Changes
/* Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով */
— Սիրտս խառնում է,— ասաց Սեմը:
Ֆրոդոն ոչինչ չասաց: Նրանք հապաղում էին, ասես չցանկանալով խորասուզվել քնի մեջ, որտեղ նրանց սպասվում են ծանր մղձավանջներ, թեև քաջ գիտեին, որ դեպի առավոտ տանող միակ ճանապարհը անցնում է այդ մղձավանջների միջով: Գնալով ավելի էր լուսանում: Փոսերն ու այրված հողն արդեն երևում էին սարսափելի պարզությամբ: Ամպերի և երկար և երկար ծխի շերտերի արանքում երևաց արեգակը, բայց այստեղ նույնիսկ արևի ճառագայթներն էին պղծված: Այս անգամ բացվող օրը հոբիթներին չսփոփեց. լույսը նրանց չէր օգնում, այլ թվում էր, թե ծառայում է թշնամուն լուսավորելով նրանց իրենց ողջ անօգնականությամբ՝ փոքրիկ, ծվծվան արարածներ՝ մոլորված Սև Տիրակալի ծխացող մոխրակույտերում:
Հոգնածությունից ուժասպառ եղած, նրանք սկսեցին հանգստանալու տեղ փնտրել: Նստեցին մոխրապատ բլուրի հովանու տակ, բայց բլուրը հեղձուցիչ ծուխ էր արձակում, և շուտով երեքն էլ սկսեցին հազալ և շնչահեղձ լինել: Առաջինը չդիմացավ Գոլլումը: Թքոտելով և անեծքներ թափելով, նա վեր կացավ և, առանց հոբիթներին նայելու, չորեքթաթ սողաց հեռու: Սեմն ու Ֆրոդոն գնացին նրա հետևից, և շուտով մի մեծ, շրջանաձև փոս հայտնաբերվեց՝ Մորդորի կողմից քողարկված լեռան երկայնքով ձգվող հողապատնեշով: Փոսի մեջ ցուրտ էր ու տհաճ, հատակը ծածկված էր խիտ, գարշահոտ, յուղալի ցեխով: Այդ գարշելի փոսում էլ նրանք որոշեցին թաքնվել՝ հուսալով որ այդտեղ Ամենատես Աչքը նրանց չի գտնի:
Օրը դանդաղ էր անցնում: Հոբիթները ծարավից թուլացել էին, բայց թույլ տվեցին իրենց միայն թրջել բերանները՝ վերջին անգամ տափաշշերը լցրել էին քարքարոտ կիրճի առվից, որը հիմա նրանց քաղցր տեսիլք էր թվում: Որոշեցին քնել հերթով: Սկզբում, չնայած հոգնածությանը, հոբիթներից ոչ մեկի քունը չէր տանում, բայց, երբ արևը թաքնվեց հսկայական ամպի հետևում, Սեմը ննջեց: Ֆրոդոն սկսեց հերթապահել: Նա պառկեց մեջքի վրա, բայց դրանից նրա ''բեռը'' չթեթևացավ: Այդպես պառկած նա նայում էր մշուշոտ երկնքին, և նրա աչքերի առջևով անցնում էին տարօրինակ, ուրվականային տեսիլքներ՝ սլանում էին սև ձիավորներ, անցյալի մշուշից դուրս էին լողում ծանոթ դեմքեր... Ֆրոդոն կորցրեց ժամանակի զգացողությունը, իրականությունը խառնվեց անուրջներին, և նա մոռացության գիրկն ընկավ:
Սեմը բացեց աչքերը. նրան թվաց, թե տերը կանչում է իրեն: Արդեն երեկո էր: Ֆրոդոն, սակայն, Սեմին կանչել չէր կարող. նա այնքան խորն էր քնել, որ, ներքև սահելով, գրեթե հասել էր փոսի հատակին: Գոլլումը նստած էր տիրոջ կողքին: Սեմին մի պահ թվաց, թե Գոլլումն ուզում է արթնացնել Ֆրոդոյին, բայց ոչ, նա խոսում էր ինքն իր հետ: Սմեագորլը վիճում էր ինչ-որ մեկի հետ, որը խոսում էր նրա ձայնով՝ սուլելով ու ֆշշացնելով: Նրա աչքերն առկայծում էին մեկ սպիտակ, մեկ կանաչ կրակով:
