Changes

Խաղամոլը

Ավելացվել է 158 բայտ, 19:03, 25 Ապրիլի 2015
/* Տասնյոթերորդ գլուխ */
Ահա մի տարի և ութ ամիս ե, ինչ յես այս նոթերը աչքի չեմ անցկացրել և հիմա միայն, տխրությունից ու ցավից, խելքիս փչեց ցրվել, և պատահմամբ կարդացի։ Այն պահին նրա վրա եյի կանգ առել, վոր Հոմբուրգ կերթամ, Աստվա՜ծ իմ, համեմատաբար ի՜նչ թեթև սրտով եմ այն պահին գրել այդ վերջին տողերը։ Այսինքն, վոչ թե թեթև սրտով,― այլ ի՜նչ ինքնավստահ, ի՜նչ անսասան հույսերով։ Ունեյի՞ գեթ մազաչափ կասկած ինքս իմ նկատմամբ։ Յեվ ահա անցել ե ավելի քան մեկ և կես տարի և յես, ըստ իս, մուրացկանից ել ավել վատթար եմ։ Մուրացկանն ի՞նչ ե վոր։ Թքած աղքատության վրա։ Յես պարզապես կործանեցի ինքս ինձ։ Ասենք ինչի՞ հետ համեմատես, համ ել կարիք չկա վոր ինքդ քեզ բարոյականություն քարոզես։ Այդպիսի ժամանակ բարոյախոսությունից ավելի անմիտ բան չի կարող լինել։ Ո՜, ինքնահավան մարդիկ, ի՜նչ հպարտ ինքնահավանությամբ պատրաստ են այդ դատարկախոսներն իրենց մտքերը քարոզելու։ Յեթե նրանք գիտենային, թե վոր աստիճան յես ինքս ըմբռնում եմ իմ այժմյան վիճակի գարշությունը, նրանց լեզուն չեր պտտվի ինձ խրատելու։ Ի՞նչ, ի՞նչ նոր բան կարող են ասել ինձ նրանք, վոր յես չիմանամ։ Յեվ բանն ա՞յդ ե միթե։ Բանն այն ե, վոր անիվի մի պտույտ և ամեն ինչ կփոխվի և այդ իսկ բարոյախոսները առաջինը կգան (յես հավատացած եմ) բարեկամական կատակներով ինձ շնորհավորելու։ Յեվ ինձնից այլևս յերես չեն դարձնի հիմիկվա պես։ Թքած նրանց բոլորի վրա։ Ի՞նչ եմ յես հիմա։ Zéro։ Ի՞նչ կարող եմ դառնալ վաղը։ Վաղը յես կարող եմ հարություն առնել և վերստին ապրել սկսել։ Կարող եմ մեջս գտնել մարդը, քանի նա դեռ չի կորել։
Յես իրոք այն միջոցին Հոմբուրգ գնացի, բայց․․․ հետո յես Ռուլնթենբուրգում ել յեղա, գնացի նաև Սպա, նույնիսկ Բադեն, ուր յես գնացի իբրև խորհրդական Հինցեյի կամերդիներ, մի լրբի և իմ այստեղի նախկին տիրոջ։ Այո, յես լաքեյ ել դառա, ամբողջ հինջ ամիս։ Այդ պատահեց բանտից դուրս գալուց հետո անմիջ ապես։ (Յես Ռուլեթենբուրգում բանտ ել նստեցի, այստեղ արած մի պարտքի պատճառով։ Մի անհայտ մարդ ինձ հետ գնեց,― ո՞վ։ Միստեր Աստլե՞յը։ Պոլի՞նան։ Չգիտեմ, բայց պարտքս վճարված եր, ընդամենը յերկու հարյուր թալեր, և յես ազատություն ստացա)։ Ո՞ւր կորչեյի։ Յես ել այդ Հինցեյի մոտ մտա։ Նա յերիտասարդ և թեթևսոլիկ մարդ ե, սիրում ե ծուլություն անել, իսկ յես խոսում ու գրում եմ յերեք լեզվով։ Յես սկզբում մտա նրա մոտ համարյա քարտուղարի պաշտոնով, ամսական յերեսուն գուլդենով, բայց բանս վերջացավ իսկական լաքեյությամբ․ քարտուղար պահելը նրա միջոցներից վեր եր և նա ռոճիկս պակսեցրեց․ իսկ յես տեղ չունեյի, վոր գնայի, յես մնացի ― և այդպիսով ինքնաբերաբար լաքեյ դառա։ Ծառայության մեջ կեր ու խումս պակաս եր, բայց փոխարենը հինգ ամսվա ընթացքում