիս է շուռ գալիս, այլև ստամոքսս։ Մի բան էլ խնդրեմ՝ երևակայեցեք, որ ձեր նշանակած երեք օրվա ժամանակը դուրս է եկել, որ ձեր բոլոր գժությունները ես տեսել եմ, և այդ գործը համարում եմ վճռված ու վերջացած, իսկ ես մեր տիրուհուն հրաշք բաներ կփչեմ։ Դե, նամակ գրեցեք և շուտով ինձ ճամփա դրեք, որովհետև ես շատ եմ ուզում շուտ վերադառնալ և փրկել ձերդ ողորմածությանը այս քավարանից։
 
― Դու քավարա՞ն ես կոչում այս, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Ավելի ճիշտ կլիներ, դժոխք անվանել կամ էլ՝ ավելի վատ, եթե միայն աշխարհիս երեսին ավելի վատ վայրեր կան։
 
― Մարդիկ ասում են, ― պատասխանեց Սանչոն, ― թե դժոխք ընկածի համար ― nulla est retentio։<ref>Սանչոն redemptio («փրկություն» տեղ ասում է retentio («կալանավորում»). լատիներեն լրիվ նախադասությունն է՝ In inferno nulla est redemptio («դժոխքից փրկություն չկա»):</ref>
 
― Չեմ հասկանում retentio ինչ ասել է, ― ասաց դոն Կիխոտը։
 
― Retentio, ― պատասխանեց Սանչոն, ― կնշանակի՝ ով որ ընկել է դժոխքը, այլևս այնտեղից դուրս գալ չի կարող։ Իսկ ձերդ ողորմածության բանը հակառակն է լինելու, եթե միայն ոտներս չգոսանան և կարողանամ խթանել Ռոսինանտին։ Հենց որ Տոբոսո հասա և մեր տիկին Դուլսինեային ներկայացա, ես նրան այն տեսակ բաներ կասեմ հիմարությունների և գժությունների մասին (որ միևնույն բանն է), որ ձերդ ողորմածությունը արել է և շարունակում է անել, որ նա ձեռնոցից փափուկ կդառնա, թեև մինչ այդ կաղնուց էլ ամուր եղած լիներ։ Ապա, նրա մեղրի պես քաղցր պատասխանը հետս, ես կախարդի պես հետ կթռչեմ օդով և ձերդ ողորմածությանը կհանեմ այն քավարանից, որ միայն արտաքուստ է դժոխքի նմանում, քանի որ դուք հույսներդ չեք կտրում, որ այնտեղից դուրս կգաք ― իսկ ես արդեն զեկուցեցի ձեզ, որ դժոխքում մեղավորներն այդ հույսը չունեն, և ես չեմ կարծում, որ ձերդ ողորմածությունը կարող լինի ինձ մի բան առարկել։
 
― Միանգամայն ճիշտ է, ― պատասխանեց Տխուր Պատկերի Ասպետը։ ― Բայց նամակը ինչպե՞ս գրենք։
 
― Եվ գրությունը, որ էշի քուռակներն ստանամ, ― ավելացրեց Սանչոն։
 
― Ամեն ինչ կլինի, ամեն ինչ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― միայն մենք թուղթ չունենք, ուստի և պետք է, որ մենք հին մարդկանց օրինակով ծառերի տերևների և մոմած տախտակերի վրա գրենք, թեև այստեղ մոմած տախտակներ գտնելը նույնքան դժվար կլինի, որքան թուղթ գտնելը։ Բայց ահա երջանիկ մի միտք՝ չէ՞ որ ես այդ գործի համար կարող եմ օգտվել Կարդենիոյի հուշատետրից։ Իսկ դու առաջին իսկ ավանում, որտեղ որ հասար, աշխատիր որևէ դպրոցի ուսուցիչ կամ գոնե տիրացու գտնել և նամակս լավ թղթի վրա և գեղեցիկ ձեռքով արտագրել տուր։ Մայն թե տես, գրագիրներին չտաս, որ սովորաբար գրում են գրիչը թղթից չպոկելով, այնպես որ նրանց ձեռքը սատանան էլ չի ջոկում։
 
― Իսկ ստորագրություն ինչպես անենք, ― հարցրեց Սանչոն։
 
― Ամադիսը իր նամակները երբեք չէր ստորագրում, ― պատասխանեց դոն Կիխոտը։
 
― Այդ այդպես է, ― ասաց Սանչոն, ― բայց գրությունը անպատճառ պետք է ստորագրած լինի, իսկ եթե արտագրել տալու լինենք, անշուշտ կասեն, թե ստորագրությունը կեղծ է, և ես այդպես էլ առանց քուռակների կմնամ։
 
― Գրությունը ես հուշատետրում կստորագրեմ, և երբ որ քրոջս աղջիկը իմ ձեռքը տեսնի, առանց որևէ դժվարության իմ հանձնարարությունը կկատարի։ Գալով սիրային գրության՝ կարգադրիր, որ այսպես ստորագրեն՝ «Ցգերեզման ձեր Տխուր Պատկերի Ասպետ»։ Փույթ չէ, որ ուրիշի ձեռքով գրված կլինի, որքան ես հիշում եմ, Դուլսինեան ո՛չ գրել գիտե, ո՛չ կարդալ և իր ողջ կյանքում ոչ իմ նամակի երեսն է տեսել, ոչ իմ ձեռքի, որովհետև մեր փոխադարձ սերը միշտ պլատոնական է եղել և պարկեշտ հայացքներից դենը չի անցել։ Նայելն էլ մենք իրար շատ հազվադեպ ենք նայել, և ես խղճի մտոք կարող եմ երդվել, որ ամբողջ տասներկու տարվա ընթացքում ես նրան իմ աչքի լույսից ավել եմ սիրում, աչքի, որ վաղ թե ուշ հողի տակը կերթա, ես նրան չորս անգամ էլ տեսած չեմ լինի և շատ հնարավոր է, որ նա ինքը նկատած էլ չլինի, որ ես նայել եմ նրան՝ ահա թե ինչքան խիստ ու փակ են կրթել Դուլսինեային Լորենսո Կորչուելոն՝ նրա հայրը և նրա մայր՝ Սլդոնսա Նոգալեսը։
 
― Պա֊պա֊պա֊պա, ― բացականչեց Սանչոն։ ― Կնշանակի տիրուհի Դուլսինեա Տոբոսցին ոչ այլ ոք է, քան եթե Լորենսո Կորչուելոյի, այլապես Ալդոնա Լորենսոյի աղջի՞կը։
 
― Այո՛, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և նա արժանի է ամբողջ աշխարհի թագուհին լինելու։
 
― Ես նրան շատ լավ ճանաչում եմ, ― պատասխանեց Սանչոն, ― բարրուն նա այնպես է նետում,<ref>Նկատի ունի ժողովրդական խաղը՝ երկաթե ձողեր նետելը (barra ― ձող), խաղը տանում է նա, ով ավելի հեռու է նետում, ընդ որում՝ անհրաժեշտ է, որ ձողը տափակ կողմով ընկնի։</ref> որ ամենաուժեղ երիտասարդը գյուղում նրան չի հասնի։ Թող Աստված պատժի ինձ, այնպես աղջիկ է, որ լավ ու լիքը ― տռուզ կնիկ է։ Նա ինչ ասպետ ասես՝ թափառական թե թափառելու մտադիր, միրքից կբռնի ցեխից կհանի, եթե միայն իր սիրածը լինի։ Գետի՜նը մտնեմ, ի՜նչ ուժ ունի, ի՜նչ ձայն։ Պետք է ձեզ ասեմ, որ մի անգամ նա բարձրացել էր զանգակատունը և կանչում էր իր հոր բատրակներին, որ աշխատում էին դաշտում, և թեև նրանք գյուղից ավելի քան կես մղոն հեռու էին, նրանք նույնքան պարզ լսեցին, ասես թե զանգակատան կողքին կանգնած լինեին։ Իսկ ամենալավը նրա մեջ այն է, որ իսկի նազ ու թազ չի ծախում, բոլորին վրա է տալիս,<ref>Բնագրում անթարգմանելի բառախաղ է, Դուլսինեայի մասին ասված է, որ նա իսկական «cortesana» է, ընդ որում՝ cortesana նշանակում է և՛ «մայրաքաղաքի (նուրբ) տիկին, և՛ «կուրտիզանուհի»։ </ref> բոլորի հետ հանաք֊մասխարություն է անում և ամեն ինչ նրան ծիծաղեցնում ու զվարճացնում է։ Հիմա ես կարող եմ ասել, սինյոր Տխուր Պատկերի ասպետ, որ դուք ոչ միայն կարող եք և պետք է որ նրա համար գժություններ անեք, այլ որ ձերդ ողորմածությունը կատարյալ հիմք ունի հուսակտուր լինելու և անգամ կախվելու, իսկ եթե մեկն ու մեկը այդ իմանա, ապա, անշուշտ, կասի, որ դուք վերին աստիճանի ճիշտ եք արել, անգամ եթե ինքը սատանան հետո ձեզ դժոխքը տանելու լինի։ Ես անհամբեր եմ ճամփա ընկնելու, որպեսզի նրան տեսնեմ։ Քանի օր է, ինչ նրան չեմ տեսել և, և երևի, նա փոխված կլինի։ Չէ՞որ նա միշտ դաշտում է լինում, բաց օդում և բարկ արևի տակ, ― իսկ դրանից կնոջ դեմքը փչանում է։ Էհ, հիմա, սինյոր դոն Կիխոտ, ձերդ ողորմածությանը մի ճշմարտություն բանամ՝ մինչև օրս ես խորին տգիտության մեջ եմ եղել, որովհետև հաստատ ու ամուր կարծում էի, թե տիրուհի Դուլսինեան, որին ձեր ողորմածությունը սիրահարված է, ինչ֊որ իշխանուհի է կամ ընդհանրապես կարևոր անձ, արժանի այն ճոխ նվերների, որ ձերդ ողորմածությունը նրան ուղարկում էր։ Չէ՞ որ դուք նրան ուղարկեցիք բիսկայցուն, տաժանակիր աշխատանքի դատապարտյալներին և, երևի, շատ ուրիշ բաներ, ― երևի՛ ձերդ ողորմածությունը քիչ հաղթանակներ չի տարել այն պահին, երբ որ ես դեռ ձեր զինակիրը չեմ եղել։ Բայց լավ միտք արեք, տիրուհի Ալդոնսա Լորենսոյին, այսինքն՝ ուզում եմ ասել տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն ի՞նչ օգուտ, որ ձերդ ողորմածությունը նրա մոտ հաղթվածներ է ուղարկում և ուղարկելու է, իսկ սրանք ծունկ են չոքելու նրա առջև։ Չէ՞ որ կարող է պատահել, որ նրանց գալստյան վայրկյանին նա կտավատ գցելիս լինի կամ կալ կալսելիս։ Նրանք, այդպիսի աշխատանքի վրա գտնելով նրան, կբարկանան, իսկ նա ձեր նվերի վրա կխնդա ու կնեղանա։
 
― Քանի֊քանի անգամ ես քեզ արդեն ասել եմ, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― որ դու մեծ շաղակրատ ես և թեև բթամիտ ես, բայց շարունակ սրախոսում ես։ Սակայն որպեսզի քեզ համար պարզ լինի, թե որքան դու հիմար ես և որքան ես խելոք եմ, ես քեզ մի փոքրիկ զրույզ կպատմեմ։ Լինում է, չի լինում մի երիտասարդ և գեղեցիկ այրի կին։ Նա ազատ, հարուստ և ոչ խիստ բարքերի տեր է լինում և սիրահարվում է մի ջահել աբեղայի՝ հաղթանդամ ու զորեղ մի տղայի։ Լուրը հասնում է վանահորը և մի անգամ, իբրև թե բարի խորհուրդ, նա ասում է բարի այրուն․ «Զարմանում եմ ես, տիրուհի, և ոչ առանց պատճառի՝ ձերդ ողորմածությունը, ազնվական, գեղեցիկ և հարուստ լինելով, սիրահարվել է այսպիսի մի կեղտոտ, կոպիտ և ախմախ գյուղացու։ Մինչդեռ մեր վանքում այնքան մագիստրոսներ, դասախոսներ և աստվածաբաններ կան, և ձերդ ողորմածությունը կարող էր ընտրել որ խմբից էլ ուզենար ըստ իր ճաշակի և ասել՝ «սրան չեմ ուզում, նրան եմ ուզում»։ Տիրուհին դրան շատ ուրախ և անբռնազբոսիկ պատասխանել է․ «Ձերդ ողորմածությունը, սինյորդ իմ, չարաչար սխալվում է և շատ է հետ մնացել դարից, եթե կարծում է, որ ես սիրահարի լավ ընտրություն չեմ արել, թեև նա ախմախ է երևում ― որովհետև այն բանում, որ ես նրանից պահանջում եմ, նա նույնպիսի փիլիսոփա է, ինչպես և Արիստոտելը, գուցե և ավելի»։ Ահա՛, Սանչո, այն բանում, որ ինձ պետք է Դուլսինեա Տոբոսցուց, նա աշխարհիս ամենաազնվազարմ տիկնոջ դիմաց տեղի չի տա։ Բոլոր պոետները, որ կամայականորեն ընտրած անունների տակ փառաբանում են իրենց տիկիններին, իրականում հո չեն սիրահարված նրանց վրա։ Մի՞թե դու կարծում ես, որ բոլոր Ամարիլիսները, Ֆիլիները, Սիլվիները, Դիանաերը, Գալաթեաները, Ֆիլիդները և այլ տիկիններ, որոնցով ողողված են գրքերը, երգերը, դալլաքների դուքանները և թատրոնները, իրականում միս ու արյուն առած կանայք են եղել և նրաց սիրուհիներն են եղել, ովքեր նրանց երգել կամ երգում են։ Իհարկե ո՛չ։ Մեծ մասամբ պոետները նրանց ուղղակի հնարում են, որպեսզի մեկնումեկի մասին ոտանավոր գրած լինեն և որպեսզի ամենքը նրանց սիրահարված համարեն կամ սիրո արժանի մարդիկ։ Ինձ համար էլ միանգամայն բավական է երևակայել և հավատալ, որ այդ փառավոր Ալդոնսա Լորենսոն գեղեցիկ և ազնիվ աղջիկ է։ Գալով նրա տոհմի մաքրության՝ այդ էական չէ։ Ո՞վ է նրա մասին տեղեկանք քաղելու, ինչպես այդ արվում է որևէ Ուխտի մեջ մտնելու միջոցին։<ref>Ուխտի կազմակերպության մեջ մտնողներից պահանջվում էր վկայական առ այն, որ նրա տոհմն ազատ է հրեական կամ մավրիտանական արյան խառնուրդից։</ref> Ուստի ինձ համար նա ամենաազնվազարմ իշխանուհին է աշխարհիս երեսին։ Դու պետք է իմացած լինես, Սանչո, եթե միայն դու այդ չգիտես, որ երկու բան առանձնապես սեր են հարուցանում, այն է՝ մեծ գեղեցկությունը և բարի համբավը և այդ երկուսն էլ հատուկ են Դուլսինեային։ Ոչ ոք չի հասնի նրան գեղեցկությամբ, իսկ բարի համբավով նրա հետ քիչ կին վեճի կբռնվի։ Մի խոսքով, ես համարում եմ, որ իմ բոլոր խոսքերը ― ոչ ավել, ոչ պակաս ― զուտ ճշմարտություն է, և իմ երևակայության մեջ ես նրան այնքան չքնաղ և ազնիվ եմ պատկերում, ինչքան ես կամենում եմ նրան տեսած լինել։ Նրան չի հասնի Հեղինեն, նրա հետ չեն կարող մրցել ոչ Լուկրեցիաները, ոչ էլ անցած ժամանակների հույն, բարբարոս և լատին հռչակավոր կանայք։ Եվ թող մարդիկ ինչ ուզում են՝ ասեն։ Որովհետև եթե համբակները ինձ պարսավելու լինեն, ապա խիստ դատավորները չեն կարողանա դատապարտել ինձ։
 
― Խոստովանում եմ, որ ձերդ ողորմածությունը միանգամայն արդարացի է, ― պատասխանեց Սանչոն, ― իսկ ես էլ էշ եմ։ Միայն թե ինչի՞ց էր, որ բերնիցս «էշ» բառը դուրս թռավ։ Ախր, կախվածի տանը թոկից չեն խոսի։ Դեհ, նամակը տվեք և մնաք բարով, ես մեկնում եմ։
 
Դոն Կիխոտը հանեց հուշատետրը և, մի կողմ քաշվելով, սկսեց կենտրոնացած նամակ գրելը, և ապա ավարտելով մոտ կանչեց Սանչոյին և ասաց, որ կամենում է նրան կարդալ իր թուղթը, որպեսզի նա անգիր հիշի, եթե բան է, ճամփին կորցնելու լինի, որովհետև բախտը այնքան դաժան է իր նկատմամբ, որ ամեն բանից պետք է զգուշանալ։ Սանչոն դրան պատասխանեց․
 
Դուք, ձերդ ողորմածություն, հուշատետրում մի երկու կամ երեք անգամ գրեցեք և ինձ տվեք էլի, իսկ ես սաղ֊սալամաթ տեղ կհասցնեմ։ Իսկ եթե դուք կարծում եք, որ ես կարող եմ անգիր անել, ապա ներողամիտ եղեք՝ իմ հիշողությունն այնքան ծակ է, որ ես հաճախ իմ սեփական անունն էլ եմ մոռանում, իսկ կարդալը ― կարդացեք, ինձ համար հաճելի կլինի լսելը։ Երևի զորս դու պատվիրեցեր է գրված։
 
― Դե լսիր, թե ես ինչ եմ գրել, ― ասաց դոն Կիխոտը։
 
 
Դոն Կիխոտի նամակը Դուլսինեա Տոբոսցուն
 
Բարձր ու իշխանազոր տիրուհի
 
 
Քեզնից անջատման խայթից մինչև սրտի խորքը վիրավորված ու խոցված ասպետը, օ՜հ, քաղցրագույն Դուլսինեա Տոբոսցի, քեզ առողջություն է ցանկանում, թեև ինքը զրկված է նրանից։ Եթե քո գեղեցկությունը արհամարհում է իմը, եթե քո արժանիքները կռվի են ելնում իմ դեմ, եթե քո արհամարհանքը ինձ կործանում է բերում, ― թեև ես սովոր եմ տառապանքի, այդ ցավը ես չեմ տանի, քանի որ նա ոչ միայն խորը, այլև տևական է։ Իմ բարի զինակիր Սանչոն քեզ լիակատար հաշիվ կտա, օ՜, խստասիրտ գեղեցկուհի, օ՜, իմ սիրած թշնանի, թե դու ինձ ի՜նչ վիճակի ես հասցրել։ Եթե ինձ օգնության արժանի նկատես, ես քոնն եմ, իսկ եթե ոչ, վարվիր, ինչպես քեզ հաճելի լինի՝ բաժանվելով կյանքից ես հույս ունեմ հագեցնել քո խստասրտությունը և իմ կիրքը։
 
Մինչև գերեզման քո՝ Տխուր Պատկերի Ասպետ
 
 
― Իմ հոր արևը վկա, ― բացականչեց Սանչոն, լսելով այս թուղթը, ― ոչինչ ավելի վեհ բան ես կյանքումս չեմ լսել։ Արմանք և զարմանք, թե ի՜նչ սիրուն է արտահայտում ձերդ ողորմածությունը, շիտակ ասեմ, իսկական սատանա է՝ ինչե՜ր ասես, որ դուք չգիտեք։
 
― Իմ գործում, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ամեն բան պիտի իմանաս։
 
― Դե հիմա, ― շարունակեց Սանչոն, ― ձերդ ողորմածություն, հետևին մի գրություն գրեցեք երեք քուռակների մասին և ինչքան կարելի է պարզ ստորագրեցեք, որպեսզի ամեն օք տեսնի թե չէ, իսկույն ձեր ձեռքը ճանաչի։
 
― Սիրով, ― պատասխանեց դոն Կիխոտը և գրելով, կարդաց հետևայլը․
 
Կարգադրեցեք, ձերդ ողորմածություն տիրուհի քրոջ աղջիկ, հանձնել այս իմ համար առաջին կտրոնի ներկայացնող, իմ զինակիր Սանչո Պանսային երեք քուռակ այն հնգից, որ ես մեկնելով թողել եմ և հանձնել ձերդ ողորմածության հոգատարության։ Այդ երեք քուռակներին հրամայում եմ հանձնել նրան՝ ի տրիտոր այստեղ նրանից ստացածս երեք այլ քուռակների։ Այդ անելուց և նրանից գրություն ստանալուց հետո նրա մեզ հետ ունեցած հաշիվները պետք է փակված համարել։ Գրված է Սյերրա֊Մորենայի խորքերում, սույն ընթացիք տարվա օգոստոսի քսաներկուսին։
 
