Changes
Տիրակալը
,Բայց, եթե քաղաքը կամ երկիրը սովոր են ապրել տիրակալի իշխանության ներքո, իսկ նրա տոհմը բնաջնջված է, ապա քաղաքի բնակիչներին դժվար է զենքի կոչել, քանզի, մի կողմից ենթարկվելու սովոր լինելով, մյուս կողմից՝ կորցրած լինելով հին տիրակալին, նրանք չեն կարող համաձայնության գալ նորի ընտրության հարցում, ոչ էլ կարող են ազատ ապրել։ Այնպես որ, նվաճողը բավականաչափ ժամանակ կունենա շահելու նրանց համակրանքն ու դրանով ապա հովելու իր անվտանգությունը։ Մինչդեռ, հանրապետություններն ավելի լեցուն են կյանքով, խոր ատելությամբ, վրեժի առավել մեծ պաշարով։ Այնտեղ երբեք չի մեռնում և հավերժ կենդանի է երբեմնի ազատության հիշողությունը։ Ուստի, դրանք իշխանության ներքո պահելու ամենահուսալի միջոցը կործանելն է, կամ էլ այնտեղ բնակություն հաստատելը։
== Գլուխ VI։ Նոր պետությունների մասին, որոնք ձեռք են բերվում սեփական զենքով կամ քաջությամբ ==
Զարմանալի ոչինչ չկա, որ, խոսելով իշխանության նվաճման, տիրակալի և պետության մասին, ես պիտի վկայակոչեմ մեծագույն այրերի օրինակները։ Մարդիկ, սովորաբար, գնում են ուրիշների հարթած ուղիներով և գործում՝ աչքի առաջ ունենալով որևէ մեկի օրինակը, բայց քանի որ հնարավոր չէ ոչ անշեղորեն ընթանալ այդ ուղիներով, ոչ էլ քաջությամբ մրցել նրանց հետ, ում ուզում ենք ընդօրինակել, ապա խելացի մարդը պետք է ընտրի մեծագույն մարդկանց բացած ուղիներն ու ընդօրինակի արժանավորագույններին, որպեսզի, եթե քաջության առթումով չհամեմատվի էլ նրանց հետ, ապա գոնե տոգորվի նրանց ոգով։ Պետք է սովորել փորձառու նետաձիգներից. նրանք տեսնելով, որ թիրախը չափից ավելի հեռու է դրված, ավելի բարձր են նշան բռնում ոչ թե, որ նետը վեր սլանա, այլ ծանոթ լինելով աղեղի ուժին, նշանն ավելի բարձր բռնելով հասնեն հեռու նպատակակետին։
Այսպիսով, նոր պետություններում իշխանությունը պահելը հեշտ կամ դժվար է լինում՝ կախված նոր տիրակալի քաջության աստիճանից։ Կարող է թվալ, որ եթե սովորական մարդուն իշխանություն են պարգևում քաջությունը կամ բարեհաճ ճակատագիրը, ապա հենց դրանք էլ հետագայում հավասարապես կօգնեն հաղթահարել բազում արգելքներ։ Մինչդեռ, իրականում նա, ով ավելի քիչ է հույսը գնում ճակատագրի բարեհաճության վրա, նա ավելի երկար ժամանակ է մնում իշխանության ղեկի մոտ։ Գործն ավելի է հեշտանում նաև նրանով, որ նոր տիրակալը, այլ տիրույթներ չունենալով, հարկադրված է բնակություն հաստատել նվաճած երկրում։
Այն այրերից, ովքեր իշխանություն ձեռք են բերել ոչ թե ճակատագրի բարեհաճությամբ, այլ անձնական քաջությամբ, որպես ամենաարժանավորներ ես կանվանեմ Մովսեսին, Կյուրոսին, Թեսևսին ու նրանց նմաններին։ Ու թեև Մովսեսի մասին խոսելու անհրաժեշտություն չկա, քանզի նա սոսկ Բարձրյալի կամակատարն էր, այնուամենայնիվ, պետք է խոնարհվել այն շնորհքի առջև, որը նրան արժանացրեց աստծո հետ հաղորդակցվելու պատվին։ Սակայն, անդրադառնանք Կյուրոսին և կայսրություններ նվաճողներին ու հիմնադիրներին։ Անհնար է չհիանալ այդ մարդկանց մեծագործությամբ, և, մեր խորին համոզմամբ, նրանց գործերն ու օրենքները չեն զիջում Մովսեսին վերուստ պատգամված գործերին։ Խորհելով սույն այրերի կյանքի ու սխրանքների մասին, համոզվում ենք, որ ճակատագիրը նրանց լոկ դիպված է առաքել, այսինքն տվել է մի նյութեղեն բան, որին կարելի էր տալ ցանկացած ձև։ Չլիներ այդ դիպվածը, նրանց քաջությունը կմարեր առանց կիրառման։ Եթե նրանք չունենային քաջություն, ապա դիպվածը կդառնար անիմաստ։