յոթանասուն գուլդեն տնտեսեցի։ Մի անգամ յերեկոյան, Բադենում յես հայտնեցի նրան, վոր կամենում եմ անջատվել նրանից, նույն այդ յերեկոյան յես գնացի ռուլեթի խաղատեղին։ Ո՜, ինչպե՜ս եր բաբախում սիրտս։ Չե, թանգը փողը չեր իմ աչքում։ Այն միջոցին յես միայն ուզում եյի, վոր վաղն ևեթ բոլոր այդ Հինցեները, բոլոր այն ոբեր֊կելները, բոլոր այն Բադենի շքեղ տիկինները ― վոր նրանք բոլորը խոսեն իմ մասին, իմ պատմությունն անեն, զարմանան, գովեն և խոնարհվեն իմ նոր տարածի առջև։ Այդ ամենը մանկական անուրջներ ու հոգսեր են, բայց․․․ ո՞վ գիտե, գուցե յես Պոլինային ել հանդիպեյի, յես նրան կպատմեյի և նա կտեսներ, վոր բաղդի այդ բոլոր անմիտ զրույցներից բարձր եմ․․․ Չե, թանգը փողը չեր իմ աչքում։ Յես հավատացած եմ, վոր դարձյալ ցրիվ կտայի վորևե Blache-ի վրա, դարձյալ յերեք շաբաթ Փարիզում տասնվեց հազար ֆրանկանոց սեփական զույգ ձիերով ման կզգայի։ Յես հո հաստատ գիտեմ, վոր ժլատ չեմ․ յես նույնիսկ կարծում եմ, վոր շռայլ եմ, մինչդեռ, այնուամենայնիվ, ի՜նչ տենդագին, սրտատրոփ եմ լսում կրուպյորի բարձր ձայնը՝ trente et un, rouge, impaire et passe կամ quatre, noir, pair et manque[215] !<ref>Յերեսուն մեկ կարմիր, կենտ և վորոշ թվից հետո, կամ՝ չորս, սև, զույգ և մինչև վորոշ թիվը։</ref> Ի՜նչ ագահությամբ եմ նայում խաղասեղանի վրայի վոսկու սյունյակներին, յերբ վոր նրանք, կրուպյորի թիակից ցրիվ են գալիս, կույտ-կույտ, վորպես վառ կրակներ կամ արշինի չափ յերկար արծաթի սյունակներին, վոր ընկած են անիվի շուրջը։ Նոր-նոր մոտենալով խաղասրահին, դեռ յերկու սենյակ առաջ, հազիվ լսում եմ այս ու այն կողմ թափվող փողի զրնգոցը ― գրեթե ջղաձգություն եմ զգում։
Ո՜, այն յերեկոյան, յերբ յես իմ յոթանասուն գուլդենը խաղասեղանի վրա դրի, նույնպես նշանավոր յերեկո յեր։ Յես սկսեցի տասը գուլդենից և դարձյալ passe-ից: Passe-ի նկատմամբ յես նախապաշարմունք ունեմ։ Յես տանուլ տվի։ Մոտս վաթսուն գուլդեն արծաթ դրամ մնաց, յես խորհեցի և նախրնտրեցի zéro-ն։ Յես սկսեցի հնդական գուլդեն վեր գալ zéro-յի վրա․ յերրորդ անգամ վեր գալուց հանկարծ zéro յե դուրս գալիս․ քիչ մնաց ուրախությունից մեռնեյի, վոր ստացա հարյուր յոթանասունհինգ գուլդեն․ յերբ վոր յես հարյուր հազար գուլդեն տարա ― այդչափ ուրախ չեյի։ Իսկույն rouge-ի վրա հարյուր գուլդեն վեր յեկա,― տվեց․ բոլոր յերկու հարյուրը rouge-ի վրա ― տվեց․ բոլոր չորսհարյուրը noir-ի վրա ― տվեց․ բոլոր ութ հարյուրր manque-ի վրա ― տվեց․ առաջվանի հետ հաշված, հազար յոթ հարյուր գուլդեն գոյացավ, այն ել հինգ րոպեյից պակաս միջոցում։ Այսպիսի վայրկյաններում ահա մարդ մոռանում ե նախկին անհաջողությունները։ Չե՞ վոր յես այդ ձեռք բերի, վտանգելով ավելին, քան կյանքս, հանդգնեցի ռիսկ անել և ահա, յես դարձյալ մարդկային շարքն ընկա։
Վստահելի
1318
edits