Changes
/* Գլուխ XXV */
― Բանն էլ հենց այդ է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― այդ գործի ամբողջ նրբությունը հենց այդ է։ Եթե թափառական ասպետը խելագարվում է, ունենալով դրա համար կատարյալ հիմք, դրա մեջ ո՛չ արժանիք կա, ո՛չ սխրագործություն։ Այլ բան է խելագարվել հենց այնպես, առանց որևէ պատճառի։ Այն ժամանակ իմ տիրուհին կհասկանա, թե ինչի եմ ընդունակ ես, եթե ինձ հրացանի պես լցնեն, եթե ես առանց լցնելու էլ կարող եմ այդպես վարվել։ Համ էլ երկար անջատումը իմ Դուլսինեա Տոբոսցուց, որ առհավետ նվաճել է իմ սիրտը, ինձ համար միանգամայն բավարար հիմք է։ Չէ՞ որ դու լսեցիր մեր բարեկամ հովիվ Ամբրոսիոյի խոսքը՝ սիրածի հետ անջատված պահին մենք տառապում ենք և ամեն բանից երկյուղ կրում։ Այսպիսով, Սանչո բարեկամս, ժամանակ մի կորցրու, աշխատելով ինձ հետ կանգնեցնել այնքան հազվագյուտ, երջանիկ և մինչև օրս չտեսնված նմանողությունից։ Ես քո ձեռքով նամակ կուղարկեմ իմ տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն և, մինչև որ դու չվերադառնաս պատասխանով, ես կխելագարվեմ ու խելագարություն կանեմ։ Եվ եթե նա իր պատասխանում ըստ արժանվույն կգնահատի իմ հավատարմությունը, այն ժամանակ կվերջանա իմ խելագարությունն ու ապաշխարանքը, իսկ եթե ոչ, ես իսկ որ կխելագարվեմ, և արդեն ոչինչ չեմ զգա։ Ուրեմն, ինչ էլ նա պատասխանելու լինի, իմ տառապանքներն ու փորձությունները կպրծնեն։ Եթե դու ինձ ուրախություն բերելու լինես, ես կվայելեմ առողջ բանականությամբ, իսկ եթե ցավ, ես չեմ զգա, որովհետև զրկված կլինեմ բանականությունից։ Սակայն, ասա ինձ, Սանչո, դու հո Մամբրինի սաղավարտը պահե՞լ ես։ Որովհետև ես նկատեցի, որ դու գետնից վերցրիր, երբ որ այն անշնորհակալի մեկը կամենում էր փշուր֊փշուր անել։ Բայց այդ չհաջողվեց նրան։ Դու տեսնում ես, որ այդ սաղավարտը ամրակուռ է։
― Աստված վկա, սինյոր Տխուր Պատկերի Ասպետ, դուք երբեմն այնպես եք խոսում, որ ուղղակի ուժս ու համբերությունս հերիք չի անում։ Լսում եմ ձեզ, լսում և գլխովս անցնում է, որ ձեր բոլոր խոսակցությունները ասպետության մասին, թագավորություններ ու պետություններ նվաճելու մասին, ինձ կղզի շնորհելու, ողորմածություն ու պատիվ շնորհելու մասին, ինչպես այդ ընդունված է թափառական ասպետների մոտ, որ այդ ամենը դուք դատարկ֊դատարկ եք դուրս տալիս և այդ ամենը ― առասպել են ասում, ինչ են ասում։ Թե մեկը լսելու լինի, որ ձերդ ողորմածությունը դալլաքի լագանը Մամբրինի սաղավարտ է անվանում և հինգ օր է ահա, որ չի կարողանում համոզվել, որ դա այդպես չէ, ի՞նչ կմտածի ձեր մասին, քանի որ դուք ասում ու պնդում եք նման բաներ։ Ուրիշ բան չի ասի, քան եթե դուք խելագարվել եք։ Այդ լագանը իմ պայուսակի մեջն է և թեև նա ծռմռվել էր, ես էլի վերցրի այն։ Եթե Աստված ինձ շնորհ բաշխի և դարձնի ինձ տուն կնոջս ու երեխաներիս մոտ, ես այն կդրստեմ և ածիլվելու կօգտագործեմ։