Changes
/* Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը */
— Ոչ մի դեպքու՛մ,— բարկացավ Ֆրոդոն: — Ինձ համար ամեն ժամը, ամեն րոպեն թա՛նկ է: Ես իջնու՛մ եմ: Իսկ դու խելոք նստիր մինչև հետ կգամ, կամ կկանչեմ:
Մատներով կառչելով քարե ելուստից, նա սկսեց զգուշորեն սողալ պատի վրայով, կախվեց ձեռքրի վրա և շոշափելով ոտքերի համար հենակետ գտավ:
— Առաջին քայլ արված է,— հայտարարեց նա,— այստեղ հատակ կա. ձգվում է դեպի աջ ու լայնանում: Կարելի է կանգնել առանց ձեռքերով բռնվելու: Այժմ... — Բայց այդտեղ նրա ձայնը կտրվեց:
Արևելքից սրընթաց եկող խավարը մի ակնթարթում պատեց ողջ երկնակամարը: Գլխավերևում ճայթեց ամպրոպը, և կուրացուցիչ կայծակը հարվածեց ժայռերին: Սրընթաց փչեց կատաղած քամին՝ իր հետ բերելով մի երկարաձիգ, սահմռկեցնող ոռնոց՝ այն նույն ոռնոցը, որ լսել էին Հոբիթստանում: Նույնիսկ այնտեղ, հարազատ անտառներում, հոբիթների արյունը սառավ երակնեում, իսկ այստեղ, տանից հեռու, ամայի լեռնորում, այդ ոռնոցը հարյուրապատիկ սարսափելի թվաց և խոցեց նրանց սրտերը սարսափի և հուսահատության սառցե շեղբով: Երկու հոբիթի շունչն էլ կտրվեց, սրտերը դադարեցին բաբախել: Սեմը բերանքսիվայր ընկավ գետնին, Ֆրոդոն ակամա թուլացրեց մատները և ձեռքերով փակեց ականջները: Բայց կտրուկ շարժումից օրորվեց, սայթաքեց և սրտաճմլիկ ճչոցով սահեց ներքև:
Սեմը լսեց Ֆրոդոյի ճիչը և, ինքն իրեն հաղթահարելով, սողաց դեպի եզրը:
— Տե՜ր իմ,— կանչեց նա,— տե՜ր իմ:
Պատասխան չկար: Սեմը նկատեց, որ ամբողջ մարմնով դողում է: Դողը հաղթահարելով, նա խորը շունչ քաշեց և նորից կանչեց.
— Տե՜ր իմ:
Քամին հափշտակեց նրա ճիչը և տարավ լեռների խորքը: Բայց այդ պահին Սեմի ականջներին հասավ թույլ, պատասխան ճիչը.
— Ես այստեղ եմ, այստե՜ղ: Միայն թե ոչինչ չեմ տեսնում: