Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 24 308 բայտ, 13:34, 7 Մայիսի 2015
/* Գլուխ XXXI */
Դոն Կիխոտը ուզում էր վեր կենա, որ պատժի նրա հանդգնությունը, սակայն Անդրեսը այնպես էր վազ տալիս, որ ոչ ոք ցանկություն չունեցավ նրան հետապնդել։ Դոն Կիխոտը սաստիկ շփոթված էր Անդրեսի պատմությունից, իսկ մնացածները մեծ ճիգ ու ջանքով աշխատում էին չփռթկալ, որ նրան ավելի ևս չշփոթեցնեն։
 
 
==Գլուխ XXXII==
 
Ուր պատմվում է, թե ինչ պատահեց դոն Կիխոտի ամբողջ խմբին իջևանում
 
 
Ճաշ անելուց հետո խումբը ճամփա ընկավ և առանց հիշատակության որևէ պատահարի հետևյալ օրը հասավ Սանչոյի ահ ու զար իջևանին։ Սանչոն կգերադասեր խուսափել ներս մտնելուց, սակայն այն նրան չհաջողվեց։ Պանդոկի տերը, տիրուհին, նրանց աղջիկն ու Մարիտորնեսը, տեսնելով դոն Կիխոտին ու Սանչոյին, ընդառաջ վազեցին, բարձրաձայն արտահայտելով իրենց ուրախությունը։ Մեր ասպետը նրանց ընդունեց ծանր ու զուսպ՝ խնդրելով նրանցից, որ իրեն տան ավելի լավ անկողին, քան անցյալ անգամ։ Պանդոկապանուհին պատասխանեց, որ եթե նա ավելի լավ վճարելու լինի, իշխանական անկողին կունենա։ Դոն Կիխոտը համաձայնեց, և նրա համար պատրաստեցին մի բավական տանելի անկողին, նույն տեղը, որ նախընթաց անգամ գրավել էր նա։ Նա իսկույն ևեթ պառկեց, որովհետև սաստիկ հոգնած էր և միտքը մռայլ։
 
Հազիվ էր նա փակել իր սենյակի դուռը, երբ պանդոկապանուհին մոտեցավ դալլաքին և, բռնելով նրա միրուքից ասաց․
 
― Ազնիվ խոսք, ես թույլ չեմ տա, որ դուք իմ կովի պոչից ձեզ համար միրուք շինեք։ Իսկույն ևեթ ետ տվեք։ Թե չէ մարդուս իքը․․․ ասել կուզե՝ սանրը, որ ես սովորաբար կախում եմ այդ պոչից, ամոթ է ասել, ընկած է հատակի վրա։
 
Դալլաքը չէր ուզում վերադարձնել, իսկ պանդոկապանուհին քաշում էր, որքան ուժը պատում էր։ Սակայն լիցենցիատը կարգադրեց որ տա, ասելով, թե նա այլևս կարիք չունի այդ փեշակը բանեցնելու և որ նա կարող է դիմակազերծ լինել և ցուցադրել իր իսկական կերպարանքը, իսկ դոն Կիխոտին ասել, թե տաժանակիր աշխատանքի դատապարտվածների ձեռքով կողոպտվելուց հետո նա փրկվել է այս պանդոկում։ Իսկ եթե դոն Կիխոտը հարցնելու լինի, թե որտեղ է իշխանուհու զինակիրը, նրան կպատասխանեն, որ նախապես ճամփա է գցված, որպեսզի լուր տա թագավորության մեջ, թե շուտով կգա իշխանուհին իր փրկչի հետ միասին։ Դրանից հետո դալլաքը սիրով տվեց պանդոկապանուհուն եզան պոչը և բոլոր այն առարկաները, որ վերցրել էր նրանից դոն Կիխոտին փրկելու համար։
 