 
Հրաշալի է, ― ասաց Սանչոն, ― իսկ հիմա, ձերդ ողորմածությու, ստորագրեցեք։
 
― Ստորագրելու կարիք չկա, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― բավական է, որ տակին խաչ քաշեմ ― դա միևնույնն է, թե ստորագրություն, նա հերիք կտա ոչ թե երեք, այլ երեք հարյուր քուռակ ստանալու։
 
― Հավատում եմ ձերդ ողորմածությանը, ― պատասխանեց Սանչոն։ ― Դե, բաց թողեք ինձ, որ գնամ֊թամքեմ Ռոսինանտին, իսկ դուք, մինչ այդ, պատրաստվեցեք ինձ ձեր օրհնությունը տալու։ Ես իսկույն կմեկնեմ և էլ չեմ նայի այն գժություններին, որ ձերդ ողորմածությունը մտադիր է անելու։ Միևնույն է՝ ես կասեմ, թե այնքան շատ գժություններ եմ տեսել, որ ավելին պետք չի գա։
 
― Բայց, առնվազն ես կամենում եմ, Սանչո, ― որովհետև դա ծայր աստիճան կարևոր է, ― կրկնում եմ, ես կամենում եմ, որպեսզի դու տեսնես, թե ինչպես ես մերկ մի երկու տասնյակ գժություն կանեմ, մի բան, որ կես ժամ կքաշի։ Եթե դու քո սեփական աչքերով տեսնես, դու հանգիստ խղճով կարող ես երդվել, որ այն գժություններն էլ ես տեսել, որ քո խելքին կփչի ավելացնել։ Եվ կարող ես հավատացած լինել, որ ինչքան էլ դու հիշատակելու լինես, իրոք նրանց թիվն ավելի կլինի։
 
― Ի սեր Աստծու, տեր իմ, մի ստիպեք ինձ նայելու ձերդ ողորմածությանը տկլոր֊տկլոր՝ այնպես մեղքս կգաք, որ ես անպատճառ լաց կլինեմ, իսկ ես երեկ գորշ էշիս համար այնքան եմ լացել, որ գլուխս ուռել է, և ես չեմ կարող նորից սկսել լալ։ Իսկ եթե ձերդ ողորմածությունն անպատճառ ուզում է ինձ որևէ գժություն ցույց տված լինել, ապա հագնված արեք և շուտով, առաջին ձեր գլուխն եկածներից։ Մանավանդ որ ինձ համար այդ բոլորովին հարկավոր չէ՝ ինչպես ես ձեզ արդեն զեկուցել եմ, դա միայն կհետաձգի իմ վերադարձը այն լուրերով, որ ձերդ ողորմածությունն սպասում է և արժանի է։ Թող տիրուհի Դուլսինեան հաստատ իմանա՝ եթե նա չպատասխանի ինչպես հարկն է, ապա ես հանդիսավոր երդում եմ տալիս ― նրան այնպես ջարդ ու բուրդ կանեմ, որ փորիցը ծեծելով նպաստավոր պատասխան կհանեմ։ Ներողամիտ եղեք, բա ո՞նց համբերես, որ ձերդ ողորմածության պես հռչակավոր մի թափառական ասպետի խելքը ցնդի այդ տեսակ․․․ Չէ, թող նա չստիպի ինձ մինչև վերջ ասել, թե չէ ես այնպես կասեմ, որ իմ հախիցն էլ կգամ, նրա հախիցն էլ։ Ես ուստա եմ։ Նա ինձ լավ չի ճանաչում։ Իսկ եթե ճանաչեր, ապա իմ անունը կրող սրբի օրը պաս կպահեր։
 
― Ճիշտն ասած, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― ինձ թվում է, որ քո գլուխը ավելի տեղը չէ, քան իմը։
 
― Ես պակաս գիժ չեմ, ― պատասխանեց Սանչոն, ― և ավելի բարկացկոտ եմ։ Բայց թողնենք այդ։ Ավելի լավ կլինի, որ ասեք, թե ձերդ ողորմածություը մինչև իմ վերադարձը ի՞նչ է ուտելու։ Հո միտք չունե՞ք Կարդենիոյի պես դուրս վազել ճամփաները և կողոպտել հովիվներին։
 
― Դրա մասին դու անհանգիստ մի՛ լինիր, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Եթե անգամ ես ուտելիք ունենայի, դարձյալ ես բան չէի ուտի բացի այս դաշտի և այս ծառերի պտուղներից։ Չէ՞ որ իմ ձեռնարկության ամբողջ նրբությունը այն է, որ չուտես և ամեն տեսակի զրկանքի ենթարկես քեզ։
 
Սանչոն դրան պատասխանեց․
 
― Գիտե՞ք, ձերդ ողորմածություն, թե ինչից եմ վախենում ես։ Սա այնպիսի խուլ տեղ է, որ ես, գուցե, հետ գալուս ճանապարհը չգտնեմ։
 
― Իսկ դու նշանները մտքումդ լավ պահիր, ― ասաց դոն Կիխոտը, ― ես էլ կաշխատեմ այստեղից հեռու չգնալ և ժամանակ առ ժամանակ կբարձրանամ ամենաբարձր ծառերի վրա, որ տեսնեմ՝ չես վերադառնում դու արդյոք։ Ասենք՝ ավելի հաստատ լինելու համար, որ չմոլորվես և հետքերը չկորցնես, կտրատիր որոճի ճղներից ― տեսնո՞ւմ ես՝ ինչ շատ է բռնել շուրջը ― ճամփին կարճ տարածությունների վրա գցիր, մինչև որ ուղիղ տեղ հասնես՝ այդ ուղենիշներով և նշաններով, ինչպես Թեսևսի թելով լաբիրինթոսում, վերադարձիդ դու ինձ կգտնես։
 
― Շատ բարի, այդպես էլ կանեմ, ― պատասխանեց Սանչո Պանսան։ Նա կտրատեց որոճի մի քանի ճյուղ, իր տիրոջ օրհնությունն առավ և վերջապես նրանք բաժանվեցին աղի արցունք թափելով։ Սանչոն հեծավ Ռոսինանտը և, դոն Կիխոտից պատվեր ստանալով խնայել ու խնամել ձիուն, ինչպես իրեն, ուղևորվեց դեպի դաշտավայրը, ժամանակ առ ժամանակ որոճի ճյուղ գցելով գետին, ինչպես իր տերն էր պատվիրել։ Այդպես էլ գնաց նա, թեև դոն Կիխոտը չէր դադարում նրանից խնդրելուց, որ գոնե մի երկու գժություն մտիկ տա։ Սակայն դեռ հարյուր քայլ չանցած, Սանչոն վերադարձավ ու ասաց․
 
― Ձերդ ողորմածություն, դուք քիչ առաջ շատ ճիշտ ասացիք, որ ես ձեղ գժություններից մեկը գոնե պետք է տեսնեմ, թե չէ հոգուս վրա մեղք կառնեմ,
― եթե երդվեմ, թե տեսել եմ, ― թեպետ ձեր մեծ գժություններից մեկը ես արդեն տեսել եմ դա այն է, որ ձերդ ողորմածությունը մնում է այստեղ։
 
― Չէ՞ի ասում քեզ ես նույնը, ասաց դոն Կիխոտը։ ― Քիչ սպասիր, Սանչո, հազիվ թե կարողանամ մինչև վերջ ասել «Հայր մեր»֊ը, ես արդեն պրծած֊պրծած կլինեմ։
 
Արագ֊արագ վարտիքը հանելով, նա մերկ մարմնի վրա լոկ շապիկ հագած և առանց երկար ու բարակ առաջաբանների մի երկու թռիչք գործեց օդում, ապա մի երկու անգամ գլուխկոնծի տվեց ― գլուխը վար, ոտները վեր։ Սանչոյի աչքերին այնպիսի նորություններ բացվեցին, որ նա, չկամենալով նրանց կրկին տեսնել, շուռ տվեց Ռոսինանտի գլուխը և ճամփա ընկավ, լիովին բավարարված և գոհ, որովհետև հիմա նա կարող էր երդվել, որ իր տերը գժվել է։ Այստեղ էլ մենք կբաժանվենք նրա հետ՝ սպասելով նրա շուտափույթ վերադարձին։
Ադմին, Վստահելի
1876
edits