Changes
/* Գլուխ XXX */
― Եվ դու մինչև հիմա էլ հիշո՞ւմ ես անգիր, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Ոչ, սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― հենց որ նամակը հանձնեցի, իսկույն ևեթ, տեսնելով, որ այլևս բանի պետք չէ, մոռացության տվի։ Եվ եթե մի բան սկզբից միտս է մնացել՝ դա ― իշազոր, ասել կուզե՝ իշխանազոր տիրուհին է և վերջը՝ մինչև գերեզման ձեր՝ Տխուր Պատկերի Ասպետը։ Եվ սրանց մեջտեղը ես ավելի քան երեք հարյուր անգամ դրել եմ հոգիս, կյանքս և աչքիս լույսը։ ==Գլուխ XXXI== Դոն Կիխոտի և իր զինակիր Սանչո Պանսայի հետ ունեցած զրույցի և այլ եղելությունների մասին Այդ ամենը վատ չէ, շարունակիր, ― ասաց դոն Կիխոտը։ ― Երբ դու տեղ հասար, ի՞նչ էր անում գեղեցկության թագուհին։ Երևի մարգարիտ էր շարում կամ ոսկի թելերով տոհմանշան էր գործում իր գերի ասպետի համար։ ― Ոչ, պատասխանեց Սանչոն, ― նա հետևի բակում երկու ֆանեգա<ref>Սորուն մարմինների չափ (մոտավորապես 52 լիտր)։</ref> ցորեն էր մաղում։ ― Այո՛, բայց նկատի առ, ― ասաց դոն Կիխոտը, ― որ ցորենի հատիկները մարգրարիտներ էին դառնում՝ դիպչելով նրա գեղեցիկ ձեռներին։ Բայց ասա՛ ինձ, եթե դու ուշ էր դարձրել, հատիկները ճերմա՞կ էին, թե՞ սև։ ― Դեղին, ― պատասխանեց Սանչոն։ ― Հավատացնում եմ, ― ասաց դոն Կիխոտը, ― նրա ձեռքով մաղած ցորենից, անտարակույս, ճերմակ հաց դուրս կգա։ Բայց շարունակիր՝ երբ որ դու հանձնեցիր նրան իմ նամակը, համբուրե՞ց նամակս։ Թե՞ գլխին դրեց։ Թե՞ ուրիշ արարողություններ կատարեց, որ արժանի են իմ նամակին։ Ի՞նչ արեց։ ― Երբ որ ես նրան մատուցեցի նամակը, նա ժրաջան թափահարում էր մաղը, որի մեջ բավական ցորեն կար։ Նա ասաց՝ դրեք, բարեկամս, այնտեղ՝ ջվալի վրա, ես կարդալու միջոց չունեմ, մինչև որ այս ամենը չմաղեմ։ ― Օ՜, իմաստուն տիրուհի, ― ասաց դոն Կիխոտը։ ― Նա կամեցել է կարդալ առանց շտապելու, որ լիուլի բավարարվի։ Շարունակիր, Սանչո, իսկ նրա այդչափ զբաղված միջոցին դուք ի՞նչ խոսակցություն ունեցաք։ Ի՞նչ հարց ու փորձ արավ ինձնից։ Դու նրան ի՞նչ պատասխանեցիր։ Ավարտիր, ամեն բան պատմիր՝ ոչինչ չթողնելով թանաքամանիդ տակը։ ― Նա բան չհարցրեց, ― ասաց Սանչոն, ― բայց ես նրան պատմեցի, որ ձերդ ողորմածություը, ծառայելով նրան, ինքն իր վրա ապաշխարանք է դրել՝ թափառում է լեռներում մինչև գոտին մերկ վայրենիի նման, քնում է կոշտ հողի վրա, հացը առանց սուփրի է ուտոմ, միրուքը չի սանրում և լացով անիծում է բախտը։ ― Որ ես անիծում եմ բախտս՝ այդ լավ չես արտահայտել, ― հակաճառեց դոն Կիխոտը, ― ընդհակառակը՝ ես օրհնում եմ բախտս և օրհնելու եմ կյանքիս բոլոր օրերը, որ ինձ երջանկություն են շնորհել սիրել այնպիսի բարձր մի տիրուհու, ինչպես Դուլսինեա Տոբոսցին է։ ― Բարձր լինելը բարձր է, մի չորս մատ ինձնից բարձր կլինի, ― պատասխանեց Սանչոն։ ― Մի՞թե հասակդ նրա հետ չափել ես,<ref>Իրար հետ հասակ չափելը տարածված զվարճություն֊զբաղմունք էր ասպետական հասարակության մեջ։ Այստեղ տրվում է, որպես պարոդիայի մի գիծ։</ref> Սանչո, ― հարցրեց դոն Կիխոտը։ ― Ահա թե ինչպես եմ չափել, ― պատասխանեց Սանչոն, ― ես նրան օգնեցի, որ ցորենի ջվալը բեռնի էշին և կանգնեցի կողքին, այստեղ էլ նկատեցի, որ նա ինձնից մի թիզ բարձր է։ ― Ճշմարիտ եմ ասում, ― ասաց դոն Կիխոտը, ― այդ բարձր հասակին ուղեկցում են, զարդարելով նրան, հազար ու բյուր հոգեկան նազելիություններ։ Սակայն մի բան դու չես ժխտի, Սանչո, երբ որ դու կանգնած էիր նրա կողքին, դու զգացած կլինեիր հաճելի հոտ, անուշ բույր, այնքան սքանչելի և բուրավետ մի բան, որ չի կարելի արտահայտել խոսքերով, ասես թե դու երևելի ձեռնոցակարի խանութում լինեիր։ ― Միայն կասեմ որ, ― պատասխանեց Սանչոն, ― տղամարդու հոտ առա, երևի թե ուժգին շարժումից նա սաստիկ քրտնած էր։ ― Այդ չի կարող պատահել, ― գոչեց դոն Կիխոտը։ ― Պարզապես դու հարբուխ ես ունեցել կամ թե չէ սեփական հոտդ ես առել։ Ես հո գիտեմ, թե ի՞նչ բույր ունի այդ վարդը փշերի մեջ, այդ հովտի շուշանը, այդ անուշահոտ հեղուկը։ ― Հնարավոր է, ― պատասխանեց Սանչոն, ― ինձնից հաճախ այնպիսի հոտ է գալիս, ինչպիսին, թվաց ինձ, գալիս էր այն միջոցին նորին ողորմածություն տիրուհի Դուլսինեայից։ Զարմանալու բան էլ չկա՝ մեկ սատանան նման է մյուսին։ ― Այսպիսով, ― շարունակեց դոն Կիխոտը, ― երբ որ նա ավարտեց ցորեն մաղելը և ուղարկեց ջրաղացը, ի՞նչ ասաց, նամակս կարդալուց հետո։ ― Նա չի էլ կարդացել, ― պատասխանեց Սանչոն, ― նա հայտարարեց, որ կարդալ գիտե, ոչ գրել։ Նամակն առավ ու պատառոտեց, չկամենալով, որ մեկն ու մեկը կարդա և գյուղում իմանան իր գաղտնիքները։ Թե՝ բավական է իմ ասածը, այն ինչ ես խոսքերով հաղորդեցի ձերդ ողորմածության սիրո և զարմանալի ապաշխարանքի մասին, որ դուք նրա պատճառով դրել եք ձեր վրա։ Վերջումն էլ նա ինձ ասաց, որ ասեմ ձերդ ողորմածության, որ ինքը համբուրում է ձեր ձեռքը և որ իրեն համար ավելի ցանկալի կլիներ տեսնվել ձեզ հետ, քան ձեզ նամակ գրել։ Դրան ավելացրեց, որ աղերսում ու հրամայում է ձեզ, որ դուք իր պատասխանն ստանալու պես դուրս գաք այդ խորխորատներից, դադարեք հիմարություններ անելուց և շուտով Տոբոսո դառնաք, եթե միայն ավելի կարևոր բան ձեզ պահելու չլինի, որովհետև ինքը շատ կկամենար տեսնել ձերդ ողորմածությանը։ Նա շատ ծիծաղեց, երբ որ իրեն ասացի, որ ձերդ ողորմածությունն իրեն Տխուր Պատկերի Ասպետ է կոչում։ Ես հարցրի նրանից՝ եկե՞լ է նրա մոտ մեր բիսկայեցի բարեկամը։ Նա ասաց, որ եկել է և որ նա շատ լավ մարդ է։ Տաժանակիր աշխատանքի դատապարտվածներից էլ հարցրի, բայց նա պատասխանեց, որ մինչև հիմա նրանցից դեռ ոչ մեկին չի տեսել։ ― Առայժմ ամեն ինչ լավ է, ― ասաց դոն Կիխոտը։ ― Բայց, ասա ինձ, ի՞նչ թանկարժեք իր նվիրեց քեզ հրաժեշտ տալուց, բերածդ լուրերի համար։ Չէ՞ որ տիկինների և թափառական ասպետների միջև հնուց արմատացած սովորույթ կա՝ զինակիրներին, բարեկամուհիներին կամ թզուկներին, որ լուր են բերում տիկիններից կավալերներին կամ կավալերներից՝ տիկիններին, սովորաբար թանկարժեք իրեր են նվիրում որպես պարգև առաքելության համար։ ― Հնարավոր բան է։ Ըստ իս լավ սովորույթ էլ է։ Սակայն, ըստ երևույթին, հներում էր այդպես կատարվում, իսկ հիմա ընդունված է մի կտոր հաց ու պանիր նվիրել, այն կտորի նման, որ ցանկապատի վրայով ինձ պարզեց տիրուհի Դուլսինեան, երբ որ ես իրեն մնաս բարով էի ասում։ Կարող եմ ավելացնել, որ պանիրը ոչխարի էր։ ― Նա սովորաբար առատաձեռն է, ― ասաց դոն Կիխոտը։ ― Երևի այդ վայրկյանին ձեռքի տակ թանկագին իրեր չեն եղել, դրա համար էլ չի տվել քեզ։ Ասենք՝ թևքերը զատկից հետո էլ պետքական են լինում։<ref>Առած է՝ այն իմաստով, որ «տոնից հետո էլ նվերը վատ բան չէ»։ Նվերները (ինչպես և կաշառքը) հաճախ բերում էին թևքերի մեջ, որոնք այն ժամանակ չափազանց լայն էին արվում և մասամբ փոխարինում էին գրպաններին։</ref> Ես կտեսնեմ նրան և դու բավարարված կլինես։ Սակայն գիտե՞ս ինչն է զարմացնում ինձ, Սանչո։ Ինձ թվում է, թե դու օդով թռար այնտեղ և ետ դառար՝ չէ՞ որ դու երեք օրից քիչ ավել ժամանակամիջոցում գնացիր Տոբոսո և վերադարձար, իսկ ճանապարհը ― երեսուն մղոնից ավել է։ Դրանից ես հետևցնում եմ, որ իմաստուն մոգը, որ հոգ է տանում իմ մասին և հովանավորում ինձ (իսկ այդ տեսակ մեկը ես ունեմ և պետք է որ ունենամ, այլապես իսկական թափառական ասպետ չէի լինի), ահա՛ այդ մոգը, երևի, օգնել է, որ ճամփան կտրես, իսկ դու չես էլ նկատել։ Այդ հաճախ է պատահում, որ որևէ իմաստուն մոգ տանում է իր անկողնում քնած թափառական ասպետին, որ առավոտյան արթնանում է և ինքն էլ չի իմանում, թե ինչպես և ինչ կերպով է հազար մղոն հեռու ընկել այն տեղից, որտեղ քնել էր։ Այո՛, առանց դրան թափառական ասպետները չէին կարող իրար վտանգների պահին օգնության հասնել, ինչպես նրանք անում են ամեն քայլափոխում։ Որովհետև երբեմն պատահում է, որ նույն միջոցին, երբ մեկը մարտնչում է Հայաստանի լեռներում որևիցե անդրիակի դեմ՝ դաժան մի հրեշի, կամ մի այլ ասպետի դեմ ― հանկարծակի, կռվի ամենատաք միջոցին, մահացու վտանգի վայրկյանին, մին էլ տեսար ամպի վրա կամ հրեղեն կառքով հանդես է գալիս նրա բարեկամ ասպետը, որ մինչ այդ Անգլիայում էր և օգնության հասնելով՝ փրկում է նրան մահից։ Իսկ իրիկնադեմին ― արդեն իր տանն է և հանգիստ կերպով ընթրում է։ Մինչդեռ մի տեղից մյուսը