Բոլոր իջևանում գտնվողները զարմացած էին մնացել Դորոթեայի գեղեցկությունից, ինչպես և երիտասարդ հովիվ Կարդենիոյի սիրուն արտաքինից։ Քահանան զբաղվեց հացի պատրաստություն տեսնելով, և պանդոկապանը, հուսալով ավելի լավ վարձատրություն ստանալ, քան անցյալ անգամ, նրանց համար պատրաստեց բավական լավ ճաշ։ Այս ամբողջ միջոցին դոն Կիխոտը քնած էր, և նրանք վճռեցին չզարթնեցնել նրան, որովհետև նրանք այն կարծիքին էին, թե այդ պահին նրա համար քունը ավելի օգտակար է, քան կերակուրը։ Ճաշի միջոցին պանդոկապանի, նրա կնոջ, աղջկա, Մարիտորնեսի և բոլոր ճամբորդների ներկայությամբ խոսք բացվեց դոն Կիխոտի տարօրինակ խելագարության մասին և թե ինչպես կարողացան նրան գտնել։ Պանդոկապանուհին պատմեց այն ամենը, ինչ որ եղել էր դոն Կիխոտի և ջորեպանների միջև և, տեսնելով, որ Սանչոն ներկա չէ, պատմեց, թե ինչպես նրան վերմակի վրա վեր֊վեր գցեցին, մի բան, որ մեծ զվարճություն պատճառեց բոլոր հասարակությանը։ Եվ, երբ որ քահանան ավելացրեց, թե դոն Կիխոտի գլուխը խառնվել է ասպետական գրքերի ընթերցանությունից, պանդոկապետը նկատեց․
 
― Չեմ հասկանում, թե ինչպես կարող է այդ պատահել, որովհետև, ճշմարիտ խոսք, իմ կարծիքով, աշխարհիս երեսին ավելի լավ ընթերցանության գրքեր չկան։ Այլևայլ թղթերի մեջ ես երկու֊երեք հատ ունեմ այդ գրքերից և, ճիշտն ասած, նրանք կյանք են տվել ոչ միայն ինձ, այլև շատ ուրիշներին։ Որովհետև երբ որ հունձի ժամանակը հասնում է, տոն օրերին հավաքվում են այստեղ բազմաթիվ հնձվորներ, որոնց մեջ միշտ մի գրագետ մեկը գտնվում է։ Նա վերցնում է մեկն ու մեկը այդ գրքերից, և մենք երեսունից ավելի հոգով բոլորում ենք նրա շուրջը և այնպիսի հաճույքով ենք ունկնդրում նրան, որ մեր գլխից հազար ճերմակ մազ է պակսում։ Գալով ինձ՝ ես ձեզ կասեմ, թե երբ որ ես լսում եմ կատաղի և սարսափելի հարվածների մասին, որ հասցնում են թափառական ասպետները, իմ մեջ էլ է ցանկություն ծագում նույնն անելու, և ես կլսեի այդ ընթերցանությունը գիշեր֊ցերեկ։
 
― Ես է՛լ, ― ասաց նրա կինը, ― որովհետև ես տանը մի վայրկյան հանգիստ չունեմ, բացի այն ժամանակից, երբ որ դուք ընթերցանություն եք լսում․ դուք այնքան եք զմայլված լինում, որ մոռանում եք բղավելը։
 
― Ճիշտ է, ― ասաց Մարիտորնեսը, ― ազնիվ խոսք, ես էլ եմ հաճույք ստանում լսելուց, երբ որ կարդում են այդ պատմությունները, որ այնքան գեղեցիկ են, մանավանդ, երբ պատմվում է, թե մի տիկին նարինջենիների տակ իր կավալերի գրկում է, մինչդեռ պառավ նաժիշտը հսկում է, նախանձից ու ահից մեռնելով։ Ինձ համար դա ոնց որ մեղր լինի։
 
― Իսկ դուք, սինյորիտա, ― դարձավ քահանան պանդոկապանի աղջկան, ― ի՞նչ կարծիքի եք դրա մասին։
 
― Ես իմ հոգիս, սինյոր, ― պատասխանեց նա, ― չգիտեմ։ Ես լսում եմ, թեև, ճիշտն ասած, բան չեմ հասկանում, բայց բավականություն եմ ստանում լսելուց։ Սակայն ինձ դուր չեն գալիս այն հարվածները, որ այնքան հավանում է իմ հայրը։ Ես ավելի եմ սիրում գանգատները, որ անում են ասպետները իրենց տիկինների բացակայության միջոցին։ Ճշմարիտ խոսք, երբեմն ես լաց եմ լինում ցավակցությունից։
 
― Եթե նրանք ձեզ համար լաց եղած լինեին, սինյորիտա, ― ասաց Դորոթեան, ― դուք կգայի՞ք և կսփոփեի՞ք նրանց։
 
― Չգիտեմ, թե ինչ կանեի ես, ― պատասխանեց աղջիկը, ― մի բան գիտեմ միայն՝ այդ տիկիններից ոմանք այնքան խստասիրտ են, որ ասպետները նրանց անվանում են վագրուհի, առյուծուհի և այլ գեշ անուններով։ Հիսուս Քրիստոս, այդ ի՞նչ կանայք են, անհոգի և անխիղճ, որ անուշադիր են թողնում պատվավոր մարդկանց, թողնում են, որ նրանք մեռնեն, կամ խելագարվեն։ Ես չգիտեմ, ինչի՞ է պետք նրանց նազ ծախելը՝ խոհեմությունի՞ց է արդյոք, որ մարդու գնան այդ ասպետներին, սակայն ասպետները ավել բան չեն խնդրում։
 
― Սուս, ախչի, ― ասաց պանդոկապանուհին, ― ասես թե շատ ես հասկանում այդ բաներից։ Փոքրիկ աղջիկը ոչ իմանա պիտի, ոչ էլ խոսի այդ բաներից։
 
― Քանի որ սինյորը հարցնում է ինձնից, ― պատասխանեց աղջիկը, ― ես պարտավոր եմ նրան պատասխանելու։
 
― Շատ բարի, ― ասաց քահանան, ― սինյոր պանդոկապան, բերեք, խնդրեմ այդ գրքերը՝ տեսնեմ։
 
― Սիրով, ― պատասխանեց պանդոկապանը։ Նա ներս մտավ իր սենյակը, այնտեղից դուրս բերեց մի փոքրիկ սնդուկ, շղթայով կապված, բաց արեց և միջից հանեց երեք մեծ գիրք և մի քանի պարզ ընթեռնելի ձեռագիր։ Առաջին բաց արած գիրքը Դոն Սիրոնխիլիս Թրակիացի֊ն էր, երկրորդը՝ Ֆելիսմարտե Հիրկանացի֊ն, իսկ երրորդը՝ Մեծ կապիտան Գոնսալո Հերնանդես կորդովցու պատմությունը Դիեգո Գարսիա դե Պարեդեսի կենսագրության հետ միասին։ Կարդալով առաջին երկու վերնագիրը՝ քահանան շուռ եկավ դեպի վարպետ Նիկոլասը և ասաց նրան․
 
― Մեզ պակասում է մեր բարեկամի տնտեսուհին և նրա քրոջ աղջիկը։
 
― Կարիք չկա, ― պատասխանեց դալլաքը, ― ես ինքս շատ լավ կտանեմ անասունների բակը կամ կգցեմ վառարանը, որի մեջ, ի դեպ, թեժ կրակ կա։
 
― Ինչպե՞ս թե, ― ասաց պանդոկապանը, ― դուք մտադիր եք իմ գրքերը այրելո՞ւ։
 
― Մենակ այս երկուսը՝ դոն Սիրոնխիլիոն և Ֆելիսմարտեն։
 
― Ի՞նչ կա որ, ― վրա բերեց պանդոկապանը, ― այդ գրքերը հերետիկոսական են կամ հրաձգայի՞ն, ի՞նչ է։
 
― Դուք կամենում եք ասել հերձվածային, ― վրա բերեց վարպետ Նիկոլասը։
 
― Ճիշտ է, ― ասաց պանդոկապանը, ― սակայն եթե դուք անպայման ուզում եք այրած լինել, ապա վերցրեք Մեծ Կապիտանը և Դիեգո Գարսիան, որովհետև ավելի շուտ ես իմ զավակներին կթողեմ այրեն, քան մնացածները։
 
