Changes
/* Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով */
— Եվ ու՞ր կորավ այդ չարագործը:
Գոլլումն իրեն սպասեցնել չտվեց. անձայն, գաղտագողի մոտեցավ և բուսնեց նրանց դիմաց: Նա թուքը շաղ տալով ինչ-որ բան էր ծամում: Ձեռքերն ու դեմքը ծածկված էին սև ցեխով: Թե ինչ էր ծամում, հոբիթները չհետաքրքրվեցին:
«Բզեզներ, ճիճուներ, և ինչ-որ տզրուկներ, երևի,— մտածեց Սեմը: — Բ՛ռռ, զզվելի արարած: Խղճուկ թափառաշրջիկ»:
Գոլլումը նույնպես ոչինչ չասաց, մինչև որ չլվացվեց ու մի կուշտ ջուր չխմեց: Հետո շրթունքները լիզելով մոտեցավ նրանց:
— Այ հիմա ուրիշ բան,— ասաց նա: — Հանգստացա՞ք: Պատրա՞ստ եք շարունակել ճանապարհը: Բարի հոբիթսները քաղցր քնեցին: Հիմա արդեն հավատու՞մ եք Սմեագորլին: Դե լավ է, շատ-շատ լավ է:
Շարունակեցին ճանապարհը: Ամեն ինչ այնպես էր, ինչպես նախորդ օրը: Ճեղքվածքը գնալով ավելի հարթ ու մակերեսային էր դառնում, իսկ հատակը՝ ավելի ուղիղ: Լանջերը գնալով վեր էին ածվում սովորական ափերի: Գիշերը վերջանում էր, բայց լուսինն ու ամպերը կորել էին ամպերի հետևում, և միայն օդում տարածվող մոխրագույն կիսախավարից կարելի էր կռահել, որ լուսանում է:
վաղ առավոտյան, ցրտից դողալով, նրանք հասան առվի բերանին: Ափերը վերածվեցին մամռոտ թմբերի: Առուն, խոխոջալով, շրջանցում էր վերջին քարակույտերը և կորչում գորշ ճահճուտում: Չոր եղեգները շրշում ու ճարճատում էին, թեև օդում քամի չկար:
Առջևում, աղոտ մթնշաղում, տարածում էին անծայրածիր ճահիճները: Սև, փտած ջրի վրա լողում էին գոլորշու ամպերը: Կանգնած օդը հագեցած էր ծանր գարշահոտությամբ: Հարավում, հեռու՜-հեռվում, երևում էին Մորդորի ժայռոտ պարիսպները՝ ասես սև, փոթորկաբեր ամպերի պատ մշուշոտ ծովի վրա:
Հոբիթները հիմա ամբողջությամբ գտնվում էին Գոլլումի ձեռքում: Նրանք չգիտեին, և այդ մշուշի մեջ չէին էլ կարող զանազանել, որ, ըստ էության, գտնվում են Ճահճուտի հյուսիսային ծայրին: Եթե հոբիթներն այդ տարածքն ավելի լավ իմանային, նրանք կարող էին մի քանի օր զոհաբերելով հետ վերադառնալ, շրջանցել ճահճուտը և, գնալով դեպի հյուսիս, պինդ չոր ճանապարհներով հասնել Դագորլադի ամայի հարթավայրը, որտեղ, Մորդորի դարպասի դիմաց, հին ժամանակներում մեծ ճակատամարտ էր տեղի ունեցել: Թեպետ, այդ ճանապարհով նրանք դժվար թե տեղ հասնեին. ամայի, քարքարոտ անապատում թաքնվելու տեղ չկար, և բացի այդ այնտեղով գիշեր-ցերեկ տեղաշարժվում էին օրքերն ու Սաուրոնի մյուս կամակատարները: Նույնիսկ լորիենյան թիկնոցները հոբիթներին չէին փրկի:
— Դե, ո՞ր կողմ ենք գնում, Սմեագորլ,— հարցրեց Ֆրոդոն: — Պարտադիր պետք է գնանք այս գարշահոտ ճահճուտո՞վ:
— Պարտադիր չէ, պարտադիր չէ,— ասաց Գոլլումը: — Հոբիթները կարող են ավելի արագ հասնել սև լեռներին և պատվել Նրան իրենց ներկայությամբ: Մի քիչ հետ, մի քիչ կողք,— նա իր ցամաքած ձեռքն ուղղեց դեպի հյուսիս արևելք,— և հոբիթները դուրս կգան չոր, պինդ ճանապարհի վրա, իսկ այնտեղի բոլոր ճանապարհները տանում են միայն մի ուղղությամբ՝ Նրա մոտ, այո, այո: Եվ Նա գիշեր- ցերեկ հսկում է այդ ճանապարհները: Այնտեղ վխտում են օրքերը և շատ ուրախ կլինեն հյուրերի համար: Կբռնեն ու քարշ կտան ուղիղ Նրա մոտ: Հենց այնտեղ էլ նա մի ժամանակ նկատեց Սմեագորլին, և նրան բռնեցին: — Գոլլումի մարմնով դող անցավ: — Բայց այդ ժամանակվանից Սմեագորլը շատ բան է սովորել, այո, այո, նա աչքեր ունի, և ոտքերն ու քիթն էլ զուր տեղը չեն: Ես հիմա այլ ճանապարհներ գիտեմ: Դժվար՝ այո, ոչ այնքան կարճ՝ այո, բայց՝ ավելի ապահով: Այնտեղ Նա ձեզ չի տեսնի: Եկեք Սմեագորլի հետևից: Սմեագորլը ձեզ կտանի ճահիճների միջով, որտեղ խիտ մառախուղ է, լավ մառախուղ: Եկեք Սմեագորլի հետևից, և այդ ժամանակ, հնարավոր է, որ հասցնեք շատ հեռու գնալ, մինչ Նա կնկատի ու կբռնի ձեզ:
Անքամի և ամպամած առավոտ էր: Ճահիճների գլխին ծանրացել էր գարշահոտ մշուշը: Խիտ, ցածր ամպերը ծածկել էին ամբողջ երկինքը: Գոլլումն ուրախանում էր, որ արև չկա և շտապեցնում հոբիթներին: Հազիվ մի փոքր հանգստանալով, նրանք կրկին ճանապարհ ընկան և շուտով սուզվեցին անթափանց մշուշի մեջ: Էմին Մուիլի բարձրավանդակն ու Մորդորի սև լեռները կորան տեսողությունից: Քայլում էին մեկը մյուսի հետևից՝ Գոլլումը, Սեմը, Ֆրոդոն:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]