երկու կամ երեք հազար մղոնից պակաս չէ։ Եվ այդ ամենը այդ իմաստուն կախարդների գիտությունից ու արվեստից է, նրանք հսկում են արի ասպետներին։ Ուստի, Սանչո բարեկամս, ես չեմ դժվարանում հավատ ընծայել, որ դու կարող էիր այդքան կարճ ժամանակամիջոցում Տոբոսոյում եղած լինել և վերադառնալ, որովհետև, ինչպես ես արդեն ասացի, իմ իմաստուն հովանավորներից մեկն ու մեկը փոխադրած կլինի քեզ օդով, իսկ դու այդ չես էլ նկատել։ ― Կարող է պատահել, ― ասաց Սանչոն, ― Աստված վկա, որովհետև Ռոսինանտը վազում էր ինչպես գնչուի էշ, կամ ոնց որ ականջների մեջ սնդիկ լցրած լիներ։<ref>Ձիու առևտրով զբաղվող գնչուները ձիու ականջների մեջ սնդիկ էին ածում, որ նրանք ավելի արագ վազեն։</ref> ― Ի՜նչ սնդիկ, ի՜նչ բան, ― ընդհատեց նրան դոն Կիխոտը։ ― Նրա ականջներում սատանաների մի ամբողջ զորք է եղել։ Չէ՞ որ այդ ջինսը ինքն էլ է առանց հոգնելու սուրում, ուրիշներին էլ սուրալ տալիս, ինչքան որ իրենց խելքին փչի։ Բայց թողնենք այդ։ Քո կարծիքով, ես ի՞նչ պիտի անեմ, քանի որ իմ տիրուհին հրամայում է ներկայանամ իրեն։ Մի կողմից՝ ես պարտավոր եմ կատարելու նրա հրամանը, մյուս կողմից՝ այդ անհնար է, որովհետև ես մեր ետևից եկող իշխանուհուն երդում եմ տվել, իսկ ասպետության օրենքը պատվիրում է նախ կատարել տված խոսքը, ապա թե սեփական հաճույքի մասին խորհել։ Ինձ հալածում ու տոչորում է իմ տիրուհուն տեսնելու ցանկությունը և միաժամանակ քաշում ու կոչում է պատվի պարտքս և ծարավս սկսած գործս փառքով ավարտելու։ Սակայն ահա թե ինչ եմ վճռել ես՝ ես կփութամ հասնել այն հսկային, ձեռաց կքաշեմ նրա գլուխը, իշխանուհուն ապահով կհաստատեմ իր տիրության մեջ և իսկույն շեշտակի կնետվեմ դեպի նա, որի լույսը սփռվել է իմ զգացմունքների վրա։ Իհարկե, ես կկարողանամ արդարանալ նրա առջև, նա նույնիսկ հավանություն կտա իմ հապաղումին, որովհետև դա կծառայի նրա պատվի և փառքի ավելացմանը։ Որովհետև ինչի էլ ես հասնելու լինեմ, հասնում եմ և կհասնեմ այս կյանքում իմ թրով, և այս ամենը բխում է միմիայն նրա բարեհաճությունից, որ նա թույլ է տալիս ինձ իր ստրուկը լինելու։ ― Ա՜խ, ձերդ ողորմածություն, ― բացականչեց Սանչոն, ― ի՜նչ վատ գլուխ եք ունեցել դուք։ Դե, ասացեք, տեր իմ, մի՞թե ձերդ ողորմածությունը մտածում է դատարկ տեղը անել այդ ճամփորդությունը և կամովին բաց թողնել այսքան նշանավոր, այսքան հարուստ մի ամուսնություն, որ ներկայանում է ձեզ, որ իբրև օժիտ բերում է ձեզ մի ամբողջ թագավորություն, որ, ազնիվ խոսք, շուրջ քսան հազար մղոն տարածություն է բռնում և որ առատ է կյանքի համար անհրաժեշտ բոլոր բարիքներով և որ ավելի մեծ է, քան Պորտուգալին և Կաստիլիան միասին։ Սուս արեք, ի սեր Աստծո, ավելի լավ է ամաչեք ձեր խոսքերից և հետևեք իմ խորհրդին և ― հավատացեք ինձ ― անհապաղ ամուսնացեք առաջին իսկ ավանում, որտեղ քահանա գտնվի, թե չէ մեր լիցենցիատն էլ փառավորապես կպսակի։ Նկատի առեք, որ ես հասել եմ այն հասակին, որ կարող եմ խորհուրդներ տալ և տվածս խորհուրդը ձեզ սազում է ձեռնոցի պես։ Ավելի լավ է ճնճղուկը ձեռքում, քան ուրուրը երկնքում։ Ով որ ունի լավը և ընտրում է վատը, եթե նրա համար վատ չլինի, թող ուրիշներից գանգատավոր լինի։<ref>Սանչոն, ինչպես այդ հաճախ է պատահում իր հետ, աղավաղում է առածը, որի վերջին մասն այսպես է ասում․ «Եթե իր համար վատ է, թող իրենից գանգատավոր լինի։</ref> ― Լսի՛ր, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― եթե դու ինձ միմիայն նրա համար ես խորհուրդ տալիս ամուսնանալ, որպեսզի ես, հսկային սպանելուց հետո շուտով թագավոր դառնամ և կարողանամ կատարել տվածս խոստումը, թափել վրադ շնորհներ, ապա իմացած եղիր, որ ես առանց ամուսնության էլ շատ հեշտ կարող եմ բավարարել քո ցանկությունը։ Որովհետև պայքարի մեջ մտնելուց առաջ ես պայման կկնքեմ, ըստ որում իմ հաղթության դեպքում թագավորության կեսը տան ինձ, անգամ եթե ես չկամենամ իշխանուհուն առնել և այն ժամանակ ես կարող կլինեմ այդ կեսը նվիրել ում որ կամենամ։ Իսկ երբ որ ստանամ ― էլ ո՞ւմ պիտի նվիրեմ, եթե ոչ քեզ։ ― Պարզ բան է, ― պատասխանեց Սանչոն։ ― Սակայն հոգ տարեք դուք, ձերդ ողորմածություն, որ այդ կեսը ծովեզրյա լինի, որովհետև եթե ինձ այն տեղերը դուր գալու չլինեն, ես իմ հպատակ֊նեգրերին նավ կբառնամ և նրանց հետ կանեմ այն, ինչ որ առաջ ասել եմ։ Հոգ միք տանի, ձերդ ողորմածություն, ներկայիս տիրուհի Դուլսինեայի մոտ գնալու, այլ իսկույն ևեթ գնացեք հսկային սպանելու, և վերջացնենք այդ գործը։ Որովհետև, Աստված վկա, ես այն կարծիքին եմ, որ մենք դրանից մեծ պատիվ և շատ օգուտ կքաղենք։ ― Դու արդարացի ես, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Կրկնում եմ, որ ես կհետևեմ քո խորհրդին՝ նախքան Դուլսինեային ներկայանալը գնալ իշխանուհու հետ։ Սակայն խնդրում եմ ոչ ոքի չասես, անգամ մեր ուղեկիցներին, թե մենք ինչ որոշումի ենք հանգել։ Որովհետև Դուլսինեան այնքան շրջահայաց է, որ չի կամենում, որ իր մտքերն իմանան, հարմար չէ, որ իմ կամ մի ուրիշի միջոցով իմացվեն։ ― Որ այդպես է, ― ասաց Սանչոն, ― ապա ինչո՞ւ ձերդ ողորմածությունը կարգադրում է տիրուհի Դուլսինեային ներկայանալու բոլորին, ովքեր հաղթահարված են ձեր ձեռքով։ Չի՞ հաստատում դա արդյոք և նման չէ՞ ձեր անունը ստորագրելուն, թե դուք նրան սիրում եք և թե նա ձեր սիրուհին է։ Ստիպելով, որ հաղթվածները գնան չոքեն նրա առջև և ասեն իրեն, որ ձեր կողմից են գալիս՝ բերելու իրենց հնազանդությունը, ապա ինչպե՞ս եք կամենում ծածկել ձեր ընդհանուր մտքերը։ ― Օ՜, ինչ պարզամիտն ու անփորձն ես դու, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Մի՞թե դու չես տեսնում, որ այդ ամենը նպաստում են նրա առավել մեծ փառքին։ Իմացած լինես, որ մեր ասպետական սովորություններով տիկնոջ համար մեծ պատիվ է, երբ որ նրան շատ թափառական ասպետներ են ծառայում, և այլ բան չեն խորհում, բայց եթե ծառայել նրան, առանց ակնկալելու այլ վարձատրություն իրենց լավ ծառայության համար, քան եթե նրա կողմից ընդունված լինել իրենց լավ ծառայության համար, քան եթե նրա կողմից ընդունված լինել իր կավալերների շարքը։ ― Ես լսել եմ մեր քահանայի քարոզը, ― պատասխանեց Սանչոն, ― թե նման սիրով պետք է տեր Աստծուն սիրել միմիայն նրա համար, առանց պարգևի հույսի և առանց պատժի ահի։ Թե ինձնից հարցնելու լինես՝ ես կուզենայի նրան սիրել և ծառայել որևէ բանի համար։ ― Սատանան տանի բռի մարդկանց, ― ասաց դոն Կիխոտը, ― մեկ֊մեկ դու այնպիսի բաներ ես ասում, որ մարդ ստիպված է լինում կարծել, թե դու ուսում ես առել։ ― Իսկ ես, Աստված վկա, կարդալ էլ չգիտեմ, ― վրա բերեց Սանչոն։ Այդ րոպեին վարպետ Նիկոլասը ձայն տվեց, որ նրանք կանգ առնեն, որովհետև խումբը որոշել էր հանգիստ առնել մի փոքրիկ աղբյուրի մոտ, որ ճամփի վրա էր։ Դոն Կիխոտը մոտեցավ մյուսներին։ Սանչոն շատ գոհ մնաց, որովհետև երկար ժամանակ սուտ էր ասում և վախենում էր ամեն վայրկյան, որ կբռնվի, որովհետև նա թեև գիտեր, թե Դուլսինեան տոբոսցի գեղջկուհի է, բայց նրան իրեն օրում տեսած չկար։ Այդ ժամանակամիջոցում Կարդենիոն հագել էր Դորոթեայի հանած շորը, որ թեև շատ էլ լավը չէր, բայց դարձյալ իր ցնցոտիներից լավ էր։ Ամենքը վեր եկան աղբյուրի մոտ և հագեցրին իրենց տանջող քաղցը՝ ուտելով այն, ինչ որ քահանային հաջողել էր ճարել պանդոկում։ Մինչդեռ նրանք ուտում էին, մի տղա անցավ ճամփով, որ կանգ առավ, որպեսզի ուշադրությամբ զննի, թե ովքեր են նստած աղբյուրի մոտ։ Ապա, նկատելով դոն Կիխոտին, նա վազելով մոտեցավ և, գրկելով նրա ծնկները, սկսեց լալ՝ ասելով․ ― Ա՜խ, սինյոր, մի՞թե դուք չեք ճանաչում ինձ։ Ես այն փոքրիկ Անդրեասն եմ, որին կապկպել էին կաղնու ծառից և որին ձերդ ողորմածությունը արձակեց։ Դոն Կիխոտը ճանաչեց նրան, բռնեց նրա ձեռքից և, դառնալով ներկա եղողներին ասաց․ ― Հիմա, սինյորներ, դուք կարող եք համոզվել, թե որքան կարևոր են թափառական ասպետները աշխարհին։ Նրանք են վերականգնում արդարությունը և վրեժ առնում սրիկա և անառակ մարդկանց հասցրած վիրավորանքների համար։ Իմացած եղեք, սինյորներ, մոտ օրերս, անցնելով այս անտառից, ես լսեցի ճիչ ու հեծկլտանք, կարծես թե չարչարում ու տանջում էին։ Մղված պատասխանատվությանս զգացմունքից՝ ես վազեցի դեպի այն տեղը, որտեղից գալիս էին այդ աղաղակները և տեսա կապած մի կաղնուց այս տղային։ Ես շատ ուրախ եմ, որ նա ձեր առջև է, որովհետև նա մի վկա է, որ թույլ չի տա մի բան սուտ ասեմ։ Նա կապված էր կաղնուց, գլխից մինչև գոտետեղին մերկ։ Նրա կողքին ես մի գյուղացի տեսա (որ, ինչպես հետո իմացա, իր տերն էր), որը գանակոծում էր նրան մադիանի սանձափոկով։ Ես նրանից հարցրի այդքան դժնի վարմունքի պատճառը։ Բռի գյուղացին ինձ պատասխանեց, թե պատժում է, որովհետև իր ծառան է, և նրա մեղքը ախմախություն չէ, այլ գողություն։ ― Չհավատաք, սինյոր, ― պատասխանեց տղան, ― նա ինձ գանահարում է, որովհետև ես խնդրում եմ իմ վարձը։ Տերը կամեցավ արդարանալ, սակայն ես նրա արդարացումը չընդունեցի։ Կարճ՝ ես հրամայեցի արձակել երիտասարդին և անպիտանից խոսք վերցրի, որ նա կտանի տղային տուն և կվճարի նրան մինչև վերջին ռեալը, տոկոսն էլ վրան։ Ճիշտ չէ՞ այս ամենը, Անդրես որդի։ Հիշո՞ւմ ես որքան ազդու պատվիրեցի ես նրան և ինչ խոնարհությամբ նա խոստացավ կատարել ամենը, ինչ որ ես հայտարարեցի, պատվիրեցի, կարգադրեցի։ Պատասխանիր, մի շփոթվիր ու մի վախիր։ Ասա այս սինյորներին ամենը, ինչ որ պատահել է, որպեսզի նրանք տեսնեն և գնահատեն, թե որքան օգտակար են լինում բանուկ ճանապարհների վրա թափառական ասպետները։ ― Բոլորը, ինչ որ ասաց ձերդ ողորմածությունը, ― պատասխանեց ջահել տղան, ― ճշմարիտ է։ Սակայն գործը միանգամայն այլ կերպ շուռ եկավ, դուք չե՛ք էլ կարծի։ ― Ինչպե՞ս այլ կերպ, ― հարցրեց դոն Կիխոտը։ ― Մի՞թե անպիտանը քեզ չի վճարել։ ― Ոչ միայն չի վճարել, այլև հազիվ էիք դուք դուրս եկել անտառից և մենք մենակ մնացել, որ նա նորից ինձ կապեց միևնույն կաղնուց և այնքան խփեց զանգուի փոկով, որ ես սուրբ Բարդուղիմիոսի օրն ընկա՝ կաշիս քերթվեց։ Եվ յուրաքանչյուր հարված հասցնելիս նա կատակում էր՝ ծաղրելով ձերդ ողորմածությանը, և եթե ես այնքան տանջվելիս չլինեի, ինքս էլ կծիծաղեի նրա խոսքերի վրա։ Կարճ՝ նա ինձ այն օրը գցեց, որ ես մինչև օրս հիվանդանոցում պառկած եմ եղել, որպեսզի բժշկվեմ վերքերից, որ ինձ հասցրեց այդ անպիտան գյուղացին։ Այդ ամենի մեղքը ձերդ ողորմածությանն է, որովհետև եթե դուք ձեր ճամփով ընթացած լինեիք, առանց մեջ մտնելու, ուր որ ձեզ չեն կանչում, և առանց խառնվելու ուրիշի գործերին, իմ տերը կբավականանար մեկ կամ երկու տասնյակ հարվածով, ապա թե կարձակեր և կվճարեր իր պարտքը։ Սակայն ձերդ ողորմածությունը նրան այնքան անտեղի վիրավորեց և նրան այնքան վատ֊վատ բաներ ասաց, որ նա կատղեց։ Եվ, չկարողանալով ձեզնից վրեժ լուծել, երբ որ մենակ մնաց, նա ողջ կատաղությունը ինձ վրա թափեց, այնպես որ ես իմ օրում այլևս կարգին մարդու նման չեմ լինի։ ― Վատ եղավ, ― ասաց դոն Կիխոտը, ― որ ես գնացի։ Ես չպիտի գնայի, մինչև որ նա վճարեր։ Որովհետև ես, երկար փորձից պիտի իմացած լինեի, որ անպիտանը իր խոսքը չի պահի, եթե տեսնի, որ շահ չունի պահելու։ Սակայն դու պետք է մտաբերես, Անդրես, որ ես երդվեցի, եթե նա քեզ չվճարի, ապա ես կվերադառնամ նրա ետևից և կգտնեմ նրան, անգամ եթե նա կետ ձկան որովայնում թաքնված լինի։ ― Այդ ճիշտ է, ― պատասխանեց Անդրեսը, ― սակայն դրանից բան դուրս չեկավ։ ― Դու կտեսնես՝ մի բան դուրս կգա, թե ոչ։ Այս խոսքերի վրա դոն Կիխոտը վեր կացավ և պատվիրեց Սանչոյին թամքել Ռոսինանտին, որ նրանց հաց ուտելու միջոցին արածում էր։ Դորոթեան հարցրեց դոն Կիխոտից, թե նա ինչ է մտադիր անելու։ Նա պատասխանեց, թե մտադիր է գնալու, որ գտնի գյուղացուն, պատժելու նրա խոստարաության համար և վճարել տալ Անդրեսին մարավեդիսը՝ աշխարհիս բոլոր անպիտանների ջիգրու։ Դորոթեան նրան պատասխանեց, թե համաձայն նրա տված խոստմանը, նա ոչ մի բան չպիտի ձեռնարկի, մինչև իր գործը չդրստի, այնպես որ նա պիտի խաղաղացնի իր սրտի շարժումները մինչև իր թագավորության հետ վերադարձնելը։ ― Դուք արդարացի եք, ― ասաց դոն Կիխոտը։ ― Պետք է որ Անդրեսը համբերի։ Ես մեկ էլ խոսք տալիս, որ չեմ հանգստանա, մինչև որ նրա վրեժը չլուծեմ և վճարել չտամ նրան։ ― Ես այդ երդումը բանի տեղ չեմ դնում, ― ասաց Անդրեսը, ― ես աշխարհիս բոլոր վրեժխնդրությանը կնախընտրեի, որ այս րոպեիս միջոց ունենայի Սևիլյա հասնելու։ Տվեք ինձ մի բան, թե ունեք և Տերն ընդ ձեզ, թափառական ասպետների։ Թող նրանց բախտը իրենց համար նույնքան բերի, ինչքան ինձ համար բերեց։ Սանչոն իր պարկից հանեց հաց ու պանիր և, տալով տղային, ասաց նրան․ ― Վերցրեք, Անդրես որդիս, մենք ամենքս ցավակցում ենք ձեզ ձեր դժբախտության համար։ ― Ի՞նչ չափով եք ցավակցում, ― հարցրեց Անդրեսը։ ― Այս քեզ տված հաց ու պանրի չափ, որ Աստված միայն գիտե՝ տալու է մեզ, թե ոչ, որովհետև թափառական ասպետների զինակիրները ենթակա են սովի, աղետների և այլ անհարմարությունների, որ ավելի դյուրին է կրել, քան պատմել։ Անդրեսը վերցրեց հաց ու պանիրը և, տեսնելով, որ այլևս ոչ ոք նրան բան չի տալիս, գլուխը քաշ շարունակեց իր ուղին։ Միայն դոն Կիխոտին հրաժեշտ տալով ասաց․ ― Ի սեր Աստծու, սինյոր թափառական ասպետ, եթե դուք մի անգամ էլ ինձ հանդիպելու լինեք, անգամ եթե ինձ կտոր֊կտոր անելիս էլ տեսնեք՝ մի օգնեցեք և թողեք մնամ դժբախտությանս մեջ, որովհետև նա չի կարող այնքան մեծ լինել, որքան այն, որ կթափվի վրաս ձեր օգնությունից։ Աստված անիծի ձեզ և աշխարհիս երեսին եղած բոլոր թափառական ասպետներին։ Դոն Կիխոտը ուզում էր վեր կենա, որ պատժի նրա հանդգնությունը, սակայն Անդրեսը այնպես էր վազ տալիս, որ ոչ ոք ցանկություն չունեցավ նրան հետապնդել։ Դոն Կիխոտը սաստիկ շփոթված էր Անդրեսի պատմությունից, իսկ մնացածները մեծ ճիգ ու ջանքով աշխատում էին չփռթկալ, որ նրան ավելի ևս չշփոթեցնեն։