Մովսեսը Իսրայելի ժողովրդին չէր համոզի գերությունից ազատագրվելու համար հետևել իրեն, եթե հրեաներին չգտներ Եգիպտոսում՝ եգիպտացիներից ստրկացված ու կեղեքված վիճակում։ Հռոմուլոսը չէր դառնա Հռոմի թագավոր ու պետության հիմնադիր, եթե ծնված օրից չմատնվեր ճակատագրի քմահաճույքին, ու եթե Ալբան նրա համար խիստ նեղ չդառնար։ Կյուրոսը չէր հասնի նման մեծության, եթե այդ ժամանակ պարսիկները չարացած չլինեին միդացիների տիրապետությունից, իսկ միդացիները երկարատև խաղաղության հետևանքով, թուլացած ու զգոնությունը կորցրած չլինեին։ Թեսևսը չէր կարող դրսևորել իր քաջությունը, եթե աթենացիները անմիաբան չլինեին։ Եվ այսպես, այս մարդկանցից յուրաքանչյուրին մի֊մի բարեբախտ դիպված է բաժին ընկել, բայց միայն արտակարգ քաջությունն է նրանց թույլ տվել օգտվել դիպվածից, ինչի չնորհիվ նրանց հայրենիքները փառաբանվել են ու ձեռք բերել բարօրություն։
Ով այդ մարդկանց նման գնում է քաջագործության ճանապարհով, նրա համար դժվար է իշխանություն նվաճելը, բայց պահելը հեշտ է։ Դժվարությունն ամենից առաջ այն է, որ նրանք ստիպված են լինում մտցնել նոր օրենքներ ու կարգեր, առանց որոնց չի կարելի ստեղծել պետություն ու ապահովել սեփական անվտանգությունը։ Մինչդեռ, պետք է գիտենալ, որ չկան այնպիսի գործեր, որոնց կազմակերպումն ավելի դժվար, վարումն ավելի վտանգավոր, իսկ հաջողությունն ավելի կասկածելի լինի, քան հին կարգերը նորերով փոխարինելը։ Ով էլ որ հանդես գա նմանօրինակ նախաձեռնությամբ, նրան սպասում է այն մարդկանց թշնամությունը, ում ձեռնտու էին հին կարգերը, և նրանց սառը վերաբերմունքը, ում ձեռնտու են նորերը։ Իսկ այդ սառնությունը մասամբ բացատրվում է այն հակառակորդի նկատմամբ ունեցած երկյուղով, որի կողմն են օրենքները, մասամբ էլ՝ մարդկանց անվստահությամբ, ովքեր իրականում չեն հավատում նորին, քանի դեռ այն չի ամրապնդվել երկարատև փորձով։ Երբ հնի կողմնակիցները գործելու հնարավորություն են տեսնում, նրանք հարձակվում են կատաղաբար, մինչդեռ նորի կողմնակիցները պաշտպանվում են ծուլորեն․ ահա թե ինչու նրանց վրա հենվելով, քեզ վտանգի ես ենթարկում։
Ասվածը հիմնավորապես ըմբռնելու համար, պետք է սկսել նրանից, թե անկա՞խ են արդյոք այդ վերափոխիչները, թե նրանք կողմնակի օգնության կարիք ունեն, այլ կերպ ասած իրենց գործի հաջողության համար նրանք պիտի համաձայնությո՞ւն խնդրեն, թե՞ կարող են ուժ գործադրել։ Առաջին դեպքում նրանք դատապարտված են, իսկ երկրորդ, այսինքն ուժ գործադրելու դեպքում՝ հազվադեպ են անհաջողություն կրում։ Ահա թե ինչու բոլոր զինված մարգարեները հաղթել են, իսկ անզենները զոհ դարձել։ Քանզի, ի հավելումն ասվածի, պետք է նկատի ունենալ, որ մարդկանց բնույթն անկայուն է, ու, եթե նրանց քո հավատին դարձնելը դյուրին է, ապա նրանց մեջ այդ հավատը պահպանելը դժվար է։ Ուստի, պետք է պատրաստ լինես, որ, երբ ժողովրդի հավատը սպառվի, նրան ուժով ստիպես հավատալու։ Եթե Մովսեսը, Կյուրոսը, Հռոմուլոսն ու Թեսևսը, լինեին անզեն, չէին կարողանա երկար պահել իրենց ձեռամբ ստեղծած օրենքները։ Մեր օրերում նույն բանը պատահեց եղբայր Ջիրոլամո Սավոնարոլայի հետ։ Նրա մտցրած կարգերը փուլ եկան հենց որ ամբոխը դադարեց հավատալ, իսկ նա միջոցներ չուներ ամրապնդելու իր հետևորդների հավատը, և դարձի բերելու հավատակորույս մարդկանց։
Այն մարդկանց ճանապարհին, ովքեր նման են թվարկածս անձանց, ծառանում են բազում դժվարություններ ու բազում վտանգներ, որոնք հաղթահարելու համար մեծ քաջություն է պահանջվում։ Բայց, եթե նպատակը ձեռք է բերված, եթե տիրակալն արժանացել է հպատակների գնահատությանն ու վերացրել նախանձողներին, ապա կարելի է ասել, որ նա իր համար երկար ժամանակ ապահովել է հզորություն, հանգիստ, հարգանք ու երջանկություն։ Այսքան բարձրաշխարհիկ օրինակների շարքում կկամենայի տեղ տալ ավելի համեստ, սակայն համադրելի, և կարծում եմ, բավականաչափ հիմնավորված մի օրինակի։ Խոսքս վերաբերում է Հիերոն Սիրակուզացուն, ով սովորական մարդուց դարձավ Սիրակուզայի թագավոր, թեպետ ճակատագիրը նրան մի բարեբախտ դիպվածից բացի ուրիշ ոչինչ չէր նվիրել։ Սիրակուզայի հարստահարվող բնակիչները նրան ընտրեցին իրենց զորապետ, իսկ նա իր արժանիքների շնորհիվ դարձավ նրանց թագավորը։ Դեռ մինչև բարձր դիրքի հասնելը, նա աչքի էր ընկնում այնպիսի քաջությամբ, որ հին մատենագրի խոսքերով «nihil illi deerat ad regnandum praeter regnum»։ Նա ցրեց հին աշխարհազորն ու հավաքեց նորը, խզեց հին դաշինքներն ու կնքեց նորերը։ Իսկ այնպիսի հիմքի վրա, որպիսին սեփական զորքերն ու սեփական դաշնակիցներն են, նա կարող էր ցանկացած շենք կառուցել Այնպես որ, իշխանությունը նվաճելիս նրանից պահանջվեցին ավելի մեծ ջանքեր, քան պահպանելիս։
== Գլուխ VII։ Նոր պետությունների մասին, որոնք ձեռք են բերվում ուրիշի զենքով կամ ճակատագրի բարեհաճությամբ ==
Ովքեր թագավոր են դառնում ճակատագրի բարեհաճությամբ և ոչ թե քաջության շնորհիվ, իշխանության հասնելը դյուրին է, բայց այն պահելը՝ դժվար։ Հեշտությամբ անցնելով դեպի նպատակն ընկած ամբողջ ճանապարհը, նրանք հետագայում բախվում են բազմաթիվ դժվարությունների։
Ես խոսում եմ այն քաղաքացիների մասին, ում իշխանությունը բաժին է ընկել փողի միջոցով կամ շնորհվել է ի նշան բարեհաճության։ Դա հաճախ էր պատահում Հունաստանում, Հոնիա և Հելլեսպոնտոս քաղաքներում, որտեղ Դարեհը կառավարիչ էր նշանակում ի պետս յուր փառքի ու անվտանգության։ Այդպես հաճախ է պատահել նաև Հռոմում, որտեղ պատահական մարդիկ կայսր էին հռչակվում զինվորներին կաշառելով։
