Changes
/* Գլուխ առաջին. Անսպասելի հանդիպումներ */
— Թափառակա՞ն,— զայրալից հարցրեց Գանդալֆը: — Դե ուրեմն իմացիր՝ դունադանցիները Արևմտյան Ասպետների մեծ ցեղի հյուսիսային սերունդներն են: Անցյալում նրանք ինձ երբեմն օգնում էին, իսկ ապագայում մեզ բոլորիս հարկավոր կլինի նրանց օգնությունը՝ մենք բարեհաջող հասանք Ազատք, բայց մատանուն վիճակված չէ այստեղ հանգչել:
— Ըստ երևույթին այդպես է,— համաձայնեց Ֆրոդոն: — Իսկ ես էլ մտածում էի՝ միայն թե ընկնենք այստեղ... և հույս ունեի, թե այլևս ինձ հարկ չի լինի ճանապահը շարունակել: Մի ամբողջ ամիս անցկացրել եմ օտարության մեջ, ճամփաներին, և հիմա լրիվ կշտացած եմ դրանից: Այժմ ուզում եմ ինչպես հարկն է հանգստանալ: — Ֆրոդոն լռեց և աչքերը փակեց: Բայց մի քիչ լռելուց հետո նորից խոսեց: — Ես մտքում հաշվեցի և ըստ իս ստացվեց, որ այսօր միայն հոկտեմբերի քսանմեկն է: Որովհետև մենք Գետանցումի մոտ եկանք քսանին:
— Բավական է,— ասաց Գանդալֆը,— քեզ հոգնել չի կարելի: Էլրոնդը ճիշտ էր... Իսկ ուսդ ինչպե՞ս է...
— Չգիտեմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Ոնց որ թե լավ է... — Նա շարժվեց: — Կարծես թե ձեռքս էլ է շարժվում: Երևի ես լրիվ առողջացել եմ: Ձեռս էլ արդեն սառը չէ,— ավելացրեց հոբիթը՝ աջ ձեռքով ձախը շոշափելով:
— Հոյակա՜պ է,— ասաց Գանդալֆը: — Դու արագորեն ապաքինվում ես: Շուտով Էլրոնդը թույլ կտա քեզ վեր կենալ՝ այս բոլոր օրերին նա բուժել է քո վերքը...
— Օրերի՞ն,— արմացած ընդհատեց նրան Ֆրոդոն:
— Դու այստեղ պառկած ես երեք օր ու չորս գիշեր: Էլֆերը քեզ բերեցին քսանին, երեկոյան կողմ, իսկ դու այդպես էլ առանց գիտակցության գալու քնեցիր: Դե դրա համար էլ քեզ հիմա բնականաբար թվում է, թե այսօր միայն քսանմեկն է: Մենք բոլորս շատ էինք անհանգստացած, իսկ քո հավատարիմ Սամը քեզնից չի հեռացել ոչ գիշերը, ոչ ցերեկը, թերևս միայն Էլրոնդի հանձնարարությունները կատարելու համար: Էլրոնդը հմուտ ու փորձված բուժակ է, բայց Թշնամու զենքը անողոք է ու մահաբեր: Ես կասկածում էի, որ դաշույնի կտորը մնացել է քո սպիացած վերքի մեջ և, ճիշտն ասած, այնքան էլ հույս չունեի, թե կհաջողվի այն հայտնաբերել ու հանել: Էլրոնդն այդ կտորը միայն երեկ կարողացավ շոշափել՝ շատ խորն էր գնացել և դաժան անդառնալիությամբ մոտենում էր սրտիդ:
Ֆրոդոն հիշեց Պանդուխտի ձեռքում անհետացող ատամնավոր դանակը և սարսռաց:
— Մի վախեցիր,— ասաց Գանդալֆը: — Հենց Էլրոնդը հանեց ջարդոնը քո ուսից, այն հավիտյան անհետացավ: