Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 4073 բայտ, 15:43, 25 Մայիսի 2015
/* Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված */
— Դե ինչ ասես էստեղ, սիրում եմ նրան և վերջ: Նա հենց այդպիսին է որ կա, այո... նույնիսկ մի քիչ լուսարձակում է: Էլ ինչ էդտեղ... Սիրում եմ՝ ահա և ողջ պատմությունը:
 
Գոլլումն աննկատելի վերադարձավ, գաղտագողի նայեց Սեմի թիկունքից, բայց տեսնելով Ֆրոդոյի դեմքը, փակեց աչքերը և լուռ սողաց հեռու: Սեմը մոտեցավ նրան: Գոլլումն ինչ-որ բան էր ծամում և անորոշ փնթփնթում քթի տակ: Նրա առջև ընկած էին երկու ոչ մեծ ճագար, և նա ագահորեն նայում էր դրանց:
 
— Սմեագորլը միշտ էլ օգնում է,— ասաց նա: — նա ճագարներ է բերել, համեղ ճագարներ: Բայց տերը քնել է, և գուցե Սեմը նու՞յնպես ցանկանում է քնել: Գուցե նա հիմա ճագարներին էլ չի՞ ուզում: Սմեագորլը շատ է չարչարվել, որ օգնի, բայց ճագարները մեկ րոպեում չեն բռնվում:
 
Սեմը, սակայն դեմ չէր ճագարներին՝ մանավանդ եփված վիճակում, և այդպես էլ ասաց Գոլլումին: Բոլոր հոբիթներն էլ, անշուշտ, եփել-թափելուց լավ են՝ նրանց դա սովորեցնում են ավելի շուտ, քան կարդալը (որը, պատահում է, որ չեն էլ սովորեցնում), իսկ Սեմը այդ գործում վարպետ էր համարվում նույնիսկ հոբիթների շրջանում: Երբ հարմար առիթ էր լինում, նա միշտ էլ ինչ-որ բան էր պատրաստում և կերակրում ջոկատի անդամներին: Իսկ երբ ջոկատը ցրվեց, լավատեսորեն տրամադրված Սեմը չցանկացավ բաժանվել իր գլխավոր ունեցվածքից. աբեթից, կայծքարից, երկու փոքրիկ կաթսաներից՝ մեկը մյուսի մեջ, փայտյա գդալից, երկճյուղ պատառաքաղից և մի քանի շամփուրից: Իսկ ավելի խորը և ավելի խնամքով թաքցված էր փայտյա տուփի մեջ պահվող գլխավոր և անփոխարիելի գանձը՝ մի բուռ աղ: Մնում էր միայն խարույկ վառել և էլի որոշ բաներ հայթայթել: Այդ ուղղությամբ խորհելով, Սեմը հանեց դանակը, մաքրեց, սրեց և սկսեց մաշկել ճագարներին: Նա չէր ցանկանում նույնիսկ մեկ ակնթարթ առանց հսկողության թողնել քնած Ֆրոդոյին:
 
— Լսիր, Գոլլում,— ասաց նա,— ես քեզ համար ևս մեկ գործ ունեմ: Հապա մի գնա ու այս կաթսաներով ջուր բեր:
 
— Սմեագորլը կգնա ջուր բերելու, եթե նրան խնդրում են,— համաձայնեց Գոլլումը: — Բայց հոբիթի ինչի՞ն է պետք այդքան ջուրը: Նա արդեն լվացվել է և կուշտ խմել:
 
— Էդպես է պետք,— ասաց Սեմը,— եթե չես կարողանում գլխի ընկնել, շուտով կտեսնես: Եվ ինչքան արագ բերես ջուրը, այնքան շուտ կտեսնես: Միայն թե կաթսաները չվնասես, էդ գոլլումային գլխովդ պատասխանատու ես դրանց համար, լսեցի՞ր:
 
Գոլլումը գնաց: Մինչ նա ջուր կբերեր, Սեմը կրկին մոտեցավ Ֆրոդոյին և նայեց նրան: Ֆրոդոն առաջվա պես խաղաղ քնած էր, բայց այս անգամ Սեմին առանձնապես ցնցեց նրա դեմքի նիհարությունը:
 
— Շա՜տ է հյուծվել,— հառաչելով ասաց նա,— կաշին ու ոսկորն է մնացել: Ոնց որ հեչ հոբիթ չլինի: Դե լավ, հենց ճագարներին պատրաստեմ՝ անմիջապես կարթնացնեմ նրան:
Վստահելի
1342
edits