— Սմեագորլը խոստացել է,— ասում էր առաջինը:
— Այո-այո, իմ սքանչելի,— պատասխանում էր երկրորդը,— մենք խոստացել ենք պահպանել մեր Սքանչելին և չտալ Նրան, ոչ: Բայց Սքանչելին գնում է ուղիղ Նրա մոտ, այո, ամեն քայլափոխի ավելի՛ է մոտենու՛մ: Ի՞նչ է պ-պատրասվում անել հոբիթսը մեր Սքանչելիի հետ: Մեզ հետաքրքիր է, շշշատ հետաքրքիր է:
— Ես չգիտեմ, ոչինչ չեմ կարող անել: Այն տիրոջ մոտ է: Սմեագորլը խոստացել է օգնել տիրոջը:
— Այո-այո, օգնել մեր Սքանչելիի տիրոջը: Իսկ եթե մե՞նք դառնանք Սանչելիի տերը: Մենք կօգնենք ինքներս մեզ և կկատարենք խոստումը:
— Բայց Սմեագորլը խոստացել է շատ-շատ լսող լինել: Հոբիթսը բարի՛ է, նա Սմեագորլի ոտքն ազատեց չար պարանից: Նա ինձ հետ քնքշորեն է խոսում:
— Սմեագորլը խոստացել է լսո՞ղ լինել, հա՞, իմ սքանչելի: Դդե արի լս-սող լինենք ու ձկան պես խելոք, բայց ոչ թե հոբիթսների հետ, քաղցրիկս, այլ՝ ինքներս մեզ: Բարի հոբիթսին մենք ոչ մի վատ բան չենք անի, ոչ, իհարկե ոչ:
— Բայց Սքանչելին լսել է մեր երդումը,— առարկեց Սմեագորլի ձայնը:
— Ուրեմն վերցրու Այն մեզ,— պատասխանեց մյուս ձայնը,— և ինքդ դարձիր Սքանչելիի տերը: Իսկ մյուս՝ զզվելի հոբիթսը, որ շարունակ մեզ կասկածում է, դեռ կսողա մեր առջև, կսողա ու կքծնի, գո՛լլում:
— Իսկ բարի հոբի՞թսը:
— Ոչ, նրան չենք դիպչի: Եթե մենք չենք ուզում, կարող ենք չստիպել նրան սողալ: Բայց, մյուս կողմից, նա Բեգինս է, իմ սքանչելի, այո՛, այո՛, Բե՛գինս: Այդ Բե՛գինսը գողացավ Այն մեզանից: Նա գտավ Սքանչելիին և մեզ չասեց, այո՛, ոչինչ չասեց: Մենք ատու՛մ ենք Բեգինսներին:
— Ո՛չ, ո՛չ այս Բեգինսին:
— Բոլոր Բեգինսներն ատելի՛ են: Բոլորը, ովքեր տիրում են Սքանչելիին: Այն պետք է մե՛րը լինի:
— Բայց Նա կտեսնի, Նա կիմանա: Նա կխլի Սքանչելիին մեզանից:
— Նա առանց այդ էլ ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ գիտի: Նա լսսել է մեր հիմար խոսսստումները և գիտի, որ չ-չենք կատարել իր հրամանը, այո: Հարկավոր է խլել Սքանչելին: Որվականներն ամեն տեղ փնտրում են: Խլե՛լ:
— Բայց Նրան չտա՛լ:
— Իհարկե չտալ, քաղցրիկսսս: Ինքդ մտածիր. երբ Սքանչելին մերը լինի, մենք կարող ենք փախչել նույնիսկ Նրանից, հը՞մ: Մենք ուժեղ կլինենք, ավելի ուժեղ, քան Որվականները: Տիրակալ Սմեագո՞րլ, մեծն Գոլլու՞մ: Գոլլում մեծագու՛յն: Ամեն օր ձկնիկ կուտենք, օրը երեք անգամ, թարմ, համեղ, հենց ծովից: Ամենասքանչելի՛ Գոլլում: Հարկավոր է խլե՛լ Այն: Խլե՛լ, խլե՛լ, խլե՛լ:
— Բայց նրանք երկուսով են: Արագ կարթնանան ու կսպանեն մեզ,— վնգստաց Սմեագորլը՝ գործադրելով վերջին ջանքերը: — Ոչ հիմա: Դեռ շուտ է: Հետո:
— Մենք կարոտե՛լ ենք, ուզու՛մ ենք, բայց... — Այստեղ երկար լռություն տիրեց՝ ըստ երևույթին երկրորդը մտածում էր: — Ասում ես, հետո՞: Թերևս... Գուցե, Նա՞ մեզ կօգնի: Այո, հաստատ կօգնի, այո: