=== Գլուխ առաջին. Անսպասելի հանդիպումներ ===
Ֆրոդոն արթնացավ, բաց արեց աչքերն ու իսկույն հասկացավ, որ մահճակալի վրա է պառկած: Սկզբում մտածեց, որ արթնացել է երկար ու տհաճ երազից հետո. նա հիմա էլ դեռ լրիվ ուշքի չէր եկել: Այսպես, ուրեմն նա տանն է, և ճանապարհորդությունը երազու՞մ է տեսել: Կամ, գուցե, նա երկար ժամանակ հիվանդ է եղել: Բայց նրա վերևում անսովոր ու տարօրինակ առաստաղ էր. բարձր, տափակ, վարպետորեն փորագրանախշված գերաններով:Ֆրոդոն բոլորովին չէր ուզում վեր կենալ. փափուկ անկողնում հանգիստ պառկած, նա դիտում էր պատերին ընկած արևի ցոլքերը և լսում հեռավոր ջրվեժի աղմուկը: — Այս որտե՞ղ եմ... Հիմա ժամը քանի՞սն է,— բարձրաձայն հարցրեց նա, առաստաղին նայելով: — Էլրոնդի դղյակում,— լսվեց պատասխանը: — Իսկ հիմա մեզ մոտ առավոտ է, ժամը տասը: Հոկտեմբերի քսանչորսի առավոտը, եթե դու այդ էլ ես ուզում իմանալ: — Գանդա՜լֆ,— տեղից քիչ բարձրանալով, բացականչեց Ֆրոդոն: Այդպես էլ կար. բաց պատուհանի մոտ, հարմարավետ բազկաթոռում նստած էր հրաշագործը: — Այո՛, ես այստեղ եմ,— արձագանքեց նա: — Բայց ամենազարմանալին այն է, որ դու նույնպես այստեղ ես՝ ճանապարհին քո արած բոլոր անհեթեթ հիմարություններից հետո: Ֆրոդոն լռեց ու նորից պառկեց: Նա չափազանց հարմարավետ ու խաղաղ էր զգում իրեն և տրամադրություն չուներ վիճելու, իսկ ամենագլխավորը՝ քաչ գիտեր, որ Գանդալֆին վեճի մեջ հաղթել չի կարող: Նա վերջնականապես արթնացավ և աստիճանաբար վերհիշեց ճանապարհորդության ահավոր փուլերը: Կարճ ճանապարհը Հավերժական Անտառով, փախուստը «Սիգարշավող պոնի» պանդոկից և իր խելահեղ արարքը, երբ Զավերտի լեռնագոգում մատին հագավ Մատանին: Մինչ նա խորհում էր այդ բոլոր իրադարձությունների մասին և ճգնում էր, սակայն ապարդյուն, հիշել, թե ինչպես է ընկել այստեղ՝ Ազատք, Գանդալֆը լռելյայն փստացնում էր ծխամորճը, պատուհանից դուրս փչելով ծխի քուլաները: — Իսկ ու՞ր է Սամը,— դադարից հետո հարցրեց Ֆրոդոն: — Եվ մյուսները... նրանց հո բան չի՞ պատահել... — Հանգստացիր, նրանք բոլորը ողջ առողջ են,— պատուհանից շրջվելով, պատասխանեց Գանդալֆը: — Իսկ Սամը հերթապահում էր քո մահճի մոտ, մինչև ես չքշեցի նրան հանգստանալու: Կես ժամա առաջ նա գնաց քնելու: — Բայց ի՞նչ տեղի ունեցավ Գետանցումի մոտ,— զգուշորեն Գանդալֆին հարցրեց Ֆրոդոն: — Երբ մենք թաքնվելով գնում էինք դեպի Ազատք, աշխարհն ինձ ինչ-որ տեսիլքային էր թվում, իսկ հիմա համարյա ոչինչ չեմ հիշում: — Չէ, չէ՜ մի... Դու ախր արդեն կերպարանափոխվում էիր, ուրվական էիր դառնում՝ ուսիդ վերքի պատճառով: Այդ վերքը քիչ էր մնում քո վերջը տար: Մի երկու ժամ էլ ուշ հայտնվեիր Գետանցումի մոտ, քեզ արդեն ոչ ոք փրկել չէր կարողանա: Եվ այնուամենայնիվ դու զարմանալի դիմացկուն դուրս եկար՝ փա՛ռք ու պատի՛վ քեզ, իմ թանկագին հոբի՛թ... Գերեզմանոցում դու քեզ ուղղակի քաջի պես ես պահել: Ափսոս, որ Զավերտի մոտ ենթարկվել ես թշնամուն: — Ես տեսնում եմ, որ քեզ շատ բան է հայտնի: — Ֆրոդոն զարմացած նայեց Գանդալֆին: — Գերեզմանոցի մասին դեռ ոչ ոքի չեմ պատմել, սկբում վախենում էի դրա մասին հիշել, իսկ հետո մենք բոլորս պատմություններով զբաղվելու ժամանակ չունեինք: Եվ հանկարծ, պարզվում է, որ դու ամեն ինչ գիտես... — Դու քնիդ մեջ խոսում էիր,— բացատրեց նրան Գանդալֆը,— ես էլ առանց դժվարության հետազոտեցի քո հիշողությունը: Դրա փոխարեն դու հիմա անհանգստանալու ոչինչ չունես: Դուք ձեզ հրաշալի եք պահել. և՛ դու, և՜ քո բարեկամները՝ չնայած երբեմն այնքան էլ խելամիտ չեք եղել: Բայց դուք բավականին խիզախություն եք ցուցաբերել, ձեռնարկելով այդ հեռավոր ու վտանգավոր ճանապարհորդությունը Մատանիով, որը քեզնից խլելու համար ոտքի է ելել Թշնամին: — Առանց Պանդուխտի մենք այստեղ չէինք հասնի,— խոստովանեց Ֆրոդոն: — Բայց որտե՞ղ էիր դու: Առանց քեզ ես չգիտեի ինչ որոշել: — Ինձ ուշացրին,— պատասխանեց Գանդալֆը: — Եվ դա կարող էր բոլորիս կործանել: Բայց դե ոչ մի բանում հաստատ համոզված չեմ, հնարավոր է, որ ամեն ինչ դեպի լավն է շուռ եկել: — Իսկ քեզ ի՞նչը ուշացրեց... — Մի շտապիր, կիմանաս: Այսօր քեզ շատ խոսել չի կարելի... և շատ լսել՝ որպեսզի չհոգնես: Էլրոնդն այդ կարծիքին է,— եզրափակեց հրաշագործը: — Բայց ախր խոսելն ու լսելն ավելի հեշտ է, քան մտածելը: Մտածելն, ախր, հոգնեցուցիչ է,— առարկեց Ֆրոդոն: — Ես արդեն, ինչպես տեսնում ես, ուշքի եմ եկել և բազմաթիվ անհասկանալի իրադարձություններ եմ վերհիշում: Քեզ ի՞նչը ուշացրեց, գոնե այդ ինձ բացատրիր: — Ամեն ինչ իր ժամանակն ունի,— պատասխանեց Գանդալֆը: — Երբ առողջանաս, մենք Խորհուրդը կհավաքենք և այնտեղ բացարձակապես ամեն ինչ կիմանաս: Իսկ այժմ քեզ միայն մի բան կասեմ. ինձ դավադրաբար թակարդն էին քաշում: — Քե՞զ,— անվստահությամբ հարցրեց Ֆրոդոն: — Այո, ինձ, Գանդալֆ Մոխրագույնին, թակարդն էին ուզում գցել,— հաստատեց հրաշագործը: — Աշխարհում շատ հզոր ուժեր կան, որոնցից մի քանիսի առջև նույնիսկ ես ստիպված եմ լինում նահանջել: Ոմանց հետ նախկինում հանդիպելու առիթ չէի ունեցել: Բայց այժմ մեծ ճակատամարտից չես խուսափի: Սև Հեծյալները անցել են Անդուինը: Իսկ դա նշանակում է՝ պատերազմ է սպասվում: — Ստացվում է, որ դու Հեծյալների մասին ավելի շուտ գիտեիր, մինչև իմ նրանց հետ հանդիպելը: — Գիտեի՛ և մի անգամ քեզ ասել եմ նրանց մասին, որ Սև Հեծյալները Մատանու Ուրվականներն են, Սև Տիրակալի ինը սպասավորները:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]