― Եղբայրս, ― ասաց քահանան, ― այս երկու գիրքը ստախոս են և լի ցնդաբանությամբ, մինչդեռ Մեծ Կապիտանը ճշմարտապատում պատմություն է, որ պարունակում է Գոնցալո Հերնանդես դե Պարեդեսի կենսագրությունը, որը իր վեհ գործերով և փայլուն սխրագործություններով արժանացել է Մեծ Կապիտան անվանումին, հռչակավոր ու փայլուն մի անվանում, որ նրան է միայն արժանի։ Գալով Դիեգո դե Պարեդեսին՝ դա պատվելի մի ասպետ է, ծնված Էստրամադուրի Տրուխիլլոյում, արի զինվոր և այնպիսի զարմանալի ուժի տեր, որ մեկ մատով կանգհեցնում էր ջրաղացաքարը, երբ որ վերջինս ամբողջ թափով աշխատում է։ Մի անգամ, կամուրջի վրա կանգնած, զինված լինելով մեկ թրով, նա խանգարեց, որ ամբողջ մի զորք անցնի այդ կամուրջով։ Նա այնքան ուրիշ քաջագործություններ էլ է կատարել, որ եթե ինքը պատմած չլիներ իր մասին ազնվականի համեստությամբ և մի մարդու, որ ինքն է իր սեփական պատմաբանը, այլ մի ուրիշը նկարագրած լիներ, միանգամայն անկաշկանդ և անկողմնակալ, նրա քաջագործությունները մոռանալ կտային Հեկտորինը, Աքիլլեսինը և Ռոլանդինը։
 
― Այ քեզ հրաշք բան, ― պատասխանեց պանդոկապանը։ ― Ձեզ զարմացնում է մի ջրաղացի քար կանգնեցնե՞լը։ Աստված վկա, ձերդ ողորմածություն, արժե որ դուք կարդաք Ֆելիսմարտե Հիրկանացուն, որ թրի մի զարկով հինգ հսկա կես֊կես արեց, ոնց որ լորի, որոնցից երեխաները տիկնիկ են շինում։ Իսկ մի ուրիշ անգամ նա մեն֊մենակ հարձակվեց մի անթիվ զորքի վրա, բաղկացած ավելի քան մեկ միլիոն վեց հարյուր հազար զինվորից, բոլորը ոտից գլուխ զինված և նա փախուստի ենթարկեց նրանց, ինչպես ոչխարի հոտ։ Եվ ի՞նչ կասեք նմանապես Սիրոնխիլիո Թրակիացուց, որի մասին պատմությունը հաղորդում է, այլ քաջագործությունների թվում, թե մի անգամ, գետի վրա նավարկելիս, նա տեսավ, որ մի հրեղեն օձ դուրս եկավ ջրից, նա հարձակվեց օձի վրա, հեծավ վրան, սկսեց սեղմել նրա կոկորդը այնպիսի ուժով, որ օձը, զգալով, որ խեղդվում է, ուրիշ ճար չունեցավ, քան եթե ընկղմվել ջրի տակ, քաշ տալով հետը ասպետին, որ ոչ մի դեպքում չէր ուզում նրան բաց թողնել։ Եվ երբ որ նրանք ներքևում էին, ասպետը այնքան գեղեցիկ արքունիք և այգի մտավ, որ հրաշք բան էր։ Օձը կերպարանափոխվեց և մի ծերուկ դառավ ու այնպիսի բաներ բաց արավ, որ անկարելի է ասել։ Չէ, ի՞նչ եք ասում, սինյոր, եթե դուք այդ ամենը կարդացած լինեիք, հաճույքից ձեր խելքը կթռչեր։ Իսկ Մեծ Կապիտանի և Դիեգո Գարսիայի համար ես երկու թուզ էլ չէի տա։
 
Դորոթեան, լսելով այդ խոսակցությունը, կամացուկ ասաց Կարդենիոյին․
 
― Մեր պանդոկապանին քիչ է պակասում, որ դոն Կիխոտի թայը դառնա։
 
― Ես էլ եմ այդ կարծիքին, ― ասաց Կարդենիոն, ― որովհետև, ըստ այս խոսակցության, նա այդ գրքերում բոլոր նկարագրված բաները համարում է իրականություն, կատարված ոչ ավելի ոչ պակաս, քան նրանց մեջ ասված է և կարմելյան ոտաբոպիկ վարդապետն էլ չի կարող նրան համոզել հակառակը։<ref>Կուսակրոն հոգևորականների միաբանություն (օրդեն), որի անդամները հռչակվել էին իրենց խստաբարո կյանքով։</ref>
 
― Սակայն ուշ դարձրեք, ― ասաց քահանան, ― եղբայր, երբեք գոյություն չի ունեցել ոչ Ֆելիսմարտե Հիրկանացին, ոչ դոն Սիրոնխիլիո Թրակիացին, ոչ էլ ուրիշ նման ասպետ, որոնց մասին պատմում են վեպերը։ Բոլոր այդ պատմությունները պատրանք են, որ պատկերել են պարապ մտքերը, ինչպես դուք ասացիք, ժամանակ սպանելու համար, ինչպես անում են մեր հնձվորները՝ կարդալով այդ հեքիաթները։ Որովհետև, կրկնում եմ և երդվում, աշխարհիս երեսին երբեք չեն ապրել ոչ նման ասպետներ, ոչ էլ նման ցնդաբանություններ են եղել։
 
― Ուրիշին ասացեք, ― պատասխանեց պանդոկապանը, ― կասես թե ես չգիտեմ՝ ձեռքիս վրա քանի մատ կա, կամ թե որ տեղն է կոշիկս սեղմում։ Ինձ ալրախառն կաթ խմացնելու կարիք չկա, ես հո երեխա չեմ։ Դուք շատ բարի եք՝ ինձ ասելով, որ այս գրքերի բոլոր պատմությունները սուտ և ապուշ բաներ են, մինչդեռ նրանք տպագրված են թագավորական խորհուրդի անդամների թույլատվությամբ, կարծես թե նրանք այնպիսի մարդիկ լինեն, որ թույլ տան տպագրել այնքան հեքիաթ, այնքն կռիվներ, այնքան կախարդանք, որ ընդունակ են մարդուս խելքահան անել։
 
― Ես արդեն ասացի ձեզ, բարեկամս, ― առարկեց քահանան, որ այդ արած է և թույլատրած է մեզ պարապ ժամանակ զվարճություն պատճառելու համար։ Եվ, ինչպես որ բարեկարգ պետություններում թույլատրված է լինում շախմատի, գնդակի կամ բիլիարդի խաղը զվարճանալ ցանկացողներին, ով որ չպետք է և չի կաարող աշխատել, ճիշտ այնպես էլ թույլատրվում է վեպեր հրատարակել, որովհետև ենթադրվում է ― իրականության մեջ այդպես էլ լինում է, ― որ չի գտնվի այնպիսի մի տխմար, որ այդ պատմությունները ճշմարտության տեղ դնի։ Եթե ինձ թույլատրված լիներ և եթե իմ ընկնդիրները կամենային, ապա ես կասեի, թե ինչպես պետք է գրել, լավ ասպետական վեպեր, թերևս իմ խոսքերը շատերի համար և՛ օգտակար, և՛ հաճելի լինեին։ Սակայն ես հույս ունեմ, որ ժամանակով ինձ կհաջողի դրա մասին խոսել մարդկանց հետ, որոնք կարող են ցավը դարմանել, իսկ հիմա, սինյոր պանդոկապան, հավատացեք իմ խոսքերին։ Ահա ձեզ ձեր գրքերը, ինքներդ որոշեցեք, թե նրանցում ինչն է ճշմարիտ, ինչը սուտ, և թող այդ գրքերը ձեզ համար օգտավետ լինեն։ Աստված տա, որ դուք էլ չկաղեք նույն ոտով, ինչ որ ձեր կենվոր դոն Կիխոտը։
 
― Օ՜, ես այդ գործում չկամ, ― ասաց պանդոկապանը, ― ես դեռ չեմ գժվել, որ թափառական ասպետ դառնամ։ Ես շատ լավ տեսնում եմ, որ հիմա այնպես չեն վարվում, ինչպես վաղ ժամանակ էին անում, երբ որ այդ փառապանծ ասպետները ման էին գալիս աշխարհով մեկ։
 
Այս խոսակցության միջոցին ներս էր մտել Սանչոն։ Նա մնաց մտամոլոր ու շփոթ, երբ որ լսեց, որ այլևս թափառական ասպետներ չեն լինում և որ բոլոր ասպետական գրքերը ստի և խելագարության հյուսվածք են։ Եվ նա իր մեջ վճռեց սպասել, թե ինչով կավարտվի իր տիրոջ ճամփորդությունը, և եթե իր սպասածի չափ բարաբխտ վախճանի չհանգի՝ թողնել դոն Կիխոտին և վերադառնալ իր կնոջ, երեխաների մոտ և վերսկսել իր սովորական աշխատանքը։ Իսկ պանդոկապանն արդեն տանում էր սնդուկն ու գրքերը, որ քահանան ասաց նրան․
 
― Մի քիչ սպասեցեք, ես ուզում եմ տեսնել, թե ի՞նչ գեղեցիկ ձեռագրեր են դրանք։
 
Պանդոկապանը տվեց նրան ձեռագրերը։ Դա մի տետր էր՝ մոտ ութ թերթից, վերնագիրը՝ անխոհեմ հետաքրքիրը, նորավեպ։ Քահանան մի քանի տող անցկացնելուց հետո ասաց․
 
― Այս նորավեպի վերնագիրը ես հավանում եմ, կուզենայի կարդալ ամբողջապես։
 
― Ձերդ ողորմածությունը կարող է կարդալ, որովհետև նա մեծ հաճույք է պատճառել իմ հյուրերից մի քանիսին, որ կարդացել են և շատ խնդրել, որ տամ իրենց։ Սակայն ես չեմ կամեցել նրանց տված լինել, մտադիր լինելով վերադարցնել այս սնդուկի տիրոջը, որ մոռացել֊թողել է այստեղ և կարող է պատահել, որ մեկ էլ անցնի այստեղից, որովհետև թեև ես պանդոկապան եմ, բայց քրիստոնյա էլ եմ և թեև ես անկասկած ափոսոսալու եմ այս գրքերից բաժանվելու համար, այնուհանդերձ կամենում եմ վերադարձնել։
 
― Դուք միանգամայն արդարացի եք, բարեկամ, ― ասաց քահանան, ― բայց եթե նորավեպը ինձ դուր գալու լինի, դուք առնվազն թույլ կտաք, որ ես պատճենը հանեմ։
 
― Ի բոլոր սրտե, ― պատասխանեց պանդոկապանը։
 
Կարդենիոն արդեն վերցրել էր ձեռագիրը և կարդում էր։ Նա էլ քահանայի կարծիքին հանգեց և խնդրեց վերջինից, որ բարձր ձայնով կարդացվի։
 
― Ամենայն սիրով, ― պատասխանեց քահանան, ― բայց քնելու ժամանակ չէ՞ արդյոք։
 
― Այդ ընթերցանությունն ինձ համար հանգիստ կլինի, ― ասաց Դորոթեան, ― որովհետև միտքս բավականաչափ հանգիստ չէ, որպեսզի թույլ տա ինձ քնելու, թեև քնի կարոտ եմ։
 
― Որ այդպես է, ― ասաց քահանան, ― ես կբավարարեմ ձեր հետաքրքրությունը։ Թերևս հաճույք էլ ստանանք։
 
Վարպետ Նիկոլասն ու Սանչոն միացան մյուսներին, որ համոզեն քահանային։ Քահանան էլ, տեսնելով, որ բոլորը փափագում են, ինչպես որ ինքը, ասաց․
 
― Ուշադի՛ր եղեք բոլորդ, ես սկսում եմ։
Ադմին, Վստահելի
1876
edits