Նման դեպքերում տիրակալներն ամբողջովին կախված են նրանց կամքից ու բարեհաճությունից, ում պարտական են իրենց իշխանությամբ, այսինքն՝ երկու ծայրաստիճան անկայուն և քմահաճ ուժերից։ Նրանք իշխանությունն իրենց ձեռքում պահել ի վիճակի չեն և չեն էլ կարող։ Ի վիճակի չեն, քանզի որտե՞ղ պիտի իշխել սովորեր ակներև շնորհքից ու քաջությունից զուրկ մարդը, որն ամբողջ կյանքում համեստ պաշտոններ է վարել։ Չեն կարող նաև այն պատճառով, որ չունեն դաշնակից և հուսալի հենարան։ Չգիտես որտեղից որտեղ լույս ընկած այդ տիրակալները, ինչպես բնության մեջ ամեն ինչ, որ ծլում ու շատ արագ է աճում, չեն հասցնում արմատներ ձգել ու ճյուղավորվել, այդ իսկ պատճառով էլ ոչնչանում են եղանակի առաջին հարվածից։ Միայն ճշմարիտ քաջը կարող է, անսպասելիորեն բարձր դիրքի արժանանալով, ձեռքից բաց չթողնել ճակատագրի պարգևը, այսինքն տիրակալ դառնալով ստեղծել այն հիմքերը, որոնք ուրիշները ստեղծում են մինչև իշխանության հասնելը։
Քաջության շնորհիվ և բախտի քմահաճույքով բարձր դիրքի հասնելու հնարավորությունները ցույց կտամ Ֆրանչեսկո Սֆորցայի ու Չեզարե Բորջայի մեզ համար հավասարապես անմոռանալի օրինակներով։ Ֆրանչեսկոն Միլանի դուքս դարձավ պատշաճ ձևով՝ ցուցաբերելով մեծ քաջություն և առանց դժվարության իր ձեռքում պահեց մեծ ջանքերի գնով իրեն բաժին ընկած իշխանությունը։ Չեզարե Բորջան, որին հասարակ ժողովուրդն անվանում էր դուքս Վալենտինո, իշխանություն ձեռք բերեց ճակատագրի շնորհիվ, որն այդքան բարձր դիրք էր պարգևել նրա հորը։ Բայց հորից զրկվելով՝ նա զրկվեց նաև իշխանությունից, թեև որպես խելացի ու քաջ մարդ, գործադրեց բոլոր հնարավոր ջանքերն ու բոլոր ճիգերը, որպեսզի խոր արմատներ ձգի այն պետություններում, որոնք նրա համար նվաճվել էին ուրիշի զենքով և ուրիշի ճակատագրով։ Քանի որ, ինչպես արդեն ասել եմ, եթե հիմքերը նախօրոք չեն գցվում, ապա մեծ քաջության առկայության դեպքում, դա կարելի է հետո էլ անել, թեկուզև շինարար վարպետի մեծ ջանքերի ու ամբողջ կառույցի համար վտանգավորության գնով։
Քննության առնելով դքսի գործելակերպը, դժվար չէ համոզվել, որ նա ամուր հիմք էր գցել ապագա հզորության համար, և, կարծում եմ, ավելորդ չի լինի այդ մասին խոսել, քանզի ավելի լավ խորհուրդ չեմ տեսնում նոր տիրակալի համար։ Ու եթե, այնուամենայնիվ, դքսի կառավարման շնորհքը նրան անկումից չփրկեց, ապա մեղավորը ոչ թե նա էր, այլ դժխեմ ճակատագիրը։
Ալեքսանդր VI-ը ցանկանում էր իշխանությամբ օժտել դքսին՝ իր որդուն, բայց դրա համար շատ խոչընդոտներ էր տեսնում և՛ ներկայում, և՛ ապագայում։ Ամենից առաջ, նա գիտեր, որ տնօրինում է միայն այն տիրույթները, որոնք գտնվում են եկեղեցու իշխանության ներքո, բայց դրանցից մեկնումեկը դքսին տալու ցանկացած փորձի դեմ կընդդիմանային ինչպես Միլանի դուքսը, այնպես էլ վենետիկցիները, որոնք արդեն իրենց հովանավորության տակ էին առել Ֆաենցան ու Ռիմինին։ Բացի այդ, զորքերն Իտալիայում, հատկապես նրանք, որոնց օգնությանը կարելի էր դիմել, կենտրոնացել էին Օրսինիի, Կոլոննայի ու նրանց մանկլավիկների այսինքն, այնպիսի մարդկանց ձեռքում, ովքեր զգուշանում էին պապի հզորացումից։ Այսպիսով, ամենից առաջ պետք էր կազմալուծել գոյություն ունեցող կարգն ու խռովություն սերմանել պետությունների միջև՝ դրանցից մի քանիսին անարգել տիրելու համար։ Պարզվեց, որ դա հեշտ է անել շնորհիվ այն բանի, որ վենետիկցիներն իրենց շահերից ելնելով Իտալիա են հրավիրել ֆրանսիացիներին, ինչին պապը ոչ միայն չխանգարեց, այլև աջակցեց՝ ամուսնալուծելով Լյուդովիկոս թագավորին։
Եվ այսպես, թագավորն Իտալիա մտավ վենետիկցիների օգնությամբ ու Ալեքսանդրի համաձայնությամբ և Միլան հասնելուն պես պապին մի ջոկատ ուղարկեց Ռոմանիան նվաճելու, ինչը վերջինիս հաջողվեց լոկ թագավորի աջակցության շնորհիվ։ Այսպիսով, Ռոմանիան հայտնվեց դքսի իշխանության ներքո, իսկ Կոլոննայի զորախումբը պարտություն կրեց, բայց դուքսն այդժամ չէր կարող առաջ գնալ, քանի որ գոյություն ուներ դեռ երկու խոչընդոտ, առաջինը անհուսալի թվացող զորքն էր, երկրորդը՝ Ֆրանսիայի մտադրությունները։ Այլ կերպ ասած, նա վախենում էր, որ Օրսինիի զորքը, որին նա ծառայության էր վերցրել, կզրկի հենարանից, այսինքն կամ կլքի, կամ, որ ավելի վատ է՝ կխլի նվաճվածը, և, որ ճիշտ այդպես կվարվի նաև թագավորը։ Օրսինիի զինվորներին նա սկսեց կասկածել այն բանից հետո, երբ գրավելով Ֆաենցան, նրանց շարժեց դեպի Բոլոնիա ու նկատեց, որ նրանք փութաջանություն հանդես չեն բերում։ Ինչ վերաբերում է թագավորին, ապա դուքսը հասկացավ նրա մտադրությունները այն ժամանակ, երբ Ուրբինոն գրավելուց հետո շարժվեց դեպի Տոսկանա, և թագավորը նրան հրամայեց նահանջել։ Ուստի, դուքսը վճռեց այլևս հույս չդնել ոչ ուրիշի զենքի, ոչ էլ որևէ մեկի հովանավորության վրա։
Նրա առաջին գործը եղավ Հռոմում թուլացնել Օրսինիի և Կոլոննայի զորախմբերը։ Նրանց կողմնակից բոլոր նոբիլներին իր կողմը գրավելով, ծառայության կարգեց՝ նշանակելով բարձր ռոճիկ և ըստ արժանիքների տեղեր բաշխելով զորքերում ու կառավարման ոլորտում, այնպես որ, մի քանի ամսում նրանք ձեռք քաշեցին իրենց զորախմբերից՝ դառնալով դքսի կողմնակիցներ։ Այնուհետև, նա Կոլոննայի հետ հաշիվները մաքրելով, սպասեց պատեհ ժամի՝ հաշվեհարդար տեսնելու Օրսինիի զորախմբի պարագլուխների հետ։ Եվ երբ, բարեպատեհ առիթը ներկայացավ, նա դրանից հմտորեն օգտվեց։ Օրսինականները, հասկանալով, որ եկեղեցու հզորացմամբ իրենց կործանում է սպառնում, խորհուրդ գումարեցին Պերուջայի մոտ գտնվող Մաինա տեղավայրում։ Այդ խորհուրդը դքսի համար ունեցավ բազմաթիվ աղետալի հետևանքներ, նախ Ուրբինոյում սկսվեց խոովություն և ապա հուզումներ առաջացան Ռոմանիայում, որոնց նա վերջ դրեց ֆրանսիացիների օգնությամբ։
Վերականգնելով նախկին ազդեցությունը, դուքսը որոշեց իրեն այլևս վտանգի չենթարկելու համար չվստահել ոչ Ֆրանսիային, ոչ էլ որևէ այլ արտաքին ուժի, և դիմեց խաբեության մոլորեցնելով օրսինականներին, որոնք նրա հետ հաշտվեցին սենիոր Պաոլոյի միջնորդության շնորհիվ, որին դուքսն ընդունեց հարգալիրության բազմապիսի դրսևորումներով և ընծայեց հագուստներ, ձիեր ու փող։ Իսկ հետո, Սինիգալիայում օրսինականները դյուրահավատություն դրսևորելով, անձնատուր եղան։ Այսպես հաշվեհարդար տեսնելով զորախմբերի պարագլուխների հետ և իր կողմը գրավելով նրանց կողմնակիցներին, դուքսն իր հզորության համար դրեց հույժ ամուր հիմքեր։ Նրա իշխանության տակ էր գտնվում ամբողջ Ռոմանիան Ուրբինոյի դքսությամբ հանդերձ և, որ առանձնապես կարևոր է նա վստահ էր, որ շահել է իր կառավարման օգտավետությունը գնահատող ժողովրդի համակրանքը։
Դքսի գործունեության այդ մասն արժանի է ուշադրության և ընդօրինակման, ուստի ես կուզենայի հատուկ կանգ առնել դրա վրա։ Մինչև նվաճվելը, Ռոմանիան գտնվում էր աննշան իշխողների տիրապետության ներքո, որոնք հոգում էին ոչ այնքան իրենց հպատակների մասին, որքան թալանելու, նրանց մեջ համերաշխության փոխարեն սերմանելով անմիաբանություն։ Այնպես որ, ամբողջ երկրամասն ուժասպառ էր եղել կողոպուտներից, թշնամանքից ու անօրինությունից։ Նվաճելով Ռոմանիան, դուքսը որոշեց գերագույն իշխանությունը հանձնել մի հուսալի անձնավորության, երկրամասը խաղաղեցնելու և հպատակեցնելու համար և այդ նպատակի համար ընտրեց մեսսեր Ռամիրո դե Օրկոյին՝ մի խստաբարո ու վճռական մարդու, որին օժտեց անսահմանափակ լիազորություններով։ Վերջինս կարճ ժամանակամիջոցում խաղաղեցրեց Ռոմանիան, վերջ դրեց գժտություններին ու սարսափ տարածեց ամբողջ երկրամասում։ Այդժամ դուքսը որոշեց իր իշխանության չափից ավելի կենտրոնացումն արդեն պետք չէ, քանզի կարող է զայրացնել հպատակներին և պատվարժան մարդու նախագահությամբ հիմնադրեց գործող քաղաքացիական դատարան, որտեղ յուրաքանչյուր քաղաք ներկայացված էր դատապաշտպանով։ Բայց հասկանալով, որ նախկին խստություններն, այնուամենայնիվ, իր դեմ են տրամադրել ժողովրդին, նա որոշեց վերականգնել իր վարկն ու շահել հպատակների համակրանքը, նրանց ցույց տալով, որ եթե դաժանություններ, այնուամենայնիվ, եղել են, ապա դրանց մեղավորը ոչ թե ինքն է, այլ իր անգութ տեղապահը։ Եվ ահա մի օր առավոտյան Չեզենայի հրապարակում նրա հրամանով դրեցին մեսսեր Ռամիրո դե Օրկոյի երկու կես արված մարմինը՝ արյունոտ թրի ու կոճղի կողքին։ Այդ վայրագ տեսարանը միաժամանակ և գոհացրեց և ապշեցրեց ժողովրդին։
Բայց վերադառնանք նրան, ինչից շեղվեցինք։ Այսպիսով, դուքսն ունեցավ իր զինվորներն ու ջախջախեց իր հարևան զորքերի մի մասը, որ իր համար սպառնալիք էր։ Դրանով հաստատեց իր հզորությունն ու մասամբ, ապահովեց իր անվտանգությունը։ Հիմա նրա ճանապարհին կանգած էր միայն Ֆրանսիայի թագավորը, որն ուշացումով նկատելով իր սխալը, արդեն նոր նվաճումներ չէր հանդուրժի։ Ուստի, դուքսն սկսեց նոր դաշնակիցներ փնտրել և իրեն խուսափողաբար դրսևորել Ֆրանսիայի նկատմամբ հենց այն ժամանակ, երբ ֆրանսիացիներն արշավանք սկսեցին Նեապոլի ուղղությամբ՝ Գաետան պաշարած իսպանացիների դեմ։ Նա մտքին դրել էր կապազերծ լինել Ֆրանսիայից, և դա նրան կհաջողվեր, եթե Ալեքսանդր պապն ավելի երկար ապրեր։
Այսպիսին էին դքսի գործողությունները ներկայում։ Իսկ ինչ վերաբերում էր ապագային, ապա նրա գլխավոր մտահոգությունն այն էր, թե ով է լինելու Ալեքսանդրի հնարավոր փոխարինողը, որը կարող էր ոչ միայն իրեն բարեկամաբար չպահել, այլև խլել այն ամենն, ինչ դքսին տվել էր Ալեքսանդրը։ Դրանից խուսափելու համար նա մտածեց նախազգուշության չորս միջոց․ առաջին՝ ընտանիքների հետ միասին ոչնչացնել իր սնանկացրած իշխողներին, որպեսզի նոր պապին առիթ չտա հանդես գալու, նրանց պաշտպանությամբ, երկրորդ իր կողմը գրավել հռոմեացի նոբիլներին, որպեսզի նրանց աջակցությամբ զսպի Ալեքսանդրի ապագա հաջորդին, երրորդ՝ կարդինալների կոլեգիայում հնարավորին չափ ավելի շատ հավատարիմ մարդիկ ունենալ, չորրորդ՝ մինչև Ալեքսանդր պապի մահը իր տիրույթներն այնքան ընդարձակել, որ կարողանա ինքնուրույնաբար դիմակայել առաջին իսկ արտաքին հարվածին։ Երբ Ալեքսանդրը մահացավ, դուքսն արդեն կատարել էր իր ծրագրի մասերից երեքը, իսկ չորրորդը մոտ էր ավարտին։ Իր սնանկացրած իշխողներից նա սպանեց բոլոր նրանց, ովքեր նրա ձեռքն ընկան, լոկ քչերին հաջողվեց փրկվել, հռոմեացի նոբիլներին հակեց իր կողմը, կոլեգիայում իր համար ապահովեց կարդինալների մեծ մասի համակրանքը։ Ինչ վերաբերում է տիրույթների ընդարձակմանը, ապա մտադրվելով դառնալ Տոսկանայի տիրակալ, նա հասցրեց նվաճել Պերովան ու Պիոմբինոն և իր հովանավորության տակ առնել Պիզան։ Արդեն այդ ժամանակ նա կարող էր էլ չվախենալ Ֆրանսիայից։ Իսկ այն բանից հետո, երբ իսպանացիները ֆրանսիացիներին վերջնականապես դուրս մղեցին Նեապոլի թագավորությունից, և՛ մեկը, և՛ մյուսը ստիպված եղան փնտրել դքսի բարեկամությունը, այնպես որ ևս մի քայլ, և նա կնվաճեր Պիզան։ Որից հետո անմիջապես կհանձնվեին Սիենան և Լուկան, մասամբ վախից, մասամբ ի հեճուկս ֆլորենցիացիների. իսկ իրենք՝ ֆլորենցիացիները, կընկնեին անելանելի վիճակի մեջ։ Եվ այդ ամենը կարող էր կատարվել դեռևս մինչև այն տարվա վերջը, երբ մահացավ Ալեքսանդր պապը, ու եթե կատարվեր, ապա դուքսն այնպիսի հզորություն և ազդեցություն ձեռք կբերեր, որ ոչ մեկի հովանավորության կարիքն էլ չէր զգա և կախում չէր ունենա ուրիշի զենքից կամ ուրիշի բարեհաճությունից՝ լիովին ապավինելով սեփական քաջությանն ու ուժին։ Սակայն, դուքսն առաջին անգամ սուրը մերկացրել էր հոր մահից ընդամենը հինգ տարի առաջ։ Եվ հասցրեց իշխանությունն ամրապնդել լոկ մեկ պետությունում՝ Ռոմանիայում, մնալով մյուսներին տիրելու կես ճանապարհին, երկու ահեղ թշնամական բանակների արանքում ու մահացու հիվանդ։
Բայց այնպիսի անզուսպ քաջությամբ ու խիզախությամբ էր դուքսն օժտված, այնքան հմուտ էր մարդկանց իր կողմը գրավելու և վերացնելու գործում, այնքան ամուր էին կարճ ժամանակամիջոցում նրա ստեղծած իշխանության հիմքերը, որ նա կարող էր հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե նրան երկու կողմից չսեղմեին թշնամական բանակները կամ չնեղեր հիվանդությունը։ Որ նրա իշխանությունը խարսխված էր ամուր հիմքի վրա, դրանում մենք համոզվեցինք. Ռոմանիան ավելի քան մեկ ամիս պատսպարեց նրան, Հռոմում, գտնվելով մահամերձ վիճակում, նա, այնուամենայնիվ, անվտանգության մեջ էր։ Բալյոնին, Օրսինին և Վիտելին այնտեղ հայտնվելով, այդպես էլ կողմնակիցներ չգտան։ Նրան հաջողվեց պապ ընտրել տալ եթե ոչ նրան, ում նա ուզում էր, ապա գոնե ո՛չ նրան, ում չէր ուզում։ Եթե դուքսը մահամերձ չլիներ, այն ժամանակ, երբ մահացավ Ալեքսանդր պապը, նա հեշտությամբ կհաղթահարեր բոլոր խոչընդոտները։ Հուլիոս II պապի ընտրության օրերին նա ինձ ասաց, որ ամեն ինչ նախատեսել էր ի դեպս հոր մահվան, գտել էր բոլոր իրադրություններից դուրս գալու ելքը, սակայն մի բան չէր կանխատեսել՝ այն, որ այդ ժամանակ ինքն էլ գամված կլինի անկողնուն
