Changes
/* Գլուխ տասնմեկ. Պալանտիր */
«Տխմար ես դու հարյուրապատիկ,— ինքն իրեն հայհոյեց Փինը: — Ահավոր փորձանքի մեջ ես ընկնելու, Փերեգրի՛ն Տուկ, հաստատ բան եմ քեզ ասում: Հենց հիմա տե՛ղը դիր»: Սակայն քիչ առաջվա քաջությունն ասես չէր էլ եղել. ծնկները դողում էին, և նա չէր համարձակվում կրկին մոտենալ Գենդալֆին, առավել ևս՝ ձեռքի տակից հանել գլաքարը: «Ոչինչ չի ստացվի,— մտածեց նա,— ես նրան կարթնացնեմ: Հարկավոր է սկզբում հանգստանալ: Դե լավ, գոնե կտեսնեմ, թե էս ինչ գունդ է, որ անիմաստ չլինի: Միայն թե ո՛չ էստեղ»:
Նա ոտքերի մատների ծայրերի վրա վերադարձավ և հարմարվեց Մերիից ոչ հեռու մի կանաչ բլրակի վրա: Կիրճի ծայրից երևաց երևաց լուսինը:
Փինը նստել էր, ծնկները լայն բացած և կռացել գնդի վրա, նման երեխայի, որը մի ափսե ուտելիք ձեռքին թաքնվել էր տան մի անկյունում, որպեսզի ոչ մեկի հետ չկիսի: Թիկնոցն ընկած էր կողքին: Հոբիթի հայացքը գամված էր բյուրեղապակյա գնդին: Շուրջը քար լռություն էր և օդը զրնգում էր հոբիթի ականջների մեջ: Գունդը սկզբում սև էր, սաթե-սև, և թեթև փայլում էր լուսնի լույսի տակ, հետո հետզհետե ներսից լուսավորվեց և Փինի հայացքը գամեց իր վրա այնպես անդիմադրելի, որ հոբիթը այլևս չէր կարողանում շրջվել: Այն արագորեն ավելի ու ավելի էր բոցավառվում և թվում էր, թե պտտվում է հոբիթի ձեռքերի մեջ, բայց ոչ, այդ գունդը չէր պտտվում, այլ խորքի բոսոր կրակը: Հանկարծ կրակը հանգավ: Հոբիթը հառաչեց, տնքաց և փորձեց կտրվել գնդից, բայց արդեն ուշ էր. նա չկարողացավ ոչ ուղղվել, ոչ ձեռքերը հեռացնել, միայն ավելի ու ավելի էր կռանում գնդի վրա՝ և հանկարծ քարացավ: Շրթունքներն անձայն շարժվում էին: Մի ակնթարթ անց նա խեղդվողի պես ճչաց, ընկավ մեջքի վրա ու անշարժացավ:
Նրա հուսահատ, սարսափելի ճիչը արթնացրեց բոլորին: Ժամապահները լանջից ցած նետվեցին: Շուտով ողջ ճամբարն արդեն ոտքի վրա էր: