Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 5758 բայտ, 16:21, 23 Մայիսի 2015
/* Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված */
Ճամփորդները լքեցին ճանապարհը, լանջով իջան ներքև և գլխովին սուզվեցին բուրավետ խոտերի ու թփերի մեջ: Գոլլումը հազում էր ու թքոտում, իսկ հոբիթները շնչում էին ամբողջ կրծքով, և հանկարծ Սեմը ծիծաղեց՝ բայց ուրախությունից, այլ ոչ թե այն պատճառով, որ ծիծաղելի էր: Նրանք իջան արագահոս առվի երկայնքով և շուտով հասան մի լեռնային լճակի մոտ, որը հնում քարե ավազան էր եղել: Այժմ դրա կիսաքանդ պատերը ծածկված էին մամուռով և մասուրի թփերով: Ավազանի շուրջը շարքերով տարածվել էին հիրիկները, իսկ ջրի մութ, թեթև ալիքներից առկայծող մակերևույթին տատանվում էին ջրաշուշանները: Լճակը խորն էր ու վճիտ. քարե օվալի մյուս կողմում, հազիվ լսելի խոխոջյունով, ջուրը հոսում էր ավազանից դուրս:
Հոբիթները լվացվեցին լճակի մեջ, կուշտ ջուր խմեցին առվից և առանց հապաղելու սկսեցին մեկուսի տեղ փնտրել հանգստանալու համար. ինչքան էլ չքնաղ լիներ տեղանքը, այն հիմա թշնամական տարածք էր: Նրանք ընդամենը մի քանի քայլ էին հեռացել ճանապարհից, բայց արդեն հասցրել էին հանդիպել ճակատամարտի հետքերի. հողը ծածկված էր հին և նոր վերքերով՝ հնադրայան ճակատամարտերի հետքեր և թարմ, օրքերի ու այլ սաուրոնյան չարագործների հետքեր: Թփերի մեջ գարշահոտում էր չքողարկված աղբահորը, այս ու այնտեղ ընկած էին կտրված ծառերի բներ՝ ամբողջությամբ ծածկված դանակով փորված մորդորյան ռունագրերով, որոնց մեջ կարելի էր զանազանել աչքի կոպիտ ու սարսափելի նշանը: Սեմը հետախուզում էր լճակի մյուս ափը և այնքան էր հետաքրքրվել անծանոթ ծառերով ու թփերով, որ մոռացել էր Մորդորի մասին: Բայց Մորդորն անմիջապես հիշեցրեց իր մասին և Սեմը հասկացավ, որ վտանգը ոչ մի տեղ չի անհետացել: Նա դեմ առավ այրված խոտերի շրջանաձև մի հատվածի, որի մեջտեղում մոխրացած ոսկորների ու կմախքների կույտ էր վեր բարձրանում: Կանաչն արդեն հասցրել էր դրանց վրա տարածել իր ծածկոցը, և բաղեղի ու հավամրգու արագ ճյուղավորվող ծիլերը կամաց-կամաց մոտենում էին այդ հրեշավոր խնջույքի սարսափելի ականատեսներին, սակայն խարույկի հետքերը թարմ էին: Սեմը շտապեց վերադառնալ մյուսների մոտ, բայց իր բացահայտման մասին նրանց ոչինչ չասաց. ա՛յդ էր պակաս միայն, որ սոված Գոլլումը վազեր խառնշտելու և կրծոտելու մեռած ոսկորները:  — Հարկավոր է պառկելու հարմար տեղ գտնել,— հայտարարեց նա: — Միայն թե ոչ էստեղ, ներքևում: Ինչքան վերև՝ էնքան լավ: Լճակից փոքր ինչ վերև նրանք անցյալ տարվա ձարխոտի մուգ-շագանակագույն խիտ մացառուտներ հայտնաբերեցին: Ձարխոտի շերտից վերև սկսվում էր դափնիների պուրակը, իսկ բլրի գլուխը պսակված էր մայրիներով: Այստեղ էլ որոշեցին անցկացնել օրը, որը, իմիջայլոց, խոստանում էր լինել պարզ ու արևոտ: Ի՜նչ լավ կլիներ այդպիսի մի օր զբոսնել Իթիլիենի պուրակներում ու բացատներում: Բայց, թեև օրքերը տանել չեն կարողանում արևի լույսը, անտառում բավարար քանակությամբ թաքստեցներ ու մթին վայրեր կային, որտեղ նրանք կարող էին թաքնվել և հսկողություն իրականացնել: Եվ ոչ միայն օրքերը. այստեղ այլ աչքեր էլ կարող էին լինել՝ Սաուրոնը շատ կամակատարներ ունի: Եվ Գոլլումն էլ ոչ մի դեպքում տեղից չի շարժվի, քանի դեռ երկնքում փայլում է Դեղին Դեմքը, իսկ այն ահա ուր որ է դուրս կգա Էֆել Դուաթի մթին լանջերի հետևից և կսկսի, ի հեճուկս Գոլլումի, լուսավորել ու տաքացնել: Սեմը քայլում էր ու խորհում սնդի մասին: Այժմ, երբ անհաղթահարելի Դարպասը մնացել էր հետևում, և հորիզոնում կրկին փայլում էր հույսը, նա բոլորովին մտադիր չէր ապրուստի հարցը վստահել ճակատագրին, թեև, ինչպես երևում էր, Ֆրոդոն հենց այդպես էլ արել էր: Ինչ կլինի իրենց հետ, եթե գործը հաջողվի ավարտին ավարտին հասցնել: Ամեն դեպքում էլֆական գալեթները հարկավոր է պահել սև օրվա համար՝ դա Սեմի համար ակնհայտ էր: Մի անգամ նա հաշվեց, որ դրանք երեք շաբաթից ավելի չեն կբավականացնի: Այդ օրվանից արդեն անցել էր վեց օր:  «Դժվար թե մենք այդ ժամանակահատվածում հասնենք Հրամեջ Լեռանը, եթե միայն բախտներս չբերի,— մտածում էր Սեմը: — Իսկ հետո՞ ինչ կլինի: Բա որ ուզենանք վերադառնա՞լ: Իսկ ինչու՞ ոչ»: Եվ բացի այդ, ամբողջ գիշեր քայլելուց հետ լվացվելուվ ու ջուր խմելով նրան տանջում էր սովորականից ավելի անտանելի քաղցը: Հագեցնել այն կարող էր միայն ընթրիքը Պարկուտի նրբանցքի հին տան խոհանոցի կրակի կողքին... Հանկարծ նա հասկացավ ու շրջվեց դեպի Գոլլումը, որն արդեն չորեքթաթ հոտոտելով պատրաստվում էր չքանալ մի կողմի վրա իր գործերով:  — Հեյ, Գոլլում,— կանչեց Սեմը,— այդ ու՞ր ես պատրաստվում գնալ: Որս անելու՞: Ահա թե ինչ, ծերուկ. դու մեր ուտելիքից քիթդ ես կնճռոտում, և ինձ էլ է այն արդեն ձանձրացրել, իսկ դու վերջերս ինչքան հիշում եմ միշտ պատրաստ ես ծառայելու: Միգուցե ինչ-որ ուտելի՞ք գտնես սոված հոբիթի ատամին հարմար:  — Հնարավոր է և գտնեմ, շատ հնարավոր է,— արձագանքեց Գոլլումը: — Սմեագորլը միշտ էլ օգնում է, երբ նրան խնդրում են... Երբ խնդրում են քնքշորեն: — Լավ,— համաձայնեց Սեմը: — Դե ուրեմն ես քեզ քնքշորեն խնդրում եմ: Իսկ եթե դա քիչ է, ապա խոնարհաբար եմ խնդրում: Գոլլումը չքացավ:    
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Վստահելի
1342
edits