Քննելով դքսի գործողությունները, ես չեմ գտնում մի բան, ինչի համար նրան կարելի էր հանդիմանել, ավելին, իմ կարծիքով, նա կարող է օրինակ ծառայել բոլոր նրանց համար, ովքեր իշխանություն են ստանում ճակատագրի բարեհաճությամբ կամ ուրիշի զենքով։ Քանզի, ունենալով մեծ ծրագիր ու վեհ նպատակ, նա չէր կարող այլ կերպ գործել։ Միայն Ալեքսանդրի անժամանակ մահն ու իր հիվանդությունը նրան խանգարեցին իրագործել մտահղացումները։ Այսպիսով, նրանք, ում նոր պետությունում անհրաժեշտ է թշնամիներից պաշտպանվել բարեկամներ ձեռք բերել, հաղթել ուժով կամ խորամանկությամբ, ժողովրդին՝ երկյուղ ու սեր, իսկ զինվորներին՝ հնազանդություն ու հարգանք ներշնչել, ունենալ նվիրված ու հուսալի զորք, վերացնել այն մարդկանց, ովքեր կարող են վնասել կամ պետք է վնասեն, բարեփոխել հին կարգերը, ձերբազատվել անհուսալի զորքից ու ստեղծել սեփականը, հանդես բերել դաժանություն ու գթասրտություն, մեծահոգություն ու շռայլություն և, վերջապես, իշխողների ու արքաների հետ այնպես բարեկամություն անել, որ նրանք կամ քաղաքավարությամբ ծառայություններ մատուցեն, կամ խուսափեն հարձակումներից,― բոլոր այդ մարդիկ ավելի վառ օրինակ չեն գտնի, քան դքսի գործերը։
Նրան կարելի է միայն մի բանում մեղադրել՝ Հուլիոսին եկեղեցու, ղեկավար ընտրելու հարցում։ Այստեղ նրա հաշվարկները սխալ դուրս եկան, որովհետև, եթե նա չկարողացավ անցկացնել իր ցանկալի մարդուն, ապա կարողացավ, ինչպես արդեն ասվել է, բացարկել անցանկալիին։ Իսկ եթե այդպես է, ապա ոչ մի դեպքում պետք չէր պապական իշխանությանը մոտ թողնել այն արքեպիսկոպոսներին, ովքեր նրանից նախկինում կամ վիրավորված էին, կամ էլ, ընտրվելու դեպքում, կարող էին նրանից ապագայում վախենալ։ Քանզի մարդիկ վրեժ են լուծում կամ վախից կամ ատելությունից դրդված։ Նրանից վիրավորվածների թվում էին Սան Պյետրո ին Վինկուլան, Կոլոննան, Սան Ջորջոն, Ասկանիոն, իսկ մյուսները գահ բարձրանալով կունենային նրանից վախենալու պատճառներ։ Բացառություն էին կազմում իսպանացիներն ու Ռուանի արքեպիսկոպոսը, առաջինները ազգակցական կապերի ու պարտավորությունների, իսկ երկրորդը՝ իր թիկունքին կանգնած ֆրանսիական թագավորության հզորության պատճառով։ Ուստի, նախ անհրաժեշտ էր հոգ տանել, որ ընտրվի իսպանացիներից որևէ մեկը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Ռուանի արքեպիսկոպոսը, և ոչ մի դեպքում Սան Պյետրո ին Վինկուլան։ Մոլորության մեջ է նա, ով կարծում է, թե նոր լավությունները կարող են այս աշխարհի հզորներին ստիպել մոռանալ հին վիրավորանքները։ Այնպես որ, դուքսը սխալ թույլ տվեց, ինչն էլ ի վերի նրան կործանեց։